ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2019 թվականի N 364-Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 20.02.25 N 190-Ն)
Ղեկավարվելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 20.02.25 N 190-Ն)
1․ Հաստատել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ապաստարանի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը խմբ. 20.02.25 N 190-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի 4-րդ կետում՝
ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) որպես ժամանակավոր օթևան կացարանով ապահովելը՝ որոշակի բնակության վայր չունեցող անձանց.»,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարանով (այսուհետ՝ ապաստարան) ապահովելը՝ ընտանիքում բռնության ենթարկվածներին:».
2) հավելվածի 5-րդ կետում «3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ ենթակետերով» բառերով.
3) հավելվածի 15-րդ կետը «կացարանով» բառից հետո լրացնել «և ապաստարանով» բառերով.
4) հավելվածին կից ձևի 4-րդ կետով նախատեսված աղյուսակի առաջին սյունակում՝
ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) որպես ժամանակավոր օթևան կացարանով ապահովելը՝ որոշակի բնակության վայր չունեցող անձանց.»,
բ. սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) ապաստարանով ապահովելը՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց:»:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և N 3 հավելվածը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 364-Ն որոշման |
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը խմբ. 20.02.25 N 190-Ն)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց (այսուհետ՝ շահառուներ) տրամադրվող ապաստարանի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները, ինչպես նաև ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը:
2. Ապաստարանի ծառայություններ կարող են տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգի համաձայն հավաստագրված այն ոչ առևտրային իրավաբանական անձինք, որոնց հետ սոցիալական հարցերի ոլորտում լիազոր մարմինը կնքել է ֆինանսավորման պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմանագրի օրինակելի ձևի հիման վրա։
3. Ապաստարան տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և օրենսդրությամբ սահմանված կարգով բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող, փախստականի կարգավիճակ ունեցող, ինչպես նաև ապաստան հայցող անձանց, եթե առկա է բռնության կրկնման կամ շարունակման վտանգի վերաբերյալ հիմնավոր ենթադրություն:
4. Ապաստարանը գործում է շուրջօրյա և իրականացնում շահառուների տեղավորում: Ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ` առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի:
5. Շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով: Ապաստարանում գտնվելու ժամկետը որոշում է ապաստարանը՝ շահառուներին համապատասխան օգնություն ցույց տվող մասնագետների առաջարկությամբ` հաշվի առնելով նրանց անվտանգության համար սպառնալիքների առկայությունը կամ բացակայությունը, նրանց` ինքնուրույն կամ այլ անձի հետ համատեղ բնակվելու հնարավորությունը և այլ վերաբերելի հանգամանքներ՝ որպես պարտադիր պայման դիտելով ապաստարանում մնալու՝ շահառուների համաձայնությունը:
6. Շահառուներին ապաստարանով ապահովելու նպատակն այդ անձանց անվտանգությունն ապահովելը և «Սոցիալական աջակցության մասին» օրենքով և սույն հավելվածով նախատեսված սոցիալական այլ ծառայությունները տրամադրելն է:
7. Ապաստարանի գործունեությունը պետք է հիմնված լինի հետևյալ սկզբունքների վրա`
1) անվտանգության և պաշտպանության ապահովման առաջնայնություն.
2) խտրականության բացառում.
3) տեղեկացված լինելու իրավունքի երաշխավորում.
4) մասնավոր և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկությունների անձեռնմխելիություն.
5) արժանապատվության, անձնական կյանքի, ինքնուրույնության, ազատ ընտրության և անկախության նկատմամբ հարգանքը.
6) երեխայի լավագույն շահերի առաջնահերթություն.
7) շահառուների աշխատելու և կրթություն ստանալու իրավունքի նկատմամբ հարգանքը.
8) իրավահավասարություն, մատչելիություն և ներառականություն:
8. Ապաստարանը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը սոցիալական ոլորտում լիազոր մարմնին ապաստարանի ֆինանսավորման պայմանագրով սահմանված ձևաչափով տրամադրում է իր կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ հաշվետվություն, որը ներառում է տվյալներ շահառուների թվի և նրանց մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
2. ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
9. Ապաստարանը պետք է երաշխավորի անվտանգության և ապահովության հետևյալ նվազագույն պահանջները`
1) շահառուներին ապահովի բնակելի տարածքի անհատույց տրամադրումը.
2) շուրջօրյա անվտանգության ապահովումը՝ ներառյալ անվտանգ մուտքերի, ապաստարանն անվտանգության համակարգով կահավորելը, տեսախցիկների և ապաստարանում անհատական պաշտպանության միջոցների (աերոզոլային սարքեր, ազդարարման համակարգ և այլն) առկայությունը: Արգելվում է տեսախցիկներ տեղադրել շենքի ներսում.
3) գործունեությունն օրենսդրությամբ սահմանված կոմունալ, սանիտարահամաճարակային և հիգիենիկ անվտանգության, հակահրդեհային և շինարարական նորմերին և կանոններին համապատասխան վարելը:
10. Ապաստարանը պետք է երաշխավորի գաղտնիության հետևյալ նվազագույն պահանջները`
1) ապաստարանի գտնվելու վայրի և անձնակազմի գաղտնիությունը: Ապաստարանի մուտքերը մշտապես պետք է փակ (կողպված) լինեն, պետք է գործեն ապաստարանի աշխատակից չհանդիսացող անձանց մուտքերը բացառող կարգեր.
2) շահառուներին վերաբերող ցանկացած տեղեկության գաղտնիությունը.
3) գաղտնիության պահպանման գործող կառուցակարգեր (անձնակազմի, շահառուների և ներգրավված բոլոր անձանց հետ կնքելով գաղտնիության համաձայնագրեր):
11. Ապաստարանը պետք է երաշխավորի ապրելու համար հետևյալ նվազագույն պահանջները`
1) շահառուին և նրա երեխային առնվազն մեկ սենյակի հատկացում, երկու և ավելի երեխաների պարագայում` հնարավորության դեպքում լրացուցիչ սենյակի տրամադրում.
2) ապաստարանում երեքից ավելի բնակելի սենյակների դեպքում` պետք է լինի առնվազն երկու սանհանգույց.
3) ապաստարանը պետք է ունենա երեխաների դասապատրաստման համար անհրաժեշտ կահավորմամբ և պիտույքներով տարածություն.
4) ապաստարանը պետք է ունենա բավարար բնական և արհեստական լուսավորություն և օդափոխություն.
5) ապաստարանը պետք է ունենա առաջին օգնության դեղորայք և պարագաներ. դրանք և շահառուի պարագաները պետք է մշտապես փակ լինեն և գտնվեն ապաստարանի աշխատակցի սենյակում.
6) ապաստարանը պետք է ունենա չհրկիզվող պահարան շահառուների համար կարևոր իրերի պահպանման համար.
7) ապաստարանը շահառուներին պետք է տրամադրի՝
ա. հագուստի պահարան և մահճակալ,
բ. անկողնային պարագաներ,
գ. խոհանոցային սպասք (ափսե, բաժակ, գդալ, սնունդ պատրաստելու սպասք և այլն),
դ. հագուստ (անհրաժեշտության դեպքում),
ե. անձնական հիգիենայի պարագաներ (սրբիչ, օճառ, ատամի մածուկ, խոզանակ, տակդիրներ, միջադիրներ և այլն),
զ. սնունդ՝ օրական առնվազն երեք անգամ, ընդ որում, հատուկ սննդակարգի կարիք ունեցող անձանց համար բժշկի ցուցումով նշանակվում է դիետիկ սնունդ (շահառուն սնունդը կարող է պատրաստել ինքնուրույն),
է. անհրաժեշտության դեպքում` երեխաների խնամքի պարագաներ՝ իր տարիքին համապատասխան,
ը. տարիքային առանձնահատկություններից ելնելով՝ երեխայի համար մանկական մահճակալ,
թ. երեխայի տարիքին համապատասխան զբաղվածության իրեր, խաղեր, գրքեր և այլն:
12. Ապաստարանը շահառուների իրավունքների իրացման համար պետք է ապահովի հետևյալ նվազագույն պահանջները`
1) ապաստարանը պետք է մատչելի լինի կանանց և երեխաների համար` բացառելով խտրականությունը.
2) ապաստարանը պետք է երաշխավորի շահառուին հասկանալի լեզվով` այդ թվում ժեստերի լեզվով, տեղեկատվության տրամադրումը.
3) հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ապահովեն օրենսդրությամբ սահմանված ֆիզիկական միջավայրին (ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները, սանհանգույցը, խոհանոցը, տարհանման ուղիները) և տրանսպորտին (առկայության դեպքում) ներկայացվող չափանիշները (ստանդարտները), օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովեն խելամիտ հարմարեցումներ.
4) ապաստարանը պետք է ապահովի աշխատակազմի՝ հավասարության և խտրականության բացառման վերաբերյալ կրթությունը և իրազեկվածության բարձրացումը.
5) շահառուները պետք է տեղեկացված լինեն ապաստարանի և իրենց իրավունքների իրացման հնարավորության մասին, ներառյալ ապաստարանի քաղաքականության, ընդունված կանոնների և հասանելի ծառայությունների մասին.
6) շահառուները պետք է ազատ լինեն իրենց վերաբերյալ որոշումներ կայացնելու՝ առանց հարկադրանքի և պետք է ստանան իրենց ընտրությունն իրացնելու աջակցություն` առանց այլ անձանց իրավունքների խախտման.
7) շահառուների իրավունքների իրացումը` այդ թվում կրթություն ստանալու, աշխատանքի և այլն, պետք է երաշխավորվի, այդ թվում` պետք է ապահովվի երեխաների կրթության շարունակականությունը` հեռավար կամ առկա` ըստ հնարավորության.
8) շահառուների համար պետք է հասանելի լինի ներքին գաղտնի գործընթաց՝ անձնակազմի, ապաստարանի պայմանների կամ ծառայությունների վերաբերյալ բողոքներ ներկայացնելու համար:
13. Ապաստարանը շահառուներին, ըստ կարիքի, տրամադրում է օգնության հետևյալ ձևերը`
1) հոգեբանական օգնություն.
2) իրավաբանական օգնություն, որը ներառում է` խորհրդատվություն` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում՝ ներառյալ իրավաբանական տեղեկատվության տրամադրում, ներկայացուցչություն կամ պաշտպանություն` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով, այլ աջակցություն՝ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, փաստաթղթերի վերականգնման կամ դրանց բացակայության դեպքում դրանց ձեռքբերման համար.
3) սոցիալական աջակցություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագետների.
4) անհրաժեշտության դեպքում և շահառուների համաձայնությամբ նրանց կողմից առողջապահական հաստատություններ դիմելու աջակցություն` բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար:
3. ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
14. Ապաստարանի անձնակազմը պետք է բավարարի հետևյալ ընդհանուր պահանջներին՝
1) ապաստարանի անձնակազմը պետք է ունենա բավարար պատրաստվածություն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց` այդ թվում երեխաների հետ աշխատելու համար.
2) ապաստարանն իր շուրջօրյա աշխատանքի կազմակերպման համար պետք է ունենա առնվազն չորս շուրջօրյա աշխատողներ` հերթափոխությամբ, ինչպես նաև 15-րդ կետով նախատեսված աշխատողներ: Օրվա հերթապահ աշխատակիցը կարիքի դեպքում պետք է նաև աջակցի երեխաների զբաղվածության կազմակերպմանը.
3) անձնակազմը պետք է տարեկան առնվազն 20 ժամ վերապատրաստում անցնի: Վերապատրաստման դասընթացները, ի թիվս այլնի, ընդգրկում են առաջին բժշկական օգնության, ինքնապաշտպանության, հատուկ կարիքներ ունեցող անձանց խնամքի, շահառուների կարիքների գնահատման թեմաները:
15. Ապաստարանի անձնակազմը ներառում է հետևյալ աշխատողներին՝
1) հոգեբան՝ «հոգեբանություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձ.
2) սոցիալական աշխատող՝
ա. սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձ,
բ. այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող, «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած և օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձ կամ,
գ. հոգեբանություն, սոցիալական մանկավարժություն, հատուկ մանկավարժություն, սոցիոլոգիա, մարդկային ռեսուրսների կառավարման բարձրագույն կրթություն ունեցող, «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացն ավարտած, համապատասխան վկայական ստացած և օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձ.
3) իրավաբան՝ «իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձ։ Անձնակազմը կարող է չներառել իրավաբանի, եթե ապաստարանը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի հետ։
16. Ապաստարանի աշխատակից չի կարող լինել այն անձը`
1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.
2) ով դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 22-27-րդ, 29-րդ, 34-35-րդ գլուխներով և 203-206-րդ, 208-209-րդ և 485-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար` անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից.
3) ում նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում.
4) ով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:
17.Ապաստարանը պետք է անձնակազմի համար առանձին սենյակ հատկացնի:
4. ԱՊԱՍՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ
18. Ապաստարանի աշխատակիցը պետք է շահառուին ընդունելու պահից մեկից երեք օրվա ընթացքում իրականացնի վերջինիս կարիքների և վտանգի գրավոր գնահատումը: Տվյալ աշխատակիցը հանդիսանում է այդ գործի վարման պատասխանատուն:
19. Շահառուի գնահատումը պետք է ներառի տեղեկություններ`
1) շահառուի, նրա առողջական վիճակի և կարիքների վերաբերյալ.
2) շահառուի երեխաների վերաբերյալ.
3) շահառուի կողմից վստահելի անձանց և նրանց հետ կապ հաստատելու միջոցների վերաբերյալ.
4) բռնության նկարագրի և վտանգի գնահատման վերաբերյալ.
5) բնակարանային հարցերի (առկայության, պայմանների) վերաբերյալ.
6) շահառուին տրամադրվող օգնության ձևերի վերաբերյալ.
7) շահառուի կրթության, զբաղվածության, հնարավոր վերապատրաստումների վերաբերյալ:
20. Ապաստարանը շահառուին ընդունելու պահից պետք է իրականացնի`
1) հրատապ անհրաժեշտության իրերի և օգնության տրամադրում.
2) տրամադրի բավարար տեղեկատվություն ապաստարանի, իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ներառյալ ապաստարանի քաղաքականության, ընդունված կանոնների և հասանելի ծառայությունների մասին` տրամադրելով անհրաժեշտ փաստաթղթերը.
3) շահառուի հետ գաղտնիության համաձայնագրի կնքում առ այն, որ վերջինս պարտավորվում է գաղտնի պահել և որևէ մեկին չբացահայտել ապաստարանի, դրա աշխատակիցների և շահառուների հետ կապված ցանկացած տեղեկատվություն.
4) ըստ կարիքի, տրամադրի սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված օգնություն.
5) շահառուի կարճաժամկետ և երկարաժամկետ սոցիալ-հոգեբանական վերականգնման ծրագրի մշակում և ներկայացում վերջինիս.
6) շահառուների անվտանգության երաշխավորմանն ուղղված այլ գործողություններ:
21.Ապաստարանը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան ներքին կարգապահական կանոններ։
22. Ապաստարանը պետք է ունենա անձնակազմի, ապաստարանի պայմանների կամ ծառայությունների վերաբերյալ անանուն դիմումներ ներկայացնելու և դրանց համապատասխան ընթացք տալու կարգավորումներ:
23. Ապաստարանը պետք է հաստատի և իր գործունեության մեջ կիրառի հետևյալ փաստաթղթերը՝
1) գաղտնիության պահպանման համաձայնագրեր.
2) անձնական տվյալների ստացման և մշակման համաձայնություն.
3) ապաստարանում բնակության համաձայնագիր.
4) շահառուին տրամադրվող օգնությունը ստանալու համաձայնագիր.
5) շահառուի վստահելի անձանց հետ կապի հաստատման համար համաձայնագիր.
6) դեղորայքից օգտվելու համաձայնագիր.
7) շահառուի կողմից լրացվելու համար` ապաստարանից հեռանալու նշումների վերաբերյալ փաստաթուղթ:
(հավելվածը խմբ. 20.02.25 N 190-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 364-Ն որոշման |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ Ե Վ
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 20.02.25 N 190-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.02.2025, N 190-Ն | 22.02.2025, N 364-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|