Գլխավոր տեղեկություն
Համար
N 308-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 20.03.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2025 թվականի N 308-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝

«3.1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից արտահանման սահմանափակման ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության ծագման որոշ ապրանքների վերամշակման համար որպես շրջանառու միջոց ներգրավվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման (օժանդակության) նպատակային ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի։».

2) 4-րդ կետից հանել «NN 1 և 2» բառերը.

3) լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում՝

1) Հայաստանի Հանրապետությունում գործող և լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կնքել սույն որոշմամբ լրացվող N 3 հավելվածի իրականացումն ապահովող պայմանագրեր.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 308-Լ որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 26-ի N 355-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐՊԵՍ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ (ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ) ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Սույն նպատակային ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության ծագման որոշ ապրանքների վերամշակման համար որպես շրջանառու միջոց ներգրավվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում արտադրական շղթայի երկարացմանը, տեղական հումքի ավելի խորը վերամշակմանը, արտադրության անընդհատության ապահովմանը, արտադրության ծավալների ավելացմանը և տնտեսական աճին։

 

2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

2. Սույն նպատակային ծրագրի իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:

 

3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

 

3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի) տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի, որի դեպքում վարկերի վերադարձի ռիսկը կրում են ֆինանսական կազմակերպությունը կամ միջազգային զարգացման կազմակերպությունը կամ երկուսը միասին:

 

4. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

4. Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի համար, որոնք, որպես շրջանառու միջոց, տրամադրվում են տնտեսավարողներին Հայաստանի Հանրապետության ծագման երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (ԱՏԳ ԱԱ 7206), երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ (ԱՏԳ ԱԱ 7207), այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից (ԱՏԳ ԱԱ 7224), զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ (ԱՏԳ ԱԱ 7403), չմշակված ալյումին (ԱՏԳ ԱԱ 7601), ալյումինի փոշիներ և թեփուկներ (ԱՏԳ ԱԱ 7603) ապրանքների (այսուհետ՝ ապրանք) վերամշակման համար ձեռքբերման նպատակով։

 

5. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

 

5. Օժանդակության գործիքի կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

1) արժույթը՝ դրամով.

2) ժամկետը՝ 1 տարի.

3) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով և ապրանքի առուվաճառքի (մատակարարման) մասին պայմանագրի հիման վրա.

4) վարկի գումարը կազմում է տեղական արտադրողի կողմից արտադրված ապրանքի վերամշակման համար ձեռքբերման նպատակով պահանջվող դրամական միջոցի չափը (ներառյալ ԱԱՀ-ն).

5) վարկի գումարի չափը չի կարող գերազանցել 2 մլրդ Հայաստանի Հանրապետության դրամը.

6) վարկի տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր/տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի միջոցով.

7) վարկային պայմանագրով նախատեսված ապրանքի ձեռքբերումը վարկառուի կողմից չիրականացվելու դեպքում ամբողջ տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է վարկառուն, իսկ վարկային պայմանագրով նախատեսված վարկային միջոցների ոչ նպատակային օգտագործումը բացահայտվելու դեպքում՝ սուբսիդավորումը դադարում է, և մինչ այդ սուբսիդավորված ամբողջ գումարը վերադարձվում է պետական բյուջե։ Ընդ որում, վարկային միջոցների ոչ նպատակային օգտագործման մոնիթորինգն իրականացվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից։

6. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարում է վերամշակման համար ձեռք բերված ապրանքի օտարման դեպքում՝ այդ ապրանքի օտարման պահից, և մինչ այդ սուբսիդավորված ամբողջ գումարը վերադարձվում է պետական բյուջե։

7. Վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումը մեկնարկում է վարկի տրամադրման օրվանից և շարունակվում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված վարկի տոկոսադրույքների նկատմամբ։

8. Տոկոսադրույքների սուբսիդավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։

 

6. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Նպատակային ծրագրի շրջանակներում վարկ ստանալ ցանկացող տնտեսավարողը, որը համապատասխանում է նպատակային ծրագրով նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում, նպատակային ծրագրի պայմանների համաձայն, կիրականացվի վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում՝ նպատակային ծրագրի 10-րդ կետով սահմանված չափերով։

10. Մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկի տոկոսադրույքի՝ սույն նպատակային ծրագրի շրջանակներում սուբսիդավորման չափը կազմում է նպատակային ծրագրով սահմանված Հայաստանի Հանրապետության ծագման ապրանքների վերամշակման նպատակով ձեռքբերման դեպքում՝ վարկի տոկոսադրույքի 10%:

11. Նպատակային ծրագիրը գործելու է սույն որոշման N 3 հավելվածն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից հետո վերցված վարկերի մասով։

12. Որպես օժանդակության տրամադրման ժամանակահատված ընդունվում է նպատակային ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո նպատակային ծրագրով նախատեսված վարկերի տրամադրման օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։

13. Նպատակային ծրագրին կարող են մասնակցել նպատակային ծրագրի պայմանները բավարարող բոլոր տնտեսավարողները՝ անկախ պետական աջակցության այլ նպատակային ծրագրերին մասնակցած լինելու փաստից։

14. Նպատակային ծրագրի շրջանակներում ֆինանսավորում ստանալու նպատակով ֆինանսական կազմակերպությունները յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 5-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում ֆինանսավորման հայտ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հաստատած ձևի։

15. Ֆինանսական կազմակերպություններին ֆինանսավորումն իրականացվում է 8-րդ կետում նշված պայմանագրի պայմաններին համապատասխան։

16. Նպատակային ծրագրի շրջանակներում ֆինանսական կազմակերպությունները հաշվետու տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում պարտավոր են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել նպատակային ծրագրի պայմաններին համապատասխանության վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություն, որը կպարունակի նաև Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից թողարկված հավաստիացման (բացի աուդիտից և դիտարկումից) միջազգային 3000 ստանդարտի (ISAE) համաձայն եզրակացություն՝ թողարկված 400 մլն դրամ և ավելի տարեկան շրջանառություն ունեցող աուդիտորական կազմակերպության կողմից, որը պետք է գրանցված լինի «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում։

17. Մոնիթորինգի շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացված փաստաթղթերը տարեկան հաշվեքննության շրջանակներում, տնտեսավարողի համաձայնությամբ, տրամադրվելու են Հաշվեքննիչ պալատին։»։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