ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2025 թվականի N 310-Ն
ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգի հաստատման ընթացակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 20-ի N 310-Ն որոշման |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ կանոնակարգ) հաստատման հետ կապված հարաբերությունները:
2. Հասկացություններն օգտագործվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված իմաստով:
3. Կանոնակարգը ներկայացվում է լիցենզիա ստանալու հայտի հետ միասին:
4. Կազմակերպիչը նոր կանոնակարգերը կամ կանոնակարգում կատարվող փոփոխությունները կամ լրացումները նախքան դրանց կիրառումը սույն ընթացակարգով սահմանված կարգով ներկայացնում է Լիազոր մարմնի հաստատմանը:
5. Կազմակերպիչը հաստատման նպատակով կանոնակարգը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Լիազոր մարմնին: Լիազոր մարմնին ներկայացված կանոնակարգը միաժամանակ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացվում է Վերահսկող մարմնին և Խաղային գործունեության կարգավորման օպերատորին:
6. Կանոնակարգը ներկայացվում է հնարավորինս պարզ, հակիրճ, միանշանակ ընկալվող հայերենով, «Յունիկոդ» կոդավորմամբ տառատեսակով:
7. Կանոնակարգում պարտադիր նշվում են օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները:
8. Կանոնակարգը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում դրանք ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձը տեղեկատվական համակարգում համացանցի միջոցով լրացնում է դիմումի համար անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթուղթը հաստատում է էլեկտրոնային ստորագրության միջոցով: Կանոնակարգը՝ սույն ընթացակարգով սահմանված մարմիններում մուտքագրված լինելու փաստը հավաստվում է նույն աշխատանքային օրվա ընթացքում` հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր:
9. Լիազոր մարմինը սույն ընթացակարգով սահմանված կարգով կանոնակարգը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում քննում է դրանք:
10. Լիազոր մարմնի կողմից մեկամսյա ժամկետում բացասական եզրակացություն չտրամադրվելու դեպքում դրական եզրակացությունը համարվում է տրված:
11. Ընթացակարգով սահմանված մարմինները կանոնակարգը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում ներկայացնում են դրական կամ բացասական դիրքորոշում կանոնակարգերը հաստատելու կամ մերժելու կամ տեխնիկական թերությունների առկայության մասին: Վերահսկող մարմինը և Խաղային գործունեության կարգավորման օպերատորն իրենց դիրքորոշումները սույն կետով սահմանված ժամկետում տրամադրում են Լիազոր մարմնին:
12. Եթե ընթացակարգով սահմանված մարմինների կողմից կանոնակարգի հաստատման վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն, ապա կանոնակարգը համարվում է հաստատված: Լիազոր մարմինը 3-օրյա ժամկետում Կազմակերպչին է տրամադրում կանոնակարգի հաստատված օրինակը:
13. Եթե ընթացակարգով սահմանված մարմինների կամ մեկ մարմնի կողմից ներկայացվել է բացասական դիրքորոշում, ապա կանոնակարգի հաստատման հարցը ենթակա է քննարկման խաղային գործունեության կազմակերպման լիցենզավորող հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված կարգով:
14. Եթե սահմանված մարմինների կամ մեկ մարմնի կողմից ներկայացվել է դիրքորոշում տեխնիկական թերությունների առկայության մասին, ապա այդ մասին Լիազոր մարմինը տեղեկացնում է Կազմակերպչին, առաջարկելով 5 օրվա ընթացքում ներկայացնել ուղղված կանոնակարգը, որից հետո Լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում Կազմակերպչին է տրամադրում կանոնակարգի հաստատված օրինակը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2025 թվական: