Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 33050/18
Տիպ
Վճիռ ընդդեմ Ադրբեջանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 14.12.2023
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
05.10.2023
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2024

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՂԱԶԱՐՅԱՆՆ ՈՒ ԲԱՅՐԱՄՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ

 

(գանգատ թիվ 33050/18)

 

ՎՃԻՌ

 

Հոդված 34  Locus standi (դատարան դիմելու իրավունքը)  Բացառիկ հանգամանքների առկայությունը, որոնք թույլ են տալիս դիմումատուներին առանց լիազորագրի գանգատ ներկայացնել իրենց որդու անունից և ի շահ նրա  Իրենց որդու հոգեկան առողջության լուրջ խնդիրների կումուլյատիվ ազդեցությունը և նրա կալանավորումն ու բանտարկությունը նրան դարձրել են խոցելի, ինչի հետևանքով նա ի վիճակի չի եղել բողոք ներկայացնելու Դատարան  Նրա իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից զրկվելու վտանգը, եթե դիմումատուներին թույլ չտրվի գանգատ ներկայացնել նրա փոխարեն

 

Հոդված 3 (նյութաիրավական)  Անմարդկային և նվաստացնող վերաբերմունքը Դիմումատուների որդուն երկարատև մեկուսի բանտարկության մեջ պահելը՝ առանց դրա անհրաժեշտության օբյեկտիվ գնահատման և պաշտպանության ընթացակարգային երաշխիքների, որոնք ապահովում են տվյալ միջոցի համաչափությունը և նրա պահման բարեկեցիկ պայմանները  Հարազատներին անխուսափելիորեն պատճառված տառապանքը, որն իր ծավալով և բնույթով չի տարբերվում գործով դիմումատուներին պատճառվող հոգեբանական ապրումներից

 

Հոդված 5, կետ 1  Ապօրինի նախնական կալանքը

 

Հոդված 5, կետ 3  Դիմումատուների որդուն դատավորի կամ ձերբակալվելուց հետո դատական իշխանություն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ ծառայողի մոտ անհապաղ չներկայացնելը

 

Հոդված 5, կետ 4  Կալանավորման օրինականության վերանայումը Դիմումատուների որդուն նախնական կալանքի վերցնելու մասին որոշումը բողոքարկելու գործնական հնարավորության վերաբերյալ Դատարանի կողմից եզրակացություններ անելու համար ոչ բավարար տեղեկությունները  Չկա 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները բավարարող որևէ նշում, բողոք, ոչ էլ իրավական պաշտպանության որևէ այլ միջոց

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

5 հոկտեմբերի 2023 թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Ղազարյանն ու Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Մարկո Բոսնյակ [Marko Bošnjak],

Պիտեր Պազոլայ [Péter Paczolay],

Ալենա Պոլաչկովա [Alena Poláčková],

Լետիֆ Հուսեյնով [Lətif HՖseynov],

Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],

Էրիկ Վեններշտրոմ [Erik Wennerström],

Ռաֆայել Սաբատո [Raffaele Sabato]՝ դատավորներ,

և Ռենատա Դեգեներ [Renata Degener]՝ Բաժանմունքի քարտուղար,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիներ պրն Արմեն Ղազարյանի և տկն Աստղիկ Բայրամյանի (դիմումատուներ) կողմից՝ ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության՝ 2018 թվականի հուլիսի 17-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 33050/18), որոնք նաև գործել են իրենց որդու՝ պրն Կարեն Ղազարյանի անունից,

Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնը կիրառելու և հետևաբար դրա կիրառումը դադարեցնելու մասին որոշումը,

Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 13-րդ, 14-րդ և 34-րդ հոդվածների մասով բողոքների վերաբերյալ Ադրբեջանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու որոշումը,

Կառավարության կողմից ներկայացված դիտարկումները և դիմումատուների կողմից ի պատասխան ներկայացված դիտարկումները,

Հայաստանի կառավարության կողմից ներկայացված մեկնաբանությունները, որն օգտվել է Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ գործին ներգրավվելու իր իրավունքից,

2023 թվականի հունվարի 17-ին, մարտի 14-ին և սեպտեմբերի 12-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը.

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Գանգատը պարունակում է Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 13-րդ, 14-րդ և 34-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքներ՝ կապված դիմումատուների որդու կալանավորման և նրա գործով դատաքննության հետ։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

2. Առաջին դիմումատուն՝ պրն Արմեն Ղազարյանը, և երկրորդ դիմումատուն՝ տկն Աստղիկ Բայրամյանը, ծնվել են համապատասխանաբար 1959 և 1958 թվականներին և ապրում են Բերդավան գյուղում։ Դատարանում նրանց ներկայացնում են Երևանում գործող իրավաբաններ պրն Արա Ղազարյանը, պրն Արթուր Ղազարյանն ու տկն Մերի Բաղդասարյանը։

3. Կառավարությունը ներկայացրել է իրենց լիազոր ներկայացուցիչ պրն Չ. Ասկերովը։

4. Գանգատը վերաբերում է պրն Կարեն Ղազարյանին՝ դիմումատուների որդուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ծնված 1984 թվականին, որը 2018 թվականի հուլիսի 15-ին բերման է ենթարկվել Ադրբեջանում։ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին նրան վերադարձրել են Հայաստան՝ որպես բանտարկյալների փոխանակման մի մաս։ Ադրբեջանում բերման ենթարկվելուց հետո նա այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում եղել է անազատության մեջ և դատապարտվել Ադրբեջանի տարածքում դիվերսիոն և ահաբեկչական հարձակումների մասնակցելու համար և 2019 թվականի փետրվարի 27-ին դատապարտվել է քսան տարվա ազատազրկման։ Փաստերը վիճարկվում են, և կողմերի համապատասխան նկարագրությունը դրանց վերաբերյալ հետևյալն են.

 

Ա. Դիմումատուների նկարագրությունը

 

5. Ըստ դիմումատուների՝ իրենց որդին՝ պրն Կարեն Ղազարյանը, ունի հոգեկան և վարքային խանգարումների պատմություն։ Նրանք ներկայացրել են բժշկական քարտ, որը վկայում էր այն մասին, որ 2013 թվականին իրենց որդու մոտ ախտորոշվել է խանգարում, որն ալկոհոլի չափից ավելի օգտագործման հետևանք էր։ Դիմումատուների խոսքերով՝ նրա մոտ խանգարումը բնորոշվում է հալյուցինացիաներով, աղճատված ընկալմամբ, զառանցանքներով, հոգեշարժային խանգարումներով և «աննորմալ աֆեկտով» (եզրույթ, որը ներառում է տրամադրությունների և հույզերի հետ կապված խանգարումներ): Նա հոգեկան առողջության վերականգնողական բաժանմունք էր ընդունվել 2013 թվականի հուլիսին՝ ինն օրով, և ևս ութ օրով՝ 2014 թվականի հունիսին/հուլիսին։ Ստացիոնար բուժման տակ չգտնվելու ընթացքում նա ընդունել է նշանակված դեղամիջոցներ՝ իր վիճակը կայունացնելու համար: Հաճախ դեղերի ընդունման գործընթացն իրականացվել է դիմումատուների միջամտությամբ, որոնք այն խառնել են նրա սննդի հետ:

6. Դիմումատուները նշել են, որ 2018 թվականի հուլիսի 15-ի գիշերը պրն Կարեն Ղազարյանը լքել է այն տունը, որտեղ ապրում էր իրենց հետ։

7. Երկհարկանի տունը գտնվում է Բերդավան գյուղում, որն էլ գտնվում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանից մոտ 2,7 կիլոմետր հեռավորության վրա։ Տունը գտնվում է գյուղի՝ սահմանին ամենամոտ գտնվող եզրին։ (Սահմանի այդ ամենամոտ կետում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող գիծը հստակ նշված չէ): Դիմումատուները նշել են, որ վերջին անգամ իրենց որդուն տեսել են գիշերը՝ ժամը 2:30-ի սահմաններում, երբ նա իջնում էր խոհանոց՝ ջուր խմելու: Առավոտյան նա իր սենյակում չի եղել։ Սենյակում մնացել են նրա բջջային հեռախոսը, դրամապանակը և ծխախոտը, իրեր, առանց որոնց, ըստ դիմումատուների, նա սովորաբար երբևէ չէր հեռանում տնից: Ողջ գիշեր վատ եղանակ է եղել՝ ուժեղ քամիներով և հորդառատ անձրևով, և գյուղը հոսանքազրկվել է։ Դիմումատուները կարծել են՝ գուցե իրենց որդին գնացել է էլեկտրաէներգիայի գեներատորը ստուգելու։

8. 2018 թվականի հուլիսի 15-ի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զինված «դիվերսիոն» մի խումբ փորձել է ներխուժել Ադրբեջանի տարածք, և որ հայ հետախույզ պրն Կարեն Ղազարյանը ձերբակալվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են պրն Կարեն Ղազարյանի լուսանկարը՝ սև զինվորական համազգեստով և սև գլխարկով՝ դեմքին սև ներկ քսված։ Դիմումատուները պնդել են, որ նա տնից դուրս գալիս այդպիսի հագուստ չի կրել։

9. 2018 թվականի հուլիսի 15-ին՝ ավելի ուշ ժամի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և պաշտպանության նախարարության մամուլի խոսնակները համապատասխանաբար հայտարարություններ են արել այն մասին, որ պրն Կարեն Ղազարյանը երբևէ չի ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ ՊՆ մամուլի խոսնակի հայտարարության մեջ նաև նշվում էր, որ պաշտպանության նախարարը՝ որպես Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակ՝ պրն Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու խնդրանքով։

10. 2018 թվականի հուլիսի 16-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը վերահաստատել է, որ պրն Կարեն Ղազարյանը կապ չունի հայկական բանակի հետ, և հայտարարել, որ նրա հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով նա երբևէ չի զորակոչվել։ Նույն օրը Բերդավանի գյուղապետը հայտարարել է, որ դեպի սահման տանող մի հին ճանապարհ կա, և որ պրն Կարեն Ղազարյանը, որի հոգեվիճակը հայտնի էր գյուղում բոլորին, հավանաբար քայլել է այդ ճանապարհով և պատահաբար հատել սահմանը։

11. 2018 թվականի հուլիսի 30-ին և 31-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պրն Կարեն Ղազարյանի անհետացման մասով հարցաքննել է մի քանի անձանց, այդ թվում՝ նրա ծնողներին (դիմումատուներ), զարմիկներին, մանկության ընկերներին, բուժքրոջը և երկու հարևաններին։

12. Դիմումատուները նաև նշել են, որ չպարզված ամսաթվին՝ պրն Կարեն Ղազարյանի անհետացումից մի քանի օր անց, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են իրենց։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները դիմումատուներին հայտնել էին, որ իրենց որդին կալանքի տակ էր գտնվում Ադրբեջանում. նրանք առաջարկել էին ծնողներին նրանց կողմից նամակ հանձնել իրենց որդուն։ Դիմումատուները նամակ են գրել և հանձնել ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին, որոնք խոստացել էին հանձնել այն։

13. 2018 թվականի օգոստոսի 3-ին PanArmenian.net ինտերնետային լրատվական պորտալը հրապարակել է հոդված, որում ասվում էր, որ ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են գերության մեջ գտնվող պրն Կարեն Ղազարյանին։ Դիմումատուները նշել են, որ իրենց և ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչների միջև մեկ այլ հանդիպման ժամանակ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները դիմումատուներին ասել են, որ իրենք պրն Կարեն Ղազարյանին են փոխանցել նրանց նամակը (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը), սակայն նա չի ցանկացել պատասխան նամակ գրել։ Դիմումատուները նշել են, որ իրենք խորապես շփոթվել և անհանգստացել են ասվածից, քանի որ վստահ են եղել, որ իրենց որդին կցանկանար իրենց տեղեկացնել իր՝ բարեկեցիկ պայմաններում գտնվելու մասին:

14. 2018 թվականի օգոստոսի 13-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սահմանն ապօրինի հատելու և պրն Կարեն Ղազարյանին առևանգելու կասկածանքով։

15. 2018 թվականի օգոստոսի 16-ին դիմումատուները կրկին հանդիպել են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին և հայտնել, որ պրն Կարեն Ղազարյանը հոգեկան հիվանդություն ունի, որ վերջին հինգ տարիների ընթացքում նա եղել է բժշկի հսկողության տակ և կանոնավոր կերպով դեղեր է ընդունել։ Դիմումատուները նշել են, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները խոստացել են այս տեղեկությունը փոխանցել Բաքվում գտնվող իրենց ներկայացուցիչներին։

16. ԿԽՄԿ-ի հետ մեկ այլ հանդիպման ժամանակ դիմումատուներին հնարավորություն է ընձեռվել զրուցելու Բաքվում գտնվող ԿԽՄԿ բժշկի հետ՝ տեսակապի միջոցով։ Ըստ դիմումատուների՝ ԿԽՄԿ բժիշկը խիստ կասկածներ է հայտնել այն հարցով, որ պրն Կարեն Ղազարյանը տառապում է որևէ հոգեկան հիվանդությամբ՝ նշելով, որ նա լիովին առողջ էր և որևէ դեղամիջոցի կարիք չուներ։ Դիմումատուները պատասխանել են, որ իրենց որդին պետք է որ ստած լինի իր հիվանդության մասին կամ թաքցրած լինի այն, և խնդրել են, որ նրան զննի հոգեբանը:

17. 2018 թվականի սեպտեմբերի 11-ին երկրորդ դիմումատուն նամակ է գրել Ադրբեջանի գլխավոր դատախազին՝ խնդրելով հնարավորություն ընձեռել կապ հաստատելու որդու հետ և այցելելու նրան։ Որպես այլընտրանք՝ նա խնդրել է խոսել իր որդու փաստաբանի հետ: Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական և փոստային կապերի բացակայության պատճառով նամակն ուղարկվել է դիմումատուների՝ ԱՄՆ-ում գտնվող փեսայի միջոցով։ Պատասխան նամակ չի ստացվել։

18. 2018 թվականի նոյեմբերի 1-ին Interfax.az լրատվական պորտալը հոդված է հրապարակել՝ հղում կատարելով անանուն աղբյուրին, որում նշվում էր, որ Ադրբեջանն առաջարկել է երեք հայ «դիվերգենտների» փոխանակել երեք ադրբեջանցի գերիների հետ։ Ըստ հոդվածի՝ հայկական կողմն առաջարկին չի պատասխանել։ Դիմումատուները Հայաստանի կառավարության լիազոր մարմիններին հարցրել են, արդյոք բանտարկյալների փոխանակման որևէ պաշտոնական գործընթաց տեղի ունենալու է, թե՝ ոչ, ինչին նրանք պատասխանել են, որ տեղյակ չեն՝ արդյոք որևէ այդպիսի պաշտոնական գործընթաց կա, թե՝ ոչ:

19. 2018 թվականի նոյեմբերի 6-ին Report.az լրատվական պորտալը հրապարակել է հոդված, որում նշվում էր, որ պրն Կարեն Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունն սկսվել էր։

20. 2018 թվականի նոյեմբերին դիմումատուները համագյուղացիների հետ մի քանի հրապարակային բողոքի ակցիաներ են կազմակերպել Հայաստանի իշխանությունների դեմ՝ inter alia (ի թիվս այլնի) փակելով մայրուղի և պահանջելով, որ այդ իշխանություններն սկսեն բանակցություններ վարել Ադրբեջանի կառավարության հետ։

21. 2018 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի արդարադատության նախարարը հանդիպում է ունեցել ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ։ Պատվիրակության ղեկավարը բացատրել է, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչն Ադրբեջանում պարբերաբար այցելում է պրն Կարեն Ղազարյանին և շուտով կրկին կայցելի նրան: Նա նաև հայտարարել է, որ ԿԽՄԿ-ն իրավասու չէ ներգրավվելու բանտարկյալների փոխանակման վերաբերյալ բանակցություններին:

22. Նույն ամսաթվին՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը 2018 թվականի օգոստոսի 13-ին հարուցված քրեական գործի շրջանակներում (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը) պաշտոնական խնդրանք է ներկայացրել Ադրբեջանի քննչական մարմին՝ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի Մինսկի կոնվենցիայի շրջանակներում պրն Կարեն Ղազարյանի գործով համագործակցություն հաստատելու և իրավական աջակցություն տրամադրելու համար։

23. 2018 թվականի նոյեմբերի 20-ին մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել դիմումատուների հետ, սակայն հերքել է Կառավարության ներգրավվածությունը պրն Կարեն Ղազարյանի վերադարձի հետ կապված բանակցություններին։ Նա հայտարարել է, որ հնարավոր չէր արդյունավետ միջոցներ ձեռնարկել պրն Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու համար, և որ նրան Ադրբեջանի երկու քաղաքացու հետ փոխանակելու առաջարկն անընդունելի էր։

