ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2025 թվականի N 312-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման հավելվածի 8-րդ կետի 10-րդ ենթակետում «ծրագիրը պետք է իրականացվի» բառերը փոխարինել «ծրագրի շրջանակում շահառուն ջերմատան կառուցման և մոնտաժման աշխատանքները պետք է իրականացնի» բառերով, իսկ «(ներառյալ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը)» բառերը փոխարինել «(բացառությամբ կառուցման և մոնտաժման համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման դեպքի, որը կարող է իրականացվել ինչպես շահառուի, այնպես էլ կապալառուի կողմից)» բառերով․
2) որոշման հավելվածի 11-րդ կետի 4-րդ ենթակետը «հաշվեհամարին։» բառից հետո լրացնել «Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ ամիս ներկայացվող սուբսիդավորման հայտի մեջ ներառվում են բացառապես նախորդ ամսվա համար հաշվարկված (բացառությամբ՝ ծրագրի 9-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված արտոնյալ ժամկետին և դադարի շրջանին հաջորդող ամիսների համար հաշվարկման դեպքի) և նախորդ ամսվանից սկսած նոր շահառուների (կամ բացառապես նախորդ ամսվա մեջ նոր ձեռք բերված սուբսիդավորման իրավունքից օգտվող շահառուների) սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքների գումարները։» նախադասությամբ։
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի դրույթը տարածվում է նաև 2024 թվականի հուլիսի 26-ից հետո ծագած հարաբերությունների վրա (արդեն իսկ կնքված վարկային պայմանագրերի դրույթներում համապատասխան փոփոխություն կատարելու պայմաններում)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|