Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-121
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.12.30/33(131)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.12.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն օրենքի նպատակն է սահմանել փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների չափորոշիչները, պետական աջակցության հիմնական ուղղությունները և այդ ոլորտում պետական քաղաքականության իրականացման սկզբունքները:

Փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) ոլորտում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Սույն օրենքը չի տարածվում վարկային, ապահովագրական և ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, գրավատների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև դուստր և կախյալ տնտեսական ընկերությունների վրա:

(1-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-285-Ն) 

 

Հոդված 2. ՓՄՁ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սուբյեկտները դասակարգվում են՝

1) գերփոքր՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը.

2) փոքր՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 50 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 500 մլն դրամը.

3) միջին՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 250 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չեն գերազանցում համապատասխանաբար 1500 մլն դրամը և 1000 մլն դրամը:

(2-րդ հոդվածը խմբ. 05.10.10 ՀՕ-142-Ն) 

 

Հոդված 3. ՓՄՁ-ի ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղություններն են`

- իրավական բարենպաստ դաշտի ձևավորումը,

- ֆինանսական և ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը,

- աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանը ու զարգացմանը նպաստելը,

- տեղեկատվական և խորհրդատվական օգնությունը,

- արտաքին տնտեսական գործունեության խթանումը,

- նորարարական գործունեության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը,

- բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը,

- կադրերի պատրաստումը և վերապատրաստումը,

- վիճակագրական հաշվետվությունների և հաշվապահական հաշվառման պարզեցված համակարգերի ստեղծումը,

- պետական գնումների իրականացման գործընթացում աջակցությունը:

 

Հոդված 4. ՓՄՁ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

ՓՄՁ-ի պետական աջակցությունը իրականացվում է տարեկան ծրագրով (այսուհետ` Ծրագիր): Ծրագիրը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ծրագրի իրականացման ֆինանսավորումը նշվում է պետական բյուջեում առանձին տողով:

Ծրագիրը մշակվում է սույն օրենքով սահմանված հիմնական ուղղություններին համապատասխան` ելնելով տվյալ ժամանակահատվածում զարգացման գերակայություններից, ներառյալ` ՓՄՁ ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացվում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ:

(4-րդ հոդվածը լրաց. 05.10.10 ՀՕ-142-Ն) 

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
28 դեկտեմբերի 2000 թ.
ՀՕ-121