ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
18 մարտի 2025 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԻՐ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ + ՀԱՏՈՒԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆ 1» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ք. Ղալեչյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2025 թվականի հունվարի 9-ի N 7-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան։
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի հունվարի 10-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 12-ին` Հյուսիս-հարավ մայրուղու առանցքային մաս կազմող՝ Սյունիքի հարավային և լեռնային շրջանում Սիսիանի և Քաջարանի միջև նոր ուղեգծի կառուցման ծրագրին (այսուհետ` Ծրագիր1) օժանդակելու նպատակով:
Համաձայն Պայմանագրի 11.6–րդ հոդվածի՝ Պայմանագիրը Բանկի և Հայաստանի Հանրապետության միջև նախատեսված Վարկի տրամադրման հետ կապված ամբողջական համաձայնագիր է և փոխարինում է նույն հարցի վերաբերյալ ցանկացած բացահայտ կամ ենթադրյալ նախկին համաձայնագրի:
2. Պայմանագիրն ունի 6 հավելվածներ2 և 1 առդիր` Հավելված Ա. «Ծրագրի մասնագրերը և հաշվետվություններ ներկայացնելը», Հավելված Բ. «Համապատասխան միջբանկային դրույքաչափերի սահմանումները», Հավելված Գ. «Հատկացման առաջարկի/ընդունման ձևանմուշը (Հոդվածներ 1.2.Բ և 1.2.Գ)», Հավելված Դ. «Տոկոսի դրույքաչափի վերանայումը և փոխարկումը», Հավելված Ե. «Վարկառուի կողմից տրամադրվելիք հավաստագրերը», Հավելված Զ. «ԿԶԵՖ+-ի Բացառման հայտարարություն ՀՆՊ1-ով սահմանված ինքնիշխան սուբյեկտների համար», Առդիր I. «Ստորագրող կողմի լիազորությունը»։
3. Պայմանագրի համաձայն՝ Բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 236.000.000.00 եվրոյի չափով (երկու հարյուր երեսունվեց միլիոն եվրո) վարկ (Վարկ)՝ Ծրագրի ֆինանսավորման համար:
Վարկը Բանկի կողմից հատկացնում է մինչև 20 (քսան) Տրանշով՝ եվրոյով, և յուրաքանչյուր Տրանշի գումարը կազմում է նվազագույնը 5.000.000 եվրո (հինգ միլիոն եվրո) կամ (եթե ավելի քիչ) Վարկի ամբողջ չօգտագործված մնացորդը:
Ծրագիրը կազմված է Հայաստանի Սյունիքի մարզում Սիսիանի և Քաջարանի միջև նոր 60 կմ երկարությամբ մեկ երթևեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցումից։ Ծրագրի իրականացման վայրը Հայաստանի Սյունիքի մարզն է՝ Սիսիան և Քաջարան համայնքների վարչական սահմաններում:
Ծրագիրը ներառում է երեք առանձին հատվածներ՝ Հատված 1. Հյուսիսային ճանապարհահատված Սիսիանից մինչև Շենաթաղ (մոտավորապես 27 կմ), Հատված 2. Բարգուշատի թունել (մոտավորապես 8.6 կմ). Հարակից և ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորման ոչ ենթակա աշխատանքներ և Հատված 3. Հարավային ճանապարհահատված (մոտավորապես 24 կմ)։
Իրականացման նպատակով Ծրագիրը բաժանվել է երեք լոտերի։ Ծրագրի իրականացումը նախատեսվում է սկսել մինչև 2025 թվականի կեսերը, իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2031 թվականի կեսը՝ 60 ամիս իրականացման ժամկետով: Թերությունների մասին ծանուցման ժամկետի համար նախատեսվում է մեկ տարի։
Պայմանագիրը և դրանից ծագող կամ դրա հետ կապված ցանկացած ոչ պայմանագրային պարտավորություն կարգավորվում են Լյուքսեմբուրգի օրենսդրությամբ:
Պայմանագրով Վճարման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա մարտի 20-ը և սեպտեմբերի 20-ը` մինչև Տոկոսի վերանայման/փոխարկման ամսաթիվը, եթե այդպիսիք կան, կամ Մարման ամսաթիվը՝ բացառությամբ, եթե որևէ այդպիսի օր Համապատասխան աշխատանքային օր չէ:
4. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝
4.1. չհակասելով Պայմանագրի 5.2(ե) հոդվածին՝ ընդունել, որ Հայաստանի Հանրապետության կողմից նշված Հատկացման հաշվին կատարված վճարումները Պայմանագրով նախատեսված հատկացումներ են այնպես, ինչպես այն դեպքում, երբ դրանք կկատարվեին Հայաստանի Հանրապետության սեփական բանկային հաշվին, ընդ որում՝ յուրաքանչյուր Տրանշի համար սահմանել միայն մեկ Հատկացման հաշիվ (հոդված 1.2.Դ, պարբերություններ 2 և 3),
4.2. Բանկի համար բավարար ձևով և բովանդակությամբ Բանկին տրամադրել ապացույց, որ գնահատման վճարն ամբողջությամբ կատարվել է Պայմանագրի 1.8–րդ հոդվածի (Գնահատման վճար) համաձայն, տրամադրել ապացույց, որ Հայաստանի Հանրապետության կողմից Պայմանագրի ստորագրումը պատշաճ կերպով լիազորված է, և որ Հայաստանի Հանրապետության անունից Պայմանագիրն ստորագրող անձը կամ անձինք պատշաճ կերպով լիազորված են դա անելու յուրաքանչյուր այդ անձի կամ անձանց ստորագրության նմուշով, ինչպես նաև հավաստիացնել, որ Պայմանագրի առնվազն 2 (երկու) բնօրինակ պատշաճ կերպով ստորագրված է բոլոր Կողմերի կողմից՝ տրամադրելով Լիազորված ստորագրող անձանց և հաշիվների ցանկը՝ նախքան Հայաստանի Հանրապետության կողմից Հատկացման առաջարկ պահանջելը` համաձայն Պայմանագրի 1.2.Բ հոդվածի (հոդված 1.4.Ա),
4.3. Պայմանագրի 1.2–րդ հոդվածով նախատեսված Ենթածրագիր 1-ի համար առաջին Տրանշի հատկացման նպատակով Բանկին տրամադրել Պայմանագրի 1.4.Բ հոդվածով նախատեսված գրավոր փաստաթղթերը կամ ապացույցները՝ Բանկի կողմից իրեն բավարարող ձևով և բովանդակությամբ՝ Հատկացման պլանավորված ամսաթվից (իսկ 1.5–րդ հոդվածի համաձայն հետաձգման դեպքում՝ համապատասխանաբար Հատկացման պահանջվող հետաձգված ամսաթվից կամ Հատկացման համաձայնեցված հետաձգված ամսաթվից) 6 (վեց) Աշխատանքային օր առաջ կամ մինչ այդ օրը (հոդված 1.4.Բ),
4.4. Պայմանագրի 1.2–րդ հոդվածով նախատեսված Ենթածրագիր 2-ի համար առաջին Տրանշի հատկացման նպատակով Բանկին տրամադրել Պայմանագրի 1.4.Գ հոդվածով նախատեսված գրավոր փաստաթղթերը կամ ապացույցները՝ Բանկի կողմից իրեն բավարարող ձևով և բովանդակությամբ՝ Հատկացման պլանավորված ամսաթվից (իսկ 1.5–րդ հոդվածի համաձայն հետաձգման դեպքում՝ համապատասխանաբար Հատկացման պահանջվող հետաձգված ամսաթվից կամ Հատկացման համաձայնեցված հետաձգված ամսաթվից) 6 (վեց) Աշխատանքային օր առաջ կամ մինչ այդ օրը (հոդված 1.4.Գ),
4.5. Պայմանագրի 1.2–րդ հոդվածի համաձայն՝ Ենթածրագիր 2-ի յուրաքանչյուր Տրանշի հատկացման համար, բացառությամբ առաջին Տրանշի, Բանկի պահանջները բավարարող ձևով և բովանդակությամբ, Հատկացման պլանավորված ամսաթվից (իսկ 1.5–րդ հոդվածի համաձայն հետաձգման դեպքում՝ համապատասխանաբար Հատկացման պահանջվող հետաձգված ամսաթվից կամ Հատկացման համաձայնեցված հետաձգված ամսաթվից) 6 (վեց) աշխատանքային օր առաջ կամ մինչ այդ օրը Բանկին տրամադրել Պայմանագրի 1.4.Է(ա) հոդվածով նախատեսված փաստաթղթերը կամ ապացույցները (հոդված 1.4.Է),
4.6. վճարել Հետաձգման վճարը, եթե Ընդունված տրանշի հատկացումը հետաձգվում է Պայմանագրի 1.5.Ա(1) կամ 1.5.Ա(2) կետերի համաձայն (հոդված 1.5.Ա(3)),
4.7. եթե Բանկը կասեցնում է Ընդունված տրանշը Փոխհատուցման ենթակա կանխավճարի դեպքի կամ Պարտավորությունների չկատարման դեպքի կամ այնպիսի դեպքի կամ հանգամանքի առկայության պարագայում, որը ժամանակի ընթացքում կամ Պայմանագրով նախատեսված ծանուցման կամ որևէ որոշման կայացման հետևանքով (կամ վերոշարադրյալ դեպքերի համակցության արդյունքում) Փոխհատուցման ենթակա կանխավճարի դեպք կամ Պարտավորությունների չկատարման դեպք է, ապա Բանկին վճարել այդ Ընդունված տրանշի գումարի վրա հաշվարկված Հետաձգման վճարը (հոդված 1.6.Գ(1)),
4.8. Վարկի արժույթով Բանկին վճարել չօգտագործման վճար, որը Վարկի օրական չօգտագործված և չչեղարկված մնացորդի վրա հաշվարկվում է այն ամսաթվից, որը կազմում է 48 (քառասունութ) ամիս՝ սկսած Ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև Վերջնական հասանելիության ամսաթիվը՝ տարեկան 0.1% (զրո ամբողջ մեկ տասնորդական) տոկոսադրույքով և չօգտագործման հաշվեգրված վճարը վճարել յուրաքանչյուր Վճարման ամսաթվին՝ մինչև Վերջնական հասանելիության ամսաթիվը, և Վերջնական հասանելիության ամսաթվին, կամ եթե Վարկը Պայմանագրի 1.6–րդ հոդվածի համաձայն ամբողջությամբ չեղարկվել է մինչև Վերջնական հասանելիության ամսաթիվը, ապա Պայմանագրի 1.9(բ) հոդվածի (i) կետում նշված վճարման ամսաթվին՝ չեղարկման ամսաթվից անմիջապես հետո, ընդ որում, եթե վճարման ենթակա չօգտագործման վճարի կատարման ամսաթիվը համապատասխան աշխատանքային օր չէ, ապա վճարումը կատարել, առկայության դեպքում, այդ ամսվա համապատասխան աշխատանքային օր հանդիսացող հաջորդ օրը, կամ այդպիսի օրվա բացակայության դեպքում՝ համապատասխան աշխատանքային օր հանդիսացող ամենամոտ նախորդ օրը, բոլոր դեպքերում՝ վճարման ենթակա չօգտագործման վճարի չափի համապատասխան ճշգրտմամբ (հոդվածներ 1.9(ա), 1.9(բ), 1.9(դ) և 1.9(ե)),
4.9. Պայմանագրի 1.5–րդ և 1.6–րդ հոդվածներով նախատեսված վճարման ենթակա գումարները վճարել եվրոյով՝ Հայաստանի Հանրապետության կողմից Բանկի պահանջն ստանալուց հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում կամ Բանկի պահանջով սահմանված ցանկացած ավելի երկար ժամկետում (հոդված 1․10),
4.10. յուրաքանչյուր Լողացող դրույքաչափով տրանշի չմարված մնացորդի դիմաց վճարել տոկոսներ Լողացող դրույքաչափով, յուրաքանչյուր կիսամյակ՝ ապառքներով, Հատկացման առաջարկում նշված համապատասխան Վճարման ամսաթվերին, որոնք սկսվում են Տրանշի Հատկացման ամսաթվին հաջորդող առաջին այդպիսի Վճարման ամսաթվին, իսկ եթե Հատկացման ամսաթվից մինչև առաջին Վճարման ամսաթիվն ընկած ժամանակահատվածը 15 (տասնհինգ) օր է կամ ավելի քիչ, ապա այդ ժամանակահատվածում հաշվարկված տոկոսների վճարումը հետաձգվում է մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը (հոդված 3․1․Բ, պարբերություն 1),
4.11. Տրանշի տոկոսադրույքի բազայի վերանայման կամ փոխարկման տարբերակն իրացնելու դեպքում Տոկոսի վերանայումը/փոխարկումն ուժի մեջ մտնելու ամսաթվից (Դ Հավելվածում սահմանված ընթացակարգին համապատասխան) վճարել տոկոս՝ Պայմանագրի Դ Հավելվածում նախատեսված դրույթներին համապատասխան սահմանված դրույքաչափով (հոդված 3․1․Գ),
4.12. չհակասելով Պայմանագրի 10-րդ հոդվածին և բացառություն կատարելով Պայմանագրի 3.1–րդ հոդվածից՝ Բանկի պահանջին համապատասխան, Պայմանագրի համաձայն վճարման ենթակա որևէ գումար ժամանակին չվճարելու դեպքում, վճարել Պայմանագրի պայմանների համաձայն վճարման ամսաթվից մինչև փաստացի վճարման ամսաթիվը ժամկետանց ցանկացած գումարի վրա հաշվեգրված տոկոս՝ տարեկան դրույքաչափով, որը հավասար է. Լողացող դրույքաչափով տրանշների հետ կապված ժամկետանց վճարումների գումարների համար՝ կիրառելի Լողացող դրույքաչափ՝ գումարած 2% (200 բազիսային կետ), Ֆիքսված դրույքաչափով տրանշների հետ կապված ժամկետանց վճարումների գումարների համար՝ հետևյալներից առավել մեծը. կիրառելի Ֆիքսված դրույքաչափ՝ գումարած 2% (200 բազիսային կետ), կամ Համապատասխան միջբանկային դրույքաչափ (մեկ ամիս)՝ գումարած 2% (200 բազիսային կետ), ինչպես նաև Պայմանագրի 3.2–րդ հոդվածի «ա» և «բ» կետերում նախատեսված ժամկետանց վճարումների գումարներից բացի՝ այլ ժամկետանց վճարումների գումարների համար՝ Համապատասխան միջբանկային դրույքաչափ (մեկ ամիս)՝ գումարած 2% (200 բազիսային կետ) (հոդված 3.2, պարբերություն 1),
4.13. ոչ ուշ, քան մինչև Կանխավճարի մասին ծանուցման մեջ նշված վերջնաժամկետը (եթե առկա է), Կանխավճարի մասին ծանուցումն ընդունելու դեպքում կատարել կանխավճարը (հոդված 4.2.Գ, պարբերություն 2),
Կանխավճարի գումարի վճարման հետ միասին կատարել հաշվեգրված տոկոսի, Կանխավճարի գումարի դիմաց վճարման ենթակա Կանխավճարի փոխհատուցման վճարում, ինչպես նշված է Կանխավճարի մասին ծանուցման մեջ, և Պայմանագրի 4.2.Դ հոդվածով սահմանված վճարը, եթե առկա է (հոդված 4.2.Գ, պարբերություն 3),
4.14. եթե Բանկն իր հայեցողությամբ Կանխավճարի մասին հայտը բացառության կարգով ընդունում է 30 (երեսուն) օրացուցային օրվանից պակաս օր առաջ արված նախնական ծանուցմամբ, ապա Բանկին վճարել 10.000.00 եվրոյի (տաս հազար եվրո) չափով վճար յուրաքանչյուր Տրանշի համար, որի մասով մասնակի կամ ամբողջական կանխավճար է պահանջվում՝ հաշվի առնելով նման կամավոր կանխավճարի հետ կապված Բանկի կրած վարչական ծախսերը (հոդված 4.2.Դ),
4.15. Բանկին անհապաղ տեղեկացնել, եթե տեղի է ունեցել կամ հավանական է, որ տեղի կունենա Ծրագրի ծախսերի կրճատման դեպք, և Պայմանագրի 4.3.Ա(1)(ա) հոդվածով պահանջված գումարի վճարումը կատարել Բանկի կողմից նշված ամսաթվին, որը պահանջը ներկայացվելու ամսաթվից հետո՝ 30 (երեսուն) օրվանից պակաս չէ (հոդվածներ 4.3.Ա(1)(ա) և հոդված 4.3.Ա(1)(բ)),
4.16. Բանկի կողմից Պայմանագրի 4.3.Ա հոդվածի համաձայն պահանջված ցանկացած գումար Պայմանագրի համաձայն հաշվեգրված կամ վճարման ենթակա ցանկացած տոկոսի կամ այլ գումարի հետ միասին, այդ թվում՝ առանց սահմանափակման, Պայմանագրի 4.3.Գ հոդվածով վճարման ենթակա ցանկացած փոխհատուցում վճարել Բանկի կողմից իր պահանջի մասին ծանուցման մեջ նշված Կանխավճարի ամսաթվին (հոդված 4.3.Բ),
4.17. Պայմանագրում կամ Բանկի պահանջով այլ բան սահմանված չլինելու դեպքում՝ տոկոսագումարներից, փոխհատուցման և մայր գումարից բացի բոլոր մյուս գումարները վճարել Բանկի պահանջն ստացվելուց հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում (հոդված 5.2(ա)),
4.18. Պայմանագրի համաձայն փոխառված բոլոր գումարներն օգտագործել Ծրագրի իրականացման համար և ապահովել, որ Հայաստանի Հանրապետությանը հասանելի լինեն Նախաբանի «բ» կետում նշված այլ ֆինանսական միջոցները, և որ այդ ֆինանսական միջոցներն անհրաժեշտ չափով ծախսվեն Ծրագրի ֆինանսավորման համար (հոդված 6.1),
4.19. Ծրագրի համար սարքավորումներ ձեռք բերել, ծառայություններ ապահովել և աշխատանքներ պատվիրել Բանկին բավարարող՝ վերջինիս Գնումների ուղեցույցում նկարագրված քաղաքականությանը համապատասխանող ընդունելի գնումների ընթացակարգերի համաձայն, ինչպես նաև Հարավային ճանապարհահատվածին առնչվող գնումների գործընթացը Բանկի կողմից ՎԶԵԲ-ին պատվիրակելուն, իսկ Հյուսիսային ճանապարհահատվածին առնչվող գնումների գործընթացը Բանկի կողմից ԱԶԲ-ին պատվիրակելուն համապատասխան՝ Բանկի, ԱԶԲ-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքված ընթացակարգային մեթոդաբանության դրույթների համաձայն (հոդված 6.4),
4.20. երաշխավորել և ապահովել, որ Օժանդակող մարմինն ապահովի սպասարկումը, Ծրագրի ակտիվները, ապահովագրությունը, իրավունքները և թույլտվությունները, Բնապահպանական և սոցիալական չափանիշները և հաստատումները, ինչպես նաև ԵՄ իրավունքը (հոդված 6.5),
4.21. բոլոր առումներով պահպանել և ապահովել, որ Օժանդակող մարմինը պահպանի այն բոլոր օրենքները, որոնք տարածվում են իր կամ Ծրագրի վրա, եթե դրանք չպահպանելն էականորեն կվնասի Հայաստանի Հանրապետության՝ Պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելու կարողությունը (հոդված 6.6),
4.22. Պայմանագրի վերաբերյալ տեղեկությունները (բացի Հայաստանի Հանրապետության՝ Պայմանագրի կառավարման մեջ ընդգրկված անձնակազմին վերաբերող կոնտակտային տեղեկություններից (Կոնտակտային տվյալներ)) Բանկին բացահայտելիս ապանձնավորել կամ որևէ այլ կերպ փոփոխել այդ տեղեկությունները (ըստ անհրաժեշտության), որպեսզի դրանք չպարունակեն որևէ տեղեկություն՝ կապված նույնականացված կամ նույնականացման ենթակա անձանց հետ (Անձնական տվյալներ)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Պայմանագրով կոնկրետ պահանջվում է, կամ Բանկը կոնկրետ գրավոր պահանջում է բացահայտել (հոդված 6.9(ա)),
4.23. Բանկին հավաստիացնել և երաշխավորել, որ Պայմանագիրը կազմում է Հայաստանի Հանրապետության իրավաբանորեն վավեր, պարտադիր և կատարման ենթակա պարտավորությունները, և Պայմանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների իրականացումը և ապահովումը, կատարումը և դրա դրույթների պահպանումը չեն հակասում և չեն հակադրվում, ինչպես նաև չեն հակասի և չեն հակադրվի ցանկացած կիրառելի օրենքի, կանոնադրության, կանոնի կամ կանոնակարգի կամ ցանկացած վճռի, որոշման կամ թույլտվության, որը տարածվում է Հայաստանի Հանրապետության վրա և իր համար պարտադիր ուժ ունեցող ցանկացած համաձայնագրի կամ այլ փաստաթղթի, որը ողջամտորեն կարելի է ակնկալել, որ էական բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության՝ Պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելու կարողության վրա (հոդվածներ 6.10(բ) և 6.10(գ)),
4.24. Բանկին հավաստիացնել և երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետությունը ստացել է Պայմանագրի հետ և դրանով սահմանված իր պարտավորություններն օրինականորեն կատարելու համար անհրաժեշտ բոլոր Թույլտվությունները, և Ծրագիրն ու այդ բոլոր Թույլտվությունները լիակատար ուժի և գործողության մեջ են և ընդունելի են որպես ապացույց, և Պայմանագրով սահմանված վճարման Հայաստանի Հանրապետության պարտավորությունները դասակարգվում են ոչ պակաս, քան pari passu (հավասարապես) վճարման իրավունքի նկատմամբ՝ դրա պարտքային գործիքներից որևէ մեկով սահմանված բոլոր այլ ընթացիկ և հետագա չապահովված և անկախ պարտավորությունների հետ՝ բացառությամբ ընդհանուր առմամբ ընկերությունների նկատմամբ կիրառվող օրենքով պարտադիր նախընտրված պարտավորությունների (հոդվածներ 6.10(է) և 6.10(ը)),
4.25. Բանկին հավաստիացնել և երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է համապատասխանություն Պայմանագրի 6.5(ե) հոդվածին և որքան տեղյակ է (պատշաճ և մանրամասն հարցում կատարելուց հետո), Հայաստանի Հանրապետության կամ ցանկացած համապատասխան Փոխկապակցված անձի դեմ Ծրագրի առնչությամբ Բնապահպանական կամ սոցիալական հայց չի հարուցվել կամ չկա վտանգ, որ կհարուցվի և կատարում է Պայմանագրի 6-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության բոլոր պարտավորությունները, և որքան տեղյակ է, Հայաստանի Հանրապետության կողմից Ծրագրում ներդրված որևէ ֆինանսական միջոց ապօրինի ծագում չունի, ինչպես նաև ձեռք չի բերվել Փողերի լվացման հետևանքով կամ կապ չունի Ահաբեկչության ֆինանսավորման հետ, և ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ո՛չ որևէ Համապատասխան անձ չի դրսևորել որևէ Արգելված վարքագիծ՝ կապված Ծրագրի կամ Պայմանագրով նախատեսված որևէ գործարքի հետ, կամ չի իրականացրել որևէ ապօրինի գործունեություն՝ կապված Ահաբեկչության ֆինանսավորման կամ Փողերի լվացման հետ (հոդվածներ 6.10(թ)-ից 6.10(ժբ)),
4.26. որևէ այլ ֆինանսական վարկատուի հետ ֆինանսավորման համաձայնագիր կնքելու դեպքում, որը ներառում է վարկանիշի կորստի մասին դրույթ կամ դրա ֆինանսական ցուցանիշի վերաբերյալ այլ այնպիսի դրույթ՝ ըստ կիրառելիության, որը Պայմանագրով նախատեսված չէ կամ ավելի բարենպաստ է համապատասխան ֆինանսական վարկատուի համար, քան Պայմանագրի որևէ համարժեք դրույթ՝ Բանկի համար, ապա Բանկին անհապաղ տեղեկացնել և Բանկին տրամադրել առավել բարենպաստ դրույթի օրինակ, ինչպես նաև Բանկի պահանջի դեպքում անհապաղ կնքել համաձայնագիր՝ Պայմանագրում փոփոխություն կատարելու համար, որպեսզի նախատեսվի համարժեք դրույթ՝ հօգուտ Բանկի (հոդված 7.3),
4.27. առանց հապաղման Բանկի հաստատմանը ներկայացնել Ծրագրի հետ կապված ցանկացած էական փոփոխություն՝ հաշվի առնելով նաև նախքան Պայմանագրի ստորագրումը Ծրագրի հետ կապված տեղեկությունների բացահայտումը Բանկին՝ ի թիվս այլնի, Ծրագրի գնի, նախագծման, պլանների, ժամանակացույցի կամ ծախսերի ծրագրի կամ ֆինանսավորման պլանի հետ և Բանկի կողմից պահանջի դեպքում տրամադրել Հայաստանի Հանրապետության ապահովագրողների մասով հավաստագիր, որով հաստատվում է Պայմանագրի 6.5–րդ հոդվածի «գ» կետի պահանջների կատարումը, և տարեկան կտրվածքով՝ Ծրագրի մաս կազմող ապահովագրված գույքին առնչվող գործող քաղաքականությունների ցանկը` ընթացիկ պարգևավճարների վճարման հաստատման հետ միասին (հոդվածներ 8.1(բ) և 8.1(դ)),
4.28. Պայմանագրի 8.2–րդ հոդվածով սահմանված կարգով Բանկին տրամադրել և ապահովել, որ Օժանդակող մարմինը Բանկին տրամադրի Պայմանագրի 8.2–րդ հոդվածով սահմանված լրացուցիչ տեղեկությունները, ապացույցները և փաստաթղթերը (հոդված 8.2),
4.29. Փոխառության և (կամ) Ծրագրի մասով Արգելված վարքագծի վերաբերյալ հավաստի պնդումների, բողոքի կամ տեղեկությունների դեպքում Բանկի հետ բարեխղճորեն խորհրդակցել համապատասխան գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ, մասնավորապես, եթե ապացուցվում է, որ Երրորդ կողմը Փոխառության և (կամ) Ծրագրի մասով Արգելված վարքագիծ է դրսևորել, որի արդյունքում Փոխառությունն օգտագործվել է ոչ նպատակային (հոդված 8.3(դ)),
4.30. վճարել Պայմանագրի կամ դրա հետ կապված որևէ փաստաթղթի կատարումից կամ իրականացումից առաջացող և Փոխառության համար տրամադրված ցանկացած Ապահովման ստեղծման, կատարելագործման, գրանցման կամ կատարման հետ կապված բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և ցանկացած տեսակի այլ վճարումներ, այդ թվում՝ դրոշմատուրքը և գրանցման վճարները, որքանով դա կիրառելի է, ինչպես նաև վճարել Պայմանագրով նախատեսված ամբողջ մայր գումարը, տոկոսները, փոխհատուցումներն ու օրենքով կամ պետական կամ այլ մարմինների հետ կնքված համաձայնագրով պահանջվող այլ գումարներ՝ առանց ազգային կամ տեղական ցանկացած տեսակի այլ վերադիր վճարումներից պահումների կամ նվազեցումների, և որևէ այդպիսի պահումներ կամ նվազեցումներ կատարելու պարտավորության դեպքում՝ Բանկին կատարվող վճարումը մեծացնել այնպես, որ պահումներից կամ նվազեցումներից հետո Բանկի կողմից ստացվող զուտ գումարը հավասար լինի վճարման ենթակա գումարին (հոդված 9.1),
4.31. Բանկին վճարել ցանկացած ծախս կամ ծախքեր, որոնք Բանկի համար առաջացել են, կամ որոնք Բանկը կրել է որևէ օրենքի կամ կանոնակարգի ընդունման կամ դրանում որևէ փոփոխություն կատարելու (կամ մեկնաբանման, դրա նորմերի կիրառման կամ դրա կիրառման) կամ ցանկացած օրենքի կամ կանոնակարգի հետ համապատասխանությունն ապահովելու հետևանքով, ինչի անհրաժեշտությունն առաջացել է Պայմանագիրն ստորագրելու ամսաթվից հետո, որի համաձայն կամ որի արդյունքում Բանկը պարտավոր է կրել լրացուցիչ ծախսեր՝ Պայմանագրով նախատեսված ֆինանսավորումն ապահովելու կամ իր պարտականությունները կատարելու համար, կամ որի համաձայն կամ որի արդյունքում՝ Պայմանագրով Բանկին հասանելիք ցանկացած գումար կամ Բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը Վարկ կամ Փոխառություն տրամադրելու արդյունքում առաջացած ֆինանսական եկամուտը նվազեցվում է կամ վերացվում (հոդված 9.3(ա)),
4.32. անմիջապես վճարել Չմարված փոխառության ամբողջ գումարը կամ դրա մի մասը (ինչպես պահանջում է Բանկը) հաշվեգրված տոկոսների և Պայմանագրով նախատեսված բոլոր այլ հաշվեգրված կամ չմարված գումարների հետ միասին՝ Բանկի կողմից Պայմանագրի 10.1․Ա և 10.1․Բ հոդվածների դրույթների համաձայն ներկայացված գրավոր պահանջի դեպքում (հոդված 10.1),
4.33. Ֆիքսված դրույքաչափով որևէ տրանշի նկատմամբ Պայմանագրի 10.1–րդ հոդվածով սահմանված պահանջ ներկայացվելու դեպքում Բանկին վճարել պահանջված գումարը որպես կանխավճար վճարման ենթակա մայր գումարի ցանկացած չափի համար փոխհատուցման հետ միասին և նշված օրը (հոդված 10.3.Ա),
4.34. Լողացող դրույքաչափով որևէ տրանշի վերաբերյալ Պայմանագրի 10.1–րդ հոդվածով սահմանված պահանջի դեպքում Բանկին վճարել պահանջված գումարը տարեկան 0,19% (տասնինը բազիսային կետ) ընթացիկ արժեքին հավասար գումարի հետ միասին, որը հաշվարկվում և հաշվեգրվում է որպես կանխավճար վճարման ենթակա մայր գումարի վրա նույն ձևով, ինչպես որ տոկոսները հաշվարկված և հաշվեգրված կլինեին, եթե այդ գումարը Տրանշի մարման համար կիրառելի ժամանակացույցի համաձայն մնար չմարված մինչև Տոկոսի վերանայման/փոխարկման օրը՝ առկայության դեպքում, կամ Մարման օրը (հոդված 10.3.Բ, պարբերություն 1),
4.35. հիմնականում հրաժարվել ամբողջ անձեռնմխելիությունից, որը Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության ակտիվները կամ եկամուտներն այլ կերպ կարող են ունենալ ցանկացած իրավազորության ներքո, ներառյալ՝ դատարանի վճիռը կատարելու համար կամ գույքային հայցով իր ցանկացած ակտիվի և եկամուտի նկատմամբ արգելանք, կալանք դնելու կամ դրանց վաճառքի համար իր ակտիվների կամ եկամուտների նկատմամբ ցանկացած գործընթաց (հոդված 11.3(բ)),
4.36. Ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ Հավելված Ա.2-ի 3-րդ կետով նախատեսված տեղեկությունները Բանկին տրամադրել ամենաուշը մինչև Հավելված Ա.2.-ի 3-րդ կետում նշված վերջնաժամկետը (Հավելված Ա․2, կետ 3),
4.37. Տոկոսի վերանայման/փոխարկման առաջարկի մասով Ֆիքսված դրույքաչափը կամ Սպրեդը պատշաճ կերպով գրավոր ընդունելու դեպքում Տոկոսի վերանայման/փոխարկման ամսաթվին և դրանից հետո սահմանված Վճարման ամսաթվերին վճարել հաշվեգրված տոկոս (Հավելված Դ, կետ Բ, պարբերություն 1),
4.38. Տոկոսի վերանայման/փոխակերպման մասին հարցում չներկայացնելու կամ Տոկոսի վերանայման/փոխակերպման առաջարկը Տրանշի համար գրավոր չընդունելու, կամ Բանկի կողմից Պայմանագրի Դ Հավելվածի Ա կետի համաձայն պահանջված փոփոխությունը գործողության մեջ չդնելու դեպքում՝ առանց փոխհատուցման Տոկոսի վերանայման/փոխարկման ամսաթվին Տրանշն ամբողջությամբ հետ վճարել (Հավելված Դ, կետ Գ, պարբերություն 2):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
___________________
1 Ծրագիրը նկարագրված է Պայմանագրի Ա.1 Հավելվածում։
2 Պայմանագրի թե՛ հայերեն, թե՛ անգլերեն տեքստերի 12.4–րդ հոդվածում նշված է, որ Պայմանագրի Նախաբանները և Ա-Ե Հավելվածները կազմում են Պայմանագրի մաս: Այնուամենայնիվ Պայմանագիրն ունի ևս մեկ՝ Զ Հավելված:
Նախագահող |
Ա. Դիլանյան |
18 մարտի 2025 թվականի ՍԴՈ-1771 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2025 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԻՐ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ + ՀԱՏՈՒԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆ 1» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1771 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2025 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-1771 որոշմամբ որոշել է, որ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2025 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-1771 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։
Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2025 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-1771 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։
Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։
Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։
Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։
Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։
Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Ընդ որում, էլեկտրոնային ստորագրությունը կարող է էլեկտրոնային փաստաթղթին տալ իրավական նշանակություն այն դեպքում, երբ էլեկտրոնային ստորագրությունը տեսողական դիտման համար մատչելի տեսքով և ընկալման համար հասկանալի ձևով արտահայտվում է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որևէ այլ նյութական առարկայի վրա։
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։
Դատավոր`
«18» մարտի 2025 թ. |
Ե. Խունդկարյան
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2025 թվական: