ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 441-Ա |
«12» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի և «Համախոհ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կապալառու) միջև 11.07.2023թ. կնքված «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-23/163-3» ծածկագրով կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ «Կապալառուն պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) հ.1 հավելվածով՝ սահմանված ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակային տարածքների բարեկարգման աշխատանքները (այսուհետ՝ աշխատանք), իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել կատարած աշխատանքը և վճարել դրա համար»:
Պայմանագրի 3.1.4 կետի «բ» ենթակետի համաձայն՝ Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը և պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները, եթե՝
բ) Կապալառուն խախտել է պայմանագրի 1.3 կետում նախատեսված ժամկետը /ներառյալ օրացուցային գրաֆիկը/:
Պայմանագրի 1.3 կետի համաձայն` Պայմանագրով նախատեսված աշխատանքները սկսվում են պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո և կատարման ժամկետը սահմանվում է համաձայն հ.2 հավելվածի:
Պայմանագրի հ.2 հավելվածի համաձայն` աշխատանքների կատարման ժամկետ է սահմանված շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության գնման պայմանագիրը վավերացնելու օրվանից սկսած մինչև 60-րդ օրացուցային օրը:
Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության գնման պայմանագիրը` ծառայությունների մատուցման գնման N «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-23/163-3» պայմանագիրը, վավերացվել է 11.07.2023 թվականին:
Ըստ վերոգրյալի` Աշխատանքների կատարման համար պայմանագրի կատարման ժամկետը սահմանված է պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օր:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերությունը խախտել է Պայմանագրի 1.3 կետում նախատեսված ժամկետը` Երևանի քաղաքապետարանը, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրի 3.1.4 կետի «բ» ենթակետով, միակողմանի ամբողջությամբ լուծել է կնքված Պայմանագիրը` համարելով այն լուծված՝ 9855270 ՀՀ դրամ գումարի չափով:
Պայմանագրի ամբողջությամբ լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում՝ սույն թվականի հունվարի 13-ին և պայմանագիրը սույն թվականի հունվարի 14-ի դրությամբ համարվում է ամբողջությամբ լուծված։
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «ՀԱՄԱԽՈՀ» ՍՊԸ–ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
Տ. Ավինյան |