ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2025 թվականի N 318-Ն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆՈՂ ԵՎ ՈՐՈՇԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ՏԱՍՆՎԵՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ՝ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականիմարտի 20-ի N 318-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆՈՂ ԵՎ ՈՐՈՇԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ՏԱՍՆՎԵՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ՝ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքին համապատասխան մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 101.1-ին հոդվածով նախատեսված աշխատանքային պայմանագրի հիման վրա որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում (այսուհետ՝ սույն կարգի 1-ին կետով նախատեսված աշխատանքներ) ներգրավելու, նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները։
2. ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
2. Մինչև սույն կարգի 1-ին կետով նախատեսված աշխատանքներում ներգրավումը՝ ուսանողն ուսումնական հաստատության միջոցների հաշվին անցնում է բժշկական զննություն, եթե գործատուի հետ կնքված պայմանագրով բժշկական զննությունը չի իրականացվում գործատուի միջոցների հաշվին։
3. Աշկերտին աշխատանքի ներգրավելուց առաջ գործատուն և մասնագիտական ուսումնական հաստատությունը պետք է խորհրդակցեն և համագործակցեն միմյանց հետ՝ գնահատելու համար աշխատանքային գործունեությամբ պայմանավորված աշկերտի կյանքին և առողջությանը (այդ թվում՝ ֆիզիկական և մտավոր զարգացմանը) սպառնացող ռիսկերը և ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ դրանք կանխարգելելու և նվազագույնի հասցնելու ուղղությամբ։ Աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման վերաբերյալ համագործակցության շրջանակը սահմանող պայմանագրով գործատուն մասնագիտական ուսումնական հաստատությանը տրամադրում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը։
4. Աշկերտին հանձնարարվող աշխատանքներում պետք է հաշվի առնվի աշկերտի տարիքը, ֆիզիկական և մտավոր հասունության մակարդակը, անվտանգության մասին տեղեկացվածության և աշխատանքային փորձառության պակասը։
5. Նախքան աշխատանքի ներգրավելը գործատուն պարտավոր է աշկերտին և նրա օրինական ներկայացուցչին ծանոթացնել սույն կարգին, տրամադրել տեղեկատվություն աշկերտի աշխատանքային պարտականությունների մասին, այդ թվում՝ ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող հանձնարարվելիք կոնկրետ աշխատանքների վերաբերյալ, աշխատանքային պարտականություններով պայմանավորված՝ արտադրական և սպասարկման ոլորտի օբյեկտներում տեխնածին վթարների, արտադրական պատահարների և դրանց հետևանքների, դրանցից պաշտպանվածության համար ձեռնարկվելիք միջոցառումների մասին։ Տեղեկատվության տրամադրումը հավաստվում է աշկերտի և նրա օրինական ներկայացուցչի ստորագրությամբ կազմվող գրավոր փաստաթղթով, որի մեկ օրինակը պահվում է գործատուի մոտ, իսկ մյուսը տրամադրվում է աշկերտին (նրա օրինական ներկայացուցչին)։
6. Աշկերտի աշխատանքը պետք է իրականացվի ոլորտում մասնագիտական բավարար գիտելիքներ և փորձ ունեցող չափահաս անձի (մասնագիտական ուսուցման հրահանգչի) հսկողության ներքո, որը նշանակվում է գործատուի կողմից։
7. Մինչև աշխատանքն սկսելը գործատուն աշկերտին տրամադրում է անվտանգ աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ, անցկացնում ուսուցում և հրահանգավորում՝ արտադրական սարքավորումներից անվտանգ օգտվելու կանոնների, տեխնածին վթարների, ինչպես նաև արտադրությունում օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի հետ աշխատելու կանոնների, աշխատանքային գործունեությանն առնչվող այլ հնարավոր ռիսկերի, դրանց կանխարգելման և պատահարների դեպքում՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար։ Ուսուցումն ու հրահանգավորումը կրկնվում են պարբերաբար՝ վեց ամիսը մեկ անգամ։
8. Աշկերտի անվտանգության և առողջության պաշտպանության հարցերում տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև միջոցառումների պլանավորման, իրականացման և մշտադիտարկման համար գործատուն կարող է ներգրավել բժիշկ, աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման ծառայություն կամ մասնագետ։
9. Աշկերտի առողջության պահպանման և անվտանգությունն ապահովելու համար գործատուն, օրենսդրությամբ և իր ներքին իրավական ակտերով սահմանված կարգով, պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, այդ թվում՝
1) աշխատանքի կատարման համար անհրաժեշտ նյութերի և գործիքների պատշաճ որակ և դրանք ժամանակին տրամադրել.
2) առողջության համար աշխատանքի անվտանգ և անվնաս պայմաններ (անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանումը, պատշաճ լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը, սահմանված նվազագույն նորմաներից ցածր աղմուկը, ճառագայթումը, վիբրացիան և աշխատողի առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ գործոններ).
3) հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ.
4) անհատական պաշտպանության միջոցներ․
5) զգեստափոխվելու, հագուստը, կոշիկները, անհատական պաշտպանության միջոցները պահպանելու համար սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ կամ համապատասխան առանձնացված տարածքներ` լվացարաններով, ցնցուղարաններով և զուգարաններով․
6) հասանելի և անարգել արտակարգ ելքեր՝ անհրաժեշտ նշաններով և լուսավորությամբ․
7) հրդեհաշիջման միջոցներ, առաջին օգնության փաթեթներ և ազդանշանային համակարգեր՝ պատշաճ հրահանգներով․
8) վտանգավոր տարածքներում մանրամասն տեղեկատվական նշաններ՝ հնարավոր ռիսկերի և անհրաժեշտ նախազգուշական միջոցների նկարագրությամբ։
10. Եթե աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում աշկերտը ներգրավվում է ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, նա չի կարող իրականացնել ալկոհոլային խմիչքների համտես, իսկ գործատուն պետք է աշկերտին զերծ պահի աշխատավայրում ալկոհոլային խմիչքների սպառումից։
11. Գործատուն պարտավոր է զերծ պահել աշկերտին նրա առողջությանը, անվտանգությանը և բարոյականությանը վտանգող աշխատանքային միջավայրից, ապահովել հարգալից և աջակցող աշխատանքային մթնոլորտ։
12. Գործատուն պետք է աշխատավայրի՝ աշկերտի համար տեսանելի վայրում փակցնի սույն կարգը, աշկերտի աշխատանքի և հանգստի ռեժիմը, հանգստի կամ սնվելու համար, լրացուցիչ և հատուկ ընդմիջումները, ինչպես նաև իրավասու վերահսկող մարմնի գտնվելու վայրը և հեռախոսահամարը։
13. Աշխատանքի վայրում կամ աշխատանքային գործառույթները կատարելիս այլ վայրում աշկերտի կյանքի կամ առողջության հետ կապված ցանկացած դժբախտ պատահարի կամ մասնագիտական հիվանդության մասին գործատուն պետք է անհապաղ հաղորդի մասնագիտական ուսումնական հաստատությանը։
14. Մասնագիտական ուսումնական հաստատությունները վարում են սույն կարգի 1-ին կետով նախատեսված աշխատանքներում ներգրավված աշկերտների վիճակագրություն, որը տեղեկատվություն է պարունակում աշխատանքի բնույթի, աշխատանքներն սկսելու և ավարտելու ժամկետների վերաբերյալ։
15. Մասնագիտական ուսումնական հաստատությունը, գործատուի հետ համաձայնեցված ժամանակացույցով, սակայն ոչ պակաս, քան կիսամյակի ընթացքում առնվազն երկու անգամ այցելելում է գործատուին՝ հսկելու գործնական աշխատանքային ուսուցման ընթացքը և դրա համապատասխանությունն ուսումնառության վերջնարդյունքներին։
16. Մասնագիտական ուսումնական հաստատությունը կրթության պետական կառավարման լիազոր մարմնին անհապաղ տեղեկացնում է աշկերտի աշխատանքի հետ կապված դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների վերաբերյալ։
17. Կրթության պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է սույն կարգի 1-ին կետով նախատեսված աշխատանքներում ներգրավման արդյունավետության գնահատում, աշկերտի աշխատանքի հետ կապված արձանագրված պատահարների մշտադիտարկում և ստացված տվյալները հաշվի է առնում մասնագիտական կրթական ծրագրի տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագիրը կամ մասնագիտական կրթության համապատասխան որակավորման պետական կրթական չափորոշիչները մշակելիս և դրանք փոփոխելիս։
18. Սույն կարգի պահպանման վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի ոլորտի տեսչական մարմինը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Եթե վերահսկողության արդյունքում տեսչական մարմինը գտնում է, որ աշկերտի կողմից իրականացվող աշխատանքն իր բնույթով այնպիսին է, որ վտանգում է նրա առողջությունը (այդ թվում՝ ֆիզիկական և մտավոր զարգացումը), բարոյականությունը կամ սպառնում է նրա անվտանգությանը, համապատասխանաբար ծանուցում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնին և համապատասխան մասնագիտական ուսումնական հաստատությանը, որպեսզի վերջիններս ձեռնարկեն իրենց իրավասությունից բխող անհրաժեշտ միջոցառումներ։
19. Սույն կարգով սահմանվող հարաբերությունների շրջանակում նախատեսված պահանջները գործատուի կողմից խախտվելու դեպքում վերջինս ենթակա է պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|