ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 1995 թ. N 305
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 399 ՈՐՈՇՄԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը սահմանելու մասին» N 399 որոշման ցանկում «ՀՀ երկաթգիծ» բառերը փոխարինել «ՀՀ երկաթուղի» բառերով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրությունը (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1995 թ. հունիսի 2-ի N 305 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության երկաթուղին հատուկ նշանակության պետական ձեռնարկության (այսուհետև` ձեռնարկություն) կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը սահմանելու մասին» N 399 որոշմամբ:
2. Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումն է` «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն, իսկ կրճատ ֆիրմային անվանումը` «ՀՀ երկաթուղի» ՀՆՊՁ:
3. Ձեռնարկությունը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը:
4. Ձեռնարկությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
5. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության հրամաններով ու հրահանգներով և սույն կանոնադրությամբ:
6. Ձեռնարկության գտնվելու վայրն է` 375005, քաղ. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, N 60:
II. Ձեռնարկության խնդիրները
7. Ձեռնարկության խնդիրներն են`
ա) հանրապետության ուղևորաբեռնափոխադրումների պահանջարկի բավարարումը երկաթուղով.
բ) ուղևորների կուլտուր-կենցաղային և տեխնիկական սպասարկման ապահովումը.
գ) երկաթուղագծերի, կայարանների, շենքերի, կառույցների, էլեկտրամատակարարման ու կապի համակարգերի, շարժակազմի և տեխնոլոգիական սարքավորումների անխափան շահագործումը.
դ) գնացքների և երկաթուղու օբյեկտների շահագործման անվտանգության ու հակահրդեհային պաշտպանության ապահովումը.
ե) բեռների և փոստի անվնաս ու անկորուստ փոխադրումների ապահովումը.
զ) երկաթուղում վթարափրկարար աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
է) երկաթուղու օբյեկտներում սանիտարատեխնիկական վիճակի ու աղտոտումից շրջակա միջավայրի պահպանության ապահովումը.
ը) հումքի, նյութերի, վառելիքի և էլեկտրաէներգիայի նպատակային ծախսման ապահովումը.
թ) աշխատողների սոցիալական պաշտպանվածության և նրանց աշխատանքի անվտանգության ապահովումը.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերների կատարման ապահովումը.
ի) նյութատեխնիկական բազայի և սոցիալական բնագավառի համամասնորեն զարգացման ապահովումը.
լ) նոր կառուցվող և վերակառուցվող երկաթուղագծերի ու օբյեկտների պատվիրատուի գործառույթների իրականացումը.
խ) մոբիլիզացիոն պատրաստականության ապահովումը:
Նշված խնդիրները ձեռնարկությունը կարող է լուծել ինքնուրույն, իր դուստր ձեռնարկությունների, ինչպես նաև իր լիազորագրային կառավարմանը հանձնված պետական ձեռնարկությունների միջոցով:
III. Ձեռնարկության գույքը և ֆինանսատնտեսական գործունեությունը
8. Ձեռնարկության գույքը պատկանում է ձեռնարկությանը` լրիվ տնտեսավարման իրավունքով: Գույքի կազմում տարբերակվում են նյութական և ոչ նյութական օբյեկտները:
9. Ձեռնարկության գույքի, այդ թվում` ֆինանսական ռեսուրսների գոյացման աղբյուրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող դրամական և նյութական ներդրումները.
բ) աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները.
գ) բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացված վարկերը, սեփական միջոցները բանկային հիմնարկների հաշիվներում պահելուց ստացվող տոկոսները.
դ) պետական բյուջեից հատկացվող կապիտալ ներդրումները.
ե) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության դրամական ու նյութական ներդրումները.
զ) բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
10. Ձեռնարկության գույքը գտնվում է պետության պաշտպանության ներքո, որի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Ձեռնարկության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը կանոնադրական գործունեությունից ստացված շահույթն է: Հարկերը վճարելուց, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումներ կատարելուց հետո մնացած շահույթը մնում է ձեռնարկության տրամադրության տակ և տնօրինվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Ձեռնարկությունն իրականացնում է հաշվապահական հաշվառում ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում վիճակագրական և այլ հաշվետվություն ու տեղեկատվություն, կազմում հաշվեկշիռ և այն ներկայացնում նախարարություն ու Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության տեղական մարմնին:
13. Ձեռնարկությունն իր միջոցներից կազմավորում է պահուստային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափաքանակներին համապատասխան:
14. Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ է բացում Հայաստանի Հանրապետության բանկային հիմնարկներում` իր դրամական միջոցները պահելու, հաշվարկային, վարկային ու դրամարկղային բոլոր տեսակի գործառնություններն իրականացնելու համար:
15. Ձեռնարկությունը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության թույլտվությամբ հիմնադրում է դուստր ձեռնարկություններ, իսկ ինքնուրույն` բաժանմունքներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք է բերում գույք, գույքային և ոչ գույքային իրավունքներ, այդ թվում ֆինանսական միջոցներ` ցանկացած տարադրամով, տնօրինում և օգտագործում է դրանք ու դրանցից ստացված արդյունքը.
գ) ինքնուրույն կազմավորում է սեփական ֆինանսական ռեսուրսները, բանկային հիմնարկներից և ֆինանսավարկային հաստատություններից ստանում վարկեր.
դ) բացառությամբ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի, ինքնուրույն պլանավորում ու կազմակերպում է իր տնտեսական գործունեությունը, մատուցում ծառայություններ, կատարում աշխատանքներ, օգտվում մատուցված ծառայություններից և կատարված աշխատանքի արդյունքներից, կնքում պայմանագրեր ու կրում պարտավորություններ.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում, վարձակալության է տալիս և օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով փոխանցում է գույքն ու գույքային իրավունքները.
զ) բացառությամբ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է իր կողմից կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների ծավալները և դրանց գները.
է) դատական և արբիտրաժային կարգով վիճարկում է իր շահերին վնաս հասցրած անձանց ու մարմինների գործողությունները, հանդես է գալիս որպես հայցվոր և պատասխանող դատարանում ու արբիտրաժում և միջնորդ` դատարանում.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում կնքած պայմանագրերը չկատարելու կամ ոչ պատշաճ կարգով կատարելու, այլ անձանց ու կազմակերպությունների օրենքով պաշտպանվող իրավունքները խախտելու համար և փոխհատուցում իր կողմից հասցված վնասը.
թ) կատարում է սոցիալական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր ապահովագրություն, ապահովում աշխատողների աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ պայմանները.
ժ) որոշում է իր աշխատողների վարձատրության ձևերը, հաստիքները, աշխատավարձի ֆոնդը և վճարման կարգը:
16. Ձեռնարկությունն իր տարածքները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության թույլտվությամբ կարող է վարձակալության պայմանագրերով տրամադրել այլ կազմակերպությունների ու անհատ ձեռներեցների:
17. Ձեռնարկությունը չի կարող իրականացնել այնպիսի գործունեություն, որն ուղղակիորեն կապված չէ իր կանոնադրական խնդիրների հետ:
18. Ձեռնարկությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Աշխատանքի վարձելու, աշխատանքի, հանգստի, վարձատրության պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան կնքված աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով:
VI. Ձեռնարկության կառավարումը
19. Ձեռնարկության ղեկավար մարմիններն են վարչությունը և նրա տնօրենը:
20. Ձեռնարկության վարչությունը կազմված է 17 անդամից, որոնցից 7-ն ընտրվում են աշխատավորական կոլեկտիվի անդամներից, մյուսներին նշանակում է տնօրենը:
21. Վարչության անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով:
22. Ձեռնարկության վարչությունն իրավասու է`
ա) որոշելու ֆինանսատնտեսական և սոցիալ-մշակութային զարգացման հիմնական ուղղությունները և հաստատելու աշխատանքային ծրագրերը.
բ) ձեռնարկության կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն.
գ) ներկայացնելու դուստր ձեռնարկությունների հիմնադրման, վերակազմավորման և լուծարման վերաբերյալ առաջարկություններ.
դ) որոշելու ձեռնարկության և դուստր ձեռնարկությունների ներքին կազմակերպական կառուցվածքի, ստորաբաժանումների ցանկը և նրանց լիազորությունները:
23. Ձեռնարկության գործունեությունը վերահսկում է վերահսկիչ հանձնաժողովը, որն ստեղծվում է ձեռնարկության վարչության կողմից: Վերահսկիչ հանձնաժողովը հետևում է նախարարության, ձեռնարկության վարչության որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը, ստուգում ձեռնարկության փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
Վերահսկիչ հանձնաժողովն իրավունք ունի ձեռնարկության ղեկավարից և մյուս աշխատողներից պահանջելու ձեռնարկության գործունեության արդյունքների, շահույթի բաշխման, գույքի պահպանման ու այլ հարցերի մասին ցանկացած տվյալներ ու փաստաթղթեր և պարտավոր է իր համապատասխան հաշվետվությունները ներկայացնել ձեռնարկության վարչություն:
24. Ձեռնարկության տնօրենին պաշտոնի է նշանակում և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի ներկայացմամբ:
Տնօրենը ձեռնարկության վարչության նախագահն է և վարչության կողմից որոշումներ ընդունելիս ունի վճռորոշ ձայնի իրավունք: Տնօրենին նշանակելիս նրա ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության միջև կնքվում է կոնտրակտ: Կոնտրակտում սահմանվում են տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունն ու փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության, ձեռնարկության վարչության ու աշխատավորական կոլեկտիվի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, կոնտրակտի ժամկետն ու այլ դրույթներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
25. Տնօրենը կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը և դրա համար կրում պատասխանատվություն: Տնօրենն առանց լիազորագրի գործում է ձեռնարկության անունից, ներկայացնում նրա շահերը, տնօրինում ձեռնարկության գույքը, այդ թվում` ֆինանսական ռեսուրսները, կնքում պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային, ձեռնարկության բոլոր աշխատողների համար իրականացնում է գործատուի գործառույթներ, բանկային հիմնարկներում բացում հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում հաստիքները, սահմանում աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը, արձակում հրամաններ, աշխատողներին տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման և կարգապահական տույժի միջոցներ, կատարում աշխատանքի բաշխում տնօրենի տեղակալների ու ղեկավար այլ աշխատողների միջև` ըստ գործունեության բնագավառների, ինչպես նաև իրականացնում ձեռնարկության գործունեությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
26. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվն են կազմում այն աշխատողները, որոնք Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա մասնակցում են նրա գործունեությանը:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը ձեռնարկության ղեկավար մարմինների հետ լուծում է կոլեկտիվ պայմանագիր կնքելու հետ կապված` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ իրեն վերապահված հետևյալ հարցերը`
ա) կոլեկտիվ պայմանագրի նախագծի նախապատրաստում.
բ) իր ներկայացուցիչների միջոցով ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցությունների վարում.
գ) կոլեկտիվ պայմանագրի հաստատում:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի իրավասության իրականացման հիմնական ձևը նրա ընդհանուր ժողովն է: Պահանջների բավարարման համար գործադուլի դիմելն արգելվում է:
V. Ձեռնարկության գործունեության դադարեցումը
27. Ձեռնարկությունը կարող է վերակազմավորվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով: