Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 283
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2014-13.06.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.04.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.12.2013
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2013 թվականի

թիվ 283

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՏԵՂԾՄԱՆ, «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ստեղծել Մաքսային միության մաքսային սահմանին հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտե։

2. Հաստատել կից ներկայացվող՝

«Մաքսային միության մաքսային սահմանին հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը.

Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների ցանկը, որոնց լիազորված ներկայացուցիչները ներառվում են Մաքսային միության մաքսային սահմանին հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Ա. Գոշինին նշանակել սույն որոշման 1-ին կետում նշված Խորհրդատվական կոմիտեի նախագահ։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 31-ի թիվ 52 որոշմամբ հաստատված «Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթի 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) մաքսային վարչարարության կատարելագործման վերաբերյալ առաջարկների ուսումնասիրում և հանձնարարականների մշակում, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի կիրառման, մաքսային հսկողության անցկացման, մաքսային ենթակառուցվածքի զարգացման և օգտագործման հարցերով՝ բացառությամբ Մաքսային միության մաքսային սահմանով անցման կետերի սարքավորվածության և հագեցվածության հետ կապված հարցերի.»։

5. Խնդրանքով դիմել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություններին՝ Մաքսային միության մաքսային սահմանին հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում ներառելու համար մինչև 2013 թվականի դեկտեմբերի 21-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածուներին՝ սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված մարմինների կամ այդ մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ու ղեկավարների տեղակալների մակարդակով (յուրաքանչյուր մարմնից՝ 2-ական լիազորված ներկայացուցիչ)՝ նրանց որոշելով համակարգողների թվից (յուրաքանչյուր անդամ պետությունից 1-ական լիազորված ներկայացուցիչ), որոնք պատասխանատու կլինեն նշված Խորհրդատվական կոմիտեի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման համար։

6. Ուժը կորցրած ճանաչել՝

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 16-ի ««Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանին անցման կետերի սարքավորվածությունը և հագեցվածությունը» փորձագիտական խմբի մասին» թիվ 219 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի ««Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանին անցման կետերի սարքավորվածությունը և հագեցվածությունը» փորձագիտական խմբի կազմը և դրա հիմնադրույթը հաստատելու մասին» թիվ 272 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի ««Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանին անցման կետերի սարքավորվածությունը և հագեցվածությունը» փորձագիտական խմբի մասին» թիվ 360 որոշումը.

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2013 թվականի դեկտեմբերի 2-ի

թիվ 283 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Մաքսային միության մաքսային սահմանին հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին

1. Մաքսային միության մաքսային սահմանին հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիային առընթեր՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 19-րդ հոդվածին համապատասխան։

Կոմիտեն խորհրդատվական մարմին է, որը Հանձնաժողովի կոլեգիայի համար առաջարկների մշակում է իրականացնում` Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների գործադիր իշխանության այն մարմինների փոխգործակցության հարցերով, որոնք Մաքսային միության մաքսային սահմանին հսկիչ գործառույթներ են իրականացնում և ներառված են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների գործադիր իշխանության այն մարմինների ցանկում, որոնց լիազորված ներկայացուցիչներն ընդգրկված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 283 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության մաքսային սահմանին հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, հսկիչ մարմիններ), Մաքսային միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման վայրերում ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների զարգացման հարցերով (այսուհետ՝ տեղափոխման վայրեր), որոնց հիման վրա Հանձնաժողովի կոլեգիան իր լիազորությունների սահմաններում որոշումներ է ընդունում։».

2. Կոմիտեի կազմը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից:

Կոմիտեի կազմի մեջ յուրաքանչյուր հսկիչ մարմնից մտնում է 2 ներկայացուցիչ՝ այդ մարմինների կամ դրանց կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և ղեկավարների տեղակալների մակարդակով (այսուհետ՝ Կոմիտեի անդամներ)։

Կոմիտեի անդամների թվից սահմանվում է 1-ական համակարգող յուրաքանչյուր անդամ պետությունից, որը պատասխանատու կլինի Կոմիտեի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման համար։

3. Կոմիտեի նիստերին նախագահում և Կոմիտեի աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է մաքսային համագործակցության հարցերը համակարգող Կոլեգիայի անդամը (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):

4. Կոմիտեի նախագահը՝

ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում Կոմիտեի վրա դրված խնդիրների կատարման աշխատանքները.

բ) համաձայնեցնում և հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը, ինչպես նաև նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.

գ) վարում է Կոմիտեի նիստերը.

դ) հաստատում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.

ե) Հանձնաժողովի կոլեգիային տեղեկացնում է Հանձնաժողովի կոլեգիայի որոշումների նախագծերի և այլ հարցերի շուրջ Կոմիտեի կողմից մշակված առաջարկների մասին։

5. Կոմիտեի նախագահի տեղակալը նշանակվում է Կոմիտեի նախագահի կողմից՝ Հանձնաժողովի դեպարտամենտների տնօրենների կամ տնօրենների տեղակալների թվից, որոնք համակարգվում են Կոմիտեի նախագահի կողմից՝ որպես Հանձնաժողովի կոլեգիայի անդամ։

Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում կամ նրա հանձնարարությամբ Կոմիտեի նախագահի տեղակալն իրականացնում է սույն Հիմնադրույթի 4-րդ կետով նախատեսված՝ Կոմիտեի նախագահի գործառույթները:

6. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը նշանակվում է Կոմիտեի նախագահի կողմից՝ Հանձնաժողովի դեպարտամենտների աշխատակիցների թվից, որոնք համակարգվում են Կոմիտեի նախագահի կողմից՝ որպես Հանձնաժողովի կոլեգիայի անդամ։

7. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը՝

ա) Կոմիտեի նախագահի հետ համաձայնեցնում է Կոմիտեի նիստի օրակարգը, ինչպես նաև նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.

բ) նախապատրաստում և Կոմիտեի անդամներին ուղարկում է Կոմիտեի նիստի հաստատված օրակարգը և դրան կցվող նյութերը՝ այդ թվում՝ էլեկտրոնային ձևով.

գ) վարում է Կոմիտեի նիստի արձանագրությունը, և այն ներկայացնում Կոմիտեի նախագահի հաստատմանը.

դ) հսկողություն է իրականացնում Կոմիտեի որոշումների կատարման նկատմամբ.

ե) Կոմիտեի անդամներին տեղեկացնում է Կոմիտեի հերթական նիստի անցկացման ամսաթվի, ժամի ու վայրի մասին.

զ) հսկողություն է իրականացնում Կոմիտեի նիստերի համար աշխատանքային նյութեր նախապատրաստելու ու ներկայացնելու գործընթացի նկատմամբ.

է) նախապատրաստում է Կոմիտեի ամփոփիչ փաստաթղթերի նախապատրաստումը։

8. Կոմիտեի նախագահի հրավերով՝ Կոմիտեի նիստերին կարող են մասնակցել անհրաժեշտ որակավորում, մասնագիտական հմտություններ ունեցող անկախ փորձագետները (այսուհետ՝ անկախ փորձագետներ), սույն հիմնադրույթի 1-ին կետում նշված ցանկի մեջ չներառված՝ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև Հանձնաժողովի աշխատակիցները (Հանձնաժողովի կոլեգիայի անդամների հանձնարարությամբ՝ իրենց իրավասությանը համապատասխան)։

9. Կոմիտեի կողմից կարող են ստեղծվել փորձագիտական ու աշխատանքային խմբեր այն հսկիչ մարմինների ներկայացուցիչների թվից, որոնց իրավասությանն են դասվում Կոմիտեի, Հանձնաժողովի աշխատակիցների, ինչպես նաև անկախ փորձագետների աշխատանքի առանձին ուղղություններին առնչվող հարցերը։

Փորձագիտական և աշխատանքային խմբերի աշխատակարգն ու կազմը սահմանվում են Կոմիտեի նախագահի կողմից։

10. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է Պայմանագրով, Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքը կազմող այլ միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Հանձնաժողովի խորհրդի, Հանձնաժողովի կոլեգիայի որոշումներով, ինչպես նաև սույն հիմնադրույթով։

11. Կոմիտեն ուսումնասիրում է տեղափոխման, սահմանային, մաքսային, տրանսպորտային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական, սանիտարակարանտինային հսկողության (այսուհետ՝ պետական հսկողություն) ենթակառուցվածքի ու տեխնոլոգիաների զարգացման վայրերում հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերը, որոնք Հանձնաժողովի իրավասությանն են դասվում Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքը կազմող պայմանագրերով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներով։

12. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝

ա) տեղափոխման վայրերում պետական հսկողության իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն.

բ) պետական հսկողության ձևերի և դրա անցկացման համար օգտագործվող տեղեկատվական տեխնոլոգիաների միատեսակ կիրառմանն ուղղված առաջարկների ուսումնասիրում.

գ) պետական հսկողության անցկացման համար տեղափոխման վայրերի սարքավորվածության և տեխնիկական հագեցվածության կատարելագործման, ինչպես նաև հսկիչ գործողությունների իրականացման ժամանակ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ առաջարկների ուսումնասիրում.

դ) տեղափոխման վայրերում անցունակության և պետական հսկողության անցկացման (անցման) նկատմամբ մշտադիտարկման արդյունքների հիման վրա վերլուծական նյութերի և առաջարկների ուսումնասիրում, ինչպես նաև տեղափոխման վայրերում անցունակության ավելացման և ապրանքների ու տրանսպորտային միջոցների անցման ժամանակի կրճատման վերաբերյալ առաջարկների մշակում.

ե) միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության հարցերի շուրջ առաջարկների մշակում՝ հաշվի առնելով պետական հսկողության անցկացման ժամանակ անդամ պետությունների կողմից կիրառվող տեղեկատվական ռեսուրսների առանձնահատկությունները.

զ) պետական հսկողության անցկացման համար տեղափոխման վայրերի կառուցման ու վերակառուցման վերաբերյալ առաջարկների մշակում.

է) պետական հսկողության անցկացման հարցերի վերաբերյալ՝ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումների նախագծերի ու հանձնարարականների նախապատրաստման ժամանակ առաջացող տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ առաջարկների մշակում.

ը) տեղափոխման վայրերում պետական հսկողության անցկացման համար նախնական տեղեկացման տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ առաջարկների մշակում.

թ) ռիսկերի կառավարման համակարգի զարգացում՝ Մաքսային միության մաքսային սահմանին պետական հսկողության անցկացման ժամանակ ռիսկի բնագավառների ու ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների սահմանման նպատակով.

ժ) տեղափոխման վայրերում պետական հսկողության անցկացմանն առնչվող այլ հարցերի ուսումնասիրում։

13. Առաջադրված խնդիրների իրագործման համար Կոմիտեն իրավունք ունի՝

ա) սահմանված կարգով ուսումնասիրելու անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների՝ Կոմիտեի իրավասության մեջ մտնող հարցերի շուրջ առաջարկները.

բ) փոխգործակցելու անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների հետ՝ Կոմիտեի իրավասության մեջ մտնող հարցերով.

գ) անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններից սահմանված կարգով պահանջելու Կոմիտեի իրավասության մեջ մտնող հարցերին առնչվող նյութեր ու անհրաժեշտ տեղեկատվություն.

դ) հրավիրելու անկախ փորձագետների՝ Կոմիտեի և (կամ) փորձագիտական ու աշխատանքային խմբերի նիստերին մասնակցության համար.

ե) ներկայացնելու առաջարկներ՝ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումների նախագծերի վերաբերյալ։

14. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան կես տարին 1 անգամ։

Կոմիտեի նիստի անցկացման մասին որոշումն ընդունում է Կոմիտեի նախագահը, այդ թվում՝ Կոմիտեի անդամների առաջարկների հիման վրա:

15. Կոմիտեի նիստի օրակարգը ձևավորվում է Կոմիտեի և Կոմիտեի անդամների առաջարկների հիման վրա։

Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկները և դրան կից նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային ձևով, Կոմիտեի անդամների կողմից ուղարկվում են Կոմիտեի նախագահին՝ ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 25 աշխատանքային օր առաջ:

16. Կոմիտեի նիստին քննարկման համար ներկայացվող նյութերը պարունակում են՝

ա) հարցի ընդհանուր բնութագիրը.

բ) Կոմիտեի որոշման նախագիծը.

գ) Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը (եթե ուսումնասիրվող հարցը քննարկման համար ներկայացվում է Հանձնաժողովի կոլեգիայի նիստին).

դ) անհրաժեշտ տեղեկատվական, վերլուծական նյութերն ու կանխատեսումները։

17. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի նիստի հաստատված օրակարգն ու դրան կից նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային ձևով, ուղարկում է Կոմիտեի նախագահին ու Կոմիտեի անդամներին՝ ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 20 օրացուցային օր առաջ:

18. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի սենքերում:

Կոմիտեի նիստերը կարող են անցկացվել ցանկացած անդամ պետությունում՝ Կոմիտեի անդամների առաջարկների հիման վրա ընդունվող՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ։

Կոմիտեի նախագահի որոշմամբ նիստերը կարող են անցկացվել տեսա- և (կամ) Ինտերնետ-համաժողովի ռեժիմով։

19. Կոմիտեի նիստը ճանաչվում է իրավազոր, եթե դրան մասնակցում են անդամների երկու երրորդից ավելին։

Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։

Կոմիտեի նիստին Կոմիտեի անդամի ներկայության անհնարինության դեպքում նա քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքը նախօրոք, գրավոր ներկայացնելու իրավունք ունի։

20. Հարցերի քննարկման ժամանակ Կոմիտեի անդամներն ունեն հավասար իրավունքներ։

21. Անդամ պետությունից համակարգողն ամփոփում է համապատասխան անդամ պետությունը ներկայացնող՝ Կոմիտեի անդամների դիրքորոշումները՝ Կոմիտեի նիստի օրակարգին առնչվող հարցերի շուրջ, և Կոմիտեին ներկայացնում է դրանց մասով համաձայնեցված դիրքորոշում, որը հաշվի առնելով, Կոմիտեն որոշում է ընդունում։

22. Կոմիտեի նիստերի արդյունքներն ու Կոմիտեի որոշումները ձևակերպվում են Կոմիտեի նիստի արձանագրության տեսքով, որը ստորագրվում է Կոմիտեի պատասխանատու քարտուղարի ու հաստատվում է Կոմիտեի նախագահի կողմից

Կոմիտեի նիստի արձանագրության մեջ կարող է արտացոլված լինել Կոմիտեի անդամի հատուկ կարծիքն առանձին հարցերի շուրջ (անհրաժեշտության դեպքում)։

Կոմիտեի նիստի արձանագրությանը կարող են կցվել ամփոփիչ փաստաթղթեր, տեղեկատու նյութեր և քննարկման համար ներկայացված այլ փաստաթղթեր։

23. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը, Կոմիտեի նիստի անցկացման օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում, Կոմիտեի նիստի արձանագրությունն ուղարկում է Կոմիտեի բոլոր անդամներին։ Կոմիտեի նիստին մասնակցած հրավիրված անձանց արձանագրությունը կամ դրանից քաղվածքը կարող է ուղարկվել Կոմիտեի նախագահի որոշմամբ։

24. Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Հանձնաժողովի մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտում։

25. Կոմիտեի նիստերին հսկիչ մարմինների և անդամ պետությունների գործադիր իշխանության այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող անդամ պետությունները:

Կոմիտեի նիստերին անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը փորձագետները կրում են ինքնուրույն։

26. Կոմիտեի գործունեության կազմակերպատեխնիկական ու ֆինանսական ապահովումն իրականացնում է Հանձնաժողովը:

 

———————

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2013 թվականի դեկտեմբերի 2-ի

թիվ 283 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, որոնց լիազորված ներկայացուցիչներն ընդգրկվում են Մաքսային միության մաքսային սահմանին հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում

 

I. Բելառուսի Հանրապետությունից՝

 

1. Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարություն։

2. Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարություն։

3. Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն։

4. Բելառուսի Հանրապետության պետական սահմանապահ կոմիտե։

5. Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտե։

 

II. Ղազախստանի Հանրապետությունից՝

 

1. Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

2. Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն։

3. Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության կոմիտե։

4. Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտե։

5. Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայություն:

 

III. Ռուսաստանի Դաշնությունից՝

 

1. Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարություն։

2. Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարություն:

3. Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարություն։

4. Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի հագեցվածության հարցերով դաշնային գործակալություն։

5. Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն։

6. Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն։

7. Դաշնային մաքսային ծառայություն։

8. Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայություն։

 

———————

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան