Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.17-2025.03.02 Պաշտոնական հրապարակման օրը 18.02.2025
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2024
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Հ. Մանուկան

ԵԴ/0228/01/22

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

 

նախագահող դատավոր՝  Լ. Հովհաննիսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

 

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆի

7 նոյեմբերի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մարտի 3-ի որոշման դեմ տուժող Սաիդ Աբդոլխալեղի Թալեզադեհշիրազիի ներկայացուցիչ Վ.Բադալյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է թիվ 14160518 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ Սաիդ Աբդոլխալեղի Թալեզադեհշիրազին ճանաչվել է տուժող:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հունիսի 19-ի որոշմամբ Բեհզադ Ասադոլլահի Դանեշի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հունիսի 21-ի որոշմամբ Բեհզադ Դանեշը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ մեղադրյալ Բ.Դանեշին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2022 թվականի փետրվարի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի մարտի 11-ի որոշմամբ ամբաստանյալ Բեհզադ Դանեշի վերաբերյալ թիվ ԵԴ/0288/01/22 քրեական գործը նշանակվել է դատական քննության:

2022 թվականի հունիսի 30-ի դատական նիստի ընթացքում տուժող Սաիդ Թալեզադեհշիրազի ներկայացուցիչ Վ.Բադալյանը միջնորդություն է ներկայացրել ամբաստանյալ Բ.Դանեշի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ ամբաստանյալ Բ.Դանեշի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում։

2022 թվականի սեպտեմբերի 1-ին Բ.Դանեշը վերցվել է արգելանքի։

Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 2-ի դատական նիստի ընթացքում, ամբաստանյալ Բ.Դանեշի պաշտպան Ս.Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով փոխարինելու մասին։

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ պաշտպան Ս.Ոսկանյանի միջնորդությունը բավարարվել է, ամբաստանյալ Բեհզադ Դանեշի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին և գրավը՝ գրավի չափ սահմանելով 3000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով։

4. Վերոնշյալ որոշման դեմ տուժողի ներկայացուցիչ Վ.Բադալյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մարտի 3-ի որոշմամբ թողել է առանց քննության՝ բողոքարկման իրավունք չունեցող անձի կողմից հատուկ վերանայման բողոք ներկայացված լինելու պատճառաբանությամբ։

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ տուժողի ներկայացուցիչ Վ.Բադալյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

6. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, բողոքարկման իրավունք չունեցող անձի կողմից հատուկ վերանայման բողոք բերելու հիմքով, հատուկ վերանայման բողոքը թողնելով առանց քննության, իր հետևությունը պատճառաբանել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) 285-րդ, 287-րդ, 288-րդ հոդվածներով և այդ նորմերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ Արտակ Հովհաննիսյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԴ/0068/06/18 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով։

Սակայն, ըստ բողոքաբերի, վերոնշյալ նորմերը և Վճռաբեկ դատարանի՝ հիշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները սույն դեպքում կիրառելի չեն, քանի որ դրանք վերաբերում են բացառապես մինչդատական վարույթի վերահսկողության շրջանակներում կայացված դատական ակտի դեմ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ բողոք բերելու իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակին:

Ըստ բողոքաբերի, հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը բերվել էր ոչ թե մինչդատական վարույթի վերահսկողության շրջանակներում խափանման միջոցի հարցի հետ կապված դատարանի որոշման դեմ, այլ դատաքննության փուլում գտնվող գործով Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, այն էլ՝ ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 3-ի որոշումը և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով տուժողի ներկայացուցիչ Վ.Բադալյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը, դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի փետրվարի 3-ի որոշման դեմ հատուկ վերանայման բողոք է բերել այն անձը, ով տվյալ գործի շրջանակներում բողոք բերելու իրավունք չունի: Մասնավորապես, մեջբերված դրույթներից հետևում է, որ ինչպես բողոք բերելու իրավունք սահմանող ընդհանուր կանոններն, այնպես էլ հատուկ կանոնները սահմանել են hամապատասխան դատական ակտի դեմ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավասությամբ օժտված սուբյեկտների ցանկը, ըստ որի՝ թիվ 14160518 քրեական գործով (վարույթով) տուժող Սաիդ Աբդոլխալեղի Թալեզադեհշիրազինը և/կամ վերջինի ներկայացուցիչ Վարազդատ Բադալյանը տվյալ դեպքում չունեն հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավունք:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի՝ ԵԴ/0228/01/22 գործով 2023 թվականի փետրվարի 3-ի որոշման դեմ թիվ 14160518 քրեական գործով (վարույթով) տուժող Սաիդ Աբդոլխալեղի Թալեզադեհշիրազիի ներկայացուցիչ Վարազդատ Բադալյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության՝ բողոքարկման իրավունք չունեցող անձի կողմից հատուկ վերանայման բողոք բերելու հիմքով (...)»1։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք տուժողի ներկայացուցիչ Վ.Բադալյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները»:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.

ա) ցանկացած այն անձի համար, որի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիսկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.

բ) ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.

գ) ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը դրանք տրամադրելու դեպքում»:

11. ՀՀ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքների վերաբերյալ հիմնահարցերին, ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները՝

- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,

- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,

- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը2:

12. Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան): Մասնավորապես` Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի գործով վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դատարան դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Եվրոպական կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Եվրոպական դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու՝ անձի իրավունքն այն աստիճան չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ դրա արդյունքում խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չհետապնդի, և առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն՝ գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև3:

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական կարգավիճակը հնարավորություն է ընձեռում տուժողին հանդես գալու որպես վարույթի մասնավոր մասնակից և իրականացնելու քրեադատավարական օրենքով սահմանված իր իրավունքներն ու պարտականությունները: Դատական վերանայման ընդհանուր պայմաններից մեկը` բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակն է, որտեղ վարույթի մասնավոր մասնակցին տրված է դատական պաշտպանության իրավունքն իրացնելու նպատակով բողոք բերելու հնարավորություն և դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, 2023 թվականի մարտի 3-ի որոշմամբ, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 3-ի որոշման դեմ տուժողի ներկայացուցիչ Վ.Բադալյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ այն բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը, քանի որ, ինչպես բողոք բերելու իրավունք սահմանող ընդհանուր կանոնները, այնպես էլ հատուկ կանոնները սահմանել են hամապատասխան դատական ակտի դեմ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավասությամբ օժտված սուբյեկտների ցանկը, համաձայն որի՝ տուժողը կամ վերջինիս ներկայացուցիչը տվյալ դեպքում չունեն հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավունք4։

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իր հետևությունը կառուցել է ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ, 287-րդ և 288-րդ հոդվածների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ Արտակ Հովհաննիսյանի և Արայիկ Ներսիսյանի գործերով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԴ/0068/06/18 և ԵԴ/0032/06/18 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների վրա5։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները տվյալ պարագայում կիրառելի չեն, քանի որ վերաբերում են բացառապես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման բողոքարկմանը։ Մասնավորապես, վկայակոչված որոշումներով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը տուժողին (տուժողի իրավահաջորդին) կամ նրա ներկայացուցչին մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու (այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին) դատարանի որոշումը բողոքարկելու իրավունք չի վերապահել6։

Իսկ սույն պարագայում տուժողի ներկայացուցիչ Վ.Բադալյանը հատուկ վերանայման կարգով բողոքարկել է դատաքննության փուլում գտնվող գործով Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշումը։

16. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը, տուժողի ներկայացուցչի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելիս, ղեկավարվել է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) իրավակարգավորումներով, համաձայն որոնց՝ տուժողը և նրա լիազոր ներկայացուցիչն իրավասու են բողոքարկելու առաջին ատյանի դատարանի կողմից կայացված և դատական վերանայման ենթակա դատական ակտերը։

Մինչդեռ՝ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝

1) վարույթի մասնավոր մասնակիցը. (…)»:

Նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքում օգտագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը

(…)

13) վարույթի մասնավոր մասնակից՝ մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, պաշտպանը, տուժողը, գույքային պատասխանողը, տուժողի և գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչը և լիազոր ներկայացուցիչը»:

17. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, տուժողի ներկայացուցիչ Վ.Բադալյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով, ոչ իրավաչափորեն սահմանափակել է տուժողի` դատարան դիմելու իրավունքը, որի արդյունքում խախտվել է անձի՝ դատական պաշտպանության իրավունքը:

18. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողի ներկայացուցիչ Վ.Բադալյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

19 Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտման, ինչը, նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և վարույթը նույն դատարան նոր քննության փոխանցելու համար։

Նոր քննության ընթացքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պետք է հանգի համապատասխան հետևության, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Տուժող Սաիդ Աբդոլխալեղի Թալեզադեհշիրազիի ներկայացուցիչ Վ.Բադալյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մարտի 3-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման օրը:

 

________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 16-19։

2 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշումների՝ համապատասխանաբար 6-րդ և 7-րդ կետերը:

3 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, կետ 50:

4 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 16-19։

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արտակ Հովհաննիսյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԴ/0068/06/18 և Արայիկ Ներսիսյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԴ/0032/06/18 որոշումները։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական: