ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատներ թիվ 2512/15 և 31435/16
«ՕԹՅԱԿ» ՓԲԸ-ն
ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2025 թվականի փետրվարի 6-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով
«Օթյակ» ՓԲԸ-ի (դիմումատու ընկերություն) կողմից համապատասխանաբար 2014 թվականի դեկտեմբերի 18-ին և 2016 թվականի մայիսի 18-ին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 34-րդ հոդվածով ընդդեմ Հայաստանի Հանրապետության Դատարան ներկայացված գանգատները (թիվ 2512/15 և 31435/16)` ի դեմս Երևանում գործող փաստաբաններ Ա.Ղազարյանի և Մ.Բաղդասարյանի,
դատարանի մատչելիության իրավունքի ենթադրյալ բացակայության վերաբերյալ բողոքների մասին Հայաստանի կառավարություն (Կառավարություն) ծանուցումներ ուղարկելու վերաբերյալ որոշումները՝ ի դեմս նրանց ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանի և հետագայում նաև միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի, և գանգատը մնացած մասով անընդունելի ճանաչելու մասին թիվ 31435/16 որոշումը,
կողմերի դիտարկումները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Տվյալ գործում քննարկվում է այն հարցը, թե արդյոք տեղի է ունեցել դիմումատու ընկերության՝ դատարանի մատչելիության իրավունքի խախտում։
Ա. Քաղաքացիական վարույթների առաջին խումբը
2. 2008 թվականին դիմումատու ընկերությունը վճարել է ընդհանուր առմամբ 43 852 300 հայկական դրամ (ՀՀ դրամ)՝ որպես ԱԱՀ և շահութահարկ։
3. 2010 թվականի սեպտեմբերի 30-ին դիմումատու ընկերությունը Կառավարության դեմ քաղաքացիական վարույթ է հարուցել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան (Վարչական շրջանի դատարան)՝ վիճարկելով, որ այն պարտավորություն չի ունեցել վճարել այդ հարկերը և պահանջել դրանց վերադարձը։ Այն նաև պահանջել է տոկոսների վճարում՝ վճարված գումարի ապօրինի պահման ենթադրյալ ժամանակահատվածի համար՝ հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը:
4. 2011 թվականի մարտի 17-ին Վարչական շրջանի դատարանը բավարարել է դիմումատու ընկերության բողոքը:
5. Կառավարությունը բողոքարկել է այդ վճիռը:
6. 2011 թվականի հունիսի 30-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է բողոքը։
7. Կառավարությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել։
8. 2012 թվականի մարտի 23-ին Վճռաբեկ դատարանը հաստատել է դիմումատու ընկերության դիրքորոշումն առ այն, որ այն ԱԱՀ և շահութահարկ վճարելու պարտավորություն չի ունեցել։ Այնուամենայնիվ, այն որոշել է դադարեցնել գործի քննությունն այն հիմքով, որ գործի առարկան չի գտնվում Վարչական շրջանի դատարանի իրավասության ներքո, որը միայն իրավասու է քննելու քաղաքացիական վեճերը։ Հղում կատարելով Քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասին և Հարկային օրենսգրքի 33-35-րդ հոդվածներին՝ այն նշել է, որ քննվող գործը կարգավորվում է ոչ թե Քաղաքացիական օրենսգրքով, այլ Հարկային օրենսգրքով, և որ այն ավելի շատ ոչ թե քաղաքացիական, այլ հարկային բնույթի վեճ է։
Բ. Վարույթները վարչական դատարաններում
9. 2012 թվականի հունիսի 4-ին դիմումատու ընկերությունը Վարչական դատարանում վարույթ է հարուցել՝ պահանջելով վճարված հարկերի վերադարձ, ինչպես նաև տոկոսների վճարում՝ վճարված գումարի ապօրինի պահման ենթադրյալ ժամանակահատվածի համար՝ հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը։
10. 2013 թվականի հունիսի 20-ին Վարչական դատարանը բավարարել է դիմումատու ընկերության՝ հարկերը վերադարձնելու վերաբերյալ պահանջը։ Այն դադարեցրել է քննությունն իրավասության բացակայության հիմքով՝ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան՝ օրենքով սահմանված տոկոսների վճարման պահանջի մասով՝ նշելով, որ Քաղաքացիական օրենսգիրքը կիրառելի չէ տվյալ վեճի նկատմամբ, և որ տվյալ հարցը ենթակա է կարգավորման Հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածին համապատասխան։
11. Դիմումատու ընկերությունը վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների վճարման իր պահանջը դադարեցնելու մասով:
12. 2013 թվականի դեկտեմբերի 19-ին Վերաքննիչ վարչական դատարանը վիճարկվող վճիռը թողել է անփոփոխ։
13. Դիմումատու ընկերությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել:
14. 2014 թվականի հունիսի 18-ին Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:
Գ. Քաղաքացիական վարույթների երկրորդ խումբը
15. 2014 թվականի օգոստոսի 19-ին դիմումատու ընկերությունը հայց է ներկայացրել վարչական շրջանի դատարան՝ ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության՝ պահանջելով վճարել օրենքով սահմանված տոկոսներն իր միջոցների ապօրինի պահպանման ժամանակահատվածի համար՝ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի:
16. 2015 թվականի մարտի 31-ին Վարչական շրջանի դատարանը մասամբ բավարարել է դիմումատու ընկերության պահանջը։
17. Դիմումատու ընկերությունը և Ֆինանսների նախարարությունը բողոքարկել են Վարչական շրջանի դատարանի վճիռը։
18. 2015 թվականի հուլիսի 24-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել և փոփոխել է 2015 թվականի մարտի 31-ի վճիռը՝ մերժելով դիմումատու ընկերության պահանջը։ Այն որոշել է, որ Քաղաքացիական օրենսգրքի դրույթները կիրառելի չեն հարկային բնույթի այն վեճերի նկատմամբ, որոնք կարգավորվում են հարկային օրենսդրությամբ: Մասնավորապես Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հիմնավորել է, որ վճարված հարկերի դիմաց տոկոսների վճարումը կարգավորվում է Հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով, և որ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները չեն կարող հաշվեգրվել վճարված հարկերի վրա:
19. Դիմումատու ընկերությունը բողոքարկել է այդ որոշումը։
20. 2015 թվականի հոկտեմբերի 21-ին Վճռաբեկ դատարանը դիմումատու ընկերության վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Ա. Գանգատների միացումը
21. Հաշվի առնելով գանգատների համանման առարկան՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք համատեղ քննել մեկ որոշմամբ (Դատարանի կանոնակարգի 42-րդ կանոնի 1-ին կետ):
Բ. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ենթադրյալ խախտումը
22. Դիմումատու ընկերությունը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, բողոքարկել է, որ խախտվել է դատարանի մատչելիության իր իրավունքը, քանի որ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի՝ ինքը զրկված է եղել տոկոսների վճարման վերաբերյալ դատարանի՝ քաղաքացիական հայցով որոշումն ստանալու հնարավորությունից։
23. Կառավարությունը պնդում էր, որ դիմումատու ընկերությունն այլևս չէր կարող որպես տուժող հանդես գալու պահանջ ներկայացնել, քանի որ քաղաքացիական վարույթների երկրորդ խմբում Վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննել է նրա բողոքն ըստ էության և մերժել է այն:
24. Դատարանը կասկածում է, թե արդյոք դիմումատու ընկերությունն այլևս չի կարող որպես տուժող հանդես գալու պահանջ ներկայացնել՝ հաշվի առնելով, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ի վերջո, մերժել է նրա հայցն այն հիմքով, որ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը կիրառելի չէր վեճի նկատմամբ, այն է՝ այն նույն հիմքերով, որոնցով դիմումատու ընկերության կողմից ներկայացված նախկին հայցի հիման վրա հարուցված վարույթը կարճվել էր՝ առանց գործն ըստ էության քննելու (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, Դատարանը հարկ չի համարում հստակ պատասխանել այդ հարցին, քանի որ գանգատներն ամեն դեպքում անընդունելի են ստորև ներկայացված պատճառներով: Միևնույն պատճառով Դատարանն անհրաժեշտ չի համարում խնդրո առարկա վարույթում որոշում կայացնել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառելիության վերաբերյալ, ինչը կարող է կասկածի տակ դրվել՝ հաշվի առնելով, որ դատավարությունը, ըստ երևույթին, կապված է եղել հարկային բնույթի վեճի հետ (տե՛ս Ֆերացինին ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Ferrazzini v. Italy] [GC], թիվ 44759/98 գործը, 29, § ՄԻԵԴ 2001-VII)։
25. Դատարանի, այդ թվում՝ վերադաս դատարանների մատչելիության իրավունքի վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Զուբաքն ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Zubac v. Croatia] [GC], թիվ 40160/12 գործում, §§ 76-99, 2018 թվականի ապրիլի 5:
26. Քաղաքացիական վարույթների առաջին խմբի շրջանակներում Վճռաբեկ դատարանը որոշել է, որ դիմումատու ընկերության հայցը չի գտնվում վարչական շրջանի դատարանի իրավասության ներքո և կարճել է վարույթը: Այն նշել է իր հիմնավորումն այն մասին, որ քաղաքացիական օրենսդրությունը կիրառելի չէ հարկային վեճերի նկատմամբ, որոնք կարգավորվում են հարկային օրենսդրությամբ։ Հղում է կատարվել Քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասին, որը սահմանում է, որ քաղաքացիական օրենսդրությունը չի կիրառվում հարկային վեճերի նկատմամբ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ հարկային վճարումների վերադարձումը կարգավորվում է Հարկային օրենսգրքի 33-35-րդ հոդվածներով (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը)։
27. Այնուամենայնիվ, երբ դիմումատու ընկերությունը նոր վարույթ է հարուցել այս անգամ Վարչական դատարանի առջև, այն կրկին հիմնվել է Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վրա՝ որպես օրենքով սահմանված տոկոսների վճարման պահանջի իրավական հիմք: Վարչական դատարանը, բավարարելով դիմումատու ընկերության հիմնական պահանջը, կարճել է վարույթը՝ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված միջոցների ապօրինի պահման համար գանձվող, օրենքով նախատեսված տոկոսների մասով։ Ինչպես Վճռաբեկ դատարանի դեպքում, այն հղում է կատարում Քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասին և նշում, որ Քաղաքացիական օրենսգրքի դրույթները կիրառելի չեն։ Այն նաև նշում է, որ հարկային վճարումների նկատմամբ տոկոսների հաշվարկը կարգավորվում է Հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածով (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը)։
28. Բողոքարկումներն արդյունք չտալուց հետո դիմումատու ընկերությունը Վարչական շրջանի դատարան հարուցեց քաղաքացիական վարույթների նոր խումբ՝ պահանջելով տոկոսներ վճարել իր միջոցների ապօրինի պահման համար: Սակայն այն կրկին հիմնվում էր Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վրա՝ որպես իր պահանջի համար իրավական հիմք։ Դիմումատու ընկերության հայցը մերժելով՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ Քաղաքացիական օրենսգիրքը կիրառելի չէ վեճի նկատմամբ, և որ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները չեն կարող հաշվեգրվել ավել վճարված հարկերի վրա։ Դատարանն իր եզրակացությունը հիմնավորել է Քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասով և Հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը)։
29. Վերևում քննարկված բոլոր երեք որոշումներում ներպետական դատարանները գտել են, որ քաղաքացիական օրենսդրությունը, որի վրա հիմնվել է դիմումատու ընկերությունը, վեճի նկատմամբ կիրառելի չէ: Սույն եզրակացության հիմքում ընկած է Քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասը, և սույն եզրակացությունը կամայականորեն կամ ակնհայտորեն անհիմն չէ։ Դիմումատու ընկերությունը չի ներկայացրել որևէ փաստարկ՝ վիճարկելու Քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված ընդհանուր կանոնի կիրառելիությունը, որը սահմանում է, որ քաղաքացիական օրենսդրությունը հարկային վեճերով կիրառելի չէ: Դատարանը վերահաստատում է, որ ազգային իշխանությունների, մասնավորապես՝ դատարանների համար առաջնային է ներպետական իրավունքի մեկնաբանությունը և կիրառումը։ Դատարանի դերը սահմանափակված է այն պարզաբանմամբ, թե արդյոք այդպիսի մեկնաբանման արդյունքները համապատասխանում են Կոնվենցիային։ Այն մասնավորապես վերաբերում է դատարանի կողմից դատավարական բնույթի կանոնների մեկնաբանմանը (տե՛ս Ֆու Քուանը, էս.ար.օ.-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության [ՄՊ], [Fu Quan, s.r.o. v. the Czech Republic] [GC], թիվ 24827/14 գործը, § 120, 2023 թվականի հունիսի 1)։ Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ չպետք է հանդես գա որպես չորրորդ ատյան և հետևաբար 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կասկածի տակ չի դնի ազգային դատարանների վճիռը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց եզրակացությունները կարող են դիտվել որպես կամայական կամ ակնհայտորեն անհիմն (տե՛ս վերևում հիշատակված՝ Զուբաքի [Zubac] գործը, § 79): Հաշվի առնելով իր դերը՝ Դատարանը չի կարող չընդունել այն եզրակացությունը, որ դիմումատու ընկերությունը բազմիցս հիմնվել է չկիրառվող դրույթի վրա՝ որպես իրավական հիմք իր պահանջի համար:
30. Դիմումատու ընկերությունը պնդում էր, որ Վարչական դատարանը պարտավոր էր քննել իր քաղաքացիական հայցը՝ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն՝ վիճարկելով, որ այն իրավասու էր քննել քաղաքացիական բնույթի օժանդակ հայցը, քանի դեռ այն փոխկապակցված է վարչական բնույթի հիմնական հայցի հետ։ Այնուամենայնիվ, այդ փաստարկն անտեղի է, քանի որ Վարչական դատարանը չի դադարեցրել դիմումատու ընկերության հայցի քննությունը՝ կապված տոկոսների վճարման հետ՝ պայմանավորված վարչական վեճի շրջանակներում այն որպես օժանդակ քաղաքացիական հայց քննելու իրավասության բացակայությամբ. դատարանն այդ կերպ է վարվել, քանի որ դիմումատու ընկերությունը հիմնվել է ոչ կիրառելի իրավական դրույթի վրա։
31. Դիմումատու ընկերության փաստարկը՝ Վարչական դատարանի՝ վեճն ի պաշտոնե քննելու և սեփական նախաձեռնությամբ հայցն ըստ էության քննելու իրավասության վերաբերյալ, չի կարող ընդունվել, քանի որ այն հիմնված չէ վարչական դատավարության որևէ կանոնի վրա։ Ի հակադրություն՝ Դատարանին բավարարում են Կառավարության այն պնդումները, որոնք հիմնված են Վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի վրա, որ վարչական դատարանի՝ ի պաշտոնե քննություն իրականացնելու իրավասությունը վերաբերում է բացառապես փաստերի հաստատմանը և վարչական դատարանին թույլ չի տալիս սեփական նախաձեռնությամբ լրացնել այնտեղ ներկայացված հայցի իրավական հիմքը՝ այդպիսով դուրս գալով ներկայացված հայցի շրջանակներից։
32. Ավելին, դիմումատու ընկերությունն իր բողոքներում չէր վիճարկում, որ Վարչական դատարանն իր հայցը պետք է քններ ի պաշտոնե՝ Հարկային օրենսգրքի գործող դրույթներին համապատասխան, սակայն փոխարենը շարունակում էր վիճարկել Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառելիությունը։ Դատարանի առջև իր դիտարկումներում այն տարբերվող դիրքորոշում է հայտնել։ Դատարանը, այնուամենայնիվ, վերահաստատում է, որ կողմերը չեն կարող Դատարանի առջև հիմնավոր կերպով ներկայացնել մի փաստարկ, որը նրանք երբեք չեն ներկայացրել ներպետական դատարանների առջև (տե՛ս վերևում հիշատակված՝ Ֆու Քուանի, էս.ար.օ.-ի [Fu Quan, s.r.o.] գործը, § 123)։ Դրանից հետևում է, որ ներպետական դատարանների որոշումները չեն խաթարել դիմումատու ընկերության՝ դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը. ընդ որում, դատարանի մատչելիության սահմանափակումն անհամաչափ չէր: Հետևաբար դիմումատու ընկերության՝ 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ներկայացված բողոքն ակնհայտորեն անհիմն է:
33. Հետևաբար գանգատները պետք է ճանաչվեն անընդունելի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն։
Այդ հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է միացնել գանգատները.
Գանգատը հայտարարում է անընդունելի:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի մարտի 6-ին։
Մարտինա Կելլեր՝ |
Անդրեաս Զունդ՝ |
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |