Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-2-Ո-Կ-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 19.03.2025
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.02.2025
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2025

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-2-Ո-Կ-1

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ա. Աթաբեկյանի

մասնակցությամբ՝

անդամներ

 

Ա. Դանիելյանի

Կ. Թումանյանի

Ե. Թումանյանցի

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

Էդ. Հովհաննիսյանի

Արդարադատության նախարարի տեղակալ

տ. Դադունցի

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ

Ն. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քաղաքացիական

դատարանի դատավոր

 

 

Ա. Սաֆարյանի

քարտուղարությամբ՝

Շ. Մեսրոպյանի

 

2025 թվականի փետրվարի 24-ին

 ք. Երևան

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 121-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Անդրանիկ Ներսիսյանի (այսուհետ նաև՝ Հաղորդում ներկայացրած անձ) կողմից 22.07.2024 թվականին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը (այսուհետ նաև՝ Հաղորդում)՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի 17.10.2024 թվականի թիվ 101-Ա որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իսկ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի 17.12.2024 թվականի թիվ 116-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է:

Արդարադատության նախարարի 30.12.2024 թվականի թիվ 121-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհրդի 13.01.2025 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

Խորհրդի 23.01.2025 թվականի որոշմամբ բավարարվել է Դատավորի ներկայացրած՝ երեք աշխատանքային օրով պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունը:

Խորհուրդը 03.02.2025 թվականի արձանագրային որոշմամբ բավարարել է Խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին միջնորդությունը:

03.02.2025 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է, իսկ 24.02.2025 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

 

 2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 27-րդ հոդվածի 5-րդ մասը, 199-րդ հոդվածի 4-րդ մասը, 434-րդ հոդվածի 1-ին մասը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 5-րդ, 6-րդ, 53-րդ հոդվածները, 51-րդ հոդվածի ա) կետը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 46-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ վերոգրյալ իրավանորմերի համադրությունից հետևում է, որ Կոնվենցիայի շրջանակներում պայմանավորվող կողմերը պարտավոր են միմյանց իրավական օգնություն տրամադրել Կոնվենցիայով նախատեսված դեպքերում՝ դատավարական կամ այլ գործողությունների իրականացման միջոցով։ Մասնավորապես, Կոնվենցիայի անդամ պայմանավորվող կողմը Կոնվենցիայով նախատեսված պայմաններով ճանաչում և կատարում է այլ պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունված քաղաքացիական և այլ գործերով տվյալ կողմի արդարադատության մարմինների որոշումները, որոնց վերաբերյալ դատավարական գործողություններն իրականացվում և փաստաթղթերն ուղարկվում են ներկայացնող կողմի արդարադատության համակարգի մարմինների կողմից։

Նշվածի շրջանակներում հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունը կարող է ներկայացվել այն դատարան, որը գործով որոշում է կայացրել առաջին ատյանում, իսկ միջնորդությունն ստացող դատարանը պարտավորված է ստացված միջնորդությունը համապատասխան մարմնի միջոցով ուղարկել դրա վերաբերյալ որոշում կայացնելու իրավասու դատարանին։

Միաժամանակ ՔԴՕ 60-րդ գլխով նախատեսված կարգավորումների լույսի ներքո վերը ներկայացված գործողություններն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից իրականացվում է դատական հանձնարարության միջոցով։

Այն դեպքում, երբ գործը քննող դատավորի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են, տվյալ դատավորի վարույթում գտնվող դատական գործերը վերաբաշխվում են մյուս դատավորներին, որից հետո այն դատավորը, ում մակագրվել է տվյալ դատական գործը, պարտավոր է գործը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնել և տվյալ որոշումը կայացնելուց հետո եռօրյա ժամկետում ուղարկել գործին մասնակցող անձանց։

Տվյալ դեպքում, կարգապահական վարույթի առիթ հանդիսացած Հաղորդմամբ ներկայացված նյութերի, ինչպես նաև Դատավորի կողմից 26.11.2024 թվականին ներկայացված գրավոր բացատրության (այսուհետ նաև՝ Բացատրություն) և դրան կից նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Հաղորդում ներկայացրած անձը 18.08.2021 թվականին դիմել է դատավոր Սիմա Իսկանդարյանին (այն դատարանում ստացվել է 14.09.2021 թվականին)՝ թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործով (այսուհետ նաև՝ Գործ) 19.12.2019 թվականի վճիռը (այսուհետ նաև՝ Վճիռ) Կոնվենցիայի համաձայն Ռուսաստանի Դաշնության իրավասու դատարան ճանաչման և կատարման ուղարկելու խնդրանքով, որին շնորհվել է թիվ ԵԴ/0120/16/21 համարը և դատավոր Սիմա Իսկանդարյանի կողմից 16.09.2021 թվականին կայացվել է դատական հանձնարարությունը վարույթ ընդունելու մասին որոշում։ Չնայած այն հանգամանքին, որ, ըստ Դատավորի ներկայացրած թիվ ԵԴ/0120/16/21 գործի նյութերի, գործում առկա չի եղել դատավոր Սիմա Իսկանդարյանի կողմից 16.09.2021 թվականին կայացված հիշյալ որոշման կնքված և ստորագրված տարբերակը, այդուհանդերձ, ձեռքբերված նյութերի համաձայն՝ քննարկվող դատական ակտը տեղադրված է «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում։ Այնուհետև 14.03.2022 թվականին դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունների դադարեցումից հետո թիվ ԵԴ/0120/16/21 գործը 22.06.2022 թվականին մակագրվել է Դատավորին, ում կողմից ընդհուպ մինչև Բացատրություն ներկայացնելու օրը՝ 2 տարի 5 ամիս անց, չի կայացվել գործը վարույթ ընդունելու մասին որոշում կամ նույնիսկ դատական ակտի ստորագրված և կնքված չլինելու դեպքում՝ դատական հանձնարարությունը վարույթ ընդունելու որոշում, կամ դատական հանձնարարության կատարումից բխող գործողություններ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնություն դատական հանձնարարությունն ուղարկելուն ուղղված դատական ակտ և այն ուղարկելու հետ կապված գործողություններ, և առնվազն մինչև Հաղորդման ներկայացման օրը՝ 22.07.2024 թվականին, Հաղորդում ներկայացրած անձը ստացած չի եղել կատարված կամ չկատարվող դատավարական գործողությունների մասին տեղեկություն։ Ավելին, Հաղորդում ներկայացրած անձի կողմից Դատավորին ուղղված պարզաբանում ստանալու վերաբերյալ գրությունը նույնպես թողնվել է անպատասխան։

Վարույթ հարուցած մարմինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները կատարողի 26.12.2024 թվականի թիվ ԴԴ-1 Ե-10253 գրությամբ տեղեկացվել է, որ թիվ ԵԿԴ/0014/02/18 գործի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմին դատավարական փաստաթղթեր ուղարկելու վերաբերյալ Դատական համակարգ տվյալների կենտրոն համակարգչային ծրագրով ելքագրված գրառումներ առկա չեն։ Ավելին, թիվ ԵԿԴ/0014/02/18 գործի շրջանակներում Արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումում չեն ստացվել նաև թիվ ԵԿԴ/0014/02/18 գործի շրջանակներում դատական հանձնարարության հետ կապված Ռուսաստանի Դաշնություն ուղարկվող փաստաթղթեր։

Բացի այդ, վարույթ հարուցած մարմնի ներկայացրած սույն միջնորդության կայացման պահի դրությամբ Դատավորի կողմից չեն տրամադրվել թիվ ԵԿԴ/0014/02/18 գործից համապատասխան նյութեր։

Հարկ է նկատել նաև, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները կատարողի հիշյալ գրությամբ տրամադրվել են թիվ 16 ծածկագիր ունեցող տարբեր դատական հանձնարարությունների վերաբերյալ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրից բեռնված գործերի քաղվածքներ, որոնց ուսումնասիրությունից հետևում է, որ դրանք վարույթ են ընդունվել ՀՀ դատարանների կողմից և դրանց շրջանակներում կատարվել անհրաժեշտ դատավարական գործողություններ։

Ընդ որում, ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ տրամադրված՝ թիվ ԵԴ/0012/16/22 գործի ուսումնասիրությունից պարզվում է, որ նույն ինքը՝ հաղորդում ներկայացրած անձ Անդրանիկ Ներսիսյանը (ի դեմս իր ներկայացուցչի) դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ միևնույն պատասխանողի դեմ կայացված մեկ այլ վճռի շրջանակներում դատական ակտը Ռուսաստանի Դաշնություն կատարման և ճանաչման ուղարկելու վերաբերյալ միջնորդությամբ, որը դատավոր Ժաննա Ասատրյանի կողմից ընդունվել է վարույթ և կատարվել դրա ուղարկման հետ կապված դատավարական գործողություններ։

Արդյունքում ստացվում է, որ առնվազն 2 տարի 5 ամիս Հաղորդում ներկայացրած անձը սպասել է իր վերաբերյալ գործով ներկայացված 18.08.2021 թվականին դատավոր Սիմա Իսկանդարյանին ներկայացրած (դատարանում այն ստացվել է 14.09.2021 թվականին) Վճիռը Կոնվենցիայի համաձայն Ռուսաստանի Դաշնության իրավասու դատարան ճանաչման և կատարման ուղարկելու խնդրանքով միջնորդության (այսուհետ նաև՝ Միջնորդություն)՝ այլ պետություն ճանաչմանը և կատարմանն ուղարկելու վերաբերյալ իրականացվող դատավարական գործողությունների կատարմանն այն դեպքում, երբ քննարկվող գործի շրջանակներում Դատարանի գործողությունները սահմանափակվել են միայն Կոնվենցիայով նախատեսված՝ վերը նշված սահմանափակ գործողությունների կատարմամբ։

Ավելին, ձեռքբերված նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Դատարանը ոչ թիվ ԵԴ/0120/16/21 գործի, ոչ էլ թիվ ԵԿԴ/0014/02/18 գործի շրջանակներում չի կատարել Միջնորդության կապակցությամբ որևէ դատավարական գործողություն, Հաղորդում ներկայացրած անձին տեղեկատվություն չի տրամադրել դրա ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև չի ձեռնարկել որևէ գործողություն, այդ թվում՝ կատարել գրագրություն, որպեսզի «վերացնի» Բացատրությամբ նշված՝ Միջնորդությունը՝ որպես դատական հանձնարարություն, իր ընկալմամբ սխալմամբ առանձին դատական գործ ստեղծված լինելու խնդիրը, ինչի արդյունքում Հաղորդում ներկայացրած անձին մոտ 2 տարի 5 ամիս որևէ կերպ հայտնի չի եղել իր կողմից ներկայացված Միջնորդության արդյունքը։

Այսպիսով, նման պայմաններում Դատավորի կողմից խախտվել են Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ հոդվածներով, 53-րդ հոդվածի 1-ին մասով, ՔԴՕ 27-րդ հոդվածի 5-րդ մասով, 199-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական իրավունքի նորմերի պահանջները։

Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, նշել է, որ դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե որպես անհատ, և թե որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա։

Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից։

Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ, գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը վերաբերող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) որոշումներով (Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994), ինչպես նաև Խորհրդի 18.06.2020 թվականի թիվ ԲԴԽ-26-Ո-Կ-6 և 16.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-54-Ո-Կ-6 որոշումներով արտահայտած դիրքորոշումները, Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ վերոգրյալ իրավանորմերը, ինչպես նաև ներկայացված դատական ակտերով արտահայտված դիրքորոշումները համադրելով սույն վարույթի հիմքում ընկած փաստերի հետ՝ Դատարանի անգործության արդյունքում վերջինիս կողմից խախտվել են նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնները։ Մասնավորապես՝ Դատավորին մակագրված թիվ ԵԴ/0120/16/21 գործով կամ թիվ ԵԿԴ/0014/02/18 գործով Միջնորդության կապակցությամբ շուրջ 2 տարի 5 ամիս որևէ դատավարական գործողություն չիրականացվելու հետևանքով խախտվել է Հաղորդում ներկայացնող անձի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը և, առհասարակ, անկախ այն հանգամանքից, թե Դատավորի կարծիքով ներկայացված միջնորդությունը սխալմամբ է մուտքագրվել որպես առանձին գործ՝ Դատավորի կողմից չի ձեռնարկվել որևէ գործողություն՝ թիվ ԵԴ/0120/16/21 գործին որևէ կերպ ընթացք տալու կամ թույլ տրված «սխալները» վերացնելու ուղղությամբ, որի արդյունքում Հաղորդում ներկայացրած անձը հայտնվել է անբարենպաստ վիճակում՝ իր միջնորդության քննարկման վերաբերյալ տեղեկություն չունենալով շուրջ 2 տարի 5 ամիս։

Նման պայմաններում Դատավորի կողմից թույլ տրված անգործությունն ուղղակիորեն հանգեցրել է դատական իշխանության հեղինակազրկմանը՝ Հաղորդում ներկայացնողի մոտ տպավորություն առաջացնելով, որ իր ներկայացրած միջնորդության քննարկումը պարզապես անտեսված է արդարադատություն իրականացնող մարմնի կողմից։ Դրա մասին են վկայում նաև Հաղորդում ներկայացրած անձի կողմից մի շարք պետական մարմիններին և պաշտոնատար անձանց ուղարկված հարցումները և նրանց հետ կատարված գրագրությունը։ Բացի այդ, ինչպես արդեն նշվել է՝ Հաղորդում ներկայացրած անձի կողմից մեկ այլ քաղաքացիական գործով կայացված վճիռը ճանաչման և կատարման ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը քննության է առնվել դատարանի կողմից և ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն, որպիսի պայմաններում վերջինիս մոտ ձևավորվել է կարծիք, որ քննարկվող գործով դատական համակարգը չի կատարում իր պարտականությունը։ Ընդ որում, Հաղորդում ներկայացրած անձի վերաբերյալ վճիռը կայացված է եղել աշխատանքային վեճի շուրջ, որով պատասխանողին պարտավորեցվել է վճարել հարկադիր պարապուրդի դիմաց հատուցում։

Միաժամանակ, հարկ է հաշվի առնել, որ նույնիսկ ներկայումս Միջնորդության կապակցությամբ անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարվելու և այն պայմանավորվող կողմում այսչափ ուշացմամբ ստացվելու դեպքում տվյալ պետության կողմից ՀՀ դատական համակարգի գործունեության արդյունավետության նկատմամբ չի կարող ձևավորվել դրական կարծիք։

Այսպիսով, նման պայմաններում Դատավորի կողմից խախտվել են նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնները։

Անդրադառնալով մեղքի ձևին, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են մեղավորությամբ, որոնք դրսևորվել են կոպիտ անփութությամբ։ Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ Բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը։ Այսպիսով՝ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ վերագրվող դատավարական իրավունքի նորմերի խախտումների առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։

Անդրադառնալով ներկայացված Բացատրությանը՝ վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել նշել հետևյալը.

Դատավորը Բացատրությամբ դիրքորոշում է հայտնել առ այն, որ Միջնորդությունը վերաբերել է Վճիռն օտարերկրյա պետություն ճանաչման և կատարման ուղարկելուն, այն իրենից չի ներկայացրել դատական հանձնարարություն և չի ենթադրել ՀՀ դատարանների կողմից դատավարական գործողությունների կատարում։ Դատավորի գնահատմամբ Միջնորդությունը դատարանի գրասենյակի կողմից սխալմամբ դիտարկվել է որպես դատական հանձնարարություն, այնինչ Դատավորի գնահատմամբ՝ Միջնորդությունն ընդամենը պետք է կցվեր Գործին՝ որպես Գործով ներկայացված գրություն և միջնորդություն, որոնք ենթակա էին լուծման բացառապես Գործի շրջանակներում։ Վարույթ հարուցած մարմինը հայտնել է, որ նշվածի կապակցությամբ արդեն իսկ անդրադարձ է կատարվել համապատասխան վերլուծությունների միջոցով, հետևաբար Միջնորդությունն իրենից ներկայացրել է դատական հանձնարարություն, իսկ նույնիսկ այն որպես դատական հանձնարարության համար նախատեսված 16 տարբերակիչ համարի ներքո Դատավորի գնահատմամբ սխալմամբ և գործավարության կանոնների խախտմամբ մուտքագրված լինելու պայմաններում թիվ ԵԴ/0120/16/21 գործի շրջանակներում թույլ տրված ենթադրյալ սխալները վերացնելու ուղղությամբ Դատավորի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել և գործի ընթացքի մասին Հաղորդում ներկայացրած անձին չի տրամադրվել տեղեկատվություն։

Ինչ վերաբերում է Դատավորի այն մեկնաբանությանը, որ ՔԴՕ 27-րդ հոդվածը կիրառելի չէ սույն հարաբերությունների նկատմամբ, քանի որ թիվ ԵԴ/0120/16/21 գործը չէր կարող համարվել քաղաքացիական գործ, ապա վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել հաշվի առնել, որ քաղաքացիական դատավարության կարգով է հենց ընդհանուր իրավասության դատարանների համար նախատեսված դատական հանձնարարությունների վերաբերյալ գործերի քննության իրականացումը և որպես դատական հանձնարարություն ստեղծված դատական գործի դեպքում դատավորի փոփոխության պայմաններում նույնպես կիրառելի է դատական գործի վերամակագրման կանոնը։ Հակառակ մեկնաբանման պայմաններում դատական հանձնարարության գործով դատավորի փոփոխության դեպքում պետք է կամ ստեղծվի նոր դատական գործ կամ տեղի չունենա գործի վերաբաշխում, ինչը չի կարող բխել որևէ իրավակարգավորումից։

Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, որ ներկայացված միջնորդությունը չի քննարկվում, այլ պարզապես դատարանի կողմից ստուգվում է միայն փաստաթղթերի ամբողջականությունը, դրանք ուղարկվում համապատասխան դատարանին, և չի կարող ընդունվել առանձին ակտի ձևով կայացված որոշում, ապա վարույթ հարուցած մարմինը նշել է, որ նույնիսկ նման պարագայում դատարան դիմած անձն իր ներկայացրած միջնորդության ընթացքի, դրա վերամակագրության, ինչպես նաև միջնորդության արդյունքում կայացված դատական ակտի մասին պետք է որևէ կերպ տեղեկացվի, իսկ այլ դատավորի կողմից ստացված դատական գործը և դրա նյութերը՝ ստուգվի և ընդունվի, որպիսի եղանակ կարող է հանդիսանալ գործը վարույթ ընդունելու մասին որոշումը։

Անդրադառնալով Դատավորի այն պնդմանը, որ թիվ ԵԿԴ/0014/02/18 գործի շրջանակներում դատարանի արխիվից պահանջվել և ստացվել է տվյալ գործի նյութերը, ինչպես նաև կատարվել Միջնորդության ուղարկման հետ կապված դատավարական գործողություններ՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորը չի տրամադրել դրա վերաբերյալ նյութերը, իսկ Դատական դեպարտամենտի ղեկավարի համապատասխան գրությամբ պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմին դատավարական փաստաթղթեր ուղարկելու վերաբերյալ Դատական համակարգ տվյալների կենտրոն համակարգչային ծրագրով ելքագրված գրառումներ առկա չեն։ Բացի այդ, դրա հետ կապված փաստաթղթեր ուղարկված չեն նաև Արդարադատության նախարարություն։

Անդրադառնալով Դատավորի այն պնդմանը, որ Որոշմամբ Դատավորին վերագրված վարքագծի կանոնների խախտումները, ըստ էության, վերագրվել են վերոնշյալ դատավարական նորմերի ենթադրյալ խախտման հանգամանքով պայմանավորված, հետևաբար նաև Դատավորի պնդմամբ դատավարական նորմերի խախտման բացառման դեպքում հերքվում են նաև վերջինիս վերագրված վարքագծի կանոնների խախտումները, ապա վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել նշել, որ Որոշման ամփոփիչ հատվածում վերագրված դատավարական նորմերի և վարքագծի կանոնների խախտումները միմյանցից տարանջատվել են «ինչպես նաև» բառերով, ինչը նշանակում է, որ շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ։ Ուստի Որոշմամբ Դատավորի կողմից թույլ տրված անգործությունն առանձին վերցված որակվել է որպես դատավորի վարքագծի համապատասխան կանոնների խախտում։

Ինչ վերաբերում է Որոշմամբ մեղքի կոնկրետ ձևին անդրադարձ կատարված չլինելուն, ապա վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Օրենսգրքով առկա չէ պահանջ, ըստ որի՝ հենց դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշման մեջ պետք է անդրադարձ կատարվի մեղքի ձևին, քանի որ միայն դատական գործի ամբողջական նյութերի և ներկայացված բացատրության ուսումնասիրության արդյունքում է հնարավոր որոշել մեղքի ձևը։

Այսպիսով, վերոնշյալը վկայում է, որ Դատավորի կողմից Բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն։

Նշանակված դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Դատավորը վարույթ հարուցած մարմնին ներկայացրած Բացատրությամբ անդրադարձել է Որոշմանը և իրեն վերագրվող դատավարական իրավունքի նորմերի խախտումներին՝ համապատասխանաբար ներկայացնելով ամրագրված օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իր մեկնաբանությունը։

Դատավորի ներկայացմամբ՝ 14.09.2021 թվականին Անդրանիկ Ներսիսյանի կողմից թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործով գրություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին՝ Գործով կայացված 19.12.2019 թվականի վճիռը Կոնվենցիայի համաձայն Ռուսաստանի Դաշնության իրավասու դատարան ճանաչման և կատարման ուղարկելու խնդրանքով, որը Դատավորի պնդմամբ՝ վերաբերել է Վճիռն օտարերկրյա պետություն ճանաչման և կատարման ուղարկելուն։ Այն իրենից չի ներկայացրել դատական հանձնարարություն և չի ենթադրել ՀՀ դատարանների կողմից դատավարական գործողությունների կատարում։ Ընդհակառակը, Հաղորդում ներկայացրած անձը խնդրել է Վճիռը ճանաչման և կատարման ուղարկել օտարերկրյա դատարան, որի վերաբերյալ 14.02.2022 թվականին ներկայացրել է միջնորդություն։ Չնայած վերոնշյալին՝ դատարանի աշխատակազմի գրասենյակի կողմից 14.09.2021 թվականի գրությունը դիտարկվել է որպես դատական հանձնարարություն, մուտքագրվել է գործավարության կանոններին ոչ համապատասխան՝ արհեստականորեն ստեղծելով թիվ ԵԴ/0120/16/21 համարը կրող գործ, որն էլ մակագրվել է դատավոր Սիմա Իսկանդարյանին, այնինչ Դատավորի մեկնաբանմամբ՝ 14.09.2021 թվականի գրությունը և 14.02.2022 թվականի միջնորդությունն ընդամենը պետք է կցվեին Գործին՝ որպես Գործով ներկայացված գրություն և միջնորդություն, որոնք ենթակա էին լուծման բացառապես Գործի շրջանակներում։ Ընդ որում, Դատավորի պնդմամբ թիվ ԵԴ/0120/16/21 գործում բացակայել է ինչպես դատական հանձնարարությունը վարույթ ընդունելու մասին դատավոր Սիմա Իսկանդարյանի կողմից ստորագրված և կնքված որոշումը, այնպես էլ այն հասցեատիրոջն ուղարկելու մասին գրությունը։

Դատավորի պարզաբանմամբ՝ թեև դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունների դադարեցումից հետո վերաբաշխման արդյունքում թիվ ԵԴ/0120/16/21 գործը մակագրվել է իրեն, այնուամենայնիվ այն ներառել է բացառապես 14.09.2021 թվականի գրությունը և 14.02.2022 թվականի միջնորդությունը, որպիսի հանգամանքով պայմանավորված՝ վերջինիս կողմից չի կայացվել գործը վարույթ ընդունելու մասին որոշում։ Նման իրավիճակը Դատավորը բացատրել է այն հանգամանքով, որ թիվ ԵԴ/0120/16/21 գործի վերաբաշխմամբ իրեն մակագրվել է բացառապես 14.02.2022 թվականի միջնորդությունը, որը վարույթ ընդունելու իրավական ընթացակարգ գոյություն չունի։

Անդրադառնալով ՔԴՕ 27-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորմանը՝ Դատավորը նշել է, որ այն վերաբերում է բացառապես քաղաքացիական գործերին, իսկ դատական հանձնարարությունների պարագայում, որը սույն դեպքում ևս առկա չէ, հանձնարարության ընթացքի լուծումը ոչ թե սկսվում է սկզբից, այլ շարունակվում է այն պահից, որ պահին տեղի է ունեցել կազմի փոփոխություն, հակառակ պարագայում կստեղծվի մի իրավիճակ, որ օրինակ՝ դատական հանձնարարությունը, որի պահանջն արդեն իսկ կատարված է, սակայն ընթացքն ավարտված չէ, դատավարական փաստաթղթերի ստացման անհրաժեշտությամբ պայմանավորված, դատական կազմի փոփոխությունից հետո նոր դատավորի կողմից դարձյալ պետք է կատարվեն նույն դատավարական և այլ ընթացակարգային գործողությունները՝ ելնելով այն հանգամանքից, որ ՔԴՕ 27-րդ հոդվածի կարգավորման պահանջն է գործի քննությունը սկզբից սկսելը։

Ինչ վերաբերում է թիվ ԵԴ/0120/16/21 գործին՝ այն Դատավորի աշխատակազմին է հանձնվել 17.11.2022 թվականին և Դատարանը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում եզրահանգել է, որ իրեն վերաբաշխվել է ընդամենը միջնորդություն և անհրաժեշտ է Կոնվենցիայի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ապահովել 14.02.2022 թվականի միջնորդության ուղարկումը։ Այս կապակցությամբ Դատավորի հանձնարարությամբ նրա աշխատակազմի կողմից 18.11.2022 թվականին կազմվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Կենտրոն նստավայրի արխիվից Գործի տրամադրման հայտ-պահանջագիր, ինչի հիման վրա Գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կ. Համբարձումյանի 24.11.2022 թվականի թիվ Ե-287870 գրությամբ նույն դատարանի Աջափնյակ նստավայրի դատարան է ուղարկվել և նստավայրում ստացվել է 29.11.2022 թվականին, որը Դատավորի աշխատակազմին է հանձնվել 29.12.2022 թվականին, որից հետո կատարվել են 14.02.2022 թվականի միջնորդության և կից փաստաթղթերի ուղարկման գործողությունները։

ՔԴՕ 199-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դատավարական իրավունքի նորմի կարգավորման և այդ նորմի խախտման առնչությամբ Դատավորը, մեջբերելով Կոնվենցիայի 53-րդ հոդվածը, պնդել է, որ բացակայում է առանձին ակտի ձևով կայացման ենթակա որոշում կայացնելու դեպքն ինչպես Գործը վարույթ ընդունելու, այնպես էլ 14.02.2022 թվականի միջնորդության լուծման առնչությամբ, քանի որ միջնորդության քննությունը սկզբից սկսելու դատավարական ընթացակարգ օրենսդրորեն սահմանված չէ։

Անդրադառնալով Կոնվենցիայի կարգավորումներին, մասնավորապես՝ «Որոշումների ճանաչման և հարկադիր կատարման կարգը» վերտառությամբ Կոնվենցիայի 54-րդ հոդվածին՝ Դատավորը նշել է, որ այս հոդվածը սույն դեպքին վերաբերելի չէ, ենթակա չէ կիրառման, հարկադիր կատարման մասին որոշում կայացնելու իրավասու դատարանը ոչ թե ներպետական դատարանն է, այլ այն Պայմանավորվող կողմի դատարանը, որին ուղարկվում է միջնորդությունը կից փաստաթղթերով, և որն էլ համապատասխանաբար հանդիսանում է Որոշմամբ նշված սահմանափակ գործողությունները կատարողը։

Վերոգրյալի հաշվառմամբ Դատավորը շեշտադրել է, որ օտարերկրյա պետությունից ստացված դատական հանձնարարության լուծման և սահմանափակ գործողությունների հարկադիր կատարման պարտականություն չի կրել՝ դատական հանձնարարության բացակայության պարզ պատճառաբանությամբ և մեջբերելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը՝ խնդրել է կարճել իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայությամբ պայմանավորված։

Դատավորը Խորհրդին ներկայացրած պատասխանով հայտնել է հետևյալը.

1․1․ Միջնորդությունը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ․

Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի, 147-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է հստակ ժամկետ և սահմանել կանոն, առ այն որ կարգապահական վարույթ հարուցելուց հետո մինչև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը չի կարող երկու ամսից ավելի լինել։

Ընդ որում, օրենսդիրը որպես կողմնորոշիչ կիրառել է «դատավորի բացակայության» եզրույթը և նշել, որ որպես այդպիսին չի դիտարկում գործուղման մեջ գտնվելու դեպքը և այլն։

Նշվածից հետևում է, որ վերոնշյալ ժամկետի երկարաձգում կարող է կատարվել հիշյալ բացառիկ դեպքում, այն էլ դատավորի՝ նշված դեպքերում բացակայության ժամանակահատվածով, ընդ որում որպես այդպիսի բացառություն չէ դատավորի՝ այլ դատարան գործուղվելու հանգամանքը, որպիսի տարբերակումը հնարավորություն է տալիս եզրահանգելու, որ օրենսդրի կողմից սահմանված դեպքերը, որոնց առկայության պարագայում միայն կարող է նշված ժամկետը երկարաձգվել, պետք է անմիջականորեն կապված լինեն դատավորի աշխատանքից բացակայելու հետ, այսինքն, թեև օրենսդիրը նշել է, որ նշված ժամկետը «կարող է» վարույթ հարուցող մարմնի որոշմամբ դատավորի բացակայության ժամանակահատվածով երկարաձգվել՝ հայեցողական լիազորություն է տվել վարույթ հարուցող մարմնին, սակայն «կարող է» եզրույթը չի կարող կամայականորեն լայն մեկնաբանվել՝ հաշվի չառնելով օրենսդրի կողմից նորմում դրված նպատակը։ Նման եզրույթի կիրառմամբ օրենսդիրը իրավական հնարավորություն է ընձեռել վարույթ հարուցող մարմնին երկարաձգել նշված ժամկետը, եթե երկամսյա ժամկետն ավարտվում է, սակայն առկա է դատավորի բացակայության նշված դեպքերից որևէ մեկը և այդ հանգամանքի առկայությունը որևէ կերպ խոչընդոտում է հարուցված կարգապահական վարույթի պատշաճ ընթացքին, այսինքն դատավորի՝ նշված հիմքերից մեկով պայմանավորված բացակայությունը հնարավորություն չի ընձեռում ապահովել վերջինիս իրավունքների լիարժեք իրականացումը և այդպիսով նաև՝ վարույթի լրիվությունն ու օբյեկտիվությունը։

Նշվածից հետևում է, որ յուրաքանչյուր առանձին դեպքում հարուցված վարույթի ժամկետի երկարաձգման հարցը լուծելիս՝ վարույթ հարուցող մարմինը չի կարող դրսևորել չհիմնավորված, ընդհանրական, վերացական հայեցողություն, զուտ այն հանգամանքով պայմանավորված, որ օրենքով սահմանված երկամսյա ժամկետի ընթացքում որոշակի ժամկետով դատավորն աշխատանքի չի եղել, պետք է գնահատվի և ցույց տրվի այն անհրաժեշտությունը, որով պայմանավորված առաջացել է ժամկետի երկարաձգման կարիք և թե ինչպես է դատավորի աշխատանքից բացակայելու (արձակուրդում, անաշխատունակության մեջ գտնվելու) ժամանակահատվածը խոչընդոտել վարույթի ընթացքը և ազդել տևողության վրա։

Բացի այդ, նշված ժամկետը երկարաձգելիս պետք է գնահատել արդյոք եղել են այնպիսի գործողություններ, որոնք չէին կարող իրականացվել վարույթ հարուցող մարմնի կողմից դատավորի աշխատանքից բացակայելու պայմաններում, արդյոք այն ժամանակահատվածը, որի ընթացքում դատավորը չի բացակայել աշխատանքից անհրաժեշտ և բավարար չէր ապահովելու վարույթի պատշաճ ընթացքը և արդյոք ժամկետի երկարաձգումը կոնկրետ վարույթի շրջանակում հետապնդում է իրավաչափ և արդարացված նպատակ։

Դատավորը հարկ է համարել ընդգծել, որ օրենսդրի կողմից որպես երկարաձգման հիմք չի դիտարկվել վարույթի նյութերի անբավարար կամ վարույթ հարուցող մարմնի կողմից կատարման ենթակա աշխատանքի մեծածավալ լինելը և նմանատիպ այլ դեպքեր, հետևաբար նման ժամկետի սահմանումն ինքնանպատակ չէ, այն նպատակ է հետապնդում կանոնակարգել վարույթի ընթացքը, վարույթի մասնակիցների համար կանխատեսելի դարձնել դրա ընթացքն ու տևողությունը և ըստ էության, սահմանել այն ժամանակահատվածը, որի ընթացքում վարույթ հարուցող մարմինը պետք է իրականացնի այն գործողությունները, որոնք պարտավոր է, ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրությունը` բացահայտելով վարույթի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, իսկ վարույթի տևողության՝ դատավորի աշխատանքից բացակայելու որևէ դեպքով պայմանավորված երկարաձգումը չի կարող արդարացվել արդեն իսկ լրացած ժամկետում չկատարված կամ ուշացմամբ կատարված գործողությունների կատարման անհրաժեշտությամբ:

Տվյալ դեպքում, Հաղորդում ներկայացրած անձի կողմից 22․07․2024 թվականին ներկայացված հաղորդման առիթով դատավոր Արմինե Սաֆարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 17․10․2024 թվականի թիվ 101-Ա որոշմամբ, ուստի և Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Խորհրդին դիմելու վերջնաժամկետն է եղել 17․12․2024 թվականը ներառյալ։

Նշված ժամանակահատվածում վարույթ հարուցող մարմինը դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Խորհրդին չի դիմել։

17․12․2024 թվականին Արդարադատության նախարարի կողմից կայացվել է թիվ 116-Ա որոշումը, որի համաձայն՝ Դատավորի նկատմամբ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 17․10․2024 թվականի թիվ 116-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է 12 օրացույցային օրով՝ հաշված 19․12․2024 թվականից (կարգապահական վարույթի ավարտին հաջորդող օր) մինչև 30․12․2024 թվականը ներառյալ։

Օրենքով սահմանված երկամսյա ժամկետն, որն ըստ նշված որոշման ավարտվում է 18․12․2024 թվականին, երկարաձգվել է հարուցված կարգապահական վարույթի պատշաճ ընթացքն ապահովելու և լրացուցիչ, բազմակողմանի ուսումնասիրություն իրականացնելու նպատակով հարցումներ են իրականացվել Դատավորին և Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները կատարողին, որոնց վերաբերյալ որոշման կայացման դրությամբ դեռևս չեն ստացվել պատասխաններ։

Տվյալ դեպքում էական է այն հանգամանքի պարզումը, թե արդյոք իրավաչափ է հարուցված կարգապահական վարույթի երկարաձգումը դատավորի՝ հարուցված կարգապահական վարույթի ընթացքում որոշակի ժամանակահատվածով անաշխատունակության մեջ գտնվելու դեպքով պայմանավորված, երբ դատավորը հարուցված կարգապահական վարույթի երկամսյա ժամկետի ընթացքում առնվազն մեկ ամիս մինչև այդ ժամկետի ավարտը գտնվել է աշխատանքի մեջ և աշխատանքի ներկայանալուց հետո չի խնդրել տրամադրել լրացուցիչ ժամկետ։

Ըստ Դատավորի իր՝ կարգապահական վարույթի ընթացքում 10 աշխատանքային օր (12 օրացուցային օր) տևողությամբ ժամանակահատվածով անաշխատունակության մեջ գտնված լինելու հանգամանքը, տվյալ դեպքում, չէր կարող օրենքով սահմանված երկամսյա ժամկետի երկարաձգման հիմք հանդիսանալ, քանի որ անաշխատունակության մեջ է գտնվել 04․11․2024-15․11․2024 թվականը ներառյալ: Աշխատանքի է ներկայացել 18․11․2024 թվականին և իրացրել է իր իրավունքը՝ ներկայացրել է բացատրություն։

Բացատրությունը՝ կից փաստաթղթերով, Արդարադատության նախարարությունում մուտքագրվել է 09․12․2024 թվականին, որին կից իր կողմից ներկայացվել է նաև իր անաշխատունակության թերթիկը, մինչդեռ ըստ Խորհրդին դիմելու մասին միջնորդության փաստերի 13․12․2024 թվականի գրությամբ այն պահանջվել է նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահից։

Ըստ Դատավորի տվյալ դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասը և 147-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը:

Վերոգրյալից հետևում է, որ վարույթ հարուցող մարմինը, կրելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականություն, և ունենալով այդ պարտականության կատարման համար օրենքով ամրագրված վերոնշյալ գործողությունները կատարելու իրավական հնարավորություն, պարտավոր է իր գործունեությունը հարուցված վարույթի առկայության պայմաններում, անկախ կատարման ենթակա աշխատանքի ծավալից, իրականացնել այն օրենսդրական պահանջի պարտադիր հաշվառմամբ, որ հարուցված կարգապահական վարույթի տևողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Խորհրդին դիմելը չի կարող երկու ամսից ավելի լինել։

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում, մասնավորապես, հարուցման ժամկետի սկզբին գրեթե համընկնող 10 աշխատանքային օր տևողությամբ ժամանակահատվածում դատավորի անաշխատունակության մեջ գտնվելու, իսկ այնուհետև վերջինիս աշխատանքի ներկայանալուց հետո մինչև երկարաձգելն ավելի քան մեկ ամիս ժամկետի առկայության պայմաններում, որևէ կերպ չի կարող հարուցված կարգապահական վարույթի տևողության երկարաձգումը պայմանավորվել դատավորի բացակայության՝ անաշխատունակության մեջ գտնվելու հանգամանքով։

Ավելին, ինչպես հետևում է վերը նշված հոդվածի բովանդակությունից, գրավոր բացատրություններ, ապացույցներ ներկայացնելը դատավորի իրավունքն է, որը կարող է նաև չիրացվել վերջինիս կողմից, և հարուցված վարույթի տևողությունը, այս դեպքում, չի կարող կախվածության մեջ լինել վերջինիս կողմից այդ իրավունքի իրացումից։

Դատավորն անհրաժեշտ է համարել նշել, որ բոլոր հարցումները կատարվել են նշված ժամկետի ավարտից ընդամենը մի քանի օր առաջ, մինչդեռ Հաղորդման մեջ արդեն իսկ նշված է եղել և վարույթ հարուցող մարմնին հայտնի է եղել թիվ ԵԴ/0014/02/18 գործի հետ ներկայացված միջնորդության կապի մասին, ուստի վարույթ հարուցող մարմինը կարող էր և պատշաճ ուսումնասիրության դեպքում պարտավոր էր այդ հարցումներն իրականացնել ավելի վաղ, հաշվի առնելով, որ միայն մինչև կարգապահական վարույթի հարուցումը ուսումնասիրության համար ունեցել է շուրջ երեք ամիս ժամանակ։

Նման պայմաններում, Դատավորը, վկայակոչելով Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նշել է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Խորհրդին երկամսյա ժամկետում դիմելու ժամկետը, ոչ իրավաչափորեն երկարաձգելով այն և միջնորդությամբ Խորհրդին դիմելով 30․12․2024 թվականին, այսինքն կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման կայացումից գրեթե երկուս ու կես ամիս անց, որպիսի հանգամանքը հիմք է ներկայացված միջնորդությունը մերժելու և այդ հիմքով վարույթը կարճելու համար:

1․2․ Վարույթը հարուցվել է առանց օրենքով սահմանված հիմքերի․

Ըստ Դատավորի՝ իր կողմից ներկայացված բացատրությամբ վարույթ հարուցող մարմնին հայտնել է նաև Որոշման իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին չհամապատասխանելու, մասնավորապես, այն որ Որոշմամբ որևէ անդրադարձ, վերլուծություն և հիմնավորում առկա չէ Որոշման մեջ դատավորին վերագրվող նորմերի պահանջները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված լինելու վերաբերյալ, այսինքն արարքի նկարագրության և իրավաբանական որակման առումով ևս առկա է եղել անհստակություն, արարքի որակումն ըստ էության կատարվել է թերի, առանց մատնանշելու և հիմնավորելու մեղքի ձևը, միայն նշվել է, որ կատարվել է մեղավորությամբ։

Նշված դիտարկումն իր կողմից կատարվել է նաև, ելնելով այն հանգամանքից, որ այդ փուլում մեղքի ձևի վերաբերյալ հիմնավորումների ի սպառ բացակայության պայմաններում զրկվել է հնարավորությունից ներկայացնելու իր դիրքորոշումներն ամբողջությամբ և այդ կերպ նաև նպաստել հարուցված վարույթի հնարավոր կարճմանը։

Այս առումով մի շարք որոշումների (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) համատեքստում, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, Սահմանադրական դատարանը գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն իրենց ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում (ՍԴՈ-1439)։

Միջնորդությամբ վարույթ հարուցող մարմինը նշել է․ «Ինչ վերաբերում է Որոշմամբ մեղքի կոնկրետ ձևին անդրադարձ կատարված չլինելուն, ապա հարկ է նշել, որ Օրենսգրքով առկա չէ պահանջ, ըստ որի՝ հենց դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշման մեջ պետք է անդրադարձ կատարվի մեղքի ձևին, քանի որ միայն դատական գործի ամբողջական նյութերի և ներկայացված բացատրության արդյունքում է հնարավոր որոշել մեղքի ձևը»։

Նշվածից հետևում է, որ ի սկզբանե որոշակի չի եղել՝ բացակայել է կարգապահական վարույթի հիմքը։

Օրենսդիրն Օրենսգրքի «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը» վերտառությամբ 142-րդ հոդվածի տրամաբանության մեջ ներդրել է այն գաղափարը, որ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսանում է ոչ թե նյութական կամ դատավարական իրավունքի նորմի, ինչպես նաև դատավորի կողմից Օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների ցանկացած խախտում, այլ այնպիսի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։

Սույն դեպքում վարույթը հարուցվել է առանց օրենքով սահմանված վերոնշյալ հիմքերի, հարուցվել է դատավարական նորմերի և դատավորի վարքագծի կանոնների ենթադրյալ հնարավոր խախտման հիմքով, մինչդեռ պետք է մինչ հարուցումը հիմնավորվեր և հարուցման հիմք կարող էր լինել միայն Որոշմամբ նշված դատավարական նորմերի և դատավորի վարքագծի կանոնների կոպիտ անփութությամբ կամ դիտավորությամբ խախտումը։

Վկայակոչելով Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 146-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետը, 147-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Դատավորը նշել է, որ սույն դեպքում այս հիմքով ևս Խորհրդին դիմելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման։

1․3 Վարույթ հարուցող մարմինը դուրս է եկել հարուցված կարգապահական վարույթի շրջանակից՝ դատավորին վերագրելով նոր խախտումներ․

Արդարադատության նախարարի պաշտոնակատարի 17․10․2024 թվականի թիվ 101-Ա որոշմամբ կարգապահական վարույթը հարուցվել է թիվ ԵԴ/0120/16/21 քաղաքացիական գործի առնչությամբ և վարույթ հարուցող մարմինը գտել է, որ Դատավորի գործողություններում առկա են ՔԴՕ 27-րդ հոդվածի 5-րդ մասով, 199-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական իրավունքի նորմերի, ինչպես նաև Օրենսգրքի 69-րդ հոդված 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հատկանիշներ, այն հիմնավորմամբ, որ թիվ ԵԴ/0120/16/21 քաղաքացիական գործը մակագրվել է Դատավորին, ում կողմից չի կայացվել գործը վարույթ ընդունելու մասին որոշում և առնվազն Հաղորդում ներկայացվելու օրվա դրությամբ Հաղորդում ներկայացրած անձը ստացած չի եղել ոչ գործը վարույթ ընդունելու, ոչ դրա արդյունքում կայացված դատական ակտը։

Արդարադատության նախարարի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 30․12․2024 թվականի թիվ 121-Ա որոշմամբ վարույթ հարուցող մարմինը գտել է, որ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ հոդվածների և 53-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների, ՔԴՕ 27-րդ հոդվածի 5-րդ մասում, 199-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված պահանջների խախտումներ, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնների՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում ամրագրված պահանջների խախտումներ։

Ինչպես հետևում է վերոնշյալից՝ Խորհրդին միջնորդությամբ դիմելու մասին որոշմամբ, ի համեմատ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման, ընդլայնվել է դատավարական նորմերի շրջանակը, որոնց պահանջներն ըստ վարույթ հարուցող մարմնի ևս խախտվել են Դատավորի կողմից, և դրանց խախտմամբ ևս թույլ են տրվել վերոնշյալ վարքագծի կանոնների խախտում, լրացվել ու փոփոխվել է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ նշված փաստակազմն ըստ էության։

Նշվածի հաշվառմամբ Դատավորը գտել է, վարույթ հարուցող մարմինը դուրս է եկել հարուցված վարույթի շրջանակներից, իսկ Խորհրդին դիմելու միջնորդությամբ հանդես է եկել նաև այնպիսի նորմերի և/կամ վարքագծի կանոնների պահանջների խախտման վկայակոչմամբ ու դատավորին վերագրմամբ, որոնց խախտման, այն էլ օրենսդրական պահանջ հանդիսացող կոպիտ անփութությամբ կամ դիտավորությամբ խախտման, հիմքով հարուցված վարույթ առկա չէ, առկա չէ նաև վարույթ հարուցող մարմնի որևէ այլ որոշում, որից կհետևեր, որ այն հնարավորություն է ընձեռել վարույթ հարուցող մարմնին լրացնելու, փոփոխելու արդեն իսկ հարուցված վարույթի շրջանակներում նշված հիմքերը։

 

Վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ Դատավորը նշել է, որ սույն դեպքում առկա չէ Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 53-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների՝ որպես դատավարական իրավունքի նորմերի խախտման, և դրա հետևանքով նաև դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքերով կարգապահական վարույթ հարուցված լինելու մասին որոշում, այդպիսին չի կարող հանդիսանալ նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը, այն պարզ հիմնավորմամբ նաև, որ Օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության դեպքում վարույթ հարուցող մարմինը որոշում է կայացնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու յուրաքանչյուր հիմքի առկայությունը նախ, ըստ Օրենսգրքի, պետք է ստուգվի այդ հիմքով հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում՝ ապահովելով նաև օրենսդրորեն յուրաքանչյուր կարգապահական վարույթի հարուցումից մինչև համապատասխան միջնորդությամբ Խորհրդին դիմելն ընկած փուլում օրենքով սահմանված ընթացակարգը, որը սույն դեպքում չի կատարվել, հետևաբար Արդարադատության նախարարի 30․12․2024 թվականի թիվ 121-Ա որոշումն այդ մասով ևս իրավաչափ չէ, նշված հիմքերի առկայությունը չի ստուգվել և չի հիմնավորվել պատշաճ ընթացակարգով, ուստի այդպիսիք բացակայում են, որպիսի հանգամանքով պայմանավորված ևս Խորհրդին դիմելու մասին միջնորդությունն այդ մասով ենթակա է մերժման։

2․ Հարուցված վարույթի շրջանակներում դատավորին վերագրվող խախտումների բացակայության փաստական ու իրավական հիմքերն ու հիմնավորումները․

Դատավորը, անդրադառնալով որպես կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք նշված՝ ՔԴՕ 27-րդ հոդվածի 5-րդ մասի խախտմանը՝ նախ սույն դեպքում, ելնելով այն հանգամանքից, որ թեև իր կողմից մանրամասն վերլուծվել էր ստեղծված իրավիճակը, պարզաբանվել, որ ներկայացվածն իրենից դատական հանձնարարություն չի ներկայացրել, հետևաբար բացակայել է այն վարույթ ընդունելու իրավական հնարավորությունը, սակայն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Խորհրդին դիմելու մասին որոշման մեջ վարույթ հարուցող մարմնի կողմից հաղորդում ներկայացրած անձի ներկայացրած գրությունը (միջնորդությունը) որակվել է որպես դատական հանձնարարություն՝ ուստի նախ անդրադարձել է «դատական հանձնարարություն» արտահայտության բացատրությանը։

Այսպես, «www.nayiri.com» կայքում հրապարակված Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում (Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երևան, 1974 տպագրությամբ) «դատական» եզրույթը բացատրվում է․ «Դատարանին վերաբերող, դատավարության», իսկ «հանձնարարություն» եզրույթը․ «Մի գործ, որը մեկին խնդրում կամ պարտավորեցնում են կատարել»։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում դատական հանձնարարության ուղիղ սահմանումը թեև տրված չէ, սակայն միայն նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի բովանդակությունից անմիջականորեն հնարավոր է վեր հանել այդ արտահայտության նշանակությունը։

Վերոնշյալ բառարանային բացատրությունը համադրելով նշված իրավակարգավորման հետ, ակնհայտ է դառնում, որ դատական հանձնարարությունը դատարանի կողմից մեկ այլ դատարանի տրվող դատավարական գործողությունների կատարման վերաբերյալ հանձնարարությունն է, որը, պայմանավորված դատարանի և անհրաժեշտ դատավարական գործողության կատարման տարածքային ոչ նույնական լինելու հանգամանքով, հնարավոր չէ կատարել հանձնարարություն տվող դատարանի կողմից և հանձնարարվում է դատավարական գործողության (ծանուցումների և այլ փաստաթղթերի հանձնում, կողմերի բացատրությունների, վկաների ցուցմունքների ստացում և այլն) կատարման վայրի դատարանին կատարելու և այդ մասին կամ կատարման անհնարինության մասին օրենքով սահմանված կարգով հայտնել հանձնարարություն տվող դատարանին։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքում և առհասարակ, առկա չէ որևէ իրավակարգավորում, որը հնարավորություն է տալիս անձին դատարանին տալ հանձնարարություն, հանձնարարություն տալիս է դատարանը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, այդպիսի դեպք չէ, երբ անձը դատարանին է ներկայացնում Կոնվենցիայի 53-րդ հոդվածով սահմանված միջնորդություն։ Նման միջնորդության ներկայացման դեպքում դատարանը Կոնվենցիայի 53-րդ հոդվածի իրավակարգավորումներին համապատասխան ուղարկում է միջնորդությունը՝ Կոնվենցիայով պահանջվող փաստաթղթերի հետ մեկտեղ, միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու իրավասու դատարանին:

Նշվածից հետևում է, որ այս դեպքում որևէ դատարանի հանձնարարություն չի տրվում և չի կարող տրվել, ներպետական դատարանը չի կարող Պայմանավորվող կողմի դատարանին հանձնարարել ճանաչել և կատարել ներպետական դատական ակտը, վերջինս է իրավասու ինքնուրույն որոշելու օտարերկրյա դատական ակտի կատարման հարցը, ինչ բխում է Կոնվենցիայի 54-րդ հոդվածի բովանդակությունից։ Մասնավորապես, նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարման կարգը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում պետք է իրականացվի հարկադիր կատարումը:

Դատավորը հարկ է համարել նշել, որ Կոնվենցիան ևս բովանդակում է առանձին տարբերակված կարգավորումներ դատական հանձնարարությունների կատարման վերաբերյալ և որոշումների ճանաչման և կատարման վերաբերյալ, որպիսի հանգամանքն ինքնին վկայում է դրանց տարբեր ինստիտուտներ լինելու մասին։

Բացի այդ, նույնիսկ օտարերկրյա պետությունների դատական ակտերի ճանաչման և կատարման վերաբերյալ դատական գործերն, անկախ դրանք ներպետական դատարաններում դատարանի աշխատակազմի գրասենյակի կողմից որևէ ծածկագրի ներքո մուտքագրված լինելու հանգամանքից, ենթակա են քննության ոչ թե որպես դատական հանձնարարություն, այլ որպես ՔԴՕ «Օտարերկրյա դատական ակտերը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը» վերտառությամբ 52-րդ գլխի դրույթներով քննվող քաղաքացիական գործ, քանի որ Պայմանավորվող պետությունը ևս չի կարող ներպետական դատարանին տալ հանձնարարություն ճանաչելու և կատարելու տվյալ պետության դատական ակտը, դատական ակտի ճանաչումն ու կատարումը այդպիսի խնդրանքով դիմում (միջնորդություն) ստացող պետության իրավասության տիրույթում է։

Ընդ որում, նշված գլխի վերտառությունից ակնառու է, որ դատարանի քննության առարկան է ոչ թե դատական հանձնարարություն, այլ դիմում (միջնորդություն)։

Նշվածով ամբողջությամբ հերքվում է վարույթ հարուցող մարմնի պնդումն առ այն, որ ներկայացվածը հանդիսացել է դատական հանձնարարություն։

ՔԴՕ 27-րդ հոդվածի 5-րդ մասի առնչությամբ Դատավորը հարկ է համարել նշել, որ նշված նորմով սահմանված է կարգավորում առ այն, որ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից։

Հաշվի առնելով, որ վարույթ հարուցող մարմնի կողմից վկայակոչվել է ՔԴՕ վերոնշյալ նորմը, Դատավորը մեջբերել է նաև նույն օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի կարգավորումը:

Վերոհիշյալ նորմերի առաջին ատյանի դատարանին վերաբերելի կարգավորումների վերլուծությունից հետևում է, որ որպես կանոն առաջին ատյանի դատարանում քաղաքացիական գործի քննությունն անցկացվում է դատարանի անփոփոխ կազմով, իսկ այն դեպքում, երբ տեղի է ունենում կազմի փոփոխություն, ապա կայացվում է գործը վարույթ ընդունելու մասին որոշում, իսկ գործի քննությունը սկսվում է սկզբից:

Սույն դեպքում, եզրահանգելու համար արդյոք իր՝ որպես դատավորի կողմից թույլ է տրվել վերոնշյալ նորմի խախտում, նախ անհրաժեշտ է բացահայտել արդյոք սույն դեպքում այդ նորմը կիրառելի է, թե ոչ, այն է՝ արդյոք առկա է եղել դատարանի վարույթում գտնված քաղաքացիական գործ, որի քննող կազմը փոփոխվել է և դատավորն ում վերաբաշխվել այդ գործն ուներ պարտականություն կայացնելու գործը վարույթ ընդունելու մասին որոշում՝ գործի քննությունը սկսելով սկզբից:

Այս առնչությամբ Դատավորը նշել է, որ 14․09․2021 թվականին Անդրանիկ Ներսիսյանի կողմից թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել դատավոր Ս․ Իսկանդարյանին հասցեագրված գրություն, որով վերջինս խնդրել է թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործով 19.12.2019 թվականին կայացված վճիռը Կոնվենցիային համաձայն ուղարկել ՌԴ իրավասու դատարան ճանաչման և կատարման։

Ինչպես հետևում է նշվածից՝ գրությունը վերաբերել է թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործին և այդ գործով կայացված դատական ակտն օտարերկրյա պետություն ճանաչման և կատարման ուղարկելու վերաբերյալ է եղել, իրենից չի ներկայացրել որևէ դատական հանձնարարություն (քաղաքացին չէր կարող հանձնարարություն տալ դատարանին) և ՀՀ տարածքում դատական ակտի հարկադիր կատարման վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից դատավարական գործողությունների կատարում չի ենթադրել, այլ հակառակը՝ գրության հեղինակը խնդրել է ներպետական դատական ակտն ուղարկել օտարերկրյա դատարան ճանաչման և կատարման, որի վերաբերյալ էլ նաև նույն՝ թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործով 14․02․2022 թվականին արդեն ներկայացրել է միջնորդություն։

Մինչդեռ, դատարանի աշխատակազմի գրասենյակի կողմից թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործով ներկայացված վերոնշյալ գրությունը դիտարկվել է որպես դատական հանձնարարություն, մուտքագրվել է գործավարության կանոններին ոչ համապատասխան (այդ մասին է փաստում նաև այն հանգամանքը, որ թիվ ԵԴ/0120/16/21 գործի էլեկտրոնային քարտում «Որ պետությունից է ստացվել» դաշտում լրացվել է «Անդրանիկ Ներսիսյան/ք․ Գյումրի, Անի թաղ․ 7 փող․ 3 շենք, բն․ 5» տվյալներ, մինչդեռ դատական հանձնարարության առկայության պարագայում լրացվում է օտարերկրյա պետության տվյալները կամ ներպետական դատարանի տվյալները, որից ստացվում է դատական հանձնարարությունը), այդպիսով արհեստականորեն ստեղծելով թիվ ԵԴ/0120/16/21 համարը կրող գործ, որն էլ բաշխվել է դատավոր Ս. Իսկանդարյանին, այնինչ ներկայացված գրությունը, այնուհետև նաև միջնորդությունն ընդամենը պետք է կցվեին թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործին, որպես այդ գործով ներկայացված գրություն և միջնորդություն, որոնք ենթակա էին լուծման բացառապես տվյալ գործի շրջանակներում՝ ապահովելով դատական գործի շարունակականությունը:

Ավելին, թիվ ԵԴ/0120/16/21 գործում բացակայել է դատական հանձնարարությունը վարույթ ընդունելու մասին դատարանի՝ ստորագրված և կնքված որոշում, ինչպես նաև այդպիսին հասցեատիրոջն ուղարկելու մասին գրություն, մինչդեռ վարույթ հարուցող մարմինը գտել է, որ նման պայմաններում, թեև ստորագրված և կնքված դատական ակտը գործում բացակայել է, այնուամենայնիվ «www.datalex.am» կայքում հրապարակված լինելու հանգամանքով պայմանավորված՝ գտել է, որ դատարանի կողմից այնուամենայնիվ կայացվել է այդպիսի դատական ակտ։

Նման պայմաններում, թեև ըստ թիվ ԵԴ/0120/16/21 գործի էլեկտրոնային քարտի տվյալների իրեն է վերաբաշխվել թիվ ԵԴ/0120/16/21 գործը, սակայն հաշվի առնելով, որ այդ «գործի» շրջանակներում ներկայացված է եղել ընդամենը թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործով վերոնշյալ գրությունը, իսկ այնուհետև 14․02․2022 թվականին Անդրանիկ Ներսիսյանի կողմից դարձյալ թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործով ներկայացված 19․12․2019 թվականի վճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը, ուստի չէր կարող կայացվել թիվ ԵԴ/0120/16/21 գործը վարույթ ընդունելու մասին որոշում, որպիսին չկայացնելու և ըստ այդմ՝ ՔԴՕ 27-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում թույլ տալու արարք է վերագրվել դատավորին, քանի որ թիվ ԵԴ/0120/16/21 գործի վերաբաշխմամբ փաստացի վերաբաշխվել է թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործով ներկայացված վերոնշյալ միջնորդությունը, որը վարույթ ընդունելու իրավական ընթացակարգ գոյություն չունի։

Հակառակ կերպ մեկնաբանելու պարագայում կստացվի իրավիճակ, որ մեկ այլ գործով ներկայացված փաստաթղթերը, որոնք սխալմամբ չեն կցվել տվյալ գործին, այս դեպքում թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործին, այլ ներառվել են նոր դատական գործում այդպիսով արհեստականորեն ստեղծելով որոշակի համար կրող դատական գործ, դատավորը բոլոր դեպքերում և անկախ հանգամանքներից պարտավոր է ընդունել վարույթ և քննությունը սկսել սկզբից։

Այսինքն, նորմի նման տրամաբանությամբ մեկնաբանման պարագայում ստեղծվում է իրավիճակ, որ որոշակի քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացված հայցի ապահովման կամ ցանկացած այլ միջնորդություն կամ գրություն կարող է դառնալ նոր դատական գործ ստեղծելու հիմք, և կամայականորեն կամ անփութության պատճառով ստեղծված գործի վերաբերյալ դատավորը պարտավոր է վարույթ ընդունելու մասին որոշում կայացնել, մինչդեռ նման միջնորդությունների, առավել ևս գրությունների հիման վրա դատական գործի հարուցում չի կարող իրականացվել, իսկ դատավորի կողմից՝ այդպիսին վարույթ ընդունելու և գործի քննությունը սկզբից սկսելու մասին որոշում կայացվել։

Ավելին, ՔԴՕ 27-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումը, գործի քննությունը սկզբից սկսելու մասով, վերաբերում է բացառապես քաղաքացիական գործերին, իսկ դատական հանձնարարությունների պարագայում, որպիսին ինչպես նշվեց սույն դեպքում բացակայում է, հանձնարարության ընթացքի լուծումը ոչ թե սկսվում է սկզբից, այլ այն պահից է շարունակվում, որ պահին տեղի է ունեցել կազմի փոփոխություն, հակառակ պարագայում կստացվի, որ օրինակ՝ դատական հանձնարարությունը, որի պահանջն արդեն իսկ կատարված է, սակայն ընթացքն ավարտված չէ դատավարական փաստաթղթերի ստացման անհրաժեշտությամբ պայմանավորված (օրինակ՝ կատարման վերաբերյալ փաստաթղթերն ուղարկված են թարգմանության), դատական կազմի փոփոխությունից հետո նոր դատավորի կողմից դարձյալ պետք է կատարվի նույն դատավարական և այլ ընթացակարգային գործողությունները, ելնելով այն հանգամանքից, որ նշված հոդվածի կարգավորման պահանջն է գործի քննությունը սկզբից սկսելը։

Դատավորը հարկ է համարել նշել, որ Խորհրդի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» 25․03․2021 թվականի թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման Հավելված 1-ի առաջին ատյանի դատարաններում դատավորների միջև գործերի բաշխման կարգը սահմանող 2-րդ բաժնի 12-րդ կետի համաձայն՝ դատական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունները (դիմումները) հանձնվում են տվյալ գործը քննող կամ քննած դատավորին, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը քննող կամ քննած դատավորը գտնվում է արձակուրդում կամ օրենքով սահմանված այլ հիմքով բացակայում է, իսկ միջնորդությունների (դիմումների) քննարկման համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ: Տվյալ դեպքերում հիշյալ միջնորդությունները (դիմումները) Ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև, բացառությամբ դատավորի վարույթում գտնվող քրեական գործերով ներկայացված միջնորդությունների:

Սույն դեպքում թիվ ԵԴ/0120/16/21 գործում ընդգրկված փաստաթղթերի ուսումնասիրությամբ դատարանը եզրահանգել է, որ բաշխվել է միջնորդություն, ուստի անհրաժեշտ է ապահովել թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործով ներկայացված միջնորդության ընթացքը՝ Կոնվենցիայի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, որի կապակցությամբ դատավորի հանձնարարությամբ դատավորի աշխատակազմի կողմից 18․11․2022 թվականին կազմվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Կենտրոն նստավայրի արխիվից թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործի տրամադրման հայտ-պահանջագիր։

Նշված պահանջագրի հիման վրա թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կ․ Համբարձումյանի 24․11․2022 թվականի թիվ Ե-287870 գրությամբ նույն դատարանի «Աջափնյակ» նստավայրի դատարան է ուղարկվել և նստավայրում ստացվել է 29․11․2022 թվականին, որը դատավորին է հանձնվել 29․12․2022 թվականին, որից հետո էլ սահմանված կարգով իրականացվել են փաստաթղթերի ուղարկման ուղղված գործողությունները։

Վկայակոչելով ՔԴՕ 199-րդ հոդվածի 1-ին մասը՝ Դատավորը նշել է, որ սույն պարագայում բացակայել է վերոնշյալ նորմով սահմանված առանձին ակտի ձևով կայացման ենթակա որոշման կայացման դեպքը, թե գործը վարույթ ընդունելու վերաբերյալ և թե միջնորդության լուծման առնչությամբ, քանի որ, ինչպես նշվել է միջնորդության քննության կապակցությամբ գործը վարույթ ընդունելու և առավել ևս գործի, իսկ սույն դեպքում միջնորդության քննությունը սկզբից սկսելու դատավարական ընթացակարգ օրենսդրորեն սահմանված չէ և, բացի այդ, Կոնվենցիայի 51-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններով, ճանաչում և կատարում է այլ Պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունված հետևյալ որոշումները՝

ա) քաղաքացիական և ընտանեկան գործերով արդարադատության մարմինների որոշումները, ներառյալ՝ նման գործերով դատարանի հաստատած հաշտության համաձայնագրերն ու դրամական պարտավորությունների վերաբերյալ նոտարական ակտերը (այսուհետ՝ որոշումներ),

բ) վնասի հատուցման վերաբերյալ քրեական գործերով դատարանների որոշումները:

Վկայակոչելով Կոնվենցիայի 53-րդ հոդվածը՝ Դատավորը նշել է, որ այդ հոդվածի 1-ին մասի կարգավորումից հետևում է, որ Կոնվենցիայով նախատեսված է երկու ռեժիմ՝

ա․ անձը ինքն է դիմում Պայմանավորվող կողմի դատարան՝ ներկայացնելով Որոշման՝ տվյալ դեպքում վճռի, հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունը և նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը՝ 3-րդ մասով նախատեսված կարգով,

բ․ անձը դիմում է Որոշումը կայացրած դատարան՝ դարձյալ ներկայացնելով Որոշման հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունը և նույն հոդվածով սահմանված փաստաթղթերը, և միջնորդությունը ոչ թե քննարկվում, այլ կից փաստաթղթերով դատարանի կողմից ուղարկվում է Պայմանավորվող կողմի՝ տվյալ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու իրավասու դատարանին:

Սույն դեպքում Կոնվենցիայի 53-րդ հոդվածի կարգավորումներից հետևում է, որ ներպետական դատարանի կողմից կատարման ենթակա գործողություններն են․ համապատասխան միջնորդության ներկայացվածության պայմաններում ստուգել կից ներկայացվող փաստաթղթերի առկայությունը, ամբողջականությունը, համապատասխանությունը Կոնվենցիայի այդ և վերաբերելի մյուս հոդվածների պահանջներին, և դրանք ուղարկել միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու իրավասու դատարանին, ինչից հետևում է, որ տվյալ դեպքում ևս առանձին ակտի ձևով որոշում չի կայացվում, որն էլ ենթակա կլիներ ՔԴՕ 199-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումներին համապատասխան առձեռն տրամադրման կամ ուղարկման միջնորդություն ներկայացնողին:

Վերջինիս՝ իր կողմից ներկայացված միջնորդության ընթացքի վերաբերյալ տեղեկացվածությունը կարող է ապահովվել այդ մասին գրության ուղարկմամբ և միայն միջնորդության ընթացքի վերաբերյալ դիմող անձի իրազեկվածության ապահովման անհրաժեշտությունը չի կարող լիազորող նորմի բացակայության պայմաններում հիմք հանդիսանալ օրենքով չնախատեսված որոշման կայացման համար, որպիսին տվյալ դեպքում նշվում է գործը վարույթ ընդունելու մասին որոշումը։

Ի սկզբանե վարույթ հարուցող մարմինը վկայակոչել էր նաև Կոնվենցիայի 54-րդ հոդվածը և Դատավորին վերագրվել էր այդ նորմով սահմանված սահմանափակ գործողությունները չկատարելու և ոչ Կոնվենցիայի 53-րդ հոդվածի գործողությունները չկատարելու խախտում, թեև այն այդ նորմի խախտումը հարուցված վարույթի հիմքում չէր դրվել, և միայն դատավորի կողմից ներկայացված բացատրության շրջանակներում կատարված իրավական վերլուծության արդյունքում և հետևանքով է այն փոխվել, ուստի ստացվում է, որ վարույթ հարուցող մարմինն ընդունել է, որ կատարվել է այս առումով ևս ոչ ճիշտ որակում և այդ նորմը սույն դեպքում վերաբերելի չէ, ինչի մասին է վկայում հանգամանքն առ այն, որ Խորհրդին դիմելու մասին միջնորդության մեջ այլևս այն բացակայում է։

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասից, 164-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ դատավորը գործում է բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան և իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Այս դեպքում դատարանը Որոշմամբ նշված դատական ակտը կայացնելու պարտականություն չի ունեցել, քանի որ այդպիսին կայացնելու օրենսդրական պահանջը բացակայել է, հետևաբար չի կարող վերագրվել ՔԴՕ 27-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, իսկ նման դատական ակտերի բացակայության պայմաններում, դատավորին չի կարող վերագրվել նաև ՔԴՕ 199-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում։

Անդրադառնալով Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում ամրագրված պահանջների խախտումների վերագրմանը՝ Դատավորը հարկ է համարել նշել, որ թեև վարույթ հարուցող մարմինը Խորհրդին դիմելու մասին միջնորդությամբ նշել է, որ դատավարական նորմերի և դատավորի կողմից վարքագծի կանոնների պահանջների խախտումը միմյանցից տարբերակվել են «ինչպես նաև» եզրույթով, ինչը նշանակում է, որ շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ և դատավորի կողմից թույլ տրված անգործությունն առանձին վերցված որակվել է որպես վարքագծի համապատասխան կանոնների խախտում, գտել է, որ նշվածը հերքվում է նախ Խորհրդին դիմելու մասին միջնորդության առաջին իսկ պարբերության բովանդակությամբ, որտեղ վարույթ հարուցող մարմինը գտել է, որ անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու կապակցությամբ դրսևորվել է անգործություն, որի հետևանքով հեղինակազրկվել է դատական իշխանությունը։ Դատավարական գործողությունների կատարման պահանջն ինքնին բխում է դատավարական նորմերից, եթե անգործությունը պայմանավորվում է այդ նորմերի պահանջների չկատարմամբ, ապա այն չի կարող որպես այդպիսին առանձին դիտարկվել։

Վարույթ հարուցող մարմինն ընդհուպ Խորհրդին դիմելու մասին միջնորդությամբ Խորհրդին դիմելը որոշակի չի նշել այն դատավարական գործողությունների շրջանակը, որն ըստ իրեն դատավորը պարտավոր էր կատարել, մասնավորապես նշվել է․ «(…) չի կայացվել գործը վարույթ ընդունելու մասին որոշում կամ նույնիսկ դատական ակտի ստորագրված և կնքված չլինելու դեպքում՝ դատական հանձնարարությունը վարույթ ընդունելու որոշում, կամ դատական հանձնարարության կատարումից բխող գործողություններ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնություն դատական հանձնարարությունն ուղարկելուն ուղղված դատական ակտ և այն ուղարկելու հետ կապված գործողություններ (…)»։

Նման ձևակերպումներն ինքնին ներկայացված Խորհրդին դիմելու մասին միջնորդությունը ևս իրավական որոշակիության սկզբունքի պահպանման առումով դարձնում են խնդրահարույց, հարկադրում յուրաքանչյուր ձևակերպման առումով ներկայացնել դիրքորոշում՝ փարատելու հնարավոր բոլոր վարկածները, և, միաժամանակ, տպավորություն են ստեղծում, որ ընդհուպ միջնորդության ներկայացման պահը վարույթ հարուցող մարմնի համար որոշակի չի եղել, թե որ գործով ինչ դատավարական գործողություններ պետք է կատարեր դատավորը։

Ամփոփելով վերոգրյալը՝ Դատավորը հարկ է համարել ընդգծել, որ անթույլատրելի է դատավորին օրենքի պահանջներից չբխող գործողությունների չկատարման հիմքով դատավարական նորմերի խախտում վերագրելը և օրենքին հակասող գործողությունների կատարումից ձեռնպահ մնալը չի կարող որևէ կերպ մեկնաբանվել որպես դատավորի կողմից այնպիսի վարքագծի դրսևորում, ինչպիսին սահմանված է վերոնշյալ նորմերում։

Արդյունքում Դատավորը գտել է, որ Խորհրդին ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման նշված հիմնավորումներով և պատճառաբանություններով, ուստի, հիմք ընդունելով Օրենսգրքի 156-րդ հոդվածը, Խորհրդին խնդրել է մերժել ներկայացված միջնորդությունը։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

4.1) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի), քննելով թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի և լրացուցիչ հայցի Անդրանիկ Ներսիսյանի ընդդեմ «Բնակ-կոմունալ տնտեսության գլխավոր վարչություն» բաժնետիրական ընկերություն «Երևանյան» մասնաճյուղի, «Բնակ-կոմունալ տնտեսության գլխավոր վարչություն» բաժնետիրական ընկերության` աշխատանքային պայմանագրի լուծումն առանց օրինական հիմքերի և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով ճանաչելու և որպես ածանցյալ պահանջ` հարկադիր պարապուրդի և աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, 19.12.2019 թվականին վճռել է. «1. Հայցը բավարարել` Անդրանիկ Ներսիսյանի և «Բնակ-կոմունալ տնտեսության գլխավոր վարչություն» բաժնետիրական ընկերություն «Երևանյան» մասնաճյուղի միջև 15.12.2016թ. կնքված թիվ 023 աշխատանքային պայմանագիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ճանաչել առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ լուծված և որպես հետևանք պարտավորեցնել գործատուին հայցվոր Ա.Ներսիսյանին վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում հատուցում` միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով, սկսած 01.11.2017թ.-ից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: (…)»:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 30.06.2020 թվականին։

4.2) Անդրանիկ Ներսիսյանը 18.08.2021 թվականին դիմել է (դատարանում այն ստացվել է 14.09.2021 թվականին) դատավոր Սիմա Իսկանդարյանին՝ Վճիռը Կոնվենցիայի համաձայն Ռուսաստանի Դաշնության իրավասու դատարան ճանաչման և կատարման ուղարկելու խնդրանքով, որին շնորհվել է ԵԴ/0120/16/21 համարը։

4.3) «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում առկա տվյալների համաձայն՝ դատավոր Սիմա Իսկանդարյանը 16.09.2021 թվականին կայացրել է թիվ ԵԴ/0120/16/21 դատական հանձնարարությունը վարույթ ընդունելու մասին որոշում։

4.4) 14.03.2022 թվականին դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են, իսկ թիվ ԵԴ/0120/16/21 գործը 22.06.2022 թվականին վերամակագրվել է դատավոր Արմինե Սաֆարյանին։

4.5) Անդրանիկ Ներսիսյանի կողմից՝ 01.07.2022 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին, 07.11.2022 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Պողոսյանին, 15.03.2023 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանին ներկայացվել են թիվ ԵԴ/0120/16/21 դատական հանձնարարության պատշաճ քննարկումն ու ընթացքն ապահովելու վերաբերյալ նույնաբովանդակ գրություններ, որոնցից և ոչ մեկին ընթացք չի տրվել։

4.6) Անդրանիկ Ներսիսյանը՝ 17.03.2024 թվականին «armlex.am» կայքի միջոցով էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ հետևյալ բովանդակությամբ.

Ընթացք տալ (շարունակել)՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սիմա Իսկանդարյանի՝ թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործով 2019 թվականի դեկտեմբերի 19-ին կայացված վճիռը Կոնվենցիային համաձայն Ռուսաստանի Դաշնության իրավասու դատարանի ճանաչման և կատարման ուղարկելու համար հարուցված վարույթին կամ, հարուցել նոր վարույթ, եթե անհնար է ապահովել արդեն իսկ հարուցված վարույթի ընթացքը։

4.7) 28.03.2024 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ազատ Դունամալյանի կողմից կայացվել է Անդրանիկ Ներսիսյանի՝ Վճիռը Կոնվենցիայի համաձայն Ռուսաստանի Դաշնության իրավասու դատարան ճանաչման և կատարման ուղարկելու դիմումի ընդունումը մերժելու մասին որոշում, որին շնորհվել է ԵԴ2/1919/02/24 համարը։ Որոշման պատճառաբանական մասում նշվել է. «(...) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի վարույթում է քննվել Անդրանիկ Վանյայի Ներսիսյանի դիմումը՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործով 19.12.2019 թվականի վճիռը ճանաչելու և կատարումը թույլատրելու պահանջի մասին (թիվ ԵԴ/0120/16/21 դատական հանձնարարության վերաբերյալ գործ), որից հետո թեև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի մարտի 14-ի որոշմամբ դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են, այդուհանդերձ նրա վարույթում գտնվող բոլոր անավարտ գործերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերաբաշխվել են դատարանի այլ դատավորների միջև»։

4.8) 14.05.2024 թվականին Անդրանիկ Ներսիսյանի կողմից հարցում է ուղարկվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավարին թիվ ԵԴ/0120/16/21 դատական հանձնարարության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչին ի պատասխան 16.05.2024 թվականի գրությամբ տեղեկացվել է, որ թիվ ԵԴ/0120/16/21 դատական հանձնարարությունը 22.06.2022 թվականին մակագրվել է Դատավորին և միաժամանակ տրամադրվել է թիվ ԵԴ/0120/16/21 գործի էլեկտրոնային քարտից քաղվածքը։

4.9) 27.05.2024 թվականին պարզաբանում ստանալու նպատակով Անդրանիկ Ներսիսյանի կողմից Դատավորին ուղարկվել է գրություն, որն ըստ «Հայփոստ» ՓԲԸ-ի հետադարձ ծանուցման, Դատարանի աշխատակազմին է հանձնվել 03.06.2024 թվականին, սակայն որևէ պատասխան չի տրվել։

4.10) Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Գալստյանի 26.12.2024 թվականի թիվ ԴԴ-1 Ե-10253 գրության համաձայն՝ թիվ ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմին դատավարական փաստաթղթեր ուղարկելու վերաբերյալ Դատական համակարգ տվյալների կենտրոն համակարգչային ծրագրով ելքագրված գրառումներ առկա չեն։

4.11) Դատավորը 03.02.2025 թվականին տեղի ունեցած նիստի ընթացքում Խորհրդին է ներկայացրել ԵԿԴ/0014/02/18 քաղաքացիական գործով կայացված վճռի ճանաչման և հարկադիր կատարման հարցը քննարկելու համար Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Բասմանի շրջանային դատարանին հասցեագրված 27.12.2024 թվականի թիվ 9.1/Ե-100859/24 գրության պատճենը:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով Արդարադատության նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված պատասխանը՝ Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1 արդյո՞ք դատական գործը դատավորին մակագրված լինելու պայմաններում վերջինիս կողմից 2 տարի 5 ամսվա ընթացքում որևէ դատավարական գործողություններ չիրականացնելու արդյունքում Դատավորի կողմից թույլ է (են) տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) և (կամ) դատավորի վարքագծի կանոնի (կանոնների) խախտում (խախտումներ),

5.2 արդյո՞ք դատավարական իրավունքի նորմի (նորմերի) և (կամ) դատավորի վարքագծի կանոնի (կանոնների) ենթադրյալ խախտումը (խախտումները) կատարվել է (են) դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Լիազոր մարմնի ներկայացուցիչների և Դատավորի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:

Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության՝ օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:

Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որ չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և կհաստատեն վերջինիս մեղքը:

Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ մինչև 27.12.2024 թվականը գործող խմբագրությամբ 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:

Նույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:

Այսինքն, օրենսդրի կողմից նախատեսվել է դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում նոր դատավորի (դատավորների) կողմից դատավարական համապատասխան գործողությունների կատարման պարտականություն:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…):

Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում՝

1) գործի հանգամանքները, ներառյալ` իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները,

2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը,

3) գործի քննության ընդհանուր տևողությունը,

4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած՝ գործի (այդ թվում՝ ըստ փուլերի) քննության միջին ուղենիշային տևողությունը:

Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:

Սահմանադրական դատարանը 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է. «(…) գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (օրինակ՝ ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը։

Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն իր ամրագրումն է ստացել նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում (այսուհետ՝ Կոնվենցիա)։ Այսպես՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (…) դատարանի կողմից ողջամիտ ժամկետում (…) դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը (Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994):

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործի քննության ողջամիտ ժամկետը չունի ընդհանուր, բոլոր իրավիճակների համար կիրառելի թվային արտահայտություն. այն ենթակա է գնահատման յուրաքանչյուր դեպքում՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները։ Ընդ որում, Սահմանադրության 81-րդ հոդվածի ուժով անձի արդար դատաքննության իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը մեկնաբանելիս պետք է հաշվի առնվի և կիրառվի, ի թիվս այլնի, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկան:»:

Վերոգրյալ իրավանորմերի և դիրքորոշումների լույսի ներքո Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ արդար դատաքննության իրավունքի ինքնուրույն բաղադրիչներից է դատական պաշտպանության դիմած անձի՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Այդ իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար պետությունը կրում է անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պարտականություն, որի ապահովմանն են նպատակաուղղված առանձին դատավարական գործողություններ կատարելու և կոնկրետ գործերի ըստ էության քննության համար օրենսդրի կողմից հատուկ, ինչպես նաև՝ ողջամիտ ժամկետների սահմանումը:

Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատարանների հարցումներով օտարերկրյա պետությունների տարածքներում դատավարական գործողությունների կատարումը, ինչպես նաև դատական ծանուցագրերի, որոշումների, վճիռների և այլ փաստաթղթերի հանձնումը և սույն օրենսգրքով նախատեսված այլ գործողությունների կատարումը, ներառյալ` օտարերկրյա պետությունների իրավասու դատարանների հարցումներով Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատավարական գործողությունների կատարումը, իրականացվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու ասպարեզում համագործակցության նպատակով վավերացրել է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիան, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 07.10.2002 թվականի Քիշնևի կոնվենցիան, որոնցով պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները փոխադարձ իրավական օգնություն են ցույց տալիս այդ պայմանագրերի դրույթներին համապատասխան:

Քննարկվող պարագայում Գործով 19.12.2019 թվականին կայացված և 30.06.2020 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Անդրանիկ Ներսիսյանի հայցը: Հետագայում՝ 18.08.2021 թվականին հայցվորի կողմից ներկայացված (դատարանում ստացվել է 14.09.2021 թվականին)՝ Վճիռը Կոնվենցիայի համաձայն Ռուսաստանի Դաշնության իրավասու դատարան ճանաչման և կատարման ուղարկելու խնդրանքով դիմումը, ըստ «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրի տվյալների, դատավոր Սիմա Իսկանդարյանի 16.09.2021 թվականի թիվ ԵԴ/0120/16/21 որոշմամբ ընդունվել է վարույթ։ 14.03.2022 թվականին դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/0120/16/21 գործը 22.06.2022 թվականին վերամակագրվել է դատավոր Արմինե Սաֆարյանին, սակայն վերջինիս կողմից դատական գործն իրեն հանձնված լինելու պայմաններում առնվազն 2 տարի 5 ամսվա ընթացքում միջոցներ չի ձեռնարկել քննարկվող դատական գործի ընթացքը լուծելու, դրա շրջանակներում դատավարական գործողություններ իրականացնելու կապակցությամբ: Ավելին, հայցվորի կողմից 01.07.2022 թվականին, 07.11.2022 թվականին և 15.03.2023 թվականին գրություններ են ուղարկվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր նախագահներին՝ թիվ ԵԴ/0120/16/21 դատական հանձնարարության պատշաճ քննարկումն ու ընթացքն ապահովելու վերաբերյալ, որոնցից և ոչ մեկին ընթացք չի տրվել, անպատասխան է մնացել նաև հայցվորի՝ 27.05.2024 թվականին Դատավորին ուղարկված պարզաբանում ստանալու գրությունը, որն ըստ «Հայփոստ» ՓԲԸ-ի հետադարձ ծանուցման, Դատարանի աշխատակազմին է հանձնվել 03.06.2024 թվականին:

Խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ շահագրգիռ անձի կողմից իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելու նպատակով օրենսդրությամբ նախատեսված որևէ պահանջով դատարանին դիմելիս, ակնկալում է իր կողմից ներկայացված հարցի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշում կայացնելու, օրենսդրությամբ սահմանված դատավարական համապատասխան գործողություններ կատարելու ձևով:

Այսինքն` շահագրգիռ անձի կողմից դատարանին նման պահանջ ներկայացնելու իրավունքին համապատասխանում է դատարանի՝ դատավարական նորմերով սահմանված ժամկետում, իսկ այդպիսի ժամկետների բացակայության դեպքում ողջամիտ ժամկետում՝ առանց արդարադատության շահերին վնասելու իրեն վերապահված տվյալ հարցով (մակագրված գործով) որոշում կայացնելու, օրենսդրությամբ սահմանված դատավարական համապատասխան գործողություններ կատարելու պարտականությունը:

Հետևաբար, Անդրանիկ Ներսիսյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2019 թվականի վճռի ճանաչման և կատարումը թույլատրելու մասին պահանջի ներկայացմամբ իրավաչափ ակնկալիք է ունեցել դատավարական, ինչպես նաև վերաբերելի այլ օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների կենսագործման արդյունքում հասնելու իր պահանջի լուծմանը, որտեղ ի թիվս այլնի էական է դատարանի ողջամիտ ժամկետներում գործելու պարտականությունը:

Գործի ողջամիտ ժամկետում քննության վերաբերյալ դատարանին ուղղված պահանջի կարևորության հաշվառմամբ անդրադառնալով Անդրանիկ Ներսիսյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2019 թվականի վճռի ճանաչման և կատարումը թույլատրելու պահանջի մասին թիվ ԵԴ/0120/16/21 գործն 22.06.2022 թվականին իրեն մակագրված լինելուց հետո առնվազն 2 տարի 5 ամսվա ընթացքում դրա լուծմանն ուղղված անհրաժեշտ դատավարական գործողությունների ձեռնարկման ուղղությամբ Դատավորի կողմից դրսևորած անգործությանը, հարկ է արձանագրել, որ Դատավորը որպես դատական իշխանության կրող թիվ ԵԴ/0120/16/21 գործն իրեն մակագրված լինելու արդյունքում նշված ժամանակահատվածում չի կատարել իրեն վերապահված հարցը ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու ուղղությամբ անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առնվազն տևական ժամանակ անձին զրկելով օրինական ուժի մեջ մտած վճռի կատարման՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածից բխող իրավունքից, իսկ Անդրանիկ Ներսիսյանի կողմից թիվ ԵԴ/0120/16/21 դատական գործի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահներին ուղղված և անհետևանք մնացած թվով 3 գրությունները, ինչպես նաև Դատավորին ուղղված և կրկին անհետևանք մնացած գրությունը նույնպես վկայում են վեճի առարկա հարցի (գործի) քննարկման և լուծման ողջամիտ ժամանակահատվածի անհարկի երկարաձգման արդյունքում Անդրանիկ Ներսիսյանի կողմից իր իրավունքների պաշտպանության համար լրացուցիչ գործողություններ ձեռնարկելու մասին:

Միաժամանակ, Խորհրդի գնահատմամբ, հատկանշական է, որ Դատավորը 03.02.2025 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Խորհրդին է ներկայացրել 27.12.2024 թվականին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Բասմանի շրջանային դատարանին ուղղված թիվ 9.1/Ե-100859/24 գրությունը, որով և փաստել է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած կոնվենցիայից բխող դատավարական պարտականության կատարման անհրաժեշտությունը՝ դրանով իսկ ընդունելով իր կողմից անհրաժեշտ գործողությունները ողջամիտ ժամկետում չկատարելու հանգամանքը (Խորհուրդը չի անդրադառնում դատական ակտի ճանաչման և կատարման ուղարկելու կարգի պահպանվածության հարցին):

Վերոնշյալ հիմնավորումների ամփոփմամբ Խորհուրդը փաստում է, որ Դատավորը թիվ ԵԴ/0120/16/21 գործն 22.06.2022 թվականին իրեն մակագրված լինելուց հետո առնվազն 2 տարի 5 ամսվա ընթացքում դրա լուծմանն ուղղված անհրաժեշտ դատավարական գործողություններ չձեռնարկելով տևական ժամանակ առկախված է թողել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման, անձի իրավունքների պաշտպանության հարցը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու, ինչպես նաև ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների խախտման՝ նվազեցնելով հանրության վստահությունն արդարադատության և դրա արդյունավետության նկատմամբ՝ այդպիսով հեղինակազրկելով դատական իշխանությունը և ակնհայտորեն վտանգելով դատարանի՝ որպես անաչառ ինստիտուտի մասին հանրային ընկալումը:

Միաժամանակ Խորհուրդը, անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված խախտման արդյունքում վրա հասած հետևանքին, արձանագրում է, որ թիվ ԵԴ/0120/16/21 գործը 22.06.2022 թվականին իրեն մակագրվելուց հետո առնվազն 2 տարի 5 ամսվա ընթացքում անհրաժեշտ դատավարական գործողությունների չձեռնարկման արդյունքում Անդրանիկ Ներսիսյանը առնվազն տևական ժամանակահատվածով զրկվել է օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում` միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով՝ սկսած 01.11.2017 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը հատուցում ստանալու իրավունքից, որով և օբյեկտիվորեն հերքվում է արարքի հետևանք առաջացրած չլինելու մասին Դատավորի պնդումը:

Միաժամանակ, Խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրական համակարգում միջազգային պայմանագրերի իրավաբանական ուժի և դրանց կնքմամբ, վավերացմամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունների անշեղ կատարման կարևորության հաշվառմամբ՝ անհրաժեշտ է համարում ընդգծել, որ պետական համակարգի մարմնի, տվյալ դեպքում դատարանի՝ պետության կողմից ստանձնված պարտավորության չկատարման ձևով դրսևորված անտարբեր վերաբերմունքը հանրության աչքերում դատարանին հեղինակազրկելուց զատ իր բացասական ազդեցությունն է թողնում Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային պայմանագիր կնքած սուբյեկտի միջպետական հեղինակության վրա:

Ինչ վերաբերում է Խորհրդի նիստի ընթացքում թիվ ԵԴ/0120/16/21 գործին համապատասխան ընթացք չտալու հանգամանքն իր գերծանրաբեռնվածությամբ պայմանավորելուն, ապա Խորհուրդը կրկին անգամ հարկ է համարում հաստատել, որ յուրաքանչյուր կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի գերծանրաբեռնվածության հանգամանքով պայմանավորված դատավարական ժամկետների խախտումները ենթակա են գնահատման տվյալ վարույթի շրջանակներում դատավորի կողմից ներկայացված բացառիկ հանգամանքների կամ հիմնավորումների սահմաններում, միաժամանակ անդրադառնալով սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից վկայակոչված փաստարկին առ այն, թե թիվ ԵԴ/0120/16/21 գործով թույլ տրված ուշացումը պայմանավորված է եղել իր գերծանրաբեռնվածությամբ, ապա Խորհրդի գնահատմամբ այդ փաստարկն, ըստ էության, չի բովանդակում այնպիսի բացառիկ հանգամանքներ կամ հիմնավորումներ, որոնց հիմքով հնարավոր կլինի տվյալ իրավիճակում Դատավորի կողմից թիվ ԵԴ/0120/16/21 գործին շուրջ 2 տարի 5 ամիս ընթացք չտալը համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ:

Խորհուրդը կարևոր է համարում փաստել նաև, որ անկախ ծանրաբեռնվածության աստիճանից՝ դատավորը պարտավոր էր ապահովել իրավունքի գերակայությունը. արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում, թույլ չտալ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի կամ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, բարձր պահել իր, դատարանի և դատական իշխանության հեղինակությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Միաժամանակ որոշելու համար Դատավորի մեղքի ձևը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Դատարանի թիվ ԵԴ/0120/16/21 գործի 22.06.2022 թվականին իրեն մակագրվելուց հետո առնվազն 2 տարի 5 ամսվա ընթացքում անհրաժեշտ դատավարական գործողությունների չձեռնարկմամբ դրսևորված վարքագիծը անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է ողջամտորեն կասկած հարուցել նաև Դատարանի անկախության ու անաչառության հարցում՝ դրանով իսկ նվազեցնելով հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Միաժամանակ անդրադառնալով Դատավորի կողմից բարձրացված՝ միջնորդությունն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու փաստարկին՝ Խորհուրդը փաստում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարուցված կարգապահական վարույթի տևողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը չի կարող երկու ամսից ավելի լինել:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը կարող է վարույթ հարուցող մարմնի որոշմամբ դատավորի բացակայության (արձակուրդ, անաշխատունակություն, գործուղում, բացառությամբ այլ դատարան գործուղվելու և այլն) ժամանակահատվածով կարող է երկարաձգվել: Դատավորի բացակայության հիմքերի և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը վարույթ հարուցող մարմնին տրամադրում է համապատասխան դատարանի նախագահը:

Քննարկվող պարագայում Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի 17.10.2024 թվականի թիվ 101-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Դատավորը հարուցված վարույթի ընթացքում 10 աշխատանքային օր/12 օրացույցային օր՝ (04․11․2024-15․11․2024 թվականը ներառյալ) տևողությամբ գտնվել է անաշխատունակության մեջ և վերջինիս բացատրությունը հարուցված վարույթի վերաբերյալ Արդարադատության նախարարությունում ստացվել է 09.12.2024 թվականին, որից հետո՝ 13.12.2024 թվականին վարույթ հարուցած մարմինը պահանջել է տեղեկատվություն տրամադրել համապատասխան քաղաքացիական գործով կատարված գործողությունների մասին՝ կցելով անհրաժեշտ նյութերը:

Միաժամանակ նույն օրը՝ 13.12.2024 թվականին վարույթ հարուցած մարմինը հարցում է կատարել նաև Դատական դեպարտամենտի ղեկավարին:

Վարույթ հարուցած մարմինը, 17.12.2024 թվականի դրությամբ ստացած չլինելով կատարված հարցումների վերաբերյալ պատասխանները, Խորհրդի գնահատմամբ, իրավաչափ կերպով 17.12.2024 թվականի թիվ 116-Ա որոշմամբ երկարաձգել է վարույթի տևողությունը Դատավորի կողմից անաշխատունակության մեջ գտնված լինելու ժամանակահատվածով՝ 12-օրյա ժամկետով:

Խորհուրդը Դատավորի մյուս փաստարկներին չի անդրադառնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոգրյալի հաշվառմամբ դրանք որևէ նշանակություն ունենալ չեն կարող՝ միաժամանակ արձանագրելով, որ Դատավորն իր կողմից թույլ տրված խախտումներով զերծ չի մնացել դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց՝ ակնհայտորեն վտանգելով դատարանի որպես անաչառ ինստիտուտի մասին հանրային ընկալումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին հայտարարել խիստ նկատողություն:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

 Ա. Աթաբեկյան

Անդամներ`

 

 

 

 Ա. Դանիելյան

 Կ. Թումանյան

 Ե. Թումանյանց

 Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 Էդ. Հովհաննիսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան