Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1772
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 18.03.2025
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.03.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2025

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

18 մարտի 2025 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ք. Ղալեչյանի,

 համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2025 թվականի հունվարի 9-ի N 6-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի հունվարի 10-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով Կառավարության ներկայացուցչի բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 12-ին՝ Աշխատանքների (Ծրագրի հետ կապված, Դրամաշնորհից ֆինանսավորվող աշխատանքներն ու նյութական միջոցները՝ նկարագրված են 1-ին հավելվածում) իրականացման համար դրամաշնորհի օգտագործման հետ կապված Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները սահմանելու նպատակով:

Համաձայնագիրն ունի հավելվածներ՝ Հավելված 1. «Ծրագրի նկարագրությունը», Հավելված 2. «Ծրագրի գնահատված ծախսերը», Հավելված 3. «Վճարման պահանջագրի օրինակելի ձև», Հավելված 4. «Հաշվետվությունները», Հավելված 5. «Առաջընթացը բնորոշող ցուցանիշներ»:

 

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝

2.1. կատարել Համաձայնագրի 2.2-րդ հոդվածում շարադրված գործողությունները և ապահովել, որ Վերջնական շահառուն կատարի այդ գործողությունները՝ ըստ կիրառելիության (հոդված 2.2),

2.2. Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվին ներկայացնել, որ Համաձայնագրի 2.3-րդ հոդվածում շարադրված հանգամանքներից որևէ մեկն առկա չէ (հոդված 2.3),

2.3. ընդունել, որ Դրամաշնորհի առավելագույն գումարն այն առավելագույն գումարն է, որը Բանկն իր հայեցողությամբ կարող է նվազեցնել Համաձայնագրով Բանկի համար սահմանված պարտականությունները ֆինանսավորելու կամ կատարելու համար նրա կողմից կատարված կամ կրած լրացուցիչ կամ ավելացված ծախսերը, ի թիվս այլնի, ծածկելու համար անհրաժեշտ չափով, ներառյալ, բայց չսահմանափակվելով, Բանկի կողմից Դրամաշնորհի կառավարումը (ներառյալ, բայց չսահմանափակվելով, մինչև Հայաստանի Հանրապետությանը վճարելը ՖՎՇՀ-ին1 համապատասխան Բանկի կողմից սահմանված ունիտար ֆոնդերում Դրամաշնորհի պարտադիր ներդրման արդյունքում Բանկի կողմից կատարված ցանկացած ծախս) (հոդված 4.3),

2.4. Դրամաշնորհն օգտագործել բացառապես Աշխատանքների առնչությամբ առաջ եկած թույլատրելի ծախսերը ծածկելու համար՝ Համաձայնագրի 8-րդ հոդվածով (Թույլատրելի ծախսերը) նախատեսված կարգով (հոդված 4.4),

2.5. երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության կամ Վերջնական շահառուի համար Դրամաշնորհը չի ունենա շահույթ ստեղծելու նպատակ կամ ազդեցություն (հոդված 4.6),

2.6. ապահովել, որ Վերջնական շահառուն ստանձնի Ծրագրի համար սարքավորումների գնումը, Աշխատանքների մատուցումը և պատվիրումը՝ գնումների ընդունելի ընթացակարգերի համաձայն՝ ապահովելով, ի բավարարումն Բանկի, համապատասխանություն վերջինիս՝ Գնումների ուղեցույցում նկարագրված քաղաքականությանը և Ֆինանսավորման պայմանագրի պայմաններին (հոդված 5.1),

2.7. հանդես գալով Գործադիր մարմնի ղեկավարի միջոցով՝ մինչև Դրամաշնորհի առաջին հատկացումը Վերջնական շահառուի հետ կնքել Ենթաֆինանսավորման համաձայնագիր` համոզվելով, որ Ենթաֆինանսավորման համաձայնագիրը ներառում է համապատասխան բոլոր ժամկետները, պայմանները և պարտականությունները, որոնք թույլ կտան Հայաստանի Հանրապետությանը՝ որպես Դրամաշնորհի շահառուի, կատարել Համաձայնագրով նախատեսված բոլոր պարտականությունները և պահանջները (հոդված 7.3),

2.8. Բանկին կամ դրա լիազորված ներկայացուցիչներին տրամադրել կամ ապահովել, որ Վերջնական շահառուն տրամադրի Համաձայնագրի 15.2-րդ հոդվածում (Ստուգումները, հսկողությունն ու աուդիտները) նշված աջակցությունը և հասանելիության իրավունքները՝ Համաձայնագրի 7.10-րդ հոդվածով (Դրամաշնորհի վճարումը) նախատեսված ստուգումներն ու հսկողության միջոցառումներն իրականացնելու նպատակով (հոդված 7.13),

2.9. ապահովել, որ Դրամաշնորհի շրջանակներում վճարման ենթակա համարվելու նպատակով այն ծախսերը, որոնք ընդգրկվում են Համաձայնագրի 7-րդ հոդվածի (Դրամաշնորհի վճարումը) համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից հատկացման մասով ներկայացված պահանջների մեջ, բավարարեն Համաձայնագրի 8.1-րդ հոդվածում սահմանված պահանջները (հոդված 8.1),

2.10. Բանկին տրամադրել կամ ապահովել, որ Վերջնական շահառուն բանկին տրամադրի բոլոր անհրաժեշտ և արժանահավատ տեղեկություններն ու օժանդակ փաստաթղթերը, այդ թվում՝ Համաձայնագրի 9.6-րդ հոդվածում (Տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնելը) նշված՝ աուդիտի ենթարկված ֆինանսական ծախսերի ամփոփագրերը, որպեսզի Բանկը համոզվի, որ Դրամաշնորհով համաֆինանսավորված ցանկացած Աշխատանք կատարվել է, և որ Վերջնական շահառուի կողմից Աշխատանքների մասով հայտարարագրված ծախսերն իրականում վճարվել են և համապատասխանում են Դրամաշնորհի տրամադրման և օգտագործման պայմաններին (հոդված 8.4),

2.11. ապահովել, որ տարեկան կտրվածքով ներկայացվող առաջընթացի վերաբերյալ յուրաքանչյուր հաշվետվություն տրամադրի ամբողջական հաշվետվություն տասներկու (12) ամիսների հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Ծրագրի ձեռքբերումների և այդ ժամանակաշրջանի վերջի կարգավիճակի մասին (հոդված 9.3, պարբերություն 1),

2.12. ապահովել, որ իրականացման վերաբերյալ վերջնական հաշվետվությամբ տրամադրվի իրականացված գործողությունների, Ծրագրի արդյունքների և ազդեցության վերաբերյալ մանրակրկիտ նկարագրություն, որն ընդգրկում է իրականացման ամբողջ ժամանակահատվածը (հոդված 9.4, պարբերություն 1),

2.13. Բանկին անհապաղ տեղեկացնել կամ ապահովել, որ Վերջնական շահառուն Բանկին անհապաղ տեղեկացնի ցանկացած այնպիսի հանգամանքի մասին, որը կարող է խաթարել կամ ձգձգել Աշխատանքների իրականացումը (հոդված 9.9),

2.14. Բանկին տրամադրել կամ ապահովել, որ Վերջնական շահառուն Բանկին տրամադրի ցանկացած այդպիսի տեղեկություն կամ լրացուցիչ փաստաթուղթ, որը վերաբերում է Ծրագրի ֆինանսավորմանը, գնումներին, իրականացմանը, գործարկմանը, ինչպես նաև Շրջակա միջավայրին և սոցիալական հարցերին, ինչպես Բանկը կարող է ողջամտորեն պահանջել ողջամիտ ժամկետում՝ պայմանով, որ եթե այդ տեղեկությունները կամ փաստաթուղթը ժամանակին չտրամադրվի Բանկին, և եթե Հայաստանի Հանրապետությունը Բանկի կողմից գրավոր սահմանված ողջամիտ ժամկետում չշտկի բացթողումը, ապա Բանկը կարող է հնարավորության սահմաններում վերացնել թերությունը՝ աշխատանքի ընդունելով իր աշխատակազմին կամ խորհրդատու կամ որևէ այլ երրորդ կողմ Հայաստանի Հանրապետության հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ անձանց տրամադրի այդ նպատակով անհրաժեշտ ամբողջ օգնությունը (հոդված 9.12),

2.15. չհակասելով Համաձայնագրի 10.1-րդ հոդվածին (Արդյունքների նկատմամբ իրավունքները և մտավոր սեփականության իրավունքները) և հաշվի առնելով գաղտնիության վերաբերյալ կիրառելի պահանջները՝ ապահովել, որ Վերջնական շահառուն շնորհի Բանկին և Եվրոպական հանձնաժողովին մտավոր սեփականության ցանկացած նոր իրավունքի մասով անվերադարձ, ոչ բացառիկ, անհատույց և անժամկետ լիցենզիա՝ ենթալիցենզավորման իրավունքով, մասնավորապես` Բանկը և Եվրոպական հանձնաժողովը Համաձայնագրից և Պայմանագրերից բխող բոլոր փաստաթղթերը, ներառյալ՝ Համաձայնագրի 9-րդ հոդվածի (Տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնելը) համաձայն կազմված հաշվետվությունները ազատորեն օգտագործելու, այդ թվում՝ պահպանելու, փոփոխելու, թարգմանելու, ցուցադրելու, ցանկացած տեխնիկական եղանակով վերարտադրելու, հրապարակելու կամ ցանկացած կրիչով փոխանցելու իրավունք ունեն՝ անկախ դրանց տեսակից, և այդ նպատակով ապահովել, որ Վերջնական շահառուն իրավունք ունենա օգտվել նախապես գոյություն ունեցող մտավոր սեփականության համապատասխան իրավունքներից, այդ թվում՝ Համաձայնագրի 10-րդ հոդվածով (Արդյունքների նկատմամբ իրավունքները և մտավոր սեփականության իրավունքները) նախատեսված՝ լիցենզիան շնորհելու իրավունքից (հոդված 10.2),

2.16. ապահովել, որ Վերջնական շահառուն յուրաքանչյուր Պայմանագրում ներառի այնպիսի դրույթներ, որոնցով Կապալառուից պահանջվում է անհրաժեշտության դեպքում կատարել Համաձայնագրի 10-րդ հոդվածում (Արդյունքների նկատմամբ իրավունքները և մտավոր սեփականության իրավունքները) նշված պարտավորությունները (հոդված 10.4),

2.17. փաստաթղթավորել, զեկուցել և ապահովել, որ Վերջնական շահառուն փաստաթղթավորի և զեկուցի Աշխատանքների մասով իրականացված հաղորդակցության և տեսանելիության բոլոր գործողությունների մասին (հոդված 11.2),

2.18. ձեռնարկել և ապահովել, որ Վերջնական շահառուն ձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները, որպեսզի Եվրոպական միությունից Ծրագրի և Պայմանագրերի մասով ֆինանսավորում ստանալու փաստը հրապարակվի (հոդված 11.3),

2.19. համաձայնել Բանկին, Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական միության պատվիրակությանը Համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում հրավիրել Հայաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Համաձայնագրի, Պայմանագրերի կամ Ծրագրի առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Բանկի կողմից կազմակերպվող միջոցառումներից ցանկացածին և բոլորին (հոդված 11.5),

2.20. հաշվի առնելով գաղտնիության, անձնական տվյալների անվտանգության ու պաշտպանության վերաբերյալ կիրառելի կանոնները՝ լիազորել և ապահովել, որ Վերջնական շահառուն լիազորի Բանկին և Եվրոպական հանձնաժողովին տարեկան կտրվածքով հրապարակել Համաձայնագրի վերաբերյալ Համաձայնագրի 11.9 հոդվածում շարադրված տեղեկությունները (հոդված 11.9),

2.21. ապահովել, որ Վերջնական շահառուն յուրաքանչյուր Պայմանագրում ներառի դրույթներ, որոնք Կապալառուից պահանջում են համապատասխանել Համաձայնագրի 12-րդ հոդվածում (Շահերի բախումը) շարադրված ցանկացած պարտավորության կամ լրացուցիչ միջոցներին (հոդված 12.4),

2.22. Համաձայնագրի 13.2-րդ հոդվածի (Գաղտնիությունը) համաձայն, բացառությամբ դրա «ե» կետի, Հայաստանի Հանրապետության կողմից որևէ երրորդ կողմի համար Գաղտնի տեղեկատվության բացահայտման դեպքում՝ ստացող երրորդ կողմին ծանուցել այն մասին, որ տեղեկատվությունը համարվում է Գաղտնի տեղեկատվություն (հոդված 13.3),

2.23. Համաձայնագրի 13.2-րդ հոդվածի (Գաղտնիությունը) «գ» կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից Գաղտնի տեղեկատվությունը որևէ երրորդ կողմի համար բացահայտելու դեպքում՝ տեղեկատվությունը բացահայտելու որևէ պահանջի մասին տեղեկանալուց անմիջապես հետո դրա մասին գրավոր ծանուցել մյուս Կողմին (հոդված 13.4),

2.24. Համաձայնագրի 15.1-րդ հոդվածի (Ստուգումները, հսկողությունն ու աուդիտները) համաձայն՝ ԵՄ համապատասխան մարմնին և վերջինիս կողմից լիազորված ցանկացած արտաքին աուդիտորի այդ նպատակով տրամադրել անհրաժեշտ հասանելիություն և աջակցություն և ապահովել Վերջնական շահառուի կողմից դրանց տրամադրումը կամ ապահովել, որ նրանց տրամադրվի անհրաժեշտ հասանելիություն և աջակցություն, ինչպես նաև ապահովել, որ Համաձայնագրի 15-րդ հոդվածին (Ստուգումները, հսկողությունն ու աուդիտները) համապատասխան տրամադրված հասանելիությունը հիմնված լինի երրորդ կողմերից գաղտնիության պահպանման վրա՝ չհակասելով հանրային կամ ԵՄ իրավունքից բխող՝ այդ հաստատությունների կամ մարմինների և դրանց աշխատակազմերի, ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող պարտավորություններին (հոդված 15.2),

2.25. Համաձայնագրի վերաբերյալ տեղեկությունները (բացի Դրամաշնորհի շահառուի՝ Համաձայնագրի իրականացման մեջ ընդգրկված անձնակազմին վերաբերող կոնտակտային տեղեկություններից (Կոնտակտային տվյալներ)) Բանկին բացահայտելիս զտել կամ որևէ այլ կերպ փոփոխել այդ տեղեկությունները (ըստ անհրաժեշտության), որպեսզի դրանք չպարունակեն նույնականացված կամ նույնականացման ենթակա անհատների հետ կապված որևէ տեղեկություն (Անձնական տեղեկություններ)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անձնական տեղեկությունների տեսքով այդ տեղեկությունների բացահայտումը պահանջվում է Համաձայնագրով, կամ որոնք գրավոր ձևով պահանջում է Բանկը (հոդված 16.2),

2.26. չդրսևորել և ապահովել, որ Վերջնական շահառուն չդրսևորի (և իր անունից գործող որևէ անձի չթույլատրի կամ թույլտվություն չտա) որևէ Արգելված վարքագիծ՝ կապված Նախագծի, Նախագծի համար իրականացվող մրցութային որևէ ընթացակարգի կամ Համաձայնագրով ենթադրվող որևէ գործարքի հետ (հոդված 17.1, կետ «ա»),

2.27. Ծրագրի առնչությամբ Արգելված վարքագծի ենթադրյալ կամ կասկածելի որևէ դրսևորում քննելու կամ այն դադարեցնելու վերաբերյալ Բանկի կողմից հիմնավոր պահանջ ներկայացվելու դեպքում՝ ձեռնարկել և ապահովել, որ Վերջնական շահառուն պարտավորվի ձեռնարկել այդպիսի գործողություններ (հոդված 17.1, կետ «բ»),

2.28. հանձն առնել և ապահովել, որ Վերջնական շահառուն հանձն առնի ողջամիտ ժամկետում պատշաճ միջոցներ ձեռնարկել որևէ Համապատասխան անձի նկատմամբ, որի նկատմամբ իրենց աշխատանքային պարտավորությունների իրականացման ժամանակ Արգելված վարքագիծ դրսևորելու մասով դատարանի կողմից վերջնական կամ անփոփոխ վճիռ է կայացվել, որպեսզի ապահովվի այդպիսի Համապատասխան անձի ներգրավվածության բացառումը Հայաստանի Հանրապետության կամ Վերջնական շահառուի՝ Դրամաշնորհին, Համաձայնագրին և Ծրագրին առնչվող գործունեությանը (հոդված 17.3),

2.29. հավաստիացնել և երաշխավորել Բանկին, որ Ուժի մեջ մտնելու ամսաթվին Հայաստանի Հանրապետության և (կամ) Վերջնական շահառուի կողմից նախագծում ներդրված որևէ ֆինանսական միջոց ապօրինի ծագում չունի, ինչպես նաև ձեռք չի բերվել Փողերի լվացման հետևանքով կամ կապ չունի Ահաբեկչության ֆինանսավորման հետ (հոդված 17.4, պարբերություն «բ»),

2.30. անհաղթահարելի ուժի ազդեցության ենթարկվելու դեպքում մյուս Կողմին անհապաղ տեղեկացնել այդ մասին՝ նշելով խնդրի բնույթը, հնարավոր տևողությունը և կանխատեսելի հետևանքները, ինչպես նաև վնասի նվազեցման նպատակով ձեռնարկված կամ ձեռնարկվելիք միջոցները (հոդված 18.1),

2.31. առանց մյուս Կողմերի նախապես տված գրավոր համաձայնության՝ երրորդ կողմի իրավունք չշնորհել կամ չփոխանցել կամ այլ կերպ չիրացնել Համաձայնագրով նախատեսված` Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու պարտավորությունները (հոդված 22.1),

2.32. կրել բոլոր ծախքերը և ծախսերը, այդ թվում՝ մասնագիտական, բանկային կամ արտարժույթի փոխանակման հետ կապված ծախսերը, որոնք կարող են առաջանալ՝ կապված Համաձայնագրի կամ ցանկացած հարակից փաստաթղթի նախապատրաստման, կատարման, իրականացման և գործողության դադարեցման, այդ թվում՝ դրանցում կատարվող ցանկացած փոփոխության հետ (հոդված 24.2),

2.33. չսահմանափակելով Բանկի՝ Համաձայնագրով, Ֆինանսավորման պայմանագրով կամ ցանկացած կիրառելի օրենքով նախատեսված այլ իրավունքներ՝ փոխհատուցել Բանկին և ստանձնել ցանկացած և բոլոր այն բողոքներից, պահանջներից, վնասներից, կորուստներից, ծախքերից և ծախսերից (այդ թվում՝ փաստաբանի ծառայությունների հետ կապված ողջամիտ վճարներից և ծախսերից) բխող կամ դրանց նկատմամբ, ինչպես նաև Բանկի ցանկացած այնպիսի պարտավորությունների նկատմամբ երաշխավորություն, որոնք կարող են առաջանալ Հայաստանի Հանրապետության կողմից կատարված գործողության կամ անգործության կամ Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրով սահմանված պարտավորություններից որոշները չկատարելու հետևանքով (հոդված 25.4),

2.34. Համաձայնագրի առկայության, գործողության, մեկնաբանման, իրականացման կամ դադարեցման առնչությամբ ծագող վեճերը լուծել Համաձայնագրի 27-րդ հոդվածով սահմանված կարգով (հոդված 27.2),

2.35. ապահովել, որ Համաձայնագրի 8.3-րդ հոդվածի (Թույլատրելի ծախսերը) առնչությամբ Հաշվետվությունները համապատասխան դեպքերում ներառեն Համաձայնագրի Հավելված 4-ում շարադրված տեղեկությունները (Հավելված 4):

 

3. Համաձայն Համաձայնագրի 27.1-րդ հոդվածի՝ Համաձայնագիրը և դրանից ծագող կամ դրա հետ կապված ցանկացած ոչ պայմանագրային պարտավորություն կարգավորվում է Լյուքսեմբուրգի օրենսդրությամբ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

_____________________

1 Սույն ներդրումային դրամաշնորհի համաձայնագիրը կնքվել է 2014 թվականի մայիսի 7-ի և 8-ի Ֆինանսական և վարչական շրջանակային համաձայնագրի (ՖՎՇՀ) հիման վրա, որը կնքվել է Եվրոպական միության՝ ի դեմս Եվրոպական հանձնաժողովի, և Բանկի միջև և փոփոխվել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին և 9-ին:

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

18 մարտի 2025 թվականի

ՍԴՈ-1772

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մարտի 2025 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1772 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2025 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-1772 որոշմամբ որոշել է, որ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2025 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-1772 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։

 

Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։

Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։

 

Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2025 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-1772 որոշմամբ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։

 

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։

 

Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։

Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։

Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Ընդ որում, էլեկտրոնային ստորագրությունը կարող է էլեկտրոնային փաստաթղթին տալ իրավական նշանակություն այն դեպքում, երբ էլեկտրոնային ստորագրությունը տեսողական դիտման համար մատչելի տեսքով և ընկալման համար հասկանալի ձևով արտահայտվում է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որևէ այլ նյութական առարկայի վրա։

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

Դատավոր`

 

«18» մարտի 2025 թ.

Ե. Խունդկարյան

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2025 թվական: