ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
18 մարտի 2025թ. |
N 316-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան Երևան քաղաքի ավագանին որոշում է՝
1. Ընդունել ի գիտություն Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2025 թ. մարտի 18 Երևան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի մարտի 18-ի N 316-Ա որոշման
ԵրԵՎանի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվություն
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Երևանի 2024 թավականի զարգացման ծրագրի տարեկան հաշվետվությունն (այսուհետ՝ Հաշվետվություն) արտացոլում է դրանում արտացոլված հանձառություների, ծրագրերի և միջոցառումների իրականացման առաջընթացն ու արդյունքները։ Հաշվետու տարում զգալի ներդրումների շնորհիվ բարելավվել են քաղաքային ենթակառուցվածքները և ճանապարհները, հասարակական տրանսպորտային համակարգը։ Երևանի այգիներն ու հասարակական տարածքները վերակենդանացել են՝ ապահովելով յուրաքանչյուր տարիքի բնակչի համար հարմարվետ, կանաչ և առողջ միջավայր։ Ներդրվել են թվային համակարգեր ու ծառայություններ՝ հիմքեր ձևավորելով տվյալահեն ու արդյունավետ քաղաքային կառավարման ու բնակիչներին թվային միջավայրում հարմարավետ ու անվտանգ ծառայություններ մատուցելու համար։ Մեկնարկել և իրականացվել են հանրային շենքերի արդիականացման մասշտաբային ծրագրեր՝ դրանց էներգարդյունավետությունն ու սեյսմակայունությունն ապահովելու և բնակիչներին ավելի հարմարավետ պայմաններում սոցիալական ծառայություններ մատուցելու համար: Ընդանուր առմամբ 2024 թվականը զարգացման ծրագրի և դրա իրականացման առումով կարելի է բնութագրել որպես հավակնոտ, խոշոր և քաղաքային միջավայրի և քաղաքային կառավարման առումով ռազմավարական, ապագայամետ և տրանսֆորմացիոն նախաձեռնությունների ու ծրագրերի պլանավորման, մեկնարկի ու իրականացման ժամանակահատված:
1. ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երևան քաղաքի ավագանու կողմից ընդունված թվով երկու որոշումներով փոփոխություններ են կատարվել Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի «Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև՝ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին» N 242-Ն որոշման հավելվածում։ Փոփոխությունների միջոցով հնարավոր է եղել Աբովյան պուրակից մինչև Իսահակյան փողոցն ընկած հատվածում Աբովյան փողոցի երթևեկելի առաջին գոտում երթևեկությունը կազմակերպել բացառապես հասարակական տրանսպորտի համար՝ ապահովելով անվտանգ և անխոչընդոտ երթևեկություն:
Բացօթյա, ինչպես նաև ոչ սահմանված վայրում ապօրինի առևտրի կանխարգելման գործառույթները վերապահվել են Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությանը։ 2024 թվականի ընթացքում ոչ սահմանված վայրում առևտրի իրականացման համար կազմվել է թվով 619 արձանագրություն, իսկ առանց համապատասխան թույլտվության բացօթյա առևտրի կազմակերպման ու իրացման համար կազմվել է թվով 47 արձանագրություն:
2024 թվականի հունիսի 1-ից սկսած յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին Հրազդան մարզադաշտի հարակից տարածքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպվել է գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառ։
Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից տրամադրվող առևտրի և ծառայությունների ոլորտի թվով 7 թույլտվությունների գործընթացները թվայնացվել են և տրամադրվում են dimum.yerevan.am առցանց հարթակի միջոցով։
2. ԱՐՏԱՔԻՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԳՈՎԱԶԴ
Հաշվետու տարվա ընթացքում 12 վարչական շրջաններում փոխարինվել են առկա հիմնային պատվանդանով դրոշներ։ Իրականացվել է ապրիլի 24-ին Մեծ Եղեռնին նվիրված սգո արարողության միջոցառման ձևավորման ծառայություն, ինչպես նաև՝ Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի, վարչական շրջանների և Երևան քաղաքի 2750 ամյակին նվիրված զբոսայգուց դեպի գլխավոր տոնածառ տանող կամրջի տեղադրման և ձևավորման աշխատանքներ: Ընդհանուր օգտագործման տարածքների, կրպակների տաղավարների և ժամանակավոր այլ շինությունների ապամոնտաժման գործառույթները վերապահվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը։
3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՎ ԿԼԻՄԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երևանում կյանքի են կոչվել մի շարք կարևոր նախագծեր՝ ուղղված քաղաքային կայուն զարգացմանը, բնապահպանական պաշտպանությանը, կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը:
Մաքուր և առողջ Երևան ունենալու համար մթնոլորտային օդի որակի մոնիթորինգ է իրականացվում 5 անշարժ դիտակայանում (Արաբկիր, Նոր Նորք, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններ), որոնց միջոցով դիտարկվում են անհրաժեշտ բոլոր բաղադրիչներն ամենօրյա անընդհատ ռեժիմով, ինչպես նաև 45 շարժական դիտակետում, որոնց միջոցով դիտարկվում են միայն ծծմբի և ազոտի երկօքսիդները շաբաթական կտրվածքով։ Երևանում տեղադրված 151 օդի որակի չափիչ սարքերից ստացվող տեղեկատվությունն առցանց հասանելի է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքում:
Օդի որակի բարելավման նպատակով իրականացված աշխատանքների շրջանակն ընդգրկում է շինհրապարակներում վարչարարության խստացումը, Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նոր պահանջների (փոշու համար անթափանց ցանցով ցանցապատում, օդի որակի սարքերի տեղադրում) սահմանումը, հանրային տրանսպորտի շարժակազմի շարունակական փոփոխությունը (դիզելով, բենզինով աշխատող շարժակազմի փոխարեն էլեկտրականությամբ, գազով աշխատող շարժակազմի ձեռքբերում) և այլն։
Էներգիայի սպառման արդյունավետության առաջնահերթություններից ելնելով՝ բարելավվել է համայնքային ենթակայության թվով 11 մանկապարտեզների, 3 պոլիկլինիկաների, թվով 2 մշակութային կետրոնների, «Երևանտրանս» ՓԲԸ վարչական շենքի և «Երքաղլույս» ՓԲԸ պահեստային շենքի էներգաարդյունավետությունը՝ կանաչ տեխնոլոգիաների և էներգախնայող սարքավորումների կիրառման միջոցով։
Կլիմայական փոփոխությունների ազդեցության դիմակայունությունը բարձրացնելու նպատակով իրականացվել են հարմարվողականության ծրագրեր, միջոցառումներ են ձեռնարկվել ջրահեռացման համակարգերի բարելավմանն ու ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ։
Ընդհանուր էկոլոգիական վիճակի բարելավման նպատակով իրականացվել են աշխատանքներ՝ մայրաքաղաքում և մայրաքաղաքը գոտիավորող հարակից տարածքներում կանաչ տնկարկներով պաշտպանիչ շերտ ստեղծելու ուղղությամբ: Քաղաքում անցկացվել է 32 կմ ոռոգման նոր ցանց, շուրջ 13 հա-ով ընդլայնվել են կանաչ տարածքները, վերականգնվել են Նորքի այգիները, հիմնվել է ուրբան անտառ Նորք-Մարաշի վաղեմի այգիներում 7 հա-ի չափով, իրականացվել են ընդլայնման աշխատանքներ «Փարոսի այգու» բոլոր հատվածներում (1․7 հա), «Հաղթանակ» զբոսայգու անտառային տարածքում (1 հա), հիմնվել է 3 նոր այգի՝ Նոր Նորք վարչական շրջանի Լյուքսեմբուրգ փողոցի հարևանությամբ՝ շուրջ 1 հա, Նորք-Մարաշ վարչական շրջանի Այծեմնիկ Ուրարտու փողոց՝ 0․11 հա, Երևանյան լճի ափին՝ 1․5 հա տարածքում նոր զբոսայգու ստեղծում, վերահիմնվել են Մերգելյան այգին և Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին:
Անտառպաշտպանիչ բուֆերային գոտու ստեղծման շրջանակում կազմվել է Նուբարաշենի խճուղու հարևանությամբ անտառպաշտպանիչ գոտու ստեղծման բնապահպանական ծրագիրը, որը համաձայնեցվել է պետական լիազոր մարմինների կողմից, հաստատվել՝ Երևան քաղաքի ավագանու կողմից և ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարություն: Անտառաշերտի ստեղծման աշխատաքնները կիրականացվեն 2025 թվականին։
Իրականացվել են ելակետային երկրաֆիզիկական, երկրատեխնիկական, տեղագրական հետազոտություններ, կոմունալ ենթակառուցվածքների ուսումնասիրություններ «Դալմայի այգիներ» նորահայտ հուշարձանի տարածքում համայնքային զբոսայգու հիմնման ուղղությամբ: Սրա արդյունքներով հետագա աշխատանքները ներառում են այգու հայեցակարգի և նախագծի կազմումը։
Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ շնորհելու գործընթացի շրջանակներում մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացվել են կիրճում առկա գույքերի, հողօգտագործման իրավունքների գույքագրման և քարտեզագրման, ինչպես նաև կենսաբազմազանության մասնագետների կողմից կարմիրգրքյան բույսերի և կենդանիների գույքագրման աշխատանքներ:
Երևանի ջրային տարածքների էկոլոգիական վիճակի բարելավման նպատակով Գետառ գետի վրա գործարկվել ջրի մաքրման նոր կայանը, Հրազդան գետի վրա տեղադրվել են թվով 2 աղբաորսիչ ճաղավանդակներ, իրականացվել է կիրճի կանաչ տարածքներում և ջրային տարածքներում կուտակված շուրջ 9000 խմ աղբի հավաքում և տեղափոխում աղբավայր։ Աղբորսիչ ճաղավանդակների տեղադրմամբ ապահովվում է կոշտ կենցաղային թափոնների հավաքումը՝ բացառելով դրանց տեղափոխումը և կուտակումը Երևանյան լիճ։ Ջրի նախնական կենսաբանական մաքրման կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ խոշոր և մանր տրամաչափի աղբը այլևս չի կուտակվելու. օդային շատրվանացման (աէրացիայի) շնորհիվ լուծվում է հոտի խնդիրը:
Ջերմոցատնկարանային տնտեսության բաց հողատարածքը 1 հա-ից դարձել է 25 հա, ինչը հետագայում հնարավորություն է տալու տնկանյութերի գրեթե 90%-ը մատակարարել հենց տնկարանից: Երևանի 8 կենտրոնական փողոցներում իրականացվել է վերաձևավորման, հիվանդ և ծեր ծառերը արժեքավոր և գեղազարդ, 10 և ավելի տարեկան ծառերով փոխարինման, լրացում 6 փողոցում, 6 փողոցում հիմնման աշխատանքներ, որի արդյունքում փոխարինվել և նոր տնկվել են ավելի քան՝ 1376 ծառեր։ Ընդհանուր առմամբ 2024 թվականի ընթացքում տնկվել է 4539 ծառ, 58276 թուփ, 344939 ծաղիկ:
Երևանի կենդանաբանական այգու ընդլայնման գործընթացների շրջանակներում փղերի համար միջազգային ստանդարտներին համապատասխան նոր ազատավանդակի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար հայտարարվել է մրցույթ, հաղթող է ճանաչվել «Երևաննախագիծ» ՓԲԸ-ը։ Ընկերության կողմից ներկայացվել է նախագիծը, որի կառուցման համար կհայտարարվի բաց մրցույթ։
Կանաչապատման ոլորտում օգտագործված տեխնիկատրանսպորտային պարկը թարմացնելու և նեղ մասնագիտական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով ձեռք է բերվել երկու հատ տրակտոր սրսկիչ և կոճղահան կցորդիչներով։ Պայմանագիր է կնքվել թվով 3 ավտոաշտարակների ձեռքբերման համար, որի ֆինանսավորումը իրականացվելու է 2025 թվականին:
4. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ
Կրթության, առողջապահության, երեխաների և սոցիալական պաշտպանության, մշակույթի, զբոսաշրջության, սպորտի և երիտասարդության ոլորտներում բարձրորակ ծառայություններ ապահովելու նպատակով իրականացվել են մի շարք ծրագրեր և միջոցառումներ ինչպես միջազգային համագործակցությամբ, այնպես էլ համայնքային միջոցներով։
4.1. Հանրակրթություն
Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում հարմարավետ և անվտանգ միջավայր ձևավորելու նպատակով Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրով վերակառուցվել, կառուցվել և շահագործման է հանձնվել թվով 4 մանկապարտեզ՝ հ. 22, 23, 135, 161, իսկ համայնքային բյուջեով՝ թվով 2 մանկապարտեզ՝ հ. 44, 61: Մանկապարտեզներում իրականացվել են սեյսմիկ վերազինման և արդիականացման, ներքին հարդարման, արտաքին պատերի ջերմամեկուսացման աշխատանքներ, որի արդյունքում խմբասենյակները դարձել են ավելի բարեկարգ և լուսավոր: Արդիականացվել և երեխաներին են հարմարեցվել սանհանգույցները, տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր և արևային ջրատաքացուցիչ, փոխվել է ջեռուցման համակարգը:
Համայնքային ծրագրերի շրջանակում թվով 23 մանկապարտեզների տրամադրվել է կոշտ գույք, տեխնիկա, կահույք, թվով 40 մանկապարտեզների՝ մարզական գույք:
Երևանի ենթակայության մանկապարտեզներում «Կրտսեր 1» տարիքային խմբի երեխաների ընդգրկվածության ընդլայնմանը միտված աշխատանքների արդյունքում՝ 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկին ձևավորվել է ընդհանուր առմամբ 102 մսուրային խումբ:
Նախադպրոցական կրթության մատչելիության ապահովմանը շրջանակներում 9 հիմնական դպրոցներում (հհ. 80, 88, 98, 99, 110, 123, 146, 151, 167) ձևավորվել են նախակրթարաններ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով և Երևանի համայնքի համաֆինանսավորմամբ:
Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ երևանյան 10 մանկապարտեզներում ներդրել է ռոբոտաշինության ծրագիր: Հաշվի առնելով փորձնական ծրագրի արդյունավետությունը՝ այն կներդրվի համայնքային բոլոր մանկապարտեզներում ևս:
Կազմակերպվել են ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային և Երևանի քաղաքային փուլերը: Վերջինին մասնակցած շուրջ 600 սովորողներ պարգևատրվել են դիպլոմներով, 1-ին կարգի արժանացած շուրջ 200 աշակերտ խրախուսվել է նվերներով:
Շարունակվել են Հակոբ Կոջոյան կրթահամալիրի հիմնանորոգման աշխատանքները, մեկնարկել է հ.45 հիմնական դպրոցի շինարարությունը։ Միջգերատեսչական քննարկումների շրջանակում ներկայացվել են հիմնանորոգման ենթակա դպրոցների շենքային պայմանները, քննարկվել բարելավման հնարավորությունները։
Նախնական զինվորական պատրաստության հիմունքների վերաբերյալ սովորողների գիտելիքների ամրապնդմանը, արտակարգ իրավիճակներում կենսապահովման, հայրենիքի պաշտպանության գործնական կարողություններ ու հմտությունների զարգացմանը միտված ծրագրին ներգրավվել են 12 միջնակարգ դպրոցների 10-12-րդ դասարանների շուրջ 420 աշակերտ: Դաշտային պայմաններում անցկացվել են թեմատիկ դասընթացներ, որոնց ընթացքում սովորողները ծանոթացել են զինատեսակներին, դրանց գործածման անվտանգության կանոններին, կրակային նշանառության ձևերին, դիտարկման դիրքերին, ինժեներական պատրաստության առանձնահատկություններին և այլն, ունեցել են անշարժ նշակետի վրա կրակ վարելու գործնական հնարավորություն:
Երևանի դպրոցականների զբոսաշրջային ծրագրի շրջանակում 7-9-րդ դասարանների շուրջ 1000 աշակերտներ այցելել են քաղաքի պատմական, մշակութային և ճարտարապետական կարևոր նշանակություն ունեցող կառույցներ: Ճանաչողական զբոսանքները նպաստել են ուսումնական ծրագրի նախագծային աշխատանքների իրականացմանը:
Հանրային առողջապահության միջոցառման շրջանակում պատրաստվում են 3 անիմացիոն սոցիալական տեսահոլովակներ՝ նախատեսված կրտսեր, միջին և ավագ դպրոցականների համար, համապատասխանաբար՝ ճանապարհային անվտանգության ապահովման, բուլինգի և կախվածության կանխարգելման թեմաներով:
Գրքի և մայրենիի տոների խորհրդով Երևանի ենթակայության դպրոցներում անցկացվել են գրական-ստեղծագործական միջոցառումներ, որոնց լավագույնս ներկայացած դպրոցների գրադարաններին նվիրաբերվել է գրականություն, ընդհանուր առմամբ՝ շուրջ 500 օրինակ: Կազմակերպվել են ժամանակակից գրողների, գրականագետների այցեր դպրոցներ, հանդիպումներ աշակերտների հետ:
Դպրոցների կառավարման խորհուրդների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կազմակերպվել են կարողությունների զարգացման դասընթացներ շուրջ 400 անդամների համար: Կառավարման հմտությունների զարգացմանը միտված հանդիպումներ են կազմակերպվել նաև կառավարման նոր համակարգի անցած դպրոցների գործադիր մարմնի ներկայացուցիչների՝ տնօրենների և վարչատնտեսական համակարգողների ներգրավմամբ:
Մանկավարժների արժևորման միջոցառման շրջանակում ընդունելության ընթացքում Երևանի ենթակայության դպրոցների շուրջ 80 մանկավարժական աշխատող խրախուսվել է դրամական պարգևներով:
Համագործակցային ծրագրերի շրջանակում իրականացվել են ինչպե՛ս սովորողների արժեհամակարգի ձևավորմանը, այնպե՛ս էլ մանկավարժների մասնագիտական ու մանկավարժական կարողությունների զարգացմանը միտված մի շարք նախաձեռնություններ:
4.2. Առողջապահություն
2024 թվականի ընթացքում ձեռք է բերվել թվային ռենտգեն ապարատ և ախտորոշման սարք, հիվանդի 10 մոնիտոր, ուլտրաձայնային 2 ստացիոնար հետազոտման սարք 3 տվիչով, ուլտրաձայնային դյուրակիր հետազոտման 3 սարք 4 տվիչով:
Տարվա ընթացքում ձեռք է բերվել կոնտրաստավորմամբ համակարգչային տոմոգրաֆիայի մինչև 100 հետազոտություն, առանց կոնտրաստավորման համակարգչային տոմոգրաֆիայի մինչև 30 հետազոտություն, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի մինչև 120 հետազոտություն, կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային մինչև 80 անձի ծառայություն, մինչև 125 անձի համար կորոնորագրաֆիկ հետազոտություն, սրտի կորոնար անոթների ստենտավորում մինչև 100 անձի համար:
4.3. Երեխաների և սոցիալական պաշտպանություն
Երևանում երեխաների և սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետ կառավարման նպատակով իրականացվել են վերապատրաստումներ համայնքային իշխանության ստորաբաժանումների և վարչական շրջանների ոլորտային մասնագետների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների համար։
Աջակցություն է տրամադրվել ՀՀ-ում միակ անօթևանների կացարան հանդիսացող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին, որտեղ շուրջ 100 անօթևանների տրամադրվում է ժամանակավոր կացարան: Կազմակերպվել են 50 ներգնա տուրեր շուրջ 1000 տարեցի համար:
Արցախում 2023 թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 98 մահացած անձանց հարազատներին տրամադրվել է ֆինանսական աջակցություն: Արցախից տեղահանված ընտանիքներին մի շարք կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում տրամադրվել են բնաիրային փաթեթներ և այլ աջակցություն:
130 ընտանիք ընդգրկվել է զբաղվածության ծրագրերում: «Դու կարող ես» ՔՀԿ-ի հետ համատեղ իրականացվել է 10 ընտանիքի ուղղված զբաղվածության ծրագիր /5 ընտանիք՝ հրուշակագործություն, վարսահարդարում, մատնահարդարում, խոհարարություն, 5 ընտանիք՝ ճագարաբուծություն/: «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի հետ համատեղ իրականացվել է 100 ընտանիքի ուղղված զբաղվածության ծրագիր: Սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին կայուն եկամուտ ապահովելու նպատակով զբաղվածության ծրագրերի շրջանակում տարբեր մասնագիտությունների ձեռքբերման նպատակով գնումների գործընթացի միջոցով ծրագրում ընդգրկվել է 20 շահառու:
Իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված ծրագրեր, աջակցություն է տրամադրվել «Փրկություն» ՀԿ-ին, որը ծառայություններ է մատուցում Երևան համայնքի տարբեր վարչական շրջաններում բնակվող մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող 85 երեխաներին, «Քայլ առաջ» կազմակերպությանը, որն անվճար թերապիաներ է տրամադրել շուրջ 100 հաշմանդամություն ունեցող երեխաների, «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքներին աջակցության հիմնադրամին, որը թերապիաներ է տրամադրել հազվագյուտ հիվանդություններ ունեցող, հաշմանդամություն ունեցող շուրջ 150 երեխաների, «Հայաստանի Խուլերի Միավորում» կազմակերպությանը, որը «Խուլ անձանց հզորացում հանուն ներառման» ծրագրի շրջանակում իրականացրել է հեռավար տեսակապով զանգերի կենտրոնի աշխատանքը, «Հայաստանի կույրերի միավորում» կազմակերպությանը, որն իրականացրել է «Իմ սրտի մայրաքաղաք» խորագրով համերգը տեսողության խնդիրներ ունեցող 40 անձանց մասնակցությամբ:, «Լիարժեք Կյանք» ՀԿ-ին՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների շուրջ 150 երեխաների ամառային հանգիստը Ստեփանավանում գործող ներառական ճամբարում կազմակերպելու համար, «Կողք կողքի» կազմակերպությանը՝ իրազեկվածության բարձրացմանն ու ներառականության ապահովմանն ուղղված կոնֆերանս, ցուցահանդես, թատերական ներկայացում, համերգ իրականացնելու նպատակով: Զինվորի տան հետ իրականացված քննարկման արդյունքում նախատեսվել է իրականացնել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած 8 անձանց բնակարանային պայմանների հարմարեցման աշխատանքներ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծվել է փորձագիտական թիմ համայնքային սոցիալական ծառայությունների կենտրոնի մոդելի հետազոտություն-ուսումնասիրություն իրականացման նպատակով: 2025 թվականին կփորձարկվի պիլոտային ծրագիր՝ համայնքային սոցիալական ծառայությունների կենտրոնի ներդրման միջոցով:
Երևանի սոցիալական աջակցության խնդիրների լուծման ծրագրերի շրջանակներում կայացել է Երևանի քաղաքապետին կից սոցիալական աջակցության տրամադրման հասարակական խորհրդի 2 նիստ, որի արդյունքում աջակցություն է ստացել 21 ընտանիք:
«Ընտանիքի միջազգային օրվան» նվիրված ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի խնամատար ընտանիքների երեխաների համար կազմակերպվել է այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան, և երեխաներին տրամադրվել են նվերները:
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (խնամատար, խնամակալ, հոգաբարձու ընտանիքներում գտնվող) 30 երեխայի համար կազմակերպվել է այցելություն պլանետարիում և Բյուրականի աստղադիտարան:
Ամանորին նվիրված մշակութային և կրթական միջոցառումներում երեխաների ներգրավման շրջանակներում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ խնամատարների, խնամակալների/հոգաբարձուների ընտանիքներում գտնվող երեխաները այցելել են Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Ալիսը հայելիների աշխարհում» ներկայացմանը:
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում կազմակերպվել և իրականացվել է Երևան համայնքի երեխայի պաշտպանության համակարգի մասնագետների, այդ թվում՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթաց:
Մեկնարկել է «Երևան համայնքում ճգնաժամային խնամատարության ներդրման» պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է ճգնաժամային խնամատար ընտանիքի մոդելի ներդրում համայնքում՝ Երևանի քաղաքապետարանի, «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ:
Երեխայի վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ օրենսդրությամբ ամրագրված երեխային լսելու իրավունքի իրացման նպատակով մեկնարկել է «Երեխային լսելու սենյակների ստեղծում Երևան քաղաքի վարչական շրջաններում» ծրագիրը, որի իրականացման հիմնական աշխատանքները նախատեսված են 2025 թ:
4.4. Մշակույթ
2024 թվականն առանձնացավ մշակութային բացառիկ նախաձեռնություններով, որոնց արդյունքում մայրաքաղաքը դարձավ ապրելու և ստեղծագործելու համար հարմարավետ ու հաճելի քաղաք: Երաժշտական և արվեստի դպրոցներում իրականացվել են երեխաների մշակութային նախնական մասնագիտական կրթության, արտադպրոցական գեղագիտական դաստիարակության, երաժշտարվեստի և արվեստների ուսուցման իրականացումը, որոնք եզրափակվել են համերգներով: Դպրոցների աշակերտները մասնակցել են մրցույթների և ցուցահանդեսների՝ շահելով մրցանակներ և դիպլոմներ։ «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի շրջանակներում շուրջ երկու ամիս աշխարհահռչակ օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը վարպետության դասեր անցկացրեց Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների երգեցողության բաժինների 250 պատանիների հետ:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը մանկական երգչախմբի համար մշակեց, ներդաշնակեց և գործիքավորեց Կոմիտասի շուրջ 30 խմբերգային ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ հանրությանը ներկայացվեցին Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 15-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգի շրջանակներում, Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների հավաքական երգչախումբի կողմից:
Հրատարակվել է «Կոմիտասական» կոթողային ստեղծագործությունը (պարտիտուր, կլավիր, ձայնաբաժիններ), որի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 14-ին:
Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ իրականացվել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա մրցույթ-ստուգատեսը:
Կազմակերպվել է մանկապատանեկան ստեղծագործական ճամբար «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի մասնակիցների համար:
Երաժշտական և արվեստի դպրոցներին տրամադրվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների շուրջ 6000 տոմս:
Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններում իրականացվել են մշակույթի տարբեր բնագավառների գծով ուսուցման դասընթացներ:
Կազմակերպվել են միջոցառումներ երեխաների և պատանիների հետաքրքրությունների և նախասիրությունների զարգացման, մտավոր, հոգևոր, ստեղծագործական ունակությունների, գեղագիտական, ֆիզիկական զարգացման, սպորտային, ռազմահայրենասիրական դաստիարակության, բնապահպանական և կիրառական այլ ոլորտներում գիտելիքների ձևավորման նպատակով, ինչպես նաև մի շարք թեմատիկ միջոցառումներ:
Իրականացվել են Ամանորին, Գիրք նվիրելու օրվան, Մայրության և գեղեցկության տոնին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան, Ջազի միջազգային օրվան, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան, մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2806-ամյակի («Էրեբունի Երևան» տոնակատարություն) և այլ մշակությաին միջոցառումներ, մշակութային ժամանցի կազմակերպման տարատեսակ ծրագրեր:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ձևավորված «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել մի շարք համերգներով՝ այդ թվում աշխարհահռչակ ջութակահար Ագուստին Հադելիխի մասնակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է նվագախմբերի միջազգային փառատոն «YEREVANCLASSICFEST», որի շրջանակներում սեպտեմբերի 17-ից 24-ը Թումանյանի անվան զբոսայգում ելույթ են ունեցել հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր: Ելույթ են ունեցել Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը և Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը: Երևանի քաղաքապետարանի պատվերով Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի և «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբի համերգները նկարահանվել են աշխարհահռչակ «Մեդիչի» հեռուստաընկերության կողմից և առաջիկա 5 տարիներին, 100 անգամ կցուցադրվեն «Մեցցո» հեռուստաալիքով:
Հունիսին Թումանյանի անվան զբոսայգում կայացել է «Երևանի բալետային փառատոն» նախագիծը: Բացօթյա բալետային փառատոնի ընթացքում հանդես են եկել Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայիսին Երևանում հյուրախաղերով հանդես է եկել Անգլիայի ազգային բալետը՝ 21-րդ դարի պարարվեստի գլուխգործոց համարվող՝ Ակրամ Խանի «Ժիզել» ներկայացմամբ։
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրակացվել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, Երևանի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմերի ֆիլմաշարը (yerevanilla.am ֆիլմ), «Ֆոտոֆեստ» փառատոնը, Գրքի երևանյան 7-րդ միջազգային փառատոնը, Մանկական գրքի փառատոնը, Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ, Երևանի գինու օրեր փառատոնը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ փառատոնը, «Ռեանիմանիա» 16-րդ փառատոնը, «Անահիտ» կինոմրցանակաբաշխությունը, Խաչատրյանի անվան միջազգային 20-րդ հոբելյանական մրցույթը, Ստեղծագրության ակադեմիա ծրագիրը և այլ միջոցառումներ: Հոբելյաններին նվիրված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվել է 8 ծրագիր, ինչպես նաև Երևանի քաղքապետարանի աջակցությամբ իրականացվել են միջոցառումներ լեգենդար ջազմեն Լևոն Մալխասյանի 80-ամյակի, հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի կապակցույամբ:
Ընթերցանության խրախուսման նպատակով «Հեքիաթն անիվների վրա» ծրագրի շրջանակներում Երևանի 12 վարչական շրջաններում իրականացվել է 60 թատերական ներկայացում շրջիկ թատրոն-ավտոբուսի միջոցով:
«Թատերական Երևան» ծրագրի շրջանակում հայտարարված թարգմանական դրամաշնորհային մրցույթի արդյունքում առաջին անգամ հայերեն են թարգմանվել և հրատարակվել Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի, Ուաժդի Մուաուադի, Մարգրիտ Դյուրասի պիեսները, որոնք հայտարարվելիք մրցույթի արդյունքում կբեմադրվեն ՀՀ-ում գործող թատրոնների և թատերական նախաձեռնությունների կողմից:
Ձեռք է բերվել 9 անուն 19 երաժշտական գործիք՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ստեղծված «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի գործունեության ընթացքում (փորձեր և համերգներ) օգտագործելու նպատակով:
Ազգային նվագարանների և հայ երաժշտական ավանդույթների պահպանման, տարածման և հանրահռչակման նպատակով երաժշտական և արվեստի դպրոցներում իրականացվել է ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագիրը։ Ծրագրի շրջանակում ընդգրկվել է 277 շահառու:
Իրականացվել է բնակչության գրադարանային տեղեկատվության տրամադրում և սպասարկում, գիտության և մշակույթի լուսաբանում ու մասսայականացում, գիտատեխնիկական գիտելիքների տարածում, գեղագիտական դաստիարակություն, կրթական համակարգի օժանդակում, համաշխարհային և հայ գրականության, պատմության, մշակույթի և այլ արժեքների տարածում, բնակչության ազատ ժամանցի կազմակերպում:
«Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի կողմից կազմակերպվել են մասսայական բնույթի միջոցառումներ՝ հանդիպումներ շնորհանդեսներ, դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ: Երևանի համայնքային գրադարանները համալրվել են 276 անուն 8788 գրքով: Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում շարունակում է իրականացվել թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանումը, վերականգնումը, կազմակերպվել են բազմաբովանդակ միջոցառումներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, հանդիպում-քննարկումներ, ականավոր գործիչների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցադրություններ, իրականացվել են գիտահետազոտական աշխատանքներ, հրապարակվել են գիտական հոդվածներ, գրքեր: Չինաստանի Նինբո, Շենսի նահանգի Սիան, Գուանչժոու քաղաքներում «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ը կազմակերպել է ցուցահանդեսներ՝ համապատասխանաբար «Նոյի երկիր» (30 հունվարի - 5 մայիսի), «Ծաղկած նոնենի՝ Նոյի երկրից» (18 մայիսի – 18 օգոստոսի), Հայաստան» (13 նոյեմբերի 2024 - 23 մարտի 2025) խորագրերով:
Վերանորոգումից հետո հունիսին վերաբացվել է «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՀՈԱԿ-ը՝ տարվա ընթացքում ներկայացնելով երկու նոր բեմադրություն՝ «Սովորական հրաշք», «Առաջին ձմեռը Փափլանդիայում»:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության թատրոններում շարունակվել են ներկայացվել «Թատերական Երևանի» շրջանակներում բեմադրված ներկայացումնեը:
Կազմակերպվել են համերգային ծրագրեր, օժտված երեխաների ստեղծագործական, կատարողական ձեռքբերումները ներկայացվել են միջազգային մրցույթներին, փառատոններին: «Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա», «Երևան» փողային նվագախումբ» ՀՈԱԿ-ները իրենց մասնակցությունն են ունեցել համաքաղաքային, հանրապետական, միջոցառումներին, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա» ՀՈԱԿ-ը հանդես է եկել մի շարք մենահամերգներով և համերգներով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
4.5. Զբոսաշրջություն
Տպագրվել են Երևանի զբոսաշրջային տեղեկատվական քարտեզները չորս լեզուներով, որոնք տրամադրվել են հյուրանոցներին և Երևանի երկու զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին՝ զբոսաշրջիկներին տրամադրելու նպատակով:
Ակտիվ աշխատել են Visit Yerevan սոցիալական մեդիա էջերը՝ Facebook, Instagram, TikTok, Telegram, Youtube, որոնք լուսաբանել են մայրաքաղաքի մշակութային իրադարձությունները, յուրաքանրյուր շաբաթ ներկայացել են մշակութային օրացույցը երեք լեզուներով:
Պատրաստվել են քաղաքային տուրի երկու նոր զբոսաշրջային երթուղուղիներ, որոնք անցնելով զբոսաշրջիկը կտեսնի քաղաքի 70 տոկոսից ավելին: Երկու երթուղիների համար ձայնագրվել է աուդիոգիդ ութ լեզուներով: Տպագրվել են երթուղիների քարտեզները: Կահավորվել են երթուղիների կանգառները: Նոր երթուղիների համար չի գործում առցանց տոմսային համակարգը: Առցանց համակարգի պատրաստման առաջարկի հաստատվելուց հետո նոր զբոսաշրջային սեզոնին տուրը կսկսի գործել:
Երևանի ինը ԲՈՒՀ-երի ուսանողներ Երևանի քաղաքապետարանի և տվյալ ուսումնական հաստատությունների միջև կնքված հուշագրերի և համաձայնագրերի հիման վրա ուսումնական պրակտիկա են անցել աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնում, որի ընթացքում ներգրավվել են զբոսաշրջության զարգացման ծրագրի աշխատանքներում:
Մայրաքաղաքի իրադարձային զբոսաշրջության ծրագրի զարգացման շրջանակներում կազմակերպվել է «Հայաստանի հագուստի և նորաձևության պալատ» ՀԿ հետ համատեղ իրականացվել է «Երևանի նորաձևության շաբաթ» ծրագիրը, որը լայնորեն լուսաբանվել է տեղական և միջազգային մամուլում, և բազմաթիվ օտարերկրացի ինֆլուենսերներ, բլոգերներ, լուսանկարիչներ անդրադարձել են մայրաքաղաքի հուշարձաններին:
Երևան քաղաքի զբոսաշրջային կայքում և Visit Yerevan սոցիալական մեդիա էջերում ամենօրյա կտրվածքով անդրադարձ է կատարվել Երևան քաղաքի տարբեր զբոսաշրջային միջոցառումներին և պրոդուկտներին, որոնք անցկացվել են Երևանի տարբեր համայքներում, կամ ներկայացրել են տարբեր թիրախային խմբերի հետաքրքրությունները՝
https://www.instagram.com/visityerevanofficial/
https://www.youtube.com/@VisitYerevanOfficial:
GEOVIBE ընկերության հետ համատեղ, պատրաստվել է շնորհանդես, որտեղ արտացոլված են Երևանի բոլոր հյուրանոցների վիճակագրական տվյալները (վայր, կոնտակտային տվյալներ, սենյակների քանակ, թիրախային շուկա) ինչպես նաև, թե քանի հյուրանոց է անցում կատարել արևային էներգիայի սպառման: Շնորհանդեսում տեղադրված են նաև հյուրանոցների արբանյակային նկարները, որտեղ երևում են արևային վահանակները:
Բանակցություն է վարվել նաև Տուրիզմի կայուն զարգացման գլոբալ խորհրդի հետ՝ որպեսզի 2025 թվականին Երևանը անդամակցի ոլորտի ամենահեղինակավոր gstcouncil.org (GSTC) կազմակերպությանը:
4.6. Սպորտի և երիտասարդության հարցեր
Նախորդ տարվա ընթացքում անցկացվեցին մի շարք մասսայական, միջազգային և քաղաքային միջոցառումներ, որոնցից մի քանիսը՝ նախադեպային։ Կազմակերպված 15 միջազգային մրցաշարերը ներառում էին 13 մարզաձև և Հայաստան բերեցին շուրջ 1500 մարզիկների՝ 16 երկրներից: Կարևորելով հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին՝ կյանքի են կոչվել տարբեր նախաձեռնություններ՝ տարեցների ու երևանի փոքրիկ բնակիչների համար:
Նախաձեռնվել են մարզական մի շարք օջախների վերակառուցման ու կառուցման նախագծերի մշակման աշխատանքներ, որոնք գործնական փուլ կտեղափոխվեն հաջորդ տարվանից:
Երևան համայնքի ենթակայությամբ գործում են 36 մարզական կազմակերպություններ՝ 959 աշխատակիցներով և 9358 մարզիկ-մարզուհիներով։
Գործարկվել է «Մարզադպրոցների կառավարման համակարգ» էլեկտրոնային հարթակը։
«Մարզական հոգեբանների ֆեդերացիայի» հետ համագործակցության շրջանակում տեղի է ունեցել տեսագործնական սեմինար՝ համայնքի ենթակայության մարզադպրոցների տնօրենների, տարբեր մարզաձևերի մարզիչների և մարզիկների համար։ Հայկական Կարմիր խաչի հետ համագործակցության շրջանակում անցկացվել են առաջին օգնության վերապատրաստման դասընթացներ՝ համայնքի մարզական կազմակերպությունների մարզիչ-մանկավարժների և աշխատակիցների համար։
2024թ ընթացքում անցկացվել են 15 միջազգային և 21 քաղաքային մրցաշարեր, ինչպես նաև 3 համաքաղաքային մասսայական միջոցառումներ:
Համայնքի ենթակայության մարզադպրոցներն ապահովվել են անհրաժեշտ գույքով։
«Միսաք Մանուշյանի անվան» պուրակում կայացել է Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ Երևան համայնքի ենթակայությամբ գործող՝ երիտասարդության ոլորտի հետ առնչություն ունեցող կազմակերպությունների մասնակցությամբ:
Կամավորների միջազգային օրվան նվիրված՝ կազմակերպվել է Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառումը, որի շահառուն են հանդիսացել Երևանում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, ԲՈՒՀ-երի և այլ կազմակերպությունների՝ վերջին երեք տարիներին տարբեր ոլորտներում առավել ակտիվ կամավորական գործունեությամբ հանդես եկած երիտասարդներ:
4.7. Քաղաքացիական պաշտպանություն
Երևան քաղաքում հիմնվել է կենտրոնացված ազդարարման համակարգ, որը թույլ է տալիս կազմակերպել ազդարարում սկսած մեկ շչակից մինչև ամբողջ քաղաք: Նախկինում գնված շչակներից 100-ը փոխարինվել է նորերով, իսկ թվով 80 շչակներ նվիրաբերվել են Տավուշի մարզին: Ընդհանուր առմամբ Երևան քաղաքում գործում է 263 էլեկտրաշչակ:
Շարունակաբար իրականացվում են հրշեջ հիդրանտների տեղադրման աշխատանքներ, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ կազմակերպել հրդեահիջումը: 2024 թվականին, որպես արտաքին հրշեջ հիդրանտների կառուցման պիլոտային ծրագիր, պատվիրվել են թվով 26 արտաքին հիդրանտների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման աշխատանքներ: Երևան քաղաքի մանկապարտեզների համար գնվել են նախնական հրդեհաշիջման միջոցներ, մասնավորապես՝ թվով 120 հրշեջ վահանակ իր լրակազմով:
Հաշվետու ժամանակահատվածում բնակչության ուսուցման նպատակով ՆԳՆ ճգնաժամային կառավարման ակադեմիա վերապատրաստման է գործուղվել Երևանի քաղաքապետարանի և նրա ստորաբաժանումների ղեկավար կազմից 484 աշխատակից: Տարեկան հիմնական միջոցառումների պլանով նախատեսված բոլոր աշխատանքները կատարվել են, մասնավորապես՝ կազմակերպվել են թվով 99 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, թվով 12 օբյեկտային վարժանքներ, թվով 7 շտաբային վարժանքներ և 1 ցուցադրական հատուկ տակտիկական վարժանք:
Բնակչության իրազեկման համար Երևանի քաղաքապետարանը գնել է բնակչության պատսպարման վայրերի և օդային տագնապի դեպքում գործողությունները նկարագրող 15 000 տեղեկատվական պաստառ, որոնք պարբերաբար փակցվում են բազմաբնակարանային շենքների շքամուտքերում: Հետևողական աշխատանքներ են տարվում պաշտպանական կառույցների մաքրման և բնակչությանը դրանց ներգրավելու ուղղությամբ: Յուրաքանչյուր ամիս փրկարար ծառայության կողմից ստացվում է տեղեկատվություն շենքերի նկուղների վիճակի մասին, տեղեկությունը փոխանցվում է համապատասխան վարչական շրջան, կատարված աշխատանքների մասին իրազեկվում է փրկարար ծառայությունը:
Երևանի քաղաքապետարանը քննարկումներ է նախաձեռնել շահագրգիռ մարմինների հետ՝ օրենսդրական դաշտում որոշակի փոփոխություններ նախաձեռնելու ուղղությամբ: Մասնավորապես՝ քննարկվելու է փոփոխությունների անհրաժեշտությունը ՀՀ կառավարության «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշան մեջ, ՀՀ կառավարության «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշան մեջ:
5. ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Բնակիչների համար անվտանգ և հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով 2024 թվականին շարունակվել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շահագործվող ավելի քան 40 տարվա վաղեմություն ունեցող վերելակների փոխարինման ծրագիրը։ Միայն մեկ տարվա ընթացքում համայքնային միջոցներով փոխարինվել է ավելի քան 500 վերելակ։ Տեղադրվող նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։
Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման շրջանակներում համայնքի տարածքում էներգետիկ հոսքերը վերահսկելու, կառավարելու և մոնիթորինգի ենթարկելու նպատակով գործարկվել է Էներգիայի կառավարման տեղեկատվական համակարգը (այսուհետ՝ ԷԿՏՀ)։ Համայնքային ենթակայության բոլոր ՀՈԱԿ-ներում և ՓԲԸ-ներում նշանակված էներգետիկ պատասխանատուների համար իրականացվել են վերապատրաստման դասընթացներ, ուսուցանվել է ԷԿՏՀ-ից օգտվելու և այն գործածելու հմտությունները։ Ներկայում ընթանում են շենքերի վերաբերյալ ելակետային տվյալների և ցուցանիշների հավաքագրման և մուտքագրման աշխատանքներ:
Համակարգի գործարկմամբ կապահովվի համայնքի էներգետիկ կառավարման կայունությունը` նվազագույնի հասցնելով գործող համակարգերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ապահովելով նաև տնտեսական օգուտներ համայնքային բյուջեի կառավարման համար։
Ճանապարհային անվտանգության բարձրացման նպատակով իրականացվել են արտաքին լուսավորության արդիականացման աշխատանքներ, տեղադրվել նոր գերժամանակակից խելացի ԼԵԴ տեսակի լուսատուներ Վազգեն 1-ին փողոցում և Բաղրամյան պողոտայում ամբողջությամբ, ինչպես նաև՝ Կոմիտասի պողոտայում՝ մինչև Կոմիտասի պողոտա-Նիկողայոս Տիգրանյան փողոցի խաչմերուկ: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում հին նատրիումական լամպով լուսատուները փոխարինվել են ԼԵԴ տեսակի լուսատուներով: Ընդհանուր հաշվով Երևան քաղաքում տեղադրվել թվով 10 198 ԼԵԴ լուսատու, փոխարինվել՝ 83 000 մ մալուխ:
Տեղադրվել է թվային կառավարման համակարգի ստեղծման՝ հեռակառավարման վահանակի արդիականացման և թվայնացման սերվերային հանգույցը և ծրագրային ապահովումը, տեղադրվել թվով 290 կառավարման մոդուլ:
ՄԱԶԾ հետ համագործակցության իրականացվող ծրագրի շրջանակներում Անդրանիկ, Օհանով, Քրիստափոր, Լեոյի, Ծարավ Աղբյուր, Գյուլբենկյան, Տիչինա, Խորենացի, Սեբաստիա, Ա. Խաչատրյան փողոցներում և Տիգրան Մեծի պողոտայում տեղադրվել է թվով 758 ԼԵԴ լուսատու:
28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագրի շրջանակում Աճառյան, Մյասնիկյան, Վարդանանց, Ամիրյան, Հանրապետության, փողոցներում վերգետնյա մալուխները անցկացվել են ստորգետնյա եղանակով: Խորենացի և Թումանյան փողոցներում տեղադրվել են նոր հենասյուներ, նոր լուսատուները միացվել են արտաքին լուսավորության գործող ցանցին:
2024 թվականի ընթացքում նախատեսված է եղել թվով 27 հասցեներում կառուցել/վերակառուցել մոտ 11994 ԳԾՄ կոյուղատար և հեղեղատար համակարգեր, կառուցվել/վերակառուցել է մոտ 12 278 ԳԾՄ: Տարվա ընթացքում ձեռք է բերվել թվով 14 հատ աղբատար մեքենա, տարբեր վարչական շրջաններում գտնվող 204 տեղերում կենցաղային աղբի համար նախատեսված թվով 559 հատ 1100 լիտր տարողությամբ կոնտեյներների համար իրականացվել են հարթակների կառուցման աշխատանքներ:
Տարվա ընթացքում բազմաբնակարան շենքերում վերանորոգվել կամ մասնակի նորոգվել է թվով 257 շքամուտք, տեղադրվել են դռներ, փոխարինվել են պատուհաններ: Վերանորոգվել է թվով 263 շենքերի շուրջ 52144.5 քմ հարթ տանիքներ: Հիմնանորոգվել կամ մասնակի վերանորոգվել է թվով 19 թեք տանիք:
6. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
Ճանապարհների կառուցման, վերակառուցման, ընդլայնման և արդիականացման ոլորտում հիմք են դրվել կարևոր համագործակցությունների, որոնց իրականացումը կմեկնարկի հաջորդ տարիների ընթացքում։ Առկա ճանապարհների հիմնանորոգման ու բարեկարգման շրջանակներում ընդհանուր առմամբ նորոգվել է ավելի քան 50 կմ ճանապարհ: Գործընթացն իրականացվել է 45 փողոցներում՝ հիմնականում շեշտադրելով միջին նորոգման աշխատանքները: Կատարվել են գծանշումների, լուսավորության բարելավման և հետիոտնային անցումների արդիականացման միջոցառումներ։
Իրականացվել են Երևանի վարչական շրջաններում հանգստյան գոտիների, բակերի կառուցման-հիմնանորոգման աշխատանքներ: Ընթանում են Նոր Նորք վարչական շրջանի սբ. Սարգիս եկեղեցու և Դ. Բեկի փողոցի միջնամասի այգու բարեկարգման, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Վերածննդի այգու, Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակի այգու հուշարձանի և հարակից տարածքի, Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգու, Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման աշխատանքները:
Վերակառուցվել է թվով 123 բակային տարածք՝ ապահովելով հարմարավետ հանգստի պայմաններ ամեն տարիքի բնակիչների համար։
Կոմիտասի, Դավիթ Անհաղթի, Մինաս Ավետիսյանի, ինչպես նաև Քանաքեռ ՀԷԿ զբոսայգիներում կենդանիներին հատկացված տարածքներում ստեղծվել է շների 4 զբոսայգի՝ մայրաքաղաքում գործող զբոսայգիների ընդհանուր թիվը հասցնելով 7-ի:
Շարունակական է արտադպրոցական և մշակութային հաստատությունների վերանորոգման և նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգման գործընթացը: Շարունակվել են 2022-2023թթ. մեկնարկած՝ թվով 24 նախադպրոցական հաստատությունների շենքերի հիմնանորոգման աշխատանքները: Շահագործման է հանձնվել 6 մանկապարտեզ (հ. 22, 23, 44, 61, 135, 161), թվով 5 մանկապարտեզների բարեկարգված բակեր (հ.22, 23, 48, 49, 71), մեկնարկել են թվով 15 մանկապարտեզների բակերի բարեկարգման աշխատանքներ:
Իրականացվել են նաև համայնքային ենթակայության մանկապարտեզներում հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքներ (կոյուղագծերի, ջրագծերի փոխարինում, վերանորոգում, ներքին հարդարման աշխատանքներ և այլն):
Իրականացվել են առողջապահական կառույցների վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ: Վերանորոգվել են Կենտրոն վարչական շրջանի թիվ 8 պոլիկլինիկան (Կիլիկիա մասնաճյուղի), «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի վարչական շենքը, «Շտապօգնություն» ՓԲԸ N1 ենթակայանի շենքի տանիքը և ջեռուցման համակարգը, շարունակվում է Նոր Արաբկիր առողջության կենտրոնի վերանորոգումը, հիմնանորոգվում է «Թիվ 5 պոլիկլինիկա»-ն: Հաշվետու տարվա ընթացքում շարունակվել են դեռևս 2023թ. մեկնարկած՝ Լենինգրադյան փ. 16 վարչական շենքի՝ որպես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կառավարման կենտրոնի վերակառուցման աշխատանքները:
Իրականացվել են կամուրջների, ուղեանցերի, վերգետնյա անցումների և կամրջային կառույցների շահագործման և պահպանման ծառայությունների մատուցման աշխատանքներ: Ապահովվել են Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հարևանությամբ գտնվող գետնանցման հարակից տարածքի անձրևաջրերի հեռացման և սալիկների վերանորորգման աշխատանքներ, թվով 9 ստորգետնյա հետիոտնային անցումներում տեղադրվել վերելակներ: Վերանորոգվել են քաղաքի հակահրդեհային հիդրանտները: Հետիոտնի անվտագության ապահովման նպատակով տարբեր վարչական շրջանների խաչմերուկներում և անցումներում տեղադրվել են մետաղական ճաղավանդակներ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի վերջնամասում կառուցվել է պոմպակայան, որը նախատեսված է տվյալ տարածքի ոռոգման ցանցն ապահովելու համար:
7. ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում շարունակվել են աշխատանքերը Երևանի հանրային տրանսպորտի հավաքակազմի (ավտոբուս, տրոլեյբուս) համալրման ուղղությամբ:
Ձեռք է բերվել 171 հատ նոր, 8.6 մետր երկարությամբ, միջին դասի, «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի ավտոբուս: Դրանցով փոխարինվել են մասնավոր կազմակերպությունների կողմից սպասարկվող թվով 8 երթուղիների հին շարժակազմերը («Հունդաի» մակնիշի), «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող թվով 6 երթուղիների հին շարժակազմերը («ՀԻԳԵՐ» մակնիշի), ինչպես նաև համալրվել է առանձին երթուղիների (9 հատ) շարժակազմերը:
Ձեռք է բերվել 15 նոր «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի՝ շարժման ընթացքում լիցքավորվող տրոլեյբուս, որով սպասարկվում է տրոլեյբուսային հ.2 երթուղին: Երթուղու ուղեգիծը երկարացվել է մինչև Նուբարաշեն, օրական երթուղի է դուրս բերվում 13 միավոր շարժակազմ, ինչի արդյունքում շարժման միջակայքը 21 րոպեից նվազել է մինչև 14 րոպե, և զգալիորեն կանոնավորվել է երթուղու աշխատանքը։
Արդյունքում, զգալիորեն բարելավվել է երթուղիների շահագործման արդյունավետությունը, բարձրացել է սպասարկման որակը և ապահովվել է ուղևորների անվտանգ ու հարմարավետ սպասարկումը:
Նոր՝ մոտ 250 (18 մետր երկարությամբ) էլեկտրաբուսների և քաղաքային շարժունության կապիտալ ներդրումային ծրագրի հաստատման և իրականացման նպատակով պատրաստվել է հանրային ներդրումային ծրագիրը, ինչպես նաև՝ միջազգային գործընկեր կառույցի հետ համագործակցության շրջանակներում ներգրավվել են տեխնիկական աջակցություն, որը թույլ է տվել մեկնարկել ներդրումային ծրագրի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքները։ Ծրագիրը ներառում է նաև էլեկտրատրանսպորտի դեպոների վերակառուցումն ու արդիականացումը, ինչպես նաև՝ հանրային տրանսպորտի արագ երթուղու ենթկառուցվածքի պիլոտային ծրագիրը մեկ ընտրված երթուղու համար։
2024 թվականի ընթացքում տարվել են նախապատրաստական աշխատանքներ` Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում 2025թ. հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգի ներդրման համար։
Երևանի մետրոպոլիտենի ուղևորափոխադրումն առավել արդյունավետ, անվտանգ և հարմարավետ կազմակերպելու նպատակով իրականացվել են ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքներ, մասնավորապես՝ ձեռք է բերվել 32 նոր անվազույգ, գործարանային կայարանի 3 շարժասանդուղք փոխարինվել է նորով, ձեռք է բերվել նաև 1500 փայտակոճ և 20 անվասայլակ։ Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներով վերանորոգվել է դեպոյի տանիքը, փոխարինվել են դռներն ու պատուհանները, ձեռք են բերվել ակումուլյատորային կայանքների լիցքավորման համակարգեր (14 հատ) և ստացիոնար ակումուլյատորներ (684 հատ)։
Շարունակվում է հանրային տրանսպորտին առանձնացված գծեր հատկացնելու գործընթացը։ Առաջնային փուլում իրագործվում է միասնական միջանցքի գաղափարը, որով կապվում են մի քանի վարչական շրջաններ՝ հանրային փոխադրամիջոցի համար ստեղծելով անխոչընդոտ երթևեկություն:
Ճանապարհային երթևեկության կարգավորման գծով պատվիրակված լիազորությունների իրականացման շրջանակներում 6 խաչմերուկներում կահավորվել են նոր լուսացույցային օբյեկտներ, կատարվել են վերազինման աշխատանքներ 2 խաչմերուկներում` ամբողջությամբ և 3-ում` մասնակի:
Ճանապարհային երթևեկության կարգավորման և անվտանգության ապահովման մասով թվով 4 փողոցներում առանձնացվել են հասարակական տրանսպորտի համար երթևեկելի գոտիներ: Երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել ավելի քան 20 փողոցներում և 30 խաչմերուկներում: Երթևեկության անվտանգության բարձրացման նպատակով լուսացույցների տեսանելիությունը բարելավելու համար թվով 25 խաչմերուկներում տեղադրվել է լուսացույցների տեղակայման 29 կոնսոլային տիպի կանգնակ և 9 ճոպան` երթևեկելի մասի աջ կողմից երթևեկելի մասի վրա են տեղափոխվել 61 լուսացույցներ: Տեղադրվել են կամ նորով են փոխարինվել մոտ 2500 ճանապարհային նշաններ: 2 փուլով իրականացվել են գծանշումների թարմացման աշխատանքներ՝ շուրջ 2316491 գծմ ծավալով, միջին նորոգում կատարված փողոցներում իրականացվել են սառը և թերմո պլաստիկ տիպի գծանշումներ՝ շուրջ 18350 քմ ծավալով: 24/7 ռեժիմով սպասարկվել է ավելի քան 350 լուսացույցներ:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Առնո Բաբաջանյան փողոցում գտնվող թվով երկու չկարգավորվող հետիոտնային անցումներն ապամոնտաժվել են: Դրանց միջնամասում կազմակերպվել է մեկ՝ հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցով կարգավորվող հետիոտնային անցում: Եվս 30 հետիոտնային անցում նույն ձևաչափող կարգավորելու նպատակով կազմակերպվել է նախագծման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման գնման գործընթաց: Տեղադրման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերին:
8. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
2024 թվականի սեպտեմբերին Երևան քաղաքի ավագանու կողմից հաստատվել է Երևանի գլխավոր հատակագիծը, ինչը քաղաքաշինական և իրավական հենարան է ապահովում քաղաքային զարգացման ու պլանավորման գործառույթների, ենթակառուցվածքային զարգացման ու արդիականացման ծրագրերի մշակման ու իրականացման համար:
Մեկնարկել են մի շարք խոշորամասշտաբ ենթակառուցվածքային ծագրերի մշակման ու իրականացման աշխատանքները, որոնք դրականորեն կերպափոխելու են մայրաքաղաքի համայնապատկերը:
Քաղաքաշինական տեղեկատվական-վերլուծական կառավարման համակարգերի ներդրման գործընթացի շրջանակներում մշակվում են նոր կառուցվող և շինարարության ընթացքում գտնվող կառույցների եռաչափ մոդելավորումը և դրանց տեղեդրումը /տեղակապումը/ GIS համակարգում։
Քաղաքային շարժունակության և տրանսպորտային համակարգի զարգացման տեսլականի շրջանակներում արդեն իսկ ավարտին են հասցվել Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները, և դրանք գտնվում են անհրաժեշտ փորձաքննությունների փուլում: Կայարանի կառուցման հանրային ներդրումային ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը, զուգահեռաբար՝ մեկնարկել են ծրագրի իրագործման նպատակով ֆինանսական միջոցների հատկացման բանակցությունները:
Ապահովվել են «Սասունցի Դավիթ» և« Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանների միջև (Քրիստոփորի փողոց մոտակայքում) մետրոյի նոր կայարանի կառուցման տեխնիկական առաջադրանքի կազմման աշխատանքները, ինչի հիման վրա նախագծային փաստաթղթերի ձեռքբերումը նախատեսվում է 2025 թվականին համայնքային ֆինանսավորմամբ։
Մեկնարկել են նախնական ուսումնասիրությունները մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտքի կառուցման ուղղությամբ ինչպես տեղակայման տարբերակների, այնպես էլ ծրագրի իրականացման ֆինանսավորման հնարավոր մեխանիզմների մասով։
Ուլնեցի-Ռուբինյանց ավտոճանապարհի վերջնամասից մինչև Աճառյան փողոց երկաթգծի ծրագրով ավտոճանապարհի կառուցման ծրագիրը նախնական հավանության է արժանեացել ՀՀ վարչապետի ղեկավարությամբ գործող հանրային ներդրումային կոմիտեի նիստում և ուղարկվել՝ մանրամասն տեխնիկատնտեսական ուսումնասիրություն կատարելու: Այդ նպատակով տեխնիկական առաջադրանքը կազմվել է և անցել միջգերատեսչական համաձայնեցում, որի հիման վրա 2025 թվականին մեկնարկելու է մրցութային գործընթացը:
Միջազգային գործընկեր կառույցների հետ համագործակցության շրջանակներում ընթացք է տրվել Թբիլիսյան և Եղվարդի խճուղիներն իրար կապող նոր կամրջի կառուցման մանրամասն իրագործելիության ուսումնասիրության աշխատանքներին:
Երևան քաղաքում Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցման նպատակով ձեռք են բերվել նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք ներկայացվել են անհրաժեշտ փորձաքննությունների: Նախատեսվում է շինարարության մեկնարկը 2025 թվականի գարնանը:
Երևան քաղաքի Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի էսքիզային նախագծի հիման վրա մշակվել է ծրագրի իրականացնողի ընտրության մրցութային փաթեթը: Ակնկալվում է 2025 թվականին ծրագրի մեկնարկը:
Մեկնարկել է Երևանի Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհահատվածի կառուցման (Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր) ծրագրի իրագործումը: Կայացել են ծրագրի շրջանակներում տեխնիկական վերահսկողության և շինարարության մրցութային գործընթացները: Ընթացք է տրվել հողերի օտարման և տարաբնակեցման իրավական բազայի ստեղծմանը:
Երևանի էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակներում՝
- Նոյեմբերին հայտարարվել է թիվ 156 մանկապարտեզի կառուցման շինարարության մրցույթը: Պայմանագրի կնքումը և շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2025 թվականին:
- Կայացել է թվով 47 հասարակական շենքերի համար կաթսաների, ֆոտովոլտային վահանակների, արևային ջրատաքացուցիչների և լուսադիոդային լուսատուների մատակարարման, նախագծման և տեղադրման համար մրցույթը։ Մեկնարկել են պայմանագրով նախատեսված աշխատանքները: 47 հասարակական շենքերից 36-ը մանկապարտեզներ են, 9-ը՝ առողջապահական, բժշկական հաստատություններ, ինչպես նաև՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը և Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը:
- 6 մանկապարտեզի նախագծանախահաշվային փաստաթղթերը ներկայացված են համալիր փորձաքննության, և դրական եզրակացությունից հետո կմեկնարկի շինարարության մրցույթային գործընթացը:
- Պատրաստվել է ևս 26 մանկապարտեզների և 6 պոլիկլինիկաների նախագծային փաստաթղթերի կազմման մրցութային գործընթացը, որը կմեկնարկի 2025 թվականին:
9. ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ
«E-Services» էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի մշակման և ներդրման ուղղությամբ 2024 թվականի ընթացքում իրականացվել է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, կարիքների հստակեցում, մանրամասն տեխնիկական առաջադրանքի մշակում: Մեկնարկել են հարթակի փուլային՝ ըստ առանձին բաղադրիչների էլեկտրոնային ծառայությունների մշակման և գործարկման աշխատանքները։ Տարեվերջին հարթակի առաջին՝ «Միասնական օգտահաշվի» (single sign-on/ KYC with AI) կոմպոնենտը մտել է կիրառության մեջ:
Արդիականացվել է քաղաքային զարգացմանն ուղղված առաջարկների ներկայացման և քվեարկությունների https://activecitizen.yerevan.am/ Բլոքչեյն տեխնոլոգիայի հիմքով կայքը: Գործարկվել է նաև քաղաքային խնդիրների ներկայացման «Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածը, դրանից և զանգերի կենտրոնից ստացվող տեղեկատվության մշակման, կատարողներին փոխանցման, վերահսկման և վերլուծությունների հարթակը:
Ներդրվել է տարածատեղեկատվական միասնական GIS համակարգը՝ գեոպորտալը, որի շրջանակում գործարկվել են քաղաքաշինության, շինարարության և բարեկարգման, անշարժ գույքի, առևտրի և սպասարկման, արտաքին գովազդի, տրանսպորտի, կրթության, բնապահպանության և այլ ոլորտներին վերաբերող շուրջ 20 թեմատիկ հարթակներ, որոնցից ոմանք արդեն իսկ բաց հասանելի են հանրությանը։
Տեխնիկական բարելավումներ են ապահովվել քաղաքապետարանի և ենթակա շուրջ 470 կառույցների համար գործող մարդկային ռեսուրսների կառավարման համակարգում։
Մեկնարկել են համայնքի նկատմամբ պարտավորությունների ինքնաշխատ հաշվառման և ծանուցումների հարթակի ծրագրավորման աշխատանքները՝ որպես «E-Services» էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի բաղադրիչ:
10. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2024 թվականին ընդլայնվել և զարգացել է միջազգային համագործակցությունը։
Երևանի և Աստանայի միջև ստորագրվել է համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տեղական ինքնակառավարման, քաղաքային տնտեսության ծառայությունների կառավարման, մշակույթի, սպորտի, կրթության և զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական ապահովության և առողջապահության, հասարակական տրանսպորտի և երթևեկության կառավարման, ինչպես նաև գործարար շրջանակների ու մի շարք այլ ոլորտներում։ Տարին նշանավորվեց Երևանի և Հռոմի միջև «Բարեկամության և համագործակցության» համաձայնագրի, ինչպես նաև՝ Երևանի և Լոս Անջելեսի միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, որով նախատեսվում է համագործակցություն ծավալել տեխնոլոգիաների օգտագործմամբ բարձրորակ ծառայություններ մատուցելու, «խելացի» լուծումներ մշակելու և թվային փոխակերպումն իրականացնելու նպատակով:
Տարվա ընթացում կազմակերպվել են պաշտոնական և աշխատանային այցեր Քիշինև, Թբիլիսիի, Լիոնի, Մարսել, Մոնպելյե, Փարիզ, Լիոն, Համբուրգ, Շտուտգարդ, Լայպցիգ, Բեռլին, Լոզան, Իլ դը Ֆրանս շրջան, Տաշքենդ, Սպահան, Սոֆիա, Մոսկվա, Թբիլիսի, Պրահա, որոնց շրջանակներում քննարկվել են քաղաքների միջև համագործակցության ոլորտներն ու նոր հնարավորությունները:
Ակտիվ աշխատանք է տարվեր Երևանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև համագործակցության համաձայնագրի շրջանակներում, հատկապես՝ քաղաքային տրանսպորտային ցանցի և կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում վերլուծական նյութերի մշակման և պիլոտային ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Երևանի և Նիցցայի միջև համագործակցության շրջանակներում կազմակարեպվել է հայ բժիշկների բժշկական պրակտիկան Նիցցայի Լենվալ հիվանդանոցում:
Տեղի են ունեցել ոլորտային պատասխանատուների և մասնագետների ուսումնական և փորձի փոխանակման բազմաթիվ այցեր քաղաքային կառավարման արդիական թեմաների շրջանակներում, մասնավորապես՝ Պեկին («Կանաչ տնտեսություն և շրջակա միջավայրի պահպանություն», «Նոր զարգացող քաղաքների կառավարում դասընթացին» թեմայով դասընթացներ), Շանհայ («Ուրբանիզացիան զարգացող երկրներում» թեմայով դասընթաց), Ցինդաո («Աղքատության կրճատման դեմ պայքարի վերաբերյալ Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների համար կազմակերպված» թեմայով դասընթաց), Գրաց («Կայուն քաղաքային տրանսպորտ» թեմայով դասընթաց»), Շտուտգարդում (INTERGEO 2024 ցուցահանդես), Բարսելոնա («Smart City Expo» համաշխարհային կոնգրես), Չենգդու («Սիչուանի միջազգային բարեկամ քաղաքների համագործակցության և զարգացման 2024 թ.» ֆորում):
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|