ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2012 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մոսկվա |
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ստեղծել Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտե։
2. Հաստատել «Կոմիտեի մասին» հիմնադրույթը (կցվում է)։
3. Առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Ալեքսանդրի Սլեպնյովին նշանակել Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահ։
4. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 22.12.15 թիվ 169)
5. Կոմիտեի նախագահին՝ Կողմերի մասնակցությամբ նախապատրաստել և սահմանված կարգով 2012 թվականի II եռամսյակում ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագիծն այն հարցերի ցանկի մասին, որոնց մասով Խորհրդի կամ Կոլեգիայի կողմից որոշում ընդունվելու համար պահանջվում է Կոմիտեի եզրակացությունը։
6. Ուժը կորցրած ճանաչել՝
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 27-ի «Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի մասին» թիվ 157 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 26-ի «Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի կազմի հաստատման մասին» թիվ 170 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 16-ի «Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի կազմի փոփոխության մասին» թիվ 242 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի «Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի կազմի փոփոխության մասին» թիվ 350 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի ««Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի մասին» հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 552 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի «Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 574 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Արտաքին առևտրի կարգավորման հարցերով կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 755 որոշումը։
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մարտի 7-ի թիվ 6 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ
1. Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային (այսուհետ՝ Կոլեգիա) առընթեր։
Կոմիտեի հիմնական խնդիրը Մաքսային միության անդամ պետությունների և Միասնական տնտեսական տարածքի (այսուհետ՝ Կողմեր) ներկայացուցիչների հետ, սույն հիմնադրույթին համապատասխան, խորհրդակցությունների անցկացումն է՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ առևտրի հարցերով որոշումների նախագծերի առնչությամբ։
Իր գործունեությունն իրականացնելիս Կոմիտեն առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրով, Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Հանձնաժողովի որոշումներով, ինչպես նաև սույն հիմնադրույթով։
2. Կոմիտեն բաղկացած է հետևյալ ենթակոմիտեներից՝
մաքսասակագնային, ոչ սակագնային կարգավորման և պաշտպանական միջոցների հարցերով ենթակոմիտե.
առևտրային քաղաքականության հարցերով ենթակոմիտե։
Կոմիտեի նիստերն անցկացվում են այն դեպքում, երբ հարցերն առնչվում են երկու ենթակոմիտեների գործունեության ուղղություններին։
3. Կոմիտեի (ենթակոմիտեների) նիստերին նախագահում և Կոմիտեի (ենթակոմիտեների) աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է առևտրի հարցերը համակարգող՝ Կոլեգիայի անդամը (Կոմիտեի նախագահը):
Կոմիտեի և դրա ենթակոմիտեների կազմերը հաստատվում են Հանձնաժողովի կոլեգիայի կողմից։
Ենթակոմիտեի պատասխանատու քարտուղարը նշանակվում է Կոմիտեի նախագահի կողմից՝ Հանձնաժողովի դեպարտամենտների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) թվից, որոնց իրավասության մեջ են մտնում Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:
Կոմիտեի նախագահի հրավերով Կոմիտեի (ենթակոմիտեների) նիստերին կարող են մասնակցել այն անկախ փորձագետները, որոնք Հանձնաժողովի միջազգային ծառայողներ և պետական ծառայողներ չեն, ունեն անհրաժեշտ որակավորում և մասնագիտական հմտություններ, ինչպես նաև Հանձնաժողովի միջազգային ծառայողները՝ Կոլեգիայի անդամների հանձնարարականով՝ իրենց իրավասությանը համապատասխան։
4. Կոմիտեի նախագահը՝
1) ղեկավարում է Կոմիտեի (ենթակոմիտեների) գործունեությունը և կազմակերպում Կոմիտեի վրա դրված խնդիրների կատարման աշխատանքը.
2) համաձայնեցնում և հաստատում է ենթակոմիտեների նիստի ամսաթիվը, անցկացման ժամը և օրակարգի նախագիծը.
3) վարում է Կոմիտեի (ենթակոմիտեների) նիստը.
4) հաստատում է Կոմիտեի (ենթակոմիտեների) նիստի արձանագրությունը.
5) տեղեկացնում է Կոլեգիային և Հանձնաժողովի խորհրդին խորհրդակցությունների արդյունքների մասին։
Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում նրա լիազորությունները ժամանակավորապես կարող են վերապահվել ենթակոմիտեների պատասխանատու քարտուղարներից մեկին՝ Կոմիտեի նախագահի կարգադրության հիման վրա։
5. Ենթակոմիտեի պատասխանատու քարտուղարը՝
1) նախապատրաստում և ենթակոմիտեի անդամներին է ուղարկում ենթակոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրան կից նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային ձևով.
2) վարում է ենթակոմիտեի նիստի արձանագրությունը և այն ներկայացնում Կոմիտեի նախագահի հաստատմանը.
3) իրականացնում է հսկողություն Կոմիտեի որոշումների կատարման նկատմամբ.
4) տեղեկացնում է ենթակոմիտեի անդամներին Կոմիտեի (ենթակոմիտեի) հերթական նիստի անցկացման ժամի և վայրի մասին։
6. Մաքսասակագնային, ոչ սակագնային կարգավորման և պաշտպանական միջոցների հարցերով ենթակոմիտեն քննարկում է հետևյալ հարցերը՝
1) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում (այսուհետ՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ) փոփոխությունների կատարում.
2) Մաքսային միության միասնական մաքսային սակագնի (այսուհետ՝ ՄՄ ՄՄՍ) ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի սահմանում և փոփոխում.
3) Կողմերի կողմից ՄՄ ՄՄՍ դրույքաչափի համեմատ ներմուծման մաքսատուրքերի ավելի բարձր կամ ավելի ցածր դրույքաչափերի կիրառում.
4) զգայուն ապրանքների ցանկի վարում.
5) սակագնային քվոտաների սահմանում, ըստ ապրանքների առանձին տեսակների՝ սակագնային քվոտաների ծավալների և բաշխման կարգի որոշում.
6) զարգացող և առավել թույլ զարգացած երկրների առնչությամբ սակագնային առանձնաշնորհումների համակարգի փոփոխում.
7) Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային արտոնությունների տրամադրում.
8) զգայուն ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ՝ ժամանակավոր ներմուծման (թույլտվության) ժամկետների երկարաձգում.
9) երրորդ երկրների առնչությամբ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների սահմանում և կիրառում.
10) ապրանքների արտաքին առևտրի արգելքների և սահմանափակումների հատուկ տեսակների սահմանում և կիրառում.
11) ապրանքների առանձին կատեգորիաների արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ իրավունք տրամադրելու միջոցով արտաքին առևտրային գործունեություն իրականացնելու նկատմամբ սահմանափակումների սահմանում, կիրառում և չեղարկում.
12) Կողմերի կողմից այն կազմակերպությունների սահմանման կարգի հաստատում, որոնց տրամադրվել է ապրանքների առանձին կատեգորիաների արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ իրավունք.
13) ներմուծման և (կամ) արտահանման բացառիկ իրավունքի տրամադրում և չեղարկում այն միջոցները կիրառելիս, որոնք առնչվում են ապրանքների արտաքին առևտրին և սահմանվում են՝ ելնելով Կողմերի ազգային շահերից.
14) յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բացառիկ լիցենզիայի գործողության ժամկետի սահմանում.
15) այն ապրանքների միասնական ցանկի հաստատում, դրանում փոփոխությունների և լրացումների կատարում, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ են կիրառվում.
16) օտարերկրյա պետություններից ծագող և Մաքսային միության միասնական մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների սահմանում և կիրառում.
17) օտարերկրյա պետություններից ծագող և Մաքսային միության միասնական մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների նկատմամբ նախնական հատուկ տուրքերի, նախնական հակագնագցման տուրքերի և նախնական փոխհատուցման տուրքերի սահմանում։
7. Առևտրային քաղաքականության հարցերով ենթակոմիտեն քննարկում է հետևյալ հարցերը՝
1) երրորդ երկրների հետ առևտրային ռեժիմների սահմանում և միասնականացում.
2) առևտրային բանակցությունների ընթացքում Կողմերի փոխգործակցության և դիրքորոշումների համակարգում.
3) միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների հետ առևտրի հարցերով փոխգործակցություն.
4) ԱՀԿ-ին միանալու գործընթացի ժամանակ դիրքորոշումների համակարգման և Հանձնաժողովի իրավասության հարցերի մասով ԱՀԿ-ի մարմինների հետ փոխգործակցություն.
5) ապրանքների մուտքը երրորդ երկրների շուկաներ.
6) Կողմերի, ինչպես նաև երրորդ երկրների և Կողմերի միջև առևտրային վեճերի կարգավորման աջակցում։
8. Կոմիտեի նախագահն իրավունք ունի Կողմերի լիազորված մարմիններից սահմանված կարգով պահանջելու Կոմիտեի (ենթակոմիտեների) իրավասությանը վերապահված հարցերին վերաբերող նյութեր և տեղեկատվություն:
9. Կոմիտեի (ենթակոմիտեների) շրջանակներում կարող են ստեղծվել աշխատանքային (փորձագիտական) խմբեր՝ Կողմերի լիազորված մարմինների ներկայացուցիչներից, ինչպես նաև անկախ փորձագետներից։
10. Ենթակոմիտեի նիստի անցկացման մասին որոշումն ընդունվում է Կոմիտեի նախագահի կողմից:
11. Ենթակոմիտեի անդամները ենթակոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։ Նիստին ենթակոմիտեի անդամի ներկայության անհնարինության դեպքում նա ունի քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքը նախօրոք, գրավոր ներկայացնելու իրավունք։
12. Կոմիտեի նիստերի արդյունքները ձևակերպվում են Կոմիտեի (ենթակոմիտեի) արձանագրության (եզրակացության) տեսքով։
13. Ենթակոմիտեի անդամների դիրքորոշումներն ամրագրվում են արձանագրության մեջ, որն ստորագրվում է ենթակոմիտեի պատասխանատու քարտուղարի կողմից և հաստատվում Կոմիտեի նախագահի կողմից։
Կոմիտեի նախագահի կողմից հաստատված՝ ենթակոմիտեի նիստերի արձանագրություններն երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են ենթակոմիտեի անդամներին։
Ընդունված որոշման հետ Կոմիտեի (ենթակոմիտեի) անդամներից մեկի անհամաձայնության դեպքում հարցը ներկայացվում է Կոլեգիայի քննարկմանը։
14. Կոմիտեի (ենթակոմիտեների) նիստերին մասնակցության հետ կապված ծախսերը կրում է ուղարկող Կողմը։
Կոմիտեի (ենթակոմիտեի) տեղեկատվական, իրավական, կազմակերպական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի դեպարտամենտների կողմից՝ իրավասությանը համապատասխան։
15. Ենթակոմիտեի նիստի օրակարգի ձևավորման համար առաջարկությունները ներկայացվում են ենթակոմիտեի աշխատանքի կանոնակարգով հաստատված կարգով և ժամկետներում։
Ենթակոմիտեի նիստի քննարկմանը ներկայացվող նյութերը պետք է պարունակեն՝
1) հարցի ընդհանուր բնութագիրը.
2) արձանագրային որոշման նախագիծը.
3) անհրաժեշտ տեղեկատվական, վերլուծական նյութերն ու կանխատեսումները։
Ենթակոմիտեի նիստերին լրացուցիչ (արտապլանային) հարցերի քննարկումն իրականացվում է Կոմիտեի նախագահի որոշմամբ։
16. Ենթակոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրան կից նյութերն ուղարկվում են ենթակոմիտեի անդամներին, այդ թվում՝ էլեկտրոնային ձևով, որպես կանոն, Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի անցկացման օրվանից առնվազն տասնհինգ օր առաջ։
17. Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի սենքերում:
Կոմիտեի նախագահի որոշմամբ՝ նիստերը կարող են անցկացվել տեսաժողովի ռեժիմով:
18. Կոմիտեի նախագահի որոշմամբ՝ ենթակոմիտեի նիստերին կարող են մասնակցել Հանձնաժողովի դեպարտամենտների ղեկավարները (ղեկավարների տեղակալները), որոնց իրավասության մեջ են մտնում քննարկվող հարցերը։
19. Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստերի արձանագրությունները պահվում են Առևտրի հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարությունում։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մարտի 7-ի թիվ 6 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 251 որոշման խմբագրությամբ) |
ԿԱԶՄ
առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի
Մաքսասակագնային, ոչ սակագնային կարգավորման և պաշտպանական միջոցների հարցերով ենթակոմիտե
(կազմն ուժը կորցրել է ԵՏՀԿ 22.12.15 թիվ 169)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 07 ապրիլի 2025 թվական: