Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1773
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 24.03.2025
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.03.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2025

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

18 մարտի 2025 թ.

 

«ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկա­յացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրա­վական ապահովման և սպասարկ­ման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահ­մանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատաս­խանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքը (այսու­հետ նաև` Օրենք) Ազգային ժողո­վի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2007 թվականի հուն­վա­րի 22-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի փետրվարի 10-ին:

Օրենքի՝ «Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողո­քար­կումը» վերտառությամբ 20-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«2. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն պարտա­պանը, պարտատերը (պարտատերերը)»:

Վերոնշյալ հոդվածը փոփոխվել է 2009 թվականի փետրվարի 5-ի ՀՕ-48-Ն օրենքով, խմբագրվել և փոփոխվել՝ 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-13-Ն օրենքով, խմբագրվել՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքով:

Գործի քննության առիթը «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի՝ 2023 թվա­կանի դեկտեմբերի 22-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Սահմանադրական դատարանի 2024 թվականի մայիսի 31-ի ՍԴԱՈ-92 աշխա­տակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցվել է` մինչև որոշման մեջ նշված կասեցման հիմքերը վերանալը: Սահմանադրական դատարանի 2025 թվա­կանի մարտի 15-ի ՍԴԱՈ-38 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը վեր­սկսվել է: Սահմանադրական դատարանի 2025 թվականի մարտի 18-ի ՍԴԱՈ-39 աշխատակարգային որոշմամբ սույն գործի վարույթը մասամբ՝ «Սնանկության մա­սին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մասերով, կարճվել է:

Ուսումնասիրելով դիմումը, Դիմողի և Պատասխանողի գրավոր բացատրու­թյունները, գործում առկա մյուս փաստաթղթերը, վերլուծելով վիճարկվող և վերա­բերելի օրինադրույթները՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1.1. Արմեն Աթանեսյանը 2019 թվականի հոկտեմբերի 15-ին դիմում է ներկա­յացրել ՀՀ սնանկության դատարան (այսուհետև նաև՝ Դատարան)՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանա­չելու պահանջով:

1.2. Սնանկության դատարանը (այսուհետ նաև` Դատարան), քննելով թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության գործն ըստ Արմեն Աթանեսյանի դիմումի՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, 2019 թվականի նոյեմբերի 14-ին վճռել է.

«Դիմումը բավարարել. «Իմպերիալ Պալաս Հոթել» սահմանափակ պատաս­խանատվությամբ ընկերությանը ճանաչել սնանկ…»:

Սույն վճռով Դատարանը փաստել է.

«Տվյալ դեպքում Դատարանը հաստատված է համարում, որ Ընկերությունը Արմեն Աթանեսյանի նկատմամբ ունի գրավոր գործարքի՝ 31.05.2019 թ. կնքված փոխ­առության պայմանագրի վրա հիմնված 250.000 ԱՄՆ դոլարի պարտա­վորություն (…):

Դատարանն ապացուցված է համարում նաև այն, որ Ընկերության ունեցած վերը նշված պարտավորությունը կետանցված է 60 օրից ավելի ժամկետով, և այդ կետանցը շարունակվում է, քանի որ այդ պարտավորությունը մարելու վերաբերյալ որևէ ապացույց Դատարան չի ներկայացվել: Ընկերությունը Արմեն Աթանեսյանի նկատմամբ վճարային պարտավորություն ունենալու, այդ պարտավորության չափի և այն կետանցված լինելու վերաբերյալ որևէ առարկություն Դատարան չի ներ­կայացրել:

Այսպիսով, Դատարանն ապացուցված է համարում, որ Ընկերությունը Արմեն Աթանեսյանի նկատմամբ ունի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող, 60 օրից ավելի ժամկետով կետանցված անվիճելի վճարային պարտավորություն, որի կետանցը շարունակվում է:

Վերը նշվածից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահ­մանված բոլոր անհրաժեշտ պայմաները՝ անձին սնանկ ճանաչելու համար, ուստի Ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ Արմեն Աթանեսյանի դիմումը ենթակա է բավարարման»:

Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատերը (Արմեն Աթանեսյան) ու պարտապանը («ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկե­րություն) հիշատակված վճիռը չեն բողոքարկել:

1.3. Դատարանը 2021 թվականի մարտի 25-ի որոշմամբ հաստատել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահանջը՝ 825.661 ՀՀ դրամի չափով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով սահմանված հերթում որպես չապահովված պահանջ:

1.4. «Արարատբանկ» ԲԲ ընկերությունը 2020 թվականին մարտի 5-ին հայ­ցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրա­վասության դատարան ընդդեմ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության, Արմեն Աթանեսյանի, երրորդ անձ՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի՝ գործարքի կեղծ լինելը հաստատելու պահանջի վերաբերյալ։

1.5. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դա­տարանը, քննելով թիվ ԵԴ/8529/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի` «Արարատբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության, Արմեն Աթանեսյանի, երրորդ անձ՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի՝ առոչինչ գործարքի անվա­վերության հետևանք կիրառելու, այն է` Արմեն Աթանեսյանի և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի միջև 31.05.2019 թ. կնքված փոխառության պայմանագրի կեղծ լինելը հաստատելու պահանջի վերաբերյալ, 2021 թվականի սեպտեմբերի 1-ին վճռել է.

«1. Ըստ հայցի «Արարատբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության, Արմեն Աթանեսյանի, երրորդ անձ՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու, այն է` Արմեն Աթանեսյանի և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի միջև 31.05.2019 թվականին կնքված փոխառության պայմանագրի կեղծ լինելը հաստատելու պահանջի վերա­բերյալ հայցը բավարարել:

2. Կիրառել կեղծ լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ և անվավեր ճանաչել Արմեն Աթանեսյանի և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի միջև 31.05.2019 թվականին կնքված փոխառության պայմա­նա­գիրը»:

Վճիռը բողոքարկվել է վերաքննության և վճռաբեկության կարգով, թողնվել է անփոփոխ:

1.6. «Ֆլեշ» ՍՊ (հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկա­յացրած պարտատեր չհանդիսացող) ընկերությունը 2022 թվականի հուլիսի 19-ին Դատարանի 2019 թվականի նոյեմբերի 14-ի վճռի նոր հանգամանքի հիմքով վերանայման բողոք է ներկայացրել: Նոր հանգամանքի հիմքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդ­հանուր իրավասության դատարանի՝ ըստ հայցի` «Արա­րատբանկ» ԲԲ ընկե­րության ընդդեմ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության, Արմեն Աթա­նեսյանի, երրորդ անձ՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության սնան­կության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի՝ առոչինչ գործարքի անվա­վերության հետևանք կիրառելու, այն է` Արմեն Աթանեսյանի և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի միջև 31.05.2019 թ. կնքված փոխառության պայմանագրի կեղծ լինելը հաստատելու պա­հանջի վերաբերյալ թիվ ԵԴ/8529/02/20 քաղաքացիական գործով սույն որոշման 1.5-րդ կետում նշված վճիռն է:

1.7. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության գործով ըստ Արմեն Աթանեսյանի դիմումի՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, «Ֆլեշ» ՍՊ ընկերության կողմից նոր հանգամանքով ներկայացված՝ Դատարանի 14.11.2019 թ. վճռի վերանայման բողոքը, 2023 թվականի հունվարի 5-ին որոշել է. «1. Թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության գործով ՀՀ Սնանկության դատարանի 14.11.2019 թվականի վճռի դեմ «Ֆլեշ» ՍՊԸ-ի ներկայացրած վերանայման բողոքը բավարարել. նշված վճիռը բեկանել և գործն ուղարկել նոր քննության»:

1.8. Վճռաբեկ դատարանը, քննելով ըստ Արմեն Աթանեսյանի դիմումի՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մա­սին, սնանկության գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.01.2023 թ. որոշման դեմ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 2023 թվականի սեպտեմբերի 20-ին որոշել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

 

2. Դիմողի դիրքորոշումները

«ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ն (այսուհետ նաև` Դիմող), ներկա­յաց­նելով թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության և թիվ ԵԴ/8529/02/20 քաղաքացիական գործերի դատավարական նախապատմությունները, նշում է, որ կողմերը վստահել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությանը՝ ակնկալելով, որ դատական ակտով վրա հասնող հետևանքները (պարտավորությունների նկատմամբ հաշվարկվող տույժերի մասով) իրավաչափ են, և եթե անգամ ինչ-որ հանգամանքի ուժով բեկանվի սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռը, ապա դրա հետևանքով պարտապանի ֆինանսական վիճակը չի կարող էլ ավելի վատթարանալ, քանի որ պարտապանը չի կարող կրել անօրինական դա­տական ակտի բացասական հետևանքները՝ դադարած պարտավորությունների վե­րականգնման տեսանկյունից:

Դիմողն ընդգծում է, որ վիճարկվող դրույթներում առկա օրենսդրական բացը, իրավական որոշակիության բացակայությունը, ըստ էության, իրավաբանական անձի համար անդառնալի և կործանիչ հետևանքներ են առաջացնում այն իմաստով, որ դադարած տույժերի վերականգնման և վերահաշվարկման արդյունքում կրկնա­պատկված պարտավորությունը թույլ չի տա պարտապանին ֆինանսապես առող­ջանալ, և պարտապանն իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը կորցնելու ակնհայտ վտանգի առջև կկանգնի:

Անդրադառնալով Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասին՝ Դիմողը նշում է, որ տվյալ դրույթը պետք է մեկնաբանել այնպես, որ պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճռի դեմ, բացի պարտապանից, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունի այն պարտատերը, որը պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել է դատարան:

Դիմողը գտնում է, որ Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին, Օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորմանը, Օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետին, 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետին:

Դիմողը նշում է. «Օրենսդիրը, տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասին տվել է Սահմանադրության 79-րդ հոդվածին չհամապատասխանող՝ ոչ որոշակի ձևակերպում, այսինքն բավարար չափով որոշակի չի նշվել մյուս պարտատերերի՝ այդ թվում՝ դիմող պարտատեր չհան­դիսացող, վերջնական ցուցակում ընդգրկված պարտատերերի՝ սնանկ ճա­նաչելու վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունքի սահմանափակումը, ինչը հիմք է հանդիսացել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի տարընկալումների և սույն գործով դատարանների կողմից հակասող մեկ­նա­բանությամբ կիրառու­թյունների»:

Ըստ Դիմողի՝ քննարկվող դեպքում Վերաքննիչ քաղաքացիական դատա­րանը, քննելով և բավարարելով վերջնական ցուցակում ընդգրկված և նոր հանգամանքի հիմքով վերաքննիչ բողոք ներկայացրած պարտատիրոջ վերաքննիչ բողո­քը, հա­մարել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի ելքով շահագրգռված այլ անձինք կարող են համարվել բոլոր պարտատերերը, և վերջիններս՝ դեռևս պարտատեր հանդիսանալու իրավունքը ծագած չլինելու փուլում, կարող են օգտվել պարտապանին սնանկ ճանաչելու գործընթացում դա­տա­վարական իրավունքներից:

Դիմողը գտնում է, որ «(…) Պարտապանի պարտավորությունների դադարե­ցումը օրինական ուժի մեջ մտած սնանկ ճանաչելու վճռի հիմքով (տույժերի հաշ­վարկման մասով), այնուհետև դրանց վերականգնումը հակասահմանադրական է», քանի որ, եթե օրինակ, սնանկության վարույթի ավարտին մոտ ժամա­նակա­հատվածում վարույթում ներգրավվի որևէ նոր պարտատեր և բողոքարկի սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռը, որն արդյունքում բեկանվի և ուղարկվի նոր քննության, իսկ սնանկության վարույթից անցած լինի հինգ և ավելի տարիներ, նույնիսկ նոր քննության փուլում սնանկ ճանաչվելու պարագայում պարտապանի համար տեղի են ունենալու անդառնալի հետևանքներ, քանի որ սնանկ ճանաչելու վերաբերյալ վճռի բեկանմամբ չեղարկվելու են մինչ այդ դադարեցված տույժերի հաշվարկումները, և եթե գործնականում նմանատիպ իրավիճակները բազմաթիվ լինեն, որևէ պար­տապան արդյունքում չի կարողանա ֆինանսապես առողջանալ՝ իրենից անկախ հանգամանքներում, ինչը բացասական հետևանքներ է առաջացնում թե՛ ընկե­րության, թե՛ երկրի տնտեսության համար:

 

3. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող) փաստում է, որ «(…) օրենսդիրը որևէ սահմանափակում չի նախատեսել առ այն, որ վերաքննիչ բողոք բերելու իրավունքը վերապահված է միայն այն պարտատիրոջը, ով սնանկության դիմում է ներկայացրել: Դա սուբյեկտիվ մեկնաբանություն է և չի բխում նորմում նշված կարգավորումից: Օրենսդիրը առանց որևէ այլ սահմանափակումների նշել է պար­տատեր (պարտատերեր), հետևաբար ցանկացած այլ հատկանիշի կամ նախա­պայմանի սահմանումը մեկնաբանության արդյունք է»:

Պատասխանողն արձանագրում է, որ նոր կամ նոր երևան եկած հանգա­մանքներով գործի նորոգման ընթացակարգի նախատեսումը ոչ միայն չի կարող հակասել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքին, այլ, ընդհա­կառակը` նշված իրավունքի իրացման լրացուցիչ միջոց է այն անձանց համար, որոնց օրինական շահերը շոշափող վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք կասկածի տակ են դնում կայացված վճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Անդրադառնալով Դիմողի այն պնդմանը, «(…) համաձայն որի՝ պարտա­տիրոջ հանդեպ պարտապանի ունեցած պարտավորության դադարման դեպքում` դրա հիմքը հանդիսացող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և այդպիսի դադարումը պետք է լինի վերջնական և որևէ կերպ ենթակա չլինի վերականգնման», Պա­տասխանողը գտնում է, որ նման մոտեցումն իմաստազրկում է ոչ միայն նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտը, այլև խա­թա­րում է սնանկության գործով բոլոր պարտատերերի իրավունքների իրացումը:

Ըստ Պատասխանողի՝ բոլոր պարտատերերն ունեն իրավահավասար մաս­նակցություն սնանկության գործընթացին` անկախ այն հանգամանքից, թե որ պարտատերն է պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրել, և պետք է ապահովել պարտատերերի պահանջների արդար և հավասար բավա­րարումը: Հետևաբար` սնանկության վարույթի նպատակը միայն մեկ պարտատիրոջ (սնանկության դիմում ներկայացրած) սեփականության իրավունքի պաշտ­պա­նության ապահովումը չէ, այլ բոլոր պարտատերերի արդարացի հավասարակշռված շահերի պաշտպանությունն է, ինչպես նաև տարբեր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ պար­տապանների շահերի պաշտպանությունը:

Հետևաբար` նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով գործի նորոգման ընթացակարգի նախատեսումը չի կարող մեկնաբանվել որպես այլ անձանց սեփականության իրավունքի սահմանափակում նախատեսող կարգավորում:

Պատասխանողը գտնում է, որ առարկայազուրկ է Դիմողի այն պնդումը, ըստ որի՝ սնանկ ճանաչելու վերաբերյալ վճռի վերանայման արդյունքում խախտվում է իր նկատմամբ կայացված դատական ակտի կանխատեսելիությունն ու անհեր­քե­լիու­թյունը, քանի որ երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով գործարքն անվավեր է ճանաչվում առոչնչության հիմքով, ապա այդ գործարքի կողմի համար բոլորովին անկանխատեսելի չէ, որ այն դատական ակտը, որի հիմքում դրվել է կեղծ գործարքը, կարող է բեկանվել և գործն ուղարկվել նոր քննության:

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Պատասխանողը խնդրում է` սույն գործով ընդունել որոշում` վիճարկվող դրույթը Սահմանա­դրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանա­դրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հար­ցադրմանը.

- արդյո՞ք վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի դեմ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերա­նայման բողոք բերելու իրավունք վերապահվում է նաև հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում չներկայացրած պարտատիրոջը, համահունչ է սնանկության վարույթով որպես պարտապանի կարգավիճակ ունեցող անձի՝ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերջ­նականության (res judicata) սկզբունքի, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմա­կերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ապահովման՝ Սահմանա­դրության 75-րդ հոդվածով նախատեսված պահանջին՝ Սահմանադրության 59 և 60-րդ հոդ­վածներով ամրագրված՝ տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական գործու­նեությամբ զբաղվելու ազատության և սեփականության իրավունքների պաշտպա­նության լույսի ներքո՝ հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնա­հատ­կությունները:

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը նշում է, որ վերոնշյալ հարցադրմանն անդրադառնալու է բացառապես պարտատիրոջ պահանջով (հար­կադրված սնանկության դիմում) սնանկության վարույթի շրջանակներում:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Սահմանադրության՝ «Տնտեսական կարգը» վերտառությամբ 11-րդ հոդ­վածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սո­ցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփա­կա­նության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակ­ցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցության և սոցիալական արդարության երաշխավորմանը: Սույն սահմանադրական կարգավորումն իր տրամաբանական շարունակությունն է ստացել Սահմանադրության՝ «Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը» վերտառությամբ 59-րդ հոդվածում.

«1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

3. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են»:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է տնտեսական գործունեության ազատության սահմանադրաիրավական բովանդա­կության բացահայտմանը: Այսպես.

Սահմանադրական դատարանի 1999 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-152 որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Ազատ տնտեսական մրցակցության սկզբունքն իր հերթին բխում է տնտեսական ազատության և հավասարության սկզբունքներից և նշանակում է շուկայական տնտեսության ներսում բոլոր տնտե­սավարող սուբյեկտների հավասարություն, պետության կողմից նրանց համար հավասար պայմանների և հնարավորությունների ապահովում»:

Մեկ այլ որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «Սահ­մանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեության ազատությունը և տնտե­սական մրցակցությունը պետության զարգացման կարևոր նախապայմաններն ու անկյունաքարերն են՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուրին՝ ազատ, բարեխիղճ, հավասար և մրցակցային պայմաններում իրականացնելու տնտեսական գործունեություն» (2023 թվականի ապրիլի 25-ի ՍԴՈ-1685 որոշում):

Սահմանադրական դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-1756 որոշմամբ նշել է.

«(...) տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական գործունեությունն իրա­վական առումով քաղաքացիաիրավական հարաբերությունների շղթա է, որը կա­ռուցվում է տնտեսվարող սուբյեկտների միջև, ի թիվս այլնի, փոխադարձաբար պարտավորական իրավահարաբերություններ հաստատելու միջոցով, որոնց բարե­խիղճ կենսագործումը պետության տնտեսական զարգացման անվերապահ առ­հավատչյան է:

Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմա­նա­դրությամբ ամրագրված տնտեսական գործունեության ազատությունը քաղաքա­ցիաիրավական հարաբերությունների համատեքստում ունի առանձնահատուկ կարևորություն: Այսպես` ի երաշխավորումն նշված սահմանադրական իրավունքի՝ պետությունն օրենսդրորեն ամրագրում է.

1) քաղաքացիաիրավական, այդ թվում՝ պարտավորական հարաբե­րու­թյուն­ների շրջանակներում կամքի ինքնավարության սկզբունքը, որը, ի թիվս այլնի, ենթադրում է, որ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտները պարտավորական հարաբերությունների մեջ են մտնում իրենց կամքով և ի շահ իրենց,

2) պայմանագրի ազատության սկզբունքը, որը, ի թիվս այլնի, ենթադրում է, որ տնտեսվարող սուբյեկտներն ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենս­դրությանը չհակասող ցանկացած պայման,

3) մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության ան­թույլատրելիության սկզբունքը, որը, ի թիվս այլնի, պաշտպանում է տնտես­վա­րողներին պետության անհարկի միջամտությունից՝ կաշկանդելով պետությանը նշված ոլորտում տնտեսվարողների իրավունքներին միջամտել սահմանադրորեն ամրա­գրված բացառիկ հիմքերով,

4) քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրա­ժեշ­տության սկզբունքը, որը, ի թիվս այլնի, ուղղակիորեն փոխկապակցված է պարտավորական հարաբերությունների կայունության հետ և ուղղված է պար­տա­վորական հարաբերությունների դադարման հիմքերի բացակայության պարա­գայում տվյալ հարաբերությունների պահպանմանը,

5) պարտավորական հարաբերությունների շրջանակներում խախտված իրա­վունքների պաշտպանության, այդ թվում՝ դատական պաշտպանության սկզբուն­քը:

Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ի երաշխավորումն Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեության ազատության՝ առանցքային կարևորություն է ներկայացնում ոչ միայն օրենս­դրա­կան, այլ նաև իրավակիրառ մակարդակում տնտեսական գործու­նեության իրակա­նացման իրավական հիմքերի կայունության ապահովումը, մասնա­վորա­պես՝ տնտեսվարող սուբյեկտների համար իրենց գործունեության կայունության և որո­շակիության համար այնպիսի իրավական հարթության ապահովումը, որի շրջա­նակներում պարտավորական հարաբերությունները կդա­դարեն օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հստակ հիմքերով, որոնք բավարար որոշակի և կանխատեսելի կլինեն պար­տավորական հարաբերու­թյունների սուբյեկտների համար»:

Բարձր դատարանի վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո՝ Սահմա­նա­դրական դատարանը փաստում է, որ տնտեսական հարաբերությունների կայու­նությունն ու կանխատեսելիությունը ժամանակակից շուկայական տնտեսության արդյունավետ գործառնության համար առանցքային նախապայմաններ են: Այս հարաբերությունների իրավական պաշտպանությունը, ի շարս այլ կառուցակարգերի, երաշխավորվում է նաև սնանկության ինստիտուտի միջոցով, ինչը ենթադրում է, որ և՛ օրենսդիրը՝ սնանկության ընթացակարգերի վերաբերյալ համապատասխան իրավակարգավորումներ սահմանելիս, և՛ իրավակիրառը՝ դրանք կյանքի կոչելիս պետք է ի միտն ունենան յուրաքանչյուրի, այդ թվում՝ սնանկության վարույթում պարտապանի կարգավիճակ ունեցող անձի՝ Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված սահմանադրական իրավունքի ապահովման անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով սնանկության վարույթի շրջանակներում պարտապանի առանձին իրավունքների սահմանափակում ենթադրող ընթացակարգերը, որոնք, ի թիվս այլնի, առանձին դեպքերում հանգեցնում են նաև պարտապանի լուծարման և գործու­նեության կասեցման:

5.2. Սահմանադրության՝ «Սեփականության երաշխավորումը» վերտառու­թյամբ 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտ­պանվում են սեփականության բոլոր ձևերը»:

Սահմանադրության՝ «Սեփականության իրավունքը» վերտառությամբ 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ամրագրված է.

«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

(...)

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-92, ՍԴՈ-630, ՍԴՈ-649, ՍԴՈ-650, ՍԴՈ-667, ՍԴՈ-669, ՍԴՈ-735, ՍԴՈ-815, ՍԴՈ-901, ՍԴՈ-903, ՍԴՈ-1009, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1073, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1189, ՍԴՈ-1203, ՍԴՈ-1210 և այլն) անդրադարձել է սեփականության իրավունքի սահմանա­դրա­իրավական բովան­դակության բացահայտմանը, այդ իրավունքի պաշտպանության հնարավոր սահ­մանափակման խնդիրներին` իրավական դիրքորոշումներ արտա­հայտելով սեփա­կանության իրավունքի էության, այդ իրավունքի սահմանափակման, դադարման հետ կապված իրավակարգավորումների սահմանադրականության վերաբերյալ՝ կա­րևորելով այդ բնագավառում սահմանադրական կարգի սկզբունք­ներից բխող իրավական միջոցների գործադրման անհրաժեշտությունը:

Սահմանադրական դա­տարանը 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սեփականության իրավունքը որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնու­թագրիչ, միաժամանակ նաև՝ որպես մասնավոր և հանրային իրավահա­րա­բերությունների կարգավորման կառուցակարգ ունի սահմանադրաիրավական կարևոր նշանակություն»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրական մա­կար­դակներով հաստատագրված է հանրային իշխանության պոզիտիվ պար­տա­կա­նությունը՝ ապահովել սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշ­խիք­ներ, մասնավորապես.

առաջին՝ առանց որևէ խտրականության ճանաչել և պաշտպանել սեփա­կանության իրավունքն անկախ դրա դրսևորման ձևերի,

երկրորդ՝ երաշխավորել սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար,

երրորդ՝ Սահմանադրությամբ կանխորոշված նպատակով սահմանել սեփա­կանության իրավունքի իրացման ազատության օրենքով թույլատրելի շրջանակը,

չորրորդ՝ երաշխավորել օրենքով սահմանված դեպքերում՝ դատական կարգով անձին սեփականությունից զրկելու, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը հարկադիր օտարելու և նախնական ու համարժեք փոխհատուցում ապահովելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը»:

Վերահաստատելով և զարգացնելով սեփականության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դիտարկելով դրանք հայցային վաղեմության ինստիտուտի համատեքստում՝ Սահմանադրական դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-1611 որոշմամբ փաստել է. «(...) սեփականության իրավունքի հետ առնչակցություն ունեցող ցանկացած օրենս­դրական կարգավորում, դրա մեկնաբանություն և կիրառում պետք է համա­պատասխանեն նշյալ իրավունքի առնչությամբ Սահմանադրությամբ ամրա­գրված կարգավո­րում­ներին և Սահմանադրական դատարանի՝ ներկայացրած իրավական դիրքորո­շում­ներին, մասնավորապես՝ դրանք պետք է երաշխավորեն սեփա­կա­նության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփա­կա­նա­տիրոջ կողմից օրինա­կան հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար, պետք է երաշ­խավորեն օրենքով սահմանված դեպքերում՝ դատական կարգով անձին սեփա­կանությունից զրկելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջ­ների կատա­րումը, ինչպես նաև երաշխավորեն սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրա­վունքի պաշտ­­պանությունը»:

Բացի դրանից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) նշում է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (“Trgo v. Croatia”, Application no. 35298/04, 11.06.2009, Final 11.09.2009, § 44):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է նաև, որ «գույքը» կարող է լինել «գոյություն ունեցող սեփականությունը» կամ «ակտիվները», ներառյալ` պահանջները, որոնց առնչությամբ դիմումատուն կարող է վիճարկել, որ առնվազն ունի սեփականության իրավունքից անարգել օգտվելու «իրավաչափ ակնկալիք» (“J. A. Pye (Oxford) Ltd and J. A. Pye (Oxford) Land Ltd v. United Kingdom”, Application no. 44302/02, 30.08.2007, § 61): «Ակնկալիքը» համարվում է իրավաչափ, եթե այն հիմնված է օրենսդրական դրույթի կամ քննարկվող գույքի վերաբերյալ իրավական ակտի վրա (“Saghinadze and others v. Georgia”, Application no. 18768/05, 27.05.2010, Final 27.08.2010, § 103):

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ազատությունն ուղղակիորեն փոխկապակցված է սեփականության իրավունքի հետ, ըստ այդմ՝ ձեռնար­կատիրական գործունեությամբ զբաղվելը ոչ միայն ուղղված է շահույթ (գույք) ստանալուն, այլ նաև իրականացվում է, ի թիվս այլնի, սեփականատիրոջ կողմից իր գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման եղանակով:

Սահմանադրական դատարանը 2023 թվականի ապրիլի 25-ի ՍԴՈ-1685 որոշմամբ արձանագրել է. «Տնտեսական գործունեության ազատության և տնտե­սական մրցակցության երաշխավորման ու սեփականության իրավունքի փոխկա­պակցվածությունը դրսևորվում է նրանում, որ ազատ տնտեսական գործունեության և տնտեսական մրցակցության արդյունքում սեփականության ծավալն ավե­լացնելու նոր նախադրյալներ են ստեղծվում, ինչն, իր հերթին, իրական հնա­րավորություն է ընձեռում նաև ազատ տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնելու համար»։

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ տնտեսական գործունեության շրջանակներում պարտավորական հարաբերությունների հաստատման նպատակը, ի թիվս այլնի, հանգում է պարտավորական հարաբերությունների մասնակիցների՝ սեփականություն ձեռք բերելու օրինական ակնկալիքի ձևավորմանը, և այդ հարաբերությունների դադարումն ուղեկցվում է սեփականություն ձեռք բերելու օրինական ակնկալիքի վերացմամբ՝ առանձնակի կարևորելով ինչպես օրենսդրորեն, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում պարտավորությունների դադարման ինստիտուտի համատեքստում սեփականության իրավունքի ապահովման երաշ­խավորումը» (2024 թվականի հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-1756 որոշում):

5.3. Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ սնանկության ինստիտուտը տնտեսական հարաբերությունների բնականոն ընթացքի ապահով­մանն ուղղված պետության միջամտության առանձնահատուկ դրսևորում է, որը, մի կողմից՝ կոչված է առավելագույնս բավարարել պարտատերերի պահանջները՝ վարույթի շրջանակներում հավաքագրված միջոցներն արդար բաշխելով վերջին­ներիս միջև, մյուս կողմից՝ օրենսդրական կարգավորումների ներդրման միջոցով փրկել գոյատևման ընդունակ տնտեսվարող սուբյեկտներին (2021 թվականի սեպ­տեմբերի 14-ի ՍԴՈ-1609 որոշում)։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սնանկության ինս­տիտուտի շրջանակներում պետությունը, ի շարս այլնի, նաև տնտեսական հարա­բերությունների բնականոն ընթացքի ապահովման նկատառումներից ելնելով, մասնավոր իրավահարաբերություններին ոչ բնորոշ գործիքակազմի կիրառմամբ, միջամտում է տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության ոլորտին՝ ուղղակիորեն սահմանափակելով տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև սեփականության իրավունքները, որպիսի պայմաններում, հատկապես, կարևորվում է օրենսդրական մակարդակում սնանկության ինստիտուտի վերաբերյալ պատշաճ, որոշակի և արդյունավետ կառուցակարգեր սահմանելու և դրանք կիրառելու հանրային իշխա­նության համապատասխան մարմինների պոզիտիվ պարտականությունը, որի պա­րագայում, ի թիվս այլնի, կերաշխավորվեն խնդրո առարկա գործընթացի կա­յու­նությունն ու կանխատեսելիությունը, ինչպես նաև դրա մասնակիցների իրա­վունքների հավասարակշռված պաշտպանությունը:

Սահմանադրական դատարանը, իր որոշումներում անդրադառնալով սնան­կության ինստիտուտի էությանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրք­որո­շումները.

- սնանկության հետ կապված հարաբերությունների իրավական կար­գա­վորումը յուրաքանչյուր պետության տնտեսության կայունության ապահովման երաշխիքներից է (2008 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ- 735 որոշում),

- սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճա­րունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազ­մա­կերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը (2008 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-735 որոշում),

- «Սնանկության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների վերլուծությունը վկայում է այն մասին, որ դրանք խարսխվում են այն տրամաբանության վրա, համաձայն որի՝ սնանկության հիմքն անվճարունակությունն է։ Այդ մասին է, մասնավորապես, վկայում օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում ամրագրված դրույթը, որը և՛ կամավոր uնանկության, և՛ հարկադրված uնանկության դեպքում որպես սնանկության հիմք ամրագրում է պարտապանի անվճարունակության փաստը (2008 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-735 որոշում),

- սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել մի կողմից` պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) և նրա տնտեսական գոր­ծու­նեու­թյան շարունակականությունն ապահովելու համար (2021 թվականի հունվարի 26-ի ՍԴՈ-1572 որոշում)

- «(...) պարտապանին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է, որպիսի պայմաններում սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի գործողությունների շրջանակն իրավա­չա­փո­րեն սահմանափակվում է՝ նպատակ ունենալով ապահովելու պարտապանի և պարտա­տերերի շահերի հավասարակշռությունը։ Հետևաբար՝ անվճարունակ պար­տապանի սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից և իր պատաս­խանատվությամբ պարտապանի գործողություններն իրականացնում է սնանկության գործով կա­ռավարիչը՝ հանդես գալով որպես պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովող ոչ շահագրգիռ անձ՝ միաժամանակ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի շահերը։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդպիսի իրավակարգավորումը նպատակ ունի ապահովելու իրա­վաչափ հավասարակշռություն մի կողմից պարտապանի, մյուս կողմից՝ պար­տա­տերերի շահերի պաշտպանության համար» (2021 թվականի հունվարի 26-ի ՍԴՈ-1572 որոշում):

Սահմանադրական դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 23-ի ՍԴՈ-1610 որոշմամբ ընդգծել է, որ սնանկության ինստիտուտի առջև դրված հիմնարար նպատակներից մեկը պարտատերերի և պարտապանի շահերի հավասա­րա­կշռված պաշտպանությունն է։ Մասնավորապես՝ տվյալ որոշմամբ Սահմանա­դրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. ««Սնան­կության մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ սնանկության վարույթը միմյանց հաջորդող բազմափուլ հա­մակարգ է, որի կառուցվածքային տարր հանդիսացող յուրաքանչյուր փուլի առջև օրենսդիրը դրել է կոնկրետ խնդիրներ (սնանկության դիմումի ընդունելիության փուլում՝ ստուգել դիմումի ձևին, բովանդակությանը, դատարան ներկայացվող փաստաթղթերին առաջադրված օրենսդրական պահանջներին համապատաս­խանությունը, սնանկ ճանաչելու հարցի լուծման փուլում՝ սնանկության հիմքերի և հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը և այլն), որը բխում է սնանկության վարույթի համընդհանուր նպատակից, այն է՝ ապահովել պարտա­տերերի պահանջների բավարարումը՝ երաշխավորելով պարտատերերի և պար­տապանի իրավունքների պաշտպանության ողջամիտ հավասարակշռությունը»։

Վերահաստատելով վերոհիշյալ դիրքորոշումը և ի հավելումն դրա` Սահ­մանադրական դատարանը գտնում է, որ սոցիալական շուկայական տնտեսության պայմաններում պարտատերերի և պարտապանի իրավունքների պաշտպանության ողջամիտ հավասարակշռությանն ուղղված գործողությունները և դրանց ապա­հովմանը միտված օրենսդրական կարգավորումներն իրապես հավասարակշռված կդիտարկվեն այն պարագայում, երբ պարտատերերի պահանջների բավարարումը կհավասարակշռվի նաև ֆինանսական դժվարության մեջ գտնվող ընկերության առողջացման օրինական ու ակնկալվող շահով:

Վերոգրյալ դիրքորոշումներից ելնելով և վիճարկվող դրույթի սահմանա­դրականության ստուգման համատեքստում ի մի բերելով դրանք՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է.

- սնանկության ինստիտուտը տնտեսական հարաբերությունների բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված պետության միջամտության առանձնահատուկ դրսևորում է, որն ուղղակիորեն ներազդում է տնտեսական գործունեության ազա­տության, ազատ տնտեսական մրցակցության ոլորտային շրջանակի վրա,

- դրա գործարկմամբ ուղղակիորեն սահմանափակվում է անձի՝ տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև սեփա­կանության իրավունքը,

- պետության խնդիրն է ապահովել, մի կողմից, պարտատերերի պահանջների առավելագույնս բավարարումը՝ սնանկության վարույթի շրջանակներում հավա­քագրված միջոցները վերջիններիս միջև արդար բաշխելու միջոցով, մյուս կողմից՝ գոյատևման ընդունակ տնտեսվարող սուբյեկտների կենսունակության վերա­կանգնումը և բնականոն տնտեսավարման հուն վերադարձը:

Ըստ այդմ` նկատի ունենալով սնանկության գործընթացի պատշաճ կազ­մակերպման նշանակությունը պետության տնտեսական հիմքի կայունության համար և սնանկության հետ կապված հարաբերություններում պետության միջամտության ինտենսիվությունը, ինչպես նաև ելնելով սնանկության վարույթով հետապնդվող նպատակներից ու դրանց առանձնահատկություններից՝ հատկապես կարևորվում է պետության համարժեք վարքագիծը՝ օրենսդրորեն կանոնակարգված որակյալ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ստեղծման ու դրանց համահունչ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման ոլորտում, որոնք անհրաժեշտ են սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար:

Վերջինս ենթադրում է այնպիսի օրենսդրական կարգավորումների առկա­յություն, որոնց պարագայում երաշխավորված կլինի սնանկության վարույթի մաս­նակիցների իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը, մասնա­վո­րա­պես` պարտատերերի իրավունքների պաշտպանությունը և նրանց խախտված իրա­վունքների վերականգումը՝ մի կողմից, և պարտապանների առողջացման հնա­րա­վորությունը՝ մյուս կողմից:

Բացի դրանից, օրենսդրական կարգավորումները պետք է ապահովեն սնան­կության գործընթացի կայունությունը, որոշակիությունն ու կանխատեսե­լիու­թյունը, ուղղված լինեն թե՛ խնդրո առարկա վարույթով հետապնդվող ընդհանուր խնդիրների և թե՛ կոնկրետ պարտավորական հարաբերությունների համալիր կար­գավորմանը՝ հաս­տատուն պահելով ձեռնարկատիրական գործունեության ան­խոչընդոտ իրակա­նացման և զարգացման համար անհրաժեշտ բարենպաստ միջա­վայրն ու պայ­մանները:

5.3.1. Սահմանադրական դատարանը փաստում է, որ սնանկության վարույթը մեկ միասնական, բազմափուլ և համապարփակ գործընթաց է` դատավարության իրեն բնորոշ մասնակիցների կազմով, նրանց դատավարական իրավունքների ու պարտականությունների շրջանակով, որն սկսվում է պարտապանին սնանկ ճա­նաչելու վերաբերյալ դիմումը ներկայացնելուց (հարկադրված կամ կամավոր) և, որպես կանոն, եզրափակվում` սնանկության գործն ավարտվելու վերաբերյալ վճռով՝ առանձին դեպքերում հանգուցալուծվելով պարտապանի լուծարմամբ (իրավաբա­նական անձի պարագայում) կամ ֆինանսապես առողջացմամբ:

Մասնավորապես` ինչպես արդեն նշվեց՝ սնանկության ինստիտուտի շրջա­նակներում նախաձեռնված վարույթով պետությունը, տնտեսական հարա­բերու­թյունների բնականոն ընթացքի ապահովման նկատառումներից ելնելով, մասնավոր իրավահարաբերություններին ոչ բնորոշ գործիքակազմի կիրառմամբ միջամտում է տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության ոլորտին: Նախորդիվ նշված շահով պայմանավորված` սնանկության վարույթի շրջանակներում տեղի է ունենում տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, սեփականության իրավունքների և դրանց հետ կապված ընթացակարգային, մասնավորապես` դատական պաշտպանության իրա­վունքի ծավալի, ձևի ու բովանդակության էական փոխակերպում, ընդ որում՝ թե´ պարտա­պանների և թե՛ պարտատիրոջ համար: Այս առումով վճռորոշ դերա­կա­տարում է վերապահվում սնանկության գործով կառավարիչներին (ժամանակավոր կառա­վարիչներին) և պետությանը՝ ի դեմս սնանկության գործեր քննող դատա­րանների:

Օրինակ` Օրենքի ուսումնասիրությունից հետևում է, որ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինել կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առա­ջացնող ցանկացած գործողություն կատարել` առանց կառավարչի թույլ­տվու­թյան: Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծար­ման մասին որո­շում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը և այլն:

Բացի դրանից, Օրենքը նախատեսում է պարտատերերի պահանջների բավա­րարման (ներառյալ պարտապանի դեմ արդեն իսկ իրականացվող գործո­ղությունների) սառեցման ինստիտուտը (մորատորիումը), որի նպատակը, վերջին հաշվով, պարտապանի գույքային դրության կառավարելիության ու կայունության ապահովումն է, մասնավորապես, որպեսզի թույլ չտրվի պարտապանի գույքի կազմի էական նվազեցում, այդ թվում նաև՝ պարտատերերի պահանջների արդարացի բավարարման հեռանկարով, միևնույն ժամանակ պարտապանի վճարունակության վերականգնման և վերջինիս ֆինանսական առողջացման նախադրյալների ձևա­վորման առումով: Այլ կերպ` դրա կիրառումն ուղղված է ինչպես պարտապանի, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանությանը, և որն սկսվում է համա­պատասխան վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո և շարունակվում մինչև տվյալ սնանկության գործի ավարտը:

Միավորված ազգերի կազմակերպության միջազգային առևտրային իրա­վունքի հանձնաժողովի մշակած «Սնանկության մասին» օրենսդրական ուղեցույցի հա­մաձայն՝ լուծարման և առողջացման վարույթների ընթացքում մորատորիումի գործողությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ և նշանակություն՝ պայ­մանավորված հետապնդվող նպատակներով: Եթե լուծարման վարույթի նպա­տակն է պարտապանի գույքի իրացման միջոցով պարտատերերի պահանջների հնա­րավորինս արագ բավարարումը, որի դեպքում մորատորիումը կարող է ապահովել լուծարման վարույթի արդար և կանոնավոր կառավարումը, լուծարվող ակտիվների արժեքն առավելագույնի հասցնելը, ապա ֆինանսական առողջացման վարույթում մորատորիումի կիրառումը հեշտացնում է բիզնեսի շարունակական գործու­նեու­թյունը և հնարավորություն է տալիս պարտապանին պատշաճ կազ­մակերպել իր գործերը: Երկու դեպքում էլ մորատորիումի կիրառումը թույլ է տալիս նաև սնանկության կառավարչին գնահատել պարտապանի դրությունը՝ մեծացնելով պարտապանի և պարտատերերի շահերին չհակասող առավելագույն արդյունքի հասնելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ֆինանսական առողջացման վարույթի նպատակը` այդ փուլում մորատորիումի ազդեցությունն ավելի մեծ է և, հետևաբար` ավելի կարևոր, քան լուծարման ժամանակ, և կարող է կարևոր խթան հանդիսանալ պարտապաններին խրախուսելու ֆինանսական առող­ջացման վարույթ սկսելու համար1:

5.3.2. Ինչպես նշվեց` սնանկության վարույթը, մեկ միասնական և համա­պարփակ գործընթաց լինելով հանդերձ, նաև բազմափուլ գործընթաց է: «Սնան­կության գործ» հասկացության իմաստի բացահայտման համատեքստում Սահմա­նադրական դատարանը 2011 թվականի հունվարի 11-ի ՍԴՈ-932 որոշմամբ նշել է, որ նշված հասկացությունը չի սահմանափակվում միայն պարտապանին սնանկ ճա­նաչելու դիմումի հիման վրա հարուցված վարույթով և ներառում է այն բոլոր վեճերի լուծմանն ուղղված դատական վարույթները, որոնք կարող են ծագել պարտա­պանին սնանկ ճանաչելու դիմումի քննության ընթացքում կամ առնչվում են պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի բավարարման իրավական հետևանք­ներին։ Այլ կերպ՝ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված դատական գործը` որպես սնանկության գործ, ի տարբերություն այլ քաղա­քա­ցիաիրավական բնույթ ունեցող գործերի, չի ավարտվում տվյալ վարույթով կայացված դատական ակտով և կարող է բաղկացած լինել մի քանի առանձին վարույթներից, որոնք, սակայն, չեն հանդիսանում առանձին գործեր, այլ ներառվում են տվյալ իրավասուբյեկտի սնանկության վերաբերյալ միասնական դատական գործում։

Այս առումով, ինչպես հետևում է Օրենքի կարգավորումներից՝ «Սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտա­տիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կա­տարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և սնանկ ճանաչելու հարցի լուծման կամ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնան­կության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր): Սույն մասով սահմանված՝ պարտապանի և պար­տա­տիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած վեճը ենթակա է քննության սնանկության դատարանում որպես առանձին քաղաքացիական գործ՝ անկախ պարտապանի սնանկ ճանաչված լինելու հանգամանքից» (Օրենքի 4-րդ հոդված, մաս 3):

5.3.4.Օրենքի համակարգային ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս փաստել, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումի քննության փուլում սնանկության վարույթի գործով մասնակիցներն են պարտապանը և հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատերը (պարտատերերը):

Սնանկության վարույթի կանխատեսելիության և իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքի համատեքստում հաշվի առնելով նաև սնան­կության վարույթի առանձնահատկությունները, այդ թվում՝ դրանում ներ­գրավված սուբյեկտների բազմաթվությունը, վերջիններիս՝ սնանկության վարույթի ելքով շա­հագրգռվածության բնույթը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սնանկության գործով հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկա­յացրած պարտատեր չհանդիսացող (հավանական/հնարավոր) պարտատերը, պար­տա­պանին սնանկ ճանաչելու հարցի քննության և համապատասխան վճռի կա­յացման փուլում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի ուժով, ՀՀ քաղա­քացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի հանդիսանում գործին մասնակցող անձ և նման դատավարական կարգավիճակ կարող է ստանալ իր պահանջի՝ դատարանի համապատասխան որոշմամբ հաստատվելու, պարտապանի պարտատերերի վերջնական ցուցակում ընդ­գրկվելու դեպքում:

Ընդ որում՝ այս գործընթացի շրջանակներում պարտապանին սնանկ ճանա­չելու մասին ի գիտություն հասարակության տրված հայտարարության հրապա­րակման օրվանից մեկամսյա ժամկետում պարտատերերը, այդ թվում՝ ապահովված պարտատերերը, բացառությամբ այն դեպքի, երբ նրանք դուրս են եկել սնան­կության վարույթից, դատարան են ներկայացնում իրենց պահանջները, որոնց հիման վրա դատարանը կայացնում է պահանջների վերջնական ցուցակը հաս­տատելու մասին որոշում՝ դրանում ներառելով պարտատիրոջը, նրա պահանջի չափը և բավարարման հերթը (Օրենքի 46-րդ հոդված): Այլ կերպ` հնարավոր մյուս պարտատերերը (հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում չներկայացրած) սնանկության վարույթում ձեռք են բերում պարտատիրոջ (դատավարության մասնակցի) կար­գավիճակ պարտապանի նկատմամբ պահանջ ներկայացնելու եղանակով՝ պարտա­տերերի պահանջների վերջնական ցուցակում ընդգրկվելով (Օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մաս, 46-րդ հոդված)` այդ պահից ձեռք բերելով սնանկության վարույթի շրջանակներում հավաքագրված դրամական միջոցներն իրենց պահանջներին համա­մաս­նորեն ստանալու իրավական հնարավորություն` ի թիվս այլնի օժտվելով նաև սնան­կության վարույթի տարբեր փուլերում կայացվող դատական ակտերը բողո­քարկելու իրավունքով:

Սահմանադրական դատարանը նկատում է, որ դատական պրակտիկան ևս այդ տրամաբանությամբ է զարգացել:

Այսպես` Վճռաբեկ դատարանը թիվ ՏԴ1/0011/04/12 քաղաքացիական գործի շրջանակներում 2013 թվականի մայիսի 24-ին կայացրած որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «...սնանկության վարույթի ընթացքում առա­ջացող հարաբերությունների իրավակարգավորումը ենթադրում է այնպիսի կառու­ցակարգ, որն ուղղված է բոլոր պարտատերերի պահանջների համաչափ բավարարմանը: Անկախ այն հանգամանքից` պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը որ պարտատերն է ներկայացրել, մնացած բոլոր պարտատերերը պար­տապանի գույքի հաշվին կարող են ստանալ հավասարաչափ բավարարում` սնան­կության մասին հայտարարությունից մեկ ամիս հետո իրենց պահանջները դա­տարան ներկայացնելով: Սնանկ ճանաչելու դիմումի վարույթի քննության առանձ­նա­հատ­կությունը կայանում է նրանում, որ վարույթի այս փուլում դատարանը քննում է պարտապանի դեմ դիմում ներկայացրած պարտատիրոջ պահանջը` անկախ այն հանգամանքից` առկա են արդյոք նույն պարտապանի նկատմամբ այլ պարտա­տերեր, թե ոչ: Միայն սնանկության հիմքերի առկայության դեպքում և սնանկ ճանաչելու վճիռ կայացնելուց հետո վարույթին ներգրավվում են սնանկ ճա­նաչված անձի մյուս պարտատերերը: Նման կարգավորվածությունը մի կողմից ապահովում է դիմումի քննության արագությունը և արդյունավետությունը, քանի որ դատարանը չի քննում բոլոր հնարավոր պարտատերերի պահանջները և չի անդրադառնում դրանցից յուրաքանչյուրի հիմնավորվածությանը, իսկ մյուս կողմից երաշխավորում է բոլոր հնարավոր պարտատերերի իրավունքների (պահանջի իրավունքի) պաշտպանությունը` նրանց հնարավորություն տալով գրանցելու իրենց պահանջները և այդ կերպ ներգրավվելու սնանկության վարույթին»:

Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ հարկադրված սնանկության դիմումով պարտապանին սնանկ ճանաչելու կամ խնդրո առարկա դիմումը մերժելու վերաբերյալ վճռի հասցեատերերը՝ պարտապանն ու հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատերն (պար­տատերերն) են, իսկ սնանկ ճանաչված պարտապանի մյուս ենթադրյալ պար­տատերերը սնանկության վարույթին ներգրավվում են պարտապանին սնանկ ճանաչելուն հաջորդող համապատասխան փուլում՝ վերջիններիս կողմից ներկա­յացված պահանջները դատարանի համապատասխան որոշմամբ հաստատ­վելուց հետո, հետևաբար՝ սնանկության վարույթի հիշատակված առանձնա­հատ­կությամբ պայմանավորված՝ տվյալ անձինք, խնդրո առարկա փուլում չունե­նալով գործին մասնակցող անձի կարգավիճակ, այնուամենայնիվ, չեն զրկվում սնան­կության վա­րույթի այդ փուլին հաջորդող համապատասխան այլ փուլերում ներ­գրավվելու և իրենց պահանջները ներկայացնելու և հաստատվելու կամ չհաս­տատվելու, ինչպես նաև իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող և այդ փուլերում կայացվող դատական ակտերը բողոքարկելու իրա­վունքից:

Ավելին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթի շրջանակներում հավաքագրված միջոցների հաշվին բավարարում ստա­նալու առումով հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատերը որևէ առավելություն չունի մյուս պարտատերերի համեմատությամբ զուտ այն փաստի ուժով, որ սնանկության վարույթը հարուցվել և սնանկ ճանաչելու մասին վճիռը կայացվել է իր դիմումի հիման վրա (այս առումով կարևորվում են պարտատերի կողմից ներկայացված պահանջի օրինականությունը, չափը, առաջ­նահերթությունը, ապահովվածությունը):

Սահմանադրական դատարանը փաստում է, որ թե՛ հարկադրված սնան­կության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատերը, թե՛ մյուս պարտատերերը (հա­վանական) սնանկության գործով պահանջների ներկայացման և հաստատման փուլում Օրենքի 46-րդ հոդվածի ուժով պարտավոր են դատարան ներկայացված պահանջի շրջանակներում հստակ նշել այն պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև դրա կատարման ժամկետը, պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով, ինչպես նաև պահանջը հիմնավորող հանգա­մանքները: Այս առումով Օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը լոկ հարկադրված սնանկության դիմում ներկայացրած պարտատիրջը հնարավորություն է ընձեռում միջնորդելու դատարանին` պարտապանին սնանկ ճանաչելուց հետո դիմումը դի­տարկել նաև որպես պահանջ, եթե դիմումը համապատասխանում է նաև Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին:

Ասվածն ամենևին չի ենթադրում, որ պահանջների քննության շրջանակներում դատարանը չի անդրադառնալու ի շարս այլ պահանջների, նաև խնդրո առարկա պարտատիրոջ կողմից ներկայացված պահանջի օրինականությանը, չափին, առաջ­նահերթությանը, ապահովվածությանը:

Հետազոտության առարկա դարձնելով Օրենքի 46-րդ հոդվածի կարգա­վո­րումները՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պահանջների ներ­կայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում (դա­տարանի կողմից թերությունների վերացման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում՝ այդ ժամկետից հետո՝ եռօրյա ժամկետում) պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պա­հանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանը կարևորում է հրա­պարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, նախնական ցուցակի (դրանում ներկայացված կոնկրետ պահանջի) դեմ գրավոր առարկություններ ներկա­յացնելու` օրենսդրի կողմից կառավարչին, պարտապանին և պարտատերերին ընձեռված իրավական հնարավորությունը, ինչը գործուն երաշխիք է սնանկության վարույթի սույն մասնակիցների իրավունքների հավասարակշռված երաշխավորման համար: Համապատասխան առարկություն ներկայացվելու դեպքում դատարանը առարկությունն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին (Օրենքի 46-րդ հոդվածի 6 և 8-րդ մասեր):

Նման կարգավորումը բխում է սնանկության վարույթով հետապնդվող նպա­տակներից ու խնդիրներից, և այս առումով, եթե նույնիսկ հարկադրված սնան­կության դիմում ներկայացրած պարտատերը պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը վերջինիս պահանջի մասով չի ընդ­գրկվում պահանջների վերջնական ցուցակում (պահանջի գրանցումը մերժվում է), կամ նման վերջնարդյունքի հանգում է խնդրո առարկա դատական ակտը բողոքարկվելու արդյունքում, այլ պարտատերերի առկայության պարագայում վա­րույթը միևնույն է շարունակվելու է՝ չնայած այն հանգամանքին, որ ի սկզբանե նա է հանդիսացել «սնանկության վարույթի նախաձեռնողը», քանի որ սնան­կության ինստիտուտի նպատակը միայն սնանկության դիմում ներկայացրած պարտատիրոջ սեփականության իրավունքի պաշտպանության ապահովումը չէ, այլ մի կողմից` հնարավորության դեպքերում, պարտապանի գույքային դրությունը կայունաց­նելը (և նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար երաշխիքներ ստեղծելը), մյուս կողմից` բոլոր պար­տատերերի պա­հանջներն արդար և համամասնորեն բավարարելը, որպիսի նպատակներն իրագործելու արդյունավետությունն ուղղակիորեն կապ ունի այդ գործընթացի կայունության, որոշակիության և կանխատեսելիության հետ:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը շեշտում է նաև, որ սնան­կության վարույթի շարունակականության երաշխավորումը կարևորվում է ոչ միայն վարույթին արդեն իսկ պարտատիրոջ կարգավիճակ ունեցող այլ պարտատերերի և պարտապանի շահերի ապահովման տեսանկյունից, որոնց իրավունքների նկատ­մամբ ինտենսիվ միջամտությունը՝ սնանկության վարույթի բնույթով և հետապնդած նպա­տակներով պայմանավորված, անառարկելի է, այլև սնանկության վարույթի տարբեր գործընթացներին մասնակցություն ունեցող այլ բարեխիղճ անձանց իրավունքների ապահովման տեսանկյունից (ի թիվս այլոց` կարելի է առանձնացնել պարտապանի գույքի գնորդներին):

Ամփոփելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթով, որը, ինչպես նշվեց, սովորական քաղաքացիաիրավական շրջանառությունից տարբերվող, ուրույն համապարփակ ու բազմափուլ գործընթաց է՝ իրեն բնորոշ և վերոհիշյալ առանձնահատկություններով հանդերձ, ինչ-որ առումով հենց այդ առանձնահատկություններով պայմանավորված, եզրափակվում է (պետք է եզրափակվի), պարտատեր(եր)-պարտապան(ներ) պարտավորական հարաբերու­թյունների շղթան՝ անկախ վարույթի ելքից (ֆինանսապես առողջացում, լուծարում), որի արդյունքում որոշակիանում է պարտատերերի և պարտապանի գույքի և պարտավորությունների ծավալը, ըստ այդմ՝ նաև սեփականության իրավունքի ծավալը, իսկ պարտապանի մասով՝ նաև իր կարգավիճակը, մասնավորապես, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կարողությունն ու հեռանկարը:

5.4. Սնանկության վարույթի կայունության, որոշակիության ու կանխա­տեսելիության կարևորությունը նկատի ունենալով՝ խնդրո առարկա վարույթով հետապնդվող ընդհանուր խնդիրների և կոնկրետ պարտավորական հարա­բե­րությունների համալիր կարգավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործու­նեության անխոչընդոտ իրականացման և զարգացման համար անհրաժեշտ բա­րենպաստ միջավայրն ու պայմանները հաստատուն/կայուն պահելու համար, Սահմանադրական դատարանը հատկապես կարևորում է այս գործերով պար­տապանին սնանկ ճանաչելու մասին վճռի բողոքարկման, ներառյալ՝ նոր հան­գամանքի հիմքով դատական ակտի վերանայման կարգավորումների հարցը՝ իրավական որոշակիության լույսի ներքո:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն ուժի մեջ մտնելով՝ սնանկության վարույթի շրջանակներում գործարկվում են այն մի շարք առանձնահատուկ կարգավորումները, որոնք շոշափում են ոչ միայն հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներ­կայացրած պար­տատիրոջ և պարտապանի իրավունքները, այլ նաև՝ հետա­գայում ներգրավված պարտատերերի՝ ապահովելով վերջիններիս իրավունքների հավասա­րակշռված պաշտպանությունը:

Այսպես՝ Օրենքի 19-րդ հոդվածի ուժով պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ի թիվս այլ հետևանքների, դատարանը`

- կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան համապատասխան դա­տական ակտերի ուժի մեջ մտնելու պահից` 5 օրվա ընթացքում, պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաս­տանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտեր­նետային կայքում.

- պարտապանին լուծարելու մասին որոշում կայացնելու պահից անհապաղ որոշում է կայացնում պարտապանի գույքը տնօրինելու և կառավարելու իրա­վունքները կասեցնելու մասին.

- արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, բացառությամբ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարա­հաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

- պարտապանին գրավոր պարզաբանում է սույն օրենքով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականության և դրա խախտման հետևանք­ների մասին` միաժամանակ պարզաբանումը հրապարակելով դատական իշխա­նության պաշտոնական կայքում.

- պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրա­կա­նացվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ այն ստուգումների և ուսում­նա­սիրությունների, որոնք սկսվել են, կամ որոնց վերաբերյալ հանձնա­րա­րագրերը հրապարակվել են մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելը, ինչպես նաև վարչապետի համաձայնության առկայության պարագայում՝ տեխնիկական և հրդեհային ան­վտանգության ապահովման կամ բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների, այն պարագայում, երբ առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ: Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի գործողության և լուծարման վարույթում գտնվող պարտապանի գործունեության վերսկսման ժամանակահատվածում, ինչ­պես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենս­գրքով նախա­տեսված դեպքերում ստուգման կամ ուսումնասիրության իրակա­նացման համար դատարանի որոշում չի պահանջվում.

- պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում մասնակցություն ունեցող անձանց` օրենքով և պար­տապանի կանոնադրությամբ սահմանված գույքի կառավարման և տնօրին­մանը վերա­բերող այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակ­ցությամբ: Նշված լիազորությունների իրականացումը կարող է թույլատրվել դատա­րանի որոշմամբ` ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում:

Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանը (ղեկավարը) գործում է Օրենքի 47-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված կարգով:

Ավելին, Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրն ամրագրում է.

«2. պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից`

1) պարտապանի պարտավորությունների կատարման ժամկետները համար­վում են սկսված.

2) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինան­սական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի, ինչպես նաև սնանկության վարույթում բնականոն գործունեության արդյունքով առաջացող հարկային և այլ վճարների գծով պարտավորությունների.

3) դադարում է պարտապանի վճարային, ներառյալ` հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը.

4) կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով.

5) կարճվում է պարտապանի վերաբերյալ գույքային բռնագանձումներով կամ ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, որն ազդում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի և իրավունքների վրա, բացառությամբ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի.

6) վերանում են պարտապանի գույքի վրա դրված արգելանքներն ու սահմանափակումները»:

Սնանկության վարույթի առանձնահատկություններով պայմանավորված՝ Օրենքի հիշատակված և այլ վերաբերելի կարգավորումների համակողմանի հետազոտությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին փաստել, որ և՛ օրենսդրական, և՛ իրավակիրառ մակարդակում սույն դատական ակտի վերա­քննության և վճռաբեկության կարգով բողոքարկման, ինչպես նաև նոր և նոր երևան եկած հանգամանքների հիմքերով վերանայման վարույթների բովանդակության և ծավալի հարցում պետք է ցուցաբերել պատշաճ աչալրջություն՝ հաշվի առնելով դրա հնարավոր բացասական բովանդակություն ունեցող իրավական հետևանքները (առանձին դեպքում՝ անշրջելի) պարտատերերի և պարտապանի իրավունքների երաշխավորման համատեքստում:

Այս գործերով վարույթների առանձնահատկություններից մեկն այն է, որ սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, և այդ պահից մինչև այլ պարտատերերի՝ դատավարությանը ներգրավման հարցի լու­ծումը՝ դատավարության միակ մասնակիցները հարկադրված սնանկության վերա­բերյալ դիմում ներկայացրած պարտատերն/պարտատերերն ու պարտապանն են: Վեր­ջիններս էլ հանդիսանում են սնանկ ճանաչելու վերաբերյալ վճռի հասցեա­տերերը, և միայն նրանք են օժտված այդ ակտը բողոքարկելու իրավունքով: Հետևաբար` բացի հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատիրո­ջից/պարտատերերից ու պարտապանից, դատավարության մյուս կամ հավանա­կան սուբյեկտների դատավարական վարքագիծը միշտ կանխ­որոշված է լինելու արդեն իսկ ուժի մեջ մտած (անբողոքարկելի դարձած) սնանկ ճանաչելու մասին վճռի իրողությամբ, ի թիվս այլնի նաև՝ ուժի մեջ մտած (անբողոքարկելի դարձած) սնանկ ճանաչելու մասին վճիռը բողոքարկելու (նոր հանգամանքով վերանայման բողոք ներկայացնելու) առումով:

Միևնույն ժամանակ սնանկության վարույթի շրջանակներում առկա են մի շարք դատավարական ընթացակարգեր/գործիքներ, որոնք միտված են, ի թիվս այլնի, սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո դատա­վա­րությանը ներգրավված սուբյեկտների, մասնավորապես` հարկադրված սնանկու­թյան վերա­բերյալ դիմում ներկայացրած պարտատեր չհանդիսացող պարտատերերի իրա­վունքների և օրինական շահերի պաշտպանությանը, այդ թվում՝ Օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված առանձին քաղաքացիական գործեր հարուցելու միջոցով:

5.4.1. Իրավական որոշակիության և արդար դատաքննության իրավունքի լույսի ներքո դատական ակտի վերջնականության res judicata սկզբունքին իրենց դատական ակտերում բազմիցս անդրադարձել են Սահմանա­դրական դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Մասնավորապես` Սահմանադրական դատարանը 2020 թվա­կանի մարտի 10-ի ՍԴՈ-1515 որոշմամբ գտել է, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով հայցի՝ դատարանի կողմից կրկնակի քննության արգելքը նպա­տակ ունի, նախ՝ երաշխավորել իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի իրացումը՝ ապահովելով դատական որոշումների վերջնականությունը և կանխելով նույն հարցի վերաբերյալ դատարանի կողմից տարաբնույթ որոշումների կայացումը: Երկրորդ՝ նույն հարցի կրկնակի քննության արգելքը կոչված է ապա­հովելու արդյունավետ արդարադատության իրականացումը՝ թույլ չտալով նույն հարցով դատարանին կրկնակի ծանրաբեռնելը: Ի վերջո, այդ արգելքի նպատակն է նաև բացառել հայցվորի կողմից դատական պաշտպանության իրավունքի չարա­շահումը:

Մեկ այլ որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ «(...) օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության սկզբունքից բացառություն կարող է լինել միայն ծանրակշիռ հիմնավորումներով, քանի որ հիշյալ հիմնարար սկզբունքի իրավական արժեքը պայմանավորված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դրա հասցեատերերի համար ստեղծված իրավական վիճակի կայունությունն ապահովելու (դրանով իսկ իրավական որոշակիությունը երաշ­խա­վորելու) սահմանադրական հրամայականով» (2024 թվականի հունվարի 23-ի ՍԴՈ-1712 որոշում)։

Սահմանադրական դատարանը օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության սկզբունքից բացառությունների առնչությամբ արտահայտել է նաև հետևյալ իրավական դիրքորոշումները.

«Իր հիմնարար իրավական արժեքով հանդերձ` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության սկզբունքը բացարձակ չէ, և դրանից կարող է լինել բացառություն՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով՝ արդարա­դա­տության այնպիսի թերության ուղղման նպատակով, որի բացահայտմամբ օրինա­կան ուժի մեջ մտած դատական ակտն անհամատեղելի է դառնում արդար դա­տաքննության բուն էության հետ։

 Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման իրավունքը պահանջում է օրենքով նախա­տեսված հանգամանքների և պայմանների առկայության պարագայում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափության ստուգման հնա­րավորություն, որի իրականացումը, միաժամանակ, չի կարող հանգեցնել վերջ­նական դատական ակտի՝ վերաքննության կամ վճռաբեկության ընդհանուր կարգով բողոքարկման քողարկված հնարավորության» (2024 թվականի հունվարի 23-ի ՍԴՈ-1712 որոշում)։

«Ելնելով մարդկանց սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության առումով քննության առարկա իրավակարգավորումների բացառիկ կարևորությունից, ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ վճռաբեկ դատարանի ուշադրությունը հրավիրելով սահմանադրական դատարանի՝ 15.07.2011 թ. ՍԴՈ-984 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումների վրա, կրկին արձա­նագրում է, որ նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ այդ ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և/կամ կոն­վենցիոն իրավունքների վերականգնումը» (2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշում)։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվող՝ դատարանի առջև արդար դա­տա­քննության իրավունքը պետք է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որով ամրագրված է, ի թիվս այլնի, որ իրավունքի գերակայությունը պայմա­նա­վորվող Պետությունների ընդհանուր ժառանգության մի մասն է: Իրավունքի գերա­կայության հիմնարար կողմերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որով պահանջվում է, inter alia, որ երբ դատարանները որևէ հարցի վերաբերյալ կայացնում են վերջնական որոշում, այդ որոշումը չպետք է կասկածի տակ դրվի (Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Brumărescu v. Romania [GC]], թիվ 28342/95, § 61, ՄԻԵԴ 1999-VII): Իրավական որոշակիությունը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է՝ վճիռները վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքով ընդգծվում է, որ որևէ կողմ իրավունք չունի պահանջելու վերջնական և պարտադիր ուժ ունեցող վճռի վերանայում՝ գործը պարզապես կրկին լսելու և դրա վերաբերյալ նոր որոշում կայացնելու հնարավորություն ստանալու նպատակով: Վերադաս դատարանների վերանայման լիազորությունը պետք է իրականացվի դատական սխալները և ոչ պատշաճ իրականացված արդարադատությունն ուղղելու նպատակով, սակայն ոչ նոր քննություն իրականացնելու համար: Վերանայումը չպետք է համարել քողարկված բողոքարկում, և հարցի վերաբերյալ պարզապես երկու տեսակետի առկայության հավանականությունը կրկին քննություն իրա­կա­նացնելու հիմք չէ: Այդ սկզբունքից շեղումն արդարացվում է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է՝ էական և ծանրակշիռ հանգամանքներով պայմանավորված (Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի [Ryabykh v. Russia], թիվ 52854/99, § 52, ՄԻԵԴ 2003-IX):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել է, որ նոր հան­գամանքների հիմքով դատական ակտերի վերանայումն այն բացառիկ դեպքերից է, երբ անձի իրավունքների պաշտպանությունն ապահովելու և Սահմանադրական դատարանի որոշումների ու ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարման նպա­տակները գերակայում են res judicata դոկտրինայի հիմքում ընկած սկզբունքների, մասնավորապես՝ իրավական որո­շակիության սկզբունքի նկատմամբ։ Այս հան­գամանքը շեշտադրված է ՄԻԵԴ մի շարք վճիռներում։ Մասնավորապես` այս խնդրի առնչությամբ ՄԻԵԴ-ը նշում է, որ «...իրավական որոշակիության պա­հանջները բացարձակ չեն։ Այս սկզբունքից շեղումն արդա­րացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհաղթահարելի բնույթ ունեցող հանգամանքների թելադրանքով կամ եթե լուրջ իրավաչափ նկատառումները գերակայում են իրա­վական որոշակիության սկզբունքի նկատմամբ։ Կոնվենցիայի 7-րդ արձանա­գրու­թյան 4-րդ հոդվածի 2-րդ կետը հստակորեն թույլատրում է նոր փաստերի կամ նախորդ վարույթում տեղ գտած՝ գործի ելքի վրա ազդող հիմնարար թերության հիմքով նորոգել գործի վարույթը» (Քսերաժն ընդդեմ Ալբանիայի Xheraj v. Albania գործով 2008թ. հուլիսի 29-ի վճռի 52-53-րդ կետեր)։ Դատարանն ընդունում է, որ որոշակի հանգամանքներում իրավական որոշակիությունը կարող է խախտվել՝ «էական թերությունը» կամ «ոչ պատշաճ իրականացված արդարադատությունը» ուղղելու նպատակով (Ռյաբիխը՝ վերևում հիշատակված, § 52, Ռոշկան ընդդեմ Մոլդովայի [Roşca v. Moldova], թիվ 6267/02, § 52, 2005 թվականի մարտի 22, և Սուտյաժնիկն ընդդեմ Ռուսաստանի [Sutyazhnik v. Russia], թիվ 8269/02, § 35, 2009 թվականի հուլիսի 23):

5.4.2. Վերահաստատելով իր դիրքորոշումները և ի լրումն դրանց՝ սույն գործի համատեքստում նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ սնանկության վարույթը ներառում է նաև առանձին քաղաքացիական գործեր, որոնցով ևս կայացվում են համապատասխան դատական ակտեր, Սահմանադրական դատա­րանը գտնում է, որ սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճռի կայունության իրավական արժեքը շատ ավելի բարձր է, քանի որ դրանից շեղումը, ի թիվս այլնի, սպառնալիքի տակ է դնելու նաև հետևանքային դատավա­րու­թյուն­ներով (առանձին քաղաքացիական գործերով) կայացված և սնանկության վարույթի մաս­նակիցների գույքային և դրա հետ կապված այլ իրավունքների վրա ներազդող դատական ակտերի գոյությամբ պայմանավորված իրավահարաբերությունների որո­շակիությունը:

 Իրավական որոշակիության վերաբերյալ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ վերոհիշյալ դիրքորոշումները հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով սնանկության վարույթների առանձնահատկություններն ու յուրահատկությունները, որոնք ներկա­յացվեցին սույն որոշման նախորդ մասերում, Սահմանադրական դատարանը գտնում է, որ հարկադրված սնանկության դիմում ներկայացրած պարտատեր չհանդիսացող պարտատերերի կողմից պարտապանին սնանկ ճա­նաչելու մասին ուժի մեջ մտած վճիռը բողոքարկելը (նոր հանգամանքի ուժով վերանայման բողոք բերվել) և դատական ակտը վերանայելն իրավաչափ են միայն Սահմանադրական դատա­րանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշած բացառիկ դեպքերում և նպատակներով, ինչպես նաև այն դեպքում, երբ նույն վարույթով հնարավոր չէ հարցը լուծել` առանց խախտելու res judicata սկզբունքը, մասնավորապես, եթե առկա չէ իրավունքի ակնկալվող պաշտպա­նությունն ավելի արդյունավետ եղանակով իրականացնելու հնարավորություն արդեն իսկ ուժի մեջ գտնվող դատական ակտով հարուցված (սնանկության) վարույթի շրջանակներում:

5.5. Նկատի ունենալով սնանկության գործընթացի պատշաճ կազմա­կերպ­ման նշանակությունը պետության տնտեսական հիմքի կայունության համար և սնան­կության հետ կապված հարաբերություններում պետության միջամտության ինտեն­սիվությունը, ինչպես նաև ելնելով սնանկության վարույթով հետապնդվող նպա­տակներից ու դրանց առանձնահատկություններից` հատկապես կարևորվում է պետության համարժեք վարքագիծը՝ օրենսդրորեն կանոնակարգված պատշաճ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ստեղծման ու դրանց համահունչ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման ոլորտում, որոնք անհրա­ժեշտ են սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների և ազատու­թյունների արդյունավետ իրականացման համար:

Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակեր­պական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Սահմանադրական դատարանը, 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման շրջանակներում անդրադառնալով Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությանը, փաստել է. «(…) ցանկացած օրենսդրական կարգավորում, այլ ոչ թե միայն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակում, պետք է նպատակ ունենա և ապահովի բոլոր հիմնական իրավունքների (1) արդյունավետ իրականացման համար (2) անհրաժեշտ (3) կազմակերպական (4) կառուցակարգեր և (5) ընթացակարգեր: Միայն բոլոր այս պայմանների միաժամանակյա առկա­յությունը ցանկացած օրենսդրական կարգավորման մեջ, առավել ևս որևէ հիմնական իրավունք կամ ազատություն սահմանափակող օրենսդրական կարգավորման մեջ, կարող է ապահովել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը»: Սահ­մանա­դրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշմամբ արձանագրված է. «Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախ­տումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները»։

Սահմանադրական դատարանի 2024 թվականի հուլիսի 22-ի ՍԴՈ-1741 որոշ­ման համաձայն՝ նշված պահանջն ուղղված է Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ ու իրական կենսա­գործմանը, քանզի իրավունքի կամ ազատության սոսկ ամրագրումը բավարար չէ տրված իրավական հնարավորության լիարժեք իրացման համար. ուստի՝ համա­պատասխան կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրական մակար­դակում ամրագրումն անհրաժեշտ երաշխիք է հիմնական իրավունքների և ազատու­թյուն­ների արդյունավետ իրացումն ապահովելու համար:

Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանա­գրում է, որ նոր հանգամանքի հիմքով Դիմողին սնանկ ճանաչելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի նոր հանգամանքի հիմքով վե­րանայումը քննարկման առարկա կոնկրետ գործով չէր կարող հետապնդել հար­կադրված սնանկության դիմում ներկայացրած պարտատեր չհանդիսացող ընկե­րության իրավունքների պաշտպանությունն ապահովելու, ենթադրյալ խախտված սահմանադրական և/կամ կոնվենցիոն իրավունքները վերականգնելու իրավաչափ նպատակ, ուստի՝ տվյալ դեպքում վերջնական դատական ակտի խնդրո առարկա հիմքով վերանայման վարույթի հնարավորությունն այս առումով ևս դուրս էր res judicata սկզբունքից բացառություն հանդիսացող բացառիկ դեպքերի ողջ տրա­մաբանությունից:

5.6. Վերոնշյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ համապատասխան օրենսդրական կարգավորումների այնպիսի մեկնաբանումը, որի պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու մասին ուժի մեջ մտած դատարանի վճռի դեմ (ներառյալ նոր հանգամանքի հիմքով) վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունի նաև հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պար­տատեր չհանդիսացող պարտատերը, չի ապահովում Սահմա­նադրության 63-րդ հոդվածով նախատեսված և 75-րդ հոդվածով սահ­մանված պահանջների արդյու­նավետ կենսագործումը, մասնավորապես` խաթարում է սնան­կության գործի կայունությունն ու որոշակիությունը, պարտապանի համար՝ սնանկ ճանաչելու վերաբերյալ դատական ակտի հետևանքների կան­խա­տե­սելիությունը՝ հանգեց­նելով վերջինիս ձեռնարկատիրական գործունեու­թյամբ զբաղ­վելու ազատության և սեփականության իրավունքի խախտման։ Միևնույն ժամանակ, սնանկության վա­րույթի շրջանակներում առկա է հարկադրված սնան­կության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատեր չհանդիսացող պարտա­տերերի իրա­վունքների պաշտ­պանության հնարավորություն, այդ թվում՝ դիմող պարտատիրոջ՝ պարտապանի նկատմամբ ունեցած պահանջի օրինականությունը վիճարկելու առումով:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառ մարմինները պետք է առկա կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը մեկնա­բանեն այնպես, որ վճիռը նոր հանգամանքի հիմքով բողոքարկելու իրավունք ունենան պարտապանն ու հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատերը (պարտատերերը)` կանխելով իրավական անվտան­գության հնա­րավոր սպառնալիքները: Հակառակ պարագայում, այսինքն՝ հար­կադրված սնան­կության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատեր չհան­դիսացող պարտա­տիրոջ կողմից պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի ուժի մեջ մտնելուց տևական ժամանակ անց նոր հանգամանքի հիմքով դրա բողոքարկումն ու բեկանումը հանգեցնելու են սնանկության վարույթի փուլերի հաջորդականության ապահովման և դրանց արդյունավետ իրագործման խա­թարման` խախտելով սնանկության վարույթի բուն նպատակները` մի կողմից՝ գոյատևման ընդունակ տնտեսվարող սուբյեկտի ֆինանսական առողջացումը, մյուս կողմից՝ պարտա­տերերի պահանջների համամասնորեն բավարարումը:

Ինչ վերաբերում է սնանկության վարույթի շրջանակներում հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատեր չհանդիսացող մյուս պարտատերերի իրավունքների պաշտպանությանը, ապա Սահմանադրական դա­տարանն արձանագրում է, որ, ինչպես արդեն նշվեց, պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի բավարարմամբ ավարտվում է միայն պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված փուլը, այլ ոչ թե ողջ սնանկության գործը, որի ընթացքում դատարանը կայացնում է մի շարք դատական ակտեր: Այլ կերպ՝ սնանկ ճանաչելու վճռով ոչ թե ավարտվում է գործընթացը, այլ ըստ էության միայն մեկնարկում է մի բարդ, համապարփակ և բազմափուլ վարույթ, որը միտված է ոչ միայն հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պար­տատիրոջ ու պարտապանի հարաբերությունների կարգավորմանը, այլև բոլոր պար­տատերերի իրավունքների ու շահերի հավասարակշռված ու արդարացի պաշտ­պանությանը, այդ թվում՝ նույն սնանկության վարույթի շրջանակներում քննվող առանձին քաղաքացիական գործեր նախաձեռնելուն (այդ գործերով կայացվող դա­տական ակտերի միջոցով՝ վարույթի բոլոր մասնակիցների համար հավասար պայ­մաններով ու հնարավորություններով):

Սահմանադրական դատարանը 2011 թվականի հունվարի 11-ի ՍԴՈ-932 որոշ­մամբ գտել է, որ ինքնանպատակ չէ այն, որ օրենսդիրը սնանկության գործում ներառվող առանձին վարույթներով կայացվող մի շարք միջանկյալ դատական ակտեր, ի տարբերություն մյուսների, համարում է բողոքարկելի դատական ակտեր։ Դրանք իրենց բնույթով այնպիսին են, որ կարող են կասեցնել կամ խոչընդոտել պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարանի մատչե­լիության իրավունքի իրացման ընթացքը, սնանկության գործի քննության հնա­րավորությունը։

Դրանցից է նաև, ի թիվս այլնի, պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, ինչպես նաև առանձին պահանջները հաստատելու մասին դատարանի որոշումը, որը կարող է բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների կամ դրանց մի մասով (Օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մաս): Տվյալ դեպքում կոնկրետ գործով հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատեր չհանդիսացող պարտատերը (ընկերությունը) զրկված չէր, օրինակ` «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» Դատա­րանի որոշումը (որպես ուղղակիորեն իր իրավունքներին առնչվող դատական ակտի) հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատիրոջ պահանջի մասով նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ նախաձեռնելու իրավական հնարավորությունից` դրանով իսկ իրացնելով իր իրավունքների և շահերի արդյունավետ պաշտպանությունը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն գործի շրջանակներում սնան­կության գործեր քննող դատարանները (տվյալ դեպքում` Վերաքննիչ քաղաքա­ցիական դա­տարանը) սնանկ ճանաչելու վերաբերյալ ուժի մեջ մտած վճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայել են հարկադրված սնանկության դիմում ներկա­յացրած պար­տատեր չհանդիսացող պարտատիրոջ վերանայման բողոքի հիման վրա, այսինքն՝ Օրենքի խնդրահարույց դրույթը մեկնաբանել և կիրառել են սույն որոշմամբ նույն դրույթի վերաբերյալ Սահմանադրական դատարանի մեկնա­բանու­թյուններից տար­բերվող մեկնաբանությամբ, ուստի` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմա­նա­դրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահ­մանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը հա­մապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա պարտա­պանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն պարտապանը և հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատերը (պարտատերերը):

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը Դիմողի նկատ­մամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

________________

1 տե՛ս https://uncitral.un.org/sites/uncitral.un.org/files/media-documents/uncitral/en/05-80722_ebook.pdf

 

scan2

Նախագահող

Ա. Դիլանյան

 

18 մարտի 2025 թվականի

ՍԴՈ-1773

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան