ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, |
ՇԴ/0095/01/22 | ||
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
| ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆի |
7 նոյեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Վահան Վանիկի Տեր-Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի ապրիլի 7-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երրորդ բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 223.1-ին հոդվածի 1-ին մասով, 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 223.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 58211022 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ Վահան Վանիկի Տեր-Պողոսյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 324-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական հետապնդում:
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Տեր-Պողոսյանը ձերբակալվել է:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ Վ.Տեր-Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 1 (մեկ) ամիս ժամկետով:
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ թիվ 58211022 քրեական վարույթով Վ.Տեր-Պողոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և մյուսների վերաբերյալ նոր վարույթ է անջատվել և անջատված մասով նախաքննությունը շարունակվել է 69113722 համարով:
2022 թվականի հուլիսի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանը, նախնական դատալսումների ընթացքում, 2022 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ Վ.Տեր-Պողոսյանի նկատմամբ ընտրված կալանքը երկարաձգել է՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
2. Առաջին ատյանի դատարանը, 2022 թվականի սեպտեմբերի 28-ի դատական նիստում, Վ.Տեր-Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը երկարաձգել է 3 (երեք) ամիս ժամկետով, բավարարել է Վ.Տեր-Պողոսյանի պաշտպանների միջնորդությունը և այլընտրանքային խափանման միջոցներ է ընտրել բացակայելու արգելքն ու գրավը՝ 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով:
3. Դատախազ Դ.Հակոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ մերժել է դատախազի հատուկ վերանայման բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 28-ի որոշումը:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Բողոքաբերը, մատնանշելով քրեադատավարական մի շարք նորմեր և դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, փաստել է, որ շարունակվում են առկա լինել մեղադրյալ Վ.Տեր-Պողոսյանին կալանքի տակ պահելու պայմանները և հիմքերը, մասնավորապես՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի կիրառումը անհրաժեշտ է վերջինիս փախուստը կանխելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Բողոք բերած անձը նշել է, որ Վ.Տեր-Պողոսյանն առերևույթ մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և եղել է ներգրավված դրա հետապնդած նպատակների իրականացմանը, խմբավորման անդամների հետ գտնվում է մտերիմ հարաբերությունների մեջ, ինչպես նաև գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք, ըստ ձեռք բերված տվյալների, առերևույթ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցներ կամ նման խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված անձինք են, և բարձր է ռիսկն առ այն, որ մեղադրյալը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել այդ անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցության կամ նման խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավվածության հանգամանքների պարզմանը՝ այդ անձանց հետ պայմանավորվելով ցուցմունքներ չտալու կամ իրենց ձեռնտու ցուցմունքներ տալու հանգամանքների շուրջ:
5.1. Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ քրեական գործով դեռևս չի հետազոտվել որևէ ապացույց և դեռ պետք է հարցաքննվեն մեղադրյալները, ուստի մեծ է հավանականությունն առ այն, որ Վ.Տեր-Պողոսյանի նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված որևէ խափանման միջոց կիրառելու պարագայում, վերջինս կխոչընդոտի գործի քննությանը կամ մեղադրյալների վրա ազդեցություն կգործադրի, որպեսզի հնարավոր չլինի ձեռք բերել իրենց մերկացնող ապացույցներ կամ ստուգել արդեն իսկ հավաքված ապացույցների հավաստիությունը:
Ըստ բողոքաբերի՝ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են մեղադրյալ Վ.Տեր-Պողոսյանի ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը, միաժամանակ համակցության մեջ թույլ են տալիս հանգելու հետևության, որ քննության տվյալ փուլում մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է միայն վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջոցով:
