ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով`
«8) եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվում է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը։»։
Հոդված 2. Օրենքի 70-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-14-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|