Գլխավոր տեղեկություն
Համար
N 374-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2025 թվականի N 374-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասը և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ և 216-րդ հոդվածի 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Սահմանել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա պարենային արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպման և ներկայացման, ինչպես նաև ազգային ռեեստրում ներառման պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 3-ի N 374-Ն որոշման

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա պարենային արտադրանքի (այսուհետ՝ արտադրանք) համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպման և ներկայացման, ինչպես նաև ազգային ռեեստրում ներառման հետ կապված հարաբերությունները։

2. ԵԱՏՄ մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի մասին» N 130 որոշմամբ սահմանված դրույթները՝ բացառությամբ այն արտադրանքի, որի համապատասխանության գնահատման փաստաթղթի կազմման համար հիմք է հանդիսացել Եվրոպական միության անդամ պետությունների, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության տարածքներում գործող և Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության («International Laboratory Accreditation Cooperation» - «ILAC») բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ՝ փորձարկման լաբորատորիա) կողմից տրամադրված փորձարկման արձանագրությունները, եթե դրանք համարժեք են Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերով կամ վերջիններիս կիրարկումն ապահովող ստանդարտներով սահմանված նորմերի կամ ցուցանիշների թույլատրելի առավելագույն արժեքներին։

3. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված փորձարկման լաբորատորիաների կողմից տրված փորձարկման արձանագրությունների հիման վրա սերտիֆիկացման կամ հայտարարագրման կամ պետական գրանցման ձևով համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացնելու նպատակով թույլատրվում է հավատարմագրված և նշանակված արտադրանքի սերտիֆիկացման մարմնին (այսուհետ՝ սերտիֆիկացման մարմին) համապատասխանության գնահատում իրականացնել հայտատուի կողմից ներկայացված՝ արտադրանքի համապատասխանության ապացույցների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերին համապատասխան՝ համապատասխանության գնահատման փաստաթուղթ ձևակերպելով (համապատասխանության գնահատման փաստաթղթի վրա նշելով «արտահանելի չէ»)։

4. Սույն հավելվածի իմաստով կիրառվող և ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագրերի նշմամբ արտադրանքի ցանկը, որի նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի դրույթները, սահմանվում է համապատասխանության գնահատման և տեխնիկական կանոնակարգման ոլորտները համակարգող լիազոր մարմնի կողմից։

5. Արտադրանքը ենթակա է բացթողման միայն հայտատուի կողմից սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթուղթը մաքսային մարմիններին ներկայացնելուց հետո։

6. Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթուղթը գործում է շրջանառության մեջ դրված արտադրանքի խմբաքանակի նկատմամբ, բայց ոչ ավելի, քան արտադրանքի պիտանիության ժամկետը:

7. Սույն հավելվածի իմաստով համապատասխանության գնահատումը կիրառվում է արտադրանքի խմբաքանակի համար։

8. Սույն հավելվածի իմաստով համապատասխանության գնահատման ժամանակ որպես հայտատու կարող է հանդես գալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» գրասենյակում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը։

9. Սույն հավելվածի իմաստով համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

1) պայմանագրի (մատակարարման պայմանագրի) պատճենը և արտադրանքի խմբաքանակը նույնականացնող ապրանքաուղեկցող փաստաթղթերը.

2) շահագործման փաստաթղթերի պատճենը (առկայության դեպքում).

3) ստանդարտների ցանկը՝ նշելով դրանց նշանագրերը և լրիվ անվանումները, ինչպես նաև բաժինները (կետերը, ենթակետերը. արտադրանքի արտադրության մեջ դրանց կիրառման դեպքում).

4) հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք հիմք են ծառայել համապատասխանության գնահատման համար, երրորդ երկրների համապատասխանության գնահատման շրջանակներում տրամադրված համապատասխանության սերտիֆիկատները (այդ թվում՝ արտադրանքի համապատասխանությունը հավաստող այլ փաստաթղթեր).

5) սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված փորձարկման լաբորատորիաներում անցկացված արտադրանքի նմուշների (փորձանմուշների) փորձարկման արձանագրությունները.

6) սույն հավելվածի 2-րդ կետում նշված երկրներում արտադրված լինելը հավաստող փաստաթուղթ՝ ծագման երկրի հավաստագիր։

10․ Համապատասխանության գնահատման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը և տեղեկությունները կարող են ներկայացվել ռուսերեն կամ անգլերեն։

11․ Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթուղթը ներառվում է սույն հավելվածի իմաստով կիրառվող համապատասխանության գնահատման փաստաթղթերի ազգային ռեեստր (այսուհետ՝ ազգային ռեեստր) «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ԱՐՄՆԱԲ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

12․ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված և Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրված այն արտադրանքը, որի համար սույն հավելվածով սահմանված կարգով գրանցված համապատասխանության գնահատման փաստաթուղթը ներառված է ազգային ռեեստր, չի կարող արտահանվել ԵԱՏՄ այլ անդամ պետություններ։

13․ ԱՐՄՆԱԲ-ը համապատասխանության գնահատման փաստաթուղթը չի ներառում ազգային ռեեստրում հետևյալ դեպքերում՝

1) եթե առկա են անճշտություններ համապատասխանության գնահատման փաստաթղթի վերաբերյալ սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված և ազգային ռեեստր ներառելու համար ներկայացված փաստաթղթերում, որոնք հիմք են հանդիսացել համապատասխանության գնահատման փաստաթղթի ընդունման համար.

2) համապատասխանության գնահատման փաստաթուղթը ազգային ռեեստր ներառելու համար ներկայացված էլեկտրոնային փաստաթղթերի (պատկերների) անհամապատասխանություն հայտատուի կողմից համապատասխանության գնահատման փաստաթղթի ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի բնօրինակներից.

3) ձևակերպվել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ այն արտադրանքի նկատմամբ, որը ներառված չի սույն հավելվածի 4-րդ կետով հաստատված արտադրանքի ցանկում:

14․ Սույն հավելվածի 13-րդ կետի հիման վրա համապատասխանության գնահատման փաստաթուղթը ազգային ռեեստր չներառելու մասին որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ԱՐՄՆԱԲ-ը ծանուցում է համապատասխանության գնահատման փաստաթուղթ ձևակերպող սերտիֆիկացման մարմնին՝ նշելով ազգային ռեեստր չներառելու հիմքերը և միաժամանակ ներկայացնելով հարցում ազգային ռեեստր չներառելու պատճառ հանդիսացած հիմքերի վերաբերյալ առկա լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով։

15․ Համապատասխանության գնահատման փաստաթուղթ ձևակերպող սերտիֆիկացման մարմինը սույն հավելվածի 14-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում չեղյալ է համարում համապատասխանության գնահատման փաստաթուղթը կամ ԱՐՄՆԱԲ-ին է ներկայացնում սույն հավելվածի 14-րդ կետով պահանջվող առկա լրացուցիչ տեղեկատվությունը:

16․ Այն դեպքում, երբ ԱՐՄՆԱԲ-ը սույն հավելվածի 15-րդ կետին համապատասխան ներկայացված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերում է սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված դեպքերի բացակայություն, ապա հայտնաբերելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ԱՐՄՆԱԲ-ը որոշում է ընդունում համապատասխանության գնահատման փաստաթուղթը ազգային ռեեստր ներառելու մասին:

17․ ԱՐՄՆԱԲ-ի կողմից համապատասխանության գնահատման փաստաթղթի ներառումը ազգային ռեեստր հիմք է համապատասխանության գնահատման փաստաթղթին համապատասխան տվյալ արտադրանքի շրջանառության թույլտվության համար։

18․ Տեխնիկական կանոնակարգման համապատասխան ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) հասանելիություն ունի համապատասխանության գնահատման փաստաթղթի տրամադրման և ազգային ռեեստրում ներառման համար հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերին։ Տեսչական մարմինը սույն հավելվածի իմաստով տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերի անհամապատասխանության կամ համապատասխանության հայտարարագրով կամ սերտիֆիկատով շրջանառվող մարդու առողջության և անվտանգության պահպանության վրա ազդող արտադրանք հայտնաբերելու դեպքում համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին միջնորդագիր է ներկայացնում համապատասխանաբար հայտատուին և ԱՐՄՆԱԲ-ին կամ սերտիֆիկացման մարմնին և ԱՐՄՆԱԲ-ին՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու և համապատասխանաբար ազգային ռեեստրում դրա գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ տեղեկություն ներառելու նպատակով։

19․ Տեսչական մարմինը գործողությունների իրականացման ընթացքում հայտնաբերված սույն հավելվածի իմաստով կազմված համապատասխանության գնահատման փաստաթղթերը, որոնք ներառված չեն ազգային ռեեստր, ենթակա են չեղյալ հայտարարման տվյալ համապատասխանության գնահատման փաստաթուղթը ձևակերպող սերտիֆիկացման մարմնի կողմից։ Սերտիֆիկացման մարմինը համապատասխանության գնահատման փաստաթուղթը չեղյալ է համարում տեսչական մարմնի կողմից ծանուցումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

20․ Սույն հավելվածի իմաստով համապատասխանության գնահատման փաստաթղթերում հայտատուի ցանկությամբ կարող են նշվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտադրված արտադրանքի պատրաստման գործունեություն իրականացնելու վայրի թվային նույնականացուցիչը (GLN (Տեղադիրքի գլոբալ համար-Global Location Number) կամ այլ նույնականացուցիչ) (հայտատուի ցանկությամբ, այլ անհատական նույնացուցիչի մասով, որը թույլ է տալիս ավտոմատ ռեժիմով իրականացնել արտադրանքի պատրաստման գործունեության իրականացման վայրի հասցեի կամ GTIN (Առևտրային միավորի գլոբալ նույնականացման համար-Global Trade Item Number)` հայտատուի ընտրությամբ և նման հնարավորության առկայության դեպքում:

21․ Սույն հավելվածի իմաստով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար նախատեսված արտադրանքի (առանց պարտադիր պահանջներով նախատեսված մակնշման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի) ներմուծման թույլատրելի վերջնաժամկետ է սահմանվում 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2025 թվական: