ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 1984 թ. N 482
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐՑԵՐԸ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի առաջարկությունը, համաձայնեցված ՍՍՀՄ ձկնային տնտեսության մինիստրության, Հայկական ՍՍՀ պետպլանի և Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության հետ, և`
ա) Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը սահմանել 41 միավոր.
բ) հաստատել Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն N 1 հավելվածի*).
գ) հաստատել Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի կենտրոնական ապարատի հիմնական բաժինների ցանկը, համաձայն N 2 հավելվածի:
2. Հաստատել ՍՍՀՄ ձկնային տնտեսության մինիստրության հետ համաձայնեցված` Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների պարգևատրման, նյութական օգնություն ցույց տալու, բնակարանային պայմանների և կուլտուր-կենցաղային սպասարկման բարելավման համար նյութական խրախուսման կենտրոնացված ֆոնդից մասհանումների նորմատիվները, համաձայն N 3 հավելվածի:
3. Հաստատել Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի առդիր կանոնադրությունը` համաձայնեցված ՍՍՀՄ ձկնային տնտեսության մինիստրության և Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրության հետ:
4. Հաստատել ՍՍՀՄ ձկնային տնտեսության մինիստրության հետ համաձայնեցված` Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի ինքնուրույն ձեռնարկությունների ու կազմակերպությունների ցանկը, համաձայն N 4 հավելվածի:
5. Հաստատել Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների պարգևատրման կարգի մասին առդիր կանոնադրությունը` համաձայնեցված ՍՍՀՄ ձկնային տնտեսության մինիստրության, Հայկական ՍՍՀ պետպլանի, Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության և ՀԱՄԽ-ի հետ:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի ձկնային տնտեսության միավորման սիստեմում արդյունաբերության կառավարման կառուցվածքը կատարելագործելու մասին» N 574 որոշումը:
_______________
*) N 1, 2, 3, 4 հավելվածները չեն բերվում:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թ. հուլիսի 23-ի N 482 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
1. Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեն (Հայկական ՍՍՀ ձուկտնտպետկոմը) Հայկական ՍՍՀ սահմանադրությանը համապատասխան միութենական-հանրապետական մարմին է և իր գործունեության մեջ ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին և ՍՍՀՄ ձկնային տնտեսության մինիստրությանը:
Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեն ղեկավարում է իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեությունը, ապահովելով նրանց կողմից ներքին ջրամբարներում ապրանքային ձկնաբուծության, ձկնորսության և ձկնապաշարների վերարտադրության զարգացման, ինչպես նաև կուղբաբուծության գծով առաջադրանքների անպայման կատարումը, միջոցառումներ է իրականացնում Հայկական ՍՍՀ ներքին ջրամբարներում ձկնապաշարները ռացիոնալ օգտագործելու ուղղությամբ:
Ապահովում է Հայկական ՍՍՀ ջրամբարներում ձկնապաշարների վերարտադրությունը և ռացիոնալ օգտագործումը:
Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեն պատասխանատվություն է կրում հանրապետության ձկնային տնտեսության վիճակի և հետագա զարգացման, գիտատեխնիկական առաջընթացի և թողարկվող արտադրանքի արտադրության տեխնիկական մակարդակի, որակի համար:
2. Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի գլխավոր խնդիրներն են`
ձկնային տնտեսության ըստ ամենայնի զարգացման ապահովումը որպես հանրապետության ժողովրդական տնտեսության բաղկացուցիչ մասի, գիտատեխնիկական առաջընթացի հիման վրա արտադրության զարգացման և աշխատանքի արտադրողականության աճի բարձր տեմպերի ապահովումը` ձկնային արտադրանքի նկատմամբ բնակչության և ժողովրդական տնտեսության պահանջմունքը ավելի լրիվ բավարարելու նպատակով.
պետական պլանի առաջադրանքների կատարման և պետական կարգապահության խիստ պահպանման, ճյուղում պլանավորման համակարգի կատարելագործման ապահովումը.
ապրանքային ձկնաբուծության հետագա ինտենսիվացման հիման վրա դրա զարգացման, ջրամբարների ձկնամթերատվության և արտադրանքի որակի բարձրացման, արտադրական կարողությունների օգտագործման բարելավման, աշխատատար արտադրական պրոցեսների մեքենայացման ու ավտոմատացման, լճակային, լճային և ապրանքային մյուս տնտեսությունների տնտեսական արդյունավետության բարձրացման ապահովումը.
հանրային աշխատանքի նվազագույն ծախսումներով բարձրորակ արտադրանքի արտադրության, արտադրության արդյունավետության բարձրացման, հիմնական ֆոնդերի, աշխատանքային, նյութական և ֆինանսական ռեսուրսների օգտագործման բարելավման ապահովումը.
ճյուղում միասնական տեխնիկական քաղաքականության անցկացումը, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների և առաջավոր փորձի ներդրումը, արտադրության տեխնիկատնտեսական բարձր ցուցանիշների ապահովումը.
կապիտալ ներդրումների ռացիոնալ օգտագործման և դրանց արդյունավետության բարձրացման, շինարարության արժեքի նվազեցման և ժամկետների կրճատման, արտադրական կարողությունների ու հիմնական ֆոնդերի ժամանակին գործարկման, ինչպես նաև պլանով սահմանված ժամկետներում արտադրական կարողությունների յուրացման ապահովումը.
աշխատանքի և կառավարման գիտական կազմակերպման ներդրումը, պետական կոմիտեի համակարգի ձեռնարկությունների, կազմակերպությունների ապահովումը որակյալ կադրերով, աշխատողների գիտելիքների ու փորձի լավագույն օգտագործման համար պայմանների ստեղծումը.
պետական կոմիտեի համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների բանվորների ու ծառայողների բնակարանային ու կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, արտադրությունում աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծումը.
սոցիալիստական սեփականության անվնասության և նյութատեխնիկական ռեսուրսների նկատմամբ խնամքով վերաբերմունքի ապահովումը.
ՍՍՀՄ ջրամբարներում ձկնապաշարների պահպանման և ձկնորսության կարգավորման մասին կանոնադրության և ձկնորսության կանոնների պահպանման ապահովումը.
հոսող ջրերից, արդյունաբերական ու տնտեսական արտանետումներից շրջակա բնական միջավայրի պահպանման գծով միջոցառումների իրականացումը:
3. Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեն ղեկավարում է իր ենթակա տնտեսությունների, կոմբինատների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեությունը:
Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեն, նրա իրավասության ենթակա տնտեսությունները, կոմբինատները, ձեռնարկություններն ու կազմակերպությունները (հետագայում կանոնադրության մեջ կանվանվեն «ձեռնարկություններ ու կազմակերպություններ») կազմում են ձկնային տնտեսության միասնական համակարգը հանրապետության ներքին ջրամբարներում:
4. Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեն իրեն վերապահված իրավունքների սահմաններում ղեկավարում է իրեն հանձնարարված ճյուղը և կարող է իր իրավասության մեջ մտնող առանձին հարցերի լուծումը հանձնարարել իրավասության ենթակա ձեռնարկություններին ու կազմակերպություններին:
Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի վրա տարածվում է ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1973 թվականի մարտի 2-ի N 140 որոշմամբ հաստատված համամիութենական ու հանրապետական արդյունաբերական միավորումների մասին ընդհանուր կանոնադրության գործողությունը (բացի 109-113 կետերից):
Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեն իր գործունեության մեջ պարտավոր է խստորեն պահպանել արտադրական միավորման (կոմբինատի) և պետական սոցիալիստական արտադրական ձեռնարկության մասին կանոնադրություններով, ինչպես նաև գործող օրենսդրության մյուս ակտերով նախատեսված` պետական կոմիտեի համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների իրավունքները և ամեն կերպ օժանդակել դրանց տնտեսական ինքնուրույնության և նախաձեռնության զարգացմանը:
5. Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեն իր գործունեության մեջ ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ կառավարության և Հայկական ՍՍՀ կառավարության որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ ձկնային տնտեսության մինիստրության հրամաններով, հրահանգներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը պետական կոմիտեի համակարգի ձեռնարկություններում ու կազմակերպություններում, մշակում է առաջարկություններ դրա կատարելագործման վերաբերյալ և սահմանված կարգով այն մտցնում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և ՍՍՀՄ ձկնային տնտեսության մինիստրության քննարկմանը:
6. Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
ա) ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից ներկայացվող ժողովրդական տնտեսության զարգացման կոնտրոլ թվերի ու պլանների նախագծերի հիման վրա մշակում է հանրապետության ձկնային տնտեսության զարգացման հեռանկարային ու տարեկան պլանների նախագծերը և սահմանված կարգով դրանք ներկայացնում հաստատման:
Իրավասության ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների համար հաստատում է պլանային առաջադրանքներ ըստ սահմանված անվանացանկի. իրականացնում է միջոցառումներ հաստատված պլանների կատարումն ու գերակատարումը ապահովելու ուղղությամբ.
բ) կազմակերպում է արտադրության պլանավորումը կատարելագործելու, տնտեսական խթանումն ուժեղացնելու և շահութաբերությունը բարձրացնելու, առաջավոր տեխնոլոգիան ներդնելու, արտադրական պրոցեսները մեքենայացնելու և ավտոմատացնելու, արտադրանքի որակը բարձրացնելու, ձկնային արտադրանքի նոր տեսակների թողարկումը, արտադրական կարողությունները յուրացնելու, սարքավորումներն ու մեխանիզմներն արդյունավետ օգտագործելու աշխատանքը.
գ) ապահովում է ներքին ջրամբարների ձկնապաշարների վերարտադրության ընդլայնումը և ռացիոնալ օգտագործումը, ապրանքային ձկնաբուծության զարգացումը և դրա ձկնամթերատվության բարձրացումը, ձկնորսական նավատորմի, տրանսպորտային միջոցների արդյունավետ օգտագործումը, դրանց պատշաճ տեխնիկական վիճակում պահելը և անվթար շահագործումը.
դ) ապահովում է մշակման ժամանակ ձկնահումքի ճիշտ և ռացիոնալ օգտագործումը. վերահսկողություն է իրականացնում իրավասության ենթակա ձեռնարկությունների կողմից թողարկվող ձկնարտադրանքի որակի և այդ ձեռնարկություններում սանիտարական ռեժիմի պահպանման նկատմամբ պահանջների խախտման կամ սանիտարական ռեժիմը չպահպանելու դեպքում դադարեցնում է արտադրանքի արտադրությունը և առևտրական կազմակերպություններին դրա առաքումը.
ե) կազմակերպում է իրավասության ենթակա ձեռնարկությունների նյութատեխնիկական մատակարարումը և արտադրանքի վաճառահանումը, որոշում է սարքավորումների, նյութերի ու տրանսպորտային միջոցների նկատմամբ նրանց պահանջմունքը, ստանում և սահմանված կարգով ըստ սպառողների բաշխում է նյութերի, սարքավորումների և տրանսպորտային միջոցների համար առանձնացված ֆոնդերը, վերահսկողություն է իրականացնում ֆոնդերի իրացման և ըստ նշանակության դրանց օգտագործման նկատմամբ, զարգացնում և ամրապնդում է մատակարար ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից տնտեսական պայմանագրերի կնքումը և կատարումը.
զ) ապահովում է կապիտալ ներդրումների առավել արդյունավետ օգտագործումը և նոր արտադրական կարողությունների, բնակելի ֆոնդի, մանկական հիմնարկների և կուլտուր-կենցաղային նշանակության օբյեկտների ժամանակին գործարկումը, տիպային նախագծերի և նոր շինանյութերի առավելաչափ կիրառումը, տնտեսական եղանակով կամ իրավասության ենթակա շինարարական կազմակերպության կողմից կատարվող շինարարության մեջ ինդուստրիալ մեթոդների ու մեքենայացման ներդրումը, ինչպես նաև սահմանված կարգով իրականացնում է նախագծերի փորձաքննությունը, քննության է առնում և հաստատում ձկնային տնտեսության ձեռնարկությունների գծով տիտղոսացուցակները և նախագծանախահաշվային փաստաթղթերը, վերահսկողություն է ապահովում կապալային կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության նկատմամբ և օժանդակում է պլանով սահմանված ժամկետներում շինարարության ավարտմանը.
է) սահմանված կարգով ֆինանսավորում է իրավասության ենթակա ձեռնարկություններն ու կազմակերպությունները, մշակում և իրականացնում է միջոցառումներ` ուղղված արտադրաֆինանսական ցուցանիշների բարելավմանը և ապահովում է արտադրանքի իրացման, շահույթի և բյուջե վճարումների պլանների կատարումը.
ը) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ իրավասության ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև սեփական շրջանառու միջոցների, շահույթի, նոր տեխնիկայի յուրացման ֆոնդի գոյացման միջոցների և այլ միջոցների վերաբաշխման համար.
թ) մշակում և հաստատման է ներկայացնում պետական կոմիտեի ձեռնարկությունների և կազմակերպությունների արտադրանքի ու ծառայությունների գները և սակագները, վերահսկողություն է իրականացնում գների ու սակագների ճիշտ կիրառման նկատմամբ.
ժ) քննության է առնում և սահմանված կարգով հաստատում է հաշվետվություններն ու հաշվեկշիռները, անցկացնում է իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային վերստուգումներ.
ի) կազմակերպում և կատարելագործում է հաշվապահական և վիճակագրական հաշվետվությունը, վերահսկողություն է իրականացնում հաշվետվության վիճակի նկատմամբ և ապահովում է նախնական հաշվառման բարելավումը իրավասության ենթակա ձեռնարկություններում ու կազմակերպություններում.
լ) կազմակերպում է գիտատեխնիկական ինֆորմացիան և առաջավոր փորձի լայն փոխանակումը.
խ) աշխատանք է կատարում ղեկավար, ինժեներատեխնիկական աշխատողների, բանվորների և ծառայողների ընտրության, դաստիարակության, պատրաստման և որակավորման բարձրացման ու նրանց ռացիոնալ օգտագործման ուղղությամբ.
ծ) սահմանված կարգով ստեղծում, վերակառուցում և լուծարում է ձեռնարկություններն ու կազմակերպությունները. գործող ձեռնարկություններն ու կազմակերպությունները ղեկավար, ինժեներատեխնիկական աշխատողների ու ծառայողների աշխատանքի վարձատրության մեկ խմբից (կատեգորիայից) փոխադրում է մեկ ուրիշին` դրանց արտադրության ծավալների փոփոխման կապակցությամբ և նոր ստեղծվող ձեռնարկություններն ու կազմակերպությունները դասում է ղեկավար, ինժեներատեխնիկական աշխատողների և ծառայողների աշխատանքի վարձատրության խմբին (կատեգորիային)` նրան սահմանված աշխատավարձի ֆոնդի սահմաններում, ընդ որում, ղեկավարվելով աշխատանքի վարձատրության խմբերին (կատեգորիաներին) այդ ձեռնարկությունների ու կազմակերպությունների դասման սահմանված կարգով հաստատված ցուցանիշներով:
Մշակում է առաջարկություններ իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների բանվորների, ինժեներատեխնիկական աշխատողների աշխատանքի վարձատրման վերաբերյալ, ինչպես նաև միջոցառումներ` աշխատանքի գիտական կազմակերպման և նորմավորման, կադրերի հոսունությունը ամեն կերպ նվազեցնելու ուղղությամբ: Վերահսկողություն է իրականացնում աշխատողների աշխատանքի վարձատրության սահմանված պայմանների կիրառման ճշտության, աշխատանքային կարգապահության ամրապնդման միջոցառումների անցկացման, ինչպես նաև աշխատավարձի ֆոնդերի ճիշտ կիրառման նկատմամբ.
կ) արհմիութենական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում է սոցիալիստական մրցություն` ուղղված աշխատողների ստեղծագործական նախաձեռնության զարգացմանը, աշխատանքի արտադրողականության հետագա աճին, արտադրանքի որակի բարելավմանը և ինքնարժեքի իջեցմանը, նյութական և դրամական միջոցների խնայողաբար ծախսմանը, ղեկավարում է կոլեկտիվ պայմանագրերի կնքման աշխատանքը և վերահսկում դրանց կատարումը.
հ) միջոցներ է ձեռնարկում իրավասության ենթակա ձեռնարկություններում ու կազմակերպություններում ռացիոնալիզատորության և գյուտարարության ըստ ամենայնի զարգացման համար, օգնություն է ցույց տալիս ռացիոնալիզատորներին և գյուտարարներին իրենց աշխատանքում, ապահովում է գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկությունների ներդրումը.
ձ) արհմիութենական կազմակերպությունների հետ համատեղ հաստատում է ձեռնարկությունների ու կազմակերպությունների հանրապետական սոցիալիստական մրցության պայմանները, օժանդակում է կոմունիստական աշխատանքի, արտադրության բարձր կուլտուրայի համար շարժման զարգացմանը. ամփոփում է սոցիալիստական մրցության արդյունքները և հաղթող կոլեկտիվներին հանձնում է փոխանցիկ կարմիր դրոշներ ու դրամական պարգևներ, ձեռնարկություններին ու կազմակերպություններին շնորհում է կոմունիստական աշխատանքի կոլեկտիվների կոչումներ, կազմակերպում է աշխատանքի առաջավոր մեթոդների և առաջավոր փորձի ուսումնասիրումը, ամփոփումը և տարածումը. սահմանված կարգով պետական կոմիտեի ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատողներին պարգևատրում է կրծքանշաններով, պատվոգրերով և կիրառում է խրախուսման այլ ձևեր.
ղ) սահմանված կարգով հրավիրում է ակտիվի խորհրդակցություններ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, որտեղ լսվում և քննարկվում են կուսակցության ու կառավարության որոշումների կատարման միջոցառումների վերաբերյալ զեկուցումները, ճյուղի զարգացման կարևորագույն պրոբլեմները, ինչպես նաև քննադատության և ինքնաքննադատության հիման վրա քննության են առնվում պետական կոմիտեի և նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության բարելավման հետ կապված հարցեր.
ճ) մշակում և իրականացնում է միջոցառումներ պետական կոմիտեի կենտրոնական ապարատի և իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների կառավարման ապարատի կառուցվածքը կատարելագործելու և պահման ծախսերը կրճատելու ուղղությամբ.
մ) կազմակերպում է աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի բարելավման, իրավասության ենթակա ձեռնարկություններում ու կազմակերպություններում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման աշխատանքը. աշխատողների ներգրավմամբ ապահովում է սոցիալիստական սեփականության անվնասության վերահսկողությունը.
յ) կազմակերպում է աշխատավորների նամակների (բողոքների ու դիմումների) ժամանակին և ուշադիր քննարկումը, հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում պետական կոմիտեի համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության մեջ առկա այն թերությունների վերացման համար, որոնց մասին նշվում է աշխատավորների նամակներում:
7. Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեն ճյուղի ղեկավարության հետ կապված բոլոր հարցերի քննարկման ու լուծման ժամանակ իր աշխատանքը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարության զուգակցման հիման վրա, սահմանելով պաշտոնատար անձանց պատասխանատվությունը աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար:
8. Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեն ղեկավարում է նախագահը, որը Հայկական ՍՍՀ սահմանադրությանը համապատասխան նշանակվում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից, իսկ նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջանում` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության կողմից, հետագայում մտցնելով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատմանը:
Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ունի տեղակալներ, որոնք նշանակվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից: Նախագահի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է պետական կոմիտեի նախագահը:
9. Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի նախագահը`
կազմակերպում է պետական կոմիտեի աշխատանքը և անձնական պատասխանատվություն է կրում պետական կոմիտեի վրա դրված խնդիրների և պարտականությունների կատարման համար, սահմանում է նախագահի տեղակալների, պետական կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը պետական կոմիտեի ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության համար.
պետական կոմիտեի իրավասության սահմաններում, ի կատարումն ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ գործող օրենքների, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ ձկնային տնտեսության մինիստրության հրամանների ու հրահանգների և դրանց հիման վրա արձակում է հրամաններ ու հրահանգներ, տալիս է պետական կոմիտեի ապարատի, պետական կոմիտեի ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից կատարման համար պարտադիր ցուցումներ և ստուգում է դրանց կատարումը.
հաստատում է պետական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների մասին կանոնադրությունը, որոշելով դրանց լիազորությունները իրենց իրավասության սահմաններում.
չեղյալ է համարում իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հրապարակված հրամանները և հրահանգները, եթե դրանք հակասում են ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներին, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումներին ու կարգադրություններին, ՍՍՀՄ ձկնային տնտեսության մինիստրության և Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի հրամաններին ու հրահանգներին: Անհրաժեշտ դեպքերում, Հայկական ՍՍՀ մյուս մինիստրությունների ու գերատեսչությունների ղեկավարների հետ հրապարակում է համատեղ հրամաններ և հրահանգներ:
10. Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեում կազմվում է կոլեգիա հետևյալ կազմով` պետական կոմիտեի նախագահը (կոլեգիայի նախագահ) և նախագահի տեղակալները, ինչպես նաև պետական կոմիտեի ղեկավար այլ աշխատողներ:
Պետական կոմիտեի կոլեգիայի անդամներին հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը:
11. Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի կոլեգիան կանոնավոր կերպով անցկացվող իր նիստերում քննության է առնում ձկնային տնտեսության զարգացման հիմնական հարցերը և պետական կոմիտեի իրավասության մեջ մտնող այլ հարցեր, քննարկում է ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության, տեղաբաշխման և դաստիարակության հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում է պետական կոմիտեի վարչությունների, բաժինների, պետական կոմիտեի համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախագահի հրամաններով: Նախագահի և կոլեգիայի միջև տարաձայնության դեպքում նախագահը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ:
12. Գիտության ու տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների, ձկնարդյունաբերության զարգացման մեջ գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականության որոշման, հայրենական և արտասահմանյան գիտության, տեխնիկայի նորագույն նվաճումները և առաջավոր փորձը արտադրության մեջ օգտագործելու և ներդնելու վերաբերյալ հանձնարարականների մշակման վերաբերյալ առաջարկությունները քննարկելու համար Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` կազմված գիտնականներից, արտադրության նորարարներից, բարձրորակ մասնագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատվում է պետական կոմիտեի նախագահի կողմից:
Գիտատեխնիկական խորհուրդը գլխավորում է պետական կոմիտեի նախագահը:
13. Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը և նրա աշխատողների թվաքանակը հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից, ՍՍՀՄ ձկնային տնտեսության մինիստրության հետ համաձայնեցնելով:
Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության կենտրոնական ապարատի հաստիքացուցակը հաստատվում է պետական կոմիտեի նախագահի կողմից, Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցնելով:
14. Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեն ունի կնիք` Հայկական ՍՍՀ պետական գերբի պատկերով և իր անվամբ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թ. հուլիսի 23-ի N 482 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Պարգևատրման մասին կանոնադրությունը մտցվում է տնտեսական գործունեության հիմնական արդյունքների` արտադրության հետագա զարգացման և կատարելագործման, ձկնարտադրանքի նկատմամբ ժողովրդական տնտեսության և բնակչության պահանջմունքների առավել լրիվ բավարարման, աշխատանքի արտադրողականության աճի, տեխնիկական առաջընթացի ապահովման, արտադրանքի որակի բարձրացման և ինքնարժեքի իջեցման, նյութական, աշխատանքային ու ֆինանսական ծախսումների խնայողության գործում Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի կառավարման աշխատողների նյութական շահագրգռությունն ուժեղացնելու նպատակով:
Սույն կանոնադրությունը մշակվել է ՍՍՀՄ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեի, ՍՍՀՄ ֆինանսների մինիստրության, ՍՍՀՄ պետպլանի, ՍՍՀՄ գիտության ու տեխնիկայի պետական կոմիտեի և Արհեստակցական միությունների համամիութենական կենտրոնական խորհրդի կողմից 1979 թ. հունիսի 6-ին (N 123-ВЛ) հաստատված համամիութենական ու հանրապետական արդյունաբերական միավորումների վարչությունների աշխատողների պարգևատրման մասին տիպային կանոնադրությանը համապատասխան:
I. Պարգևատրման ցուցանիշները և պայմանները
1. Հայկական ՍՍՀ ձկնային տնտեսության պետական կոմիտեի կառավարման ղեկավար աշխատողները (պետական կոմիտեի նախագահ և պետական կոմիտեի նախագահի տեղակալներ, գլխավոր հաշվապահ, պլանաֆինանսական բաժնի պետ), ինժեներատեխնիկական աշխատողները և ծառայողները պարգևատրվում են տվյալ եռամսյակի համար հաստատված պլանների (առաջադրանքների) կատարման և գերակատարման համար, ըստ հետևյալ հիմնական ցուցանիշների`
աշխատանքի արտադրողականության աճը.
ապրանքային արտադրանքի արտադրության ծավալը.
շահույթը.
հանրապետության ժողովրդական տնտեսության տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանում, ԳՏՊԿ-ի կողմից հաստատված հիմնական գիտատեխնիկական պրոբլեմների լուծման ծրագրերում և արտադրության գիտատեխնիկական նվաճումների ներդրման գծով Հայկական ՍՍՀ պետպլանի պլանում նախատեսված նոր տեխնիկայի ստեղծումը, յուրացումը և ներդրումը.
ապրանքային արտադրանքի մեկ ռուբլուն ընկնող ծախսումները.
արտադրանքի կարևորագույն տեսակների արտադրության անվանացանկը, (ամեն տարի հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից), այդ թվում լճակային տնտեսությունների ապրանքային ձուկը (տոննաներով) և սննդի ապրանքային ձկնարտադրանքը (հազ. ռուբլիներով):
Հաշվետու եռամսյակում ըստ սահմանված անվանացանկի արտադրանքի առանձին տեսակների արտադրության պլանը չկատարելու դեպքում, եթե այդ արտադրանքը նախատեսված է եղել պետական կոմիտեի համակարգում սպառելու համար, իսկ մյուս մինիստրությունների ու գերատեսչությունների ձեռնարկություններին դրա առաքման պայմանագրերը կատարվել են, պարգևատրման հարցը լուծում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը:
2. Սույն կանոնադրության 1-ին կետում նշված հիմնական ցուցանիշներից որևէ մեկի չկատարման դեպքում պարգևատրում չի կատարվում: Պետական կոմիտեի ղեկավարությանը, բացառության կարգով, թույլատրվում է պարգևատրել առանձին կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների` նրանց սահմանված առաջադրանքների կատարման համար: Ընդ որում, պարգևավճարը չի կարող գերազանցել ցուցանիշների կատարման համար սահմանված պարգևատրման չափի 50 տոկոսը:
Արտադրանքի անվանացանկի առանձին տեսակների գծով առաջադրանքները հաշվետու եռամսյակում չկատարելու դեպքում, եթե արտադրանքը պատրաստվել և իրացվել է նախորդ ժամանակաշրջանում կամ սպառողի (պատվիրատուի)` Հայկական ՍՍՀ պետպլանի կողմից հաստատված պահանջով հանվել է արտադրությունից, ապա պետական կոմիտեի աշխատողների պարգևատրման հարցը լուծում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը:
3. Սույն կանոնադրության 1-ին կետում նախատեսված պարգևատրման ցուցանիշների հետ մեկտեղ պետական կոմիտեի ղեկավար աշխատողների համար սահմանվում են պարգևատրման լրացուցիչ պայմաններ, համաձայն սույն կանոնադրության N 1 հավելվածի*)-ը:
Պետական կոմիտեի ապարատի մնացած աշխատողների համար պարգևատրման լրացուցիչ պայմանները սահմանվում են պետական կոմիտեի ղեկավարության կողմից, տեղական արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելով:
Լրացուցիչ պայմանները չկատարելու դեպքում պետական կոմիտեի կառավարման աշխատողներին պարգևավճարները նվազեցվում են կախված այդ ցուցանիշների կատարման աստիճանից, բայց ոչ ավելի, քան 50 տոկոսով:
4. Պետական կոմիտեի կառավարման աշխատողների պարգևատրման ժամանակ հաշվի է առնվում կնքված պայմանագրերին համաձայն (կատարման համար ընդունված կարգագրերով) քանակությամբ, ժամկետներում և անվանացանկով (տեսականիով) արտադրանքի մատակարարումների գծով առաջադրանքների ու պարտավորությունների կատարումը: Արտադրանքի մատակարարումների գծով նշված պարտավորությունների չկատարման դեպքում պետական կոմիտեի ապարատի աշխատողները լրիվ կամ մասնակիորեն զրկվում են պարգևից:
Պարգևներից զրկելու կամ դրանց չափը նվազեցնելու հարցը լուծում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը` Հայկական ՍՍՀ պետպլանի և Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության ներկայացմամբ:
II. Պարգևատրման աղբյուրները և պարգևավճարների չափերը
5. Պետական կոմիտեի աշխատողների պարգևատրումը կատարվում է պետական կոմիտեի նյութական խրախուսման կենտրոնացված ֆոնդի հաշվին, որը կազմվում է սահմանված կարգով: Ընդ որում, սույն կանոնադրությանը համապատասխան աշխատողների պարգևատրման հատուկ ֆոնդ չի ստեղծվում:
Պարգևատրման համար միջոցներն առանձնացվում են ըստ հաստատված նորմատիվների (տոկոսներով` ամբողջությամբ վերցրած պետական կոմիտեի նյութական խրախուսման ընդհանուր ֆոնդի նկատմամբ): Պետական կոմիտեի աշխատողների պարգևատրման համար միջոցների նորմատիվների սահմանման և հաստատման կոնկրետ կարգը սահմանվում է ՍՍՀՄ պետպլանին առընթեր միջգերատեսչական հանձնաժողովի 1979 թվականի մայիսի 17-ի N 351-б արձանագրությանը համապատասխան:
6. Սույն կանոնադրությամբ նախատեսված` պետական կոմիտեի աշխատողների պարգևավճարների չափերը սահմանվում են ամեն տարի, հաստատված նորմատիվներին համապատասխան տվյալ տարում նշված աշխատողների պարգևատրման համար առանձնացված միջոցների սահմաններում: Պարգևատրմանը չեն կարող ուղղվել այն միջոցները, որոնք հաստատված նորմատիվների համաձայն նախորդ տարում թույլատրվել են օգտագործել այդ նպատակի համար, բայց որոնք չեն ծախսվել պարգևատրման սահմանված ցուցանիշների և պայմանների չկատարման կապակցությամբ:
Պետական կոմիտեի ղեկավար աշխատողների համար պարգևավճարների չափերը սահմանվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից, ՀԱՄԽ-ի հետ համաձայնեցնելով: Այդ աշխատողների պարգևավճարների չափերը չպետք է գերազանցեն պետական կոմիտեի գծով պարգևավճարների միջին չափը (տոկոսներով` նրանց պաշտոնադրույքների նկատմամբ):
Պետական կոմիտեի մնացած աշխատողների համար պարգևավճարների չափերը սահմանում է պետական կոմիտեի ղեկավարությունը, տեղական արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելով:
Պետական կոմիտեի աշխատողներին պարգևավճարների չափեր սահմանելիս պետք է հաշվի առնվեն պետական կոմիտեի գծով պլանային ցուցանիշների լարվածությունը, աշխատանքի արտադրողականության աճը, ապրանքային արտադրանքի մեկ ռուբլուն ընկնող ծախսերը, արտադրական կարողությունների օգտագործման մակարդակը, հումքի, նյութերի, վառելիքի և էներգիայի խնայողությունը:
Պարգևատրման ցուցանիշների գերակատարման համար պարգևավճարների չափերը սահմանվում են պլանի գերակատարման կապակցությամբ աշխատողների նյութական խրախուսման համար լրացուցիչ մասհանվող (հաստատված նորմատիվներով) միջոցների սահմաններում:
7. Կառավարման ապարատի ղեկավար աշխատողներին ըստ եռամսյակի ընթացքում աշխատանքի արդյունքների հաշվարկված պարգևավճարները նվազեցվում են մեկ տոկոսով` պետական կոմիտեի իրավասության ենթակա յուրաքանչյուր ձեռնարկության և երկու տոկոսով` յուրաքանչյուր կոմբինատի համար, որոնք չեն կատարել պարգևատրման իրենց համար սահմանված հիմնական ցուցանիշներն ու պայմանները:
Այս նույն կարգով պետական կոմիտեի ղեկավարները կարող են նվազեցնել կառավարման ապարատի այն աշխատողների պարգևավճարները, որոնք պատասխանատու են սահմանված պլանային ցուցանիշները ձեռնարկությունների կողմից կատարելու համար:
Պլանը դրա կատարման փաստացի մակարդակի նվազեցման առումով ճշտելու դեպքում պետական կոմիտեի ղեկավար աշխատողները տնտեսական գործունեության հիմնական արդյունքների համար պարգևատրումից զրկվում են լրիվ կամ մասնակիորեն, բայց ոչ պակաս, քան 50 տոկոսով:
8. Պետական կոմիտեի գծով, ամբողջությամբ վերցրած, տարվա սկզբից աճող արդյունքով հաշվարկված աշխատանքի արտադրողականության աճի համեմատությամբ միջին աշխատավարձի աճի առաջանցման յուրաքանչյուր տոկոսի համար կառավարման ապարատի աշխատողներին հաշվված պարգևավճարների չափը (տոկոսներով` նրանց պաշտոնադրույքների նկատմամբ) նվազեցվում է մեկ տոկոսով:
9. Պետական կոմիտեի գծով աշխատավարձի ֆոնդի գերածախսի դեպքում աշխատավարձի ֆոնդի ծախսման համար պատասխանատու աշխատողներին (սույն կանոնադրության N 2 հավելվածին համաձայն ցանկով) հաշվարկված պարգևները չեն վճարվում: Ընդ որում, պետական կոմիտեի գծով աշխատավարձի ֆոնդի գերածախսը հաշվվում է որպես պետական կոմիտեի իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների գծով այդ ֆոնդի հարաբերական գերածախսի (տնտեսման) գումար:
Եթե պետական կոմիտեի գծով մինչև վեց ամիս ժամկետում հատուցվի աշխատավարձի ֆոնդի թույլ տրված գերածախսը, նշված աշխատողներին վճարվում է այն պարգևի 50 տոկոսը, որը հաշվարկված է եղել, բայց չի վճարվել աշխատավարձի ֆոնդի գերածախսի պատճառով:
Այն դեպքում, երբ պետական կոմիտեի գծով հաշվետու ժամանակաշրջանում թույլ է տրվել աշխատավարձի ֆոնդի գերածախս, բայց օրացուցային տարվա սկզբից անցած ժամանակաշրջանում առկա է աշխատավարձի ֆոնդի թույլ տրված գերածախսը ծածկելու համար բավարար տնտեսում, ապա կառավարման ապարատի աշխատողներին հաշվարկված պարգևները վճարվում են լրիվ չափով:
10. Պետական կոմիտեի կառավարման աշխատողների պարգևատրումն ըստ յուրաքանչյուր եռամսյակի աշխատանքի արդյունքների կատարվում է այդ ժամանակաընթացքում վճարման համար հաշվարկված պարգևավճարի 70 տոկոսի չափով: Պարգևավճարի մնացած 30 տոկոսը ռեզերվացվում է: Պարգևների ռեզերվացված գումարների վճարումը կատարվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թույլտվությամբ, տարվա ընթացքում պետական կոմիտեի գործունեության արդյունքներով, նրա կողմից արտադրության ծավալի, աշխատանքի արտադրողականության աճի և արտադրանքի ինքնարժեքի իջեցման առաջադրանքների կատարման պայմանով: Նշված ցուցանիշներից որևէ մեկի չկատարման դեպքում ռեզերվացված գումարները չեն վճարվում:
11. Պետական կոմիտեի կառավարման աշխատողների պարգևատրման ժամանակ պարգևատրման հիմնական ցուցանիշների և պայմանների կատարման հաշվառումը կատարվում է տարվա սկզբից աճող արդյունքով:
Պարգևատրման` տարվա սկզբից աճող արդյունքով հիմնական ցուցանիշների ու պայմանների չկատարման դեպքում, բայց հաշվետու եռամսյակի ընթացքում այդ ցուցանիշների ու պայմանների կատարման ժամանակ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը կարող է պարգևատրել նշված աշխատողներին` հաշվետու եռամսյակի արդյունքներով վճարման համար հաշվարկված պարգևավճարի 50 տոկոսը չգերազանցող չափով:
Եթե օրացուցային տարվա հաջորդ ժամանակաշրջաններում պարգևատրման հիմնական ցուցանիշների ու պայմանների նշված թերակատարումը լրացվի, ապա Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը կարող է ընդունել որոշում պարգևի այն մասի 50 տոկոսը վճարելու մասին, որը հաշվարկվել է տվյալ տարվա նախորդ ժամանակաշրջանների արդյունքներով, բայց չի վճարվել պարգևատրման հիմնական ցուցանիշների ու պայմանների չկատարման պատճառով:
Պարգևատրման` տարվա սկզբից աճող արդյունքով հիմնական ցուցանիշների կատարման պայմանների դեպքում հաշվետու եռամսյակում դրանց չկատարումը Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից դիտվում է որպես պարգևատրման լրացուցիչ պայմանների չապահովում կամ արտադրական բացթողում` գործող կանոնադրությանը համապատասխան:
12. Պետական կոմիտեի կառավարման աշխատողները կարող են պարգևատրվել հատուկ կարևոր արտադրական առաջադրանքների կատարման համար: Այդ առաջադրանքների կատարման համար պարգևները վճարվում են ՍՍՌՄ Մինիստրների սովետի 1955 թ. մայիսի 4-ի N 861 որոշմանը (Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1955 թ. մայիսի 23-ի N 221 որոշում) համապատասխան աշխատողների պարգևատրման համար պետական կոմիտեի նախագահի տնօրինությանն առանձնացվող միջոցների հաշվին: Ընդ որում, հատուկ կարևոր առաջադրանքների կատարման համար պարգևավճարի գումարը մեկ աշխատողի համար չի կարող գերազանցել տարեկան մեկ ամսվա հաստիքադրույքը:
13. Սույն կանոնադրության 10-12-րդ կետերին համապատասխան մեկ աշխատողին վճարվող պարգևավճարի ընդհանուր գումարը (բացի հանրապետական սոցիալիստական մրցության արդյունքներով վճարվող պարգևից) չպետք է գերազանցի տարեկան երեք ամսվա դրույքները:
III. Ընդհանուր դրույթներ
14. Պետական կոմիտեի ապարատի աշխատողներին պարգևների հաշվարկման համար հիմք են հանդիսանում հաշվապահական և վիճակագրական հաշվետվության տվյալները, ինչպես նաև օպերատիվ հաշվառման տվյալները:
15. Աշխատողների պարգևները վրահաշվվում են հաստիքադրույքին, փաստացի աշխատած ժամանակի համար:
16. Այլ աշխատանքի փոխադրվելու, ուսումնական հաստատություն ընդունվելու, կենսաթոշակի անցնելու, հաստիքների կրճատման և այլ հարգելի պատճառով աշխատանքից ազատվելու կապակցությամբ ոչ լրիվ եռամսյակ աշխատած աշխատողին պարգևավճարը հաշվարկվում է փաստացի աշխատած ժամանակի համար:
17. Տնտեսական գործունեության հիմնական արդյունքների համար պարգևները հաստատվում են`
պետական կոմիտեի նախագահին և նրա տեղակալներին` Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից.
պետական կոմիտեի կենտրոնական ապարատի մնացած աշխատողներին` պետական կոմիտեի ղեկավարության կողմից:
Հատուկ կարևոր առաջադրանքների կատարման համար կառավարման ապարատի աշխատողներին պարգևները հաստատվում են պետական կոմիտեի նախագահի կողմից:
18. Պետական կոմիտեի նախագահը, տեղական արհմիության կոմիտեի հետ համաձայնեցնելով, հաշվի առնելով աշխատողի աշխատանքի որակը և անձնական ավանդը, կարող է սույն կանոնադրության 13-րդ կետում նշված ընդհանուր չափի սահմաններում բարձրացնել կամ իջեցնել նրան հաշվարկվող պարգևավճարը, բայց ոչ ավելի, քան 25 տոկոսով:
Պետական կոմիտեի կառավարման ղեկավար, ինժեներատեխնիկական աշխատողները և ծառայողները աշխատանքում թերանալու համար կարող են լրիվ կամ մասնակիորեն զրկվել պարգևից:
ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՌՄ Մինիստրների սովետի 1961 թ. մայիսի 19-ի N 440 որոշմանը (Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1961 թ. հունիսի 15-ի N 82/316 որոշում), ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1973 թ. փետրվարի 20-ի N 153 որոշման 5-րդ կետին և ՍՍՀՄ աշխպետկոմի և ՀԱՄԿԽ-ի քարտուղարության 1975 թ. օգոստոսի 5-ի N 13/19 պարզաբանմանը համապատասխան առանձին աշխատողներ կարող են զրկվել պարգևատրումից հավելագրումների և հաշվետվության մեջ աղավաղումների համար:
19. Սույն կանոնադրության 5 և 10-րդ կետերին համապատասխան վճարվող պարգևները հաշվի են առնվում աշխատողի միջին աշխատավարձը հաշվելու ժամանակ:
_______________
*) NN 1 և 2 հավելվածները չեն բերվում: