Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-28-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.26/4(807) Հոդ.58
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`

 

1) վերնագրից հանել «և գործունեությունը» բառերը.

2) 1-ին մասի առաջին պարբերությունը «նպատակով» բառից հետո լրացնել «սույն օրենքի 17-րդ հոդվածում նշված պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից» բառերով.

3) 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից հանել «կառուցվածքային» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություններ կարող են ստեղծվել ինչպես Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպություններում, այնպես էլ այն միջազգային կազմակերպություններում, որոնց Հայաստանի Հանրապետությունը չի անդամակցում: Կախված միջազգային կազմակերպությունում ընդունված կարգից` ներկայացուցչությունը կարող է ունենալ նաև այլ անվանում (առաքելություն, պատվիրակություն և այլն):».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առանձնացված ստորաբաժանումն է և իր գործունեությամբ ենթակա և հաշվետու է նրան:».

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կից կարող են գործել ռազմական կցորդներ, միջազգային պայմանագրերի առկայության դեպքում` այլ ներկայացուցչություններ: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կարող են գործել առևտրական և այլ կցորդներ, Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ` մասնագիտացած միջազգային կազմակերպություններում:

Սույն մասում նշված կցորդները և ներկայացուցիչները գործում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:

Սույն մասում նշված կցորդների և ներկայացուցիչների նշանակման, գործունեության և կարգավիճակի, այդ թվում` իրավունքների և պարտականությունների հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:»:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը «Որևէ օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության խնդրանքով» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

 

«Դեսպանը և մշտական ներկայացուցիչը նշանակվում են մինչև 4 տարի ժամկետով, իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ պետությունում դեսպանի կամ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչև երեք տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել:»:

 

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից դեսպանի և մշտական ներկայացուցչի լիազորությունները դադարեցվում են`

 ա) իր գործառույթները կատարելու անհնարինության դեպքում.

 բ) միջազգային իրավունքով նախատեսված դեպքերում.

 գ) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «գ», «ե», «է», «ը», «ժ»-«ժգ» կետերում և 2-րդ մասում նշված դեպքերում:»:

 

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «կառուցվածքային» բառը փոխարինել «առանձնացված» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Դիվանագիտական պաշտոնները դասակարգվում են ըստ դիվանագիտական հայեցողական պաշտոնների և դիվանագիտական ծառայության պաշտոնների:

2. Դիվանագիտական հայեցողական պաշտոններն են`

ա) արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը.

բ) հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը.

գ) արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը.

դ) միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի պաշտոնը.

ե) գործերի հավատարմատարի պաշտոնը.

զ) արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը.

է) գլխավոր հյուպատոսի պաշտոնը.

ը) արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղարի պաշտոնը.

թ) արտաքին գործերի նախարարի օգնականի պաշտոնը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պաշտոնները համարվում են դիվանագիտական պաշտոններ, եթե այդ պաշտոններում նշանակված անձինք ունեն սույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճաններ:

4. Դիվանագիտական ծառայության պաշտոններն են`

ա) արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը.

բ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը.

գ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (վարչության պետի) պաշտոնը.

դ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը.

ե) արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի պաշտոնը.

զ) բաժնի վարիչի (պետի) պաշտոնը.

է) խորհրդականի պաշտոնը.

ը) հյուպատոսի պաշտոնը.

թ) փոխհյուպատոսի պաշտոնը.

ժ) առաջին քարտուղարի պաշտոնը.

ժա) երկրորդ քարտուղարի պաշտոնը.

ժբ) երրորդ քարտուղարի պաշտոնը.

ժգ) կցորդի պաշտոնը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում և 4-րդ մասի «ա» և «բ» կետերում նշված պաշտոն զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման, վերապատրաստման, նշանակման և ազատման հետ կապված նորմերը:»:

 

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում`

 

1) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճանը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1» կետով.

«ե.1) երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճանը.»:

 

Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածում`

 

1) վերնագրից հանել «և դրանցից զրկելու» բառերը.

2) 1-ին մասից հանել «և դրանցից զրկում» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված արտաքին մրցույթի արդյունքներով կցորդի կամ այլ պաշտոնում նշանակված անձին համապատասխանաբար կցորդի կամ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված փորձաշրջանը հաջողությամբ անցնելու դեպքում:

2. Հերթական դիվանագիտական աստիճանը, բացառությամբ բարձրագույն դիվանագիտական աստիճանի, շնորհվում է, երբ դիվանագետը համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճանով ծառայել է հետևյալ ժամկետներում.

ա) կցորդ, երրորդ քարտուղար` առնվազն երեք տարի.

բ) երկրորդ դասի երկրորդ քարտուղար, առաջին դասի երկրորդ քարտուղար, երկրորդ դասի առաջին քարտուղար, առաջին դասի առաջին քարտուղար` առնվազն երկու տարի.

գ) երկրորդ դասի խորհրդական` առնվազն երեք տարի:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված` մրցութային ատեստավորող հանձնաժողովի կողմից դիվանագետի` ատեստավորման հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին դրական եզրակացություն ներկայացնելու դեպքում:

4. Բացառիկ դեպքերում` ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների, անբասիր աշխատանքի համար, մրցութային ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարող է հերթական դիվանագիտական աստիճան շնորհել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ կամ շնորհել արտահերթ դիվանագիտական աստիճան:

5. Արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհումը կարող է իրականացվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ:»:

 

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 22.

Դիվանագիտական աստիճանը պահպանելը և դրանից զրկելը

 

Դիվանագիտական աստիճանները շնորհվում են ցմահ: Սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «ե», «թ»-«ժդ» կետերով սահմանված հիմքերով դիվանագիտական ծառայությունից ազատվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարող են ազատված անձանց զրկել իրենց կողմից շնորհված դիվանագիտական աստիճանից:»:

 

Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի առաջին պարբերությունից հանել «կրկնակի» բառը.

2) 3-րդ մասի երրորդ պարբերության «կրկնակի» բառը փոխարինել «արտաքին» բառով, «վեց» բառը` «մեկ» բառով, իսկ վերջին նախադասությունը հանել:

 

Հոդված 16. Օրենքի 29-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 17. Օրենքի 31-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի առաջին պարբերությունից հանել «երկու տարի տևող» բառերը.

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ առանձնացված ստորաբաժանումում ծառայության ժամկետն առնվազն երկու տարի է: Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության ժամկետը երկու տարի է, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:».

3) 3-րդ մասի «բ» կետը ուժը կորցրած ճանաչել.

4) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) ծառայողական անհրաժեշտության դեպքում:»:

 

Հոդված 18. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «գործադիր իշխանության հանրապետական մարմիններից» բառերը փոխարինել «պետական մարմիններից» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 34-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Ատեստավորումն իրականացվում է դիվանագետին հերթական դիվանագիտական աստիճան շնորհելու նպատակով, որի վերաբերյալ մրցութային-ատեստավորող հանձնաժողովն իր եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին:

2. Ատեստավորումն անցկացվում է փաստաթղթային ուսումնասիրության եղանակով:

Փաստաթղթային ուսումնասիրության եղանակով համապատասխան եզրակացության հանգելու անհնարինության դեպքում մրցութային-ատեստավորող հանձնաժողովի որոշմամբ ատեստավորումն անցկացվում է դիվանագետի մասնակցությամբ:

3. Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում դիվանագետի հաջորդ ատեստավորումն անցկացվում է մեկ տարի հետո:

4. Դիվանագետի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում:

5. Դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 20. Օրենքի 35-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դիվանագետի վերապատրաստման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Դիվանագետի վերապատրաստումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատությունում:»:

 

Հոդված 21. Օրենքի 36-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ) սույն օրենքի 51.1-ին հոդվածում նշված` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը բարձր ցուցանիշներով ավարտած և դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու մասին համապատասխան որակավորում ստացած, սակայն թափուր հաստիքների բացակայության պատճառով պաշտոնի չնշանակված անձինք:»:

 

Հոդված 22. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

 

«4. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական խախտում թույլ տված դիվանագետից պահանջվում է գրավոր բացատրություն:

Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:

Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:

Կարգապահական տույժի մասին դիվանագետին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:

Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

Եթե դիվանագետը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե դիվանագետը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:

5. Կախված կարգապահական խախտման բնույթից և ծանրությունից` սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառվում է արտաքին գործերի նախարարի սահմանած կարգով և ձևավորած հանձնաժողովի կողմից ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում դիվանագետի ծառայողական պարտականությունների կատարումը արտաքին գործերի նախարարի որոշմամբ մինչև 1 ամիս ժամկետով կարող է կասեցվել` վարձատրության պահպանմամբ:

Ծառայողական քննության արդյունքում հանձնաժողովը արտաքին գործերի նախարարին ներկայացնում է եզրակացություն:»:

 

Հոդված 23. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ», «ժե», «ժզ» կետերով.

 

«ժդ) դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու` սույն օրենքով սահմանված կարգը խախտելիս.

ժե) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում.

ժզ) օրենքով սահմանված այլ հիմքերով:»:

 

Հոդված 24. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում`

 

 1) «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) խախտել քաղաքական զսպվածության սկզբունքը` զբաղվել կուսակցական գործունեությամբ կամ իր ծառայողական դիրքը կամ աշխատանքային միջոցներն օգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել կամ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» կետով.

«ը) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը ծառայության մեջ է, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից:»:

 

Հոդված 25. Օրենքի 46-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող ամուսինը ստանում է սույն մասով նախատեսված փոխհատուցումը` 50 տոկոսի չափով:».

2) 4-րդ մասի «միջնակարգ» բառը փոխարինել «հանրակրթական» բառով:

 

Հոդված 26. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  10.1

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ

 

Հոդված 51.1.

Դիվանագիտական դպրոցը

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (այսուհետ` Դիվանագիտական դպրոց), սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`

1) դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը.

2) դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անձանց պատրաստումը.

3) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված անձինք, Դիվանագիտական դպրոցի կանոնադրության համաձայն հաստատված` գնահատման կարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի սահմանած բարձր ցուցանիշներ ունենալու դեպքում կցորդի պաշտոնի են նշանակվում առանց սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված մրցույթի:

3. Դիվանագիտական դպրոցը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է:

4. Դիվանագիտական դպրոցի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

5. Դիվանագիտական դպրոցը ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

6. Դպրոցի տնօրենի պաշտոնում դիվանագետի նշանակման դեպքում այդ պաշտոնում աշխատելու ժամկետը ներառվում է դիվանագիտական ծառայության ստաժում:»:

 

Հոդված 27.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին երկրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճան ունեցող այն դիվանագետներին, որոնց երկրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճան ստանալու պահից անցել է առնվազն երկու տարի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 2-ամսյա ժամկետում, շնորհում է 1-ին դասի երկրորդ քարտուղարի աստիճան, իսկ երկրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճան ունեցող մյուս դիվանագետներին` 2-րդ դասի երկրորդ քարտուղարի աստիճան` հաշվի առնելով մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացությունը: Վերջիններիս ծառայության ժամկետը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հաշվարկվում է հաջորդ դիվանագիտական աստիճանը ստանալու համար պահանջվող ծառայության ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին երկրորդ դասի խորհրդականի աստիճան ունեցող դիվանագետներին հաջորդ դիվանագիտական աստիճանը շնորհվում է, եթե նրանք այդ աստիճանով ծառայել են առնվազն երկու տարի:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 15
Երևան
ՀՕ-28-Ն