5.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Վ.Տեր-Պողոսյանին մեղսագրված ծանր հանցագործության համար նախատեսված պատժի խստությունը ծանրակշիռ գործոն է նրա կողմից փախուստի դիմելու և քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը բարձր գնահատելու համար։
5.3. Ըստ բողոքաբերի՝ պետք է գնահատել նաև մեղադրյալի անձի բնութագիրը, մասնավորապես, այն փաստը, որ վերջինս ենթադրաբար հանդիսանում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցություն ունեցող և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ, մեղադրյալի զբաղվածությունը, վերագրվող հանցագործության ծանրության աստիճանը:
Անդրադառնալով Վ.Տեր-Պողոսյանի անձի վերաբերյալ ստորադաս դատարանի կողմից նշված պնդումներին՝ վերջինիս խնամքին երկու երեխաների առկայությանը, երեխաներից մեկի և Վ.Տեր-Պողոսյանի կնոջ ֆիզիկապես վատառողջ լինելուն, սեփականության իրավունքով իրեն պատկանող ջերմատան չմշակման պատճառով վնասներ կրելուն, բողոքաբերը նշել է, որ նշված հանգամանքներն ինքնին, սույն բողոքում արված վերլուծության համատեքստում, չեն չեզոքացնում Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ արձանագրված կալանքի հիմքերի շարունակական առկայությունը և բավարար չեն այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար:
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է Վ.Տեր-Պողոսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ ընտրված՝ բացակայելու արգելքի և գրավի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Մեղադրյալ Վ.Տեր-Պողոսյանի պաշտպան Մ.Շահնազարյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ Ռաֆիկ Իգիթյանի բնակարանից հայտնաբերված գումարները որևէ առնչություն չունեն Վահան Տեր-Պողոսյանի հետ: Ուստի նշված գումարն առգրավելու փաստը չի կարող որևէ կերպ հաստատել Վ.Տեր-Պողոսյանին մեղսագրվող արարքը:
Պաշտպանը, անդրադառնալով Արմեն Վարոսյանի, Կարեն Վարոսյանի և Ռաֆիկ Իգիթյանի նկատմամբ իրականացված՝ «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ամրագրված գումարի փոխանցման հանգամանքին, նշել է, որ մեղադրանքի կողմը չունի որևէ ապացույց, որ այդ գումարը ձևավորվել է անօրինական ճանապարհով կամ այդ գումարը ծառայել է կամ պետք է ծառայեր որևէ խմբավորման նպատակին:
Ըստ պաշտպանի՝ Վ.Տեր-Պողոսյանի թաքնվելու վտանգի մտավախությունն անհիմն է, քանի որ սույն գործում աոկա չէ նշված հանգամանքը հաստատող որևէ փաստական տվյալ: Վ. Տեր-Պողոսյանը փախուստի չի դիմել, իր վրա դրված օրենքով սահմանված պարտականությունները կատարել է, մասնավորապես՝ ներկայացել է նախաքննության մարմնի հրավերով, չի խոչընդոտել և չի միջամտել ապացուցման գործընթացին, վերջինս ունի մշտական բնակության վայր և խնամքի տակ երկու անչափահաս երեխա։
8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Մ.Շահնազարյանը խնդրել է մերժել դատախազի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ստորադաս դատարանների՝ Վ.Տեր-Պողոսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ ընտրված՝ բացակայելու արգելքը և գրավը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները և ստորադաս դատարանների իրավական դիրքորոշումները.
9. Վահան Տեր-Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքների համար. «[Ն]ա մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և եղել է ներգրավված դրա հետապնդած նպատակների իրականացմանը, որպիսի գործողությունները արտահայտվել են հետևյալում.
Սուրեն Պավլուշի Ավետիսյանը, 1999 թվականին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Սերժիկ Տբիլիսսկի» մականվամբ Սերգեյ Յեգիևի, «Յուրա Լազարևսկի» մականվամբ Յուրա Ուսոյանի, «Գոչո» մականվամբ Տենգիզ Դումոևի, «Զապ Լեննականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Դեդ Հասան» մականվամբ Ասլան Ուսոյանի և «Մարսո Արարատսկի» մականվամբ Մարզպետունի Պետրոսյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և «գողական աշխարհում» հայտնի դառնալով որպես «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» և հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը, 2021 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ղեկավարել է իր կողմից ստեղծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը (խնդիրը) լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:
Իրենց հերթին, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձինք, այդ թվում Վահան Տեր-Պողոսյանը, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Պավլուշի Ավետիսյանի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը:
Այսպես.
Սուրեն Ավետիսյանը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ խմբավորման հետապնդած նպատակների իրականացման համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցած և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց, այդ թվում՝ Ռաֆիկ Ռուբենի Իգիթյանի, Վահան Վանիկի Տեր-Պողոսյանի, Ցոլակ Արտուշի Գևորգյանի և ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան» և այլ քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոցների հավաքագրումը և տնօրինել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, այսպես կոչված, որպես «օբշակ» հավաքագրված գումարը: Մասնավորապես՝ համաձայն Սուրեն Ավետիսյանի կողմից կատարված հստակ դերաբաշխման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Վահան Վանիկի Տեր-Պողոսյանը 2022 թվականի հունվարի 9-ին խմբավորման անդամ հանդիսացող և դեռևս ինքնությունները չպարզված անձանցից ստանալով ինչպես ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան» և մեկ այլ քրեակատարողական հիմնարկից, այլնպես էլ տարբեր անձանցից հավաքագրված՝ ընդհանուրը 4.595.000 ՀՀ դրամ դրամական միջոցները, դեռևս ինքնությունը չպարզված մեկ այլ անձի հետ ժամանել է Շիրակի մարզի Գյումրի քաղաք, որտեղ հանդիպել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող, հավաքագրված գումարներն իր մոտ պահող և գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին և խմբի մեկ այլ անդամ Ցոլակ Գևորգյանին, ովքեր Սուրեն Ավետիսյանի կողմից նախապես տրված հրահանգների և դերաբաշխման համաձայն՝ հաշվել են գումարը և վերցրել այն, ինչից հետո քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամները հեռախոսազանգի միջոցով ստացված գումարի չափի մասին հաշվետվություն են ներկայացրել քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը ստեղծած և ղեկավարող, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանին»1։
10. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) [Դ]ատարանն արձանագրում է, որ սույն փուլում թեև առկա է քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալի վրա դրված պարտականությունները կատարելուց խուսափելու ռիսկը, (...) այնուամենայնիվ, Դատարանը չի կարող այս պահին գնահատման չարժանացնել մեղադրյալի ընտանեկան դրության, խնամարկյալների առկայության, գույքային դրության, բնակության մշտական վայրի առկայության և այլնի վերաբերյալ Դատարան ներկայացված հանգամանքներին։
Մասնավորապես՝ մեղադրյալի խնամքին են 2 անչափահաս երեխանները, որոնցից մեկը ֆիզիկապես վատառողջ է և վերջինիս մոտ արյունաբանական կենտրոնում ախտորոշվել է «թրոմբոցիտոպենիկ ծիրանացան» հիվանդություն և անհրաժեշտ է մշտական հսկողություն (առկա է տեղեկանք)։
Կինը՝ Վերա Անդրեյի Դուբասովան, ֆիզիկապես վատառողջ է՝ սեզոնային ալերգիկ ռինիտ, կոնյունկտիվիտ, ատոպիկ բրոնխեալ ասթմա (առկա է տեղեկանք)։
Մեղադրյալն ունի մշտական բնակության վայր, կայուն աշխատանք, հանդիսանում է Արմավիր մարզի Խոյ համայնքի, Հովտամեջ բնակավայրի Դեմիրճյան 1 հասցեում գտնվող 0.1 հա ջերմատան սեփականատերը:
Նրա տնօրինման տակ գտնվող ջերմատունը երկար ժամանակ չմշակվելու պատճառով կրել է վնասներ (առկա է ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանք), իսկ (ըստ պաշտպանի հայտարարության) ընտանիքը հայտնվել ծանր կացության մեջ:
Մեղադրյալը հանդիսանում է 2 անչափահաս երեխաների միակ խնամակալը (առկա է տեղեկանք)։
Բացի նշվածը, Դատարանը հատկանշական է համարում գործի քննության տևողության հնարավոր ձգձգումների հանգամանքը, որպիսի մտավախությունը պայմանավորված է դատավարության մասնակիցների և քրեական դատավարությանը մասնակցող անձանց քանակով (8 մեղադրյալներ, 16 պաշտպաններ, 2 հանրային մեղադրող)։ Մեղադրյալ Ս.Ավետիսյանը գտնվում է քաղաքային հիվանդանոցում, առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին հնարավոր չի լինում ապահովել նրա ներակայությունը, իսկ կայացած թվով երեք դատական նիստերի ընթացքում քննվել են բացառապես խափանման միջոցի հիմնավորման և փոփոխության միջնորդություններ: Դատավարությունը փուլային առաջընթաց չի ունենում և կայացած երեք դատական նիստերի արդյունքում դատավարությունը դեռևս գտնվում է նախնական դատալսումների փուլում։
Դատարանը խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի է առնում նաև մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: Այլ կերպ՝ ՀՀ ներպետական օրենսդրությունը շեշտը դնում է ոչ թե կոնկրետ հանգամանքների վրա, այլ մեղադրյալի հնարավոր վարքագծի տեսանկյունից դրական և բացասական գործոնների հակակշռման և հավասարակշռման գաղափարի վրա։ Խափանման միջոցներ կիրառելու, այդ թվում՝ դրանց տեսակներն ընտրելու, հետագայում դրանք փոխելու մեխանիզմի հիմքում դրված կարևոր գաղափարը խափանման միջոցի պիտանիությունն է։ Դատարանը, հաշվի առնելով Վ.Տեր-Պողոսյանի վերաբերելի վերոթվարկված հանգամանքները, եզրահանգում է, որ նշված հանգամանքները ճիշտ է չեն չեզոքացնում դատական քննությանը խոչընդոտելու ռիսկը, սակայն վերոնշյալները, մասնավորապես՝ ստեղծված ընտանեկան դրությունը, երեխայի մոտ առկա առողջական խնդիրները, ջերմատունը երկար ժամանակ չմշակելու պատճառով առաջացած խնդիրները, կրած վնասները և դատական նիստի ընթացքում ներկայացրած մյուս հանգամանքերը էականորեն արժեքավորում են մասնավոր շահը հանրային շահի համեմատությամբ, իսկ կիրառված մի քանի խափանման միջոցները նվազեցնում են մեղադրյալի վրա դրված պարտականությունները կատարելուց խուսափելու ռիսկը։
Դատարանի համոզմամբ՝ նվազել են հստակ նշանները, որոնք կարտացոլեին իրական հանրային շահի գերակայությունը մեղադրյալի ազատության իրավունքի նկատմամբ: Այլ խոսքով՝ Դատարանը գտնում է, որ սույն դեպքում առկա չէ այնպիսի հասարակական շահ, որը, անմեղության կանխավարկածի հաշվառմամբ, կարող է արդարացնել նահանջն անձի ազատության իրավունքից:
Այլ կերպ՝ Դատարանը փաստում է, որ թեև մեղադրյալ Վահան Վանիկի Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքն ունի բարձր հանրային վտանգավորություն, ինչպես նաև շարունակվում է պահպանվել Դատարանի կողմից նախկինում արձանագրված ռիսկը, մասնավորապես՝ քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումից խուսափելը, սակայն դրա ռիսկայնության աստիճանն նվազել է։ Եզրահանգման համար հիմք է հանդիսացել հանրային շահին հակակշիռ մասնավոր շահի արժեքավորումը և միաժամանակ, հաշվի առնելով կիրառվող մի քանի այլընտրանքային խափանման միջոցները, կիրառված գրավի չափը, գրավի առարկան կորցնելու սպառնալիքը, Դատարանը գտնում է, որ մեղադրյալի ազատության իրավունքը չսահմանափակելով և համակցված այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելով, հնարավոր կլինեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Ամփոփելով ասվածը՝ Դատարանը եզրահանգում է, որ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցի՝ գրավի և բացակայելու արգելք խափանման միջոցների կիրառումը կարող են բավարար երաշխիք հանդիսանալ՝ ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեական գործով վարույթի ընթացքում: Հետևաբար Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Վ.Տեր-Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է փոփոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել գրավը՝ գրավի գումարի չափ պետք է սահմանել 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամը։
(…)
Ամփոփելով վերոնշվածը և հաշվի առնելով մեղսագրվող հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, մեղադյալի մասնակցությունը ենթադրյալ արարքին, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանքները, ընտանեկան դրությունը և վերնշյալ մի շարք այլ հանգամանքեր, Դատարանը գտնում է, որ 50.000.000 ՀՀ դրամ գումարի չափով գրավը և բացակայելու արգելք խափանման միջոցները համակցված կարող են ապահովել մեղադրյալ Վահան Տեր-Պողոսյանի պատշաճ վարքագիծը (...)»2։
11. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(...) Անդրադառնալով մեղադրյալ Վահան Տեր-Պողոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը գրավով և բացակայելու արգելքով փոփոխելու հնարավորության հարցին՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը գործի նյութերից բխող կոնկրետ փաստարկների վկայակոչմամբ իրավացիորեն գտել է, որ քրեական գործով վարույթի ընթացքում մեղադրյալ Վահան Տեր-Պողոյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նաև այլընտրանքային խափանման միջոցների՝ տվյալ դեպքում 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավի և բացակայելու արգելքի կիրառմամբ՝ նկատի ունենալով, որ դրանք բավարար և ողջամիտ միջոցներ են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:
(...)
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ դատակոչի ցուցակում ընդգրկված են միայն սույն քրեական գործով մեղադրյալները, ովքեր նախաքննության ընթացքում հրաժարվել են ցուցմունքներ տալուց (այդ թվում՝ մեղադրյալ Վահան Տեր-Պողոսյանի դեմ), որպիսի պայմաններում մեղադյալ Վահան Տեր-Պողոսյանի կողմից քրեական վարույթին չխոչընդոտելու պարտականությունը չկատարելու հավանականությունը նվազում է:
Անդրադառնալով մեղադրյալ Վահան Տեր-Պողոսյանին վերագրվող արարքի բնույթին և վտանգավորության աստիճանին՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանն ինքնին չեն կարող հիմք հանդիսանալ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոփոխելն անթույլատրելի ճանաչելու համար:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելիս Առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը սահմանափակելուց և Առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա բացասական ազդեցություն գործադրելուց զերծ մնալու համար Վերաքննիչ դատարանը պետք է ունենա դատախազի կողմից մատնանշված այնպիսի ծանրակշիռ փաստական հանգամանքներ, որոնք թույլ կտան գալ հիմնավոր հետևության, որ մեղադրյալ Վահան Տեր-Պողոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ընտրությունն ակնհայտորեն չի համապատասխանել այդ հարցը լուծելիս գնահատման ենթակա հանգամանքներից բխող ողջամիտ ենթադրություններին: Մինչդեռ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից հետևում է, որ խափանման միջոցի հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանը, հանդես գալով որպես գործով վարույթն իրականացնող մարմին, պատշաճ գնահատման է ենթարկել դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալ Վահան Տեր-Պողոսյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը (...)»3։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը և Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը կարող են լինել արդյունավետ միջոց` զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Վ.Տեր-Պողոսյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը:
13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.
(…)
գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար.
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «2. Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ
2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար»:
3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի համաձայն. «1. Գրավը իրավասու մարմնի որոշմամբ սահմանված դրամական գումար է, որը Հայաստանի Հանրապետության դրամի, շարժական գույքի, արժեթղթերի կամ այլ արժեքների ձևով պահատվության է փոխանցվում համապատասխան որոշմամբ նշված բանկի կամ այլ վարկային կազմակերպության դեպոզիտ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու նպատակով: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույք, եթե գրավ կիրառելու մասին որոշմամբ հատուկ նշվել է դրա հնարավորության մասին:
(…)
5. Եթե մեղադրյալը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, պարբերաբար չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնի հրավերով կամ էապես խոչընդոտել է վարույթին, ապա հսկող դատախազը կայացնում է գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշում և դրա պատճենը եռօրյա ժամկետում ուղարկում է մեղադրյալին և գրավը մուծած անձին` նրանց պարզաբանելով այդ որոշման բողոքարկման` սույն օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված կարգը: Եթե որպես գրավ ընդունվել է անշարժ կամ շարժական գույք, ապա խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով այդ գույքի վաճառքից մնացած գումարի այն մասը, որը գերազանցում է գրավի չափը, ենթակա է վերադարձման (…)»:
14. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` անձին կալանավորելու կամ ազատ արձակելու հարցը քննարկելիս իրավասու մարմինները պարտավորված են հաշվի առնել դատավարությանը նրա ներկայանալը երաշխավորող այլընտրանքային միջոցների առկայությունը4։
Եվրոպական դատարանը նույնպես գրավը դիտարկում է որպես անձին մինչև դատաքննությունն ազատ արձակելու այլընտրանքային միջոց, որի կիրառման վերաբերյալ, ի թիվս այլոց, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- Եթե հնարավոր է խուսափել փախուստի վտանգից գրավի կամ այլ երաշխիքի միջոցով` մեղադրվող անձը պետք է ազատ արձակվի։ Ընդ որում պետք է նկատի առնվի նաև այն, որ ավելի թեթև պատժի ակնկալիքը կարող է նվազեցնել անձի փախուստի վտանգը5։
- Գրավի չափը հիմնականում պետք է որոշվի՝ հաշվի առնելով կալանավորվածի անձը, նրա միջոցները, գրավը տրամադրող անձանց հետ կապը, այլ խոսքով` համոզվածության աստիճանն առ այն, որ գրավը կորցնելու վտանգը կամ դատաքննությանը չներկայանալու դեպքում վրա հասնող հետևանքները բավարար չափով կզսպեն փախուստի ցանկացած փորձ6։
15. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների աստիճանակարգությունում, ելնելով ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից՝ կալանքը համարվում է ամենախիստը, քանի որ առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և որպես անձի ոչ պատշաճ վարքագծի կանխման վերջին հնարավոր միջոց (ultima ratio) պետք է կիրառվի այն բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի մեղադրյալի օրինական վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներով երաշխավորելու անհնարինությունը7։
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Վահան Տեր-Պողոսյանը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվում է այն բանի համար, որ ենթադրաբար մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և եղել է ներգրավված դրա հետապնդած նպատակների իրականացմանը, մասնավորապես, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Պավլուշի Ավետիսյանի հանձնարարությունները, այլ անձանց հետ մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավվել դրա հետապնդած նպատակների իրականացմանը8,
- Առաջին ատյանի դատարանը, դատական նիստում, Վ.Տեր-Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը երկարաձգել է 3 (երեք) ամիս ժամկետով, բավարարել է Վ.Տեր-Պողոսյանի պաշտպանների միջնորդությունը և այլընտրանքային խափանման միջոցներ է ընտրել Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը և գրավը՝ 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով, հաշվի առնելով՝ մեղադրյալի խնամքին երկու անչափահաս երեխայի առկայությունը, որոնցից մեկը ֆիզիկապես վատառողջ է, կնոջ ֆիզիկապես վատառողջ լինելու, մեղադրյալի մշտական բնակության վայր և կայուն աշխատանք ունենալու, Արմավիր մարզի Խոյ համայնքում գտնվող և մեղաքդրյալին պատկանող ջերմատունը երկար ժամանակ չմշակվելու պատճառով վնասներ կրելու հանգամանքները9։
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է, որ խափանման միջոցի հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանը, հանդես գալով որպես գործով վարույթն իրականացնող մարմին, պատշաճ գնահատման է ենթարկել դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալ Վ.Տեր-Պողոսյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը, և առկա չեն այնպիսի ծանրակշիռ փաստական հանգամանքներ, որոնք թույլ կտան գալ հիմնավոր հետևության, որ մեղադրյալ Վ.Տեր-Պողոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ընտրությունն ակնհայտորեն չի համապատասխանել այդ հարցը լուծելիս գնահատման ենթակա հանգամանքներից բխող ողջամիտ ենթադրություններին10։
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստական տվյալների պայմաններում, բողոքաբերի փաստարկները բավարար չեն մեղադրյալ Վ.Տեր-Պողոսյանի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Վ.Տեր-Պողոսյանի անձը բնութագրող տվյալները (ընտանեկան դրությունը, խնամարկյալների առկայությունը, նրանց առողջական վիճակը, մշտական բնակության վայր և աշխատանք ունենալը)՝ որպես նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող գործոններ, քրեական վարույթի տվյալ փուլում բավարար են գործի պատշաճ քննության ապահովման հանրային շահի և մեղադրյալի անձնական ազատության միջև արդարացի հավասարակշռությունը պահպանելու համար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված գրավի չափը ողջամտորեն ի զորու է՝ գրավի առարկան կորցնելու վտանգի սպառնալիքով պայմանավորված, չեզոքացնելու նրա կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկը։
18. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, հանրային շահին հակակշիռ մասնավոր շահի արժեքավորման համատեքստում, մեղադրյալ Վ.Տեր-Պողոսյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկայնության աստիճանը նվազ գնահատելու եզրահանգումը կառուցել են գործի փաստական տվյալների համակցված գնահատման արդյունքում ձևավորված համոզմունքի վրա, իսկ բողոքաբերի կողմից, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, չեն մատնանշվել այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք կարող էին վկայել վարույթն իրականացնող՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման ոչ իրավաչափ լինելու մասին:
Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար վերադաս դատարանի որոշումը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր աստիճան։ Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը11։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը և Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը կարող են լինել արդյունավետ միջոց` զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Վ.Տեր-Պողոսյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանակությունը, հիմնավոր է։
19. Ինչ վերաբերում է մեղադրյալ Վ.Տեր-Պողոսյանի հնարավոր փախուստը կանխելու հիմքի առկայության վերաբերյալ բողոքաբերի կողմից սույն որոշման 5.2-րդ կետում բարձրացված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ելնելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքից, զրկված է դրան անդրադառնալու հնարավորությունից, քանի որ բողոքաբերն այդ հիմքով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը չի բողոքարկել վերաքննիչ դատարանում12։
20. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ չեն տվել քրեադատավարական օրենքի էական խախտում։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ Վահան Վանիկի Տեր-Պողոսյանի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 28-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
___________________________
1 Տե՛ս հավելված, հատոր 1-ին, թերթեր 14-51:
2 Տե՛ս հավելված, հատոր 1-ին, թերթեր 14-51:
3 Տե՛ս նյութեր, հատոր 12, թերթեր 1-24:
4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` Idalov v. Russia գործով 2012 թվականի մայիսի 22-ի վճիռը, գանգատ թիվ 5826/03, 140-րդ կետ։
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Vrencev v. Serbia գործով 2008 թվականի սեպտեմբերի 23-ի վճիռը, գանգատ թիվ 2361/05, կետ 76։
6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Neumeister v. Austria գործով 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, կետ 14։
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԴ/1194/06/21 որոշումը։
8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
11 Տե՛ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի՝ Արման և Արքա Մադաթյանների գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշումը։
12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ռուբիկ Արշալույսյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԱՐԱԴ/0021/01/08 և «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԳԴ3/0001/11/14 որոշումները։
Նախագահող` Դատավորներ` Հ. Ասատրյան Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական: