Գլխավոր տեղեկություն
Համար
N 334-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2025 թվականի N 334-Ն

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՀԵՏԿԱՆՉՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԻՄՔԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման հիմքերը, դեպքերը և կարգը՝ համաձայն N 1 հավելվածի․

2) վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

21.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 334-Ն որոշման

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՀԵՏԿԱՆՉՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջներին չհամապատասխանող շուկայահանված ոչ պարենային արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի (այսուհետ՝ վտանգավոր արտադրանք) իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման հետ կապված իրավահարաբերությունները։

2. Վտանգավոր արտադրանքի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման կազմակերպման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված խախտման հիման վրա, տեսչական մարմնի պաշտոնատար անձի կողմից կազմված հանձնարարականները (կարգադրագրերը) արձակում է համապատասխան լիազոր տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):

 

2. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՀԵՏԿԱՆՉՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ

 

3. Վտանգավոր արտադրանքի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման հիմքերն են այն խախտումներն ու թերությունները, որոնք հայտնաբերվել են՝

1) լաբորատոր փորձարկումների արդյունքով.

2) արտաքին զննության արդյունքով.

3) փաստաթղթային, չափման միջոցի կիրառման միջոցով.

4) մարդու առողջությանը և անվտանգությանը, շրջակա միջավայրին, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությանը վնաս պատճառելու արձանագրված դեպքերով։

4. Վտանգավոր արտադրանքի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման դեպքերն են՝

1) տեսչական մարմնի կողմից վերահսկողության շրջանակներում արձանագրված խախտումները.

2) արտադրողի (առաքող, վաճառող, ներմուծող) (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ) կողմից հայտնաբերված խախտումները։

 

3. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՀԵՏԿԱՆՉՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

5. Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված արտադրանքը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված նորմերին, ապա նա պարտավոր է՝

1) անմիջապես կասեցնել վտանգավոր արտադրանքի ներմուծումը կամ իրացումը.

2) կազմակերպել և իրականացնել այդ արտադրանքի հետկանչը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկացնել տեսչական մարմնին, այլ պետական մարմիններին, տվյալ արտադրանքի մատակարարին, սպառողին։

6. Տնտեսավարող սուբյեկտը վտանգավոր արտադրանքի տվյալ խմբաքանակն ինքնուրույն է հետ կանչում սպառողից՝ եռօրյա ժամկետում իրազեկելով դրա մասին տեսչական մարմնին և ազգաբնակչությանը զանգվածային լրատվության միջոցներով, հետ կանչված արտադրանքի համար տալիս է փաստաթուղթ (ստացական) և մինչև 45 աշխատանքային օրվա ընթացքում խախտումները և թերությունները վերացնելու հնարավորության դեպքում դրանք վերացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է սպառողին, ինչպես նաև տեսչական մարմնին՝ իրենց պաշտոնական կայքում տեղեկատվությունը տեղադրելու համար։

7. Վտանգավոր արտադրանքի խախտումները և թերությունները վերացնելու անհնարինության դեպքում տնտեսավարող սուբյեկտը 30 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ արտադրանքն օգտահանում է, իսկ օգտահանման անհնարինության դեպքում՝ ոչնչացնում։ Օգտահանման կամ ոչնչացման գործընթացը նախապես գրավոր համաձայնեցվում է տեսչական մարմնի հետ։

8. Տեսչական մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի ամբողջ խմբաքանակի հետկանչման, իրացման կասեցման, ոչնչացման, օգտահանման վերահսկողությունը և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը՝ այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով կամ լիազոր մարմնի պաշտոնական կայքի միջոցով իրազեկելով ազգաբնակչությանը:

9. Եթե վտանգավոր արտադրանքն ունի համապատասխանության գնահատման փաստաթուղթ, ապա արտադրանքի վտանգավոր լինելու կամ օգտահանման կամ ոչնչացման ենթակա լինելու մասին որոշման ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեսչական մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխան ոլորտում քաղաքականություն մշակող պետական կառավարման համակարգի մարմնին:

10. Տեսչական մարմինը հայտնաբերված վտանգավոր արտադրանքի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման գործընթացն իրականացնում է՝ տնտեսավարող սուբյեկտներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված խախտման հիման վրա կազմված հանձնարարականները (կարգադրագրերը) տալու միջոցով՝ սահմանելով ժամկետներ, որոնք համաձայնեցվում են տնտեսավարող սուբյեկտի հետ` բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու համար։

11. Տնտեսավարող սուբյեկտի կողմից գրավոր հանձնարարականը (կարգադրագիրը) համարվում է կատարված դրանում նշված ժամկետի ավարտից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում տեսչական մարմնին դրա մասին գրավոր տեղեկացնելու դեպքում: Սույն կետում նշված ժամկետում հանձնարարականի (կարգադրագրի) կատարման վերաբերյալ տեսչական մարմնին գրավոր չտեղեկացնելը համարվում է հանձնարարականի (կարգադրագրի) չկատարում:

12. Այն պարագայում, եթե բացահայտված խախտումները և թերությունները վերացնելն անհնար է, ապա ոչնչացումը կամ օգտահանումն իրականացնում է տնտեսավարող սուբյեկտը՝ իր միջոցների հաշվին՝ տեսչական մարմնի կողմից սահմանված ժամկետում, որը համաձայնեցվում է տնտեսավարող սուբյեկտի հետ։

13. Տնտեսավարող սուբյեկտի կողմից գրավոր հանձնարարականով (կարգադրագրով) նշված խախտումները և թերությունները վերացվելուց հետո նրա դիմումի հիման վրա այդ արտադրանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվում է համապատասխանության գնահատման՝ ստանալով համապատասխանության գնահատման փաստաթուղթ։

14.Գրավոր հանձնարարականով (կարգադրագրով) նախատեսված սահմանափակող միջոցները վերացնում է տեսչական մարմնի ղեկավարը` տնտեսավարող սուբյեկտի դիմումով՝ հանձնարարականի (կարգադրագրի) կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


21.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 20-ի N 334-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՀԵՏԿԱՆՉՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

1. Ցածրավոլտ սարքավորումներ

2. Օծանելիքակոսմետիկական արտադրանք

3. Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք

4. Խաղալիքներ

5. Հրատեխնիկական արտադրատեսակներ

6. Սինթետիկ հիմքով լաքեր և ներկեր

7. Մակերևութաակտիվ միջոցներ և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցներ

8. Ցեմենտ

9. Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինի, դիզելային և նավային վառելիքի, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիք և մազութ

10. Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանք

11. Ծխախոտային արտադրանք

12. Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն

13. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանք

14. Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազ

15. Հանքային պարարտանյութեր

16. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառման

17. Գազանման վառելիքով աշխատող սարքավորում

18. Թեթև արդյունաբերության արտադրանք

19. Քսանյութեր, յուղեր և հատուկ հեղուկներ

20. Փաթեթվածքի անվտանգություն

21. Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումներ

22. 1000 Վ-ից բարձր լարման փոխարկման էլեկտրական ապարատ

23. Շինարարական ապակիներ

24. Կահույքագործական արտադրանք

25. Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


21.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2025 թվական: