Գլխավոր տեղեկություն
Համար
N 215
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 1994 թ. N 215

Քաղ. Երևան

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժնի կանոնադրությունը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի նոյեմբերի 13-ի «Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի բաժինների կանոնադրությունները հաստատելու մասին» N 656 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սովետի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժնի կանոնադրությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ

Ա.  ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

ՀՀ կառավարության 1994 թ.

մայիսի 10-ի N 215 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

 

1. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի սոցիալական ապահովության բաժինը կազմավորվում է պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի կողմից և իր գործունեությամբ ենթարկվում պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդին, նրա գործադիր կոմիտեին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը։

2. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժնի հիմնական խնդիրն է օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակների և նպաստների ժամանակին ու ճիշտ նշանակման, վերահաշվարկման և վճարման ապահովումը և քաղաքացիներին կենսաթոշակների ու նպաստների գծով օրենսդրությամբ նախատեսված արտոնությունների իրականացումը։

3. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի և նրա գործադիր կոմիտեի որոշումներով ու կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հրամաններով, հրահանգներով, ցուցումներով և սույն կանոնադրությամբ։

4. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժինն իր վրա դրված խնդիրներին համապատասխան՝

ա) օգնություն է կազմակերպում ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին կենսաթոշակ նշանակելու համար բանվորների, ծառայողների և նրանց ընտանիքների անդամների վերաբերյալ պահանջվող փաստաթղթերի նախապատրաստման և ներկայացման գործում.

բ) ընդունում է կենսաթոշակների ու նպաստների նշանակման ու վերահաշվարկման համար անհրաժեշտ փաստաթղթեր, քննարկում է կենսաթոշակներ և նպաստներ նշանակելու հարցը, ձևակերպում ու պահում է կենսաթոշակ և նպաստ ստացողների գործերը, տալիս է կենսաթոշակառուի վկայական, անձնական գրքույկներ՝ բազմազավակ ու միայնակ մայրերին, և վկայականներ՝ նպաստ ստացողներին,

գ) վերահսկում է Հայաստանի Հանրապետության կապի նախարարության ձեռնարկությունների և խնայբանկի բաժանմունքների միջոցով կենսաթոշակների և նպաստների վճարումը.

դ) եռամսյակը մեկ անգամ պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ՝ կենսաթոշակների և նպաստների վճարման համար պահանջվող գումարի մասին.

ե) կազմակերպում է շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի տարածքում բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի աշխատանքը, հսկողություն է սահմանում հաշմանդամներին ժամանակին վերաքննության ենթարկելու նկատմամբ, առանձնացնում է իր ներկայացուցչին հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու համար և չաշխատող քաղաքացիներին ուղեգրեր է տալիս նշված հանձնաժողովում քննություն անցնելու համար.

գ) համապատասխան հատկացումներից նյութական օգնություն է կազմակերպում կարիքավոր կենսաթոշակառուների համար.

է) պահպանում է սերտ կապ շրջանի, քաղաքի և քաղաքի շրջանի սոցիալական ծառայության, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի տեղական մարմնի հետ, տրամադրում է նրանց անհրաժեշտ տվյալներ և ցույց տալիս գործնական ու մեթոդական օգնություն.

ը) տանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության տուն-ինտերնատներ ուղարկելու հարցերով բաժին դիմած անձանց հաշվառում, աջակցում է նրանց փաստաթղթերի ձևակերպմանը, ուսումնասիրում նրանց ընտանեկան ու նյութական պայմանները և առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն.

թ) աջակցում է սոցիալական ապահովության բաժնին կից կենսաթոշակառուների փոխօգնության ֆոնդին և վերահսկում նրա գործունեությունը.

ժ) բացատրական աշխատանք է տանում բնակչության մեջ սոցիալական ապահովության հարցերի ուղղությամբ՝ օգտագործելով տեղեկատվական միջոցները, կատարում է քաղաքացիների ընդունելություն, պարզաբանումներ ու տեղեկանքներ է տալիս սոցիալական ապահովության հարցերի վերաբերյալ.

ի) քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում դրանց ընթացք տալու համար։

5. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժինը գլխավորում է վարիչը, որի պաշտոնի նշանակումը և պաշտոնից ազատումը կատարվում է «Տեղական խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ նախօրոք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ։

6. Իր գործունեության ընթացքում շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժնի վարիչը ենթարկվում է ինչպես համապատասխան խորհրդին և նրա գործադիր կոմիտեին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը։

7. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժնի վարիչը՝

ա) ղեկավարում է բաժնի գործունեությունը, ապահովում է նրա առջև դրված խնդիրների կատարումը, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի և նրա գործադիր կոմիտեի քննարկմանն է ներկայացնում սոցիալական ապահովության հարցերով որոշումների և կարգադրությունների նախագծեր.

բ) բաժնի իրավասության սահմաններում արձակում է հրամաններ պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի, նրա գործադիր կոմիտեի որոշումների ու կարգադրությունների, ինչպես նաև գործող օրենսդրության հիման վրա և ապահովում է դրանց կատարումը.

գ) տնօրինում է վարկերն ու միջոցները՝ հաստատված նախահաշիվների ու հատկացումների սահմաններում.

դ) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում բաժնի աշխատողներին, իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ։

8. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժնի պահպանման ծախսերը կատարվում են համապատասխան տեղական բյուջեի միջոցների հաշվին։

Սոցիալական ապահովության բաժնի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատվում են «Պատգամավորների տեղական խորհուրդների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Սոցիալական ապահովության բաժնի հաստիքացուցակը հաստատվում է բաժնի վարիչի կողմից։

9. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժինն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը պատկերող և իր անվամբ կնիք։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան