ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/2299/05/23 Վարչական գործ թիվ ՎԴ/2299/05/23
Գ. Սոսյան
Նախագահող դատավոր՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
Լ. Հակոբյան Ա. Թովմասյան | |
Ռ. Հակոբյան
ք․ ՄԿՈՅԱՆ |
2025 թվականի հունվարի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով Միքայել Դանիելյանի, Համլետ Դանիելյանի, Ինեսսա Անտոնյանի, Հակոբ Սողոմոնեանի, Կարեն Ջինանյանի, Դիրան Բաղդադյանի, Թամարա Բաղդադյանի, Մակար Գրիգորյանի, Ռոբերտ Դիլբարյանի, Սետա Հրատչ Սարգսի Սիմոնյանի, Ռոդ Շահինյանի, Ռազմիկ-Արիսդաքս Սիմոնյանի, Վիքեն Դոնոյան Արաբյանի, Հրատչ Արիսդակես Սիմոնյանի, Ռուզաննա Հաչիկյանի, Հագոպ Հաչիկյանի, Վարանտ Շահան Արաբյանի, Մհեր Հրագ Արաբյանի, Հարութ Արթուր Տեր Հովակիմյանի և Արզիֆ Ավաքյանի (այսուհետ՝ նաև Համահայցվորներ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.07.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Միքայել Դանիելյանի, Համլետ Դանիելյանի, Ինեսսա Անտոնյանի, Հակոբ Սողոմոնեանի, Կարեն Ջինանյանի, Դիրան Բաղդադյանի, Թամարա Բաղդադյանի, Մակար Գրիգորյանի, Ռոբերտ Դիլբարյանի, Սետա Հրատչ Սարգսի Սիմոնյանի, Ռոդ Շահինյանի, Ռազմիկ-Արիսդաքս Սիմոնյանի, Վիքեն Դոնոյան Արաբյանի, Հրատչ Արիսդակես Սիմոնյանի, Ռուզաննա Հաչիկյանի, Հագոպ Հաչիկյանի, Վարանտ Շահան Արաբյանի, Մհեր Հրագ Արաբյանի, Հարութ Արթուր Տեր Հովակիմյանի և Արզիֆ Ավաքյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ «ՊԱՆՕՐԱՄԱ 1 ՌԵԶԻԴԵՆՍ» ՍՊԸ՝ 08.02.2023 թվականի թիվ 01/18-Դ-4675-158 շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են վերացնել 08.02.2023 թվականի թիվ 01/18-Դ-4675-158 շինարարության թույլտվությունը։
15.05.2024 թվականին Համահայցվորները ներկայացրել են վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 20.05.2024 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.07.2024 թվականի որոշմամբ «ՊԱՆՕՐԱՄԱ 1 ՌԵԶԻԴԵՆՍ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 20.05.2024 թվականի «Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության մասին» որոշումը վերացվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համահայցվորները (ներկայացուցիչ՝ Վարդան Վարդանյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ, 83-րդ, 123-րդ, 130-131-րդ, 144-146-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ և 200-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության հիմքում Համահայցվորները դրել են չորս առանձին և ինքնուրույն հիմքեր, որոնցով հիմնավորել են վիճարկվող վարչական ակտի կատարմամբ իրենց զգալի վնաս պատճառվելու հանգամանքի առկայությունը: Մասնավորապես, նշել են, որ շինթույլտվությունը տրվել է կառուցապատման խտության գործակցի առավելագույն ցուցանիշը սահմանող նորմի՝ ՀՀՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմի 69-րդ կետի պահանջների, ինչպես նաև սահմանված հեռավորությունների խախտմամբ, շինթույլտվության հիման վրա նախատեսվող շենքի կառուցումը հանգեցնում է Համահայցվորներին սեփականության իրավունքով պատկանող բնակարանների ինսոլյացիոն ռեժիմի խախտման, ինչպես նաև դրա արդյունքում կարող են առաջանալ համադրումներ, շինթույլտվությունը տրվել է ՀՀՇՆ21-04-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի՝ «VIII. Հրդեհային մարում և փրկարարական աշխատանքներ» գլխի 149-րդ կետի պահանջների խախտմամբ:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել միջնորդությամբ ներկայացված երկրորդ և երրորդ հիմքերին, ըստ այդմ՝ այդ հիմքերի վերաբերյալ վերաքննիչ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկներին՝ խախտելով դատական ակտին ներկայացվող պատճառաբանվածության և հիմնավորվածության վերաբերյալ պահանջները:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը պետք է ստուգեր տվյալ դատական ակտի կայացման պահի դրությամբ ներկայացված հիմնավորումների, փաստարկների և ապացույցների հաշվառմամբ ու դրանց գնահատմամբ, իսկ «ՊԱՆՕՐԱՄԱ 1 ՌԵԶԻԴԵՆՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «ԱՆԻԿՈՄ» ՍՊԸ-ի փորձագետի թիվ ԱՊ 05/24 Շ-072 եզրակացությունը չէր կարող վերաքննիչ բողոքի քննության ընթացքում դիտարկվել որպես լրացուցիչ ապացույց և գնահատվել Վերաքննիչ դատարանի կողմից՝ հաշվի առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի կարգավորումները։
«ՊԱՆՕՐԱՄԱ 1 ՌԵԶԻԴԵՆՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված եզրակացությամբ որևէ անդրադարձ չկա Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին անտառային փողոցի թիվ 144 հասցեի հողամասի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին անտառային փողոցի թիվ 146/1 հողամասին հարող սահմանագծից մինչև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին անտառային փողոցի թիվ 144 հասցեում կառուցվող շենքի պատն ընկած հեռավորության և այդ առումով ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի՝ «VIII. Հրդեհային մարում և փրկարարական աշխատանքներ» գլխի 149-րդ կետի պահանջների պահպանվածության վերաբերյալ: Այսինքն՝ մի դեպքում, Համահայցվորների ներկայացրած եզրակացությամբ խոսքը գնում է վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող՝ Վերին Անտառային 146/1 հասցեում գտնվող հողամասի սահմանագծից մինչև վիճարկվող շինթույլտվությամբ նախատեսված շենքի պատը եղած հեռավորության մասին, իսկ մյուս դեպքում՝ «ՊԱՆՕՐԱՄԱ 1 ՌԵԶԻԴԵՆՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված եզրակացությամբ խոսքը գնում է Վերին Անտառային և Սարալանջ փողոցներից շինթույլտվությամբ նախատեսվող շենքի պատը եղած հեռավորության մասին:
Նշվածից հետևում է, որ Համահայցվորների կողմից ներկայացված եզրակացությամբ անդրադարձ կատարված չէ «ՊԱՆՕՐԱՄԱ 1 ՌԵԶԻԴԵՆՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված եզրակացությամբ նշված՝ քննարկվող հիմնավորումներին և հակառակը՝ «ՊԱՆՕՐԱՄԱ 1 ՌԵԶԻԴԵՆՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված եզրակացությամբ որևէ անդրադարձ չկա Համահայցվորների կողմից ներկայացված եզրակացությամբ նշված՝ քննարկվող հիմնավորումներին, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման, որ առկա է երկու հակասական եզրակացություն:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Համահայցվորների կողմից միջնորդությամբ և վերաքննիչ բողոքի պատասխանում նույնանման փաստերով այլ դատական գործով ՀՀ վարչական դատարանի և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերում առկա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մեկնաբանությունների վկայակոչմամբ ներկայացված փաստարկներին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 15.07.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտության գնահատման չափանիշներին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։
Դատական պաշտպանության իրավունքի արդյունավետության ապահովման կարևոր երաշխիք են նախնական պաշտպանության միջոցները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) սահմանված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելուն ուղղված նախնական պաշտպանության միջոցներից է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը, ինչը կիրառելի է միայն վիճարկման հայցի առնչությամբ։ Նախնական պաշտպանության այս միջոցը հնարավորություն է տալիս պահպանել այն փաստական և/կամ իրավական վիճակը, որը գոյություն է ունեցել վիճարկվող վարչական ակտի բացակայության պայմաններում։
Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով։ Միաժամանակ, նշված ընդհանուր կանոնից նույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով սահմանված են բացառություններ։ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը՝ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում։
Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է դատարանի որոշմամբ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վավերապայմանները, այն է՝ առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Այս վավերապայմաններից որևէ մեկի առկայությունը հաստատված համարելու դեպքում ՀՀ վարչական դատարանը կայացնում է վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում։
ՀՀ վճռաբեկ դատարանի առանձին որոշումներում վերլուծության են ենթարկված Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վավերապայմանները, որոնց հիման վրա դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատում է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը։
Այսպես, օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե.
- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ
- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, և ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև հավելել է, որ կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետևության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ և հավանական է։ Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն՝ պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված (տե՛ս, Սոֆիա և Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն քննարկելիս դատարանի պարտականությունն է գնահատել վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության (բացակայության) հարցը՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննարկման առարկա դարձնելով պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանության անհնարին դառնալու հավանականության վերաբերյալ հայցվորի ներկայացրած փաստերն ու փաստարկները, դրանց հիմքում ընկած ապացույցները։
(…) Օրենսդիրը ՀՀ վարչական դատարանին լիազորել է վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը քննարկելու շրջանակներում կասեցման անհրաժեշտությունը գնահատել միայն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սպառիչ կերպով սահմանված չափանիշներին համապատասխան՝ բացառապես հաշվի առնելով հայցվորին պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայությունը (բացակայությունը) (տե՛ս, Համբարձում Մովսեսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/6304/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.10.2023 թվականի որոշումը)։
Ընդհանրացնելով և վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտության հարցը քննարկելիս յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է գնահատել պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանությունն անհնարին դառնալու հավանականության վերաբերյալ հայցվորի կողմից վկայակոչված բոլոր փաստարկները և դրանց հիմքում դրված ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների (...) վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա։
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նաև, որ թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող և այլ անձանց տված գնահատականներով և արտահայտած կարծիքներով:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը:
Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքը, որը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանին ընձեռված իրավական հնարավորությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդված) (տե´ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի բարձրացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է արդյոք դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):
Հարկ է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում ևս բազմիցս անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին՝ արձանագրելով, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, որի արդյունքում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության վերաբերյալ ստացված եզրահանգումներն ամփոփում է դատական ակտում՝ պատշաճորեն կատարելով հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջը։ Այս պահանջը վերաբերում է ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ միջանկյալ դատական ակտերին: Հետևաբար, վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկման և լուծման ժամանակ, ինչպես նաև այդ միջնորդության հիման վրա կայացված որոշման վերաքննության կարգով բողոքարկման վարույթում դատարանները պետք է հետամուտ լինեն գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի և լրիվ հետազոտմանն ու գնահատմանը՝ օբյեկտիվ եզրահանգում կատարելով դատավարության մասնակիցների կողմից վկայակոչված փաստերի հաստատման կամ հերքման, ըստ այդմ` վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտության առկայության (բացակայության) վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով Դատարան՝ Համահայցվորները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի կողմից 08.02.2023 թվականին տրված թիվ 01/18-Դ-4675-158 շինարարության թույլտվությունը, այնուհետև ներկայացրել են վիճարկվող շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն։ Դատարանը 20.05.2024 թվականի «Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության մասին» որոշմամբ Համահայցվորների միջնորդությունը բավարարել է՝ արձանագրելով, որ «(...) Չքննարկելով նշված եզրակացությունով ներկայացված տվյալների ճշտությունը՝ դատարանն արձանագրում է, որ դրանով առաջանում է հիմնավոր կասկած առ այն, որ վիճարկվող շինարարության թույլտվությունով նախատեսված շինարարական աշխատանքները կարող են առաջացնել հակահրդեհային անվտանգության վիճակի վատթարացման, ինչի արդյունքում հայցվորները կարող են կրել զգալի վնաս:
Փորձագետը վկայակոչել է այնպիսի նորմեր (Քաղաքաշինության նախարարի ՀՀՇՆ 21-04-2014 ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ շինարարական նորմերի՝ VIII. Հրդեհային մարում և փրկարարական աշխատանքներ գլխի 149-րդ կետը, ինչպես նաև ՀՀ ՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմի 69-րդ կետը), որոնք վերաբերում են հրշեջների մոտեցման հնարավորությունն ապահովելու համար նախատեսված հեռավորությունը պահպանելու պահանջին և բնակելի, հասարակական, խառը կառուցապատման գոտիների խտությանը, որը կարգավորվում է բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերում ամրագրված կառուցապատման չափորոշիչներով, հաշվի առնելով տարածքի քաղաքաշինական արժեքը, շրջակա միջավայրի վիճակը, սեյսմիկ ռիսկը և այլ տեղական պայմանները, որոնց հնարավոր խախտումը կարող է հանգեցնել հայցվորի համար անդառնալի հետևանքների:
Թեև հակահրդեհային և սեյսմիկ կանոնները խախտված լինելու հարցը կարող է լուծվել միայն վերջնական դատական ակտով, այս պահին հնարավոր չէ բացառել, որ վիճարկվող շինարարության թույլտվությամբ նախատեսված շինարարական աշխատանքները չեն վնասի հայցվորների կյանքին, առողջությանը և գույքին:»:
Վերաքննիչ դատարանը 15.07.2024 թվականի որոշմամբ, բավարարելով երրորդ անձ «ՊԱՆՕՐԱՄԱ 1 ՌԵԶԻԴԵՆՍ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը, վերացրել է Դատարանի 20.05.2024 թվականի «Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության մասին» որոշումը:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(...) հայցվորների կողմից Դատարան ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության հիմքում ըստ էության դրվել են ««Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից 08.05.2024 թվականին տրված թիվ Ք-015-02-24 եզրակացությամբ արված հետևությունները, ընդ որում՝ Դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է միայն հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման մասով հայցվորների՝ հնարավոր զգալի վնաս կրելու հիմնավորմամբ, որպիսի կանոնների խախտումներն արձանագրվել է հենց նշված եզրակացությամբ:
(...) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վերոնշյալ փաստական տվյալներով ինքնին չի հիմնավորվում հայցվորներին զգալի վնաս պատճառվելու հանգամանքը, քանի որ նախ՝ դրանցով չի ձևավորվում վնասի առաջացման ողջամիտ կասկածը, և երկրորդ՝ վնասի առկայությունը, եթե այդպիսին իրականում պատճառվել է կամ հնարավոր է, որ կպատճառվի, դեռևս բավարար չէ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար, այլ վնասը պետք է լինի նաև զգալի, և այդպիսի պայմանների միաժամանակյա առկայությունն էլ հայցվորների փաստարկներով ըստ էության որևէ կերպ չի հիմնավորվում:
Նման եզրահանգման համար Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ երրորդ անձի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «ԱՆԻԿՈՄ» ՍՊԸ-ի 25.06.2024 թվականի թիվ Ա24Ել06/13 փորձագիտական եզրակացությունը, որով, ի տարբերություն ««Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ի 08.05.2024 թվականի թիվ Ք-015-02-24 եզրակացությամբ հակահրդեհային կանոնների խախտման վերաբերյալ արված հետևությունների, արձանագրվել են հակահրդեհային կանոնների պահպանված լինելու և շինարարական աշխատանքներն այդ պահանջներին համապատասխան իրականացվելու հանգամանքները:
Այսինքն՝ (...) միևնույն հարցի վերաբերյալ առկա են երկու հակասական եզրակացություններ, որպիսի պայմաններում չի կարող հիմնավորվել դրանցից միայն մեկով արձանագրված հակահրդեհային կանոնների խախտման և, դրա հաշվառմամբ նաև, հայցվորներին զգալի վնաս պատճառվելու հանգամանքը կամ նման հավանականությունը՝ հատկապես հաշվի առնելով նաև, որ վիճարկվող վարչական ակտի հիմքում դրված են նաև իրավասու մարմինների կողմից տրված դիրքորոշումներ, այդ թվում՝ հակահրդեհային կանոնների մասով, որոնցով ևս սահմանված կանոնների որևէ խախտում չի արձանագրվել, որոնց իրավաչափությունը սակայն դեռևս պարզման է ենթակա վիճարկվող վարչական ակտի իրավաչափության գնահատման շրջանակներում:
(...) Վերաքննիչ դատարանը, քննարկման առարկա դարձնելով պատճառվող կամ պատճառվելիք զգալի վնասի հավանականության վերաբերյալ հայցվորների միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու նման փաստարկների հիմքում ընկած ապացույցները, գտնում է, որ դրանցով չի ձևավորում այն ողջամիտ կասկածը, որ վիճարկվող վարչական ակտի չկասեցման դեպքում հայցվորներին պատճառվում է կամ առնվազն կպատճառվի զգալի վնաս:»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Վերաքննիչ դատարանը նշել է, որ Դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է միայն հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման մասով հայցվորների՝ հնարավոր զգալի վնաս կրելու հիմնավորմամբ, որպիսի կանոնների խախտումներն արձանագրվել են ««Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից 08.05.2024 թվականին տրված թիվ Ք-015-02-24 եզրակացությամբ, իսկ այդ եզրակացության մասով արձանագրել է, որ դրանում հակահրդեհային կանոնների խախտման վերաբերյալ կատարված հետևությունները հակասում են «Հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «ԱՆԻԿՈՄ»» ՍՊԸ-ի 25.06.2024 թվականի թիվ ԱՊ 05/24 Շ-072 փորձագիտական եզրակացության մեջ առկա հետևություններին, այսինքն՝ միևնույն հարցի վերաբերյալ առկա են երկու հակասական եզրակացություններ, որպիսի պայմաններում չի կարող հիմնավորվել դրանցից միայն մեկով արձանագրված հակահրդեհային կանոնների խախտման և, դրա հաշվառմամբ նաև, հայցվորներին զգալի վնաս պատճառվելու հանգամանքը կամ նման հավանականությունը։ Նշվածից հետևում է, որ Դատարանի 20.05.2024 թվականի որոշումը վերացնելու հիմքում, ըստ էության, դրվել է վերը նշված երկու փորձագիտական եզրակացություններում հակահրդեհային կանոնների խախտման փաստի վերաբերյալ հակասական հետևությունների առկայության հանգամանքը։
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ««Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից 08.05.2024 թվականին տրված թիվ Ք-015-02-24 և «Հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «ԱՆԻԿՈՄ»» ՍՊԸ-ի 25.06.2024 թվականի թիվ ԱՊ 05/24 Շ-072 փորձագիտական եզրակացությունների մեջ հակահրդեհային կանոնների խախտված լինելու փաստի վերաբերյալ հակասող հետևություններ առկա չեն։ Մասնավորապես, ««Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից 08.05.2024 թվականին տրված թիվ Ք-015-02-24 եզրակացությամբ փորձագետը, անդրադառնալով վիճարկվող շինարարության թույլտվությունը ՀՀ քաղաքաշինության նախարարի 17․03․2014 թվականի թիվ 78-Ն հրամանի հավելվածով հաստատված «ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերը»-ի՝ «VIII. Հրդեհային մարում և փրկարարական աշխատանքներ» բաժնի 149-րդ կետի պահանջների պահպանմամբ տրամադրված լինելու հարցին, եզրահանգել է, որ այդ պահանջները չեն պահպանվել, քանի որ ըստ նշված կետի պահանջի՝ տրանսպորտային միջոցների և հետիոտների անցուղու եզրից մինչև շենքի պատը հեռավորությունը 9-ը և ավելի հարկերով շենքների համար պետք է լինի 8 մետր, մինչդեռ սույն դեպքում, ըստ նախագծի, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային փողոցի թիվ 144 հասցեի հողամասի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին անտառային փողոցի թիվ 146/1 հողամասին հարող սահմանագծից մինչև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին անտառային փողոցի թիվ 144 հասցեում կառուցվող շենքի պատն ընկած հատված լայնությունը կազմում է 4,9 մետր, իսկ, ըստ ստուգաչափման՝ 4,7 մետր։ Իսկ «Հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «ԱՆԻԿՈՄ»» ՍՊԸ-ի կողմից 25.06.2024 թվականին տրված թիվ ԱՊ 05/24 Շ-072 փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է, որ վիճարկվող շինարարության թույլտվությունը տրամադրվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի 17.03.2014 թվականի թիվ 78-Ն հրամանի հավելվածով հաստատված «ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերը»-ի՝ «VIII. Հրդեհային մարում և փրկարարական աշխատանքներ» բաժնի 149-րդ կետի (1-ին ենթակետ) պահանջների պահպանմամբ՝ այն հիմնավորմամբ, որ վիճարկվող շինարարության թույլտվության հիման վրա կառուցվող 12 հարկանի՝ 1 հասարակական, 11 բնակելի հարկերով բազմաբնակարան շենքի վերգետնյա մասի և Սարալանջի փողոցի սահմանագծի (անցուղի) միջև եղած հեռավորությունը փաստացի կազմում է 8,8 մետր, իսկ Վերին Անտառային փողոցի եզրագծից (անցուղի)՝ 8,12 մետր։
Ընդհանրացնելով փորձագիտական եզրակացություններով արձանագրված վերոնշյալ հետևությունները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թիվ Ք-015-02-24 փորձագիտական եզրակացությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարի 17.03.2014 թվականի թիվ 78-Ն հրամանի հավելվածով հաստատված «ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերը»-ի՝ «VIII. Հրդեհային մարում և փրկարարական աշխատանքներ» բաժնի 149-րդ կետի պահանջների պահպանված լինելու հարցը քննարկվել է Համահայցվորներին սեփականության իրավունքով պատկանող՝ Վերին Անտառային փողոցի թիվ 146/1 հասցեում գտնվող հողամասի սահմանագծից մինչև վիճարկվող շինարարության թույլտվությամբ կառուցվող շենքի պատը եղած հեռավորությունը նշված նորմով սահմանված չափին համապատասխանելու համատեքստում։ Այնինչ, թիվ ԱՊ 05/24 Շ-072 փորձագիտական եզրակացությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարի 17.03.2014 թվականի թիվ 78-Ն հրամանի հավելվածով հաստատված «ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերը»-ի՝ «VIII. Հրդեհային մարում և փրկարարական աշխատանքներ» բաժնի 149-րդ կետի պահանջների պահպանված լինելու վերաբերյալ եզրահանգումը կատարվել է՝ հիմք ընդունելով Վերին Անտառային փողոցի և Սարալանջ փողոցի սահմանագծերի և վիճարկվող շինարարության թույլտվության հիման վրա կառուցվող շենքի պատի միջև եղած հեռավորությունը։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը 15.07.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը կայացրել է ապացույցի սխալ գնահատման՝ գործում հակասական եզրակացությունների առկայության վերաբերյալ սխալ եզրահանգման գալու արդյունքում, որն էլ հիմք է դարձել Դատարանի 20.05.2024 թվականի որոշումը վերացնելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Դատարանի 20.05.2024 թվականի որոշմանը, արձանագրում է, որ դրանում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտ վավերապայմանի, տվյալ դեպքում` վիճարկվող վարչական ակտի կատարմամբ Համահայցվորներին զգալի վնաս պատճառվելու հավանականության հանգամանքի առկայության վերաբերյալ Դատարանի կատարած հետևությունը հիմնավորված և պատճառաբանված չէ։ Մասնավորապես, Դատարանը որոշմամբ ընդհանրական եզրահանգել է, որ «թեև հակահրդեհային և սեյսմիկ կանոնները խախտված լինելու հարցը կարող է լուծվել միայն վերջնական դատական ակտով, սակայն հնարավոր չէ բացառել, որ վիճարկվող շինարարության թույլտվությամբ նախատեսված շինարարական աշխատանքները չեն վնասի Համահայցվորների կյանքին, առողջությանը և գույքին»: Դատարանը, սակայն, որևէ կերպ չի մասնավորեցրել և չի նշել վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածի հիմքերը, իսկ դատական ակտում միայն դրա վերաբերյալ վերացական դատողությունը չի կարող բավարար դիտարկվել վարչական ակտի կատարմամբ անձանց զգալի վնաս պատճառվելու հանգամանքի առկայության վերաբերյալ հիմնավոր կասկած ձևավորելու և վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար:
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում հիմնավորված չի եղել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ վարչական ակտի կատարմամբ Համահայցվորներին զգալի վնաս պատճառվելու առնչությամբ հիմնավոր կասկածի առկայությունը:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:
Տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ սույն որոշման պատճառաբանություններով:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.07.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Լ. Հակոբյան ա. Թովմասյան ռ. Հակոբյան Ք. ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 փետրվարիրի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|