ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 1994 թ. N 479
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հեղինակային իրավունքների ազգային գործակալության կանոնադրությունը (կցվում է)։
Հայաստանի Հանրապետության |
Վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՀՀ կառավարության 1994 թ. հոկտեմբերի 7-ի N 479 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հեղինակային իրավունքների ազգային գործակալությունը (այսուհետև՝ գործակալություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է հեղինակային, ինչպես նաև հարակից իրավունքների պահպանության պետական քաղաքականություն։
2. Գործակալությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հեղինակային և հարակից իրավունքների պահպանության վերաբերյալ միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) և սույն կանոնադրությամբ։
3. Գործակալությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք, սահմանված կարգով բանկերում բացում է հաշվարկային, ինչպես նաև տարադրամային հաշիվներ։
II. Գործակալության հիմնական խնդիրները և գործառույթները
4. Գործակալության հիմնական խնդիրներն են՝
ա) հեղինակային և հարակից իրավունքների պահպանության ապահովումը, հեղինակային իրավունքների պահպանության միասնական համակարգի կազմակերպման և կառավարման աշխատանքային ծրագրերի մշակումն ու իրագործումը.
բ) գրականության և արվեստի ստեղծագործությունների հրապարակային կատարումների, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի հեղինակային նմուշների արտադրության մեջ օգտագործման համար հեղինակային հոնորարների սահմանված կարգով ստացումն ու վճարումը.
գ) հեղինակային և հարակից իրավունքների պահպանության մասին օրենսդրության մշակմանը մասնակցելը, առաջարկություններ ներկայացնելը.
դ) հեղինակային իրավունքների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցությունը.
ե) հեղինակային և հարակից իրավունքների պահպանության բնագավառում իրավական կուլտուրայի ձևավորմանը նպաստելը:
5. Գործակալությունն իր հիմնական խնդիրներին համապատասխան`
ա) գրանցում և հաշվառում է անհատ հեղինակներին ու նրանց օգտագործվող ստեղծագործությունները.
բ) կատարում է կոմիսիոն մասհանումներ հոնորարներից՝ հեղինակների ստեղծագործությունների հրապարակային կատարման և դեկորատիվ-կիրառական արվեստի գործերի օգտագործման համար.
գ) ներկայացնում է ստեղծագործությունների հրապարակային կատարման համար հեղինակային վարձատրության բոլոր հարցերի գծով հեղինակների ու նրանց իրավահաջորդների օրինական իրավունքներն ու շահերը՝ պայմանագրային հիմունքներով.
դ) ներկայացնում է հեղինակային և հարակից իրավունքների սուբյեկտների, նրանց լիազորությամբ, շահերը և իրավունքները դատարանում և արբիտրաժում.
ե) ստանում է նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից, ինչպես նաև ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից, իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկություններ ու տվյալներ.
զ) կնքում է պայմանագրեր հեղինակային և հարակից իրավունքների սուբյեկտների լիազորությունների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հեղինակի ստեղծագործությունների կատարման կամ օգտագործման նպատակով.
է) իր իրավասության սահմաններում տալիս է եզրակացություններ, այդ թվում հեղինակային և հարակից իրավունքների պահպանության առնչությամբ ծագած վեճերի առիթով.
ը) իր իրավասության սահմաններում ու սահմանված կարգով վարում է բանակցություններ և կնքում պայմանագրեր (համաձայնագրեր) Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների, ինչպես նաև հեղինակային իրավունքների պահպանության օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ.
թ) կազմակերպում և մասնակցում է հեղինակային և հարակից իրավունքների պահպանության հարցերով կոնֆերանսների, գիտաժողովների ու այլ միջոցառումների.
ժ) հրատարակում է տեղեկատուներ, ստեղծում հեղինակների և նրանց ստեղծագործությունների վերաբերյալ տվյալների բանկ, համակարգում հեղինակային և հարակից իրավունքների պահպանության բնագավառում տեղեկությունները.
ի) կազմակերպում է իրավախորհրդատվական օգնություն հեղինակներին Հայաստանի Հանրապետությունում և միջազգային ասպարեզում նրանց իրավունքների պահպանության և պաշտպանության գծով.
լ) սահմանում է հեղինակային իրավունքների պահպանության վերաբերյալ փաստաթղթերի միասնական ձևեր.
խ) սահմանված կարգով քննության է առնում իրավաբանական և ֆիզիկական անձանցից ստացված դիմումները, գանգատները և առաջարկությունները.
ծ) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
III. Գործակալության աշխատանքի կազմակերպումը
6. Գործակալությունն իր աշխատանքը կազմակերպում է իրեն վերապահված իրավասության սահմաններում, կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման հիման վրա։
7. Անհրաժեշտության դեպքում գործակալությունը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, հրահանգներ։
8. Գործակալությունը գլխավորում է գործակալության պետը, որը նշանակվում է պաշտոնի և ազատվում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
9. Գործակալության պետն ունի տեղակալ, որը նշանակվում է պաշտոնի և ազատվում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ գործակալության պետի ներկայացմամբ։
10. Գործակալության պետը՝
ա) կազմակերպում է գործակալության աշխատանքը.
բ) պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.
գ) ընդունում է աշխատանքի և ազատում աշխատանքից գործակալության աշխատողներին.
դ) սահմանում է գործակալության պետի տեղակալի, բաժինների ղեկավարների և աշխատողների պարտականությունները, իրավունքները և պատասխանատվության աստիճանը.
ե) հաստատում է ապարատի կառուցվածքը և հաստիքային ցուցակը.
զ) արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, ստուգում դրանց կատարումը.
է) սահմանված կարգով խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում գործակալության աշխատողներին.
ը) կազմակերպում և ղեկավարում է գործակալության հեղինակային խորհրդի նիստերը.
թ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ։
11. Գործակալության պետի բացակայության դեպքում պետի պարտականությունները կատարում է տեղակալը:
12. Գործակալությունում ստեղծվում է հեղինակային խորհուրդ, որի կազմը և կանոնադրությունը հաստատում է գործակալության պետը։
13. Գործակալության հեղինակային խորհուրդը քննության է առնում հեղինակային և հարակից իրավունքների պահպանության համակարգի կատարելագործման հարցեր, հրամանների և հրահանգների նախագծեր, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ:
14. Գործակալության աշխատողների թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|