Գլխավոր տեղեկություն
Համար
67351/13
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
17.10.2023
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2024

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 67351/13)

 

Վ Ճ Ի Ռ

 

Հոդված 2 (նյութաիրավական և դատավարական) • Կյանքը • Դրական պարտավորությունները • Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում հրաձգության միջադեպի հետևանքով ծառայակցի կողմից սպանված երկու ժամկետային զինծառայողների կյանքը պաշտպանելուն ուղղված միջոցներ չձեռնարկելը • Դատվածություն ունեցող և այդ պատճառով Միացյալ Նահանգներից արտաքսված ժամկետային զինծառայողի խառնվածքը և վտանգավորությունը չգնահատելը • Պատշաճ զինվորական կարգուկանոն պահպանելուն և հրաձգությունը հրահրող բռնության դեպքը կանխելուն ուղղված միջոցներ չձեռնարկելը • Ոչ արդյունավետ քննությունը

Հոդված 13 (+ Հոդված 2) • Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայությունը • Երեխայի կյանքի կորստի հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման պահանջի՝ իրավական իմաստով անհնարինությունը

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

17 հոկտեմբերի 2023թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Հովհաննիսյանը և Կարապետյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer]՝ Նախագահ,

Թիմ Այքը [Tim Eicke],

Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],

Բրանկո Լուբարդա [Branko Lubarda],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr],

Էն Լուիս Բորման [Anne Louise Bormann]՝ դատավորներ,

և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիներ պրն Միքայել Հովհաննիսյանի (առաջին դիմումատու) և տկն Սվետլանա Կարապետյանի (երկրորդ դիմումատու, միասին՝ դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 67351/13),

դիմումատուների որդիների մահվան, քննության ենթադրյալ անհամապատասխանության և պետությունից ոչ նյութական վնասի համար հատուցում ստանալու պահանջի անհնարինության վերաբերյալ դիմումատուների բողոքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը, կողմերի դիտարկումները,

 

2023 թվականի սեպտեմբերի 26-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1.  Գործը վերաբերում է դիմումատուների որդիների մահվանն այն զորամասում տեղի ունեցած ողբերգական հրաձգության հետևանքով, որտեղ նրանք պարտադիր զինվորական ծառայություն էին անցնում: Գործում բարձրացված են հարցեր Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների շրջանակներում։

 

ՓԱՍՏԵՐԸ

2.  Առաջին դիմումատուն ծնվել է 1967 թվականին և ապրում է Վանաձորում, իսկ երկրորդ դիմումատուն ծնվել է 1957 թվականին և ապրում է Երևանում: Իրավաբանական օգնություն ստացած դիմումատուներին ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան պրն Ա. Զալյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից՝ պրն Ա. Սաքունցը:

3.  Կառավարությունը ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։

4.  Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:

 

I.  գործի նախապատմությունը

 

5.  Առաջին դիմումատուն 19 տարեկանում մահացած Ռ. Հովհաննիսյանի հայրն է: Երկրորդ դիմումատուն 21 տարեկանում մահացած Ա. Սարգսյանի մայրն է:

6.  Ռ. Հովհաննիսյանը և Ա. Սարգսյանը զորակոչվել են հայկական բանակ համապատասխանաբար 2009 և 2008 թվականներին: Նրանք երկուսն էլ ծառայության են նշանակվել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի թիվ 36534 զորամասում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) գտնվող զորամաս)։

7.  2010 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ռ. Հովհաննիսյանին, Ա. Սարգսյանին և չորս այլ զինծառայողների (շարքայիններ Գ.Հ.-ին, Ա.Մ.-ին, Կ.Ա.-ին և դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վ.Տ.-ին) հրազենային վնասվածքներով մահացած են գտել զորամասի թիվ 147 դիրքում:

 

II.  Դիմումատուների որդիների մահվան հԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ քննությունԸ

 

8.  Նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնի (Հադրութ, Լեռնային Ղարաբաղ) քննիչներից մեկն իրականացրել է դեպքի վայրի զննություն և կազմել է արձանագրություն, որի համաձայն՝ Կ.Ա.-ի մարմինը հայտնաբերվել է գետնատնակից դեպի դիտակետ տանող խրամատում, իսկ նրա ոտքերի մոտ եղել է «Կալաշնիկով» տեսակի ձեռքի գնդացիր: Արձանագրության մեջ այնուհետև, ի թիվս այլնի, նշվել է, որ գետնատնակի առջև՝ գետնատնակի տաղավարին մոտ, կողք-կողքի հայտնաբերվել է ևս հինգ մարմին՝ ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի, Ա. Սարգսյանի և Գ.Հ.-ի մարմինները, Ռ. Հովհաննիսյանի մարմինը՝ տաղավարին մի փոքր ավելի մոտ, և Ա.Մ.-ի մարմինը՝ տաղավարի տակ՝ գետնատնակի մուտքի մոտ: Քննիչը տեղում լուսանկարել է դեպքի վայրը և մարմինները, ինչպես նաև առգրավել է դեպքի վայրում հայտնաբերված զենքերը, զինվորական հագուստի տարբեր պարագաներ:

9.  Նույն ամսաթվին Քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական վարույթ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանությունը):

10.  Նույն ամսաթվին քննիչը (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը) նշանակել է դիահերձում, inter alia (ի թիվս այլնի), մահվան պատճառը, վնասվածքների առկայությունը և վնասվածքների առկայության դեպքում դրանք հասցնելու ժամանակը որոշելու նպատակով, ինչպես նաև որոշելու համար, թե արդյոք առկա էր ալկոհոլի օգտագործման որևէ ապացույց:  

11.  2010 թվականի հուլիսի 29-ին գործի քննությունն ստանձնել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժինը (Երևան, Հայաստան), և գործը հանձնարարվել է նույն բաժնի ավագ քննիչ Մ.Բ.-ին:

12.  Նույն ամսաթվին հարցաքննվել են մի քանի զինծառայողներ, այդ թվում՝ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վ.Պ.-ն, զորամասի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, փոխգնդապետ Ս.Գ.-ն, ջոկատի հրամանատար, շարքային Հ.Պ.-ն, դասակի հրամանատար, կապիտան Մ.Մ.-ն և ջոկատի հրամանատար, շարքային Դ.Հ.-ն:

13.  Փոխգնդապետ Վ.Պ.-ն (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը) իր հարցաքննության ժամանակ հայտնել է, որ 2010 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ինքը փոխգնդապետ Ս.Գ.-ի հետ գնացել է թիվ 147 դիրք, որտեղ իրենք դիտակետում հերթապահության մեջ գտնվող զինծառայողներին (շարքայիններ Ա. Սարգսյանին և Կ.Ա.-ին) քնած են հայտնաբերել: Ինքն այդ պահին նկատողություն է արել այդ զինծառայողներին, նրանց կարգադրել է դիրքում որևէ գործողություն չձեռնարկել և նրանց ասել է, որ նրանց կարգապահական պատասխանատվության հարցը կքննարկվի այն ժամանակ, երբ նրանք հերթափոխից հետո վերադառնան զորամաս: Դրանից հետո ինքը հեռացել է, սակայն մոտ երեսունից քառասուն րոպե անց տեղեկացել է, որ այդ դիրքում հայտնաբերվել է վեց մարմին:

14.  Փոխգնդապետ Ս.Գ.-ն (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը), inter alia, հայտնել է, որ 2010 թվականի հուլիսի 28-ին ինքը փոխգնդապետ Վ.Պ.-ի հետ, զորամասի հրամանատար, գնդապետ Ֆ.Բ.-ի հրամանով գնացել է թիվ 147 դիրք: Ժամանելուն պես ինքը շարքայիններ Գ.Հ.-ի և Դ.Հ.-ի հետ բարձրացել է դիտակետ, որտեղ Ա. Սարգսյանին և Կ.Ա.-ին քնած են հայտնաբերել: Ինքն ավագ լեյտենանտ Վ.Տ.-ին, որը նույնպես այնտեղ էր, թույլ չի տվել մոտենալ հերթապահողներին՝ ենթադրելով, որ վերջինս կարող էր հարվածել նրանց: Այդ երեկո՝ ժամը 18:30-ի սահմաններում, նրան տեղեկացրել են, որ թիվ 147 դիրքում կան զոհեր: Ինքը, փոխգնդապետ Վ.Պ.-ն և մյուս զինծառայողները վերադարձել են և գետնատնակի առջև հայտնաբերել են վեց մարմին:

15.  Մասնավորապես շարքային Դ.Հ.-ն (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը) հայտնել է, որ 2010 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, իրենք հարևան դիրքից զանգ են ստացել՝ տեղեկանալով, որ փոխգնդապետներ Վ.Պ.-ն և Ս.Գ.-ն զննում էին դիտակետերը: Ինքն ուղեկցել է նրանց դեպի դիտակետ, որտեղ փոխգնդապետ Ս.Գ.-ն, որն առաջինն էր մտել դիրք, քնած էր հայտնաբերել երկու հերթապահողներին (շարքայիններ Ա. Սարգսյանին և Կ.Ա.-ին):

Փոխգնդապետ Վ.Պ.-ն, որը մի փոքր ուշ էր ժամանել, իմանալով, որ հերթապահողները քնած են եղել, նրանց կարգադրել է դիտակետում գտնվելու ընթացքում որևէ գործողություն չձեռնարկել և ասել է նրանց, որ հարցը կքննարկվի հերթափոխից հետո:

Դրանից առաջ փոխգնդապետ Ս.Գ.-ի ներկայությամբ ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն շատ կոպիտ ձևով է արտահայտվել Ա. Սարգսյանի և Կ.Ա.-ի մասին և ասել. «Նման [սրիկաների] պատճառով դիրքեր ենք կորցնում»:

Դ.Հ.-ն չի տեսել կամ լսել, որ որևէ մեկը նախատի ավագ լեյտենանտ Վ.Տ.-ին այն բանի համար, որ հերթապահողներին քնած են գտել: Այնուամենայնիվ, ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն խիստ բարկացած էր այդ ամբողջ իրավիճակի պատճառով. նա կանչել է դասակի հրամանատար, կապիտան Մ.Մ.-ին և շատ կոպիտ ձևով սպառնացել վնասել բոլոր նրանց, որոնց քնած էին հայտնաբերել, եթե վերջինս այդ մասին չզեկուցի և նրանց անմիջապես զորամաս չուղարկի:

Երբ Ա. Սարգսյանը և Կ.Ա.-ն վերադարձել են դիտակետից, ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն շատ բարկացած կարգադրել է նրանց հանել իրենց զենքերը: Այդ պահին Դ.Հ.-ն գետնատնակում էր և լսել է, թե ինչպես էր ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն դրսում վիճում Ա. Սարգսյանի և Կ.Ա.-ի հետ: Դեպքը տեղի է ունեցել ժամը 18:15-ի սահմաններում: Հետո ինքը լսել է, թե ինչպես են ինչ-որ մեկին ծեծի ենթարկում, և նայելով պատուհանից դուրս՝ տեսել է, թե ինչպես է ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն ծեծի ենթարկում Ա. Սարգսյանին: Այդ պահին Գ.Հ.-ն փորձել է ավագ լեյտենանտ Վ.Տ.-ին մի կողմ քաշել, ինչից հետո նա լսել է, թե ինչպես է ինչ-որ մեկը բղավում «[Ռ. Հովհաննիսյանի կարճ անունը], ո՛չ, ո՛չ, ո՛չ»: Հետո ինքն ավտոմատ հրացանի լիցքավորման ձայն է լսել, ինչին անմիջապես հետևել է երկարատև կրակահերթը: Դրա ավարտից հետո ինքը լսել է, թե ինչպես է ինչ-որ մեկը մտնում գետնատնակ, և մտածել է, թե մտնողը հենց կրակողն է: Վախեցած՝ ինքը թաքնվել է դռան և սառնարանի միջև: Մի քանի վայրկյան անց նա լսել է մեկ կրակոց, ինչից հետո լռություն է տիրել: Ինքն այնուհետև գետնատնակից դուրս է վազել և ճանապարհին՝ աստիճանների վրա, հայտնաբերել է Ա.Մ.-ի մարմինը: Հետո ինքը գետնին պառկած ևս չորս մարմին է տեսել:

16.  Շարքային Հ.Պ.-ի ցուցմունքի համաձայն (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը), որը դիտակետում հերթապահության էր Ա. Սարգսյանից և Կ.Ա.-ից հետո, ինքն արթնացել է ժամը 17:45-ի սահմաններում՝ իր հերթափոխին նախապատրաստվելու նպատակով: Երբ ինքը դուրս է եկել գետնատնակից, տեսել է ավագ լեյտենանտ Վ.Տ.-ին, Ա.Մ.-ին և Ռ. Հովհաննիսյանին, որոնք ճանապարհից մի փոքր ներքև՝ գետնատնակի կողքին էին: Գետնատնակից դուրս գալուց առաջ, երբ ինքը կանգնած է եղել դռան մոտ, լսել է, թե ինչպես է ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն հայհոյում այն հերթապահողներին, որոնց քնած էին հայտնաբերել: Դիտակետի ճանապարհին ինքը տեսել է, թե ինչպես էին վերադառնում Ա. Սարգսյանը և Կ.Ա.-ն: Այնուհետև ինքն ընդունել է հերթափոխը մեկ այլ զինծառայողի հետ և մոտ երկուսից երեք րոպե հետո իրենք լսել են երկարատև կրակահերթի ձայն: Այնուհետև կրակահերթը դադարելուց վեցից յոթ վայրկյան հետո լսվել է մեկ կրակոց: Քանի որ հերթապահողներին չի թույլատրվում թողնել դիտակետը հերթափոխի ընթացքում, իրենք մնացել են իրենց տեղում: Ինքը և մյուս հերթապահողը թողել են դիտակետն այն ժամանակ, երբ այլ զինծառայողներ են եկել իրենց փոխարինելու: Այնուհետև իրենք իջնելով մոտեցել են գետնատնակին և տեսել են մարմինները: Այդ պահին արդեն պարզ էր, որ Կ.Ա.-ն էր կրակել մյուսներին, քանի որ նրա մարմինը խրամատում էր, և այնպիսի տպավորություն էր, թե նա ինքնասպանություն էր գործել, մինչդեռ մյուսները մի փոքր ավելի հեռու էին. Ա. Սարգսյանը, ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն և Գ.Հ.-ն իրար կողք-կողքի էին, իսկ Ռ. Հովհաննիսյանը նրանցից մոտ կես մետր հեռու էր:

17.  Կապիտան Մ.Մ.-ն (տե՛ս վերևում՝ 12-րդ և 15-րդ պարբերությունները) նկարագրել է այն դրվագը, երբ ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն կանչել է իրեն այն բանից հետո, երբ հերթապահողները դիտակետում քնած են հայտնաբերվել, և սպառնացել վնասել նրանց, եթե նրանք չուղարկվեն զորամաս: Ի պատասխան՝ կապիտան Մ.Մ.-ն ասել է, որ նրանց ընդամենը երկու օր էր մնում դիրքերը թողնելու և զորամաս վերադառնալու համար, որտեղ հերթապահողները կստանային իրենց պատիժը: Այդ խոսակցությունից մոտ տասը րոպե անց ինքը լսել է թիվ 147 դիրքից եկող հրաձգության ձայն:

18.  Իր հետագա հարցաքննությունների ժամանակ Հ.Պ.-ն (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը) հայտնել է, որ ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն ծառայությանը վերաբերող հարցերում շատ խիստ և կոպիտ էր: Նրա կարծիքով միջադեպը կարելի էր կանխել, եթե ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն ավելի հանդուրժող լիներ Ա. Սարգսյանի և Կ.Ա.-ի նկատմամբ: Նա այն կարծիքին էր, որ զինծառայողներին կյանքից զրկել էր Կ.Ա.-ն. ըստ նրա՝ մյուսները դա արած չէին լինի: Նա նաև հայտնեց, որ իր կարծիքով միջադեպը հնարավոր կլիներ կանխել, եթե ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն Ա. Սարգսյանին և Կ.Տ.-ին կարգադրած լիներ հերթափոխից վերադառնալուց հետո մի կողմ դնել իրենց զենքերը, ինչպես պահանջվում է կանոնակարգերով:

19.  Չճշգրտված ամսաթվին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը կարգադրել է անցկացնել միջադեպի հետ կապված ծառայողական քննություն:

20.  2010 թվականի օգոստոսի 3-ին քննիչը նշանակել է ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի, Ա. Սարգսյանի, Կ.Ա.-ի և Ա.Մ.-ի մարմիններից վերցված նմուշների ձգաբանական փորձաքննություն: 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի և Կ.Ա.-ի մարմիններից վերցված նմուշները պարունակում էին կրակոցի արգասիքների նմանվող հետքեր: Հաշվի առնելով անտիմոնի մետաղի պարունակությունը՝ ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի մարմնից վերցված նմուշներում առկա հետքերը վկայում էին զենքի հետ շփման կամ զենքից կատարված կրակոցի մասին, իսկ Կ.Ա.-ի մարմնից վերցված նմուշներում առկա հետքերը վկայում էին այն մասին, որ նրա կողմից կատարվել էր մեկ (մի քանի) կրակոց:

21.  2010 թվականի օգոստոսի 10-ին Պաշտպանության նախարարը ծառայողական քննության (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը) արդյունքների հիման վրա հրաման է արձակել, որի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

 

«Հուլիսի 28-ին ... [Կ.Ա.-ն] կրակ է արձակել իր ծառայակիցների վրա իրեն հատկացված Կալաշնիկով տեսակի ձեռքի գնդացիրից, ինչի արդյունքում 5 զինծառայողներ տեղում մահացել են, ինչից հետո նա ինքնասպան է եղել:

 ... [փոխգնդապետ Վ.Պ.-ն] և [փոխգնդապետ Ս.Գ.-ն] [Ա. Սարգսյանին] և [Կ.Ա.-ին] դիտակետում քնելու համար նկատողություն էին արել: Այդ պահին... [ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն] փորձել է հարվածել [Ա. Սարգսյանին և Կ.Ա.-ին], սակայն [փոխգնդապետներ Վ.Պ.-ն և Ս.Գ.-ն] թույլ չեն տվել:

... հերթափոխից հետո, երբ զինծառայողները վերադարձել են գետնատնակ, [ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն] ... հայհոյել է այն զինծառայողներին, որոնց քնած էին հայտնաբերել, և սկսել է ծեծել [Ա. Սարգսյանին]...

Նախնական տեղեկությունների համաձայն՝ [Կ.Ա.-ն], տեսնելով, թե ինչպես է [ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն ծեծի ենթարկում Ա. Սարգսյանին], և հասկանալով, որ հաջորդն ինքն է լինելու, վերցրել է իրենց հատկացված ձեռքի գնդացիրը ... և կրակել է ... Այնուհետև նա վերցրել է լիցքավորված պահեստատուփը մահացածներից մեկի մոտից, տեղադրել է այն իր գնդացիրի մեջ, մտել է խրամատ և ինքնասպան է եղել՝ կրակելով իր բերանի մեջ:

Դեռևս 1992 թվականին շարքային [Կ.Ա.-ն] մեկնել էր Միացյալ Նահանգներ իր մոր հետ, որտեղ նա դատապարտվել էր բազմաթիվ կողոպուտների, ավտոմեքենաների գողության, անօրինական զենք կրելու և թմրանյութեր պահելու, ինչպես նաև ուղղիչ հիմնարկից փախուստի դիմելու համար:

2009 թվականին [Կ.Ա-ին] Միացյալ Նահանգներից արտաքսել են Հայաստան և զորակոչել բանակ:

Ներքին քննության արդյունքում պարզվել է նաև, որ՝

միջադեպը զինվորական կանոնների կոպիտ խախտումների, ... ինչպես նաև ավագ զինծառայողների կողմից այլ զինծառայողների նվաստացնելու և նրանց նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի հետևանք է ...

Միջադեպը տեղի չէր ունենա, եթե՝

...

2)  ժամկետային զինծառայողների և նրանց խառնվածքի վերաբերյալ անձնական տվյալները պատշաճ կերպով ուսումնասիրված լինեին զորամասում, ինչպես նաև մանրամասնորեն ուսումնասիրված լինեին զինծառայողների կողմից նախկինում կատարված քրեական իրավախախտումները...

...

5)  զորամասի հրամանատարը ... ուսումնասիրած լիներ [Կ.Ա.-ի]՝ [Միացյալ Նահանգներում] գտնվելու հանգամանքները, նրա կողմից կատարված հանցագործությունները, նրա արտաքսումը [Միացյալ Նահանգներից] և զինվորական ծառայության անցնելու նպատակով նրա զորակոչի հանգամանքները ...

6)  [փոխգնդապետ Վ.-ն] և [փոխգնդապետ Ս.Գ.-ն] կանխարգելիչ միջոցներ ձեռնարկած լինեին [ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի] բռնի գործողություններից խուսափելու նպատակով ...

...

8)  գ) ... հրազենը լիցքահանված և պահեստավորված լիներ [իրենց հերթափոխն ավարտած զինծառայողների կողմից]՝ ըստ [Պաշտպանության նախարարի թիվ 0250 հրամանի համապատասխան դրույթների]...

9)  դասակի հրամանատարը [այն է՝ կապիտան Մ.Մ.-ն], տեղեկանալով, որ հերթապահողները քնած են եղել, ... զեկուցած լիներ այդ մասին իր վերադասին և միջոցներ ձեռնարկած լիներ [ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի] զայրույթը մեղմելու և նրան հանդարտեցնելու համար ...

10)  ոչ կանոնակարգային, փողոցային մեթոդները, զինծառայողներին ծեծի ենթարկելը և նվաստացնելը ... կիրառված չլինեին [զինվորական կանոնները] խախտելու դեպքերի համար:»

 

Հրամանի համաձայն՝ մի քանի բարձրաստիճան սպաների, այդ թվում՝ փոխգնդապետ Վ.Պ.-ի պաշտոններն իջեցվել են, իսկ մյուսները, այդ թվում՝ զորամասի հրամանատար, գնդապետ Ֆ.Բ.-ն և փոխգնդապետ Ս.Գ.-ն ուղարկվել են պահեստազոր:

22.  Միևնույն հրամանով Պաշտպանության նախարարը նկատողություն է արել նաև Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի թիվ 42009 զորամասի մի քանի բարձրաստիճան սպաների, այդ թվում՝ ծառայությունից ազատված անձնակազմի հետ աշխատելու համար պատասխանատու հրամանատարի տեղակալին:

23.  2010 թվականի սեպտեմբերի 30-ին ստացվել են դիահերձումների արդյունքները (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը), որոնք պարունակում էին հետևյալ եզրահանգումները:

24.  Ա. Սարգսյանը մահացել էր գոտկատեղին, նստատեղին և ազդրին հասցված հրազենային վնասվածքներից: Նրա մարմնի վրա առկա էին նաև ոչ հրազենային վնասվածքներ՝ արմունկի և նախաբազկի վրա քերծվածքների տեսքով: Այդ վնասվածքները հասցվել էին բութ գործիքներով՝ մահը վրա հասնելուց անմիջապես առաջ կամ մահանալու ընթացքում: Կենսաքիմիական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա արյան մեջ առկա է եղել 1 պրոմիլ ալկոհոլ, ինչը համապատասխանում է թեթև աստիճանի ալկոհոլային հարբեցմանը:

25.  Ռ. Հովհաննիսյանը մահացել էր գլխին հասցված հրազենային վնասվածքից: Նրա ազդրին, թևերին և ստամոքսին առկա էին նաև այլ հրազենային վնասվածքներ: Կենսաքիմիական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա արյան մեջ առկա է եղել 2.6 պրոմիլ ալկոհոլ, ինչը համապատասխանում է ծանր աստիճանի ալկոհոլային հարբեցմանը:

26.  Գ.Հ.-ն մահացել էր կրծքավանդակին, ստամոքսին, ազդրին և ոտքերին հասցված հրազենային վնասվածքներից: Կենսաքիմիական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա արյան և մեզի մեջ առկա է եղել համապատասխանաբար 0.74 և 0.3 պրոմիլ ալկոհոլ, ինչը համապատասխանում է թեթև աստիճանի ալկոհոլային հարբեցմանը:

27.  Ա.Մ.-ն մահացել է տարբեր ներքին օրգաններին և մարմնի այլ մասերի հասցված հրազենային վնասվածքներից: Նրա բերանի ձախ անկյունում, մեջքին և վերին վերջույթներին առկա են եղել նաև ոչ հրազենային վնասվածքներ՝ քերծվածքների տեսքով, կրծքավանդակին առկա են եղել կապտուկներ, որոնք հասցվել են կա՛մ մահվանից անմիջապես առաջ, կա՛մ մահանալու ընթացքում՝ բութ առարկաների կամ գործիքների միջոցով: Կենսաքիմիական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա արյան և մեզի մեջ առկա է եղել համապատասխանաբար 1.43 և 0.4 պրոմիլ ալկոհոլ, ինչը համապատասխանում է թեթև աստիճանի ալկոհոլային հարբեցմանը:

28.  Ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն մահացել է պարանոցին, կրծքավանդակին, ստամոքսին, ազդրին, ինչպես նաև վերին և ստորին վերջույթներին հասցված վնասվածքներից: Կենսաքիմիական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա արյան մեջ առկա է եղել 1.8 պրոմիլ ալկոհոլ, ինչը համապատասխանում է միջին աստիճանի ալկոհոլային հարբեցմանը: Մեզի նմուշում ալկոհոլ չի հայտնաբերվել:

29.  Կ.Ա.-ն մահացել է գանգին հասցված հրազենային վնասվածքից, ընդ որում՝ հրազենային վնասվածքի մուտքի անցքը տեղակայված է եղել բերանի ներսում: Կենսաքիմիական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա արյան մեջ առկա է եղել 3.6 պրոմիլ ալկոհոլ: Իր մահվան պահին Կ.Ա.-ն ունեցել է ծանր աստիճանի ալկոհոլային հարբեցում:

30.  2011 թվականի հոկտեմբերի 6-ին քննիչ Մ.Բ.-ն (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը) նշանակել է հետմահու դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն՝ որոշելու համար, ի թիվս այլնի, թե արդյոք Կ.Ա.-ն ունեցել է որևէ հոգեկան խանգարում, ինչպիսին է եղել նրա հոգեբանական վիճակը կրակոցից և ինքնասպանությունից առաջ ընկած ժամանակահատվածում, և թե արդյոք առկա է եղել պատճառահետևանքային կապ ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի կողմից ցուցաբերված վատ վերաբերմունքի ու նվաստացման և կրակոցից ու ինքնասպանությունից առաջ Կ.Ա.-ի հոգեբանական վիճակի միջև:

31.  2011 թվականի հոկտեմբերի 24-ին փորձագետների համապատասխան հանձնաժողովը ներկայացրել է եզրակացություն, որում, ի թիվս այլնի, նշված էր, որ Կ.Ա.-ն հոգեկան խանգարում չի ունեցել և միանգամայն գիտակցել է իր գործողությունները: Փորձագետներին տրամադրված նյութերի (դատական փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ նշված փաստական հանգամանքների, դիահերձման եզրակացությունների, վկաներին և դատական փորձագետներին առաջադրված հարցերի արձանագրությունների, Կ.Ա.-ի անձնական իրերի մեջ հայտնաբերված գրքերի և նոթատետրերի և այլնի) հիման վրա հանձնաժողովը հանգել է հետևյալ եզրակացության.

«... [Կ.Ա.-ի] նոթատետրում կատարված գրառումներից երևում է, որ նա հաճախ անդրադարձել է կյանքի տարբեր խնդիրների, իր անցյալին, բանակում գտնվելու փաստին, ծառայության երկու տարիները [հազիվ] անցկացնելու փաստին և զղջացել անցյալում կատարած իր գործողությունների համար:

Ըստ գործի նյութերի՝ [Կ.Ա.-ի] բնութագիրը եղել է դրական, և նա բարեխղճորեն է կատարել իր պարտականությունները:

...

Հաշվի առնելով [Կ.Ա.-ի] խմածության աստիճանը և առկա իրավիճակը [ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի վարքագիծը]՝ կարելի է ենթադրել, որ սուր կոնֆլիկտային իրավիճակի պատճառով [Կ.Ա.-ն] հոգեբանական լարվածության մեջ է գտնվել, սակայն, խմածության [բարձր] աստիճանով պայմանավորված, ճանաչողական գործընթացներն այնքան աղճատված են եղել, որ դրանց ախտորոշում տալն անհնար է դարձել (համապատասխան մեթոդաբանության բացակայության պատճառով՝ հատկապես գործի նյութերի հիման վրա անցկացվող հետմահու դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության ընթացքում):  Նշված պատճառներով ... հնարավոր չէ ճշգրիտ կերպով որոշել [Կ.Ա.-ի] հոգեբանական վիճակը. նրա վարքը և հոգեբանական վիճակը պայմանավորված են եղել ալկոհոլի ազդեցությամբ: Տվյալ իրավիճակում [Կ.Ա.-ի] գործողությունները պայմանավորված են եղել ալկոհոլի ազդեցությամբ և [ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի] գործողություններով ...»:

 

III.  քննությունԸ կարճելը

 

32.  2012 թվականի հուլիսի 28-ին քննիչ Մ.Բ.-ն (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը) որոշել է վարույթը կարճել տվյալ հանցանքները կատարած անձանց՝ մասնավորապես շարքային Կ.Ա.-ի (երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը) և ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի մահվան հիմքով (պաշտոնեական դիրքի խիստ չարաշահում): Անդրադառնալով վկայի ցուցմունքների և դատաբժշկական, հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական և այլ փորձաքննությունների արդյունքներին՝ նա հաստատված է համարել հետևյալը.

«... 2010 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն ... հարվածել է [Ա. Սարգսյանի] կրծքավանդակին, այնուհետև բռունցքով հարվածել է նրա քունքին և գցելով գետնին՝ սկսել է հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Զինվորական դիրքի ավագ [Գ.Հ.-ն] փորձել է միջամտել և դադարեցնել ծեծկռտուքը: Այդ պահին... [Կ.Ա.-ն] գետնից վերցրել է ... լիցքավորված գնդացիրը ... թիրախավորել և ... կրակել է ավագ լեյտենանտ [Վ.Տ.-ին] և ժամկետային զինծառայողներ [Գ.Հ.-ին, Ա. Սարգսյանին, Ռ. Հովհաննիսյանին և Ա.Մ.-ին]՝ նրանց կյանքից զրկելով, այնուհետև նա փոխել է փամփուշտների դատարկ պահեստատուփը, մտել է խրամատ և գնդացրի փողաբերանն իր բերանին ուղղելով՝ ինքնասպան է եղել՝ մեկ կրակոց արձակելով:

Այսպիսով՝ ավագ լեյտենանտ [Վ.Տ.-ն], ... իր պաշտոնեական դիրքը չարաշահելով, ծեծի է ենթարկել [Ա. Սարգսյանին]՝ վերջինիս և [Կ.Ա.-ի] կողմից զինվորական կանոնները խախտելու համար, և անզգուշորեն առաջացնելով ծանր հետևանքներ՝ կատարել է քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք [պաշտոնեական դիրքի չարաշահում՝ ծանրացնող հանգամանքներով] ... Շարքային [Կ.Ա.-ն] կատարել է քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք [ծանրացնող հանգամանքներով սպանություն] ... [Կ.Ա.-ի] ինքնասպանությունը նաև պայմանավորված էր ավագ լեյտենանտ [Վ.Տ.-ի] գործողություններով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավագ լեյտենանտ [Վ.Տ.-ն] և [Կ.Ա.-ն] տվյալ հանցանքները կատարելուց անմիջապես հետո մահացել են, հնարավոր չէ նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել ...»:

33.  2012 թվականի սեպտեմբերի 20-ին քննիչ Մ.Բ.-ն (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը) դիմումատուների ներկայացուցչին 2012 թվականի հուլիսի 28-ի որոշման վերաբերյալ գրություն է ուղարկել (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը): Գրության մեջ նշված էր, որ որոշումը կից ներկայացվում էր: Քանի որ կից ներկայացված որոշումը բացակայում էր, դիմումատուների ներկայացուցիչը քննիչ Մ.Բ.-ից պահանջել էր ներկայացնել այն:

34.  2012 թվականի հոկտեմբերի 16-ին դիմումատուների ներկայացուցիչն առձեռն ստացել է որոշման պատճենը:

 

IV. Դիմումատուների ԲՈՂՈՔՆԵՐԸ

 

35.  2012 թվականի հոկտեմբերի 19-ին դիմումատուները զինվորական դատախազին վերաքննիչ բողոք են ներկայացրել 2012 թվականի հուլիսի 28-ին կայացված որոշման դեմ (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը)՝ վիճարկելով, որ դեպքի առթիվ պատշաճ քննություն չի իրականացվել: Մասնավորապես՝ չնայած պարզվել էր, որ մահացած զինծառայողները նշված դեպքերի ժամանակ ալկոհոլ են օգտագործած եղել, քննչական մարմնին չի հաջողվել պարզել, թե զինվորական ծառայության ընթացքում երբ և ինչպես են նրանք ալկոհոլ օգտագործել, ինչպես նաև չի հաջողվել պարզել, թե ինչպես են նրանք այն ձեռք բերել: Ա.Մ.-ի մարմնի վրա առկա ոչ հրազենային վնասվածքների վերաբերյալ որևէ բացատրություն չի տրվել (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը): Նաև պարզած լինելով, որ ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն հավանաբար զենքի հետ շփում է ունեցել, ինչպես նաև կրակել է զենքից (տե՛ս վերևում՝ 20-րդ պարբերությունը), քննչական մարմինը տվյալ հարցին չի անդրադարձել: Ավելին, անհրաժեշտ էր պարզել, թե ինչու էր Կ.Ա.-ն կյանքից զրկել մյուս զինծառայողներին այն դեպքում, երբ, ըստ առկա տեղեկությունների, նա կրակել էր ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի վրա վերջինիս կողմից Ա. Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու պահին: Հետևաբար նախաքննությանը չէր հաջողվել պարզել, թե որն է եղել Կ.Ա.-ի՝ մյուս զինծառայողներին կյանքից զրկելու շարժառիթը: Դիմումատուները նաև վիճարկել են, որ նախաքննությունը պատշաճ կերպով չի անդրադարձել Կ.Ա.-ի զորակոչի օրինականության հարցին՝ հաշվի առնելով նրա դատվածությունը, ինչպես նաև վիճարկել են այն հարցը, թե արդյոք 2010 թվականի հուլիսի 28-ի ողբերգական դեպքերը տեղի են ունեցել դատարանի կողմից ընդունված՝ հրազենին Կ.Ա.-ի հասանելիությունն արգելող որոշումն անտեսելու հետևանքով:

36.  2012 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ զինվորական դատախազը մերժել է դիմումատուների բողոքը:

37.  2012 թվականի նոյեմբերի 14-ին դիմումատուները Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում (Վարչական շրջանի դատարան) վիճարկել են գործի վարույթը կարճելու մասին որոշումը (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը)՝ ներկայացնելով զինվորական դատախազին ներկայացված փաստարկներին համանման փաստարկներ (տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը): Նրանք նաև հայտնել են, որ քննչական մարմինն իրենց չի տեղեկացրել քրեական վարույթի կարճման մասին, իրենց չի ուղարկել համապատասխան որոշումը և չի ապահովել գործի նյութերին իրենց հասանելիությունը:

38.  Վարչական շրջանի դատարանում անցկացվող վարույթի ընթացքում դիմումատուները պահանջել են իրենց տրամադրել գործի նյութերը: Այդ պահանջն ակնհայտորեն բավարարվել է: Գործի նյութերն ուսումնասիրելուց հետո դիմումատուները լրացուցիչ բողոք են ներկայացրել:

39.  2013 թվականի հունվարի 8-ին Վարչական շրջանի դատարանը մերժել է դիմումատուների բողոքը՝ վերահաստատելով 2012 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ սահմանված եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը) և նշելով, որ նրանց փաստարկները չէին համապատասխանում գործի նյութերին:

40.  Դիմումատուները ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը 2013 թվականի փետրվարի 20-ին մերժվել է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից: Դատարանը կրկնել է ներպետական իրավունքի համապատասխան դրույթները, ինչպես նաև նշել է, որ Վարչական շրջանի դատարանի՝ 2013 թվականի հունվարի 8-ի որոշումը չեղարկելու հիմք առկա չէր:

41.  Դիմումատուները նաև վճռաբեկ բողոք են ներկայացրել:

42.  2013 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը հիմքերի բացակայության պատճառով դիմումատուների վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի: 2013 թվականի ապրիլի 23-ին այդ որոշումը տրամադրվել է դիմումատուների ներկայացուցչին:

 

V.  Կ.Ա.-ի զորակոչի եՎ զինվորական ծառայության վերաբերյալ հասանելի տեղեկությունները

 

43.  1992 թվականին երեք տարեկան հասակում Կ.Ա.-ն իր մայրիկի հետ Հայաստանից տեղափոխվել է Միացյալ Նահանգներ:

44.  2006 թվականի դեկտեմբերին նա Միացյալ Նահանգների դատարաններից մեկի կողմից դատապարտվել է մի քանի հոդվածներով կողոպուտի դեպքերի, կողոպուտի գործիքներ պահելու և գողության համար: Հաշվի առնելով նրա՝ նախկինում դատվածության դեպքերը՝ նրան ճանաչել են բազմաթիվ հանցագործությունների համար նախկինում դատապարտված անչափահաս հանցագործ և պահել Կոլորադոյի՝ մարդկային ծառայությունների վարչության՝ երիտասարդների ուղղիչ բաժանմունքում՝ երկու տարի ժամկետով, որից առնվազն մեկ տարին՝ պարտադիր:

45.  2008 թվականի հունվարին Կ.Ա.-ն դատապարտվել էր ծանր հանցագործություն կատարելու կապակցությամբ նշանակված կալանքից փախուստի դիմելու համար: Նա ազատ է արձակվել երիտասարդների ուղղիչ բաժանմունքից 2008 թվականի ապրիլին:

46.  Ըստ դիմումատուների՝ Միացյալ Նահանգների դատարանը կանխարգելիչ հրաման է արձակել, որով արգելվում էր Կ.Ա.-ի հասանելիությունը զենքին: Կառավարությունը վիճարկել է այն, որ սա այդ դեպքն է: Ըստ դիմումատուների կողմից ի պաշտպանություն իրենց գանգատի ներկայացված՝ 2002 թվականին Միացյալ Նահանգներում ապօրինի զենք պահելու համար Կ.Ա.-ին առաջին անգամ դատապարտելու (ինչից հետո նրա նկատմամբ փորձաշրջան է սահմանվել) վերաբերյալ փաստաթղթերի՝ համապատասխան որոշման մեջ նշված էր, որ նա տանը որևէ զենք չպիտի ունենար:

47.  2009 թվականի ապրիլին Կ.Ա.-ն Միացյալ Նահանգներից  Հայաստան է արտաքսվել իր դատվածության պատճառով: Հայաստան ժամանելուն պես նա Միացյալ Նահանգներում իր նախկին դատվածության վերաբերյալ փաստաթղթերը ներկայացրել է ռազմական գերատեսչություններին:

48.  2009 թվականի հոկտեմբերի 28-ի գրության համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի զինվորական կոմիսարը զեկուցել է պաշտպանության նախարարությանն այն մասին, որ Կ.Ա.-ն Միացյալ Նահանգներում իր դատվածության վերաբերյալ փաստաթղթեր է ներկայացրել, ինչպես նաև հետաքրքրվել է, թե արդյոք Կ.Ա.-ն ենթակա էր զորակոչի: Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության ղեկավարը պատասխանել է՝ նշելով, որ Կ.Ա.-ի անձնական գործերը փոխանցվել են զինվորական դատախազին, որը վերջինիս համարել է զորակոչի ենթակա՝ «Զինապարտության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան (տե՛ս ստորև՝ 55-րդ պարբերությունը): Հաշվի առնելով զինվորական դատախազի եզրակացութունը՝ որոշում է կայացվել Կ.Ա.-ին զորակոչել բանակ:

49.  Բանակ զորակոչվելուց հետո Կ.Ա.-ն ներառված է եղել զորամասի այն զինծառայողների ցանկում, որոնց նկատմամբ նախկինում դատվածություն ունենալու կապակցությամբ խիստ հսկողություն, իսկ զինվորական կարգուկանոնի խախտման դեպքում պատիժ է սահմանված եղել:

50.  Համաձայն Կ.Ա.-ի անձնական գործի՝ նա անկոտրուն էր, համարձակ, լավատես և մարդամոտ: Առկա են 2009 թվականի դեկտեմբեր և 2010 թվականի հուլիս ամիսների միջև ընկած ժամանակահատվածում զորամասում Կ.Ա.-ի հետ անցկացված տասնմեկ թեմաներով խոսակցությունների ամփոփ գրառումներ, այդ թվում՝ այն մասին, թե արդյոք նա ծառայության ընթացքում որևէ խնդիր ուներ, ծառայությանը հարմարվելու կամ ընտանեկան խնդիրներ ուներ, որոնց բոլորին նա բացասական պատասխան էր տվել:

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ

 

համապատասխան ներպետական ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Ա.  Փոխհատուցում ստանալու իրավունքը

51.  Վնասների փոխհատուցման վերաբերյալ ներպետական օրենսդրության՝ տվյալ ժամանակահատվածում գործող համապատասխան դրույթները սահմանված են Միրզոյանն ընդդեմ Հայաստանի [Mirzoyan v. Armenia] գործով Դատարանի վճռում (թիվ 57129/10, §§ 46-50, 2019 թվականի մայիսի 23):

 

Բ.  Քրեական դատավարության օրենսգիրք (տվյալ ժամանակահատվածում գործող)

52.  Քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով տվյալ ժամանակահատվածում նախատեսվում էր, որ տուժողը նախաքննության ավարտման պահից իրավունք ուներ ծանոթանալու գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանելու և գործից դուրս գրելու ցանկացած տեղեկություն։

53.  262-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում էր, որ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշման պատճենը, inter alia, պետք է ուղարկվեր կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին և նրա ներկայացուցչին: Վերոնշյալ անձանց պետք է պարզաբանվեր գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը, ինչպես նաև վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման կարգը (262-րդ հոդվածի 2-րդ մաս): Վերոնշյալ անձինք իրավունք ունեին տվյալ օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալու կարճված գործի նյութերին (262-րդ հոդվածի 3-րդ մաս):

 

54.  263-րդ հոդվածով նախատեսվում էր, որ քրեական վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, նրա ներկայացուցչի և քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կողմից կարող էր բողոքարկվել վերադաս դատախազին:

 

Գ)  1998 թվականի սեպտեմբերի 16-ի՝ «Զինապարտության մասին» օրենք (չի գործում)

55.  «Զինապարտության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում էր, որ այն անձինք, որոնց նկատմամբ կատարվում էր հետաքննություն (նախաքննություն, դատաքննություն), կամ ովքեր նախկինում դատապարտվել էին ազատազրկման՝ ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, և ազատազրկման վայրում պատիժը կրել էին երեք տարուց ոչ պակաս, ինչպես նաև եթե կատարել էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից հաստատած ցանկում նշված հանցագործություն, ենթակա չէին զորակոչի:

«Զինապարտության մասին» օրենքի համաձայն՝ պաշտպանության նախարարը սահմանում էր նախկինում ազատազրկման դատապարտված և երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու կարգը:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I.  ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

56.  Դիմումատուները բողոք են ներկայացրել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում իրենց որդիների մահվան կապակցությամբ, ինչպես նաև այն կապակցությամբ, որ իրավասու մարմինները տվյալ գործով արդյունավետ քննություն չեն իրականացրել: Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վրա, որի համապատասխան մասն ունի հետևյալ բովանդակությունը.

«1.  Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով»:

 

Ա.  Ընդունելիությունը

1.  Իրավազորությունը

57.  Կառավարությունը պնդել է, որ Հայաստանը դիմումատուների կողմից 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի համաձայն ներկայացված բողոքների նկատմամբ որևէ իրավազորություն չունի, քանի որ Կ.Ա.-ն, որը պատասխանատվություն պետք է կրեր դիմումատուների որդիների կյանքի կորստի համար, զինվորական ծառայությունն անցնում էր «ԼՂՀ» ռազմական գերատեսչությունների վերահսկողության ներքո: Նրանք նաև հայտնել են, որ 2010 թվականի հուլիսի 28-ին տեղի ունեցած դեպքի քննությունը կատարվել է Հայաստանի իշխանությունների կողմից, և որ քրեական վարույթը կարճելու մասին քննչի որոշման դեմ բողոքները քննվել են Հայաստանի դատարանների կողմից: Հետևաբար առկա է հիմնավոր ապացույց այն մասին, որ Հայաստանն իրավազորություն է ունեցել 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի հիման վրա բարձրացված բողոքի նկատմամբ: Ըստ Կառավարության՝ այդ մասով Հայաստանի իրավազորությունը պետք է ճանաչվեր «պետական իշխանական գործառույթներ և վերահսկողություն իրականացնելու» բացառման հիմքով, մինչդեռ բողոքարկվող բոլոր ակտերը վերագրվել են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին:

58.  Դիմումատուները հայտնել են, որ քանի որ իրենց որդիները պարտադիր զինվորական ծառայություն էին անցնում, դրա հետ կապված ցանկացած դեպք պետք է գտնվեր Հայաստանի իրավազորության ներքո:

59.  Դատարանը նշում է, որ տվյալ տարածքի նկատմամբ Հայաստանի իրավազորության հարցն արդեն քննվել է այլ գործերի շրջանակներում. պարզվել է, որ Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ, և հետևաբար Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով տվյալ տարածքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ բողոքները Հայաստանի իրավազորության ներքո են եղել (տե՛ս Լեռնային Ղարաբաղում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ժամկետային զինծառայողների մահվան վերաբերյալ՝ Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի [ՄՊ] [Chiragov and Others v. Armenia [GC]], թիվ 13216/05 գործը, §§ 169-86, ՄԻԵԴ 2015, Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Muradyan v. Armenia], թիվ 11275/07 գործը, §§ 123-27, 2016 թվականի նոյեմբերի 24, և Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Nana Muradyan v. Armenia] թիվ 69517/11 գործը, §§ 86-92, 2022 թվականի ապրիլի 5, ինչպես նաև համեմատի՛ր Լեռնային Ղարաբաղում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ժամկետային զինծառայողի սպանության վերաբերյալ՝ Միրզոյանն ընդդեմ Հայաստանի [Mirzoyan v. Armenia], թիվ 57129/10 գործի հետ, § 56, 2019 թվականի մայիսի 23):

60.  Սույն գործով իրենց որդիների մահվան վերաբերյալ դիմումատուների բողոքները ենթակա են քննության Կոնվենցիայի 2-րդ հոդվածի թե՛ նյութաիրավական, թե՛ դատավարական հայեցակետերով: Ինչ վերաբերում է 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի իմաստով իրենց բողոքին՝ դիմումատուները բողոք էին ներկայացրել այն մասին, որ պետությունը չի ապահովել իրենց որդիների կյանքի իրավունքը՝ նախ վկայակոչելով Կ.Ա.-ին բանակ զորակոչելու մասին Հայաստանի զինվորական մարմինների որոշումը, այնուհետև մատնանշելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող և տվյալ սուբյեկտի կողմից ղեկավարվող զորամասի հրամանատարների կողմից պարտադիր զինվորական ծառայության ընթացքում իրենց որդիների կյանքը պաշտպանելուն ուղղված պատշաճ քայլեր չեն ձեռնարկվել1: Միևնույն ժամանակ դիմումատուները, այնքանով, որքանով հարցը վերաբերում է 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի համաձայն ներկայացված իրենց բողոքին, ներկայացրել են մի քանի փաստարկ՝ վիճարկելու համար Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված ներպետական քննության ընթացքում պարզ դարձած՝ իրենց որդիների մահվան հանգամանքները:

61.  Այս համատեքստում Դատարանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ժամկետային զինծառայողի մահվան և Հայաստանի իշխանությունների կողմից վերջերս՝ Նանա Մուրադյանի գործի քննությամբ (վերևում հիշատակված) պարզ է դարձել, որ Հայաստանի և դիմումատուի մահացած որդու միջև իրավազորության կապը պետք է հաստատվի՝ Չիրագովը և այլք Մեծ պալատի գործով ավելի վաղ արված այն եզրահանգումների հիման վրա (վերևում հիշատակված, §§ 169-86), որ մինչ համապատասխան ժամանակահատվածը (այն է՝ մինչ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած և 2020 թվականի նոյեմբերի 10-ին ավարտված պատերազմի արդյունքում այդ տարածքում տեղի ունեցած փոփոխությունը, ինչի հետևանքով Ադրբեջանը գրավել է հարակից բոլոր տարածքները և փաստացի «ԼՂՀ»-ի մի մասը, ինչպես նաև մինչ ռուս խաղաղապահների՝ տվյալ տարածքում առնվազն հինգ տարով տեղակայումը) Հայաստանն արդյունավետ վերահսկողություն էր իրականացնում Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ և պարտավորություն ուներ ապահովելու Կոնվենցիայով սահմանված իրավունքները և ազատությունները տվյալ տարածքում (տե՛ս վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի գործը, §§ 90-92, լրացուցիչ հղումներով):

62.  Միջադեպը, որը հանգեցրել է դիմումատուների որդիների մահվանը, տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 28-ին «ԼՂՀ»-ում տեղակայված զորամասում (տե՛ս վերևում՝ 6-րդ և 7-րդ պարբերությունները)։ Դատարանը սույն գործով չի գտել այնպիսի հատուկ հանգամանքներ, որոնք առկա են եղել 2020 թվականի նոյեմբերի 10-ից՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի ավարտից առաջ (տե՛ս վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի գործը, § 91), որոնք իրեն կստիպեին շեղվել տվյալ վճռով իր եզրահանգումներից, և հետևաբար Դատարանը գտնում է, որ Հայաստանի և դիմումատուների մահացած որդիների միջև իրավազորության մասով կապը սույն գործով պետք է հաստատվի այն հիմքով, որ Հայաստանը տվյալ ժամանակահատվածում արդյունավետ վերահսկողություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների նկատմամբ:

63.  Վերոնշյալ հիմքերով Դատարանը եկել է այն եզրահանգման, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով Հայաստանի և դիմումատուների մահացած որդիների միջև առկա է եղել իրավազորության մասով կապ:

 

2.  Վեցամսյա ժամկետի պահպանումը

64.  Կառավարությունը պնդել է, որ այն դեպքում, երբ Դատարանը համարի, որ, ըստ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի, Հայաստանն իրավազորություն է ունեցել դիմումատուների բողոքի նկատմամբ, այդ բողոքի հետ կապված վեցամսյա ժամկետը պետք է հաշվարկվի 2010 թվականի օգոստոսի 10-ից, որը պաշտպանության նախարարի այն հրամանի ընդունման ամսաթիվն է, որով հաստատվել են զինվորական պարտավորությունների կազմակերպման ընթացքում առկա թերացումները, ինչը նշված ողբերգական դեպքերի պատճառ է դարձել (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը): Միևնույն ժամանակ, եթե, ըստ դիմումատուների, Կ.Ա.-ն պատասխանատու էր նրանց որդիների կյանքի իրավունքի խախտման համար, այդ առնչությամբ վերջնական ներպետական որոշումը պետք է համարվի 2012 թվականի հուլիսի 28-ի որոշումը, որի համաձայն քրեական վարույթը կարճվել էր այն հիմքով, որ անձինք, որոնք կատարել էին համապատասխան հանցանքները՝ Կ.Ա.-ն և Վ.Տ.-ն, այլևս ողջ չէին (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը): Կառավարությունն այս կապակցությամբ պնդել է, որ ներպետական դատարաններում ներկայացված իրենց բողոքներում դիմումատուները չէին վիճարկել իշխանությունների եզրահանգումն այն մասին, որ իրենց որդիներին կյանքից զրկել էր Կ.Ա.-ն, սակայն հարցեր էին բարձրացրել դեպքի վերաբերյալ որոշակի մանրամասների առնչությամբ:

65.  Դիմումատուները պնդել են, որ վերջնական ներպետական որոշումը Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 18-ի որոշումն էր, որի համաձայն իրենց վճռաբեկ բողոքն անընդունելի էր ճանաչվել (տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերությունը):

66.  Վեցամսյա ժամկետը, որպես կանոն, սկսվում է իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու գործընթացում վերջնական որոշում կայացվելու օրվանից: Եթե ի սկզբանե պարզ է, որ, այնուամենայնիվ, դիմումատուին հասանելի չէ իրավական պաշտպանության որևէ արդյունավետ միջոց, ապա ժամկետն սկսվում է ակտերը կամ միջոցները բողոքարկելու ամսաթվից, կամ այդ ակտի կամ դիմումատուի վրա դրա ազդեցության կամ կանխակալ վերաբերմունքի մասին հայտնի դառնալու ամսաթվից, իսկ եթե իրավիճակը շարունակական է, ապա այդ իրավիճակն ավարտվելու պահից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC]], թիվ 10865/09 և 2 այլ, § 259, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ)):

67.  Սկզբում Կառավարությունը պնդել է, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում Ա. Սարգսյանի և Ռ. Հովհաննիսյանի կյանքը պետության կողմից ենթադրաբար չպաշտպանելու վերաբերյալ դիմումատուների բողոքի վեցամսյա ժամկետը պետք է հաշվարկվեր 2010 թվականի օգոստոսի 10-ից, որն այն ամսաթիվն է, երբ ընդունվել է տվյալ դեպքի առթիվ ներքին քննության արդյունքում կարգապահական պատասխանատվության միջոցներ նշանակելու մասին պաշտպանության նախարարի հրամանը (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը): Այս կապակցությամբ, ըստ վերջերս քննված այլ գործերի և հաշվի առնելով Կառավարության կողմից ներկայացված նմանատիպ այլ փաստարկներ այն մասին, թե արդյոք բանակում մահվան ելքով դեպքերի վերաբերյալ պաշտպանության նախարարի հրամանները, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, կարող էին համարվել «վերջնական որոշում», Դատարանը նկատում և գալիս է այն եզրահանգման, որ դրանք «վերջնական որոշում» չէին կարող համարվել (տե՛ս մասնավորապես Աշոտ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Ashot Malkhasyan v. Armenia], թիվ 35814/14, §§ 69-71, 2022 թվականի հոկտեմբերի 11, և Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Nazaryan v. Armenia], թիվ 2169/12 և 29887/14, §§ 95-99, 2022 թվականի նոյեմբերի 8)։ Դատարանը սույն գործում այդ եզրահանգումից շեղվելու որևէ պատճառ չի տեսնում։

68.  Կառավարությունն այնուհետև պնդել է, որ, որպես այլընտրանքային տարբերակ, պետության կողմից դիմումատուների որդիների կյանքը ենթադրաբար չպաշտպանելու վերաբերյալ դիմումատուների բողոքի վեցամսյա ժամկետը պետք է հաշվարկվի 2012 թվականի հուլիսի 28-ից, որն այն ամսաթիվն է, երբ քննիչը որոշում է կայացրել կարճելու քրեական վարույթը համապատասխան հանցանքները կատարած անձանց մահացած լինելու հիմքով (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը): Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ նշված որոշումը ենթակա էր բողոքարկման ներպետական իրավունքին համապատասխան (տե՛ս վերևում՝ 54-րդ պարբերությունը). դիմումատուները կարող էին օգտվել տվյալ հնարավորությունից քննության արդյունավետության վերաբերյալ իրենց բողոքները ներկայացնելու համար (տե՛ս վերևում՝ 35-րդ և 40-րդ պարբերությունները): Հետևաբար Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով՝ Դատարանը 2012 թվականի հուլիսի 28-ի որոշումը «վերջնական որոշում» համարելու հիմք չունի:

69.  Դատարանը հիմք չունի համարելու, ինչպես և Կառավարությունը չի ակնարկել, որ Ա. Սարգսյանի և Ռ. Հովհաննիսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ քրեական վարույթն անարդյունավետ իրավական պաշտպանության միջոց է եղել դիմումատուների՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածին համապատասխան ներկայացված բողոքների նկատմամբ: Այս կապացկությամբ Դատարանը նշում է, որ այդ վարույթներում վերջնական որոշումը դիմումատուներին է հանձնվել 2013 թվականի ապրիլի 23-ին (տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերությունը), և որ դիմումատուներն իրենց գանգատը ներկայացրել են 2013 թվականի հոկտեմբերի 18-ին, այսինքն՝ վեցամսյա ժամկետը պահպանելու կանոնին համապատասխան։ Հետևաբար Դատարանը մերժում է նաև վեցամսյա ժամկետի կանոնը չպահպանելու մասով Կառավարության առարկությունը։

 

3.  Անընդունելիության մյուս հիմքերը

70.  Դատարանը նշում է, որ այս բողոքը ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

Բ.  Ըստ էության քննությունը

1.  Կողմերի փաստարկները

ա)  Դիմումատուները

71.  Դիմումատուները հայտնել են, որ պետությունը, խախտելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, չի պաշտպանել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում իրենց որդիների կյանքի իրավունքը:

72.  Իրենց որդիները, որոնք գտնվում էին ռազմական գերատեսչությունների բացառիկ վերահսկողության ներքո, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սպանվել էին ժամկետային զինծառայողի կողմից: Իշխանությունները, խախտելով ներպետական իրավունքը, նախ պատշաճ կերպով չէին գնահատել Կ.Ա.-ին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու հետ կապված ռիսկերը՝ պայմանավորված նրա նախկին դատվածությամբ, ինչպես նաև չեն պաշտպանել նրանց որդիներին՝ զորամասում պատշաճ զինվորական կարգուկանոն հաստատելու միջոցով: Դեպքերի հետ կապված պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործությունը տեղի էր ունեցել մի կողմից՝ ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի ագրեսիվ վարքագծի, և մյուս կողմից՝ Կ.Ա.-ի վարքագծի վրա ալկոհոլի ազդեցության հետևանքով. երկու դեպքերն էլ զինվորական կարգուկանոնի խախտման հետևանք էին, որոնք չէին կանխվել կամ պատշաճ կերպով չէին կարգավորվել զորամասի պատասխանատուների կողմից:

73.  Դիմումատուները նաև պնդել են, որ գործի քննության կամ դատական վարույթի ընթացքում չեն պարզաբանվել նաև իրենց որդիների մահվան պատճառ հանդիսացած դեպքի առնչությամբ մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ ծառայակիցներին կյանքից զրկելու Կ.Ա.-ի շարժառիթը, զինծառայողների կողմից ալկոհոլ օգտագործելու հանգամանքները և Ա.Մ.-ի մարմնի վրա ոչ հրազենային վնասվածքների առկայությունը:

74.  Նրանք պնդել են, որ քննությունն անկախ չէր եղել, քանի որ Քննչական ծառայությունը Պաշտպանության նախարարության կառույցի մասն էր: Քննիչ Մ.Բ.-ն, լինելով պաշտպանության նախարարի ենթակայության տակ, չէր կարող անտեսել պաշտպանության նախարարի՝ 2010 թվականի օգոստոսի 10-ի հրամանով սահմանված՝ հանցագործության դեպքերի վարկածը (որի մեկ պատճենն իրեն էր տրամադրվել) և դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործով քննության շրջանակներում ընտրել գործի քննության այլ ուղիներ:

75.  Դիմումատուները գործի վերաբերյալ տեղեկություններ չեն ունեցել թե՛ քննության ընթացքում, թե՛ դրա ավարտից հետո: Դիմումատուներին գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն է տրվել միայն Վարչական շրջանի դատարանի միջնորդությամբ՝ այն բանից հետո, երբ նրանք վիճարկել են քրեական վարույթը կարճելու մասին Մ.Բ.-ի որոշումը:

 

բ)  Կառավարությունը

76.  Կառավարությունը պնդել է, որ Կ.Ա.-ի զորակոչը բանակ տեղի է ունեցել ներպետական իրավունքի, այն է՝ տվյալ ժամանակահատվածում գործող «Զինապարտության մասին» օրենքի պահանջներին համապատասխան: Մասնավորապես Կ.Ա.-ն երեք տարուց ավելի չի կրել իր պատիժը կալանավայրում, այդպիսով, նա ենթակա էր պարտադիր զորակոչի՝ համաձայն իշխանությունների կողմից կայացված որոշման: Կառավարությունը հայտնել է, որ Կ.Ա.-ի անձնական գործում առկա գրառումների համաձայն՝ զինվորական ծառայության ընթացքում նրա և զորամասի հրամանատարական կազմի միջև թվով տասնմեկ անձնական բնույթի խոսակցություններ են տեղի ունեցել: Նրան դրականորեն էին բնութագրում՝ որպես չափազանց կարգապահ զինծառայող, որն իր ծառայակիցների հետ գտնվում էր ընկերական հարաբերությունների մեջ: Այդ պատճառով հնարավոր չէ նույնիսկ ենթադրել, որ նա կարող էր կյանքից զրկել իր ծառայակիցներին:

77.  Կառավարությունն այնուհետև պնդել է, որ քննությունը եղել է անկախ և անկողմնակալ: Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն իր անձնակազմից անկախ մարմին էր: Հետևաբար Քննչական ծառայության և զինված ուժերի անդամների միջև աստիճանակարգային կամ ինստիտուցիոնալ փոխկապակցվածություն չի եղել։ Բացի այդ, Քննչական ծառայությունը ստեղծվել էր Կառավարության կողմից, և դրա գործունեությունը կարող էր կասեցվել Կառավարության կողմից, մինչդեռ Քննչական ծառայության ղեկավարին նշանակել և պաշտոնից ազատել է Հայաստանի Հանրապետության նախագահը:

78.  Անդրադառնալով այն փաստին, որ դիմումատուներին տրամադրվել են դատական փորձաքննություն նշանակելու մասին որոշումները, նրանք տեղեկացվել են իրենց իրավունքների մասին, և ներպետական վարույթում իրենց իրավունքները ներկայացվել են իրավաբանի կողմից, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուներին տրվել են իրավական և գործնական բոլոր հնարավորությունները քննությանն արդյունավետ կերպով մասնակցելու համար:

79.  Կառավարությունը պնդել է, որ քննությունն իրականացվել է անհապաղ և եղել է արդար: Դիմումատուների կոնկրետ բողոքներին նրանք տվել են հետևյալ պատասխանը:

80.  Ինչ վերաբերում է զինծառայողների կողմից ալկոհոլի օգտագործմանը, ապա Կառավարությունը հայտնել է, որ դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ հայտնաբերվել են օղու և գարեջրի դատարկ շշեր: Այդ կապակցությամբ նրանք ներկայացրել են նշված լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը (իրականացված 2010 թվականի սեպտեմբերի 27-ին), որի համաձայն՝ զորամասի թիվ 147 դիրքի զուգարանի կողքին՝ աղբի մեջ, գտնվել է գարեջրի դատարկ շիշ, ինչպես նաև թիվ 146 և թիվ 147 դիրքերի միջև ընկած խրամատում նետված աղբի մեջ գտնվել է օղու դատարկ շիշ:

81.  Ինչ վերաբերում է Ա.Մ.-ի մարմնի վրա ոչ հրազենային վնասվածքներին, այն է՝ բերանի ձախ անկյունում, մեջքին, վերին վերջույթների վրա առկա քերծվածքներին և կրծքավանդակի վրա առկա կապտուկներին, ապա դիահերձման թիվ 36 եզրակացության համաձայն (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը)՝ դրանք հասցվել են մահը վրա հասնելուց անմիջապես առաջ՝ «ագոնալ վիճակում», և մահվան հետ որևէ պատճառահետևանքային կապ չի եղել: Ավելին, քննությամբ չի բացահայտվել որևէ ապացույց այն մասին, որ Ա.Մ.-ն կենդանության օրոք ունեցել է նման վնասվածքներ:

82.  Ինչ վերաբերում է ծառայակիցներին կյանքից զրկելու Կ.Ա.-ի ենթադրյալ շարժառիթներին, ապա Կառավարությունը հիմնվել է դատահոգեբանական և դատահոգեբուժական՝ հետմահու փորձաքննության եզրակացության վրա, որի համաձայն՝ Կ.Ա.-ի գործողությունների պատճառը եղել են ալկոհոլի օգտագործումը և ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի գործողությունները:

83.  Վերջում Կառավարությունն ընդգծել է, որ դիմումատուները որևէ հատուկ քննչական գործողությունների իրականացման պահանջ չեն ներկայացրել այն հակասությունները պարզաբանելու նպատակով, որոնք, նրանց կարծիքով, խաթարել են քննության արդյունավետությունը:

 

2.  Դատարանի գնահատականը

ա)  Ընդհանուր սկզբունքները

i)  Նյութաիրավական հայեցակետը

84.  Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածը, որով պաշտպանվում է կյանքի իրավունքը, Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից մեկն է։ 3-րդ հոդվածի հետ միասին այն նաև սահմանում է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական հասարակությունների հիմնարար արժեքներից մեկը: Որպես անհատների իրավունքների պաշտպանության գործիք, ըստ Կոնվենցիայի առարկայի և նպատակի՝ պահանջվում է, որ 2-րդ հոդվածը մեկնաբանվի և կիրառվի այնպես, որ ապահովվի վերջինիս երաշխիքների կիրառելիությունը և արդյունավետությունը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մքքաննը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [McCann and Others v. the United Kingdom], 1995 թվականի սեպտեմբերի 27, § 146-47, շարք Ա, թիվ 324):

85.  2-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությամբ՝ պետության համար սահմանվում է ոչ միայն անձին դիտավորությամբ և ապօրինաբար կյանքից զրկելու արգելք, այլ նաև իր իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքը պաշտպանելու նպատակով համապատասխան քայլեր ձեռնարկելու պարտավորություն (տե՛ս Լ.Ս.Բ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [L.C.B. v. the United Kingdom], 1998 թվականի հունիսի 9, § 36, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ, 1998 ‑ III): Այնուամենայնիվ, դրական պարտավորությունը պետք է մեկնաբանվի այնպես, որ իշխանությունները չափից ավելի բեռ չկրեն, մասնավորապես՝ հաշվի առնելով մարդկային վարքի անկանխատեսելիությունը (տե՛ս Քինանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Keenan v. the United Kingdom], թիվ 27229/95, §§ 89-90, ՄԻԵԴ 2001-III):

86.  Անհատների՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համատեքստում Դատարանը նախկինում առիթ է ունեցել ընդգծելու, որ ինչպես կալանքի տակ պահվող անձանց դեպքում, զորակոչիկները նույնպես գտնվում են պետության բացառիկ հսկողության ներքո, քանի որ բանակում տեղի ունեցող ցանկացած դեպք ամբողջությամբ կամ մեծամասամբ կատարվում է իշխանությունների բացառիկ իմացությամբ, և որ իշխանությունների վրա դրված է նրանց պաշտպանելու պարտականություն (տե՛ս Բեկերն ընդդեմ Թուրքիայի [Beker v. Turkey], թիվ 27866/03, §§ 41-42, 2009 թվականի մարտի 24, Մոսենձն ընդդեմ Ուկրաինայի [Mosendz v. Ukraine], թիվ 52013/08, § 92, 2013 թվականի հունվարի 17, և Մալիկ Բաբայևն ընդդեմ Ադրբեջանի [Malik Babayev v. Azerbaijan] (թիվ 30500/11, § 66, 2017 թվականի հունիսի 1):

87. Նույն համատեքստում Դատարանն այնուհետև վճռել է, որ պետության առաջնային պարտականությունն է ներդնել կյանքին կամ ֆիզիկական անձեռնմխելիությանը սպառնացող այն վտանգի աստիճանին հարմարեցված կանոններ, որը կարող է առաջանալ ոչ միայն պայմանավորված ռազմական գործողությունների և օպերացիաների բնույթով , այլ նաև մարդկային գործոնով, որն առաջ է գալիս այն ժամանակ, երբ պետությունը որոշում է սովորական քաղաքացիներին զորակոչել՝ զինվորական ծառայություն անցնելու համար: Այդպիսի կանոններով պետք է պահանջվի ընդունել գործնական միջոցներ, որոնք ուղղված են զինակոչիկներին զինվորական կյանքին ներհատուկ վտանգներից արդյունավետորեն պաշտպանելուն, և պատշաճ ընթացակարգեր՝ այն թերացումները և սխալները հայտնաբերելու համար, որոնք այդ առնչությամբ կարող են թույլ տրվել տարբեր մակարդակներում պատասխանատու անձանց կողմից (տե՛ս Կիլինչը և այլք ընդդեմ Թուրքիայի, թիվ 40145/98, § 41, 2005 թվականի հունիսի 7, և վերևում հիշատակված՝ Մոսենձի [Mosendz] գործը, § 91):

88.  Ավելին, պետություններից պահանջվում է պայմանագրային զինծառայողների շրջանում ապահովել բարձր մասնագիտական չափորոշիչներ, որոնց գործողություններն ու անգործությունը, մասնավորապես՝ պայմանագրային զինծառայողների նկատմամբ, կարող են որոշակի հանգամանքներում առաջ բերել նրանց պատասխանատվությունը, inter alia , 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետով (տե՛ս մասնավորապես Աբդուլլահ Յիլմազն ընդդեմ Թուրքիայի [Abdullah Yılmaz v. Turkey], թիվ 21899/02, §§ 56-57, 2008 թվականի հունիսի 17, տե՛ս նաև, mutatis mutandis ՝ Ստոյանովին ընդդեմ Բուլղարիայի [Stoyanovi v. Bulgaria], թիվ 42980/04, § 61, 2010 թվականի նոյեմբերի 9):

89.  Ապացույցները գնահատելիս Դատարանը կիրառում է «հիմնավոր կասկածից վեր» ապացույցի չափորոշիչը։ Այնուամենայնիվ, նման ապացույցները կարող են բխել համատեղ գոյություն ունեցող՝ բավականաչափ արժանահավատ, հստակ և համահունչ ենթադրություններից կամ փաստի վերաբերյալ համանման անհերքելի կանխավարկածներից։ Այն դեպքում, երբ պետական մարմիններն ամբողջությամբ կամ մեծամասամբ ծանոթ են խնդրո առարկա իրադարձություններին, ինչպես օրինակ՝ իրենց հսկողության ներքո կալանքի տակ գտնվող կամ բանակում ծառայող անձանց դեպքում կառաջանան այդ կալանավորման կամ ծառայության ընթացքում ստացված վնասվածքների և մահվան փաստի առկայության վերաբերյալ ծանրակշիռ կանխավարկածներ: Իսկապես, ապացուցման բեռի առումով կարելի է համարել, որ իշխանությունների պարտականությունն է տալ բավարար և համոզիչ բացատրություն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Նանա Մուրադյանի [Nana Muradyan] գործը, § 123 և Հովհաննիսյանի և Նազարյանի [Hovhannisyan and Nazaryan] գործը, § 123՝ երկուսն էլ վերևում հիշատակված)։

 

ii)  Դատավարական հայեցակետը

90.  Ըստ Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված «[Իր] իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները պաշտպանելուն ուղղված» ընդհանուր պարտավորության համակցությամբ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված կյանքի իրավունքը պաշտպանելու պետության պարտավորության՝ անուղղակիորեն պահանջվում է, որ կասկածելի հանգամանքներում անձանց՝ վրա հասած մահվան դեպքում իրականացվի արդյունավետ պաշտոնական քննություն։ Տվյալ պարտավորությունը չի սահմանափակվում այն դեպքերով, երբ հաստատվում է այն փաստը, որ մահը պատճառվել է պետության ներկայացուցչի կողմից (տե՛ս Լարին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության , թիվ 37847/13, § 34, 2015 թվականի սեպտեմբերի 15, հաջորդող հղումների հետ միասին):

91.  Քննությունը պետք է արդյունավետ լինի այն իմաստով, որ այն պետք է հանգեցնի փաստերի հաստատմանը և անհրաժեշտության դեպքում՝ պատասխանատու անձանց հայտնաբերմանը և նրանց պատժելուն (նույն տեղում, § 172): Այն նաև պետք է մանրակրկիտ լինի, ինչը նշանակում է, որ իշխանությունները պետք է լրջորեն փորձեն պարզել տեղի ունեցածը և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա՝ քննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշումների համար որպես հիմք ընդունելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others, § 325 և Էլ Մասրին ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [ՄՊ] [El-Masri v. the former Yugoslav Republic of Macedonia [GC] գործը, թիվ 39630/09, § 183, ՄԻԵԴ 2012 թվական):

92.  Արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը ոչ թե արդյունքի, այլ միջոցների պարտավորություն է. համապատասխան մարմինները պետք է ձեռնարկեն իրենց հասանելի բոլոր ողջամիտ միջոցները՝ ապահովելու համար խնդրո առարկա դեպքի վերաբերյալ ապացույցները, ներառյալ, inter alia,  ականատեսների վկայությունը, դատափորձագիտական ապացույցները, և անհրաժեշտության դեպքում՝ դիահերձում, որի միջոցով հնարավոր է ստանալ վնասվածքի ամբողջական և ճշգրիտ պատկերը և կլինիկական եզրակացությունների, այդ թվում՝ մահվան պատճառների օբյեկտիվ վերլուծությունը: Քննության արդյունավետությունը, սակայն, չի կարող գնահատվել միայն ստացված եզրակացությունների, հարցաքննված վկաների կամ ձեռնարկված այլ քննչական միջոցառումների թվով։ Քննության եզրահանգումները պետք է հիմնված լինեն համապատասխան բոլոր բաղադրիչների մանրամասն, օբյեկտիվ և անաչառ վերլուծության վրա: Հետաքննության համար ակնհայտորեն անհրաժեշտ միջոցները պատշաճ կերպով չձեռնարկելը վճռորոշ կերպով խոչընդոտում է գործի փաստական հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում պատասխանատուներին ի հայտ բերելու քննության հնարավորությունը և անխուսափելիորեն հանգեցնում է արդյունավետության պահանջվող չափանիշին չհամապատասխանելուն (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Muradyan v. Armenia], թիվ 11275/07, § 135, 2016 թվականի նոյեմբերի 24, հաջորդող հղումների հետ միասին, և Նանա Մուրադյանի [Nana Muradyan] գործը, § 126)։

93.  Ավելին, քննության համար պատասխանատու անձինք պետք է անկախ լինեն դեպքերի հետ առնչություն ունեցած կամ հնարավոր առնչություն ունեցած անձանցից։ Սա ենթադրում է ոչ միայն աստիճանակարգային կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև գործնական անկախություն (տե՛ս Մուսթաֆա Թունքը և Ֆեջիրե Թունքն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey] [GC], թիվ 24014/05, § 177, 2015 թվականի ապրիլի 14):

94.  Բացի այդ, քննությունը պետք է այնքանով հասանելի լինի տուժողի ընտանիքին, որքանով դա անհրաժեշտ է նրանց օրինական շահերը պաշտպանելու համար։ Նաև պետք է լինի քննության հանրային վերահսկողության բավարար տարր, որի աստիճանը կարող է յուրաքանչյուր գործի համար տարբեր լինել (տե՛ս Հյու Ջորդանն ընդդեմ Միացյալ Թագավորության [ Hugh Jordan v. the United Kingdom], թիվ 24746/94 գործը, § 109, 2001 թվականի մայիսի 4)։ Այնուամենայնիվ, հանրության կամ տուժողի ազգականներին անհրաժեշտ հասանելիությունը կարող է նախատեսվել դատավարության այլ փուլերում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ջուլիանին և Գաջոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Giuliani and Gaggio v. Italy] [GC], թիվ 23458/02, § 304, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ) և ՄըքՔըրն ընդդեմ Միացյալ Թագավորության [McKerr v. the United Kingdom], թիվ 28883/95, § 129, ՄԻԵԴ 2001‑III):

95.  Ի վերջո, այն հարցը, թե արդյոք քննությունը բավականաչափ արդյունավետ է եղել, պետք է գնահատվի համապատասխան բոլոր փաստերի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով քննչական աշխատանքի գործնական հանգամանքները: Քննության արդյունավետության նվազագույն շեմը բավարարող հսկողության բնույթը և աստիճանը կախված են կոնկրետ գործի հանգամանքներից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 136, հաջորդող հղումների հետ միասին, և Նանա Մուրադյանիգործը, §127)։

 

բ)  Սույն գործի նկատմամբ վերոնշյալ սկզբունքների կիրառումը

i)  Նյութաիրավական հայեցակետը

96.  Դիմումատուների՝ ողբերգական հրաձգության հետևանքով մահացած որդիներ Ռ. Հովհաննիսյանը և Ա. Սարգսյանը ժամկետային զինծառայողներ էին, որոնք իշխանությունների խնամքի և պատասխանատվության ներքո իրենց պարտադիր զինվորական ծառայությունն էին անցնում:

97.  Թեև իրենց գանգատի մեջ դիմումատուները կարծես թե վիճարկում էին ներպետական մարմինների այն պաշտոնական եզրահանգումը, որ Կ.Ա.-ն եղել է հրաձգություն կատարողը (հատկապես վկայակոչելով իրենց բողոքներում նշված քննության անճշտությունները՝ ամփոփված վերոնշյալ 35-րդ պարբերությունում), այնուամենայնիվ, նրանք բողոք են ներկայացրել զինվորական մարմինների՝ Կ.Ա.-ին բանակ զորակոչելու որոշման, ինչպես նաև իրենց որդիների ծառայությունը զինվորական կարգապահությանը համապատասխան չկազմակերպելու դեմ (տե՛ս վերևում՝ 72-րդ պարբերությունը): Ավելին, թեև դիմումատուներն իրենց դիտարկումներում պնդում էին իրենց բողոքն այն մասին, որ քննության ընթացքում կամ հետագա դատական վարույթներում չեն պարզաբանվել ճակատագրական դեպքի շուրջ բազմաթիվ կասկածելի հանգամանքներ, դիմումատուները չեն ներկայացրել այնպիսի փաստարկներ, որոնցով կվիճարկեին քննչական մարմնի եզրակացությունն այն մասին, որ Կ.Ա.-ն էր հրազենային վնասվածք հասցրել ավագ լեյտենանտ Վ.Տ.-ին և իր ծառայակիցներին (հակադրել Այվազյանն ընդդեմ Հայաստանի [Ayvazyan v. Armenia], թիվ 56717/08, § 87, 2017 թվականի հունիսի 1, վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի, §129, գործերի հետ և համադրել նույնպես վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանը և Նազարյանը գործի հետ, § 132):

98.  Դատարանը վկայակոչում է քննության իրականացման հետ կապված լուրջ թերացումների վերաբերյալ իր եզրահանգումները (տե՛ս ստորև՝ 124-ից 129-րդ պարբերությունները): Այդ թերացումների պատճառով չի հաջողվել պարզել ճակատագրական հրաձգության վերաբերյալ մի շարք էական փաստեր, այդ թվում, ի թիվս այլնի, զինծառայողների կողմից ալկոհոլի ենթադրյալ օգտագործումը, այն պատճառը կամ պատճառները, որոնք դրդել են Կ.Ա.-ին կյանքից զրկել նաև իր ծառայակիցներին, որոնց հետ նա լավ հարաբերությունների մեջ էր, ինչպես նաև Ա.Մ.-ի մարմնի վրա չպարզաբանված վնասվածքների առկայությունը: Այդպիսով, հաշվի առնելով իր նախադեպային իրավունքում ընդունված չափորոշիչները (տե՛ս վերևում՝ 89-րդ պարբերությունը) և դեպքի առնչությամբ դիմումատուների դիրքորոշումը (տե՛ս վերևում՝ 97-րդ պարբերությունը)՝ Դատարանը սույն գործով ներպետական քննության, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության կողմից իրականացված՝ գործով ներքին քննության ընթացքում հաստատված փաստերի հիման վրա իր կողմից գնահատում չկատարելու համոզիչ հիմնավորում չի տեսնում (տե՛ս վերևում՝ 21-րդ և 32-րդ պարբերությունները):

99.  Այսպիսով, ըստ դեպքերի հետ կապված պաշտոնական տեղեկությունների՝ դիմումատուների որդիները, նրանց երկու ծառայակիցները և ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն սպանվել էին Կ.Ա.-ի կողմից՝ ժամկետային զինծառայող, որը Միացյալ Նահանգներում կատարված մի շարք հանցանքների պատճառով դատվածություն ուներ, և որին Հայաստանի ռազմական գերատեսչությունները համարել էին զորակոչի ենթակա (տե՛ս վերևում՝ 44-րդ, 45-րդ, 47-րդ և 48-րդ պարբերությունները), և որն այնուհետև ինքնասպան էր եղել (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը): Քննության ընթացքում պարզ է դարձել, որ Կ.Ա.-ի գործողությունները հրահրվել են ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի կողմից Կ.Ա.-ի և Ա. Սարգսյանի նկատմամբ ցուցաբերված ագրեսիվ վարքագծի հետևանքով, որոնց ավելի վաղ՝ դիտակետում հերթապահություն իրականացնելու ընթացքում, քնած են հայտնաբերել. միջադեպ, որի ականատեսն են եղել նաև հրամանատարական կազմի ավագ ծառայողները (տե՛ս վերևում՝ 21րդ, 31-րդ և 32-րդ պարբերությունները):

100. Այս կապակցությամբ Դատարանը վերահաստատում է, որ ներպետական իշխանությունները պարտավոր են սահմանել կանոններ և ձեռնարկել գործնական միջոցներ՝ ժամկետային զինծառայողներին ծառայողական կյանքին բնորոշ վտանգներից արդյունավետորեն պաշտպանելու նպատակով, և սահմանել համապատասխան ընթացակարգեր՝ հայտնաբերելու այն թերություններն ու սխալները, որոնք այդ առումով կարող են թույլ տրվել տարբեր զինվորական աստիճաններ ունեցող պատասխանատուների կողմից: Իշխանություններից պահանջվում է նաև պայմանագրային զինծառայողների շրջանում ապահովել բարձր մասնագիտական չափորոշիչներ (տե՛ս վերևում՝ 86-88-րդ պարբերություններում մեջբերված նախադեպային իրավունքը): Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ վերոնշյալից բխող պատճառներով սույն գործով համապատասխան մարմինները չեն կատարել իրենց պարտավորությունները:

101.  Դատարան ներկայացված ապացույցներից բխում է, որ ռազմական գերատեսչությունները Կ.Ա.-ին բանակ զորակոչելու որոշում են կայացրել՝ լիարժեք տեղյակ լինելով Միացյալ Նահանգներում նրա նախկին հանցավոր գործունեության, այդ թվում՝ նրա բազմաթիվ դատվածությունների մասին, որոնք ի վերջո հանգեցրել են արտաքսման, ինչը տեղի է ունեցել նրա զորակոչից ընդամենը մի քանի ամիս առաջ (տե՛ս վերևում՝ 47-րդ և 48-րդ պարբերությունները):

102.  Կառավարությունը պնդել է, որ Կ.Ա.-ին բանակ զորակոչելու վերաբերյալ որոշումը կայացվել է «Զինապարտության մասին» օրենքին համապատասխան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա կալանավայրում իր պատիժը կրել է երեք տարուց պակաս ժամկետով (ներպետական օրենքի համապատասխան դրույթների նկարագրությունը տե՛ս վերևում՝ 76-րդ, ինչպես նաև 55-րդ պարբերություններում), մինչդեռ դիմումատուները, առանց իրենց պահանջը հիմնավորելու, վիճարկում էին, թե որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ (տե՛ս վերևում՝ 72-րդ պարբերությունը):

103.  Այնուամենայնիվ, Դատարան ներկայացված նյութերում առկա չեն տեղեկություններ այն մասին, թե որևէ փուլում ռազմական գերատեսչությունները փորձել են առավել մանրամասնորեն ուսումնասիրել Կ.Ա.-ի խառնվածքը կամ հաշվի են առել նրա կատարած հանցանքների բնույթը և վտանգավորության աստիճանը, որոնք կատարելու համար նա բավականաչափ խստորեն դատապարտվել էր Միացյալ Նահանգների դատարանների կողմից, որոնք նրան այդ վաղ տարիքում անչափահասների ուղղիչ հիմնարկ էին տեղափոխել, ինչից հետո նրան արտաքսել էին երկրից այն դեպքում, երբ նա իր վաղ մանկությունից ապրել էր այնտեղ (տե՛ս վերևում՝ 43-րդ, 44-րդ և 47-րդ պարբերությունները): Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ, չնայած սույն բողոքի մասին Կառավարությանը ծանուցելիս իր կողմից ներկայացված հատուկ պահանջին, Կառավարությունը զինվորական մարմինների կողմից Կ.Ա.-ին զորակոչելու հարցը համապատասխան ժամկետում քննելու և հետագայում նրան բանակ զորակոչելու որոշման վերաբերյալ որևէ լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել: Հետևաբար գործի վերաբերյալ միակ հասանելի փաստաթուղթը Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության ղեկավարի կողմից ներկայացված գրությունն էր, որում, առանց լրացուցիչ մանրամասներ ներկայացնելու և վկայակոչելով «Զինապարտության մասին» օրենքը (տե՛ս վերևում՝ 55-րդ պարբերությունը), համապատասխան զինվորական կոմիսարին տեղեկացվում էր, որ որոշում էր կայացվել Կ.Ա.-ին բանակ զորակոչել զինվորական դատախազի եզրակացության հիման վրա (տե՛ս վերևում՝ 48-րդ պարբերությունը):

104.  Ցանկացած դեպքում, անգամ եթե Կ.Ա.-ին բանակ զորակոչելու մասին որոշումը չի կայացվել ներպետական իրավունքի խախտմամբ, ռազմական գերատեսչությունները գործի նկատմամբ ձևական մոտեցում են ցուցաբերել՝ ընդամենը հաշվի առնելով Կ.Ա.-ի՝ անչափահասների ուղղիչ հիմնարկում գտնվելու ժամանակահատվածը՝ պատշաճ կերպով հաշվի չառնելով դատվածության պատճառով Միացյալ Նահանգներից արտաքսված լինելու հանգամանքը, մասնավորապես՝ անտեսելով արտաքսումից առաջ Միացյալ Նահանգներում նրա կողմից կատարված հանցագործությունների բնույթը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների դատարանի՝ նրա կողմից զենքի հասանելիությունն արգելող՝ 2002 թվականի որոշումը (տե՛ս վերևում՝ 46-րդ պարբերությունը): Բացի այդ, ինչպես նշված է պաշտպանության նախարարի հրամանում, հետագայում Կ.Ա.-ին բանակ զորակոչելուց հետո զորամասի հրամանատարության կողմից այս գործոններից ոչ մեկը հաշվի չի առնվել (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը):

105.  Ըստ Կառավարության կողմից տրամադրված տեղեկության՝ Կ.Ա.-ն այն զինծառայողներից էր, որը զորամասում ընդգրկված էր խիստ հսկողություն պահանջող զինծառայողների ցանկում (տե՛ս վերևում՝ 49-րդ և 76-րդ պարբերությունները): Սակայն նրանք չեն պարզաբանել, թե նրա նկատմամբ վերահսկողության առումով գործնականում դա ինչ էր նշանակում, և ինչ միջոցներ էր ներառված: Կառավարությունը նաև չի ակնարկում, թե զինվորական ծառայության ընթացքում Կ.Ա.-ի հետ տեղի ունեցած խոսակցությունները (տե՛ս վերևում՝ 50-րդ պարբերությունը) ավելին էին, քան ուղղակի առօրյա խոսակցություններ, որոնք տեղի էին ունենում՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, թե արդյոք տվյալ ժամկետային զինծառայողներն ընդգրկված էին խիստ հսկողություն պահանջող զինծառայողների ցանկում: Այնուամենայնիվ, այն խոսակցությունների հիման վրա, որոնց ընթացքում Կ.Ա.-ն, ըստ իր անձնական գործում առկա գրառումների, նշել էր, թե զինվորական ծառայությանը հարմարվելու առումով որևէ խնդիր չի ունեցել (տե՛ս վերևում՝ 50-րդ պարբերությունը), ակնհայտորեն հնարավոր չէր բացահայտել այն դժվարությունները, որոնց նա իրականում բախվում էր, ինչպես հետևում է իր անձնական նոթատետրում արված գրառումներից (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը):

106. Ինչ վերաբերում է մասնավորապես դեպքի օրվան, ապա թե՛ ներքին, թե՛ քրեական գործով քննությամբ միանշանակ հաստատվել էր, որ զորամասի ավագ հրամանատարները, մասնավորապես՝ փոխգնդապետ Վ.Պ.-ն և Ս.Գ.-ն՝ համապատասխանաբար հրամանատարի տեղակալը և աշխատակազմի ղեկավարի տեղակալը (տե՛ս վերևում՝ 12-14-րդ պարբերությունները), դիտակետում ներկա են եղել այն պահին, երբ ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն Ա. Սարգսյանի և Կ.Ա.-ի նկատմամբ զայրույթի պոռթկման շեմին էր այն պատճառով, որ վերջիններիս քնած էին հայտնաբերել (տե՛ս վերևում՝ 21-րդ և 32-րդ պարբերությունները): Ավելին, փոխգնդապետ Ս.Գ.-ն հայտնել է, որ իր մեջ կասկած է եղել, որ ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն կհարվածեր ժամկետային զինծառայողներին, ինչի պատճառով ինքը թույլ չի տվել Վ.Տ.-ին մոտենալ նրանց (տե՛ս վերևում՝13-րդ և 14-րդ պարբերությունները):

107.  Այդպիսով, թեև նա անձամբ ականատես էր եղել ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի զայրույթին, ինչպես նաև Ա. Սարգսյանի և Կ.Ա.-ի նկատմամբ արտահայտված ագրեսիվ պահվածքի դրսևորմանը, փոխգնդապետներ Վ.Պ.-ն և Ս.Գ.-ն պարզապես լքել են դիտակետը՝ առանց ավագ լեյտենանտ Վ.Տ.-ին հանդարտեցնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու՝ կանխելու համար կատաղության հնարավոր պոռթկումը, որի առաջացման ակնհայտ նշաններ կային: Այդ իրավիճակում փոխգնդապետներ Վ.Պ.-ի և Ս.Գ.-ի վարքագիծը քննադատվել է պաշտպանության նախարարի կողմից իր հրամանում՝ նրանց հանդեպ կարգապահական խիստ միջոցների կիրառմամբ: Մասնավորապես նշվել է, որ դեպքը տեղի ունեցած չէր լինի, եթե, ի թիվս այլնի, փոխգնդապետ Վ.Պ.-ն և Ս.Գ.-ն «կանխարգելիչ միջոցներ ձեռնարկած լինեին [ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի] բռնի գործողություններից խուսափելու համար» (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը):

108. Ավելին, փոխգնդապետներ Վ.Պ.-ի և Ս.Գ.-ի կողմից ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի՝ իր հրամանատարության ներքո գտնվող ժամկետային զինծառայողների նկատմամբ հանցավոր վարքագիծը կանխելուն ուղղված միջոցներ չձեռնարկելու փաստին հաջորդել է դասակի հրամանատարի՝ կապիտան Մ.Մ.-ի անգործությունը, որին ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն հետագա հեռախոսային խոսակցության ընթացքում ըստ երևույթին հայտնել է, որ ինքը մտադրված էր վնասել ժամկետային զինծառայողներին, եթե նրանց չուղարկեին զորամաս (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը):  Այսպիսով, բացի այն, որ կապիտան Մ.Մ.-ն չի հետևել ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի՝ Ա. Սարգսյանին և Կ.Ա.-ին զորամաս ուղարկելու պահանջին, նա նաև իր վերադասներին չի զեկուցել իրենց խոսակցության մասին և միջոցներ չի ձեռնարկել ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի զայրույթը մեղմելու և նրան հանդարտեցնելու համար:  Ըստ քննությամբ հայտնի դարձած տեղեկությունների՝ Կ.Ա.-ի կողմից կատարված հրաձգության հիմնական և միակ պատճառը նրա վախն էր՝ կապված նրա հետ, որ ինքը կարող էր հաջորդը լինել, ում հանդեպ ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն վատ վերաբերմունք կցուցաբերեր, քանի որ ինքը տեսել էր, թե ինչպես էր նա Ա. Սարգսյանին ծեծի ենթարկում:

109. Ի վերջո, խախտելով զինվորական կանոնները՝ պահանջ չի ներկայացվել Ա. Սարգսյանին և Կ.Ա.-ին հերթափոխից հետո հանձնել և պահեստավորել իրենց զենքերը, և մահացած բոլոր զինծառայողները, այդ թվում՝ ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն, ինչ-որ պահի ալկոհոլ են օգտագործել, ինչն առհասարակ հակասում է զինվորական կանոններին և զինվորական կարգապահության խախտում է (տե՛ս վերևում՝ 18-րդ և 21-րդ պարբերությունները):

110.  Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ ռազմական գերատեսչություններին չի հաջողվել կատարել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում Ռ. Հովհաննիսյանին և Ա. Սարգսյանին պաշտպանելու իրենց պարտավորությունը: Նախ նրանք որոշել են Կ.Ա.-ին զորակոչել զինվորական ծառայության՝ անտեսելով վերջինիս քրեական անցյալը, ինչպես նաև առանց վերջինիս խառնվածքը և բանակում ծառայելու հետ կապված ռիսկերը պատշաճ կերպով ուսումնասիրելու: Բացի այդ, նրանք պարտադիր զինվորական ծառայության ընթացքում պատշաճ զինվորական կարգապահություն պահպանելու, ինչպես նաև մի քանի կյանք խլած ողբերգական հրաձգության պատճառ դարձած վայրագությունը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել:

111.  Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում:

 

ii)  Դատավարական հայեցակետը

1)  Քննության անհապաղ իրականացումը

112.  Դատարանն ի սկզբանե նկատում է, որ հրաձգությունից մի քանի ժամ անց միջոցներ են ձեռնարկվել ապացույցներն ապահովելու համար: Մասնավորապես քննիչը տեղում զննություն է իրականացրել, նկարել է դեպքի վայրը, առգրավել է ապացույցները և դեպքի վայրում հայտնաբերված զենքերը (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը): Ավելին, նույն ամսաթվին հարուցվել է քրեական գործ, և նշանակվել դիահերձում (տե՛ս վերևում՝ 9-րդ և 10-րդ պարբերությունները): Ավելին, մինչև հաջորդ օրը հարցաքննվել են մի քանի վկաներ, և ընդամենը մի քանի օրվա ընթացքում նշանակվել են դատական փորձաքննություններ (տե՛ս, օրինակ, վերևում՝ 12-17-րդ և 20-րդ պարբերությունները):

 

113.  Գործով քննությունը տևել է երկու տարի (տե՛ս վերևում՝ 9-րդ և 32-րդ պարբերությունները), իսկ դատարանների կողմից դիմումատուների բողոքների քննությունն ավարտվել է մեկ տարուց պակաս ժամկետում (տե՛ս վերևում՝ 37-րդ և 42-րդ պարբերություները):

114.  Այդ հանգամանքներում Դատարանը գտնում է, որ քննությունն իրականացվել է անհրաժեշտ անհապաղությամբ. այն անհիմն չի ձգձգվել։

 

2)  Քննության անկախությունը

115.  Դիմումատուները վիճարկում էին, որ իրենց որդիների մահվան քննությունն անկախ չի եղել, քանի որ քննիչ Մ.Բ.-ն, որը գտնվում էր պաշտպանության նախարարի ենթակայության ներքո, կաշկանդված էր դեպքերի վերաբերյալ պաշտպանության նախարարի՝ 2010 թվականի օգոստոսի 10-ի հրամանով ներկայացված պաշտոնական վարկածով:

116.  Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածով չի պահանջվում, որ քննության համար պատասխանատու անձինք և մարմինները պետք է օգտվեն բացարձակ անկախությունից, այլ այն, որ նրանք պետք է բավականաչափ անկախ լինեն այն անձանցից և կառույցներից, որոնց պատասխանատվությունը, ամենայն հավանականությամբ, ներգրավվելու է (տե՛ս Ռամսահայը և այլք ընդդեմ Նիդեռլանդների [ՄՊ] [Ramsahai and Others v. the Netherlands [GC]], թիվ 52391/99, §§ 343-44, ՄԻԵԴ 2007-II):

117.  Դատարանը, զինվորական ծառայության ընթացքում մահվան հետ կապված, այլ գործով արդեն պարզել է, որ Պաշտպանության նախարարության նախկին քննչական ծառայության քննիչները Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով բավականաչափ օրենսդրական և ինստիտուցիոնալ անկախություն են ունեցել (տե՛ս վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանը և Նազարյանը, §§ 181-85, ինչպես նաև համապատասխան օրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ամփոփման համար տե՛ս նույն վճռի § 87-ը): Այդ եզրահանգումն անելով՝ Դատարանը հաշվի է առել այն փաստը, որ Քննչական ծառայությունը պաշտպանության նախարարության աշխատակազմից առանձին մարմին էր, և նրա քննիչները, ըստ աստիճանակարգային ենթակայության սկզբունքների, համապատասխան զինվորական կառույցի մաս չէին կազմում: Ավելին, այն փաստը, որ պաշտպանության նախարարն իրականացնում էր Քննչական ծառայության ընդհանուր կառավարումը, այդ թվում՝ հաստատում էր աշխատավարձերի չափերն ու աշխատակիցների թիվը, ինքնին բավարար չէր Քննչական ծառայության քննիչների օրենսդրական կամ ինստիտուցիոնալ անկախությունը կասկածի տակ դնելու համար (տե՛ս § 183)։

118.  Դրանից հետևում է, որ Դատարանը վերահաստատում է, որ քննության անկախությունը պետք է գնահատվի կոնկրետ ձևով (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուսթաֆա Թունքը և Ֆեջիրե Թունքը [Mustafa Tunç and Fecire Tunç], § 249):

119.  Դատարանը նշում է, որ հիմք չկա ենթադրելու, բացի այդ, դիմումատուները նույնպես ենթադրություններ չեն արել այն մասին, թե Քննչական ծառայության՝ հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի քննիչ Մ.Բ.-ն (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը) աստիճանակարգային կամ այլ տեսակի կապեր ուներ զորամասի հրամանատարության և զինծառայողների հետ (տե՛ս համապատասխան փոփոխություններով, երկուսն էլ վերևում հիշատակված՝ Մուսթաֆա Թունքը և Ֆեջիրե Թունքը [Mustafa Tunç and Fecire Tunç], § 238, Հովհաննիսյանը և Նազարյանը [Hovhannisyan and Nazaryan], § 184): Ինչպես նաև հիմք չկա ենթադրելու, որ քննիչ Մ.Բ.-ի վարքագիծը, այդ թվում՝ քննության ավարտի մասին դիմումատուներին չտեղեկացնելը և նրանց գործի նյութերը պատշաճ ժամկետում ուսումնասիրելու հնարավորություն չընձեռելը (տե՛ս վերևում՝ 33-րդ, 34-րդ և 38-րդ պարբերությունները) անկողմնակալության բացակայության մասին վկայող էական ապացույցներ են (տե՛ս, mutatis mutandis, Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, § 184 և համադրի՛ր Մուսթաֆա Թունքի և Ֆեջիրե Թունքի գործի հետ, § 227, երկուսն էլ վերևում հիշատակված, այդ թվում՝ դրանցում նշված նախադեպային իրավունքի օրինակները):

120.  Դիմումատուների այն պնդման մասով, թե քննիչ Մ.Բ.-ն կաշկանդված է եղել պաշտպանության նախարարի՝ 2010 թվականի օգոստոսի 10-ի հրամանով սահմանված ներքին քննության եզրահանգումներով (տե՛ս վերևում՝ 21-րդ և 74-րդ պարբերությունները), հարկ է նշել, որ որևէ հիմք չկա ակնարկելու, թե Պաշտպանության նախարարության քննչական ծառայության քննիչներն օրենքով սահմանված որևէ պարտավորություն ունեին՝ հետևելու Պաշտպանության նախարարության կողմից իրականացված ներքին քննության արդյունքում պարզ դարձած, դեպքերի հետ կապված պաշտոնական տեղեկություններին. ինչպես արդեն նշվել է (տե՛ս վերևում՝ 117-րդ պարբերությունը), այդ քննիչները զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի քննություն անցկացնելիս բավարար չափով ինստիտուցիոնալ անկախություն են ունեցել պաշտպանության նախարարից:  

121.  Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Դատարանը գտնում է, որ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի կողմից սույն քրեական գործով կատարված քննությունը բավարար չափով անկախ է եղել:

 

3)  Քննության պատշաճությունը

122.  Ինչպես արդեն նշվել է (տե՛ս վերևում՝ 112-րդ պարբերությունը), համապատասխան մարմինները մի շարք քննչական միջոցառումներ են ձեռնարկել խնդրո առարկա դեպքերին առնչվող ապացույցներ ձեռք բերելու համար: Նրանք իսկապես տարբեր քննչական միջոցներ են ձեռնարկել, այդ թվում՝ հրաձգության դեպքին հաջորդող օրը, արագ հարցաքննել են գործով կարևոր վկաներին և նշանակել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ:

123.  Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերևում, քննության արդյունավետությունը չի կարող գնահատվել միայն կազմված եզրակացությունների, հարցաքննված վկաների կամ ձեռնարկված այլ քննչական միջոցառումների թվով։ Քննության եզրակացությունները պետք է հիմնված լինեն բոլոր համապատասխան տարրերի մանրակրկիտ, օբյեկտիվ և անաչառ վերլուծության վրա (տե՛ս վերևում՝ 92-րդ պարբերությունը), ինչը, Դատարանի կարծիքով, տեղի չի ունեցել դիմումատուների որդիների մահվան հանգամանքների շուրջ քննության առնչությամբ հետևյալ պատճառներով:

124.  Կ.Ա.-ի հանկարծակի և կտրուկ վարքագիծը, այդ թվում՝ այն փաստը, որ ավագ լեյտենանտ Վ.Տ.-ին կրակելուց բացի նա նաև կրակել է իր ծառայակիցներին, որոնց հետ նա հավանաբար որևէ խնդիրներ չուներ, հիմնականում բացատրվում է հրաձգության պահին նրա՝ ալկոհոլային հարբեցմամբ (տե՛ս վերևում՝ 31-րդ, 32-րդ և 82-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, քննության որևէ պահի պարզ չի դարձել, թե երբ և ինչպես են ոչ միայն Կ.Ա.-ն, այլ նաև հրաձգության հետևանքով մահացած մյուս բոլոր զինծառայողներն ալկոհոլ օգտագործել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ա. Սարգսյանի և Կ.Ա.-ի հերթափոխից, նրանց կողմից գետնատնակ վերադառնալուց և հրաձգությունից հետո շատ քիչ ժամանակ էր անցել (տե՛ս վերևում՝ 15-րդ, 16-րդ և 32-րդ պարբերությունները): Բացի այդ, հրաձգությունից հետո դեպքի վայրի զննության ընթացքում ալկոհոլի օգտագործման հետքեր չեն հայտնաբերվել (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը):

125.  Կառավարությունն այդ կապակցությամբ պնդել է, որ 2010 թվականի սեպտեմբերի 27-ին իրականացված՝ դեպքի վայրի լրացուցիչ զննության ընթացքում հայտնաբերվել են օղու և գարեջրի դատարկ շշեր (տե՛ս վերևում՝ 80-րդ պարբերությունը): Դատարանը, այնուամենայնիվ, նկատում է, որ ո՛չ քննությունը կարճելու որոշումը, ո՛չ ներպետական դատարանների որոշումները չէին անդրադառնում դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ ստացված եզրակացությանն այն մասով, երբ հարցը վերաբերում էր նշված զինծառայողների կողմից ալկոհոլի օգտագործմանը (տե՛ս վերևում՝ 32-րդ և 39-րդ պարբերությունները): Ամեն դեպքում, դեպքից երկու ամիս անց ընդհանուր աղբի մեջ ալկոհոլի երկու դատարկ շշի հայտնաբերման հանգամանքը հաշվի առնելով՝ հազիվ թե հնարավոր լիներ պատշաճ կերպով պարզաբանել թվով վեց տղամարդու մոտ առկա ալկոհոլային հարբեցումը, այդ թվում՝ այն հանգամանքը, որ դեպքի օրը Կ.Ա.-ի մոտ առկա է եղել ծանր աստիճանի ալկոհոլային հարբեցում (տե՛ս վերևում՝ 24-29-րդ պարբերությունները):

126.  Դատարանը նշում է, որ քրեական գործով ներպետական քննությամբ հաստատված հրաձգությանը նախորդող դեպքերի ընթացքը (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը) մասամբ է համապատասխանում հիմնական ականատես շարքային Դ.Հ.-ի պատմածին: Հարցաքննության ընթացքում նա նշել է, որ այն պահին, երբ Գ.Հ.-ն փորձում էր ավագ լեյտենանտ Վ.Տ.-ին Ա. Սարգսյանից հեռու տանել, որպեսզի նա դադարեր վերջինիս ծեծի ենթարկել, ինքը լսել է, թե ինչպես է ինչ-որ մեկը, Ռ. Հովհաննիսյանի անունը կանչելով, ասում՝ «Ո՛չ, ո՛չ, ո՛չ», ասես, փորձելով կանխել նրա կողմից կատարվելիք որևէ վատ արարք (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, դեպքերի վերաբերյալ պաշտոնական վարկածով այդ կապակցությամբ ոչինչ չի նշվում:

127.  Ա.Մ.-ի մարմնի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են մի շարք ոչ հրազենային վնասվածքներ, այդ թվում՝ քերծվածքներ և կապտուկներ մարմնի տարբեր մասերի վրա (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, այդ վնասվածքների կապակցությամբ որևէ պարզաբանում չի տրվել. քննության ամբողջ ընթացքում առկա է եղել այն պնդումը, թե ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի կողմից վատ վերաբերմունքի հետևանքով միայն Ա. Սարգսյանն է մարմնական վնասվածքներ ստացել (տե՛ս վերևում՝ 24-րդ և 32-րդ պարբերությունները):

128.  Կառավարությունը պնդել է, թե, ինչպես նշված է դիահերձման եզրակացության մեջ, Ա.Մ.-ի վնասվածքները հասցված են եղել մահը վրա հասնելուց անմիջապես առաջ՝ «ագոնալ վիճակում», և մահվան հետ որևէ պատճառահետևանքային կապ առկա չէր (տե՛ս վերևում՝ 81-րդ պարբերությունը): Դատարանը, այնուամենայնիվ, նկատում է, որ, ըստ դիահերձման եզրակացության, խնդրո առարկա վնասվածքները հասցված են եղել բութ առարկաներով կամ գործիքներով «մահվանից անմիջապես առաջ կամ մահանալու պահին» (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը): Դատարանն այնուհետև նկատում է, որ դիահերձման եզրակացության մեջ օգտագործվել է նմանատիպ ձևակերպում, որով նկարագրվում էին ավագ լեյտենանտ Վ.Տ.-ի կողմից ծեծի ընթացքում՝ հրաձգությունից անմիջապես առաջ, Ա. Սարգսյանին հասցված ոչ հրազենային վնասվածքները (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը):  Այնուամենայնիվ, հիմք չկա ենթադրելու, որ անհրաժեշտ փորձեր են արվել՝ պարզելու Ա.Մ.-ի կրած մարմնական վնասվածքների հանգամանքները: Թեև ինչպես Կառավարությունը նշում է, այդ վնասվածքները մահվան հետ պատճառահետևանքային կապ չեն ունեցել, Դատարանի կարծիքով այն պարզաբանումը, թե երբ և ինչպես են դրանք հասցվել, կօգներ հասկանալ, թե հրաձգությունից առաջ ինչ է տեղի ունեցել:

129.  Դատարանը նկատում է, որ, բացի զորամասի հրամանատարներից, Պաշտպանության նախարարության կողմից դեպքի առթիվ ներքին քննության արդյունքների հիման վրա կարգապահական պատասխանատվության են ենթարկվել նաև Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի թիվ 42009 զորամասի բարձրաստիճան զինվորական սպաներ (տե՛ս վերևում՝ 21-րդ և 22-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե ինչու է պաշտպանության նախարարը խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել մեկ այլ զորամասի բարձրաստիճան զինվորական սպաներին այն դեպքում, երբ դեպքը տեղի է ունեցել թիվ 36534 զորամասում: Բացի այդ, քրեական գործով քննության վերաբերյալ նյութերում առկա չէ տեղեկատվություն այն մասին, որ տվյալ հարցը լրացուցիչ քննության է ենթարկվել:

 

130.  Դիմումատուներն իրենց ներպետական բողոքներում, ինչպես նաև Դատարանում այլ հարցեր են բարձրացրել այն մասին, թե օրինակ՝ ինչու չի հաջողվել պարզել, թե ինչ հանգամանքներում է ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն դիպչել զենքին կամ կրակել դրանից, ինչպես նաև, թե ինչու չի հաջողվել քննության առնել Կ.Ա.-ի զորակոչի գործընթացը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում նրա դատվածության հետ կապված հարցերը և այլն (տե՛ս վերևում՝ 35-րդ և 37-րդ պարբերությունները):

131.  Դատարանը գտնում է, որ, այնուամենայնիվ, քննության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել լուրջ թերացումներին (տե՛ս վերևում՝ 124-129-րդ պարբերությունները), ինչը բավարար է, որպեսզի Դատարանը լրջորեն վիճարկի քրեական գործով ներպետական քննության ողջամտությունը: Հետևաբար Դատարանն անհրաժեշտ չի համարում կողմերի կողմից բարձրացված այլ հարցերի քննությունը (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանը և Նազարյանը [Hovhannisyan and Nazaryan], § 170):

 

4)  Մահացածի ազգականների մասնակցությունը քննությանը

132.  Դիմումատուները բողոքել են, որ քննության ավարտի մասին իրենց պատշաճ ժամկետում չեն տեղեկացրել, ինչպես նաև գործի նյութերին հասանելիություն չեն ապահովել (տե՛ս վերևում՝ 75-րդ պարբերությունը): Կառավարությունն առանձնապես չի անդրադարձել տվյալ բողոքին (տե՛ս վերևում՝ 78-րդ պարբերությունը):

133.  Դատարանը նշում է, որ այդ պահին գործող քրեադատավարական իրավունքի համաձայն՝ քննիչը պարտավոր էր քրեական վարույթը կարճելու մասին որոշման պատճենն ուղարկել տուժողին, որը քննության ավարտին իրավունք ուներ ծանոթանալու գործի նյութերին ամբողջությամբ (տե՛ս վերևում՝ 52-րդ և 53-րդ պարբերությունները):

134.  Սույն գործով, այնուամենայնիվ, քննիչ Մ.Բ.-ն դիմումատուներին տեղեկացրել է վարույթը կարճելու մասին 2012 թվականի հուլիսի 28-ի որոշման մասին դրա ընդունումից գրեթե երկու ամիս անց, այն է՝ 2012 թվականի սեպտեմբերի 20-ի գրությամբ, և նույնիսկ այդ ժամանակ նա չի կցել որոշման պատճենը (տե՛ս վերևում՝ 32-րդ և 33-րդ պարբերությունները): Հետևաբար դիմումատուները ստիպված էին իրենց նախաձեռնությամբ պահանջել որոշման պատճենը, իսկ նրանց ներկայացուցիչը պետք է անձամբ ներկայանար ստանալու այն (տե՛ս վերևում՝ 33-րդ և 34-րդ պարբերությունները):

135.  Ավելին, դիմումատուները գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն են ստացել 2012 թվականի հուլիսի 28-ի որոշման դատական վերանայման վերաբերյալ իրենց կողմից ներկայացված պահանջի քննությունից հետո միայն, երբ գործն արդեն Վարչական շրջանի դատարանում էր (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը):

136.  Դատարանը վկայակոչում է իր նախադեպային իրավունքը (տե՛ս վերևում՝ 94-րդ պարբերությունը), ինչպես նաև վերահաստատում է, որ հանրությանը կամ տուժողի ազգականներին անհրաժեշտ հասանելիությունը կարող է ապահովվել ընթացակարգի այլ փուլերում (տե՛ս վերևում հիշատակված՝ Ջուլիանին և Գաջոն, § 304): Այս իմաստով, թեև դիմումատուների՝ ներպետական իրավունքով երաշխավորված դատավարական իրավունքներն ակնհայտորեն խախտվել էին այն առումով, որ նրանց պատշաճ կերպով չէր ծանուցվել քննության ավարտի մասին, ինչպես նաև այն առումով, որ գործի նյութերին պատշաճ ժամկետում ծանոթանալու հնարավորություն նրանց չէր ընձեռվել, գործի նյութերին ծանոթանալու նրանց պահանջն ի վերջո բավարարվել էր Վարչական շրջանի դատարանի կողմից, ինչի շնորհիվ նրանց հաջողվել էր լրացուցիչ բողոք ներկայացնել (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը):

137.  Թեև չի կարելի բացառել, որ գործի նյութերի ուշացած քննությունը, այն է՝ մինչ դատարաններն ընթացք կտային քննությունն ավարտելու մասին որոշման դատական վերանայմանը, որոշ առումով դիմումատուներին անբարենպաստ վիճակում էր դրել, նրանք չեն պարզաբանել, թե ինչպես էր այն վտանգի տակ դրել վարույթում նրանց իրավաչափ շահերը դրանց առկայության դեպքում (համադրել վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործի հետ, §§ 106 և 172-80):

138.  Այդպիսի հանգամանքներում Դատարանը չի գտնում, որ համապատասխան մարմինների կողմից դիմումատուներին պատշաճ ժամկետում գործի նյութերին հասանելիություն չապահովելը, թեև այն բացասական երևույթ է և ակնհայտ կերպով խախտում է ներպետական իրավունքը, դիմումատուներին զրկել է վարույթին արդյունավետորեն մասնակցելու իրենց հնարավորությունից, ինչի հետևանքով նրանք չեն կարողացել պաշտպանել իրենց օրինական շահերը:

 

5)  Եզրակացությունը

139.  Ի վերջո, Դատարանը գտնում է, որ թեև սույն գործով քննությունն արագ և անկախ է ընթացել, ինչպես նաև ապահովվել է դիմումատուների մասնակցությունն այնքանով, որքանով դա բավարար էր իրենց շահերը պաշտպանելու համար (տե՛ս վերևում՝ 114-րդ, 121-րդ և 138-րդ պարբերությունները), այն բավականաչափ մանրակրկիտ չի եղել (տե՛ս վերևում՝ 131-րդ պարբերությունը), ինչի արդյունքում չի հաջողվել ամբողջությամբ պարզել մահվան ելքով հրաձգության հանգամանքները (տե՛ս վերևում՝ 124-129-րդ պարբերությունները):

140.  Այստեղից հետևում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա դատավարական հայեցակետի մասով։

 

II.  ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

141.  Դիմումատուները բողոքել են, որ ներպետական մարմիններն իրենց որդիների մահվան մասով արդյունավետ քննություն չեն իրականացրել, և որ ներպետական իրավունքով նրանց կորստի հետևանքով կրած ոչ նյութական վնասի համար պետությունից հատուցում պահանջելու հնարավորություն չեն ունեցել: Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 13–րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.

 

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

 

142.  Վկայակոչելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի հետ կապված իրենց դիտարկումները (տե՛ս վերևում՝ 77-83-րդ պարբերությունները), Կառավարությունը պնդել է, որ 2010 թվականի հուլիսի 28-ի դեպքի քննությունը եղել է մանրակրկիտ և արդյունավետ, ինչի արդյունքում պարզ են դարձել դեպքին առնչվող բոլոր հանգամանքները:

Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցման պահանջի անհնարինության վերաբերյալ դիմումատուների բողոքին, ապա Կառավարությունը պնդել է, որ համապատասխան ժամանակահատվածում օրենքը ոչ նյութական վնասի հատուցում չէր նախատեսում: Հետևաբար դիմումատուներն այս առնչությամբ իրենց բողոքը պետք է ներկայացրած լինեին պաշտպանության նախարարի հրամանի և քրեական վարույթը կարճելու վերաբերյալ քննչի որոշման ամսաթվից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

143.  Դիմումատուները պնդել են, որ 2012 թվականի հուլիսի 28-ի՝ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը) Կոնվենցիայի 13-րդ հոդվածին համապատասխան ներկայացված իրենց բողոքների համար չէր կարող վերջնական որոշում համարվել: Նրանք մի շարք հարցեր էին բարձրացրել՝ վիճարկելով, որ 2010 թվականի հուլիսի 28-ի դեպքի քննությունն արդյունավետ չի եղել, մինչդեռ նրանց հարցերն անպատասխան են մնացել: Ավելին, թեև ներպետական դատարաններն ընդունում էին, որ խախտվել է դիմումատուների որդիների կյանքի իրավունքը, ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորություն չի եղել, քանի որ ներպետական իրավունքը նման հնարավորություն չէր նախատեսում:

144.  Դատարանը վերահաստատում է, որ 13-րդ հոդվածն անկախ գոյություն ունենալ չի կարող. այն պարզապես լրացնում է Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նյութաիրավական մյուս դրույթները (տե՛ս Զավոլոկան ընդդեմ Լատվիայի [Zavoloka v. Latvia], թիվ 58447/00, § 35 (ա), 2009 թվականի հուլիսի 7): Այն կարող է կիրառվել Կոնվենցիայի կամ դրա արձանագրությունների մեկ կամ ավելի հոդվածների հետ համատեղ կամ դրանց լույսի ներքո, որոնց հետ կապված առկա է ենթադրյալ խախտում: 13-րդ հոդվածի վրա հիմնվելու համար դիմումատուն պետք է ունենա Կոնվենցիայի մեկ այլ դրույթի համաձայն ներկայացված փաստարկելի պնդում: Քանի որ սույն գործով դիմումատուների՝ 2-րդ հոդվածին համապատասխան ներկայացված բողոքն ընդունելի է համարվել (տե՛ս վերևում՝ 70-րդ պարբերությունը), 13-րդ հոդվածին համապատասխան ներկայացված բողոքները նույնպես պետք է ընդունելի համարվեն:

145.  Հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի մասով եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 139-րդ և 140-րդ պարբերությունները)՝ Դատարանը գտնում է, որ անհրաժեշտություն չկա քննելու, թե արդյոք այս դեպքում տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում (տե՛ս mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 161, և Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի [Anahit Mkrtchyan v. Armenia] գործը, թիվ 3673/11, § 105, 2020 թվականի մայիսի 7)։

146.  Ինչ վերաբերում է Հայաստանի օրենսդրությամբ դիմումատուների՝ իրենց որդիների մահվան հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավական հիմքերի բացակայությանը, ապա Դատարանը նշում է, որ, ինչպես արդեն հայտնել է, տվյալ ժամանակահատվածում երեխայի կյանքի կորստի հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավական անհնարինությունը խախտում էր Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջները (տե՛ս վերևում հիշատակված՝ Միրզոյանի գործը, §§ 79-83): Դատարանը սույն գործում այդ եզրահանգումից շեղվելու պատճառներ չի տեսնում։

147.  Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում։

 

III.  ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

148.  Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

 

Ա.  Վնասը

149.  Դիմումատուներից յուրաքանչյուրը պահանջել է 60 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

150.  Կառավարությունը դիմումատուների պահանջը համարել է չափազանցված:

151.  Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա և հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքները, դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհում է 30 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

 

Բ.  Ծախսերը և ծախքերը

152.  Դիմումատուներին իրավաբանական օգնություն է տրամադրվել Դատարանի կողմից, և նրանք չեն փորձել փոխհատուցում ստանալ լրացուցիչ ծախսերի կամ ծախքերի համար: Հետևաբար Դատարանն այս մասով փոխհատուցում չի նախատեսում:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1.  Հայտարարում է գանգատն ընդունելի.

2.  Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում.

3.  Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում.

4.  Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ ոչ նյութական վնասի համար փոխհատուցում պահանջելու իրավական հնարավորության բացակայության մասով.

5.  Վճռում է, որ դիմումատուների որդիների մահվան գործով արդյունավետ քննություն իրականացնելու ենթադրյալ ձախողման վերաբերյալ Կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված բողոքը քննելու անհրաժեշտություն չկա.

6.  Վճռում է, որ՝

ա)  պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու ամսաթվից հետո երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներից յուրաքանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 30 000 եվրո (երեսուն հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվին գործող փոխարժեքով,

 

բ)  վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

7.  Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հոկտեմբերի 17-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Իլզե Ֆրայվըրթ՝

Քարտուղարի տեղակալ

Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր՝

Նախագահ

 

_______________________________

1 Հայաստանի քաղաքացիների կողմից «ԼՂՀ»-ում կանոնավոր զինվորական ծառայություն անցնելու իրավական հիմքի առնչությամբ տե՛ս Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Zalyan and Others v. Armenia] գործը, թիվ 36894/04 և 3521/07, §§ 208, 2016 թվականի մարտի 17: