ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2025 թվականի N 175-Լ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-997-16.01.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-997-16.01.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկություններ և դիտողություններ չունի:
Միաժամանակ հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 135․2-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն նախատեսելիս օրենսդիրը տարբերակված մոտեցում է նախատեսել այդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված իրավախախտումների համար, այն է՝ տրանսպորտային միջոցներում ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը, մասնավորապես՝
«1. Տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, և տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:
2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ՝ նաև տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:»։
Սույն փոփոխությամբ տուգանային միավորի կիրառման մասով օրենսգրքի 135․2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը նույնացվում են, ինչը կարծում ենք վերանայման անհրաժեշտություն ունի։
Առաջարկում ենք նաև օրենքի դրույթների համար նախատեսել մեկ միասնական ուժի մեջ մտնելու ժամկետ, մասնավորապես՝ ուժի մեջ մտնելու պահին տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հատկացված 9 միավորի փոխարեն հաշվարկել 13 միավոր, իսկ օրենքն ուժի մեջ մտնելու պահին վարելու իրավունքը կասեցված անձանց 13 միավոր հատկացնել կասեցման ժամկետի ավարտին հաջորդող օրը։