Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 26-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ընդունման ամսաթիվ
24.03.2025
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ստորագրման ամսաթիվ
24.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2025

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2025 թվականի

ք. Երևան

թիվ 26-Ա

 

«ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ուսումնասիրելով 2025 թվականի մարտի 10-ին իր նախաձեռնությամբ հարուցված թիվ 8 վարչական վարույթի նյութերը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) պարզեց.

Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության (այսուհետ` Հեռարձակող) «ՖՈՐՏՈՒՆԱ» ծրագրի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է Օրենքի 58-րդ հոդվածի 1–ին մասի 4-րդ կետի պահանջի առերևույթ խախտում։

Համաձայն Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության 2025 թվականի մարտի 10-ի զեկուցագրի՝ 2025 թվականի մարտի 06-ի ժամը 09։00-ից սկսած Հեռարձակողը 24 ժամից ավել չի ապահովել «ՖՈՐՏՈՒՆԱ» ծրագրի միջոցով տեսալսողական հաղորդումների հեռարձակումը:

Ի լրումն Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության 2025 թվականի մարտի 10-ի զեկուցագրի՝ 2025 թվականի մարտի 13-ի ժամը 18։00-ից առ 2025 թվականի մարտի 17-ը Հեռարձակողը «ՖՈՐՏՈՒՆԱ» ծրագրի հեռարձակում չի իրականացրել։

Հանձնաժողովը, հիմք ընդունելով Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 2025 թվականի մարտի 10-ին Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։

Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի մասին 2025 թվականի մարտի 10-ին ծանուցել է Հեռարձակողին և հայտնել, որ այս հարցի վերաբերյալ կարող է ներկայացնել իր պարզաբանումները և բացատրությունները:

 

Հեռարձակողը հարուցված վարչական վարույթի ընթացքում որևէ պարզաբանում և բացատրություն չի ներկայացրել։

 

Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է․

 

2025 թվականի մարտի 06-ի ժամը 09։00-ից սկսած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամից ավել չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակումը։ Ավելին, 2025 թվականի մարտի 13-ի ժամը 18։00-ից առ 2025 թվականի մարտի 17-ը նույնպես «ՖՈՐՏՈՒՆԱ» ծրագրի միջոցով չեն հեռարձակվել տեսալսողական հաղորդումները։

Հեռարձակողը տեսալսողական հաղորդումների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ որևէ հիմնավորում Հանձնաժողով չի ներկայացրել։

Համաձայն Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության տեսալսողական մեդիայի մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, կարգավորող պետական մարմնի իրավական ակտերը, տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող այլ իրավական ակտեր և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:

Համաձայն Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ կարգավորող պետական մարմինը Օրենքի խախտման կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ։

Համաձայն Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի՝ Հանձնաժողովն իրականացնում է Հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկում:

Համաձայն Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի՝ կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին կարգավորող պետական մարմնին գրավոր տեղեկացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.

1) գրավոր նախազգուշացում.

2) տուգանք.

3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.

4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

Իսկ Օրենքի 58-րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե` լիցենզիա ստացած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում։

«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է։

Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:

Հանձնաժողովն արձանագրում է, որ առկա է Հեռարձակողի լիցենզիայի գործողության կասեցման իրավական հիմքը, քանի որ Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակումը։

Քննարկվող համատեքստում հատկանշական է նշել, որ Հեռարձակողը 2021 թվականի հունվարի 21-ից (լիցենզիայի սերիան, համարը՝ ԵՀ N 304, գործողության ժամկետը՝ 21.01.2021թ.-21.01.2028թ., սփռման տարածքը՝ Լոռու մարզ) հանդիսանում է տեսալսողական մեդիածառայություն մատուցող, որը Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն կազմում և սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն կրում տեսալսողական մեդիա արտադրանքի բովանդակության համար և պարտավոր է պահպանել տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջները, ինչպես նաև վերջիններս խախտելու դեպքում սահմանված կարգով կրել պատասխանատվություն։

Արձանագրում ենք նաև, որ ըստ Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության 2025 թվականի մարտի 24-ի զեկուցագրի՝ «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության «ՖՈՐՏՈՒՆԱ» ծրագրի հեռարձակումը 2025 թվականի մարտի 21-ի ժամը 14։04-ից վերականգնվել է։

 

Հեռարձակողի տնօրենը վարչական վարույթի քննարկման նիստի ընթացքում հայտնել է, որ առնվազն ամսի 10-ից իրենց եթերն իրենք չեն դադարեցրել, այլ պարբերաբար ունեցել են հեռարձակումներ բավականին երկար անջատումներով։ Նրա խոսքով՝ խնդիրը կապված է եղել հեռուստատեսային ցանցի՝ հեռուստաաշտարակի սահմանած վճարային խիստ պայմանների հետ։ Նա հիշեցրեց, որ նախորդ տարիներին ամսական վճարումները կազմում էին 350 000 դրամ, ինչը, հաշվի առնելով գովազդային շուկայի սահմանափակ հնարավորությունները, շատ դժվար է եղել հայթայթել։ Հեռարձակողի տնօրենը նաև նշեց, որ պարտքերի փուլ առ փուլ մարման գործընթացում անցած տարի որոշակի պարտքեր են մնացել՝ մոտ 600 000 դրամ, ինչի արդյունքում, պարբերաբար զգուշացումներից հետո, վերջին օրերին հեռարձակումն ամբողջովին անջատվել է 2-3 օրով։ Նա նշեց, որ, հավանաբար, պայմանագրով և օրենսդրությամբ դա սահմանված է։

Այնուամենայնիվ, նա ընդգծեց, որ խնդիրը գումար հայթայթելու մեջ է, որպեսզի կարողանան կատարել իրենց վճարումները, հավելեց, որ տվյալ պահին պարտքը կազմում է 110 000 դրամ, բայց հեռարձակումը միացված է, քանի որ ինքն անձամբ խնդրել է վերականգնել այն, և վստահեցրեց, որ այդ պարտքն էլ կմարի։

Նա խոսեց նաև «Ֆորտունա» հեռուստաընկերության գործունեության մասին՝ ընդգծելով, որ այն գործում է արդեն 33 տարի, և մարդիկ ճանաչում են այն։ Նրա խոսքով՝ սերունդներ են մեծացել այդ հեռուստաընկերության հետ, և շատերը դիմում են իրենց սոցիալական կամ կենցաղային տարբեր խնդիրներով։ Նա նշեց, որ իրենց միջոցով այդ խնդիրները լուսաբանվում են, իսկ քաղաքացիները համապատասխան մարմիններ են ուղղորդվում։ Վերջում նա ընդգծեց, որ նման աշխատանքը կարևոր է, և եթե մի պահ պատկերացնենք, որ իրենք, կամ, ավելի ճիշտ, «Ֆորտունա»-ն այլևս չգործի, ապա լրատվամիջոցների բացակայությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։

 

Հանձնաժողովը, հաշվի առնելով Հեռարձակողի տնօրենի կողմից ներկայացված պարզաբանումն առ այն, որ վերջինիս կողմից առկա պարտավորությունները ներկայացված չափով մարված են, ինչպես նաև Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի զեկուցագիրն առ այն, որ վերջինս վերականգնել է հեռարձակումը, ամբողջը դիտարկում է իբրև մեղմացուցիչ հանգամանք։

Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով Հեռարձակողի տնօրենի դիրքորոշումը, ինչպես նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 14-րդ կետերը, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և ղեկավարվելով 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 1 (մեկ) օր ժամկետով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

3. Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը ժամը 00։00-ից:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

 

2025 թ. մարտի 24

ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան