ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր Դ. Հարությունյան |
ԵԴ/0773/01/21 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
| ||||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
|
||
|
քարտուղարությամբ՝ մասնակցությամբ՝ մեղադրյալ պաշտպան |
Գ․ ՔՈԼՈԶՅԱՆԻ
Գ. ՍՏԵՓԱՆՅԱՆԻ Ն․ ԿՈՒՑԱՆՅԱՆԻ |
25 հոկտեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ մեղադրյալ Գարեգին Արծրունի Ստեփանյանի և նրա պաշտպան Ն.Կուցանյանի վճռաբեկ բողոքը`
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 15993620 քրեական գործը, որը 2020 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ:
2020 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Վահրամ Վագիֆի Հովսեփյանը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել 2021 թվականի հունվարի 25-ին` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված թիվ 13167521 քրեական գործը, 2021 թվականի փետրվարի 25-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված թիվ 13107021 քրեական գործը և 2021 թվականի ապրիլի 21-ին` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված թիվ 13127521 քրեական գործը թիվ 15993620 քրեական գործին միացնելու և նախաքննությունը 15993620 համարով շարունակելու մասին:
2021 թվականի մարտի 2-ի որոշմամբ Գարեգին Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մարտի 9-ի որոշմամբ Գարեգին Ստեփանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշմամբ Գ.Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշմամբ Վահրամ Վագիֆի Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Գ.Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել, փոփոխվել է և վերջինիս նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։
2021 թվականի հունիսի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճռով Գ․Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով:
Գարեգին Ստեփանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Վճռվել է նաև իրեղեն ապացույց ճանաչված՝ արնանման հետքեր պարունակող խծուծները, պահել քրեական գործի հետ՝ վերջինիս պահելու ամբողջ ժամանակահատվածում: Տուժող Վահրամ Հովսեփյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության: Դատավարական ծախսերի և գույքի վրա դրած կալանքի հարցը համարվել է լուծված:
3. Նշված դատավճռի դեմ տուժող Վահրամ Հովսեփյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ բողոքը մասնակի բավարարել է. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճիռը՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել և փոփոխել է՝ Գ.Ստեփանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացրել է և վերջնական պատիժ է թողել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։ Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Գ.Ստեփանյանը և նրա պաշտպան Ն.Կուցանյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է բողոքի քննության բանավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակների պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։
5․1․ Մասնավորապես, բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանը սխալ հետևության է հանգել Գ.Ստեփանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով։
Ըստ բողոք բերած անձանց՝ Վերաքննիչ դատարանը որպես մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքներ պետք է հաշվի առներ այն, որ Գ.Ստեփանյանը զղջացել է կատարած արարքի համար, ընդունել է առաջադրված մեղադրանքը, նախկինում դատապարտված չի եղել, խնամքին երկու անչափահաս երեխա ունի, 2021 թվականի հունիսի 29-ին եղել է ամուսնալուծված, չի աշխատել։
Բողոքի հեղինակները նաև նշել են, որ ամբաստանյալը 2023 թվականի նոյեմբերի 13-ին ամուսնացել է, 2023 թվականի դեկտեմբերի 1-ից գրանցված աշխատող է։
Հետևաբար, վերոգրյալի հիման վրա բողոքաբերները եկել են հետևության, որ Գ.Ստեփանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով հնարավոր էր հասնել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին։
5.2. Բացի այդ, բողոքի հեղինակները նշել են, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին մեղադրյալ Գ․Ստեփանյանը և տուժող Վ.Հովսեփյանը նոտարական վավերացմամբ կնքել են հաշտության համաձայնագիր, ըստ որի՝ տուժողը հաշտվել է մեղադրյալի հետ, մեղադրյալի դեմ բողոք և պահանջ չունի, իսկ մեղադրյալը նշել է, որ ընդունում է առաջադրված մեղադրանքը և զղջում է կատարած արարքի համար:
6. Վերոգրյալ հիմնավորումներով, նկատի ունենալով, որ Գ.Ստեփանյանը առաջին անգամ է հանցանք կատարել, նախկինում դատապարտված չի եղել, նրա արարքը միջին ծանրության հանցանք է, բողոքաբերները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը և Գ.Ստեփանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով կամ ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6․ Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(…) Վերոգրյալ ապացույցների հիման վրա Դատարանը հաստատված է համարում հետևյալ փաստական հանգամանքները, մասնավորապես.
- 2020 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 17:40-ի սահմաններում Վահրամ Հովսեփյանը, իր վարած «Տոյոտա Վիթս» մակնիշի 35 AA 228 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, կնոջ՝ Վիկտորիա Հովսեփյանի և մանկահասակ երեխայի հետ, երթևեկել է Երևան քաղաքի «Բրազիլիայի» հրապարակի շրջակայքում, որի ընթացքում ցանկացել է վերադասավորվել ճանապարհի երթևեկելի աջ գոտի, սակայն ճանապարհային նշված գոտիով երթևեկող «Օպել» մակնիշի 36 SM 382 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Գարեգին Ստեփանյանը, չզիջելով ճանապարհը, ձայնային ազդանշան է տվել ուղղված Վահրամ Հովսեփյանին և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ:
- Որոշ ժամանակ անց՝ ժամը 17:50-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում գտնվող «Ջիովաննի» խանութի դիմաց Վահրամ Հովսեփյանը մոտեցել է Գարեգին Ստեփանյանին և պարզաբանում պահանջել իր հասցեին հնչեցրած հայհոյանքների վերաբերյալ՝ միաժամանակ հորդորելով չվիրավորել իր ինքնասիրությունը:
- Գարեգին Ստեփանյանը, հիշյալ չնչին առիթն օգտագործելով, վիճաբանել է Վահրամ Հովսեփյանի հետ՝ վերջինիս հասցեին հնչեցնելով «ինչի ինքնասիրություն ունես» արտահայտությունը, ինչից հետո սկսվել է քաշքշուկ, հնչել են հայհոյանքներ, ապա՝ արհամարելով ու հակադրվելով վերջինիս կողմից իր վարքագծի վերաբերյալ արված օրինական դիտողություններին, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական դրդումներով, Գարեգին Ստեփանյանը իր մոտ առկա սուր կտրող-ծակող գործիքով մի քանի անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել Վահրամ Հովսեփյանի մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ կրծքավանդակի, որովայնի չթափանցող, ծախ բազկի ծակած-կտրած վերքերի, ձախից 9-րդ կողոսկրի կոտրվածքի ձևերով:
- Գարեգին Ստեփանյանը բնութագրվում է բացառապես դրական, խնամքին են գտնվում երկու մանկահասակ երեխա, որոնցից մեկը վատառողջ է, քրեական գործի նախաքննության և դատաքննության ընթացքում ամբաստանյալն ամբողջության ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և զղջացել է կատարվածի համար:
(...)
Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է:
Ապացուցված է Գարեգին Արծրունու Ստեփանյանի մեղավորությունը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու մեջ:
(...)
Գարեգին Արծրունու Ստեփանյանի անձը բնութագրող հանգամանքներն են, մասնավորապես դրական բնութագրվելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ դեռևս նախաքննության և դատաքննության ընթացքում ամբաստանյալն ամբողջությամբ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և զղջացել է կատարվածի համար:
Դատարանը Գարեգին Արծրունու Ստեփանյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու երեխաների առկայությունը (...)։
Դատարանը միաժամանակ արձանագրում է նաև, որ Գարեգին Արծրունու Ստեփանյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:
Դատարանը, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Գարեգին Արծրունու Ստեփանյանի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված է ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, գտնում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին հասնելու համար նրա նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով կատարած հանցանքի համար պատիժ պետք է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։
(...)
Սույն գործով Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալի դրական բնութագրվելը, վերջինիս խնամքին երկու մանկահասակ երեխա ունենալու հանգամանքը, քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգում է հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու. ամբաստանյալի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելի է: (...)»1։
7. Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 21-ի որոշման համաձայն՝ «(...) [Ա]նդրադառնալով Առաջին ատյանի դատարանի իրավական վերլուծություններին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում վկայակոչված՝ ամբաստանյալ Գարեգին Ստեփանյանի անձը բնութագրող հանգամանքները, այն է՝ ամբողջությամբ առաջադրված մեղադրանքն ընդունելը, զղջալը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը՝ խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու երեխաների առկայությունը և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, բավարար չեն գալու այն եզրահանգման, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց այդ պատիժը կրելու: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռում վկայակոչված հանգամանքները չեն կարող վկայել այն մասին, որ ամբաստանյալ Գարեգին Ստեփանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը: Տվյալ դեպքում ամբաստանյալ Գարեգին Ստեփանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի բխում նաև ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված՝ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժը կրելու նպատակահարմարությունը քննարկելիս պատշաճ ուշադրություն չի դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթին ու կարևորությանը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, պատճառված մարմնական վնասվածքների քանակին և տեղակայմանը, հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելու հանգամանքին, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությանը, որոնք վկայում են ամբաստանյալ Գարեգին Ստեփանյանի անձի և կատարված հանցագործության հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վերը նշված հանգամանքները պատշաճ գնահատականի չարժանացնելու արդյունքում Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգում է կատարել այն մասին, որ մեղադրյալ Գարեգին Արծրունու Ստեփանյանի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու: Այլ կերպ ասած՝ Առաջին ատյանի դատարանն այդ մասով ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, այն է՝ մեղադրյալ Գարեգին Արծրունու Ստեփանյանի մասով կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի (...) 70-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման: (...)»2:
8. Տուժող Վահրամ Հովսեփյանի և մեղադրյալ Գարեգին Ստեփանյանի միջև 2023 թվականի դեկտեմբերի 29-ին նոտարական վավերացմամբ կնքված համաձայնագրի համաձայն՝ «1. Ես՝ ՎԱՀՐԱՄ ՎԱԳԻՖԻ ՀՈՎՍԵՓՅԱՆՍ ԵԴ/0773/01/21 քրեական գործում հանդիսանում եմ տուժող։ Հայտնում եմ, որ հաշտվել եմ ԵԴ/0773/01/21 քրեական գործով մեղադրյալ հանդիսացող ԳԱՐԵԳԻՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ: ԵԴ/0773/01/21 քրեական գործի շրջանակներում ԳԱՐԵԳԻՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՑ չունեմ նյութական և բարոյական պահանջ։ Հայտնում եմ, որ իմ վրա որևէ ազդեցություն, սպառնալիք, ճնշում չի գործադրվել, իմ կամքով եմ հաշտվել մեղադրյալ ԳԱՐԵԳԻՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ։ Հաշտության վերաբերյալ որոշումս կայացրել եմ ինքնուրույն և հիմնված է ազատ կամարտահայտությանս վրա։ Հայտնում եմ, որ իմ վրա որևէ ազդեցություն, սպառնալիք, ճնշում չի գործադրվել, իմ կամքով եմ հաշտվել հաշտությունս հիմնված է ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա, մեղադրյալի դեմ բողոք կամ պահանջ չունեմ:
2. ԳԱՐԵԳԻՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆՍ ԵԴ/0773/01/21 քրեական գործով հանդիսանում եմ մեղադրյալ։ Հայտնում եմ, որ հաշտվել եմ ՎԱՀՐԱՄ ՎԱԳԻՖԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ, ով ԵԴ/0773/01/21 քրեական գործով հանդիսանում է տուժող։ Ընդունում եմ ԵԴ/0773/01/21 քրեական գործով ինձ առաջադրված մեղադրանքը, զղջում եմ արարքիս համար։ Ոչ արդարացման և ոչ ռեաբիլիտացնող հիմքով իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ չեմ առարկում։ Հայտնում եմ, որ իմ վրա որևէ ազդեցություն, սպառնալիք, ճնշում չի գործադրվել, իմ կամքով եմ հաշտվել տուժող ՎԱՀՐԱՄ ՎԱԳԻՖԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ։ Հաշտության վերաբերյալ որոշումս կայացրել եմ ինքնուրույն և հիմնված է ազատ կամարտահայտությանս վրա: Հայտնում եմ, որ իմ վրա որևէ ազդեցություն, սպառնալիք, ճնշում չի գործադրվել, իմ կամքով եմ հաշտվել, ուստի հաշտությունս հիմնված է ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա։
3. Սույն համաձայնագիրը բարձրաձայն ընթերցվել է կողմերի կողմից, նոտարի կողմից կողմերի համար և բացատրվել է սույն համաձայնագրից բխող իրավական հետևանքները։ (…)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Գ.Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` վերջինիս ու տուժող Վ.Հովսեփյանի հաշտության հիմքով։
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(...)
12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից (...)»:
Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
3) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները (...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը»:
Նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` «1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ՝
(…)
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
(…)
6) խուլիգանական դրդումներով,
(…)
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»:
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն4` «1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նրա ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարված հանցանքում առկա են ընտանիքում բռնության հատկանիշներ»։
10․ Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձի և տուժողի հաշտությունը (որոշակի բացառություններով) դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե հանցանք կատարած անձի ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն:
11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրյալ Գ.Ստեփանյանն առաջին անգամ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված միջին ծանրության հանցանք։ Միաժամանակ, վերջինիս և տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված՝ նոտարական վավերացմամբ փոխադարձ համաձայնություն5, որն, ըստ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի, հանդիսանում է քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատելու հիմք6։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Գ.Ստեփանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` վերջինիս և տուժող Վահրամ Հովսեփյանի հաշտության հիմքով:
12․ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-րդ կետում նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է։
13. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը պետք է բեկանել, մեղադրյալ Գ.Ստեփանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղադրյալ Գ․Ստեփանյանի ու տուժող Վահրամ Վագիֆի Հովսեփյանի հաշտության հիմքով, միաժամանակ քրեական գործի վարույթը կարճել՝ նկատի ունենալով, որ սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները։
14. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գարեգին Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել, իսկ իրեղեն ապացույց ճանաչված արնանման հետքեր պարունակող խծուծները՝ պահել վարույթի նյութերի հետ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 99-րդ, 100-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ Գարեգին Արծրունի Ստեփանյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը բեկանել։
2. Մեղադրյալ Գարեգին Արծրունի Ստեփանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղադրյալ Գարեգին Արծրունի Ստեփանյանի ու տուժող Վահրամ Վագիֆի Հովսեփյանի հաշտության հիմքով և քրեական գործի վարույթը կարճել։
3. Մեղադրյալ Գարեգին Արծրունի Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել։
4. Իրեղեն ապացույց ճանաչված արնանման հետքեր պարունակող խծուծները պահել վարույթի նյութերի հետ։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 130-141:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 100-107:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 142-143։
4 Քրեական պատասխանատվությունից անվերապահ կերպով ազատում նախատեսող նոր նորմին, որպես ըստ էության պատիժը մեղմացնող օրենսդրության, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հետադարձ ուժ տալու պահանջի համաձայն՝ Գ.Ստեփանյանի նկատմամբ կիրառելի են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումները:
5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշումը։
Նախագահող` Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական: