ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 1965 թ. N 80
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրության կանոնադրությունը, որը կցվում է:
2. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1960 թվականի նոյեմբերի 16-ի «Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N 493 որոշումը:
Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի նախագահի տեղակալ` |
Ս. ՄՈՎՍԵՍՅԱՆ |
Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի գործերի կառավարիչ` |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
Հաստատված է Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1965 թ. փետրվարի 26-ի N 80 որոշմամբ |
Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրության
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
1. Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրությունը Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Կոնստիտուցիայի 52-րդ և 54-րդ հոդվածներին համապատասխան հանդիսանում է ռեսպուբլիկական մինիստրության և իր գործունեությամբ ենթարկվում է անմիջականորեն Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետին:
2. Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրության վրա դրվում է ռեսպուբլիկայի քաղաքներում, շրջանային կենտրոններում, բանվորական, ամառանոցային և առողջարանային ավաններում բնակարանային և կոմունալ տնտեսության զարգացման ղեկավարումը, տեղական սովետների բնակարանային ֆոնդի և կոմունալ ձեռնարկությունների կապիտալ շինարարության, բարեկարգման և կապիտալ նորոգման, շահագործման ղեկավարումը, ինչպես նաև առաջավոր տեխնիկայի արմատավորման, կոմունալ սարքավորումների ու գույքի արտադրության կազմակերպման ղեկավարումը:
3. Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրությունը`
ա) կազմում և ապահովում է Կառավարության կողմից հաստատված բնակարանային ու կոմունալ տնտեսության և շինարարության արտադրական ու ֆինանսական պլանների կատարումը, սահմանված կարգով հաստատում է կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման նախագծերն ու նախահաշիվները, իրագործում է ռեսպուբլիկայի քաղաքներում և այլ բնակելի կետերում բնակարանային, կոմունալ և կուլտուր-կենցաղային շինարարության միասնական պատվիրատուի ֆունկցիաները.
բ) արմատավորում է առաջավոր տեխնիկան, տեխնիկական կատարելագործումները, գյուտերն ու ռացիոնալիզատորական միջոցառումները, սարքավորումների օգտագործման, հումքի, նյութերի, վառելանյութի և էլեկտրաէներգիայի ծախսման միջին-պրոգրեսիվ նորմաները.
գ) կազմակերպում է մինիստրության ենթակա ձեռնարկություններում և օժանդակում է այլ գերատեսչությունների ձեռնարկություններում կազմակերպելու բնակարանային և կոմունալ տնտեսության կարիքների համար առավել կատարյալ կոմունալ սարքավորումների, պահեստամասերի և նյութերի արտադրություն.
դ) մշակում և անց է կացնում կոմունալ ձեռնարկությունների շահութաբերության բարձրացման միջոցառումներ և բնակարանային ու կոմունալ տնտեսության և շինարարության ներքին ռեսուրսների մոբիլիզացման միջոցառումներ.
ե) մշակում է աշխատանքի արտադրողականության կազմակերպման ու բարձրացման և աշխատավարձի նորմավորման հարցերը.
զ) մշակում ու հրատարակում է Հայկական ՍՍՌ տերիտորիայում բնակչության համար պարտադիր կանոններ և հրահանգներ կոմունալ ձեռնարկությունների և բնակելի տների, ինչպես նաև բոլոր մինիստրությունների ու գերատեսչությունների ձեռնարկությունների և բնակելի տների, ինչպես նաև բոլոր մինիստրությունների ու գերատեսչությունների ձեռնարկությունների և հիմնարկների, անկախ նրանց ենթակայությունից, պահպանության և շահագործման մասին.
է) տնօրինում է տնակարաններ, ջերմոցներ և քաղաքների, շրջանային կենտրոնների ու ավանների կանաչապատման արտադրական բազաներ կազմակերպելու և ընդլայնելու հարցերը.
ը) իրագործում է վերահսկողություն ամբողջ պետական և հասարակական բնակարանային ֆոնդի, ինչպես նաև ռեսպուբլիկայի քաղաքներում ու ավաններում անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող բնակելի տների պահպանության և վերանորոգման նկատմամբ, ղեկավարում է բնակարանային-շինարարական և ամառանոցա-շինարարական կոոպերատիվների գործունեությունը.
թ) ապահովում է ռեսպուբլիկական ենթակայության շինարարության նյութա-տեխնիկական մատակարարումը, առանձնացնում է կոմունալ տնտեսության տեղական օրգաններին հումքի, նյութերի, սարքավորումների, գործիքների և վառելանյութի ֆոնդեր, վարում է ապակենտրոնացված մթերումներ բնակարանա-կոմունալ տնտեսության և շինարարության համար, ինչպես նաև կազմակերպում է իրավասությանը ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների արտադրանքի վաճառահանությունը.
ժ) կազմակերպում է կադրերի հաշվառումը, ուսումնասիրությունը և ընտրությունը, ղեկավարում է նրանց պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումը.
ի) իրագործում է բնակարանային ֆոնդի, քաղաքային հողերի, քաղաքային բարեկարգման օբյեկտների և կոմունալ ձեռնարկությունների տեխնիկական ինվենտարիզացիայի ղեկավարումը.
լ) ապահովում է շոգեկաթսաների, ճնշման տակ աշխատող ապարատների և ամբարձիչ կառուցվածքների շահագործման կանոնների ու նորմաների պահպանման հսկողությունը.
խ) ղեկավարում է սոցիալիստական մրցության կազմակերպումն ու զարգացումը, կազմակերպում է աշխատանքի առաջավոր փորձի փոխանակումը բնակարանային, կոմունալ տնտեսություններում և շինարարությունում.
ծ) գիտա-տեխնիկական խորհրդի եզրակացությունների հիման վրա հաստատում է մինիստրության իրավասությանը ենթակա կոմունալ տնտեսության օբյեկտների շինարարության նախագծերը, ինչպես նաև լուծում է ընդհանուր կարգի տեխնիկական հարցեր.
կ) հաստատում է ռեսպուբլիկական ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշվետվություններն ու բալանսները, ստուգում է իր տեղական օրգանների հաշվետվությունները և սահմանված կարգով կազմում է ռեսպուբլիկայի կոմունալ տնտեսության սիստեմի գծով ամփոփ հաշվապահական հաշվետվություններ ու բալանսներ, ղեկավարում է վիճակագրական հաշվառումը բնակարանա-կոմունալ տնտեսության և շինարարության մեջ.
հ) հաստատում է մինիստրության վարչությունների և բաժինների կանոնադրությունները, ինչպես նաև մինիստրության իրավասությանը ենթակա հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կանոնադրությունները.
ձ) իրագործում է հսկողություն և վերահսկողություն մինիստրության գործունեության հետ առնչված խնդիրներ կատարող` կամավոր ընկերությունների գործունեության նկատմամբ.
ղ) հրատարակում է գրականության բնակարանա-կոմունալ տնտեսության հարցերի վերաբերյալ.
ճ) ապահովում է աշխատանքի պահպանության, անվտանգության տեխնիկայի և արդյունաբերական սանիտարիայի միջոցառումների անցկացումը:
4. Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրությունը գլխավորում է մինիստրը:
5. Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրը Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Կոնստիտուցիայի 48-րդ հոդվածին համապատասխան ղեկավարում է Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրության և մինիստրության ենթակա հիմնարկների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեությունը:
Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրը իրագործում է ռեսպուբլիկական ենթակայության կոմունալ տնտեսության կազմակերպությունների ու ձեռնարկությունների ղեկավարումն անմիջականորեն և տեղական ենթակայության կազմակերպությունների ու ձեռնարկությունների ղեկավարումը` աշխատավորների դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործադիր կոմիտեների համապատասխան բնակարանա-կոմունալ տնտեսության և շինարարության օրգանների միջոցով:
6. Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրը հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Կոնստիտուցիայի 49-րդ հոդվածին համապատասխան, ՍՍՌՄ և Հայկական ՍՍՌ օրենքների, ՍՍՌՄ Մինիստրների Սովետի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների հիման վրա և ի կատարումն դրանց, հրատարակում է մինիստրության իրավասության սահմաններում հրամաններ ու հրահանգներ և ստուգում է նրանց կատարումը.
Կոմունալ տնտեսության մինիստրության հրամաններն ու հրահանգները պարտադիր են աշխատավորների դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործադիր կոմիտեների կոմունալ և բնակարանային տնտեսության վարչությունների, կապիտալ շինարարության բաժինների, տեխնիկական հսկողության խմբերի, վերանորոգման-շինարարական վարչությունների ու տեղամասերի, կոմունալ սպասարկման և բարեկարգման գրասենյակների և բնակարանային ու կոմունալ տնտեսության բոլոր հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների համար:
7. Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրը դադարեցնում և վերացնում է մինիստրության ենթակա հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարների այն հրամաններն ու հրահանգները, որոնք հակասում են ՍՍՌՄ և Հայկական ՍՍՌ օրենքներին, ՍՍՌՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի որոշումներին ու կարգադրություններին, ինչպես նաև Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրության հրամաններին ու հրահանգներին:
8. Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրը նշանակում է անմիջականորեն մինիստրության ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների կառավարիչներ, դիրեկտորներ, պետեր, գլխավոր ինժեներներ, գլխավոր (ավագ) հաշվապահներ. գործադիր կոմիտեների ներկայացմամբ հաստատում է աշխատավորների դեպուտատների քաղաքային, շրջանային և ավանային սովետների գործադիր կոմիտեների կոմունալ ու բնակարանային տնտեսության վարչությունների, կապիտալ շինարարության բաժինների, կոմունալ սպասարկման և բարեգործական գրասենյակների, վերանորոգման-շինարարական վարչությունների ու տեղամասերի պետերի, գլխավոր ինժեներների և գլխավոր (ավագ) հաշվապահների նշանակումն ու ազատումը:
9. Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրությունում կազմվում է կոլեգիա մինիստրի նախագահությամբ, որը քննարկում է պրակտիկ ղեկավարության, կատարման ստուգման, կադրերի ընտրության հարցերը, մինիստրության և նրա տեղական օրգանների աշխատողների հաշվետվությունները, ինչպես նաև մինիստրության կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը:
Կոլեգիայի կազմը հաստատվում է Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի կողմից` մինիստրի ներկայացմամբ:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են մինիստրի հրամաններով:
Մինիստրի և կոլեգիայի միջև տարաձայնությունների դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, միաժամանակ զեկուցելով ծագած տարաձայնությունների մասին Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետին:
10. Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրությանն առընթեր գոյություն ունի գիտա-տեխնիկական խորհուրդ, որի կազմը հաստատվում է մինիստրի կողմից:
11. Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության կառուցվածքը հաստատում է Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետը:
12. Հայկական ՍՍՌ կոմունալ տնտեսության մինիստրությունն ունի կլոր կնիք Հայկական ՍՍՌ պետական գերբով ու իր անվամբ և շտամպ: