ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի հունիսի 17-ին
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը:
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ հաճախորդների ներկայացրած մասնավոր իրավահարաբերություններից բխող պահանջների քննության կարգը, Ֆինանսական համակարգի հաշտարարի կարգավիճակը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ստեղծման և գործունեության կարգն ու պայմանները և սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված այլ իրավահարաբերություններ:
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ)՝ ոչ առևտրային կազմակերպություն, որի հիմնական խնդիրն է Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությանն օժանդակելը և ֆինանսական բնագավառի վերաբերյալ սպառողներին իրազեկելը.
2) Խորհուրդ՝ Գրասենյակի հոգաբարձուների խորհուրդ.
3) Կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից տրամադրված լիցենզիա ունեցող անձ (բացառությամբ արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների լիցենզիա և վճարային գործարքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիա ստացած անձանց, ինչպես նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Բյուրո (այսուհետ` Բյուրո)).
4) կողմեր՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդը և Կազմակերպությունը, որի դեմ ներկայացվել է պահանջը.
5) հաճախորդ՝ ֆիզիկական անձ, որն օգտվում է Կազմակերպության ծառայություններից կամ դիմում է դրանցից օգտվելու համար: Ընդ որում, Բյուրոյի կողմից մատուցվող ծառայություն է համարվում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը` կապված ԱՊՊԱ պայմանագրով ապահովադրի, ապահովագրված անձի կամ տուժողի հետ.
6) պահանջ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ ներկայացվող պահանջ.
7) Ֆինանսական համակարգի հաշտարար՝ սույն օրենքով վերապահված լիազորություններն իրացնելու միջոցով հաճախորդների կողմից Կազմակերպությունների դեմ ներկայացված պահանջները քննող և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունող ֆիզիկական անձ.
8) Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար՝ երկու և ավելի Ֆինանսական համակարգի հաշտարարների առկայության դեպքում Գրասենյակի կառավարչի լիազորություններն իրականացնող Ֆինանսական համակարգի հաշտարար.
9) Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեություն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից սույն օրենքով վերապահված լիազորություններն իրացնելու միջոցով հաճախորդների պահանջների ընդունումը, քննումը և դրանց վերաբերյալ որոշումների կայացումը.
10) իրավասու դատարան՝ հաճախորդի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան:
(2-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-276-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 3. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը ենթակա պահանջները |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ, կապված են Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ և պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ:
Հոդված 4. |
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավունքը |
1. Հաճախորդն իրավունք ունի դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք հաճախորդի և Կազմակերպության միջև կնքված պայմանագրով նախատեսված է, թե ոչ: Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու հաճախորդի իրավունքը սահմանափակող համաձայնությունը կամ պայմանն առ ոչինչ է:
Հոդված 5. |
Պահանջի քննության անվճար լինելը |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջն ընդունելու, քննելու և որոշում կայացնելու կապակցությամբ հաճախորդից որևէ վճար չի գանձվում:
Հոդված 6. |
Բողոք-պահանջը Կազմակերպություն ներկայացնելը |
1. Մինչև պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը հաճախորդը պետք է Կազմակերպությանը ներկայացնի բողոք-պահանջ:
2. Կազմակերպությունը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված բողոք-պահանջը ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդին գրավոր տրամադրել վերջնական պատասխան:
Կազմակերպության վերջնական պատասխանը պետք է արտահայտի Կազմակերպության հստակ դիրքորոշումը սպառողի պահանջը մերժելու, բավարարելու կամ մասնակի բավարարելու վերաբերյալ:
3. Կազմակերպության վերջնական պատասխանը ստանալու պահից կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում այն չստանալու դեպքում հաճախորդն իրավունք է ձեռք բերում պահանջ ներկայացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարին:
4. Կազմակերպությունը պարտավոր է քննարկել հաճախորդի բողոք-պահանջը, եթե այն ներկայացվել է մեկ տարվա ընթացքում` սկսած այն պահից, երբ հաճախորդն իմացել է կամ կարող էր իմանալ իր իրավունքի խախտման մասին:
Հոդված 7. |
Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացի կարգավորումը Կազմակերպության կողմից |
1. Կազմակերպությունը պարտավոր է ունենալ հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտեր:
2. Կազմակերպությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված ակտերը հասանելի է դարձնում հանրությանը, այդ թվում՝ ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով, եթե Կազմակերպությունն ունի ինտերնետային կայք:
Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել այն նվազագույն պայմանները և սկզբունքները, որոնց պետք է համապատասխանեն սույն հոդվածի 1-ին մասում նշված ներքին իրավական ակտերը:
3. Կազմակերպության և քաղաքացիների միջև կնքվող գործարքները նշում են պարունակում գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելու հնարավորության մասին:
4. Այն դեպքում, երբ Կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել, Կազմակերպության և քաղաքացիների միջև կնքվող գործարքները պետք է նշում պարունակեն այդ մասին:
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված նշումների ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
Հոդված 8. |
Պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելու ժամկետը |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը քննում է պահանջը, եթե հաճախորդը պահանջ է ներկայացրել վեց ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ հաճախորդը ստացել է Կազմակերպության վերջնական պատասխանը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում վերջնական պատասխան չի ստացել:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է քննել նաև այն պահանջները, որոնք անհաղթահարելի ուժի գործողության հետևանքով բերվել են սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ:
Հոդված 9. |
Պահանջի բովանդակությունը |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացվող պահանջը կազմվում է գրավոր և ներառում է՝
1) հաճախորդի անունը.
2) հաճախորդի բնակության և հաղորդակցման հասցեները.
3) այն Կազմակերպության անվանումը, որի դեմ բերվում է պահանջը.
4) գույքային պահանջի չափը.
5) Կազմակերպությանն ուղղված հաճախորդի բողոք-պահանջի պատճենը.
6) առկայության դեպքում Կազմակերպության գրավոր պատասխանը հաճախորդի բողոք-պահանջին.
7) հայտարարություն այն մասին, որ հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ առկա չէ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ, և որ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում չի քննվում հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ գործ.
8) պահանջի բովանդակությունը (հանգամանքները, որոնց վրա հիմնվում է պահանջը).
9) պահանջը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարին.
10) հաճախորդի ստորագրությունը:
2. Պահանջը կարող է ստորագրել հաճախորդի ներկայացուցիչը: Այդ դեպքում պահանջին կցվում է ներկայացուցչի լիազորությունները հավաստող, պատշաճ կարգով տրված լիազորագրի պատճենը:
3. Գրասենյակը պարտավոր է աջակցել հաճախորդին պահանջի բովանդակությունը օրենքով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև գույքային պահանջի չափը որոշելու հարցերում:
Հոդված 10. |
Պահանջի քննությունը մերժելու հիմքերը |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը մերժում է պահանջի քննությունը, եթե`
1) պահանջը սույն օրենքին համապատասխան ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.
2) հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ.
3) դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում քննվում է հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ գործ.
4) պահանջն արդեն քննվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, և դրա վերաբերյալ առկա է նրա որոշումը.
5) հաճախորդը սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով բողոք-պահանջ չի ներկայացրել Կազմակերպությանը.
6) պահանջը չի ներկայացվել սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված ժամկետներում.
7) Կազմակերպության լիցենզիայի գործողությունը դադարեցվել է.
8) պահանջը ստորագրվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի կողմից.
9) պահանջն ակնհայտորեն զրպարտիչ է, կամ պահանջ ներկայացնող հաճախորդի վարքագիծն անբարեխիղճ է:
2. Այն դեպքում, երբ պահանջը, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, ենթակա չէ քննության, Ֆինանսական համակարգի հաշտարարը յոթ աշխատանքային օրվա ընթացքում մերժում է պահանջի քննումը և այդ մասին գրավոր տեղեկացնում է հաճախորդին՝ նշելով մերժման հիմքերը:
Հոդված 11. |
Պահանջի քննությունը |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջի պատճենն ուղարկում է այն Կազմակերպությանը, որի դեմ բերվել է պահանջը:
2. Պահանջի պատճենը Ֆինանսական համակարգի հաշտարարից ստանալուց հետո` տասնչորս աշխատանքային օրվա ընթացքում, Կազմակերպությունը պարտավոր է Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնել պահանջի վերաբերյալ գրավոր բացատրություններ, պարզաբանումներ և (կամ) առարկություններ, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ: Կազմակերպության պատճառաբանված դիմումի հիման վրա տասնչորսօրյա ժամկետը Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կարող է երկարաձգվել ևս յոթ աշխատանքային օրով:
3. Ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջը քննում և որոշում է կայացնում Կազմակերպության բացատրությունները ստանալուց կամ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո` տասնչորս աշխատանքային օրվա ընթացքում: Առանձնապես բարդ գործի պարագայում Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է սույն մասով նախատեսված տասնչորսօրյա ժամկետը իր որոշմամբ երկարաձգել ևս տասնչորս աշխատանքային օրով:
4. Խորհուրդը Ֆինանսական համակարգի հաշտարարի ներկայացմամբ կարող է հաստատել պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոններ:
5. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է պահանջի քննությունն իրականացնել բանավոր լսումների և (կամ) փաստաթղթերի և նյութերի ուսումնասիրության հիման վրա:
6. Կողմերի կամ դրանցից մեկի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է հրավիրել կողմերին՝ վերջիններիս բանավոր բացատրություններն ու պարզաբանումները ստանալու նպատակով:
7. Պահանջի քննությունը բանավոր լսումների միջոցով իրականացվելու դեպքում կողմերը պետք է նախապես պատշաճորեն իրազեկվեն պահանջի քննության օրվա և վայրի մասին:
8. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է պահանջի քննությանը ներգրավել մասնագետների:
Հոդված 12. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ համագործակցելու` Կազմակերպության պարտականությունը |
1. Կազմակերպությունը պարտավոր է համագործակցել Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ` վերջինիս պահանջով օրենքով սահմանված ժամկետում, իսկ նման ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ ողջամիտ ժամկետում ներկայացնել փաստաթղթեր, տալ բացատրություններ ու պարզաբանումներ, Ֆինանսական համակարգի հաշտարարին տրամադրել պահանջի հետ առնչվող այն նյութերը, որոնք գտնվում են իր մոտ, եթե անգամ դրանք պարունակում են բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է որոշում կայացնել իր հետ բավականաչափ չհամագործակցող Կազմակերպությանը նախազգուշացնելու մասին:
3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նախազգուշացում ստացած Կազմակերպությունը շարունակում է չհամագործակցել կամ բավականաչափ չհամագործակցել Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ, վերջինս կարող է որոշում կայացնել Կազմակերպությանը չհամագործակցող ճանաչելու մասին:
Հոդված 13. |
Պահանջի քննությունը դադարեցնելը |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը իր որոշմամբ դադարեցնում է պահանջի քննությունը, եթե՝
1) պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ պահանջը, սույն օրենքին համապատասխան, ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.
2) պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ պահանջի առարկայի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ.
3) պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում քննվում է հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի վերաբերյալ գործ.
4) հաճախորդը հրաժարվել է պահանջից.
5) հաճախորդը մահացել է.
6) Կազմակերպությունը լուծարվել է:
Հոդված 14. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը |
1. Պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին և նույն օրը այն հանձնում կողմերին կամ փոստով առաքում որոշման մեկական օրինակ:
2. Այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին, ապա վերջինս պետք է սահմանի Կազմակերպության կողմից որոշումը կատարելու կարգը և ժամկետը:
3. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հաշվի առնելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, այլև գործարար վարքագծի և էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները:
4. Այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր:
Երեսուն աշխատանքային օրը լրանալուց հետո Ֆինանսական համակարգի հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին և համապատասխանաբար՝ որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին:
Հոդված 15. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարումը |
1. Այն դեպքում, երբ հաճախորդը սույն օրենքով սահմանված կարգով համաձայնվում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը պարտավոր է եռօրյա ժամկետում քննել դիմումը և կայացնել հետևյալ որոշումներից մեկը.
1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և կատարողական թերթ տալու մասին.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և կատարողական թերթ տալը մերժելու մասին:
Հոդված 16. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման վիճարկումը |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը իրավասու դատարան կարող է ներկայացվել սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
3. Կազմակերպությունը կարող է Գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:
4. Կենտրոնական բանկը և Գրասենյակն իրենց ինտերնետային կայքերում հրապարակում են այն Կազմակերպությունների ցանկը, որոնք Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագրեր չեն կնքել:
Հոդված 17. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերը |
1. Իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝
1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ.
3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:
Հոդված 18. |
Վեճի քննությունը առևտրային արբիտրաժի և դատարանի կողմից |
1. Առևտրային արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել այն վեճը, որը քննվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, կամ որի վերաբերյալ առկա է Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը:ուղղ
2. Դատարանը, որին հայց է ներկայացված այն վեճի վերաբերյալ, որի վերաբերյալ առկա է Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, որը չի վիճարկվել սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետում, պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, իսկ եթե հայցադիմումն ընդունվել է՝ կարճել գործի վարույթը:
3. Սույն հոդվածը որևէ կերպ չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջը քննելու ընթացքում դատարան հայց ներկայացնելու հաճախորդի իրավունքը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԸ
Հոդված 19. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը՝
1) սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը.
2) իրականացնում է Գրասենյակի կառավարչի լիազորությունները, այդ թվում՝
ա. ապահովում է Գրասենյակի բնականոն գործունեությունը,
բ. պատրաստում և Խորհրդի քննարկմանն է ներկայացնում Խորհրդի որոշումների նախագծերը, այդ թվում՝ Կազմակերպությունների կողմից լրացուցիչ վճարներ կատարելու մասին որոշման նախագիծը,
գ. առանց լիազորագրի հանդես է գալիս Գրասենյակի անունից,
դ. տալիս է լիազորագրեր,
ե. Գրասենյակի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային,
զ. Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Գրասենյակի ներքին իրավական ակտերի նախագծերը, վարչակազմակերպական կառուցվածքը,
է. սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Գրասենյակի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,
ը. Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Գրասենյակի բյուջեն,
թ. իրականացնում է Գրասենյակի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2. Իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս Ֆինանսական համակարգի հաշտարարը անկախ է և հաշվետու չէ որևէ մեկին:
Հոդված 20. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի նշանակումը և վարձատրությունը |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը նշանակվում է Խորհրդի կողմից՝ չորս տարի ժամկետով, և կարող է նույն պաշտոնում վերանշանակվել:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարի նշանակման վերաբերյալ որոշումն ընդունվում է Խորհրդի առնվազն 5 անդամների ձայներով:
3. Ֆինանսական համակարգի հաշտարարների թիվը որոշում է Խորհուրդը: Երկու և ավելի Ֆինանսական համակարգի հաշտարարների առկայության դեպքում Գրասենյակի կառավարչի լիազորություններն իրականացնում է Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարը, որը նշանակվում է Խորհրդի որոշմամբ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարների թվից: Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարը շարունակում է իրականացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեությունը:
4. Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է Ֆինանսական համակարգի հաշտարարներից մեկը՝ Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարի որոշմամբ:
5. Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարն իրականացնում է Ֆինանսական համակարգի հաշտարարների միջև աշխատանքի բաշխումը, եթե այլ բան նախատեսված չէ Խորհրդի որոշմամբ: Խորհրդի որոշմամբ կարող է նախատեսվել Ֆինանսական համակարգի հաշտարարների մասնագիտացումն առանձին ոլորտներում:
6. Ֆինանսական համակարգի հաշտարարի վարձատրությունը չպետք է պակաս լինի բանկային համակարգում վարձատրության միջին չափի եռապատիկից: Ֆինանսական համակարգի հաշտարարի վարձատրությունը կազմված է ամրագրված գումարից և լրավճարներից՝ յուրաքանչյուր քննված պահանջի համար: Լրավճարների չափերը և հաշվարկման կարգը սահմանում է Խորհուրդը:
7. Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեության իրականացման հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի մեղքը հաստատվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոդված 21. |
Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացվող պահանջները |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն և առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ:
2. Ֆինանսական համակարգի հաշտարար չի կարող լինել այն անձը, որը վերջին երեք տարիների ընթացքում աշխատել է որևէ Կազմակերպությունում:
3. Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, և պետք է զերծ մնա իր անկախությունը և անաչառությունը կասկածի տակ դնող գործողություններից:
4. Ֆինանսական համակարգի հաշտարար չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
3) դատավճռով զրկվել է իրավաբանական կամ ֆինանսական ոլորտներում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
Հոդված 22. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների վաղաժամկետ դադարումը |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է պաշտոնից ազատվել կամովին՝ ազատվելու օրվանից տասնչորս օր առաջ գրավոր տեղեկացնելով Խորհրդի նախագահին: Տեղեկացնելու օրվան հաջորդող տասնչորսերորդ օրվանից Ֆինանսական համակարգի հաշտարարը համարվում է պաշտոնից ազատված:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են նաև, եթե նա՝
1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ
2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար կամ
3) դատավճռով զրկվել է իրավաբանական կամ ֆինանսական ոլորտներում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ
4) հիվանդության կամ այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության հետևանքով ավելի քան վեց ամիս ի վիճակի չէ իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները կամ
5) մահացել է:
3. Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Խորհրդի առնվազն 5 անդամների ձայներով, եթե Ֆինանսական համակարգի հաշտարարը կորցրել է իր հեղինակությունը:
Գ Լ ՈՒ Խ 4
ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 23. |
Գրասենյակի իրավական կարգավիճակը |
1. Գրասենյակը հիմնադրամ է, որի հիմնադիրը Կենտրոնական բանկն է:
Հոդված 24. |
Գրասենյակի կառավարման մարմինները |
1. Գրասենյակի կառավարման մարմիններն են՝
1) Խորհուրդը.
2) Գրասենյակի կառավարիչը:
2. Գրասենյակը ունի վերստուգիչ հանձնաժողով կամ վերստուգիչ, որին նշանակում է Խորհուրդը: Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգիչը) հաշվետու է Խորհրդին: Վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և Գրասենյակի կանոնադրությամբ:
Հոդված 25. |
Խորհրդի լիազորությունները |
1. Սույն օրենքին և Գրասենյակի կանոնադրությանը համապատասխան` Խորհուրդն իրականացնում է հետևյալ լիազորությունները.
1) Խորհրդի առնվազն 5 անդամների ձայներով հաստատում է Գրասենյակի կանոնադրությունը, դրանում փոփոխությունները և լրացումները, ընդ որում՝ Գրասենյակի կանոնադրությամբ սահմանվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի նշանակման կարգը.
2) ընդունում է որոշումներ Ֆինանսական համակարգի հաշտարարի, կանոնադրությամբ սահմանված այլ մարմիններ ձևավորվելու դեպքում՝ դրանց ընտրության և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ սույն օրենքով սահմանված կարգով.
3) հաստատում է Գրասենյակի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերը, այդ թվում՝ ակտեր, որոնցով սահմանվում են Խորհրդի անդամների, Ֆինանսական համակարգի հաշտարարի և Գրասենյակի աշխատակիցների վարքագծի և էթիկայի կանոնները, որոնք ներառում են նաև բացարկի ու ինքնաբացարկի ներկայացման, քննարկման և որոշման կայացման դեպքերն ու կարգը, նրանց գործելակերպի արդյունավետությունն ապահովող շարժառիթները, առևտրային կամ այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու կարգը, Խորհրդի կողմից որոշումների ընդունման դեպքում Խորհրդի անդամների շահագրգռվածության և շահերի բախման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև Խորհրդի անդամների միջև աշխատանքի բաշխման և նրանց պատասխանատվության վերաբերյալ դրույթներ.
4) Գրասենյակի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է Ֆինանսական համակարգի հաշտարարի հաշվետվությունները.
5) վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը.
6) վերահսկում է Գրասենյակի ընթացիկ և ֆինանսատնտեսական գործունեությունը.
7) հաստատում է Գրասենյակի բյուջեն, դրա փոփոխությունները, վերահսկում է բյուջեի կատարումը.
8) հաստատում է տարեկան ֆինանսական հաշվետվությունները.
9) հաստատում է Ֆինանսական համակարգի հաշտարարի և Գրասենյակի աշխատակիցների վարձատրման և պարգևատրման կարգը.
10) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
2. Խորհրդի՝ սույն հոդվածով նախատեսված լիազորությունները չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
3. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Ֆինանսական համակարգի հաշտարարը:
4. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով Խորհրդի որոշմամբ կարող է հրավիրվել փորձագետ:
5. Խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու Գրասենյակի բոլոր փաստաթղթերին:
6. Խորհուրդն ու Խորհրդի անդամներն իրավունք չունեն որևէ կերպ միջամտելու Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեությանը և (կամ) ազդելու պահանջների քննման ընթացքի և որոշումների կայացման վրա:
Հոդված 26. |
Խորհրդի ձևավորումը |
1. Խորհուրդը կազմված է յոթ անդամից:
2. Խորհրդի անդամներին նշանակում է՝
1) մեկին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) մեկին՝ Կենտրոնական բանկի խորհուրդը.
3) չորսին՝ Կազմակերպությունների միությունները՝ սույն հոդվածով սահմանված կարգով.
4) մեկին՝ սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները՝ սույն հոդվածով սահմանված կարգով:
3. Կազմակերպությունների միությունները և սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները նշանակում են Խորհրդի իրենց անդամներին՝ իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ:
4. Խորհրդի անդամների նշանակման իրավունք ունեն այն Կազմակերպությունների միությունները և սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները, որոնց պետական գրանցման օրվանից անցել է առնվազն 5 տարի:
5. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից Խորհրդի անդամների նշանակումից հետո` մեկ ամսվա ընթացքում, Կազմակերպությունների միությունները չեն նշանակում Խորհրդի իրենց անդամներին, ապա վերջիններիս նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից Խորհրդի անդամների նշանակումից հետո` մեկ ամսվա ընթացքում, սպառողների իրավունքների պաշտպանության միությունները չեն նշանակում Խորհրդի իրենց անդամին, վերջինիս նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Հոդված 27. |
Խորհրդի նիստերը |
1. Խորհրդի նիստերը գումարում է Խորհրդի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ Խորհրդի անդամի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի պահանջով:
2. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն եռամսյակը մեկ: Խորհուրդը կարող է գումարել նաև արտահերթ նիստեր:
3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Խորհրդի առնվազն չորս անդամ:
4. Խորհուրդը որոշումներ է կայացնում Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է:
5. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո` 5-օրյա ժամկետում:
Արձանագրությունում նշվում են՝
1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
2) նիստին ներկա անձինք.
3) նիստի օրակարգը.
4) քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները.
5) նիստում ընդունված որոշումները:
Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:
Հոդված 28. |
Խորհրդի նախագահը |
1. Խորհրդի նախագահին իրենց կազմից ընտրում են Խորհրդի անդամները՝ երեք տարի ժամկետով:
2. Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ:
3. Խորհրդի նախագահը՝
1) կազմակերպում է Խորհրդի աշխատանքները.
2) գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը:
Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները Խորհրդի որոշմամբ կատարում է Խորհրդի անդամներից մեկը:
Հոդված 29. |
Խորհրդի անդամները |
1. Խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
3) օրենքով սահմանված կարգով զրկվել է իրավաբանական կամ ֆինանսական ոլորտում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
2. Խորհրդի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ:
3. Խորհրդի անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով:
4. Խորհրդի անդամներն իրավունք ունեն հատուցում ստանալու այն ծախսերի դիմաց, որոնք կապված են Խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ:
Հոդված 30. |
Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմքերը |
1. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են իր դիմումի համաձայն, կամ եթե նա՝
1) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար.
3) օրենքով սահմանված կարգով զրկվել է ֆինանսական ոլորտում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
4) մեկ տարվա ընթացքում ավելի քան երեք անգամ անհարգելի պատճառներով բացակայել է Խորհրդի նիստերից.
5) նրան նշանակած կամ ընտրած մարմինը որոշում է կայացրել նրան Խորհրդի անդամի պաշտոնից վաղաժամկետ ազատելու մասին.
6) մահացել է:
Գ Լ ՈՒ Խ 5
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 31. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հրապարակվող տեղեկությունները |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը առնվազն տարին մեկ հրապարակում է հաշվետվություն, որը ներառում է՝
1) Գրասենյակի ընդհանուր գործունեության, նրա կառավարման համակարգի, պահանջների ընդհանուր քանակի վերաբերյալ տեղեկատվություն.
2) մերժված և բավարարված պահանջների քանակը՝ ըստ առանձին Կազմակերպությունների.
3) այն Կազմակերպությունների ցանկը, որոնք չեն համագործակցել կամ բավականաչափ չեն համագործակցել Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ.
4) Գրասենյակի եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն.
5) Խորհրդի սահմանած այլ տեղեկատվություն:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարը ամփոփում է իր կողմից ձևավորված նախադեպը և յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդ ամսվա 15-րդ օրը, հրապարակում է այն:
3. Ֆինանսական համակարգի հաշտարարը չի հրապարակում առանձին գործերով կողմերի անունները (անվանումները):
Հոդված 32. |
Գրասենյակի և Կենտրոնական բանկի համագործակցությունը |
1. Սույն օրենքի, ֆինանսական համակարգի սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումն ապահովելու և ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահությունը բարձրացնելու նպատակով Գրասենյակի և Կենտրոնական բանկի միջև կնքվում է համաձայնագիր, որով կարգավորվում է նրանց համագործակցությունը տեղեկատվության փոխանակման, օրենսդրության զարգացման, հանրության իրավագիտակցության բարձրացման և ֆինանսական համակարգի սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված այլ ոլորտներում:
Հոդված 33. |
Կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունները |
1. Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարին է ներկայացնում հետևյալ տեղեկությունները.
1) Կազմակերպության ֆիրմային անվանումը.
2) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեն.
3) Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հարաբերությունների համար պատասխանատու անձի և վերջինիս փոխարինող անձի անունը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
2. Կազմակերպությունը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում այդ մասին տեղյակ պահել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Գ Լ ՈՒ Խ 6
ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 34. |
Գրասենյակի ֆինանսավորումը |
1. Գրասենյակի ֆինանսավորումն իրականացնում են Կազմակերպությունները՝ Գրասենյակի օգտին կատարվող պարտադիր վճարների միջոցով, որոնք մուտքագրվում են հատուկ այդ նպատակով Կենտրոնական բանկում վարվող հատուկ հաշվին:
2. Պարտադիր վճարները Կազմակերպությունները կատարում են յուրաքանչյուր եռամսյակ` հավասար չափաբաժիններով, մինչև ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: Կատարված պարտադիր վճարները Կազմակերպությունների համար համարվում են ծախս և ենթակա չեն վերադարձման:
3. Կազմակերպությունների` Գրասենյակին կատարած պարտադիր վճարների հանրագումարը հաստատված բյուջեն գերազանցելու դեպքում Խորհուրդը կարող է որոշում կայացնել և Կազմակերպություններին վերադարձնել ավել վճարված գումարները, կամ Գրասենյակի զարգացման, ինչպես նաև հաճախորդներին կրթելու նպատակով ծախսել դրանք կամ ուղղել պահուստային հիմնադրամի համալրմանը:
4. Եթե Կազմակերպությունների կողմից կատարվող պարտադիր վճարները չեն բավականացնում Գրասենյակի հաստատված բյուջեն կատարելու համար, ապա Կազմակերպությունները կատարում են լրացուցիչ վճարներ: Լրացուցիչ վճարներ կատարելու մասին որոշումը կայացնում է Խորհուրդը: Կազմակերպությունները լրացուցիչ վճարներ են կատարում լրացուցիչ վճարներ կատարելու մասին Խորհրդի որոշման ընդունմանը նախորդող եռամսյակի ընթացքում կատարված պարտադիր վճարների հանրագումարում իրենց մասնաբաժնին համամասնորեն: Կազմակերպության կողմից կատարվող լրացուցիչ վճարների չափը չի կարող գերազանցել տվյալ Կազմակերպության համար սույն օրենքով սահմանված տարեկան պարտադիր վճարի չափը:
5. Պարտադիր վճարների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:
6. Պարտադիր վճարների հաշվարկման ճշտությունը ստուգում է Գրասենյակի վերստուգիչ հանձնաժողովը կամ վերստուգիչը:
7. Կենտրոնական բանկը պարտավոր է Գրասենյակին տրամադրել Կազմակերպությունների կողմից կատարվող վճարների ճշտությունը ստուգելու համար անհրաժեշտ տեղեկատվություն:
Հոդված 35. |
Կազմակերպությունների պարտադիր վճարների չափերը |
1. Կազմակերպությունների կողմից կատարվող պարտադիր վճարների տարեկան չափերն են`
1) բանկեր՝ նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.01 տոկոսը.
2) վարկային կազմակերպություններ՝ նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.07 տոկոսը.
3) ապահովագրական ընկերություններ՝ նախորդ տարվա ընթացքում հավաքված ապահովագրական պարգևների 0.15 տոկոսը.
3.1) Բյուրո` նախորդ տարվա ընթացքում ապահովագրական ընկերությունների կողմից Երաշխավորման ֆոնդ կատարված պարբերական վճարների 0.15 տոկոսը.
4) ապահովագրական բրոքերներ՝ 90.000 դրամ.
5) ներդրումային ընկերություններ՝ 90.000 դրամ.
5.1) ներդրումային ֆոնդի կառավարիչներ` 90.000 դրամ.
6) գրավատներ՝ 45.000 դրամ.
7) արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձինք՝ 30.000 դրամ.
8) արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառք իրականացնող անձինք՝ 90.000 դրամ.
9) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձինք՝ 140.000 դրամ:
2. Նոր լիցենզիա ստացած Կազմակերպությունները (բացառությամբ վերալիցենզավորվածների) պարտավոր են լիցենզիան ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Գրասենյակին վճարել միանվագ վճար՝ համապատասխան լիցենզիա տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի կեսի չափով:
3. Այն դեպքում, երբ Կազմակերպությունը միաժամանակ զբաղվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված գործունեության երկու և ավելի տեսակներով, ապա Կազմակերպությունը պարտավոր է դրանցից յուրաքանչյուրի համար հաշվարկել պարտադիր վճարի չափը և կատարել հաշվարկված վճարներից առավելագույնը:
4. Լիցենզիայի գործողության կասեցումը Կազմակերպությանը չի ազատում սույն գլխով նախատեսված պարտադիր վճարները կատարելու պարտականությունից:
5. Լիցենզիայի գործողության դադարեցումը ազատում է Կազմակերպությանը սույն գլխով նախատեսված պարտադիր վճարները կատարելու պարտականությունից:
(35-րդ հոդվածը փոփ. 30.09.08 ՀՕ-169-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-276-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 36. |
Կազմակերպության պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար |
1. Սույն օրենքի 7-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը Կազմակերպության նկատմամբ կարող է նշանակել տուգանք` մինչև հարյուր հազար դրամի չափով:
2. Սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված պարտադիր վճարները լրիվ կամ մասնակի չկատարելու դեպքում պակաս վճարված գումարի վրա հաշվեգրվում են տոկոսներ՝ վճարը կատարելու համար սահմանված ժամկետի վերջին օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկի չափով:
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 37. |
Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննվող պահանջները |
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը քննում է այն պահանջները, որոնց համար հիմք համարվող գործողությունները կամ անգործությունը տեղի են ունեցել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
Հոդված 38. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացման հետ կապված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.04.2024, ՀՕ-200-Ն | --------- | |
09.06.2022, ՀՕ-200-Ն | 01.07.2022, ՀՕ-123-Ն | |
03.06.2020, ՀՕ-292-Ն | 27.06.2020, ՀՕ-123-Ն | |
25.03.2020, ՀՕ-188-Ն | 15.04.2020, ՀՕ-123-Ն | |
09.02.2018, ՀՕ-117-Ն | 09.04.2018, ՀՕ-123-Ն | |
21.12.2015, ՀՕ-13-Ն | 23.01.2016, ՀՕ-123-Ն | |
22.12.2010, ՀՕ-276-Ն | 09.01.2011, ՀՕ-123-Ն | |
30.09.2008, ՀՕ-169-Ն | 15.11.2008, ՀՕ-123-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|