Գլխավոր տեղեկություն
Համար
N 28
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.11.1988-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀՄԻՆԽՈՐՀՈԵՎԿ 1980/հունվար
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.01.1980
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

հայկական սսհ մինիստրների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

21 հունվարի 1980 թ. N 28

Քաղ. Երևան

 

ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1979 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի «ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՍՍՀՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 1009 ՈՐՈՇՈՒՄԸ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Ի կատարումն ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1979 թ. նոյեմբերի 12-ի «Մշակույթի արժեքները ապօրինաբար ՍՍՀՄ սահմաններից դուրս բերելը կանխելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին» N 1009 որոշման.

ա) Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությանը.

1980 թվականից սկսած իրականացնել ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, գործող եկեղեցիներում կրոնական միավորումների կամ կրոնական պաշտամունքների կատարման այլ տեղերի սեփականություն հանդիսացող կամ նրանց մոտ օգտագործվող, ինչպես նաև կոլեկցիոներների կամ այլ քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող գեղարվեստական, պատմական կամ մշակութային այլ արժեքներ հայտնաբերելու և հաշվառելու աշխատանքներ:

Հայկական ՍՍՀ մինիստրություններին ու գերատեսչություններին, ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմներին, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Արտասահմանյան տուրիզմի վարչությանը, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և կուլտուրական կապի հայկական ընկերությանը և Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեին` համակողմանիորեն աջակցել Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությանը նշված միջոցառումների իրականացման գործում.

ուժեղացնել վերահսկողությունը թանգարաններում, գեղարվեստական պատկերասրահներում, ինչպես նաև պահոցներում գտնվող գեղարվեստական, պատմական կամ մշակութային այլ արժեքների պահպանության նկատմամբ, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից.

միջոցներ ձեռնարկել թանգարաններում, գեղարվեստական պատկերասրահներում և մյուս պահոցներում գտնվող մշակույթի արժեքների պահպանման պայմանները բարելավելու համար, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից. անհրաժեշտության դեպքում այդ նպատակով տրամադրել հատուկ սարքավորված շենքեր.

կուլտուրայի կառավարման պետական մարմինների տնօրինության տակ գտնվող թանգարաններին և մյուս պահոցներին կից ստեղծել հատուկ սարքավորված շենքեր` քաղաքացիներին պատկանող նշանակալից գեղարվեստական, պատմական կամ մշակութային այլ արժեք ներկայացնող հավաքածուների և առանձին առարկաների պահպանման գործում քաղաքացիներին ծառայություններ ցույց տալու համար.

բ) Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությանը` Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության հայտերով ամեն տարի բյուջեում նախատեսել անհրաժեշտ միջոցներ գեղարվեստական, պատմական կամ մշակութային այլ արժեքների կոնսերվացման ու ռեստավրացիայի առաջնահերթ աշխատանքների համար.

գ) Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության սիստեմում ստեղծել մշտապես գործող գեղարվեստական սրահ-ցուցահանդեսներ Երևան, Լենինական և Կիրովական քաղաքներում, նրանց վրա դնելով.

բնակչությունից գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների և անտիկվարային առարկաների ձեռքբերումը Հայկական ՍՍՀ թանգարանային ֆոնդը կոմպլեկտավորելու համար.

մշակութային արժեքների վաճառքը կոմիսիոն հիմունքներով.

սովետական նկարիչներից արվեստի ստեղծագործությունների գնումը` հանրապետությունում այդ ստեղծագործությունների գեղարվեստական ցուցահանդես-վաճառքներ անցկացնելու համար:

Սահմանել, որ Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունը իրավունք ունի, անհրաժեշտության դեպքում, պայմանագրային հիմունքներով որպես փորձագետներ ներգրավելու որակյալ արվեստագետ-մասնագետների` մշակույթի և արվեստի ստեղծագործությունները գնահատելու և գնման-վաճառքի ու ՍՍՀՄ-ի սահմաններից դուրս տանելու հարցերը լուծելու համար:

Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության սիստեմում գեղարվեստական սրահ-ցուցահանդեսներ ստեղծելուն համեմատ` Հայկական ՍՍՀ Առևտրի մինիստրությանը` Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության ներկայացմամբ փակել արվեստի և անտիկվարային ստեղծագործությունների վաճառքի գոյություն ունեցող կոմիսիոն խանութները:

Այդ կապակցությամբ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1970 թվականի ապրիլի 17-ի N 201 որոշմամբ հաստատված` Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության մասին կանոնադրության 6-րդ կետի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակության պարբերությամբ.

«կազմակերպում է գեղարվեստական, պատմական կամ մշակութային այլ արժեքների, ինչպես նաև անտիկվարային իրերի գնման ու վաճառքի աշխատանքը և իրականացնում է այդ ուղղությամբ գործունեության վերահսկողությունը».

դ) հանձնարարել ժողովրդական դեպուտատների Երևանի, Լենինականի և Կիրովականի քաղաքային սովետների գործկոմներին.

1980-1981 թվականների ընթացքում Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությանն անհրաժեշտ շենքեր հատկացնել` գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների և անտիկվարային առարկաների վաճառքի սրահ-ցուցահանդեսներ կազմակերպելու համար.

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություն ներկայացնել Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությանը Երևան, Լենինական և Կիրովական քաղաքներում առանձին շենքեր հատկացնելու մասին` թանգարաններում, գեղարվեստական պատկերասրահներում և մյուս հիմնարկներում գտնվող մշակույթի արժեքների պահոցներ կազմակերպելու համար, ինչպես նաև քաղաքացիներին պատկանող հավաքածուների պահպանման գործում նրանց ծառայություններ ցույց տալու համար.

ե) Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությանը և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչությանը` Հայկական ՍՍՀ Ներքին գործերի մինիստրության հետ միասին մեկամսյա ժամկետում որոշել թանգարանների և գեղարվեստական, պատմական կամ մշակութային այլ արժեքներ պահելու մյուս տեղերի ցանկը, որտեղ պարտադիր կարգով պետք է պայմանագրային հիմունքներով սահմանված լինի միլիցիայի պահակություն, և համապատասխան առաջարկություն ներկայացնել ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրություն.

զ) Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչությանը` վերականգնման արվեստանոցի կազմում ստեղծել գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության և կիրառական արվեստի բաժին, նրա վրա դնելով ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կրոնական միավորումների և մասնավոր անձանց հայտերով արվեստի ստեղծագործությունների ռեստավրացիայի աշխատանքները:

2. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1979 թ. նոյեմբերի 12-ի N 1009 որոշմամբ.

ա) ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրությանը թույլ է տվել`

Մինիստրության Կերպարվեստների և հուշարձանների պահպանության վարչության կազմում ստեղծել գեղարվեստական փորձաքննության և մշակույթի արժեքները արտասահմանում տանելու վերահսկողության բաժին` 9 մարդ թվաքանակով, համապատասխանաբար ավելացնելով ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրության կենտրոնական ապարատի հաստիքների թիվը և աշխատավարձի ֆոնդը.

մաքսային վերահսկողության կետերում` Բրեստում, Վիբորգում, Վադուլ-Սիրետայում, Գրոդնոյում, Կիևում, Լենինգրադում, Մոսկվայում, Մոստիսկում, Նախոդկայում, Օդեսայում, Պուլկովոյում, Տալինում, Տաշքենդում, Ունգենոմ, Խաբարովսկում, Չոպում և Շերեմետևոյում կազմակերպել 2-4 մարդուց բաղկացած արվեստագետ-վերահսկիչների հաստիքային խմբեր` գեղարվեստական, պատմական կամ մշակութային այլ արժեքները արտասահման տանելու և արտասահմանից բերելու նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար, նկատի ունենալով, որ այդ վերահսկիչները պետք է աշխատեն մաքսային մարմինների հետ փոխադարձ սերտ համաձայնեցվածությամբ.

բ) հանձնարարել է ՍՍՀՄ Պետպլանին` ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրության, Սարքաշինության, ավտոմատացման միջոցների և կառավարման սիստեմների մինիստրության և ՍՍՀՄ Ներքին գործերի մինիստրության հետ համատեղ 1981-1985 թվականների պլանի նախագծի հետ միասին քննարկել և լուծել պատրաստելու ու ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրությանը ու միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների տնօրինության տակ պահակա-ազդանշանման կոմպլեքսային սիստեմների մատակարարման հարցը` թանգարանները, գեղարվեստական պատկերասրահները և մշակութային արժեքների մյուս պահոցները հագեցնելու համար.

գ) թույլատրել է ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրությանը ստեղծել «Գոսիզոպրոպոգանդա» համամիութենական տնտհաշվարկային միավորում` գեղարվեստական սրահ-ցուցահանդեսները ղեկավարելու համար, ինչպես նաև ՍՍՀՄ-ում և արտասահմանյան երկրներում գեղարվեստական ցուցահանդեսներ, ցուցահանդես-վաճառքներ և առևտրական հիմունքներով գեղարվեստական ցուցահանդեսներ նախապատրաստելու և անցկացնելու համար.

դ) հանձնարարել է ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրությանը` ՍՍՀՄ Արդարադատության մինիստրության, ՍՍՀՄ Ներքին գործերի մինիստրության և ՍՍՀՄ մյուս շահագրգռված մինիստրությունների ու գերատեսչությունների մասնակցությամբ եռամսյա ժամկետում`

որոշել սովետական նկարիչների կողմից իրենց ստեղծագործությունները արտասահմանյան քաղաքացիներին և օտարերկրյա կազմակերպություններին վաճառելու կարգը.

հաստատել կոմիսիոն վաճառքի համար ստացվող առարկաների գեղարվեստական, պատմական կամ մշակութային այլ արժեքը որոշելու համար փորձաքննություն անցկացնելու կարգի մասին հրահանգը.

լրացումներ ու ճշտումներ մտցնել գեղարվեստական, պատմական կամ մշակութային այլ արժեքների արտահանման վերահսկողության կարգի մասին հրահանգի մեջ, նկատի ունենալով այդ արժեքները ապօրինի կարգով արտասահման տանելուն խանգարող միջոցների ուժեղացումը, ինչպես նաև ճշտել մշակութային այն արժեքների ցանկը, որոնք ենթական չեն մասնավոր անձանց վաճառելու և ՍՍՀՄ սահմաններից դուրս տանելու.

ե) հանձնարարել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր կրոնական գործերի խորհրդին` ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրության և ՍՍՀՄ Ներքին գործերի մինիստրության հետ համաձայնեցնելով, երկամսյա ժամկետում սահմանել կրոնական միավորումների կողմից օգտագործվող մշակութային արժեքների հաշվառման ու պահպանման կարգը:

(2-րդ կետը փոփ. 18.11.88 N 618)

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ նախագահ

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հայկական ՍՍՀ Մինիստրների
խորհրդի գործերի կառավարիչ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