ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն օրենքի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը և ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը:
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. |
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքը կարգավորում է բանկերում ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերին պատկանող բանկային ավանդների` օրենքով սահմանված չափով հատուցումը երաշխավորելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին հոդվածը փոփ. 18.03.08 ՀՕ-5-Ն)
ՀՈԴՎԱԾ 2. |
ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԸ և ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԸ |
1. Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով բանկային ավանդ (այսուհետ` բանկային ավանդ կամ ավանդ) է համարվում`
ա) ավանդատուի կամ երրորդ անձի կողմից հօգուտ ավանդատուի բանկին տրամադրված կամ բանկում առկա դրամական գումարը, որը ենթակա է վերադարձման և (կամ) վճարման ավանդատուին.
բ) ավանդատուի բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները.
գ) բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները.
դ) սույն մասի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսների գումարները:
Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով բանկային ավանդ չեն համարվում այն դրամական միջոցները, որոնք տրամադրվել են բանկին այն օգտագործելու ռիսկն ավանդատուի կողմից ստանձնելու համաձայնությամբ կամ որպես գույք կամ գույքային իրավունքներ վարձակալելու կամ ձեռք բերելու կամ աշխատանք կամ ծառայություն մատուցելու հատուցում:
Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով անվանական արժեթուղթ չեն համարվում բոլոր տեսակի բաժնետոմսերը, ապահովված հիփոթեքային պարտատոմսերը, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցությունը հավաստող այլ արժեթղթեր:
2. Երաշխավորված բանկային ավանդ (այսուհետ` երաշխավորված ավանդ) է համարվում ավանդատուի բանկում ներդրած դրամային և արտարժութային բանկային ավանդը` սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված չափով:
3. Երաշխավորված ավանդ չի համարվում այն բանկային ավանդը`
ա) որը պատկանում է տվյալ բանկի ղեկավարին և (կամ) նրա ընտանիքի անդամներին.
բ) որը պատկանում է տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին և (կամ) նրա ընտանիքի անդամներին.
գ) որի սեփականատերը (համասեփականատերը) հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից.
դ) որն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ դրա սեփականատերը հակառակը չի ապացուցել.
ե) որը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով:
Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով ավանդատու է համարվում այն ֆիզիկական անձը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերը), որը բանկում ունի ավանդ:
Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով համատեղ բանկային ավանդ է համարվում այն ավանդը, որը ներդրվել է երկու կամ ավելի անձանց անունով, և որի նկատմամբ երկու կամ ավելի անձինք ունեն սեփականության իրավունք:
Սույն օրենքի իմաստով բանկի ղեկավար են համարվում բանկի խորհրդի (տնօրենների կամ դիտորդ խորհրդի) նախագահը, նրա տեղակալը և խորհրդի անդամները, գործադիր տնօրենը (վարչության նախագահը), նրա տեղակալը, վարչության անդամները, գլխավոր հաշվապահը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև ներքին աուդիտ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը:
Սույն օրենքի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, երեխաները:
Սույն օրենքի իմաստով նշանակալից մասնակից է համարվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակալից մասնակիցը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում (բացառությամբ իր` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված oտարերկրյա բանկի մասնաճյուղերում (այսուհետ` բանկ) ներդրված ավանդները երաշխավորվում են:
(2-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 18.03.08 ՀՕ-5-Ն, լրաց. 26.05.08 ՀՕ-104-Ն)
ՀՈԴՎԱԾ 3. |
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԻ ՉԱՓԵՐԸ |
1. Սույն օրենքով սահմանված կարգով երաշխավորված ավանդի չափերն են`
ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը չորս միլիոն հայկական դրամ է.
բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը երկու միլիոն հայկական դրամ է.
գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը երկու միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև չորս միլիոն հայկական դրամով.
դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է երկու միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` երկու միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
2. Ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների և ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:
(3-րդ հոդվածը լրաց. 18.03.08 ՀՕ-5-Ն, փոփ. 24.06.10 ՀՕ-108-Ն)
ՀՈԴՎԱԾ 4. |
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂԸ |
Ավանդների հատուցման երաշխավորողն է սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգով ստեղծված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ):
Գ Լ ՈՒ Խ 2.
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 5. |
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԸ |
Երաշխավորված ավանդների հատուցման դեպք (այսուհետ` հատուցման դեպք) է համարվում «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով բանկին անվճարունակ ճանաչելը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ բանկի կողմից oրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը հաստատելը կամ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով բանկին սնանկ ճանաչելը (այսուհետ` բոլոր դեպքերի համար` անվճարունակ բանկ):
Բանկի կողմից oրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելը ի վիճակի չլինելու մասին որոշումը (բանկի պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը) Կենտրոնական բանկի խորհուրդը կայացնում է այդ փաստը բացահայտելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում:
(5-րդ հոդվածը խմբ. 18.03.08 ՀՕ-5-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-272-Ն)
ՀՈԴՎԱԾ 6. |
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
1. Կենտրոնական բանկը հատուցման դեպքն առաջանալու մասին նույն օրը տեղեկացնում է Հիմնադրամին:
2. Հատուցման դեպքին հաջորդող 10 օրվա ընթացքում Կենտրոնական բանկն ապահովում է հատուցման դեպքի օրվա դրությամբ անվճարունակ բանկի՝ ավանդների և ավանդատուների ցուցակների, ինչպես նաև ավանդատուի՝ անվճարունակ բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների, դրանց չափի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների տրամադրումը Հիմնադրամին: Հիմնադրամն իրավունք ունի անվճարունակ բանկից պահանջելու ավանդների և ավանդատուների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ: Անվճարունակ բանկը պարտավոր է եռօրյա ժամկետում Հիմնադրամին տրամադրել պահանջվող լրացուցիչ տեղեկությունները:
Ավանդների և ավանդատուների ցուցակները պետք է ներառեն ավանդատուի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, անվճարունակ բանկում ներդրված բոլոր ավանդների գումարների չափերը, հատուցման դեպքի oրվա դրությամբ հավելագրված տոկոսները, հատուցման ենթակա երաշխավորված ավանդի չափը, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ: Անվճարունակ բանկը պատասխանատու է ավանդների և ավանդատուների ցուցակներում ներառված տեղեկությունների ճշտության համար:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունների պահպանման և տրամադրման նպատակով բանկերը պարտավոր են ունենալ ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգ: Ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման և դրանց տրամադրման պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
4. Հիմնադրամը հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում և առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին՝ նշելով երաշխավորված ավանդն ստանալու կարգը, ներառյալ` անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը, պայմանները, եղանակները, ժամկետները: Հիմնադրամն այդ հայտարարությունը կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ oգտագործել ավանդատուներին տեղեկացնելու այլ եղանակ:
5. Հիմնադրամը երաշխավորված ավանդների հատուցումն իրականացնում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված ավանդների և ավանդատուների ցուցակի, ավանդատուի ներկայացրած` իր երաշխավորված ավանդի հատուցումն ստանալու վերաբերյալ գրավոր պահանջի և այդ պահանջը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:
6. Ավանդատուների գրավոր պահանջների ընդունումն իրականացնում է անվճարունակ բանկը, քանի դեռ Հիմնադրամն այլ բան չի հայտարարել: Գրավոր պահանջն ստանալու օրվանից հետո` առավելագույնը երեք օրվա ընթացքում, անվճարունակ բանկը պարտավոր է գրավոր պահանջը փոխանցել Հիմնադրամին:
7. Ավանդատուն կարող է գրավոր պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող մեկ տարվա ժամկետում: Սույն մասում նշված ժամկետում ավանդատուի կողմից գրավոր պահանջը չներկայացնելու դեպքում Հիմնադրամը տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդների հատուցում չի իրականացնում:
8. Հիմնադրամը հատուցման դեպքի օրվան հաջորդող երեսնօրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է լրացուցիչ հայտարարություն, որտեղ նշվում են`
ա) երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի և դրա մասնաճյուղերի անվանումները և հասցեները.
բ) երաշխավորված ավանդի հատուցումն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
9. Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները՝ գրավոր պահանջը ներկայացնելու օրվան հաջորդող երեք ամիսների ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երկարաձգել սույն մասում նշված ժամկետը ևս երեք ամսով:
10. Ավանդատուներն անվճարունակ բանկում իրենց ավանդների վերաբերյալ փաստաթղթերին ծանոթանալու և սխալ հայտնաբերելու դեպքում պարզաբանումներ ստանալու համար կարող են դիմել անվճարունակ բանկ: Անվճարունակ բանկը պարտավոր է 5-oրյա ժամկետում գրավոր պատասխանել ավանդատուին:
(6-րդ հոդվածը խմբ. 18.03.08 ՀՕ-5-Ն)
ՀՈԴՎԱԾ 7. |
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ |
1. Երաշխավորված ավանդների հատուցումն իրականացնում է Հիմնադրամը` անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով: Բանկի ընտրության որոշումը կայացնում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամի և երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի միջև երաշխավորված ավանդների վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրով:
2. Հիմնադրամն իր ընտրած բանկի հաշվին, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում, փոխանցում է անհրաժեշտ գումարը և տրամադրում երաշխավորված ավանդների վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:
3. (մասն ուժը կորցրել է 18.03.08 ՀՕ-5-Ն)
4. Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկը, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով և ձևով, ավանդների հատուցման մասին և դրան առնչվող հաշվետվություններ է ներկայացնում Հիմնադրամ և Կենտրոնական բանկ:
(7-րդ հոդվածը փոփ. 18.03.08 ՀՕ-5-Ն)
ՀՈԴՎԱԾ 8. |
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ |
1. Երաշխավորված ավանդների հատուցումն սկսվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասում նշված լրացուցիչ հայտարարությունը հրապարակելու պահից:
2. Սույն օրենքով հատուցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկը հատուցման համար նախատեսված գումարների մնացորդի առկայության դեպքում դրանք փոխանցում է Հիմնադրամի` Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվին:
3. Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկը, ավանդների հատուցման վերաբերյալ ավանդատուի գրավոր պահանջի և Հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջև տեղեկությունների անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Հիմնադրամ: Հիմնադրամը բանկի դիմումը քննարկում և երեք աշխատանքային օրվա ընթացքում ավանդատուին և երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկին հայտնում է իր կայացրած որոշման մասին: Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկը Հիմնադրամի գրության հիման վրա իրականացնում է երաշխավորված ավանդի վճարումը: Երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի և ավանդատուի միջև տարաձայնությունների առկայության դեպքում ավանդատուն կարող է դիմել Հիմնադրամ:
4. Հիմնադրամի հետ տարաձայնությունների դեպքում ավանդատուն կարող է դիմել դատարան:
(8-րդ հոդվածը խմբ., փոփ. 18.03.08 ՀՕ-5-Ն)
ՀՈԴՎԱԾ 9. |
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ և ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
1. Երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին` արտարժութային ավանդները: Ընդ որում, դրամային և արտարժութային ավանդները հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված, իսկ երկրորդ հերթին` «դ» կետով նախատեսված դրամական միջոցները:
Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
2. Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի առանձին բանկային ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային ավանդի սեփականատեր է, ապա երաշխավորվում է նրա առանձին բանկային ավանդի և համատեղ բանկային ավանդում իր մասնաբաժնի հանրագումարը` սույն օրենքով սահմանված կարգով և չափով:
3. Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է բանկային ավանդի և պարտավորության հաշվարկված դրական տարբերության հիման վրա` սույն օրենքով սահմանված կարգով և չափով:
4. Երկու կամ ավելի ավանդատուների համատեղ բանկային ավանդը համարվում է որպես յուրաքանչյուր անձի առանձին բանկային ավանդ, ավանդատուի` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ:
5. Բանկային ավանդի հատուցումը կատարվում է միայն հայկական դրամով: Արտարժութային բանկային ավանդի դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
6. Երաշխավորված ավանդի հատուցման դեպքում ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ իր պահանջի իրավունքը պահպանում է բանկային ավանդի և հատուցված երաշխավորված ավանդի տարբերության չափով: Բանկային ավանդի և հատուցված երաշխավորված ավանդի տարբերությունն ավանդատուին է վերադարձվում «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ավանդը չի հատուցվում, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ ավանդը պակաս է 1000 (հազար) հայկական դրամից:
(9-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-153-Ն, փոփ., լրաց. 18.03.08 ՀՕ-5-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-272-Ն)
ՀՈԴՎԱԾ 10. |
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
1. Երաշխավորված գումարը հատուցելուց հետո Հիմնադրամը փաստացի հատուցված գումարի և հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերի չափով պահանջի իրավունք է ձեռք բերում անվճարունակ բանկի նկատմամբ:
2. Սնանկ ճանաչվելու դեպքում բանկը Հիմնադրամի հանդեպ իր պարտավորությունը կատարում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված հիմքով ադմինիստրացիայի գործունեության դադարման (բանկի ֆինանսական առողջացման) դեպքում բանկը կատարում է Հիմնադրամի նկատմամբ իր պարտավորությունը` Հիմնադրամի փաստացի հատուցած ավանդների գումարի և հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերի չափով: Սույն մասով սահմանված պարտավորությունը Հիմնադրամի նկատմամբ բանկը կատարում է Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում:
(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 18.03.08 ՀՕ-5-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-272-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 11. |
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ և ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԲԱՆԿԵՐԸ |
1. Հիմնադրամին երաշխիքային վճարները կատարում են բոլոր բանկերը, բացառությամբ անվճարունակ բանկերի:
2. Բանկերը պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով Հիմնադրամին վճարել պարբերական, միանվագ և լրացուցիչ երաշխիքային վճարներ: Երաշխիքային վճարների հաշվարկման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
3. Բանկերի կատարած երաշխիքային վճարները երաշխիքային վճարներ կատարող բանկերի համար համարվում են ծախս և ենթակա չեն վերադարձման:
(11-րդ հոդվածը խմբ. 18.03.08 ՀՕ-5-Ն)
ՀՈԴՎԱԾ 12. |
ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ |
1. Երաշխիքային վճար կատարող բանկը պարբերական երաշխիքային վճարը կատարում է եռամսյակը մեկ անգամ: Տվյալ եռամսյակի համար պարբերական երաշխիքային վճարը կատարվում է հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 10-րդ աշխատանքային օրը: Պարբերական երաշխիքային վճարների գումարի չափը կազմում է հաշվետու եռամսյակի` տվյալ բանկի ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերին պատկանող բանկային ավանդների միջին օրական ցուցանիշի 0.05 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան տարեկան մեկ միլիոն դրամը:
2. Եթե հաշվետու եռամսյակի վերջին օրը Հիմնադրամի միջոցները, բացառությամբ վարկերի, փոխառությունների, երաշխիքների, դրամաշնորհների, նվիրատվությունների և նվիրաբերությունների, գերազանցում են երաշխիքային վճարներ կատարող բոլոր բանկերի նախորդ եռամսյակի բանկային ավանդների հանրագումարի միջին օրական ցուցանիշի 5 տոկոսը, ապա բանկերը պարբերական երաշխիքային վճարներ չեն կատարում:
Այդ մասին Հիմնադրամը բանկերին և Կենտրոնական բանկին հայտնում է մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա հինգերորդ օրը:
3. Բանկային ավանդների միջին օրական ցուցանիշը տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկվում է` այդ ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ բանկի հաշվեկշռում փաստացի հաշվառված բանկային ավանդների մնացորդի հանրագումարը բաժանելով տվյալ ժամանակահատվածի օրերի քանակի վրա:
(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 18.03.08 ՀՕ-5-Ն, փոփ. 24.06.10 ՀՕ-108-Ն)
ՀՈԴՎԱԾ 13. |
ՄԻԱՆՎԱԳ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ |
Նոր ստեղծվող բանկերը, բացառությամբ վերակազմակերպման միջոցով ստեղծվող բանկերի, բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից տասնօրյա ժամկետում վճարում են միանվագ երաշխիքային վճար` 15 միլիոն դրամ գումարի չափով:
ՀՈԴՎԱԾ 14. |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ |
1. Բանկերը լրացուցիչ երաշխիքային վճարը կատարում են, եթե Հիմնադրամի միջոցները, բացառությամբ վարկերի, փոխառությունների, երաշխիքների, դրամաշնորհների, նվիրատվությունների և նվիրաբերությունների, բավարար չեն սույն օրենքով սահմանված կարգով և չափով երաշխավորված ավանդների հատուցումն իրականացնելու համար: Միջոցների անբավարարության մասին որոշումը կայացնում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամը հաշվարկում է երաշխավորված ավանդների հատուցման համար անհրաժեշտ լրացուցիչ երաշխիքային վճարների չափը:
2. Բանկերը լրացուցիչ երաշխիքային վճարը կատարում են Հիմնադրամի միջոցների չբավարարող չափով` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման ընդունմանը նախորդող եռամսյակի վերջին օրվա դրությամբ երաշխիքային վճարներ կատարող բոլոր բանկերի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշում բանկային ավանդների իրենց մասնաբաժնին համամասնորեն:
3. Ընթացիկ տարում բանկի կատարած լրացուցիչ երաշխիքային վճարների գումարը չի կարող գերազանցել նախորդ տարում իր փաստացի վճարած պարբերական երաշխիքային վճարների գումարի եռապատիկը:
4. Եթե բանկը բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից գործում է ավելի քան 6 (վեց) ամիս, սակայն ոչ ավելի, քան մեկ տարի, ապա ընթացիկ տարում բանկի կատարած լրացուցիչ երաշխիքային վճարի առավելագույն չափը չպետք է գերազանցի վերջին եռամսյակի համար նրա փաստացի վճարած պարբերական երաշխիքային վճարի տասներկուսապատիկը: Եթե այդ գումարը չի գերազանցում երեք միլիոն դրամը, ապա տարեկան լրացուցիչ երաշխիքային վճարների առավելագույն չափը սահմանվում է երեք միլիոն դրամ:
5. Եթե բանկը բանկային գործունեության լիցենզիան ստանալու պահից գործում է մինչև 6 ամիս, ապա բանկի տարեկան լրացուցիչ երաշխիքային վճարների առավելագույն չափը սահմանվում է երեք միլիոն դրամի չափով:
6. Եթե բանկը բանկային գործունեության լիցենզիա է ստացել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման ընդունմանը նախորդող եռամսյակի վերջին օրվանից մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման ընդունմանը հաջորդող եռամսյակի առաջին օրը, ապա բանկը լրացուցիչ երաշխիքային վճարը վճարում է մեկ միլիոն դրամի չափով:
7. Բանկերը լրացուցիչ վճարների վճարումը կատարում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(14-րդ հոդվածը լրաց. 18.03.08 ՀՕ-5-Ն)
ՀՈԴՎԱԾ 15. |
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐԺՈՒՅԹԸ |
Բանկերը երաշխիքային վճարները կատարում են հայկական դրամով:
ՀՈԴՎԱԾ 16. |
ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԲԱՆԿԵՐԻ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ |
Կենտրոնական բանկի կողմից «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկն անվճարունակ ճանաչելու մասին որոշումն ընդունելու պահից բանկը երաշխիքային վճարներ չի կատարում: Կենտրոնական բանկի կողմից բանկի ֆինանսական առողջացման մասին որոշում կայացնելու պահից մեկամսյա ժամկետում բանկը վճարում է անվճարունակության գործընթացում գտնվելու ժամանակահատվածի համար պարբերական երաշխիքային վճարները: Անվճարունակության գործընթացում գտնվելու ժամանակահատվածի համար չեն վճարվում սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված տոկոսները:
(16-րդ հոդվածը փոփ. 18.03.08 ՀՕ-5-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-272-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4.
ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
ՀՈԴՎԱԾ 17. |
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ |
1. Հիմնադրամը սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգով ստեղծված` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադիրը Կենտրոնական բանկն է:
2. Հիմնադրամն իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված գործառույթները և կրում պարտականությունները:
ՀՈԴՎԱԾ 18. |
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ |
Հիմնադրամն իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) հավաքագրում է երաշխիքային վճարները.
բ) իրականացնում է Հիմնադրամի միջոցների, երաշխավորված ավանդների, ավանդատուների թվի և այլ վերլուծություն.
գ) միջնորդություններ է ներկայացնում Կենտրոնական բանկ սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարները չվճարած բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, բանկերի ներկայացրած հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով Կենտրոնական բանկի կողմից ստուգումներ անցկացնելու համար.
դ) սույն օրենքով սահմանված պայմաններով կառավարում է Հիմնադրամի միջոցները.
ե) հատուցում է երաշխավորված ավանդները` սույն օրենքով սահմանված կարգով, չափերով և դեպքերում.
զ) ստանում է վարկեր (փոխառություններ), երաշխիքներ, դրամաշնորհներ, նվիրատվություններ և նվիրաբերություններ.
է) ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն` հատուցումը սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպելու համար.
ը) լուսաբանում է ավանդների երաշխավորման և հատուցման գործընթացը.
թ) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ:
ՀՈԴՎԱԾ 19. |
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ |
1. Հիմնադրամի կառավարման մարմիններն են`
ա) Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.
բ) Հիմնադրամի տնօրենը:
2. Հոգաբարձուների խորհուրդը կազմված է յոթ անդամից: Հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակում է`
երկուսին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
երկուսին` Կենտրոնական բանկի խորհուրդը,
երկուսին` Հայաստանի Հանրապետության բանկերի միությունը:
Մեկից ավելի բանկերի միություն լինելու դեպքում բանկերի միություններից թեկնածուների առաջադրման և ընտրման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Հոգաբարձուների խորհրդի մեկ անդամին ընտրում են հոգաբարձուների խորհրդի նշանակված անդամները:
Հոգաբարձուների խորհրդի նախագահին իրենց կազմից ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները` հինգ տարի ժամկետով:
Հոգաբարձուների խորհրդի անդամները նշանակվում (ընտրվում) են հինգ տարի ժամկետով և կարող են նույն պաշտոնում վերանշանակվել կամ վերընտրվել:
Հոգաբարձուների խորհուրդն աշխատում է հասարակական հիմունքներով: Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ:
Հոգաբարձուների խորհրդի անդամ չեն կարող լինել այն անձինք, ովքեր`
ա) դատարանի վճռով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և դատվածությունը հանված կամ մարված չէ.
բ) օրենքով սահմանված կարգով զրկվել են ֆինանսական ոլորտում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
Հոգաբարձուների խորհրդի անդամը վաղաժամկետ ազատվում է պաշտոնից, եթե`
ա) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար.
բ) օրենքով սահմանված կարգով զրկվել է ֆինանսական ոլորտում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
գ) մեկ տարվա ընթացքում ավելի քան երեք անգամ անհարգելի բացակայել է խորհրդի նիստերից.
դ) նրան նշանակած կամ ընտրած մարմինը որոշում է կայացրել նրան Հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից վաղաժամկետ ազատելու մասին:
3. Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի առնվազն հինգ անդամ: Հոգաբարձուների խորհուրդը որոշումներ է կայացնում խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հոգաբարձուների խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է:
4. Սույն օրենքին և հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իրականացնում է հետևյալ լիազորությունները`
ա) ընդունում է որոշում ավանդների հատուցումն սկսելու մասին.
բ) հաստատում է Հիմնադրամի կանոնադրությունը, դրանում փոփոխությունները և լրացումները.
գ) հաստատում է Հիմնադրամի գործունեությունը կարգավորող ներքին կարգերը.
դ) հաստատում է Հիմնադրամի միջոցների տեղաբաշխման ձևերը, ուղղությունները և սահմանաչափերը (քաղաքականությունը)` համաձայնեցնելով Կենտրոնական բանկի խորհրդի հետ.
ե) որոշում է Հիմնադրամի միջոցների կառավարման նպատակով Հիմնադրամի միջոցների ներդրման ուղենիշային պայուսակը` համաձայնեցնելով Կենտրոնական բանկի խորհրդի հետ: Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով ուղենիշային պայուսակը Հիմնադրամի կողմից կառավարվող միջոցների նկատմամբ ներկայացվող պահանջները (ընդունելի ռիսկերի մակարդակը) սահմանող նպատակային ցուցանիշ է կամ ցուցանիշների համախումբ, որի սահմանափակումների ներքո գնահատվում է պայուսակի փաստացի կառավարման կատարողականը, այսինքն` Հիմնադրամի ընդունած որոշումների արդյունքները: Ուղենիշային պայուսակը կարող է սահմանել արտարժութային միջոցների արժութային բաղադրությունը, առանձին արժույթների տեսակարար կշիռները, թույլատրելի գործիքները, գործընկերների նվազագույն թույլատրելի վարկային ռիսկը, առանձին գործիքների թույլատրելի առավելագույն ժամկետայնությունը, ընդհանուր պայուսակի միջին ժամկետայնությունը, ինչպես նաև առանձին ակտիվների եկամտաբերության մակարդակները.
զ) որոշում է ընդունում հատուցման համար Հիմնադրամի միջոցների անբավարարության մասին.
է) հատուցման համար Հիմնադրամի միջոցների անբավարարության դեպքում որոշում է ընդունում անհրաժեշտ միջոցներ ներգրավելու ուղղությունների և պայմանների մասին.
ը) Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է Հիմնադրամի տնօրենի հաշվետվությունները.
թ) ընտրում է Հիմնադրամի աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին).
ժ) ընտրում է Հոգաբարձուների խորհրդի` սույն հոդվածի 2-րդ մասով նշված անդամին.
ժա) վերահսկում է իր որոշումների կատարման ընթացքը.
ժբ) վերահսկում է Հիմնադրամի ընթացիկ և ֆինանսատնտեսական գործունեությունը.
ժգ) ընդունում է որոշումներ Հիմնադրամի տնօրենի, կանոնադրությամբ սահմանված այլ մարմիններ ձևավորվելու դեպքում` դրանց ընտրության և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին.
ժդ) հաստատում է Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը և դրանց փոփոխությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունները.
ժե) հաստատում է Հիմնադրամի աշխատակիցների վարձատրման և պարգևատրման կարգը.
ժե.1) առնվազն հինգ տարին մեկ քննարկում է երաշխավորված ավանդի` սույն օրենքով սահմանված չափերի վերանայման հարցը` Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանության տեսանկյունից:
ժզ) իրականացնում է օրենքով և Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.
5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված լիազորությունները կանոնադրությամբ չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու Հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:
6. Հոգաբարձուների խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի որոշմամբ կարող է հրավիրվել փորձագետ:
Հոգաբարձուների խորհրդում սույն հոդվածով նախատեսված որևէ հարցի քննարկման դեպքում խորհրդի շահագրգռված անդամը քննարկումն սկսելուց առաջ պարտավոր է հայտարարել իր շահագրգռվածության մասին և չմասնակցել քննարկմանն ու տվյալ հարցի վերաբերյալ քվեարկությանը:
Սույն օրենքի իմաստով Հոգաբարձուների խորհրդի անդամը համարվում է որևէ հարցի քննարկման կապակցությամբ շահագրգիռ, եթե տվյալ հարցի քննարկման արդյունքում կայացվելիք որոշումը կապված է նրա կամ նրա ընտանիքի անդամների եկամտի աղբյուրների, ինչպես նաև նրա և նրա հետ ընդհանուր տնտեսություն վարող անձանց ֆինանսական շահերի հետ:
Հիմնադրամի կանոնադրությունում նշվում են Հոգաբարձուների խորհրդի անդամների վարքագծի էթիկայի հիմնական սկզբունքները, նրանց գործելակերպի արդյունավետությունն ապահովող շարժառիթները, Հոգաբարձուների խորհրդի կողմից որոշումների ընդունման դեպքում խորհրդի անդամների շահագրգռվածության և շահերի բախման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև նախատեսվում են Հոգաբարձուների խորհրդի անդամների միջև աշխատանքի բաշխման և նրանց պատասխանատվության վերաբերյալ դրույթներ:
7. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Հիմնադրամի տնօրենը: Հիմնադրամի տնօրենին նշանակում է Հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամի տնօրենը`
ա) ապահովում է Հիմնադրամի բնականոն գործունեությունը.
բ) իր իրավասության սահմաններում պատրաստում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումների նախագծերը.
գ) հոգաբարձուների խորհրդի որոշած ուղենիշային պայուսակին համապատասխան` կառավարում է Հիմնադրամի միջոցները.
դ) առանց լիազորագրի հանդես է գալիս Հիմնադրամի անունից.
ե) տալիս է լիազորագրեր.
զ) Հիմնադրամի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
է) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, Հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
ը) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հիմնադրամի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ` Կանոնադրությանը համապատասխան.
թ) Հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը.
ժ) իրականացնում է Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
8. Հիմնադրամի տնօրենը պետք է համապատասխանի Կենտրոնական բանկի` բանկի գործադիր տնօրենների համար սահմանած մասնագիտական համապատասխանության և որակավորման պահանջներին և պետք է ունենա համապատասխան որակավորման վկայական: Հիմնադրամի տնօրենի որակավորման կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:
9. Հիմնադրամը պետք է ունենա վերստուգիչ հանձնաժողով կամ վերստուգիչ, որին նշանակում է Հոգաբարձուների խորհուրդը: Վերստուգիչ հանձնաժողովի կամ վերստուգիչի լիազորությունները սահմանվում են Հիմնադրամի կանոնադրությամբ:
(19-րդ հոդվածը փոփ. 18.03.08 ՀՕ-5-Ն, լրաց. 24.06.10 ՀՕ-108-Ն)
ՀՈԴՎԱԾ 20. |
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ |
1. Հիմնադրամի միջոցներն են սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարների գումարները, դրանց կառավարումից ստացված եկամուտները, Հիմնադրամի հատուցած և բանկերի նկատմամբ ձեռք բերած պահանջի հիման վրա բանկերից ստացված գումարները, այլ եկամուտներն ու միջոցները:
2. Բանկերի կողմից կատարվող երաշխիքային վճարների գումարները կուտակվում են Հիմնադրամի` Կենտրոնական բանկում գտնվող հատուկ հաշվին:
3. Հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել բացառապես սույն օրենքով սահմանված նպատակներով և դեպքերում: Հիմնադրամի, դրա ղեկավարների կամ երրորդ անձանց պարտավորությունների համար, որոնք կապված չեն երաշխավորված ավանդների հատուցման հետ (ներառյալ` երաշխավորված ավանդների փաստացի կամ հնարավոր հատուցման համար ներգրավված վարկերը և փոխառությունները), Հիմնադրամի միջոցների վրա բռնագանձում, գանձում կամ արգելանք չի կարող կիրառվել, բացառությամբ Հիմնադրամի նյութական ակտիվների և սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված Հիմնադրամի ծախսերի:
(20-րդ հոդվածը փոփ. 18.03.08 ՀՕ-5-Ն)
ՀՈԴՎԱԾ 21. |
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԵՐԻ, ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ, ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ |
Հիմնադրամը կարող է ստանալ վարկեր, փոխառություններ, երաշխիքներ, դրամաշնորհներ, նվիրատվություններ և նվիրաբերություններ:
ՀՈԴՎԱԾ 22. |
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ |
1. Հիմնադրամի միջոցները կառավարում է Հիմնադրամը:
2. Հիմնադրամի միջոցները կարող են ներդրվել բացառապես վերադարձման բարձր հուսալիություն ունեցող հետևյալ ֆինանսական ակտիվներում`
ա) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում.
բ) Կենտրոնական բանկում և բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ օտարերկրյա բանկերում` որպես բանկային ավանդ և (կամ) բանկային հաշիվ.
գ) Կենտրոնական բանկի արժեթղթերում.
դ) ոսկու ստանդարտացված ձուլակտորներում.
ե) բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) կենտրոնական բանկերի արժեթղթերում.
զ) բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների և (կամ) բանկերի արժեթղթերում.
է) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և Կենտրոնական բանկի խորհրդի հետ համաձայնեցմամբ` այլ ֆինանսական ակտիվներում:
Վարկանիշների թույլատրելի սահմանաչափերը և վարկանիշ սահմանող ընդունելի կազմակերպությունների ցանկը սահմանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը` համաձայնեցնելով Կենտրոնական բանկի խորհրդի հետ:
3. Հիմնադրամի միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշը տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն է:
ՀՈԴՎԱԾ 23. |
Հիմնադրամի ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը |
(վերնագիրը խմբ. 18.03.08 ՀՕ-5-Ն)
1. Հիմնադրամի ծախսերն են՝
ա) գործառնական ծախսերը՝
- ավանդների հատուցման հետ կապված ծախսերը,
- ստացված վարկերի, փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոսները,
- հիմնադրամի կողմից ակտիվների կառավարման, հատուցման կազմակերպման հետ կապված բանկային կոմիսիոն վճարները,
- ակտիվների վերագնահատումից և հաշվեկշռային արժեքից ցածր գնով իրացումից առաջացած կորուստները,
- Հիմնադրամի աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները,
- ավանդների երաշխավորման և հատուցման գործընթացների լուսաբանման հետ կապված ծախսերը.
բ) վարչական ծախսերը՝
- ապարատի պահպանման ծախսերը, այդ թվում՝ աշխատակիցների աշխատավարձ, պարգևատրում, պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, անձնակազմի ուսուցում և վերապատրաստում, գործուղման և ներկայացուցչական ծախսեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսեր, սոցիալական ապահովության այլ ծախսեր,
- ծառայողական նպատակներով oգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսերը,
- լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման ծախսերը,
- տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված ծախսերը,
- հիմնական միջոցների մաշվածքի հետ կապված ծախսերը և շենքերի, շինությունների, այլ հիմնական միջոցների ու պաշարների պահպանման, սպասարկման, շահագործման ու ապահովագրման ծախսերը,
- հիմնադրամի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների, վարձակալական վճարների, բանկային, կոմունալ ծառայություններից օգտվելու հետ կապված ծախսերը:
2. Կապիտալ ներդրումների ծրագիրն իրենից ներկայացնում է`
ա) հիմնադրամի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումները.
բ) վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումները:
3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը Հիմնադրամի ընթացիկ գործունեությունն ապահովելու, նրա կողմից սույն oրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով հաստատում է Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը:
4. Հիմնադրամի վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրն իրականացվում են Հիմնադրամի միջոցների հաշվին: Վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը կատարելու համար Հիմնադրամն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում բացելու հաշիվներ:
5. Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը և կապիտալ ներդրումները չեն կարող գերազանցել երաշխիքային վճարներ կատարող բոլոր բանկերի` նախորդ տարվա բանկային ավանդների միջին oրական ցուցանիշի 0.03 տոկոսը:
6. Եթե ընթացիկ տարում Հիմնադրամի փաստացի կատարած ծախսերն ավելի քիչ են, քան սույն հոդվածով սահմանված կարգով հաստատված` Հիմնադրամի վարչական և գործառնական տարեկան ծախսերը, ապա տարվա արդյունքներով առաջացած տարբերությունը Հիմնադրամը փոխանցում է սույն oրենքի 20-րդ հոդվածով սահմանված հատուկ հաշվին:
(23-րդ հոդվածը խմբ. 18.03.08 ՀՕ-5-Ն, փոփ., լրաց. 24.06.10 ՀՕ-108-Ն)
ՀՈԴՎԱԾ 24. |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ: ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ |
1. Հիմնադրամն ու Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված դեպքերում անհրաժեշտ տեղեկություններ են փոխանակում` օրենքով և Կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով և ձևով:
Բանկերը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ձևերով և կարգով կազմում և Կենտրոնական բանկ են ներկայացնում երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններ: Հիմնադրամը կարող է ստանալ Կենտրոնական բանկից այդ հաշվետվությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից տասնօրյա ժամկետում:
2. Բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվություններից, Հիմնադրամը Կենտրոնական բանկից և (կամ) բանկերից բանկային գաղտնիք կազմող (պարունակող) այլ տեղեկություններ կարող է ստանալ բացառապես սույն օրենքով սահմանված հատուցման դեպքն առաջանալիս` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հիմնադրամի աշխատակիցների կողմից պետական, բանկային, առևտրային և ծառայողական գաղտնիքի պահպանումն ու օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով:
3. Հիմնադրամի գործունեությունը յուրաքանչյուր տարի ստուգվում է օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից: Անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը և ստուգված տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են Կենտրոնական բանկ: Հիմնադրամը պարտավոր է ֆինանսական տարվա ավարտից հետո` քառամսյա ժամկետում, մամուլում հրապարակել անկախ աուդիտորական կազմակերպության համառոտ եզրակացությունը:
4. Հիմնադրամի միջոցների վերաբերյալ տեղեկությունները, բացառությամբ Հիմնադրամի վարչական ծախսերի, գործառնական ծախսերի և կապիտալ ներդրումների վերաբերյալ տեղեկությունների, չեն կարող հրապարակվել, տրամադրվել այլ անձանց և պետական մարմինների: Այդ տեղեկությունների պահպանումը, տրամադրումը և հրապարակումն իրականացվում է «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով:
5. Հիմնադրամի կողմից սույն օրենքով, Հիմնադրամի գործունեությունը կարգավորող այլ օրենքներով և դրանց համապատասխան ընդունված իրավական այլ ակտերով սահմանված գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով:
Հիմնադրամի գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողության վերաբերյալ Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում հաշվետվություն, որը ներառվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տարեկան հաշվետվության մեջ:
6. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է Հիմնադրամի նկատմամբ կիրառել նախազգուշացում և խախտումները որոշակի ժամկետում վերացնելու հանձնարարական: Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական:
7. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է Հիմնադրամի տնօրենի նկատմամբ կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները`
- նախազգուշացում և խախտումները որոշակի ժամկետում վերացնելու հանձնարարական, և (կամ)
- տուգանք, կամ
- որակավորման վկայականից զրկում:
8. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները Հիմնադրամի և (կամ) Հիմնադրամի տնօրենի նկատմամբ Կենտրոնական բանկը կարող է կիրառել, եթե Հիմնադրամը և (կամ) Հիմնադրամի տնօրենը թույլ են տվել հետևյալ խախտումները`
ա) խախտել են սույն օրենքի, Հիմնադրամի գործունեությունը կարգավորող այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները.
բ) խախտել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ինչպես նաև ֆինանսական և այլ հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները, և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ.
գ) չեն կատարել Կենտրոնական բանկի` սույն օրենքով սահմանված կարգով տված հանձնարարականը:
9. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը Հիմնադրամի և (կամ) Հիմնադրամի տնօրենի նկատմամբ կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(24-րդ հոդվածը փոփ. 18.03.08 ՀՕ-5-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 25. |
ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ և ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆԵԼԸ |
1. Հրապարակայնություն ապահովելու նպատակով բանկերը պարտավոր են ավանդատուին գրավոր տեղեկացնել ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին ավանդատուին հանձնվող ծանուցման միջոցով: Գրավոր ծանուցումը կազմվում է երկու օրինակից, որի` բանկում մնացող օրինակի վրա ստորագրում է ավանդատուն:
Ավանդատուին հանձնվող գրավոր ծանուցումը պետք է պարունակի`
ա) երաշխավորված ավանդի առավելագույն սահմանաչափերը և դրա հաշվարկման կարգը.
բ) չերաշխավորվող ավանդների ցանկը.
գ) նշում ավանդատուի ավանդի երաշխավորված կամ չերաշխավորված լինելու մասին.
դ) հատուցման դեպքը.
ե) երաշխավորված ավանդների հատուցման կարգը և ժամկետները.
զ) Հիմնադրամի գտնվելու վայրը, հասցեն, հեռախոսի համարը.
է) բանկի հայեցողությամբ` այլ տեղեկություններ:
Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել հաճախորդներին հանձնվող ծանուցման օրինակելի ձև:
2. Սույն հոդվածով նախատեսված գրավոր ծանուցման բացակայությունը հիմք չէ ավանդը երաշխավորելու կամ չերաշխավորելու համար, ինչպես նաև չի առաջացնում բանկային ավանդի պայմանագրի անվավերություն:
ՀՈԴՎԱԾ 26. |
ԲԱՆԿԵՐԻ` ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
Բանկերի (այդ թվում` անվճարունակ) կողմից սույն օրենքի պահանջները պահպանելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:
ՀՈԴՎԱԾ 27. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
1. Սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարները չկատարելու դեպքում այդ գումարների վրա հաշվարկվում են երաշխիքային վճար կատարելու համար սահմանված օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկի չափով տոկոսներ:
2. Սույն օրենքը և սույն օրենքից բխող իրավական այլ ակտերի պահանջները խախտելու համար բանկերն ու դրանց ղեկավարները պատասխանատվություն են կրում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
ՀՈԴՎԱԾ 28. |
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ (ՍՆԱՆԿ) ՃԱՆԱՉԵԼԸ: ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ |
Հիմնադրամը կարող է լուծարվել կամ անվճարունակ (սնանկ) ճանաչվել միայն օրենքով:
ՀՈԴՎԱԾ 29. |
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ oրվանից, բացառությամբ 6-րդ հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 30-ից: Սույն օրենքով սահմանված երաշխավորված ավանդների հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե այն տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 1-ից հետո:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև Հիմնադրամի` օրենքով սահմանված կարգով ստեղծումը բանկերը երաշխիքային վճարները կատարում են Կենտրոնական բանկում վարվող բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի հաշվին` սույն օրենքով սահմանված կարգով և չափերով: Բանկերի կողմից կատարվող` սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարները, կուտակված միջոցները, դրանց դիմաց վճարվող տոկոսագումարները, ինչպես նաև բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամին ուղղված այլ միջոցներ հաշվառվում են բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի հաշվում:
3. Հիմնադրամի` օրենքով սահմանված կարգով ստեղծման պահից տասը աշխատանքային օրվա ընթացքում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի հաշվում առկա միջոցները մուտքագրվում են Հիմնադրամի հաշվին:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Կենտրոնական բանկը և Հայաստանի բանկերի միությունը, սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան, որոշում են կայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների վերաբերյալ:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 45-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի միության նշանակած` Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն ընտրում են հոգաբարձուների խորհրդի յոթերորդ անդամին:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 45-օրյա ժամկետում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի յոթ անդամներն իրենց կազմից ընտրում են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատում է Հիմնադրամի կանոնադրությունը և քննարկում ու որոշում է կայացնում Հիմնադրամի գրանցման հետ կապված հարցերի վերաբերյալ:
8. Հիմնադրամի գրանցման ծախսերը հոգում է Կենտրոնական բանկը:
(29-րդ հոդվածը խմբ. 18.03.08 ՀՕ-5-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|