24. Նույն օրը Report.az լրատվական պորտալը հրապարակել է պրն Կարեն Ղազարյանի դատավարության լուսանկարներն ու տեսագրությունները։ Ըստ դիմումատուների՝ տեսանյութում երևացել է, թե ինչպես են իրենց որդուն դատավարության ընթացքում պահել վանդակում (անվտանգության երկու աշխատակիցների հետ միասին). ո՛չ տեսանյութում, ո՛չ էլ լուսանկարներում նրա փաստաբանը չի երևացել։ Դիմումատուների խոսքերով իրենց որդին գրեթե անճանաչելի էր. նա շատ նիհարած էր և գունատ։

25. Դիմումատուները պնդել են, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ մեկ այլ հանդիպման ժամանակ (տե՛ս վերևում՝ 12-րդ, 13-րդ, 15-րդ և 16-րդ պարբերությունները) վերջիններս հայտարարել են, որ իրենց որդին տաք հագուստ և քաղցրավենիք է խնդրել: Այնուամենայնիվ, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները դիմումատուներից հագուստ չեն վերցրել, որ փոխանցեն նրան, քանի որ ասել են, որ իրենք հագուստ կտրամադրեն: Ավելին, ներկայացուցիչներն այս առիթով պրն Կարեն Ղազարյանի կողմից որևէ նամակ կամ որևէ այլ հաղորդագրություն չեն փոխանցել նրա ծնողներին։

26. Դիմումատուները նշել են, որ 2018 թվականի նոյեմբերի վերջին՝ դատավարության կադրերը հեռարձակելուց որոշ ժամանակ անց (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը), իրենք ԿԽՄԿ-ին խնդրել են պրն Կարեն Ղազարյանի նկատմամբ անկախ հոգեբանական փորձաքննություն կազմակերպել. նրանք խնդրել էին, որ հետազոտությամբ ստուգվի նաև նրա արյան մեջ հոգեմետ նյութերի մակարդակը, քանի որ վերջին 5 տարիներին նա այդպիսի դեղամիջոցներ էր ընդունում։ Մի քանի օր անց ԿԽՄԿ-ն պատասխանել էր՝ նշելով, որ ԿԽՄԿ-ի բժիշկը կապի մեջ է եղել այն բանտի բժշկի հետ, որտեղ պահվում էր պրն Կարեն Ղազարյանը, և փոխանցել է ԿԽՄԿ-ի առաջարկություններն ու խորհուրդները, սակայն այդպիսի փորձաքննություն առաջարկելը ԿԽՄԿ-ի մանդատի մեջ չէր մտնում։

27. 2018 թվականի դեկտեմբերի 17-ին դիմումատուները նամակ են ներկայացրել ԿԽՄԿ՝ կրկին խնդրելով զննել պրն Կարեն Ղազարյանին (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը): Նրանք ընդգծել են, որ իրենց որդին անհապաղ բժշկական միջամտության կարիք ունի, և խնդրել են արյան հետազոտություն (կամ այլ տեսակի թեստ) անցկացնել՝ պարզելու համար նրա օրգանիզմում հոգեմետ նյութերի առկայության մակարդակը։ Ի պատասխան նամակին՝ ԿԽՄԿ-ն կրկնել է, որ պահանջվող գործողությունը դուրս է իր մանդատից:

28. Դիմումատուներն այնուհետև նշել են, որ 2019 թվականի հունվարի 11-ին իրենք «Skype» զանգի միջոցով զրուցել են ԿԽՄԿ բժշկի հետ, որը մտահոգություն էր հայտնել պրն Կարեն Ղազարյանի հոգեկան վիճակի հետ կապված՝ հայտնելով, որ նա մի քանի օր չէր կերել, հրաժարվել էր վերցնել դիմումատուների կողմից իրեն ուղարկված ծանրոցը և հրաժարվել էր բացել դիմումատուների կողմից իրեն ուղարկված նամակները։ Բժիշկը հայտնել էր, որ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ինքը խնդրել էր, որ ԿԽՄԿ բժշկի կողմից հետազոտություն անցկացվեր (ադրբեջանցի բժշկի ներկայությամբ)։

29. Ավելին, դիմումատուները նշել են, որ 2019 թվականի փետրվարի 1-ին ԿԽՄԿ բժիշկն իրենց ասել էր, որ իրենց որդին լավ չի սնվում (ուտում է միայն փոքր չափաբաժիններով), «ընտրովի», հրաժարվում է բաց տարածություն դուրս գալուց, չի ցանկանում լսել, խոսել Հայաստան իր վերադարձի մասին (փոխարենը խոսում է միայն Երուսաղեմ ուխտագնացության գնալու մասին)։ Ըստ դիմումատուների՝ իրենց որդին նույն ախտանիշներն է դրսևորել նախորդ նման դրվագների ժամանակ, երբ նրա առողջական վիճակը վատանում էր, և նա վախեր ու կասկածներ էր ունենում։

30. 2019 թվականի փետրվարի 27-ին պրն Կարեն Ղազարյանը դատապարտվել է, և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ քսան տարի ժամկետով (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը):

31. 2019 թվականի մարտի 11-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պատասխանել է Հայաստանի անվտանգության ծառայության՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ի՝ իրավական աջակցություն տրամադրելու վերաբերյալ վերոնշյալ խնդրանքին (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը)՝ հայտարարելով, որ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, եթե հայկական կողմը դադարեցնի մի շարք տարածքների օկուպացիան։ Դիմումատուներն այդ պատասխանի մասին իմացել էին 2019 թվականի մայիսին, երբ այն ուղարկվել էր իրենց փաստաբանին։

32. Միևնույն ժամանակ, 2019 թվականի մայիսի 8-ին ԿԽՄԿ-ի բժիշկը (ըստ դիմումատուների) իրենց ասել էր, որ իրենց որդու հոգեկան վիճակը դեռևս անհանգստության տեղիք է տալիս։ Բժիշկը հայտարարել էր, որ թեև պրն Կարեն Ղազարյանը շարունակում էր գտնվել ադրբեջանցի բժիշկների հսկողության տակ, նրա բուժման վերաբերյալ տվյալները չէին փաստագրվում։ Ըստ այդմ՝ բժիշկը դիմում էր ներկայացրել Ադրբեջանի առողջապահության նախարարություն՝ նոր հետազոտություն անցկացնելու համար։

33. 2019 թվականի մայիսի 15-ին դիմումատուների ներկայացուցիչը հանդիպել է ԿԽՄԿ-ի պաշտոնյաների հետ, որոնք կրկին հաստատել են, որ պրն Կարեն Ղազարյանի առողջական վիճակը մնում էր նույնը։

34. 2019 թվականի հունիս ամսի չճշտված ամսաթվին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը դիմումատուներին է փոխանցել գրություն, որը պարունակում էր բանտի հասցեն, որտեղ պահվում էր պրն Կարեն Ղազարյանը, և հեռախոսահամարներ, որոնցով դիմումատուներին ասվել էր, որ իրենք իբրև կարող են կապ հաստատել պրն Կարեն Ղազարյանի հետ։ 2019 թվականի հունիսի 27-ին դիմումատուների փեսան զանգահարել է այդ հեռախոսահամարներով, և այնուհետև նրան ասվել է, որ նա պետք է գրավոր հարցում ուղարկի բանտի էլեկտրոնային հասցեին՝ պրն Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու թույլտվություն ստանալու համար։ 2019 թվականի հուլիսի 17-ին դիմումատուների փաստաբանները պատշաճ կերպով գրավոր հարցում են ուղարկել էլեկտրոնային փոստով, սակայն պատասխան չի ստացվել։

35. 2020 թվականի հունվարի 10-ին դիմումատուներն իրենց վերջին հանդիպումն են ունեցել ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ, որից հետո նրանց ասել են, որ պրն Կարեն Ղազարյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, և որ նա որևէ դեղամիջոց չի ընդունում։

36. 2020 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Հայաստան վերադառնալուց հետո (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը), պրն Կարեն Ղազարյանը տեղափոխվել է հոգեբուժարան՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն («Ավան» հոգեբուժական հաստատություն)՝ բժշկական զննություն անցնելու և բուժման նպատակով, քանի որ նրա վարքագիծը գնահատվում էր ոչ բավարար, այսինքն՝ նա ի վիճակի չէր վերահսկել իր վարքը կամ համակարգել իր շարժումներն ու խոսքը։ «Ավան» հոգեբուժական հաստատությունից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին ստացված բժշկական եզրակացությունը ներառում է հետևյալը.

 

«Նա պառկած է անկողնում ազատ [այսինքն՝ անկաշկանդ], դեմքը լարված է, հիպոմանիակային. հայացքն ուղղված է դեպի առաջ։ [Նրա հետ կոնտակտի մեջ մտնելը] գրեթե [անհնար է]. երբ նրան դիմում են անունով, միայն ասում է «Իսրայել»։ Հարցերին չի պատասխանում, չի հետևում պարզ հրահանգներին։ Բուժող բժշկի խոսքով՝ նա կերել է միայն նախորդ երեկոյան. նա նաև հակիրճ ասել է. «Հայաստան չկա, հայ չկա, բժիշկ չկա»։ Դատելով նրա պահվածքից՝ կարելի է ենթադրել, որ առկա են պսիխոպրոդուկտիվ խանգարումներ։ [Եզրակացությունից] երևում է, որ նա կրկնակի հիվանդ է. 2020 թվականի դեկտեմբերի 15-ի գիշերը նա ընդունվել է Պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալ, որտեղ դրսևորել է ... անհանգիստ պահվածք. [նրա հետ կոնտակտի մեջ մտնելու բոլոր փորձերը] անարդյունավետ էին, [նա] միապաղաղ կերպով կրկնում էր «Իսրայել»: Հաշվի առնելով վերը նշվածը՝ Կ. Ղազարյանի հոգեկան առողջությունը վտանգ է ներկայացնում սեփական առողջության և կյանքի համար, և նրա բուժումը կարող է իրականացվել միայն հիվանդանոցային պայմաններում»։

 

Դիմումատուները նաև պնդել են, որ Դատարանում իրենց ներկայացնող փաստաբան պարոն Ա. Ղազարյանն այցելել էր պրն Կարեն Ղազարյանին «Ավան» հոգեբուժական հաստատությունում և նկատել էր կապտուկներ և ներարկման հետքեր նրա ձեռքերին, ինչպես նաև աննորմալ այտուցներ՝ ոտքերին:

37. 2021 թվականի հունվարի 19-ին Հայաստանի անվտանգության ծառայության քննիչը հարուցված քրեական գործի շրջանակներում փորձել է հարցաքննել պրն Կարեն Ղազարյանին՝ որպես տուժող (տուժող կողմ) (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը)։ Սակայն, ինչպես երևում է հարցաքննության արձանագրությունից, հարցազրույցն անարդյունավետ է եղել, քանի որ նա եղել է «հոգեբանորեն անհավասարակշիռ վիճակում»։ Նույն արձանագրության համաձայն՝ հարցաքննությանը ներկա բժիշկ Մ. Ներսիսյանը հայտարարել է, որ դիմումատուների որդին գտնվում է «սուր հոգեկան վիճակում», «ժամանակի և տարածության մեջ ապակողմնորոշված» և «իր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին զառանցանքով է արձագանքում»: Ըստ արձանագրության՝ պրն Կարեն Ղազարյանը հրաժարվել է ստորագրել այն կամ դրանում որևէ նշում կատարել։

38. 2021 թվականի փետրվարի 2-ին քննիչը որոշել է վերսկսել նախաքննությունը։ Այս որոշումից հետո քննիչը նշանակել է դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու համար պրն Կարեն Ղազարյանի հոգեվիճակը, մասնավորապես՝ արդյոք նա հոգեպես ի վիճակի է մասնակցելու իր գործով քննությանը։

39. 2021 թվականի փետրվարի 8-ին պրն Կարեն Ղազարյանն ազատ է արձակվել «Ավան» հոգեբուժական հաստատությունից՝ ծնողների (դիմումատուների) հսկողության ներքո ամբուլատոր բուժումը տանը շարունակելու նպատակով։ «Ավան» հոգեբուժական հաստատությունից դուրս գրվելուց հետո հաստատության կողմից տրվել են ախտորոշումներ, ըստ որոնց՝ պրն Կարեն Ղազարյանը տառապում էր պարանոիդ շիզոֆրենիայով. եզրակացության մեջ, inter alia, նշվում էր նաև, որ նրա դաստակներին առկա էին կելոիդ սպիներ (ինչի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Ոստիկանություն):

40. 2021 թվականի փետրվարի 21-ին «Ավան» հոգեբուժական հաստատությունից դուրս գրվելու կապակցությամբ տրամադրվել է բժշկական եզրակացություն հետևյալ տեղեկատվությամբ.

 

«Նա hարցերին պատասխանել է միայն այնքանով, որ ասել է, թե իբրև ինքը Կարենը չէ, այլ Իսրայելի [պետությունն] է։ Նայել է մի կետի, ոչ ադեկվատ կերպով ժպտացել և շշնջացել։ Նա [հանել է գիշերազգեստը և] առանց վերմակի պառկել ներքնակին՝ ասելով «Ինչքա՜ն լավ է», կամ պարզապես երկար ժամանակ անշարժ կանգնել է։ Նա անհանգիստ է եղել, լարված, դեմքի՝ պասիվ նեգատիվության [արտահայտությամբ]։ Ստացել է բուժօգնություն։ Բուժում ստանալուց հետո նրա հետ շփումը դարձել է հնարավոր. նա ասել է, որ «վերևից ձայներ է լսում», որ «իրեն Աստված է առաջնորդում», և որ ինքը «Քրիստոսն է»։

 

Ինչ վերաբերում է [Ստրասբուրգի] դատարան [գանգատ] ներկայացնելուն, ապա նա նշել է հետևյալը՝ «Ես մի բառ կշշնջամ, և դատավարությունը կավարտվի. ի՞նչ դատավարություն։ Իմ կարծիքով Հայաստան չկա, բժիշկ չկա. կա միայն Իսրայելը»։ Նրա մտքերը կցկտուր էին, անտրամաբանական: Զգացմունքային ֆոնը որոշակիորեն զսպված է։ Աստիճանաբար նա սկսել է հետևել [իր սեփական] անձնական հիգիենային և ցնցուղ ընդունել: Սկզբում նա խուսափել է հարցերին պատասխանելուց՝ ամեն կերպ շրջանցելով դրանք։ Նա չի ցանկացել խոսել նաև Ադրբեջանում գտնվելու մասին. միայն նշել է, որ որևէ հնարավորություն չի ունեցել իր ուզած պահին լվացվելու։ Վատ է սնվել [Ադրբեջանում եղած ժամանակ], հիշում է, կարծես այնտեղ իրեն այցելել էին մայրն ու քույրը և իրենց բակից խաղող էին բերել։ Նշել է, որ [այնտեղ եղած ժամանակ] դեղորայք չի ստացել։

...

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ/ԱԽՏՈՐՈՇՈՒՄ՝ Պարանոիդ շիզոֆրենիա»:

 

Բ. Կառավարության նկարագրությունը

 

41. Կառավարությունը նշել է, որ 2018 թվականի հուլիսի 15-ին պրն Կարեն Ղազարյանը բերման է ենթարկվել Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Կամարլի գյուղում, այսինքն՝ սահմանից մոտ վեց կիլոմետր դեպի Ադրբեջանի տարածք։ Ականատեսների ցուցմունքներում նշվում էր, որ առավոտյան ժամը 5-ի սահմաններում տեղի հովիվները սահմանից Ղազախ քաղաքի ուղղությամբ շարժվող անձի են նկատել և հայտնել զինծառայողներին, որոնք Կամարլիի տարածքում բերման են ենթարկել պրն Կարեն Ղազարյանին։ Նույն ամսաթվին համապատասխան զորամասի հրամանատարի տեղակալի հրամանով նա վերցվել է կարգապահական կալանքի՝ հինգ օր ժամկետով։

42. 2018 թվականի հուլիսի 19-ին Ադրբեջանի Հանրապետության զինվորական դատախազությունը քրեական գործով քննություն է սկսել պրն Կարեն Ղազարյանի կողմից Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու և ահաբեկչություն, դիվերսիա և դիտավորյալ սպանություն կատարելու փորձերի դեպքի առթիվ և նրան ձերբակալել է որպես կասկածյալ։ Նրա համար նշանակվել են պաշտպան և թարգմանիչ։

43. 2018 թվականի հուլիսի 21-ին Ղազախի շրջանային դատարանը վճռել էր պրն Կարեն Ղազարյանին չորս ամիս ժամկետով պահել նախնական կալանքի տակ։ Կառավարությունը պնդել է, որ նա ավելի ուշ պահվել է Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության Բաքվի ժամանակավոր պահման վայրում՝ նրա մասով ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցները։

44. Կառավարությունը հայտարարել է, որ պրն Կարեն Ղազարյանը ժամանակավոր պահման վայրում գտնվելու ընթացքում չի ենթարկվել որևէ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման, և որ նա կալանքի տակ է պահվել իր մարդկային արժանապատվության հանդեպ դրսևորվող հարգանքի պայմաններում։ Նա ենթարկվել էր բժշկական զննության, որով խոշտանգումների, ֆիզիկական բռնության հետքեր կամ վնասվածքներ չեն հայտնաբերվել, իսկ հոգենյարդաբանական վիճակը գնահատվել է կայուն։ Նրա համար նշանակվել էին թարգմանիչ և պաշտպան։

45. Կառավարությունը պնդել է, որ քրեական վարույթ հարուցելու և պրն Կարեն Ղազարյանին նախնական կալանքի տակ վերցնելու մասին որոշումներում եզրակացություններ են արվել առ այն, որ 2016 թվականի դեկտեմբերին պրն Կարեն Ղազարյանը գաղտնի հավաքագրվել է Հայաստանի անվտանգության ծառայության անվանի պաշտոնյայի կողմից, իսկ 2017 թվականի վերջին Նոյեմբերյանի տարածքում (Բերդավանի հարավային կողմում) անցել է հրազենի, պայթուցիկ նյութերի և զինամթերքի հետ վարվեցողության վերապատրաստում։ 2018 թվականի հուլիսի 14-ի երեկոյան նրան Ղազախում պայթյուններ կազմակերպելու հանձնարարություն է տրվել։ Նպատակը եղել է հասարակական անվտանգությունը խարխլելը, բնակչության շրջանում խուճապ տարածելը, զանգվածային սպանություններ իրականացնելն ու բնակչության առողջությանն այլ վնաս պատճառելը, Ադրբեջանի ռազմական և տնտեսական անվտանգությունը թուլացնելը և ձեռնարկություններն ու ենթակառուցվածքները ոչնչացնելը. և այս ամենը «ազգային և կրոնական ատելության և թշնամանքի» հիմքով։ Նրա վրա ամրացված է եղել ատրճանակ, մի քանի պայթուցիկ սարքեր, այլ զինտեխնիկա և զինամթերք, կրել է ամբոջությամբ սև հագուստ, նրան ուղեկցելիս են եղել ևս երկու անձ, որոնց ինքնությունը պարզված չի եղել։ Նրանք ականապատ սահմանային տարածքը հատել էին հուլիսի 15-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում։ Մինչ բերման ենթարկվելը պրն Կարեն Ղազարյանն իր մոտ ունեցած զինտեխնիկան թաքցրել էր Կամարլի գյուղի մոտակայքում՝ թփի տակ։ Իր նախնական կալանքի վերաբերյալ լսման ժամանակ նա հարցաքննվել է. իր հարցաքննության ժամանակ նա, ըստ ներկայացված տեղեկությունների, հաստատել է, որ հրահանգներ է ստացել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաներից և ստացել նշված տեխնիկան, որը սահմանը հատելուց հետո թաքցրել էր, երբ նկատել էր, որ իրեն նկատել են քաղաքացիական անձինք: Նրա ցուցմունքի արձանագրության համաձայն՝ գործողության նպատակը եղել է Ղազախի կենտրոնական շուկայում պայթյուն կազմակերպելը։

46. 2019 թվականի փետրվարի 27-ին Գյանջայի ծանր հանցագործությունների հետ կապված գործերով դատարանը պրն Կարեն Ղազարյանին հրապարակային դատական նիստում դատապարտել էր՝ Ադրբեջանի տարածքում դիվերսիա և ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար՝ Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 29, 120.2.1; 29, 120.2.5; 29, 120.2.7; 29, 120.2.11; 29,120.2.12; 206.3.2; 214.2.1; 214.3.1; 228.1; 276; 29, 282.1; 318.2 և 66.3 հոդվածներով։ Նա դատապարտվել էր քսան տարվա ազատազրկման, որի մեկնարկի ամսաթիվը հաշվվել է 2018 թվականի հուլիսի 15-ը։

47. Կառավարությունը պնդել է, որ 2019 թվականի մարտի 27-ից հետո՝ նախնական կալանքի վայրից բանտ տեղափոխվելուց հետո, որտեղ պետք է կրեր իր պատիժը, պրն Կարեն Ղազարյանին պարբերաբար զննել են բժիշկները (այդ թվում՝ փորձառու հոգեբույժները): Այնուամենայնիվ, նա սկսել է կոնֆլիկտներ ունենալ այլ բանտարկյալների հետ։

48. 2019 թվականի մայիսի 24-ին ԿԽՄԿ-ի կողմից արված առաջարկությունների հիման վրա պրն Կարեն Ղազարյանը (ըստ Կառավարության) տեղափոխվել է բանտի բժշկական կենտրոն։ Նա բուժվել է բժշկական կենտրոնում և պատիժը կրել է այնտեղ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 14-ին ազատ արձակվելը։ Այնտեղ ընդունվելուց հետո նրան բացատրվել են իր իրավունքներն ու պարտականությունները, և նրան ապահովել են անհրաժեշտ բոլոր կենսապայմաններով։

49. Կառավարությունը նաև նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ պրն Կարեն Ղազարյանին տեղավորել են ինը քառակուսի մետր մակերեսով մեկուսարանում, որտեղ նա օրական առնվազն մեկ անգամ բանտի բժիշկների կողմից զննության է ենթարկվել, ինչպես նաև եղել է իր համար հատուկ նշանակված բժշկի հսկողության տակ, որը հետևել է նրա առողջությանը և առաջինն է արձագանքել նրա ունեցած ցանկացած խնդրի: Օրական առնվազն մեկ անգամ նրան թույլ են տվել օրվա ցանկացած ժամի առնվազն մեկ ժամ զբոսնել՝ պահպանելով անվտանգության միջոցները:

50. Կառավարությունը նշել է, որ պարոն պրն Կարեն Ղազարյանը չի ենթարկվել որևէ բարոյական կամ ֆիզիկական ճնշման բանտարկյալների կամ բանտի ղեկավարության, բժիշկների կամ աշխատակիցների կողմից և չի ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի։

51. Կառավարությունը պնդել է, որ ԿԽՄԿ-ն հեշտացրել է պրն Կարեն Ղազարյանի և նրա ընտանիքի անդամների և մերձավոր ազգականների միջև կապ հաստատելու գործընթացը, ինչպես նաև նրա հարազատների կողմից ուղարկված սննդի ծանրոցների և հագուստի առաքումը: Ստեղծվել էին պայմաններ, որոնք հնարավորություն էին տալիս նրան մասնավոր հանդիպումներ ունենալու ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ, և չի եղել որևէ խոչընդոտ նրա կողմից այդ հանդիպումները գաղտնի պայմաններում անցկացնելու համար։ Կառավարությունը նշել է, որ այդպիսի հանդիպումները տեղի են ունեցել հետևյալ կերպ.

– հինգ անգամ՝ նախնական կալանքի վայրում (Կառավարությունը նշել է հետևյալ ամսաթվերը՝ 2018 թվականի հունիսի 6 և նոյեմբերի 26 և 2019 թվականի սեպտեմբերի 9, հունվարի 25 և փետրվարի 7).

– երեք անգամ՝ այն ընթացքում, երբ պրն Կարեն Ղազարյանն իր պատիժը կրում էր բանտում (թեև Կառավարությունը նշել է ընդամենը երկու ամսաթիվ՝ 2019 թվականի ապրիլի 10 և մայիսի 7). և

– տասնութ անգամ՝ պրն Կարեն Ղազարյանի՝ բժշկական կենտրոնում կալանքի տակ պահվելու ընթացքում (2019 թվականի ապրիլի 11, հունիսի 19, հունիսի 20, հուլիսի 3, հուլիսի 19, օգոստոսի 15, սեպտեմբերի 10, հոկտեմբերի 11, նոյեմբերի 8 և նոյեմբերի 21 և 2020 թվականի փետրվարի 6, մարտի 10, ապրիլի 14, մայիսի 20, հուլիսի 1, օգոստոսի 12, սեպտեմբերի 16 և հոկտեմբերի 28)։

Կառավարությունը նշել է, որ պրն Կարեն Ղազարյանի՝ ԿԽՄԿ-ի հետ կապ հաստատելու իրավունքի կամ նամակագրություն ուղարկելու և ստանալու իրավունքի մասով սահմանափակումներ չեն եղել։ Որևէ այլ միջազգային կազմակերպություն կամ տեղական ներկայացուցիչ չի փորձել հանդիպել նրա հետ։

52. Ավելին, ըստ Կառավարության՝ պրն Կարեն Ղազարյանին բացատրվել են համապատասխան կազմակերպություններին և մարմիններին դիմելու հետ կապված իր բոլոր իրավունքները, և այդ իրավունքների արդյունավետ իրականացման համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել։ Սակայն նա այդ իրավունքներից օգտվելու ցանկություն չի հայտնել։

53. Կառավարությունը Դատարան է ներկայացրել 2020 թվականի հոկտեմբերի 29-ին հոգեբուժության պրոֆեսոր Թ. Գաֆարովի հետ խորհրդակցությամբ կազմված փաստաթուղթ, որում ասվում է հետևյալը.

 

«Ըստ բաժանմունքում ունեցած տեղեկությունների՝ հետազոտված բանտարկյալ Կ. Ղազարյանն առաջին իսկ օրվանից [դրսևորել է] տարօրինակ վարքագիծ։ Ամբողջ ժամանակ, բացառությամբ մյուսների նկատմամբ ընտրողական, ագրեսիվ պահվածքի մի քանի [դեպքերի], նա չի փորձել ինքն իրեն վնասել։ Ընդհանուր առմամբ նրա վարքագիծը [արտացոլում է] իրավիճակը [յուրաքանչյուր կոնկրետ պահի]։ [Մինչև այժմ] իր այդտեղ գտնվելու ողջ ժամանակահատվածում նա պահպանել է անձնական սանիտարահիգիենիկ կանոնները։ Այդպիսի ընտրողական վարքագիծը նկատվում է նաև նրա [i] դեղորայք ընդունելու ժամանակ (նա թերապևտիկ դեղամիջոցներն ընդունում է առանց ըմբոստանալու, բայց կտրականապես հրաժարվում է տրամադրությունը և քունը կարգավորող, ինչպես նաև այլ կարգավորող դեղեր ընդունելուց), [ii] սննդի և ծխախոտի [օգտագործման] ժամանակ և [iii] բաժանմունքի անդամների հետ նրա [սոցիալական շփման] ժամանակ:

Ամբողջ ժամանակահատվածում [երբ Կարեն Ղազարյանը գտնվել է] հսկողության տակ, կլինիկական լաբորատոր հետազոտությունների, ԷԿԳ-ի, ուլտրաձայնային հետազոտության, ռենտգենի և ԷԷԳ հետազոտության ընթացքում պաթոլոգիա չի հայտնաբերվել։ Ավելին, նյարդաբանների կողմից [անցկացված] հետազոտությունների ընթացքում պաթոլոգիա չի հայտնաբերվել։ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին կատարված ախտահոգեբանական փորձաքննության արդյունքների համաձայն՝ թեստի ժամանակ տրված [հարցերին] անկեղծորեն չի պատասխանել. պրն [Ղազարյանը պահպանել է [իր] միջավայրի մասին իրազեկությունը։ [Պրն Կարեն Ղազարյանը] [հարցերին] պատասխանել է մտածելով. երբեմն, չնայած [հարցերը] հասկանալուն, [նա] իրեն պահել է այնպես, ասես չի հասկացել դրանք (տե՛ս կլինիկական եզրակացության մեջ պարունակվող ամբողջ հետազոտության [պատմությունը]): Եվ վերջնական արդյունքն այն է, որ տվյալ անձի մոտ ներկայումս լուրջ հոգեբանական և անհատականության խանգարում չի նկատվում։ Մեր կողմից իրականացված կլինիկական ախտահոգեբանական հետազոտությամբ որևէ հոգեախտաբանական խանգարում [չի հայտնաբերվել]… : Բաժանմունքում [նրա դրսևորած] հատկանիշները՝ ընտրողական վարքագիծն ու հաղորդակցությունը, նույնպես պարզորոշ կերպով բացահայտվել են զննության ընթացքում։ Առաջին նիստի ժամանակ իրեն որպես «Իսրայել» ներկայացնելը (միևնույն ժամանակ իր հրեա լինելը հերքելը), զննություններից հետո իր անունը լսելիս համարժեք պատասխան տալը [և] ժխտելը, որ ինքը հիվանդ է, վկայում են նրա ընտրովի ... պահվածքի մասին, [որը նա դրսևորում է]՝ ըստ [տվյալ պահին ստեղծված] իրավիճակի։ Նա հուզականորեն կայուն է։ Իր վրա ունի բավականաչափ վերահսկողություն։ Չի դժգոհում իր առողջությունից, իր նկատմամբ [աշխատակիցների] վերաբերմունքից կամ այն վայրից, որտեղ ինքը գտնվում է։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ նրա իրավիճակը կարելի է բնութագրել որպես հոգեկան խանգարումների գիտակցված սիմուլյացիա։

Ախտորոշում՝ հոգեբանական խանգարումների գիտակցված սիմուլյացիա»։

 

54. Դատարան է ներկայացվել նաև 2020 թվականի նոյեմբերի 3-ի բժշկական եզրակացությունը։ Եզրակացությունն ուներ հետևյալ բովանդակությունը.

 

«2019 թվականի մայիսի 24-ին բանտարկյալ Կարեն Արմենի Ղազարյանը տեղափոխվել է Քրեակատարողական բժշկության կենտրոնի՝ հոգեկան հիվանդությունների բաժանմունք և անվտանգության նկատառումներից ելնելով՝ գտնվել է [բաժանմունքի] մեկուսարանի բժիշկների հսկողության տակ։ [Հոգեկան հիվանդությունների] բաժանմունքում գտնվելու ընթացքում բազմաթիվ անգամներ արվել են արյան և մեզի ընդհանուր անալիզներ, արյան կենսաքիմիական անալիզներ, էխոսրտագրություն, էլեկտրասրտագրություն [և] ուլտրաձայնային հետազոտություն։ Ռենտգենով պաթոլոգիա չի հայտնաբերվել: Նա բազմաթիվ առիթներով հետազոտվել է թերապիայի, ... վարակիչ հիվանդությունների, ... և ակնաբուժական գծով [մասնագիտացող բժիշկների] կողմից: Ավելին, նրան պարբերաբար հետազոտել է Առողջապահության նախարարության՝ հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., պրոֆեսոր՝ Ֆուադ Իսմայիլովը։ [Ընդհանուր ստուգում անցկացնելու] նպատակով իրականացվել են նյարդաբանական հետազոտություններ՝ ԷԷԳ, նյարդաբանի և նյարդավիրաբույժի կողմից իրականացված հետազոտություն և կլինիկական հոգեբանի կողմից անցկացված ախտահոգեբանական թեստեր։ Այս բոլոր հետազոտությունների արդյունքում պաթոլոգիա չի հայտնաբերվել, սակայն հաշվի առնելով հեմոգլոբինի 10,8 գ/դլ մակարդակը՝ թերապևտը [դեղորայք] է նշանակել։ Նա այդ դեղերն ընդունել է առանց հակառակվելու, բայց կտրականապես հրաժարվել է տրամադրությունը և քունը կարգավորող դեղեր ընդունելուց: Բաժանմունքում գտնվելու ընթացքում նա ընդունել է հետևյալ դեղերը՝ Վերոշպիրոնի հաբեր, Ֆուրոսեմիդի լուծույթ, Մեգաֆերի լուծույթ, Վիտամին C, Բեգամմա լուծույթ:

2019 թվականի սեպտեմբերի 25-ին հրավիրվել է հատուկ բժշկական փորձագիտական խորհրդակցություն, և որոշվել է, որ [պրն Կարեն Ղազարյանի] հոգեբանական վիճակի հետ կապված բժշկական պարտադիր միջամտությունների կիրառման անհրաժեշտություն չկա։ Նրան հետազոտել է Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Թեյմուր Գաֆարովը։

Բաժանմունքում գտնվելու ընթացքում վարքային խանգարումներ կամ հոգեախտաբանական ախտանիշներ չեն նկատվել։ Բանտարկյալի մոտ նկատվել է խիստ նպատակաուղղված վարքագիծ։ Նա աչքի է ընկել իր յուրահատուկ պահվածքով. երբեմն նա փորձել է ընդօրինակել հոգեախտաբանական ախտանիշներ, [բայց նա] երբևէ չի փորձել վնասել իրեն կամ շրջապատող մարդկանց [և] պահպանել է անձնական սանիտարահիգիենիկ կանոնները։ Նրա ընտրովի վարքագիծը նկատվել է [ վարքագծի] դրսևորման բոլոր ասպեկտներում՝ սնունդ ընդունելու և նշանակված դեղերն ընդունելու, բաժանմունքի ներսում հաղորդակցվելու, բժիշկների կողմից իրականացվող զննումների ժամանակ։

Բանտարկյալը պետք է տեղափոխվի իր բանտ։

Ախտորոշում՝ ներկայումս հոգեբանական խանգարում չի նկատվում։ Հոգեբանական խանգարումների գիտակցված սիմուլյացիա»։

 

55. Կառավարությունը բացատրել է, որ ելնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ համաձայնագրից բխող պարտավորություններից և միջազգային կազմակերպությունների և ռուսական խաղաղապահ ուժերի մասնակցությամբ իրականացված բանակցություններից բխող պարտավորություններից, ինչպես նաև մարդասիրաբար գործելու շահերից՝ Հայաստանի հետ ձեռք է բերվել ռազմագերիների և այլ գերիների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություն։

56. Կառավարությունը նշել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին պրն Կարեն Ղազարյանի պատիժը կասեցվել է վերոնշյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո, և որ նա այլ հայ գերիների հետ տեղափոխվել է Հայաստան։

 

Գ. Դատարանում իրականցվող վարույթը

 

57. 2018 թվականի հուլիսի 17-ին դիմումատուները խնդրել են Դատարանին կիրառել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնը և Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցնել կիրառելու իրենց որդու առողջության պահպանմանն ուղղված միջանկյալ միջոցներ և կազմակերպելու նրա վերադարձը Հայաստան։ Նույն օրը հերթապահ դատավորը որոշել է, կողմերի շահերից ելնելով և Դատարանում վարույթի պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով, Ադրբեջանի կառավարությանը տեղեկացնել, որ այն պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պրն Կարեն Ղազարյանի կյանքն ու ֆիզիկական ամբողջականությունը պաշտպանելու համար։ Հերթապահ դատավորն այնուհետև որոշել է 54-րդ կանոնի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն պահանջել Կառավարությունից ներկայացնել տեղեկատվություն պրն Կարեն Ղազարյանի պահման վայրի և պայմանների մասին և տեղեկություն այն մասին՝ արդյոք նրա դեմ քրեական վարույթ հարուցվել է, թե՝ ոչ։ Այդպիսի վարույթ հարուցված լինելու դեպքում նրանցից պահանջվում էր տրամադրել համապատասխան բոլոր մանրամասներն ու փաստաթղթերը: Դիմումատուներից պահանջել են ամբողջական գանգատի ձևը ներկայացնել մինչև 2018 թվականի օգոստոսի 14-ը, ինչը նրանք արել են:

58. 2018 թվականի նոյեմբերի 29-ին դիմումատուները մեկ այլ պահանջ են ներկայացրել՝ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնը կիրառելու նպատակով։ Այս անգամ նրանք Դատարանին խնդրել են, որ այն Կառավարությանը պարտավորեցնի ապահովել, որ դիմումատուներին թույլ տրվի մուտք գործել Ադրբեջան, այցելել իրենց որդուն բանտում և ներկա գտնվել նրա դատավարությանը, ինչպես նաև նրանց թույլ տրվի անմիջականորեն հաղորդակցվել նրա հետ գրավոր ձևով, հեռախոսով կամ էլեկտրոնային հաղորդակցության ցանկացած այլ ձևով և առանց որևէ պետական մարմնի միջամտության: Ի պատասխան՝ դիմումատուները տեղեկացվել են, որ պահանջը դուրս է 39-րդ կանոնի գործողության շրջանակից:

59. 2019 թվականի հունիսի 4-ին և 14-ին դիմումատուները կրկին խնդրել են Դատարանին կիրառել միջանկյալ միջոցներ՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի, ինչին ի պատասխան՝ նրանց տեղեկացրել են, որ պահանջը թերի է։

60. 2019 թվականի հուլիսի 26-ին դիմումատուները լրացուցիչ տեղեկություններ և բողոքներ են ներկայացրել Դատարանի՝ գանգատի ձևաթղթերի միջոցով:

61. 2020 թվականի հուլիսի 1-ին Դատարանի այն Բաժանմունքի նախագահը, որին նշանակվել էր գործի քննությունը, Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն որոշում է կայացրել, որ գանգատի մասին պետք է ծանուցվի Ադրբեջանի կառավարությունը, և որ այդ Կառավարությանը պետք է առաջարկվի ներկայացնել գրավոր դիտողություններ գործի ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ։

62. 2021 թվականի ապրիլի 7-ին Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի կիրառումը, ինչպես որոշվել էր 2018 թվականի հուլիսի 17-ին, դադարեցվել էր այն բանից հետո, երբ Դատարանին տրամադրվել էր տեղեկություն, որ դիմումատուների որդին վերադարձվել է Հայաստան։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. պրն Կարեն Ղազարյանի անունից Գանգատ ներկայացնելու ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻ իրավունքի վերաբերյալ ՆԱԽՆԱԿԱՆ առարկությունը

 

63. Դատարանը նշում է, որ Կառավարությունն առարկություն է ներկայացրել՝ պնդելով, որ դիմումատուները չունեն համապատասխան իրավունք՝ գանգատը ներկայացնելու համար: Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 34-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.

 

«Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ նրան կից արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացումը:»:

 

Ա. Կողմերի և երրորդ կողմի փաստարկները

 

1. Կառավարությունը

 

64. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն եղել և չեն էլ վիճարկել, թե եղել են «անմիջական տուժողներ», և ոչ մի պատճառ չկա նրանց թույլ տալու դիմել իրենց որդու՝ պրն Կարեն Ղազարյանի անունից, որը ոչ թե անհայտ կորած անձ էր, այլ մեկը, ով պատիժը կրել էր այլ երկրում։ Մասնավորապես դիմումատուների որդին ավելի խոցելի իրավիճակում չի եղել, քան ցանկացած այլ անձ, որը ենթարկվել է քրեական հետապնդման և դատապարտվել, և նա ցանկացած փուլում կարող էր անձամբ դիմել Դատարան: Կառավարությունը նաև պնդել է, որ ըստ երևույթի՝ դիմումատուների և նրանց որդու միջև առկա է եղել շահերի բախում, քանի որ որևէ տեղ չի հիշատակվել այն մասին, որ պրն Կարեն Ղազարյանն իր ծնողներին խնդրել է իր անունից դիմել որևէ միջազգային կառույցի:

 

2. Դիմումատուները

 

65. 2018 թվականի օգոստոսի 14-ի իրենց գանգատում (ամսաթիվ, երբ իրենց որդին դեռ Ադրբեջանում էր) դիմումատուները պնդել են, որ իրենց որդին գտնվել է խոցելի վիճակում. նա գտնվել է Ադրբեջանական իշխանությունների համընդհանուր հսկողության ներքո՝ պահվելով հաղորդակցությունից զրկված պայմաններում՝ կապ չունենալով արտաքին աշխարհի հետ. նրա համար չեն ապահովվել մարդու իրավունքների երաշխիքները, քանի որ Ադրբեջանի իշխանությունները նրան համարել են ռազմագերի. նրան պահել են թշնամական և խտրական միջավայրում՝ պայմանավորված իր ազգային պատկանելիությամբ. իսկ իրավիճակը շարունակում էր մնալ նույնը։

66. Կարեն Ղազարյանի՝ Հայաստան տեղափոխվելուց հետո ներկայացված իրենց հետագա դիտարկումներում դիմումատուները պնդել են, որ վերը նշված՝ հաղորդակցությունից զերծ կալանքը տևել է 2018 թվականի հուլիսի 15-ից 2020 թվականի դեկտեմբերի 15-ը (Կարեն Ղազարյանի տեղափոխման օրը), և որ դա որոշիչ գործոն է եղել նրա խոցելիության և նրա անունից իրենց կողմից ներկայացված գանգատի հիմնավորվածության առումով:

67. Ինչ վերաբերում է Կառավարության փաստարկներին առ այն, որ դիմումատուներն իրենց որդու հետ շփվել են ԿԽՄԿ-ի միջոցով, ապա դիմումատուները պատասխանել են, որ այն ամբողջ ժամանակահատվածում, երբ իրենք կապի մեջ են եղել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հետ, վերջինս կտրականապես հրաժարվել է դիմումատուների և նրանց որդու միջև ցանկացած «իրավական գործընթացի» մասնակցելուց: ԿԽՄԿ-ի պաշտոնյաները շարունակաբար հայտարարել են, որ իրենց առաքելությունը կարող է տարածվել միայն «ընտանեկան հարցերի» վրա, և կտրականապես մերժել են դիմումատուների կրկնվող խնդրանքներն առ այն, որ Դատարանի գանգատի ձևն ուղարկվի պրն Կարեն Ղազարյանին՝ ստորագրման համար։ Հղում է կատարվել դիմումատուների և ԿԽՄԿ-ի միջև նամակագրությանը և հանդիպումներին:

68. Ավելին, դիմումատուները պնդել են, որ պրն Կարեն Ղազարյանի մտավոր հաշմանդամությունը ևս մեկ գործոն էր, որը Դատարանը պետք է հաշվի առներ որոշում կայացնելիս, թե արդյոք իրենց՝ որպես նրա ծնողների, պետք էր թույլատրել դիմելու նրա անունից, թե՝ ոչ։ Նրանք վկայակոչել են վերոհիշյալ փաստաթղթերը, որոնք պարունակում էին բժշկական առումով կարևոր տեղեկություններ, որոնք իրենք ներկայացրել էին Դատարան (տե՛ս, inter alia, վերևում՝ 5-րդ, 36-րդ, 37-րդ, 39-րդ և 40-րդ պարբերությունները): Նրանք հայտնել են, որ «Ավան» հոգեբուժական հաստատությունից դուրս գրվելուց ի վեր՝ նա Հայաստանում հաշմանդամության թոշակ է ստացել։ Դատարան իրենց գանգատը ներկայացնելուց հետո դիմումատուները փորձել են գործի հետ կապված հարցը Դատարանում բարձրացնել նրա հետ՝ պարզելու համար, թե արդյոք նա ցանկանում է ներկայացնել իր սեփական գանգատը, սակայն պրն Կարեն Ղազարյանը լիարժեք կերպով չի համագործակցել իրենց հետ, քանի որ նա կարծես չի կարողացել ընկալել և ճիշտ գնահատել իրականությունը։

69. Ելնելով վերը նշվածից՝ դիմումատուները խնդրել են, որ Դատարանը մերժի իրենց որդու անունից գանգատ ներկայացնելու իրենց իրավունքի վերաբերյալ Կառավարության առարկությունը:

 

3. Հայաստանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ

 

70. Հայաստանի կառավարությունը՝ որպես ներգրավված երրորդ կողմ, նշել է, որ վիճարկման ենթակա չէր այն փաստը, որ դիմումատուների որդին գտնվել է խոցելի վիճակում՝ հաշվի առնելով նրա ազգությունը, հոգեկան խնդիրները և ընդհանուր անմարդկային վերաբերմունքը, որը դրսևորվել էր նրա նկատմամբ, ներառյալ՝ նրա մեկուսացումը և իր ընտանիքի հետ շփման բացակայությունը։ Այսպիսով, Հայաստանի կառավարության կարծիքով պրն Կարեն Ղազարյանի ծնողների կողմից Դատարան գանգատ ներկայացնելը պետք է համարվի նաև որպես պատշաճ ներկայացում նրա անունից։

 

Բ. Դատարանի գնահատականը

 

71. Դատարանը նախ նկատում է, որ դիմումատուները 2018 թվականի օգոստոսի 14-ի Դատարան ներկայացված իրենց գանգատում (որը նրանք ներկայացրել են 2018 թվականի հուլիսի 17-ին Դատարանի կողմից նշված միջանկյալ միջոցից հետո. տե՛ս վերևում՝ 57-րդ պարբերությունը) ներկայացրել են իրենց որպես Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման զոհ՝ պայմանավորված այն հոգեկան տառապանքով և անհանգստությամբ, որ նրանք կրել են իրենց որդու՝ պրն Կարեն Ղազարյանի գերության հետ կապված։ Այդ ժամանակվանից նրանք պահպանել են այդ պահանջը: Ինչ վերաբերում է այդ բողոքին, ապա Կառավարության նախնական առարկությունը պետք է մերժվի, քանի որ այն վերաբերում է հենց դիմումատուներին պատկանող իրավունքներին։

72. Անդրադառնալով իրենց որդու իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ դիմումատուների ներկայացրած բողոքներին՝ դիմումատուները պնդել են, որ նա եղել է անմիջական տուժողը։ Դիմումատուները գործելու որևէ գրավոր լիազորություն չեն ներկայացրել. նրանք անշուշտ պնդել են, որ բացառիկ հանգամանքներն արդարացնում էին իրենց որդու անունից գանգատ ներկայացնելու իրենց իրավունքը:

73. Դատարանը վերահաստատում է, որ եթե գանգատը չի ներկայացվում անձամբ տուժողի կողմից, ապա, ըստ Դատարանի կանոնակարգի 45-րդ կանոնի 3-րդ կետի, գործելու համար պահանջվում է պատշաճ կերպով ստորագրված գրավոր լիազորություն: Շատ կարևոր է, որ ներկայացուցիչները ցույց տան, որ իրենք ստացել են կոնկրետ և հստակ հրահանգներ ենթադրյալ տուժողից, որի անունից նրանք մտադիր են գործել Դատարանում: Այնուամենայնիվ, Դատարանը վճռել է, որ ազգային իշխանությունների կողմից Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված ենթադրյալ խախտումից տուժողների առկայության դեպքում անհատների կողմից այդ տուժողների անունից ներկայացված գագատները կարող են ճանաչվել ընդունելի, նույնիսկ եթե չի ներկայացվել լիազորության պատշաճ ձև: Նման իրավիճակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տուժողների խոցելիությանը վերաբերող գործոններին, որոնց պատճառով նրանք չեն կարողացել բողոք ներկայացնել Դատարան. պատշաճ ուշադրություն է դարձվել նաև գանգատ ներկայացնող անձի և տուժողի միջև կապերին (տե՛ս Հ.Ֆ.-ն և այլք ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [H.F. and Others v. France [GC]], թիվ 24384/19 և թիվ 44234/20, § 149, 2022 թվականի սեպտեմբերի 14)։

74. Ընդհանուր առմամբ երրորդ անձը կարող է բացառիկ հանգամանքներում գործել խոցելի անձի անունից և ի շահ նրա՝ առանց պատշաճ կերպով ստորագրված՝ գործելու գրավոր լիազորության, եթե բավարարված են հետևյալ երկու հիմնական չափորոշիչները. անմիջական տուժողի՝ իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունից զրկվելու վտանգը և տուժողի ու դիմումատուի միջև շահերի բախման բացակայությունը (տե՛ս Լամբերտը և այլք ընդդեմ Ֆրանսիայի [Lambert and Others v. France] ([GC] [ՄՊ], թիվ 46043/14, § 102, ՄԻԵԴ 2015 (քաղվածքներ))։

75. Դատարանը վճռել է, որ այն գործոնների ցանկը, որոնք կարող են անձին խոցելի դարձնել, որոնք թվարկված են Լամբերտը և այլք գործում (վերևում հիշատակված, § 92) «նրա տարիքի, սեռի կամ հաշմանդամության հետ կապված», սպառիչ չէ: Անհատները կարող են խոցելի համարվել բազմաթիվ այլ գործոնների պատճառով, ինչպիսին օրինակ՝ նրանց անունից Դատարան ներկայացված բողոքի բուն բնույթն է (տե՛ս Ն.-ն և Մ.-ն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) [N. and M. v. Russia (dec.)], թիվ 39496/14 և թիվ 39727/14, 2016 թվականի ապրիլի 26)։

76. Դիմումատուները պնդել են, որ իրենց որդին խոցելի էր, առաջին հերթին, այն պատճառով, որ նա կալանքի տակ է պահվել լիակատար մեկուսացման պայմաններում, և երկրորդ՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Դատարանն ընդունում է, որ հաղորդակցումից զերծ կալանավորված անձը կարող է համարվել որպես խոցելի անձ, որը գտնվում է Կոնվենցիայով նախատեսված իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունից զրկվելու վտանգի տակ, և որ նույնը կարող է լինել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի դեպքում: Դատարանը նաև համարում է, որ եթե այս երկու գործոններն էլ առկա են և կիրառվում են միևնույն ժամանակ, գուցե և անհրաժեշտ լինի դրանք դիտարկել որպես ամբողջություն՝ որոշելու համար, թե արդյոք տվյալ անձը գտնվում է Կոնվենցիայով սահմանված իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունից զրկվելու վտանգի տակ, թե՝ ոչ։

77. Ինչ վերաբերում է արտաքին աշխարհի հետ պրն Կարեն Ղազարյանի շփման սահմանափակումներին (որոնք ընդունում է պատասխանող Կառավարությունը. տե՛ս վերևում՝ 49-րդ պարբերությունը), ապա Դատարանը նշում է, որ նա չի կալանավորվել լիակատար մեկուսացման պայմաններում (տե՛ս նաև ստորև՝ 132-րդ պարբերությունը): Դիմումատուների կողմից չի վիճարկվել նաև այն, որ ԿԽՄԿ-ն առնվազն մի քանի անգամ այցելել է նրան և փորձել իրենց կողմից ուղարկված նամակներ փոխանցել նրան (տես վերևում՝12-րդ և 51-րդ պարբերությունները):

78. Միևնույն ժամանակ, դիմումատուները երբևէ որևէ պատասխան չեն ստացել իրենց որդուն ուղղված նամակներին, և նա հրաժարվել է բացել իրենց նամակները (տե՛ս, inter alia, վերևում՝ 13-րդ, 25-րդ և 28-րդ պարբերությունները), իսկ դիմումատուները նշել են, որ երբ իրենք Դատարան գանգատ ներկայացնելու ընթացակարգին վերաբերող հարցեր են բարձրացրել, ԿԽՄԿ-ն մերժել է իրենց պահանջները (տե՛ս վերևում՝ 67-րդ պարբերությունը): Դատարանում նրանք փաստաթղթերով ներկայացրել են ԿԽՄԿ-ի հետ նամակագրությունը, որում նրանք, inter alia, պահանջում էին պրն Կարեն Ղազարյանին տրամադրել լիազորագրի ձևեր, որպեսզի նա կարողանար իրենց լիազորել իր անունից գագատ ներկայացնել:

79. Դատարանը համարում է, որ գործի մեջ դիմումատուները բավականին ակնհայտ ցույց են տվել, որ պրն Կարեն Ղազարյանը չի կարողացել իր ներդրումն ունենալ Դատարանին գանգատը ներկայացնելու գործում: Դատարանը մինչև բողոքարկվող հարցերը նախևառաջ հաշվի է առնում նրա մտավոր և վարքագծային խանգարումների պատմության մասին տրամադրված տեղեկությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում էին դիմումատուների կողմից իրենց որդու՝ դեղամիջոցներն ընդունելու հարցով զբաղվելը՝ դրանք նրա սննդի մեջ խառնելով (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը)։ Երկրորդ, ինչ վերաբերում է նրա կալանքի տակ և բանտարկության մեջ գտնվելու ժամանակահատվածում տիրող իրավիճակին, ապա Դատարանն ի գիտություն է ընդունում դիմումատուների՝ մասնավորապես ԿԽՄԿ-ի միջոցով նրա աջակցությունն ստանալու անհաջող փորձերը (տե՛ս, inter alia, վերևում՝ 78-րդ պարբերությունը): Այն նաև ի գիտություն է ընդունում այդ ժամանակահատվածում պրն Կարեն Ղազարյանի հոգեկան առողջության մասին տեղեկությունները (տե՛ս, մասնավորապես, վերևում՝ 29-րդ, 53-րդ և 54-րդ պարբերությունները): Դատարանը նկատում է, որ թեև կարող է թվալ, որ այն ժամանակ ներկայացված եզրակացություններն իրենց եզրահանգումների մասով ամբողջությամբ չեն արտացոլում պրն Կարեն Ղազարյանի հոգեկան առողջության խանգարման լրջությունը, նրա ախտանիշների նկարագրությունները նման են հայրենադարձությունից հետո ներկայացված եզրակացություններին (տե՛ս նաև ստորև՝ 127-րդ պարբերությունը): Դատարանը չի կարող չնկատել, որ դեռևս պրն Կարեն Ղազարյանի անազատության մեջ եղած ժամանակահատվածի եզրակացություններում նկարագրված ախտանիշներ ունեցող անձն առաջին հայացքից թերևս ի վիճակի չէր լինի գանգատ ներկայացնելու Դատարան։ Երրորդ, հայրենադարձությունից հետո պրն Կարեն Ղազարյանը տառապել է հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներով, ինչը երևում է ներկայացված բժշկական փաստաթղթերից (տե՛ս, inter alia , վերևում՝ 36-րդ և 40-րդ պարբերությունները):

80. Դատարանն ընդհանուր առմամբ գտնում է, որ պրն Կարեն Ղազարյանի հոգեկան առողջության լուրջ խնդիրների և կալանքի տակ գտնվելու և ազատազրկման ժամանակ նրա վիճակի կումուլյատիվ ազդեցությունը հանգեցրել է խոցելիության, ինչը նրան զրկել է Դատարան բողոք ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս վերևում՝ 73-րդ պարբերությունը)՝ հաշվի առնելով մասնավորապես սույն գործի հանգամանքները։ Հստակ չէ, թե արդյոք պրն Կարեն Ղազարյանը հնարավորություն ուներ իր անունից Դատարան գանգատ ներկայացնելու համար դիմելու դիմումատուներին, ստորագրելու Դատարան գանգատ ներկայացնելը թույլատրող լիազորագիր կամ անձամբ գանգատ ներկայացնելու Դատարան։ Հաշվի առնելով այդ հանգամանքները՝ Դատարանը վտանգ է տեսնում, որ պրն Կարեն Ղազարյանը կզրկվի իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունից, եթե դիմումատուներին թույլ չտրվի նրա փոխարեն գանգատ ներկայացնել։

81. Հաշվի առնելով վերը նշվածը՝ Դատարանն ի վերջո սույն գործում տեսնում է բացառիկ հանգամանքներ, որոնք դիմումատուներին թույլ կտան հանդես գալ իրենց որդու՝ պրն Կարեն Ղազարյանի անունից և ի շահ նրա։ Հետևաբար այն եզրակացնում է, որ դիմումատուներն իրավունք ունեն գանգատ ներկայացնելու նրա անունից:

82. Այստեղից հետևում է, որ Կառավարության առարկությունը, որ գանգատը ratione personae (իրավախախտման սուբյեկտի առումով) անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ՝ համաձայն 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի, և նրա պնդումը, որ գանգատը պետք է մերժվի՝ համաձայն 35-րդ հոդվածի 4-րդ կետի, չեն կարող բավարարվել:

83. Այնուամենայնիվ, Դատարանը հիմք է գտնում նշելու, որ սույն գործը ցույց է տալիս այն կանոնի ներհատուկ հատկանիշը, որ հենց նա է խախտման զոհը, և որ հենց նա պետք է դիմի Դատարան, մասնավորապես, որ գործի նյութերում պրն Կարեն Ղազարյանի կողմից տրամադրված տեղեկությունները շատ սահմանափակ են, բացառությամբ նրա, ինչ Կառավարությունը պնդում է, որ արտացոլված է իր ներկայացրած փաստաթղթերում (որոնց վավերությունը դիմումատուները վիճարկում են): Իսկապես, դիմումատուները հենց իրենք են իրենց դիտարկումներում ընդունել, օրինակ, որ «շատ քիչ բան է հայտնի [այն մասին], թե ինչպես է ընթացել դատավարությունը...» այն ժամանակից հետո, երբ պրն Կարեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել:

84. Դատարանը տեղյակ է, որ դիմումատուների սահմանափակ հասանելիությունը տեղեկություններին կարող էր նրանց համար առանձնահատուկ դժվարություններ ստեղծել՝ պրն Կարեն Ղազարյանին պատկանող փոխանցման ոչ ենթակա իրավունքների հետ կապված բողոքներ ներկայացնելիս, որոնց մասով նրա անձնական փորձը կարևոր նշանակություն ունի։ Այնուամենայնիվ, Դատարանի գնահատմամբ այն պետք է ընթանա սովորական պահանջի հիման վրա, որ դիմումատուները պետք է հիմնավորեն իրենց բողոքներն այնքանով, որքանով պահանջվում է՝ ըստ ապացուցման բեռին առնչվող սկզբունքների, որոնք տարածվում են տարբեր բողոքների վրա: Մասնավորապես այն հանգամանքներում, երբ այդ սկզբունքները հիմք չեն տալիս ապացուցման բեռը պատասխանող Կառավարությանը փոխանցելու համար, և դիմումատուները չեն կարողանում հիմնավորել իրենց բողոքները, այդ բողոքները կարող են համարվել ակնհայտ անհիմն՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

85. Դիմումատուները բողոքել են, որ իրենց որդու կալանքը մի քանի կետերով հանգեցրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտումների, որի համապատասխան մասերը շարադրված են հետևյալ կերպ՝

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել ազատությունից այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

...

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,

...

3. Սույն հոդվածի 1–ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ դատաքննության ընթացքում ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով։

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է։

...»։

 

Ա. Ընդունելիությունը

 

86. Դատարանը նշում է, որ այս բողոքները ո՛չ ակնհայտ անհիմն են, ո՛չ էլ անընդունելի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի և երրորդ կողմի փաստարկները

 

ա) Դիմումատուները

87. Դիմումատուները պնդել են, որ պրն Կարեն Ղազարյանը ձերբակալվել է 2018 թվականի հուլիսի 15-ին՝ իրավախախտում կատարելու կասկածանքով, և որ ներպետական օրենսդրության այն դրույթը, ըստ որի կասկածյալի ձերբակալությունը նախքան նրան դատարան բերելը չպետք է գերազանցի քառասունութ ժամը, անտեսվել էր՝ նախնական կալանքը դարձնելով անօրինական՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով:

88. Ավելին, դիմումատուները պնդել են, որ մինչև դատաքննությունը պրն Կարեն Ղազարյանը պահվել է կալանքի տակ՝ առանց որևէ հստակ կանոնների, որոնք կկարգավորեին առավելագույն ժամկետը, որի ընթացքում կասկածյալը կարող էր կալանքի տակ պահվել մինչև դատաքննությունը: Դիմումատուներին թվում էր, որ համապատասխան ներպետական կարգավորումը նախատեսում էր, որ կալանքը սահմանող նախնական որոշումն ինքնաբերաբար կերկարաձգվի, եթե քրեական վարույթը մտներ դատաքննության փուլ՝ կանոն, որը, ըստ նրանց, հակասում էր Դատարանի նախադեպային իրավունքին: Ներպետական քրեական դատավարության օրենսգիրքը չէր նախատեսում որևէ երաշխիք մինչդատական վարույթում անժամկետ կալանքի մասով, և այն փաստը, որ պրն Կարեն Ղազարյանը մնացել էր կալանքի տակ՝ առանց դրա տևողության վերաբերյալ հստակ տեսակետների և ժամկետների, անհամատեղելի էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետում արտացոլված իրավական որոշակիության սկզբունքի հետ։

89. Ըստ դիմումատուների՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի լրացուցիչ խախտում է տեղի ունեցել այն առումով, որ պրն Կարեն Ղազարյանին ներկայացրել են դատավորին միայն վեց օր հետո, ինչը, ըստ նրանց, կատարվել է «անհապաղության» պահանջի խախտմամբ:

90. Ավելին, դիմումատուները պնդել են, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում, քանի որ որոշում էր կայացվել պրն Կարեն Ղազարյանին կալանավորելու չորս ամիս ժամկետով. ժամկետ, որը նրանց պնդմամբ չափից ավելին էր, և որը չէր երաշխավորում, որ պրն Կարեն Ղազարյանի գործը կանոնավոր կերպով հետագայում վերանայվելու էր։ Իսկապես, մինչև 2019 թվականի փետրվարի 27-ի դատավճիռը (Ղազախի շրջանային դատարանի 2018 թվականի հուլիսի 21-ի որոշումից յոթ ամիս և վեց օր անց, որ Կարեն Ղազարյանը չորս ամիս ժամկետով նախնական կալանքի տակ է պահվել) հետագա դատական վերանայում չի եղել: Դիմումատուները նաև պնդել են, որ պրն Կարեն Ղազարյանը զրկված է եղել արդյունավետ իրավական օգնությունից և կալանքի հետ կապված վարույթների այլ պատշաճ ընթացակարգային իրավունքներից, և որ Կառավարության հակառակ փաստարկները չեն կարող ապացույց համարվել, մասնավորապես, քանի որ նրանք չեն ներկայացրել կալանավորման հետ կապված լսման արձանագրության պատճենը։

 

բ) Կառավարությունը

91. Կառավարությունը ներկայացրել է, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ 2018 թվականի հուլիսի 15-ին զորամասի հրամանատարի տեղակալի հրամանով հինգ օրով կարգապահական կալանք է նշանակվել։ Նրան հայտնաբերել և բերման են ենթարկել զինված ուժերի անդամները, և նրա ինքնությունը և հնարավոր կապը պլանավորված դիվերսիոն գործողությունների հետ ստուգելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներից հետո նրան հանձնել են քննչական մարմիններին։ Հաշվի առնելով, որ այդ միջոցառումներն իրականացնելու համար ժամանակ և միջոցներ էին անհրաժեշտ, պրն Կարեն Ղազարյանը պաշտոնապես կալանավորվել էր 2018 թվականի հուլիսի 19-ին։ Այդ օրը Զինվորական դատախազությունը քրեական գործով քննություն էր սկսել. երկու օր անց (2018 թվականի հուլիսի 21-ին) պրն Կարեն Ղազարյանը ներկայացվել էր Շրջանային դատարան՝ ներպետական իրավունքի պահանջներին համապատասխան խափանման միջոցները որոշելու համար։

92. Կառավարությունն ընդգծել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված «անհապաղության» պահանջը նախ և առաջ պետք է գնահատվեր տվյալ երկրում գործող օրենսդրական դրույթների լույսի ներքո: Տվյալ դեպքում ներպետական իշխանությունների գործողությունները լիովին համապատասխանել են ներպետական օրենսդրությանը։

93. Ավելին, Կառավարությունը պնդել է, որ պրն Կարեն Ղազարյանը ներկա է գտնվել իր կալանքի հետ կապված լսմանը, և նրան հնարավորություն է տրվել արտահայտելու իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։ Ղազախի շրջանային դատարանն իր որոշման մեջ հաշվի է առել «հիմնավոր կասկածի» առկայությունը, որ պրն Կարեն Ղազարյանը կատարել է ապօրինի արարք, և հավանականությունը, որ նա կարող է փախչել կամ կատարել այլ ապօրինի արարքներ։ Գործն առանձնահատուկ բնույթ է ունեցել, և շատ գործոններ կարող էին խոչընդոտել գործի արդյունավետ քննությունը, եթե պրն Կարեն Ղազարյանը չկալանավորվեր։

94. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետին, ապա Կառավարությունը պնդել է, որ պրն Կարեն Ղազարյանին ընձեռվել են բոլոր իրավունքներն ու իր կալանքի օրինականությունը վիճարկելու հնարավորություններ, այդ թվում՝ Շրջանային դատարանի որոշման դեմ Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու միջոցով. հնարավորություն, որից նա չէր օգտվել։ Նրան տրամադրվել են համապատասխան փաստաթղթերի հայերեն թարգմանությունները, և դատական նիստի արձանագրություններից երևում է, որ նա իր անունից փաստեր ներկայացնելու հնարավորություն է ստացել։ Կառավարությունը նաև ընդգծել է, որ նրան տրամադրվել է իրավաբանական օգնություն և թարգմանիչ, և որ նաև երբևէ չի վիճարկել նրանց ձեռնահաս լինելը և չի խնդրել փոխարինել նրանց։ Կառավարությունն ընդգծել է, որ պրն Կարեն Ղազարյանը ոչ միայն նախընտրել է չառարկել իր կալանքի դեմ, այլ նաև ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները։

 

գ) Հայաստանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ

95. Հայաստանի կառավարությունը՝ որպես ներգրավված երրորդ կողմ, հայտարարել է, որ համաձայն է դիմումատուների կողմից ներկայացված փաստարկների հետ և պաշտպանում է նրանց բողոքները: Այն այնուհետև նշել է, որ դիմումատուների որդին՝ պրն Կարեն Ղազարյանը, կամայականորեն կալանավորվել է և զրկվել որևէ կոնվենցիոն երաշխիքից, ինչը հանգեցրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի խախտման:

 

2. Դատարանի գնահատականը

 

ա) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետ

96. Դատարանը նկատում է, որ դիմումատուները հիմք են ընդունել այն ենթադրությունը, որ պրն Կարեն Ղազարյանը կալանավորվել է 2018 թվականի հուլիսի 15-ին՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի իմաստով իրավախախտում կատարելու կասկածանքով իրեն համապատասխան օրինական մարմին ներկայացնելու նպատակով, մինչդեռ Կառավարությունը նշել է, որ պրն Կարեն Ղազարյանին «կարգապահական կալանքի» վերցնելու մասին հրաման տրվել է 2018 թվականի հուլիսի 15-ին, և որ նա կալանավորվել է 2018 թվականի հուլիսի 19-ին՝ այդ օրն սկսված քննության հիման վրա։

97. Ուսումնասիրելով Կառավարության ներկայացրած փաստաթղթերը՝ Դատարանն ի սկզբանե նշում է, որ դրանք պարունակում են «կարգապահական կալանքի» վերաբերյալ հակասական հայտարարություններ։ Անվիճելի է, որ պրն Կարեն Ղազարյանը բերման է ենթարկվել 2018 թվականի հուլիսի 15-ի առավոտյան ժամը 7-ի սահմաններում։ Նույն օրը ժամը 22:30-ին արձակված ձերբակալման մասին հրամանում նշված էր «ձերբակալության [պ]ատճառը»՝ «պետական սահմանի խախտում»։ Այնուամենայնիվ, 2018 թվականի հուլիսի 21-ի՝ նախնական կալանք նշանակելու մասին որոշման մեջ (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը) նշված էր, որ պրն Կարեն Ղազարյանը գյուղում բերման է ենթարկվել առավոտյան ժամը 7-ին՝ «հանցագործության փորձ կատարելու հիմքով»։ Արդարադատության գեներալ-մայորի (դատախազի տեղակալի) կողմից 2018 թվականի հոկտեմբերի 11-ին պրն Կարեն Ղազարյանի դեմ ներկայացված մեղադրական եզրակացության մեջ, որը կազմվել էր նախորդ օրը, ասվում էր, որ նա «կալանավորվել է» 2018 թվականի հուլիսի 15-ին, առավոտյան ժամը 7-ի սահմաններում, Քեմերլի գյուղի «Բալաքենդ»-ի շրջանում՝ «ադրբեջանական բանակի ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում, .... ահաբեկչության և ազգային ատելության ու թշնամանքի շարժառիթով երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանության փորձ կատարելու», ինչպես նաև մի շարք այլ ծանր հանցագործություններ կատարելու համար:

98. Այնուամենայնիվ, Դատարանը կշարունակի, ինչպես և դիմումատուները, համարել, որ պրն Կարեն Ղազարյանին մինչև 2018 թվականի հուլիսի 19-ը «կարգապահական կալանքի» պահելու նպատակի (և այդ օրվանից նրան ազատությունից զրկելու) վրա կարող էր տարածվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը։

99. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը, ինչպես նաև այդ դրույթի մյուս ենթակետերը, պահանջում են օրինականություն: Համաձայն Դատարանի կողմից սահմանված նախադեպային իրավունքի՝ 5-րդ հոդվածով նախատեսված «օրինականության» պահանջը չի բավարարվում զուտ վերաբերելի ներպետական իրավունքի համապատասխանությամբ. ներպետական իրավունքն ինքնին պետք է համապատասխանի Կոնվենցիային, ներառյալ՝ դրանում արտահայտված կամ ենթադրվող ընդհանուր սկզբունքները, մասնավորապես՝ օրենքի գերակայության սկզբունքը, որը հստակ նշված է Կոնվենցիայի Նախաբանում: «Օրենքով սահմանված կարգով» արտահայտության հիմքում ընկած հասկացությունը պահանջում է ներպետական իրավունքի համաձայն համապատասխան իրավական պաշտպանության և «արդար և պատշաճ ընթացակարգերի» առկայությունը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Պլեսոն ընդդեմ Հունգարիայի [Plesց v. Hungary], թիվ 41242/08, § 59, 2012 թվականի հոկտեմբերի 2, և Ուինթերվերփն ընդդեմ Նիդեռլանդների [Winterwerp v. the Netherlands], 1979 թվականի հոկտեմբերի 24, § 45, շարք Ա, թիվ 33)։

100. Ինչ վերաբերում է այս գործով կալանքը «օրինական» և «օրենքով սահմանված կարգով» լինելուն, ապա դիմումատուները նախ պնդել են, որ կալանավորված անձանց դատարան ներկայացնելու համար եղել է քառասունութ ժամյա ժամկետ (ինչպես սահմանված է Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 3-րդ կետում), որը չի պահպանվել։ Դատարանը գտնում է, որ բողոքի այս մասին սկզբունքորեն ավելի նպատակահարմար է անդրադառնալ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի տեսանկյունից, և որ Դատարանը դրան կանդրադառնա ստորև (տե՛ս 104-106-րդ պարբերությունները):

101. Երկրորդ, դիմումատուները պնդել են, որ ներպետական իրավունքի համաձայն՝ չկային հստակ կանոններ, որոնք կարգավորում էին այն ժամանակահատվածը, որի ընթացքում անձը կարող էր կալանքի տակ մնալ մինչև դատաքննությունը, և որ այն կանոնները, որոնք, թվում էր՝ գործում էին, մասնավորապես՝ Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ կետը, փաստացի սահմանում էր, որ կալանքը պետք է ավտոմատ կերպով երկարաձգվեր այն դեպքում, երբ գործն ուղարկվում էր դատաքննության՝ առանց անժամկետ կալանքի տակ մնալու դեմ որևէ երաշխիքի: Կառավարությունը պատասխանել է այդ փաստարկին՝ նշելով, որ ներպետական իշխանությունների գործողությունները լիովին համապատասխան են եղել նշված ներպետական օրենսդրությանը: Դատարանը նշում է, որ ուսումնասիրել է ներպետական օրենսդրությունը, որն ակնհայտորեն ձևակերպված է նույն կերպ, ինչպես որ կիրառվել է սույն գործում, Պողոսյանն ընդդեմ Հայաստանի գործում (թիվ 44068/07, §§ 56-64, 2011 թվականի դեկտեմբերի 20), և եզրակացրել, որ այդ գործով խնդրո առարկա հանդիսացող կալանավորումը եղել է անօրինական։

102. Հաշվի առնելով սույն գործի հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ ոչ մի պարագայում չի երևում, որ պրն Կարեն Ղազարյանը պատշաճ կերպով պաշտպանված է եղել կամայական կալանքից, քանի որ՝ i) Կառավարությունը Դատարանին չի տրամադրել որևէ տեղեկություն, որը նրան թույլ կտար ստուգել նրա՝ 2018 թվականի հուլիսի 15-ից 19-ը «կարգապահական կալանքի» մասով «օրինականության» պահանջը, և ii) թեև 2018 թվականի հուլիսի 21-ին նրա նախնական կալանքը սահմանվել է չորս ամիս ժամկետով (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը), պրն Կարեն Ղազարյանն այդ չորս ամիսներից հետո շարունակել է մնալ կալանքի տակ՝ առանց երկարաձգման համար կայացված որևէ որոշման կամ մինչև 2019 թվականի փետրվարի 27-ին նրա դատապարտումը նրա կալանքի վերաբերյալ կայացված այլ որոշումների (տե՛ս վերևում՝ 30-րդ և 46-րդ պարբերությունները): Թեև Կառավարությունն ընդգծել է, որ նա կարող էր բողոքարկել Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված կալանքի մասին որոշումը, Դատարանին չեն տեղեկացրել որևէ ընթացակարգի մասին, որին պրն Կարեն Ղազարյանն ընդհանուր առմամբ կարող էր դիմել քառամսյա ժամկետի ավարտից հետո։

103. Հաշվի առնելով սույն գործի հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ վերը նշված գործոնները բավարար են եզրակացնելու, որ պրն Կարեն Ղազարյանի կալանքը չի ապահովվել համապատասխան իրավական երաշխիքներով, և համապատասխանաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ դրանով սահմանված «օրինականության» պահանջը չբավարարելու մասով:

 

բ) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետ

104. Քանի որ Դատարանն ընդունել է Կառավարության փաստարկն առ այն, որ պրն Կարեն Ղազարյանի ձերբակալությունը կատարվել է 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նշված նպատակներով, դրանից հետևում է, որ նա օգտվել է 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ դատավորին կամ դատական իշխանություն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ ծառայողի անհապաղ ներկայացվելու իրավունքից։

105. Ինչ վերաբերում է «անհապաղ» բառի ընդհանուր մեկնաբանությանը, ապա Դատարանը մի քանի առիթներով նշել է, որ չորս օրից ավելի սահմանված ցանկացած ժամկետ prima facie (առերևույթ) չափազանց երկար է (տե՛ս, օրինակ, Օրալն ու Աթաբեյն ընդդեմ Թուրքիայի [Oral and Atabay v. Turkey], թիվ 39686/02, § 43, 2009 թվականի հունիսի 23, ՄըքՔեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [McKay v. the United Kingdom [GC]], թիվ 543/03, § 47, ՄԻԵԴ 2006-X, և Նաստասե Սիլիվեստրուն ընդդեմ Ռումինիայի [Năstase-Silivestru v. Romania], թիվ 74785/01, § 32, 2007 թվականի հոկտեմբերի 4)։ Սույն գործով Կառավարությունը չի վիճարկել, որ մինչև Ղազախի շրջանային դատարան բերվելը պրն Կարեն Ղազարյանը վեց օր պահվել է, և Դատարանը չի համարում, որ Կառավարության կողմից ներկայացված հիմքերը (այսինքն՝ Կարեն Ղազարյանին հարցաքննելու և նրա ինքնությունը ստուգելու ենթադրյալ անհրաժեշտությունը) կարող էին արդարացնել այդ ժամանակահատվածի երկարությունը։ Այն ընդգծում է, որ այն էական չի համարում, թե արդյոք ներպետական իրավունքի համաձայն պետք է կիրառվեին տարբեր (սահմանված) ընթացակարգեր՝ կապված 2018 թվականի հուլիսի 15-ին նշանակված «կարգապահական կալանքի» և 2018 թվականի հուլիսի 19-ի՝ Կառավարության կողմից որպես «պաշտոնական ձերբակալություն» որակումների հետ։ Բացի այդ, հաշվի առնելով այս հանգամանքները, Դատարանը վճռորոշ չի համարում այն հարցը, թե արդյոք վեցօրյա ժամկետը համապատասխանել է ներպետական իրավունքին, թե՝ ոչ. մի հարց, որի հետ կապված կողմերն ունեն անհամաձայնություն (տե՛ս վերևում՝ 87-րդ և 92-րդ պարբերությունները):

106. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում այն հիմքով, որ պրն Կարեն Ղազարյանն «անհապաղ» չի ներկայացվել դատավորին կամ դատական իշխանություն իրականացնելու համար օրենքով լիազորված մեկ այլ պաշտոնյայի:

 

գ) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետ

107. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի մասով Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է դիմումատուների պնդումն առ այն, որ գործը դատաքննության ուղարկելուց հետո հետագա վերանայումներ չեն եղել, և գտել է, որ հետագայում իրականացվող ցանկացած այդպիսի վերանայման մատչելիության բացակայությունն այն պատճառներից մեկն էր, թե ինչու պրն Կարեն Ղազարյանի կալանքը չէր կարող համարվել 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված օրինականության չափորոշիչներին համապատասխանող (տե՛ս վերևում՝ 102-րդ պարբերությունը): Դատարանը չի վերագնահատի այս հարցը՝ 5-րդ հոդվածի 4-րդ կետի տեսանկյունից:

108. Ինչ վերաբերում է պրն Կարեն Ղազարյանի կալանքի սկզբնական ժամկետին, ապա Դատարանը նշում է, որ չի վիճարկվում, որ Ղազախի շրջանային դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 21-ի որոշումը ենթակա էր բողոքարկման։ Դատարանին այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն չի տրամադրվել, և այն գտնում է, որ հիմքեր չունի համարելու, որ Վերաքննիչ դատարան բողոքարկելը սկզբունքորեն չէր համարվի իրավական պաշտպանության մի միջոց, որը կբավարարեր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները (տե՛ս, օրինակ, ՄըքԳոֆն ընդդեմ Շվեդիայի [McGoff v. Sweden], 1984 թվականի հոկտեմբերի 26, § 28, շարք Ա, թիվ 83): Գործի վերաբերյալ բավարար տեղեկություններ չկան, որպեսզի Դատարանը եզրակացություններ անի պրն Կարեն Ղազարյանի կողմից նման վերաքննիչ բողոք ներկայացնելու գործնական հնարավորության վերաբերյալ։

109. Վերոնշյալի լույսի ներքո՝ Դատարանը չի գտնում, որ հաստատվել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի առանձին խախտում:

 

III. պրն Կարեն Ղազարյանի նկատմամբ թույլ Տրված՝ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄները

 

110. Դիմումատուները բողոքել են, որ պրն Կարեն Ղազարյանը, ելնելով Ադրբեջանում իրեն բռնելու, իր կալանավորման և դատաքննության հետ կապված հանգամանքներից, հայտնվել էր կյանքի համար վտանգ ներկայացնող իրավիճակում (հակասելով իր կյանքի իրավունքին, որը նախատեսված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով), և արժանացել է 3-րդ հոդվածով սահմանված վերաբերմունքին հակասող վերաբերմունքի: Այդ երկու դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.

 

Հոդված 2

 

«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով։ Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:

2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝

ա. ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,

բ. օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,

գ. խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:»

 

Հոդված 3

 

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:»:

 

Ա. Ընդունելիությունը

 

111. Դատարանը նշում է, որ դիմումատուները Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն հանդես են եկել համատեղ պնդումներով և վիճարկել, որ ընդհանուր առմամբ այն իրավիճակը, որում հայտնվել էր պրն Կարեն Ղազարյանն Ադրբեջանում ազատազրկման մեջ գտնվելու ընթացքում, նշանակում էր, որ նրա կյանքը դրվել էր իրական և անմիջական վտանգի տակ։ Դատարանը գտնում է, որ թեև Կառավարությունը կոնկրետ առարկություն չի ներկայացրել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի առնչությամբ ներկայացված բողոքի ընդունելիության վերաբերյալ, այնուամենայնիվ, այն պետք է իր նախաձեռնությամբ քննության առնի, թե արդյոք գործի փաստերն այդ դրույթի շրջանակներում են՝ հաշվի առնելով, որ այն ratione materiae (առարկայական առումով) գտնվում է իր սեփական իրավազորության սահմաններում (տե՛ս, օրինակ, Բլեշիկն ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Blečić v. Croatia [GC]], թիվ 59532/00, § 67, ՄԻԵԴ 2006-III)։

112. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն կյանքի իրավունքի վերաբերյալ ընդհանուր սկզբունքները, ի թիվս բազմաթիվ այլ վճիռների, կարելի է գտնել Սալմանն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Salman v. Turkey [GC]], թիվ 21986/93 գործում, §§ 97-100, ՄԻԵԴ 2000-VII, և Ակթաշն ընդդեմ Թուրքիայի [Aktaş v. Turkey], թիվ 24351/94 գործում, §§ 289-291, 2003 թվականի ապրիլի 24։ Ընդհանուր սկզբունքները, որոնք վերաբերում են արդյունավետ պաշտոնական քննության պահանջին, երբ ինչ-որ մեկը մահացել է կասկածելի հանգամանքներում, կարելի է գտնել, օրինակ, Յորգան ընդդեմ Մոլդովայի [Iorga v. Moldova], թիվ 12219/05 գործում, § 26, 2010 թվականի մարտի 23, հետագա հղումների հետ միասին, Շիլիհն ընդդեմ Սլովենիայի [ՄՊ] [Šilih v. Slovenia [GC]], թիվ 71463/01 գործում, §§ 154 և 158, 2009 թվականի ապրիլի 9, և Թահսին Ակարն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Tahsin Acar v. Turkey [GC]], թիվ 26307/95 գործում, §§ 221-223 և 225, ՄԻԵԴ 2004‑III, հետագա հղումների հետ միասին։ Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածը կիրառվում է նաև այն իրավիճակներում, երբ շահագրգիռ անձը եղել է այնպիսի գործունեության կամ վարքագծի (պետական կամ մասնավոր) զոհ, որն իր բնույթով իրական և անմիջական վտանգի տակ է դրել նրա կյանքը, և նա ստացել է վնասվածքներ, որոնք կյանքին վտանգ են ներկայացրել դրանք ստանալու պահին, նույնիսկ եթե նա, այնուամենայնիվ, ողջ է մնացել (տե՛ս, օրինակ, Մակարացիսն ընդդեմ Հունաստանի [ՄՊ] [Makaratzis v. Greece [GC]], թիվ 50385/99, §§ 49 և 54, ՄԻԵԴ 2004-XI, Թերշանան ընդդեմ Ալբանիայի [Tսrshana v. Albania], թիվ 48756/14, § 132, 2020 թվականի օգոստոսի 4, և Խոջոյանն ու Վարդազարյանն ընդդեմ Ադրբեջանի [Khojoyan and Vardazaryan v. Azerbaijan], թիվ 62161/14, § 34, 2011 թվականի նոյեմբերի 4)։

113. Դատարանը սույն գործի առնչությամբ նկատում է, որ այն չի վերաբերում կալանքի տակ պահվելու ընթացքում կամ դրանից հետո վրա հասած մահվանը: Ավելին, թեև Դատարանը նշել է դիմումատուների կողմից ներկայացված բժշկական եզրակացությունը (այսինքն՝ 2020 թվականի դեկտեմբերի 16-ի եզրակացությունը՝ նրա՝ Հայաստան վերադառնալուց մեկ օր անց), որտեղ ասվում էր, որ պրն Կարեն Ղազարյանն իր հոգեկան ծանր վիճակի պատճառով վտանգ է ներկայացնում իր սեփական առողջության և կյանքի համար (տե՛ս վերևում՝ 36-րդ պարբերությունը), Դատարանը գտնում է, որ ո՛չ այդ եզրակացությունը, ո՛չ էլ ներկայացված որևէ այլ բժշկական փաստաթուղթ հիմք չի տալիս համարելու, որ Ադրբեջանում ազատությունից զրկված լինելու ընթացքում նրա կյանքն իրական և անմիջական վտանգի տակ է եղել, և որ նա ստացել է վնասվածքներ, որոնք նրա կյանքի համար վտանգ են ներկայացրել:

114. Դրանից հետևում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը կիրառելի չէ գործի փաստերի նկատմամբ, և որ այդ դրույթի համաձայն ներկայացված բողոքը պետք է հայտարարվի անընդունելի՝ 2-րդ հոդվածի հետ ratione materiae անհամատեղելիության պատճառով՝ 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետին և 4-րդ կետին համապատասխան:

115. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքին, ապա Դատարանը նշում է, որ այդ բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում թվարկված որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի և երրորդ կողմի փաստարկները

 

ա) Դիմումատուները

116. Դիմումատուները պնդել են, որ իրենք ներկայացրել են ապացույցներ այն մասին, որ իրենց որդին ենթարկվել է վատ վերաբերմունքի: Նրանք մատնանշել են «Ավան» հոգեբուժական հաստատության կողմից տրված եզրակացությունը (որտեղ Կարեն Ղազարյանն ընդունվել էր Հայաստան վերադառնալուց հետո)՝ մասնավորապես դրանում պարունակվող տեղեկություններն առ այն, որ հաշվի առնելով նրա հոգեկան վիճակը՝ նա վտանգ է ներկայացնում իր սեփական առողջությանը և կյանքին։ Ավելին, նրանք մատնացույց են արել պրն Կարեն Ղազարյանի լուսանկարները, որոնք արվել են իրենց փաստաբանի կողմից հիվանդանոցում՝ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին։ Բացի այդ, նրանք վկայակոչել են այն փաստը, որ 2021 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանի առաջին ատյանի դատարանը կայացրել է որոշում պրն Կարեն Ղազարյանին «Ավան» հոգեբուժական հաստատությունում ստացիոնար բուժման համար հարկադիր մեկուսացման մեջ պահելու մասին։ Դիմումատուները պնդել են, որ իրենց որդու հոգեվիճակը, ինչպես արձանագրվել էր բժիշկների կողմից, համատեղելի չէր խոշտանգումների և դաժան ու նվաստացնող վերաբերմունքի այլ ձևերի արգելման երաշխիքների հետ:

117. Դիմումատուները նշել են, որ Կառավարությունը ներկայացրել է բժշկական փաստաթուղթ, որտեղ նկարագրված է պրն Կարեն Ղազարյանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 25-ի բժշկական զննությունը 2020 թվականի դեկտեմբերի 16-ին հայ բժիշկների կողմից տրված ախտորոշումներից մեկ տարի, երկու ամիս և քսան օր առաջ. նրանք պնդել են, որ ողջամիտ կասկածից վեր էր այն հանգամանքը, որ նրա վիճակը, առնվազն այդ ամսաթվերի միջև ընկած ժամանակահատվածում, նույնն էր կամ նման էր հայ բժիշկների արձանագրած վիճակին: Դիմումատուները պնդել են, որ հաշվի առնելով այն փաստը, որ առկա չէին բժշկական փաստաթղթեր, որոնք կարող էին հերքել հայ բժիշկների եզրակացությունները, պետք է ենթադրել, որ Ադրբեջանի իշխանությունները պրն Կարեն Ղազարյանին չեն տրամադրել նրա բուժման և հոգեկան խանգարումների (պարանոիդ շիզոֆրենիա) համար անհրաժեշտ դեղորայքը: Դիմումատուներն ընդգծել են, որ իրենք պարբերաբար տեղեկացրել են ԿԽՄԿ-ին իրենց որդու մտավոր հաշմանդամության հետ կապված իրենց մտահոգությունների մասին, և որ նշանակված դեղամիջոցների բացակայությունը կհանգեցներ նրա առողջության վատթարացմանը: ԿԽՄԿ-ն Ադրբեջանի իշխանություններին տեղեկացրել էր այս հարցերի մասին։

118. Բացի այդ, դիմումատուները պնդել են, որ պրն Կարեն Ղազարյանին մեկուսարանում պահելով՝ իշխանությունները չեն կարողացել ապահովել հաշմանդամություն ունեցող բանտարկյալների համար անհրաժեշտ պայմանները: Այս իրավիճակը երկար է տևել և անուղղելի վնաս է հասցրել նրա առողջությանը, վտանգի է ենթարկել նրա կյանքն ու պատճառել հոգեկան և ֆիզիկական ահռելի տառապանք, որը տևել է մոտ երկուսուկես տարի, մինչև Հայաստանում վերսկսվել է նրա շիզոֆրենիայի բուժումը։ Հաշվի առնելով տվյալ գործի առանձնահատուկ հանգամանքները՝ երկու տարի և հինգ ամիս տևողությամբ մեկուսի բանտարկության կիրառումը նույնպես ինքնին համարվում էր Կոնվենցիայի խախտում: Չեն պահպանվել նաև դատավարական երաշխիքները։ Պրն Կարեն Ղազարյանին գրավոր, իրեն հասկանալի լեզվով չեն տեղեկացրել հարկադրանքի տվյալ միջոցը կիրառելու պատճառների մասին, և նրան հնարավորություն չի տրվել արտահայտելու իր տեսակետը տվյալ հարցի վերաբերյալ. ավելին, այդ չափազանց երկար ժամանակահատվածում, երբ տվյալ միջոցը կիրառվել է, այն երբեք չի վերանայվել: Կառավարությունը բանտի ղեկավարության որևէ հիմնավորված որոշում չի ներկայացրել։

119. Քանի որ դիմումատուները պնդել են, որ պրն Կարեն Ղազարյանը տեղյակ չի եղել, որ ինքը կարող էր՝ i) բողոքարկել իր կալանքի մասին որոշումը (որը նշանակվել էր չորս ամսով), կամ ii) վիճարկել իրեն մեկուսարանում պահելու որոշումը, կամ iii) այլ կերպ վիճարկել մտավոր հաշմանդամություն ունեցող անձի համար անհրաժեշտ և պարտադիր հարմարություններ ապահովելու բազմաթիվ խախտումները, նրանք պնդել են, որ լրացուցիչ խախտումներ են եղել Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների դատավարական հայեցակետերի մասով։

 

բ) Կառավարությունը

120. Կառավարությունը նշել է, որ անազատության մեջ գտնվելու որևէ փուլում պրն Կարեն Ղազարյանը երբևէ չի արժանացել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին հակասող որևէ վերաբերմունքի: Ըստ Կառավարության՝ Ադրբեջանի իշխանությունները հարգել են նրա մարդկային արժանապատվությունը. ազատությունից զրկվելու առաջին իսկ պահից նրան տրամադրվել են անհրաժեշտ կենցաղային պայմաններ և բուժօգնություն։

 

գ) Հայաստանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ

121. Հայաստանի կառավարությունը՝ որպես ներգրավված երրորդ կողմ, հայտարարել է, որ ինքը համաձայն է դիմումատուների կողմից ներկայացված փաստարկների հետ և պաշտպանում է նրանց բողոքները:

 

2. Դատարանի գնահատականը

 

ա) Ընդհանուր սկզբունքները

122. Ինչպես հետևում է համապատասխանաբար 2-րդ հոդվածի և 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքների ընդունելիության վերաբերյալ Դատարանի վերը նշված եզրահանգումից (տե՛ս 111-115-րդ պարբերությունները), ըստ էության կքննվի միայն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը:

123. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրվում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը՝ բացարձակապես արգելելով խոշտանգումները կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը։ Սույն գործին առնչվող ընդհանուր սկզբունքները, մասնավորապես այն սկզբունքները, որոնք կապված են բուժման և ապացուցման բեռը կրելու հետ, շարադրված են այնպիսի գործերում, ինչպիսիք են Բլոխինն ընդդեմ Ռուսաստանի [Blokhin v. Russia] գործը ([GC] [ՄՊ], թիվ 47152/06, §§ 135-140, 2016 թվականի մարտի 23) և Ռումանն ընդդեմ Բելգիայի [Rooman v. Belgium] գործը ([GC] [ՄՊ], թիվ 18052/11, §§ 141-148, 2019 թվականի հունվարի 31)։

124. Ինչ վերաբերում է մեկուսի բանտարկության կիրառմանը, ապա Դատարանը նշել է, որ մեկուսի բանտարկությունն ամենածանր միջոցներից մեկն է, որը կարող է կիրառվել բանտի ներսում: Հաշվի առնելով միջոցի ծանրությունը՝ ներպետական իշխանությունները պարտավոր են գնահատել բանտարկյալի գործի բոլոր համապատասխան հանգամանքները՝ նախքան նրան մեկուսի բանտարկելը։ Մեկուսի բանտարկության որոշումից բխող կամայականության ռիսկից խուսափելու համար որոշումը պետք է ուղեկցվի բանտարկյալի բարեկեցությունը և ընտրված միջոցի համաչափությունը երաշխավորող դատավարական երաշխիքներով։ Նախ, մեկուսի բանտարկությունը պետք է նշանակվի միայն բացառիկ դեպքերում և բոլոր նախազգուշական միջոցները ձեռնարկելուց հետո, ինչպես նշված է Եվրոպական բանտային կանոնների 53-րդ կետում և 2020 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ նաև 53Ա կետում: Երկրորդ, մեկուսի բանտարկություն նշանակելու որոշումը պետք է հիմնված լինի իրական հիմքերի վրա թե՛ ի սկզբանե, և թե՛ այն կրելու տևողությունը երկարացնելիս: Երրորդ, իշխանությունների կողմից ընդունված որոշումները պետք է լինեն այնպիսին, որ հնարավոր լինի ապացուցել, որ այդ իշխանությունները կատարել են իրավիճակի գնահատում, որով հաշվի են առնվում բանտարկյալին վերաբերող հանգամանքները, իրավիճակը և վարքագիծը, և նրանք պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն այդպիսի որոշումներ կայացնելու համար: Պատճառների ձևակերպումը ժամանակի ընթացքում պետք է լինի ավելի ու ավելի մանրամասն և համոզիչ: Ի վերջո, պետք է նաև ստեղծվի բանտարկյալի ֆիզիկական և հոգեկան վիճակի կանոնավոր մոնիթորինգի համակարգ, որպեսզի հնարավոր լինի ապահովել, որ մեկուսի բանտարկության միջոցները համապատասխանեն հանգամանքներին (տե՛ս, օրինակ, Ա.Լ.-ն (Խ.Վ.) ընդդեմ Ռուսաստանի [A.L. (X.W.) v. Russia], թիվ 44095/14, § 76, 2015 թվականի հոկտեմբերի 29, Ռամիշվիլին և Կոխրեիձեն ընդդեմ Վրաստանի [Ramishvili and Kokhreidze v. Georgia], թիվ 1704/06, § 83, 2009 թվականի հունվարի 27-ի գործին արվող հետագա հղումների հետ միասին, Օնուֆրիուն ընդդեմ Կիպրոսի [Onoufriou v. Cyprus], թիվ 24407/04, §§ 70 և 71, 2010 թվականի հունվարի 7, և Ռամիրես Սանչեսն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Ramirez Sanchez v. France [GC]], թիվ 59450/00, § 139, ՄԻԵԴ 2006-IX)։

 

բ) Այդ սկզբունքների կիրառումը գործով փաստերի նկատմամբ

125. Դատարանն ի սկզբանե նկատում է, որ գործը չի վերաբերում կալանքի ընթացքում ստացված ենթադրյալ վնասվածքներին այնպես և այնպիսի հանգամանքներում, երբ ապացուցման բեռի հակադարձումն արդարացված կլիներ (տե՛ս վերևում հիշատակված՝ Բլոխինի գործը, § 139, ինչպես նաև, ի հակադրություն այդ գործի, օրինակ՝ Բույիդն ընդդեմ Բելգիայի [ՄՊ] [Bouyid v. Belgium [GC]], թիվ 23380/09 գործը, §§ 82-83, ՄԻԵԴ 2015): Այն ուսումնասիրել է պրն Կարեն Ղազարյանի լուսանկարները, որոնք արվել են նրա՝ Հայաստան վերադառնալուն պես՝ մատնանշելով այն, ինչը նկարագրվել է որպես «կելոիդ սպիներ» (տե՛ս վերևում՝ 36-րդ և 39-րդ պարբերությունները), սակայն չի երևում, որ դրանք բացատրվել են պատասխանող պետության իշխանությունների կողմից կալանքի տակ գտնվելու ընթացքում որևէ կոնկրետ երևույթի արված հղումով։ Ավելին, ինչ վերաբերում է նրա մտավոր հաշմանդամությանը, ապա Դատարանը նկատում է, որ դիմումատուների կողմից չի վիճարկվել այն փաստը, որ նա այս հաշմանդամությամբ տառապել է մինչև Ադրբեջանում կալանավորվելը: Այն, ինչը սույն գործում ենթակա է Դատարանի կողմից քննության, հետևաբար դիմումատուների այն պնդումն է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, քանի որ պրն Կարեն Ղազարայանին՝ որպես մտավոր հաշմանդամություն ունեցող բանտարկյալի, չի տրամադրվել անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչը, ըստ նրանց, հանգեցրել է նրա վիճակի վատթարացման, և քանի որ նա գտնվել է մեկուսի բանտարկության մեջ:

126. Սկսելով մտավոր հաշմանդամության խնդիրներից՝ Դատարանը նկատում է, որ ԿԽՄԿ-ի բժիշկների կողմից տրամադրված տեղեկություններն այդ հարցի վերաբերյալ ամբողջովին վերջնական չէին: Սկզբում ԿԽՄԿ-ի բժիշկը խիստ կասկածներ է հայտնել այն մասին, թե պրն Կարեն Ղազարյանը տառապում է որևէ հոգեկան հիվանդությամբ, և հայտարարել, որ նա լիովին առողջ է և որևէ դեղամիջոցի կարիք չունի (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը). ավելի ուշ նրա վիճակի հետ կապված մտահոգություններ են առաջացել (տե՛ս վերևում՝ 28-29-րդ և 32-33-րդ պարբերությունները), բայց նաև պարզվում է, որ ԿԽՄԿ-ի և բանտի բժշկի միջև ինչ-որ կապ է եղել (տե՛ս վերևում՝ 26-րդ և 28-րդ պարբերությունները): ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ իրենց վերջին հանդիպման ժամանակ դիմումատուները տեղեկացվել են, որ իրենց որդու առողջական վիճակը գնահատվում է բավարար, և որ նա որևէ դեղամիջոց չի ստանում (տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը):

127. Դատարանը նաև նկատում է, որ թեև պրն Կարեն Ղազարյանի հոգեկան առողջության և բուժման անհրաժեշտության վերաբերյալ գնահատականները խիստ տարբեր են կողմերի ներկայացրած բժշկական փաստաթղթերում, նրա ախտանիշների նկարագրություններն ավելի շատ նմանություններ ունեն, ինչպես օրինակ՝ նրանք, որոնք վերաբերում են Իսրայելի և Աստծո մասին նրա կողմից արված հայտարարություններին (տե՛ս վերևում՝ 29-րդ, 36-րդ, 40-րդ և 53-րդ պարբերությունները):

128. Թեև Դատարանը կասկածի տակ չի դնում դիմումատուների կողմից իրենց որդու առողջության վերաբերյալ տրամադրված տեղեկությունները, այնուամենայնիվ, (իրեն տրամադրված բոլոր տեղեկությունների հիման վրա) այն չի կարող որևէ հստակ եզրակացություն անել այն բժշկական օգնության վերաբերյալ, որը նա՝ i) պետք է ստանար, և ii) փաստացի ստացել է իր՝ ազատությունից զրկված լինելու ժամանակահատվածում:

129. Անդրադառնալով մեկուսի բանտարկությանն առնչվող խնդրին՝ Դատարանը նկատում է, որ կարծես թե չի վիճարկվում, որ պրն Կարեն Ղազարյանը 2018 թվականի հուլիսի 15-ից 2020 թվականի դեկտեմբերի 15-ը շարունակաբար (բացառությամբ մի քանի օրվա) գտնվել է մեկուսի բանտարկության մեջ։

130. Դատարանը նկատում է, որ դիմումատուների բողոքն այս հարցի շուրջ մեծ մասամբ հիմնված է տեղեկության պակասի վրա՝ հաշվի առնելով այն փաստը, որ պրն Կարեն Ղազարյանն ինքնուրույն չի արել ոչինչ ավելին, քան պարզապես բացատրել է, որ, բացառությամբ մի քանի օրվա, մնացած ընթացքում ինքն այլ բանտարկյալների չի տեսել. մասնավորապես դիմումատուները պնդել են, որ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել մեկուսի բանտարկության միջոցը հիմնավորելու համար թե՛ այն ժամանակ, երբ այն առաջին անգամ է նշանակվել, և թե՛ այն ողջ ընթացքում,երբ այն կիրառվել է:

131. Ավելին, Դատարանը նշում է, որ սույն գործով Կառավարությունն իր դիտարկումներում նշել է, որ «[որպես] անվտանգության միջոց..., դիմումատուի նկատմամբ նշանակվել է մեկուսի բանտարկություն»: Այն նաև պարզաբանել է, որ նրան պահել են ինը քառակուսի մետր մակերեսով խցում, նա գտնվել է բժիշկների հսկողության տակ, և նրան թույլ են տվել օրական առնվազն մեկ ժամ լինել դրսում (տե՛ս վերևում՝ 49-րդ պարբերությունը):

132. Այնուամենայնիվ, թեև Կառավարության կողմից տրված հակիրճ նկարագրությունը ցույց է տալիս, որ պրն Կարեն Ղազարյանին մեկուսի բանտարկության մեջ պահելը ոչ թե ամբողջապես զգայական կամ ամբողջապես սոցիալական մեկուսացման խնդիր էր, այլ ավելի շուտ «մասնակի և հարաբերական» մեկուսացման տեսակ (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ Ռամիրես Սանչեսի գործը, § 135), Դատարանին չի տրամադրվել որևէ լրացուցիչ բացատրություն, որոշում կամ որևէ այլ փաստաթուղթ, որը հնարավորություն կտար ստուգելու ազատազրկման հետ կապված ցանկացած խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը: Օրինակ՝ ոչ մի նշում չկա այն մասին, թե այդ ում անվտանգությունը պետք է ապահովեր կիրառված խափանման միջոցը, արդյո՞ք այդ միջոցի անհրաժեշտությունը վերանայվել է ինչ որ պահի, թե ոչ, կամ արդյոք պրն Ղազարյանը տեղեկացվել է այդ միջոցը կիրառելու որևէ պատճառի մասին։

133. Հաշվի առնելով մեկուսի բանտարկության ծանր բնույթը՝ Դատարանը խախտումներ է հայտնաբերել այն իրավիճակներում, երբ անհասկանալի են եղել այդպիսի միջոց կիրառելու պատճառները (տե՛ս, օրինակ, Օնուֆրիուն ընդդեմ Կիպրոսի [Onoufriou v. Cyprus] գործը (թիվ 24407/04, § 71, 2010 թվականի հունվարի 7), կամ երբ չեն եղել ապացույցներ այն մասին, որ իշխանությունները գնահատել են բոլոր համապատասխան գործոնները (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ Ռամիշվիլին և Կոխրեիձեն գործը, § 83 և Ա.Լ. (Խ.Վ.)-ի գործը, §§ 77-82)։

134. Դատարանը, հաշվի առնելով գործի նյութերը , որևէ հիմք չունի եզրակացնելու, որ պրն Կարեն Ղազարյանին մեկուսի բանտարկելը հիմնված է եղել այն օբյեկտիվ գնահատականի վրա, թե արդյոք քննարկվող խափանման միջոցն անհրաժեշտ և տեղին է եղել, թե՝ ոչ, կամ որ առկա է եղել որևէ դատավարական երաշխիք, որը կապահովեր նրա բարեկեցությունը և ընտրված միջոցի համաչափությունը. հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ նրան մեկուսի բանտարկելն անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի դրսևորում էր, ինչը հակասում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածին՝ անհրաժեշտ չհամարելով առանձին դիտարկելու դիմումատուի փաստարկները՝ կապված նրա կալանքի ֆիզիկական պայմանների հետ (տե՛ս համանման ձևով՝ վերևում հիշատակված Ա.Լ.-ն (Խ.Վ.) ընդդեմ Ռուսաստանի գործը, և Ա.Բ.-ն ընդդեմ Ռուսաստանի [A.B. v. Russia], թիվ 1439/06 գործը, § 112, 2010 թվականի հոկտեմբերի 14)։

135. Որպես ամփոփում, թեև Դատարանը կասկածի տակ չի դնում պրն Կարեն Ղազարյանի գերությունից առաջ և դրանից հետո նրա հոգեկան առողջության վերաբերյալ դիմումատուների կողմից ներկայացված տեղեկությունները, սակայն չի գտնում, որ միայն այս տեղեկությունները բավարար հիմք են տալիս իրեն որևէ հստակ եզրակացություն անելու այն մասին, թե արդյոք պրն Կարեն Ղազարյանը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով, դաժան վերաբերմունքի զոհ եղել է, թե՝ ոչ։ Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է այն հարցին, որ նրան երկար ժամանակ պահել են մեկուսի բանտարկված, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել այդ դրույթի խախտում այն հիմքով, որ որևէ նյութ չի ներկայացվել՝ բացատրելու այդ միջոցը կիրառելու հանգամանքները, ներառյալ՝ դրա անհրաժեշտությունը և ցանկացած հնարավոր դատավարական երաշխիք, որը կարող էր սահմանվել այդ առնչությամբ:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆ անձամբ դիմումատուների նկատմամբ

 

136. Դիմումատուները բողոքել են, որ իրենք ենթարկվել են հոգեկան տանջանքների և ծանր ապրումների՝ կապված իրենց որդու գերության հետ, ինչը, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորում է:

 

Ա. Ընդունելիությունը

 

137. Դատարանը նշում է, որ այս բողոքը ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի և երրորդ կողմի փաստարկները

 

ա) Դիմումատուները

138. Դիմումատուները բողոքել են, որ իրենք ենթարկվել են հոգեկան տանջանքների և ծանր ապրումների, երբ իմացել են, որ իրենց որդին գերի է ընկել Ադրբեջանում, և ավելին, երբ իմացել են, որ Ադրբեջանի իշխանությունները նրան ներկայացնում են որպես ռազմագերի։ Դրանից հետո նրանք չեն կարողացել տեղեկություններ ստանալ (կամ ստացել են միայն շատ սահմանափակ տեղեկություններ) նրա իրավիճակի մասին: Նրանք վախեցած են եղել, քանի որ լսել էին այլ դեպքերի մասին, երբ Ադրբեջանի սահմանապահ զորքերի կողմից բռնված խաղաղ բնակիչները չեն վերադարձել Հայաստան, ինչպես նաև այդ վախը պայմանավորված է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա թշնամանքով։

 

բ) Կառավարությունը

139. Կառավարությունը նշել է, որ դիմումատուների հոգեկան տանջանքներն ու ծանր ապրումները՝ կապված իրենց որդու գերեվարման հետ, չէր կարող գերազանցել անհանգստության այն աստիճանը, որը բնորոշ է յուրաքանչյուր ձերբակալության և կալանավորման, կամ հասել է ծանրության այն նվազագույն աստիճանին, որն անհրաժեշտ է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը վկայակոչելու համար:

 

գ) Հայաստանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ

140. Հայաստանի կառավարությունը՝ որպես ներգրավված երրորդ կողմ, հայտարարել է, որ ինքը համաձայն է դիմումատուների կողմից ներկայացված փաստարկների հետ և պաշտպանում է նրանց բողոքները:

 

2. Դատարանի գնահատականը

 

141. Դատարանը նշում է, որ այն բանից հետո, երբ դիմումատուների որդին 2018 թվականի հուլիսի 15-ի գիշերը լքել է տունը, որտեղ նա ապրում էր նրանց հետ միասին, դրա հաջորդ օրը հայտարարվել է նրա գերեվարման մասին (տե՛ս վերևում՝ 6-րդ և 8-րդ պարբերությունները): Դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ դիմումատուները կարողացել էին ձեռք բերել միայն սահմանափակ տեղեկություններ իրենց որդու իրավիճակի մասին՝ մինչև նրան 2020 թվականի դեկտեմբերի 15-ին վերադարձնելը (տե՛ս, inter alia , վերևում՝ 13-րդ, 17-րդ, 25-րդ և 34-րդ պարբերությունները), և նշում է այն վախն ու ցավը, որ նրանք զգացել են այդ ժամանակահատվածում, ինչպես նկարագրված է Դատարան ներկայացված նրանց գանգատում:

142. Դատարանը կասկածի տակ չի դնում դիմումատուների հուզական ապրումները՝ կապված իրենց որդու գերության, կալանավորման, դատավարության և բանտարկության հետ, հատկապես հաշվի առնելով նրանց որդու առանձնահատուկ խոցելիությունը՝ կապված նրա հոգեկան առողջության մասով բողոքների հետ (տե՛ս, inter alia , վերևում՝ 79-80-րդ պարբերությունները): Այն, սակայն, նշում է, որ, համաձայն իր նախադեպային իրավունքի, որը վերաբերում է նմանատիպ բողոքներին (տե՛ս, օրինակ, Սարիբեկյանը և Բալյանն ընդդեմ Ադրբեջանի [Saribekyan and Balyan v. Azerbaijan], թիվ 35746/11 գործը, § 90, 2020 թվականի հունվարի 30, և վերևում հիշատակված՝ Խոջոյանն ու Վարդազարյանը գործը, § 74), անհրաժեշտ են այնպիսի հատուկ հատկանիշներ, որոնք դիմումատուների տառապանքներին տալիս են հստակ չափ և բնույթ, նախքան անհատները կհամարվեն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման զոհ՝ ընտանիքի անդամներին վերաբերող հանգամանքների հիման վրա: Սույն գործի փաստերը չեն համապատասխանում տվյալ դասակարգմանը (ի հակադրություն, օրինակ, Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի [Petrosyan v. Azerbaijan] գործի, թիվ 32427/16, §§ 74-75, 2021 թվականի նոյեմբերի 4):

143. Ուստի անձամբ դիմումատուների նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:

 

V. ՄՆԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ

 

144. Դիմումատուները նաև բողոքել են, որ պրն Կարեն Ղազարյանի դատաքննությունը եղել է անարդար և չի իրականացվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան։ Մասնավորապես նրանք պնդել են, որ դատաքննության ամբողջ լսումը եղել է բեմադրված, և որ եղել են բազմաթիվ ձախողումներ՝ 6-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված երաշխիքներով նրան ապահովելու մասով: Դիմումատուները նաև բողոքել են, որ ադրբեջանական տեղական լրատվամիջոցներում զինվորական հագուստով իրենց որդու լուսանկարների տարածումը 8-րդ հոդվածի խախտում էր:

145. Ավելին, նրանք բողոքել են, որ իրենք և իրենց որդին իրենց ձեռքի տակ չեն ունեցել արդյունավետ ներպետական պաշտպանության միջոցներ՝ Կոնվենցիայով նակատեսված իրենց բողոքների հետ կապված, ինչպես պահանջվում էր 13-րդ հոդվածով, և որ պրն Կարեն Ղազարյանը ենթարկվել է խտրականության՝ Կոնվենցիայով սահմանված իր իրավունքներից օգտվելու հիմքով՝ պայմանավորված իր հայկական ծագմամբ, ինչը հակասում էր 14-րդ հոդվածին՝ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածների հետ համակցությամբ։ Ի վերջո, նրանք պնդել են, որ սույն գործով պատասխանող պետությունը խոչընդոտել է դիմումատուների որդու՝ 34-րդ հոդվածով երաշխավորված միջնորդության իրավունքի արդյունավետ իրացումը:

146. Կառավարությունը վիճարկել է վերը նշված բողոքները։ Հայաստանի կառավարությունը՝ որպես ներգրավված երրորդ կողմ, հայտարարել է, որ իրենք պաշտպանում են դիմումատուների պահանջները։

147. Ինչպես նշվեց վերևում, գանգատի մեջ ընդգծվում է այն փաստը, որ գրեթե ոչ մի տեղեկություն չի տրամադրվել անձամբ պրն Կարեն Ղազարյանի կողմից. սա ներառում է (ինչպես դիմումատուներն իրենք են ընդունել. տե՛ս վերևում՝ 83-րդ պարբերությունը) Ադրբեջանում նրա գերեվարման և այնտեղ նրա գործով դատաքննության հանգամանքների մասին տեղեկությունները: Թեև Դատարանը վերանայել է դիմումատուների բոլոր փաստարկները (որոնցից շատերը վերաբերում են Կառավարության կողմից ներկայացված փաստաթղթերին), այն գտնում է, որ դիմումատուների կողմից նրան չեն տրամադրվել բավարար նյութեր Կոնվենցիայի 6-րդ, 8-րդ և 14-րդ հոդվածների համաձայն ներկայացված իրենց բողոքների վերաբերյալ այնքանով, որ հնարավոր լինի եզրակացնել, որ տեղի է ունեցել այդ դրույթների խախտում։ Ավելի լայն իմաստով, ինչ վերաբերում է 13-րդ և 34-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքներին, ապա Դատարանը գտնում է, որ պրն Կարեն Ղազարյանի կողմից ներկայացված որևէ դիտարկման կամ տեղեկության բացակայության պարագայում այն որևէ հիմք չունի շարունակելու ուսումնասիրել, թե ինչ հնարավորությունների կամ խոչընդոտների նա կարող էր հանդիպել՝ ըստ երկու դրույթների։

148. Հաշվի առնելով այդ հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ չի կարող չհայտարարել 6-րդ, 8-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված մնացած բողոքներն անընդունելի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով՝ ակնհայտ անհիմն լինելու պատճառով:

 

VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

149. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։

 

Ա. Վնասը

 

150. Դիմումատուները պահանջել են 30 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

151. Կառավարությունը պնդել է, որ պահանջը եղել է չպատճառաբանված և անհիմն։ Ավելին, դիմումատուները չէին կարող որևէ պահանջ ներկայացնել իրենց որդու անունից արդարացի փոխհատուցման վերաբերյալ, քանի որ իրենց որդին դիմումատու չէր: Խախտման վերաբերյալ եզրակացությունն ամեն դեպքում բավարար կլիներ:

152. Դատարանը նշում է, որ տեղի են ունեցել դիմումատուների որդու՝ պրն Կարեն Ղազարյանի իրավունքների խախտումներ, բայց ոչ Կոնվենցիայով նախատեսված նրանց որևէ իրավունքների առանձին խախտում (տե՛ս վերևում՝ 141-143-րդ պարբերությունները): Հաշվի առնելով պրն Կարեն Ղազարյանի անունից ներկայացված բողոքների ընդունելիության վերաբերյալ իր նկատառումները (տե՛ս վերևում՝ 72-82-րդ պարբերությունները)՝ Դատարանը պրն Կարեն Ղազարյանին շնորհում է 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։ Սա պետք է վճարվի դիմումատուներին՝ այն իրենց որդու համար օգտագործելու պայմանով։

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

153. Դիմումատուները նաև պահանջել են 6 450 եվրո՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։

154. Կառավարությունը պնդել է, որ գործը նույնական է եղել երկու դիմումատուների համար, և որ նրանք առանձին ներկայացուցիչների կարիք չեն ունեցել: Գումարը նույնպես չափազանց շատ և անհիմն էր։ Կառավարությունը համարել է, որ 2 000 եվրոն բավարար էր։

155. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Այս դեպքում դիմումատուներն իրենց փաստաբանների հետ կնքել են երկու առանձին պայմանական վարձատրության պայմանագրեր, յուրաքանչյուրը՝ 3 225 եվրոյի չափով: Այդպիսի պայմանագրերը, որոնք առաջացնում են պարտավորություններ միայն իրավաբանի և վստահորդի միջև, չեն կարող պարտադիր իրավական ուժ ունենալ Դատարանի համար, որը պետք է գնահատի շնորհման ենթակա ծախսերի և ծախքերի մակարդակը՝ հաշվի առնելով ոչ միայն այն հանգամանքը, թե արդյոք ծախսերն իրականում կատարվել են, թե՝ ոչ, այլև այն հանգամանքը, թե արդյոք դրանք կատարվել են ողջամտորեն (տե՛ս, օրինակ, Իատրիդիսն ընդդեմ Հունաստանի (արդարացի փոխհատուցում) [ՄՊ] [Iatridis v. Greece (just satisfaction) [GC]], թիվ 31107/96, § 55, ՄԻԵԴ 2000-XI)։ Սույն գործով Դատարանը վճռորոշ չի համարում, որ ծախսերն ու ծախքերը կրել են դիմումատուները, քանի որ խախտումները վերաբերում են իրենց որդու իրավունքներին։ Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և վերը նշված չափորոշիչները և հաշվի առնելով այն փաստը, որ գանգատի միայն մի մասն է քննվել ըստ էության՝ Դատարանը ողջամիտ է համարում 3 225 եվրո գումարի վճարումը, որը ծածկում է Դատարանի վարույթի հետ կապված բոլոր ծախսերն ու ծախքերը՝ գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ։

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

156. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝

 

1. Մեծամասնության ձայներով մերժում է պրն Արմեն Ղազարյանի և տկն Աստղիկ Բայրամյանի՝ իրենց որդու՝ պրն Կարեն Ղազարյանի անունից գանգատ ներկայացնելու վերաբերյալ Կառավարության առարկությունը.

2. Մեծամասնության ձայներով հայտարարում է դիմումատուի որդու՝ պրն Կարեն Ղազարյանի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածներին վերաբերող բողոքներն ընդունելի.

3. Միաձայն հայտարարում է դիմումատուներ պրն Արմեն Ղազարյանի և տկն Աստղիկ Բայրամյանի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման մասով բողոքն ընդունելի.

4. Միաձայն հայտարարում է գանգատի մնացած մասն անընդունելի.

5. Ձայների՝ վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ վճռում է, որ դիմումատուների որդու՝ պրն Կարեն Ղազարյանի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

6. Ձայների՝ վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ վճռում է, որ դիմումատուների որդու՝ պրն Կարեն Ղազարյանի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում.

7. Միաձայն վճռում է, որ դիմումատուների որդու՝ պրն Կարեն Ղազարյանի նկատմամբ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում.

8. Ձայների՝ վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ վճռում է, որ դիմումատուների որդու՝ պրն Կարեն Ղազարյանի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում.

9. Միաձայն վճռում է, որ դիմումատուների՝ պրն Արմեն Ղազարյանի և տկն Աստղիկ Բայրամյանի նկատմամբ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում.

10. Ձայների՝ վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու ամսաթվից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի հետևյալ գումարները.

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 10 000 եվրո (տասը հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է պահվի դիմումատուի որդու՝ պրն Կարեն Ղազարյանի համար.

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 3 225 եվրո (երեք հազար երկու հարյուր քսանհինգ եվրո) միասին՝ գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ.

iii) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

11. Միաձայն մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Ռենատա Դեգեներ՝

Մարկո Բոսնյակ՝

 

Քարտուղար

 

Նախագահ