Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-30-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.26/4(807) Հոդ.60
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա», «բ», «գ», «դ» ենթակետերով.

«ա. այլընտրանքային կրթական ծրագիր` առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող կրթական ծրագիր, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքները,

բ. հեղինակային կրթական ծրագիր` այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից,

գ. փորձարարական կրթական ծրագիր` սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլընտրանքային կրթական ծրագիր, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը և ներդրումը,

դ. միջազգային կրթական ծրագիր` միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիր.»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասը «պահանջներին համապատասխան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով։

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

 

«6.1. Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։

Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։

Օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող` սույն մասով սահմանված ուսումնական հաստատություններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հայոց լեզվի և հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է՝ հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան։

Սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը Հայաստանի Հանրապետությունում 11-ն է, որից`

1) երկուսը կարող են ստեղծվել որպես ոչ պետական ուսումնական հաստատություններ Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում և կրթություն կազմակերպել առնվազն 6-րդ դասարանի հիմքի վրա (7-րդ դասարանից).

2) ինը կարող են ստեղծվել նաև միջպետական և (կամ) միջկառավարական համաձայնագրերի հիման վրա և իրականացնել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր։

Նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 4-ն է:

Սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունները չեն կարող ունենալ մասնաճյուղ կամ ստորաբաժանում:»։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 15
Երևան
ՀՕ-30-Ն