ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2025 թվականի N 181-Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԿՐԿՆՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի N 181-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԿՐԿՆՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցների (այսուհետ՝ հատուկ կառույցներ) փոխգործակցությունը` ընտանեկան և կենցաղային բռնության դեպքեր հայտնաբերելիս, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդելիս ու ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկը գնահատելիս:
2. Սույն կարգում կիրառվող հասկացությունները կիրառվում են «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքին (այսուհետ՝ օրենք) համապատասխան:
3. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց հայտնաբերումից հետո այդ անձին հայտնաբերած մարմինն իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ուղղորդման գործընթացը, որը ներառում է նաև ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կամ ենթարկված անձի մասին տեղեկության փոխանցումը՝ համապատասխան մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու համար:
2. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄԸ, ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
4. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպք հայտնաբերած այն հատուկ կառույցները, որոնք օրենքին համապատասխան ստանձնել են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին աջակցություն տրամադրելը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքերի, պարտավոր են օրենքներով սահմանված կարգով ընտանեկան և կենցաղային բռնության յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում փոխանցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն (այսուհետ՝ ոստիկանություն), եթե օրենքով այլ ժամկետ նախատես ված չէ:
5. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց կազմակերպություններն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին հայտնաբերելու դեպքում նրան կամ նրա մասին տեղեկությունն անձի գրավոր համաձայնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, փոխանցում են հատուկ կառույցին:
6. Պետական մարմինները`
1) ոստիկանությունն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին տեղեկություններ կարող է ստանալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինքնուրույն` իր ստորաբաժանումների միջոցով, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներից, անհատներից (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանցից և այլ դիմումատուներից), այլ կազմակերպություններից և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման արդյունքում․
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին տեղեկություններ ստանալ ինքնուրույն՝ միասնական սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումներից, հատուկ կառույցներից, թեժ գծով կամ անհատներից (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանցից և այլ դիմումատուներից), այլ կազմակերպություններից.
3) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին տեղեկություններ կարող է ստանալ ինքնուրույն՝ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններից, ինչպես նաև այդ հաստատությունների աշխատողներից կամ կրթական գործընթացներում ներգրավված այլ անձանցից.
4) խնամակալության և հոգաբարձության մարմիններն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին տեղեկություններ կարող են ստանալ ինքնուրույն՝ սոցիալական աշխատանքի իրականացման ընթացքում և անհատներից (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանցից և այլ դիմումատուներից):
7. Սույն կարգի 6-րդ կետում չնշված այլ կազմակերպություններն ու մարմինները, որոնք իրենց գործունեության ընթացքում առնչվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին, կարող են հանդիսանալ տեղեկության աղբյուր ոստիկանության կամ հատուկ կառույցների համար:
8. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման ընթացքում համագործակցությունը հիմնվում է օրենքի 2-րդ հոդվածում նախատեսված, ինչպես նաև հետևյալ սկզբունքների վրա՝
1) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին չվնասելու և չմեղադրելու, ինչպես նաև ծառայությունների մատուցման ընթացքում երկրորդային զոհականացումից խուսափելու սկզբունք.
2) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ աշխատելիս նրան օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի ու գործողությունների մասին տեղեկացնելու և դրանց անցկացման ու կիրառման վերաբերյալ տեղեկացված համաձայնություն ստանալու սկզբունք.
3) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված և հաշմանդամություն ունեցող անձանց՝ սույն կարգով նախատեսված գործընթացների լիարժեք և արդյունավետ մասնակցության ու ներգրավվածության, ինչպես նաև սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումների հասանելիության, հասցեականության և մատչելիության սկզբունք:
9. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկությունը ենթադրյալ հանցագործության մասին է, ապա սույն կարգով նախատեսված գործառույթների իրականացումը չպետք է խոչընդոտի ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի վերաբերյալ համապատասխան քրեական վարույթին:
10. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկության վերաբերյալ ոստիկանությանն անհապաղ չահազանգելը կարող է հանգեցնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կամ նրա ընտանիքի անդամի կամ այլ անձանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելուն, նրանց հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման արդյունքում առկա է բարձր ռիսկայնություն, ապա նման տեղեկություն ունեցող մարմինը, կազմակերպությունը կամ հատուկ կառույցն այդ մասին տեղեկությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, փոխանցում է ոստիկանություն: Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկայնությունը համարվում է բարձր, եթե սույն կարգի 27-րդ կետում նախատեսված հանգամանքներից առկա են առնվազն երեքը:
11. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հանցավոր դրսևորումների հայտնաբերման դեպքում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին տեղեկացնում են կիրառված բռնության ենթադրյալ հանցագործություն լինելու մասին, և այդ տեղեկությունը ոստիկանությանը կամ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին փոխանցելու փաստի մասին:
12. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը բացահայտում է ոստիկանությունը, ապա համապատասխան ծառայողը՝
1) իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի հանգամանքների պարզում, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ու ենթադրյալ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նույնացում.
2) գնահատում է իրավիճակը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կյանքին ու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգի հավանականությունը: Սպառնալիքն իրական է համարվում այն դեպքում, երբ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը բավարար հիմքեր է ունենում վախենալու դրա իրականացումից, այսինքն՝ սպառնալիքի իրականացումը հնարավոր է՝ հաշվի առնելով սպառնալիքի բովանդակությունը, սպառնալիք տալու եղանակը, դեպքի վայրը, ժամանակը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի միջև հարաբերությունների բնույթը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հատկանիշները և այլն.
3) հավաքագրում է փաստեր և կազմում անհրաժեշտ փաստաթղթեր՝ առերևույթ հանցագործության բացահայտման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը կանխելու նպատակով.
4) ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունը փոխանցում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական վարույթ նախաձեռնելու համար.
5) իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատում.
6) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին է տեղեկացնում օրենքով ամրագրված ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների մասին.
7) սոցիալական, հոգեբանական և առողջապահական ոլորտի ծառայությունների անհրաժեշտության դեպքում իրականացնում է բացատրական աշխատանքներ և ուղղորդում հատուկ կառույցներ։
13. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը բացահայտում է հատուկ կառույցը, ապա համապատասխան աշխատողը՝
1) իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի հանգամանքների պարզում, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ու ենթադրյալ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նույնացում.
2) գնահատում է իրավիճակը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կյանքին ու առողջությանը սպառնացող հնարավոր վտանգի հավանականությունը: Սպառնալիքն իրական է համարվում այն դեպքում, երբ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը բավարար հիմքեր է ունենում վախենալու դրա իրականացումից, այսինքն՝ սպառնալիքի իրականացումը հնարավոր է՝ հաշվի առնելով սպառնալիքի բովանդակությունը, սպառնալիք տալու եղանակը, դեպքի վայրը, ժամանակը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի միջև հարաբերությունների բնույթը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հատկանիշները և այլն.
3) իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատում.
4) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի համաձայնությամբ տեղեկությունը փոխանցում է ոստիկանություն։
14. Համապատասխան տեղեկությունները հայտնի լինելու դեպքում ուղղորդվող մարմին են փոխանցվում հետևյալ տվյալները՝
1) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, գրանցման և մշտական բնակության վայրերը.
2) ուղղորդող մարմնին ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կամ այլ անձի կողմից դիմելու կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը բացահայտելու ամսաթիվը և ժամը.
3) ուղղորդող մարմնի կողմից ուղղորդվող մարմնին դիմելու նպատակը կամ հիմքը.
4) վտանգ սպառնալու դեպքում` ենթադրյալ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի և վտանգի տակ գտնվող անձանց տվյալները.
5) առկայության դեպքում՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կողմից վստահելի անձի՝ այդ թվում իրավաբանական, կոնտակտային տվյալները։
15. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը երեխա է կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ, ապա ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին պարտադիր տեղեկացվում է երեխայի կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի բնակության կամ գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը, որն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է երեխայի կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երեխայի լավագույն շահը:
16. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը երեխա է կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ ու ընտանեկան և կենցաղային բռնությունը գործադրվել է երեխայի միակ ծնողի կամ խնամակալի կամ հոգաբարձուի կամ խնամքն իրականացնող այլ անձի կողմից, ինչպես նաև անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալի կամ հոգաբարձուի կողմից, ապա խնամակալության և հոգաբարձության մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնում է այդ երեխայի ծնողի՝ ծնողական իրավունքներից զրկումը կամ սահմանափակումն ու խնամքի և դաստիարակության կազմակերպումը, իսկ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի դեպքում՝ նրա խնամակալի կամ հոգաբարձուի փոխարինումը:
3. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԻ ՈՒՂՂՈՐԴՈՒՄԸ
17. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդումն իրականացվում է միջգերատեսչական համագործակցության միջոցով։
18. Միջգերատեսչական համագործակցության կողմերն իրենց իրավասության շրջանակում իրականացնում են ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի բացահայտում, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց կարիքների գնահատում, աջակցություն և պաշտպանություն:
19. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ուղղորդումն իրականացվում է միայն իր համաձայնությամբ` հայտնաբերման պահից, բացառությամբ երեխայի լավագույն շահերից բխող դեպքերի, երբ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխայի ուղղորդումն իրականացվում է անհապաղ:
20. Ընտանեկան և կենցաղային բռնության՝ ֆիզիկական կամ սեռական բռնության նշանների կամ հիմնավոր կասկածի դեպքում, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին հայտնաբերող մարմինն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին ուղղորդում է համապատասխան բժշկական հաստատություն։
21. Ուղղորդում կատարած կամ ուղղորդվող մարմինները կամ կազմակերպությունները փոխանցված տեղեկությունը պահպանում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով։
22. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխային թողել են բժշկական հաստատություններում կամ երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, ապա այդ հաստատության տնօրինությունը պարտավոր է՝
1) երեխային թողնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 1 ժամվա ընթացքում տեղեկացնել դրա մասին ոստիկանությանը.
2) երեխայի նկատմամբ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնել երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխայի ընտանիքի կամ մերձավոր ազգականների հայտնաբերման նպատակով:
23. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխան՝ նրա կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղափոխվում է հաստատություն կամ խնամատար ընտանիք կամ նշանակվում է խնամակալ կամ հոգաբարձու, որտեղ տեղավորելիս կամ ում նշանակելիս երեխայի կարծիքն իր տարիքին և հասունության մակարդակին համապատասխան հաշվի է առնվում։
24. Եթե ոստիկանության համապատասխան ծառայողը որոշում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխային տեղավորել անվտանգ միջավայր, ապա նա դիմում է երեխայի բնակության կամ գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով երեխայի այլընտրանքային խնամքը կազմակերպելու համար:
4. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԿՐԿՆՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
25. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման գործընթացը ներառում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ու ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին ամբողջական տեղեկության հավաքագրումը, դրա վերլուծությունը և հետագա քայլերի հաջորդականության որոշումը:
26. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ու ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի մասին տեղեկության վերլուծությամբ նույնականացվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը, բացահայտվում են նրա և նրա ընտանիքի անդամների կարիքները և ռիսկային համարվող գործոնները:
27. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկայնությունը որոշելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները՝
1) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի նկատմամբ նախկինում նույն անձի կողմից կատարված ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի առկայությունը և դրանց հաճախականությունը.
2) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ընտանիքի անդամների նկատմամբ նախկինում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից կատարված ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի առկայությունը և դրանց հաճախականությունը.
3) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից բռնության այլ դրսևորումները և դրանց հաճախականությունը.
4) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կախվածությունն ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից, դրանց պատրաստուկներից կամ դրանց համարժեք նյութերից (անալոգից) կամ դրանց ածանցյալներից.
5) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի՝ ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից, դրանց պատրաստուկներից կամ դրանց համարժեք նյութերից (անալոգից) կամ դրանց ածանցյալներից բուժման կուրսից խուսափելը կամ հրաժարվելը.
6) օրենսդրությամբ սահմանված կարգով զենքի թույլտվության առկայությունը.
7) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ֆինանսական կամ գույքային կախվածությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձից.
8) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հոգեբանական կախվածությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձից, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի մոտ «Ստոկհոլմյան համախտանիշի» առկայությունը.
9) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի սոցիալական կախվածությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձից, սոցիալական կարիքներն ու խնդիրներն ինքնուրույն լուծելու հնարավորություն չունենալը, նրա աշխատանքի կամ կայուն եկամտի բացակայությունը.
10) օրենսդրությամբ սահմանված կարգով դատական վեճի առկայությունն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կամ նրա ընտանիքի անդամների միջև, կամ դրա՝ ի վնաս ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կամ նրա ընտանիքի անդամների լուծված լինելը.
11) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին կատարվածի կապակցությամբ մեղադրելն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի, նրա ընտանիքի անդամների, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ընտանիքի անդամների կողմից.
12) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կամ նրա ընտանիքի անդամների կողմից ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող տնային կենդանիներին վնասելը կամ վնասելու սպառնալիքը.
13) ընտանեկան կամ կենցաղային բռնության պատճառ հանդիսացած և առերևույթ չհանգուցալուծված վեճի առկայությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
20.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2025 թվական: