Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-118-Ո-Կ-19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.17-2025.03.02 Պաշտոնական հրապարակման օրը 25.02.2025
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.02.2025
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2025

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-118-Ո-Կ-19

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԷԴՈՒԱՐԴ ԱՄԱԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ա. Աթաբեկյանի

մասնակցությամբ՝

անդամներ

 

Ա. Դանիելյանի

Կ. Թումանյանի

Ե. Թումանյանցի

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

Էդ. Հովհաննիսյանի

Ք. ՄԿՈՅԱՆԻ

Արդարադատության նախարարի տեղակալ

տ. Դադունցի

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ

Ն. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Շ. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ

 

2025 թվականի փետրվարի 3-ին

 ք. Երևան

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Դադունցի՝ «Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 112-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Նարինե Աբրահամյանի կողմից 03.07.2024 թվականին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան)1 նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի 07.10.2024 թվականի թիվ 99-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Դադունցի 09.12.2024 թվականի թիվ 112-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհրդի 20.12.2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Դադունցի միջնորդությունը ներկայացվել է այն հիմքով, որ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասում, 124-րդ հոդվածում ամրագրված պահանջների խախտումներ, որոնք նաև հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:

Խորհրդի 03.02.2025 թվականի «Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Գրիգորի Ամալյանի լիազորությունները դադարեցնելու մասին» թիվ ԲԴԽ-10-Ո-14 որոշմամբ 03.02.2025 թվականից Դատավորի լիազորությունները դադարեցվել են:

Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Բարձրագույն դատական խորհրդի 22.10.2020 թվականի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 93-րդ կետի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Օրենքով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով:

Վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` վեճն ըստ էության սպառվել է:

Տվյալ պարագայում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանի լիազորությունները դադարեցվել են մինչև Բարձրագույն դատական խորհրդում վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության ըստ էության քննությունը, ուստի սույն գործով վեճն ըստ էության սպառվել է, որպիսի պայմաններում Խորհուրդը գտնում է, որ առկա է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճելու հիմքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով և 155-րդ հոդվածով, Վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

____________________

1 Միջնորդության հիմքում ընկած կարգապահական վարույթի ընթացքում, Հանրապետության նախագահի 10.10.2024 թվականի թիվ ՆՀ-302-Ա հրամանագրով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ա. Աթաբեկյան

Անդամներ`

 

 

 

Ա. Դանիելյան

Կ. Թումանյան

Ե. Թումանյանց

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Էդ. Հովհաննիսյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 փետրվարի 2025 թվական: