ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
11 փետրվարի 2025 թ. |
ԱՐԱՄԱՅԻՍ, ՀԱՄԱՍՓՅՈՒՌ, ԱՐՄԻՆԵ, ԱՐՄԱՆ, ԱՐՇԱԿ, ԼԵՎՈՆ, ՄԱՆՈՒՇԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
նախագահ` Արման Դիլանյանի, Հրայր Թովմասյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, դիմողներ՝ Արթուր Ղումաշյանի (թիվ ԼԴ/0862/02/08 քաղաքացիական գործով), Դավիթ Չիթչյանի (թիվ ԼԴ/0958/02/08 քաղաքացիական գործով), Արարատ, Արա, Գոռ Եսայանների և Սուսաննա Սարգսյանի (թիվ ԼԴ/0858/02/08 քաղաքացիական գործով), Աշխարհաբեկ, Ղարիբ, Արաքսյա, Նազելի, Սոնա, Նունե և Նարինե Մեհրաբյանների (թիվ ԼԴ/1139/02/08 քաղաքացիական գործով), Ռաֆիկ, Սեդա, Ռոմանոս, Սվետլանա և Ռուդիկ Ալիխանյանների (թիվ ԼԴ/1345/02/08 քաղաքացիական գործով), Հերմինե Շախկյանի, Եղիշե, Աշոտ, Մարիանա և Ծովիկ Հոբոսյանների (թիվ ԼԴ/1305/02/08 քաղաքացիական գործով), Մարտին, Գարեգին և Լուսիկ Շախկյանների (թիվ ԼԴ/1186/02/08 քաղաքացիական գործով), Արթուր, Արման Շահնազարյանների և Ռուզաննա Հովհաննիսյանի (թիվ ԼԴ/1273/02/08 քաղաքացիական գործով), Հրայր, Արթուր, Մարատ Չիլինգարյանների և Իրինա Քիքանյանի (թիվ ԼԴ/1198/02/08 քաղաքացիական գործով), Ռուբեն, Վոլոդյա, Շուշանիկ, Նարինե, Շուշան, Սյուզաննա Պետրոսյանների և Լարիսա Շախկյանի (թիվ ԼԴ/0930/02/08 քաղաքացիական գործով), Հովիկ Սահակյանի (թիվ ԼԴ/1283/02/08 քաղաքացիական գործով) (այսուհետ` Դիմողներ)
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը` կազմով.
դատավորներ`
Վահե Գրիգորյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակում)`
Արամայիս, Համասփյուռ, Մանուշակ, Արմինե, Արման և Արշակ Ալիխանյանների (թիվ ԼԴ/1218/02/08 քաղաքացիական գործով),
Գևորգ, Աստղիկ, Զորի Ավետյանների և Նաիրա Ամիրխանյանի (թիվ ԼԴ/1327/02/08 քաղաքացիական գործով),
ներկայացուցիչներ՝
փաստաբան Կարեն Թումանյանի (դիմումը ներկայացնելու պահին) և փաստաբան Մերի Կարապետյանի,
պատասխանող՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ` Պատասխանող),
ներկայացուցիչ՝
Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մարի Ստեփանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արամայիս, Համասփյուռ, Արմինե, Արման, Արշակ, Լևոն, Մանուշակ Ալիխանյանների և այլոց դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, գործով պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Վարույթը Սահմանադրական դատարանում
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:
2. Օրենսգրքի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը» վերտառությամբ 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է.
«Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` (…) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը»:
Օրենսգրքի վիճարկվող դրույթը՝ 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «հնարավորություն» բառից հետո լրացվել է «կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը» բառերով՝ 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-182-Ն օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան:
3. Գործի քննության առիթը 2020 թվականի հուլիսի 8-ին (կապի կազմակերպությանը հանձնելու միջոցով) ներկայացված անհատական դիմումն է, որը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հուլիսի 21-ին:
4. 2020 թվականի օգոստոսի 28-ին Դիմողների ներկայացուցիչը Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվել է, որ դիմումը չի համապատասխանում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին, այն է՝ դիմումին կից չի ներկայացվել օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում Դիմողները շտկել են դիմումի թերությունները՝ ներկայացնելով չվճարված մասով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդություն:
5. Սահմանադրական դատարանի դատական կազմի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ՍԴԴԿՈ-51 որոշմամբ Դիմողների մասով գործն ընդունվել է քննության, իսկ գործի քննությունը` դիմումը ներկայացրած մյուս անձանց մասով, մերժվել է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետը լրացած լինելու և դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու հիմքերով:
6. Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունվարի 19-ի ՍԴԱՈ-11 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ լրացուցիչ ապացույցներ պահանջելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
7. Սահմանադրական դատարանի 2022 թվականի հունվարի 14-ի ՍԴԱՈ-7 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը:
8. Սահմանադրական դատարանի 2022 թվականի հունվարի 14-ի ՍԴԱՈ-8 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցվել է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ լրացուցիչ ապացույցներ պահանջելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
9. Սահմանադրական դատարանի 2025 թվականի փետրվարի 10-ի ՍԴԱՈ-20 աշխատակարգային որոշմամբ սույն գործի վարույթը վերսկսվել է:
10. Սահմանադրական դատարանի 2025 թվականի փետրվարի 11-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը մասամբ՝ դիմողներ Լիպարիտ, Լուսինե, Նարե Ամիրջանյանների, Հերիքնազ Ներկարարյանի և Լուսիկ Հոբոսյանի (թիվ ԼԴ/0945/02/08 քաղաքացիական գործով) մասով, կարճվել է:
Սահմանադրական վեճի նախապատմությունը
11. 2007 թվականի նոյեմբերի 1-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 1279-Ն որոշումը: Որոշման համաձայն՝ դրա հավելվածներում թվարկված հողատարածքների ձեռք բերող է հանդիսանում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը կամ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով դրա կողմից հիմնադրված «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը: Դիմողներին պատկանող հողամասերը թվարկված են այն հողատարածքների շարքում, որոնք համարվում են օտարման ենթակա գոտիներ:
12. «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը Դիմողներին պատկանող հողամասերի օտարման պահանջով համապատասխան հայցադիմումներ է ներկայացրել դատարան: Ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցվել են թիվ ԼԴ/1218/02/08, ԼԴ/1327/02/08, ԼԴ/0862/02/08, ԼԴ/0958/02/08, ԼԴ/0858/02/08, ԼԴ/1139/02/08, ԼԴ/1345/02/08, ԼԴ/1305/02/08, ԼԴ/1186/02/08, ԼԴ/1273/02/08, ԼԴ/1198/02/08, ԼԴ/0930/02/08, ԼԴ/1283/02/08 քաղաքացիական գործերը, որոնցով կայացվել են հայցերը բավարարելու մասին վճիռներ. հիշյալ գործերով կայացված վճիռները մտել են օրինական ուժի մեջ:
13. 2018 թվականի հոկտեմբերի 11-ին «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 71306/11) գործով կայացված վճռով1 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) ճանաչել է հիշյալ գործով դիմումատուների՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված կոնվենցիայի (այսուհետ նաև՝ ՄԻԵԿ) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի խախտում: Վճիռը վերջնական է դարձել 2019 թվականի հունվարի 11-ին:
14. Հիշյալ վճռով ՄԻԵԴ-ը, մասնավորապես, նշել է հետևյալը.
« (…) 9. 2007 թվականի նոյեմբերի 1-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 1279-Ն որոշումը: Որոշման համաձայն՝ դրա հավելվածներում թվարկված հողատարածքների ձեռք բերող է համարվում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն կամ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի իրականացման նպատակով դրա կողմից հիմնադրված «Թեղուտ» ՓԲԸ-ն: Դիմումատուներին պատկանող հողամասը թվարկված է այն հողատարածքների շարքում, որոնք համարվում են օտարման ենթակա գոտիներ:
(…)
13. 2008 թվականի մայիսի 12-ին «Թեղուտ» ՓԲԸ-ն դիմումատուների և առաջին դիմումատուի հանգուցյալ կնոջ՝ Լ.-ի դեմ հայց է ներկայացրել Լոռու մարզի [ընդհանուր իրավասության] դատարան (Մարզային դատարան)՝ պահանջելով նրանց պարտավորեցնել, որ ստորագրեն պետության կարիքների համար իրենց գույքը վերցնելու մասին համաձայնագիրը: Ընկերությունն իր բողոքը հիմնավորել է, inter alia (ի թիվս այլնի), «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ի կողմից պատրաստված գնահատման եզրակացությամբ:
14. Վարույթի ընթացքում «Թեղուտ» ՓԲԸ-ն ներկայացրել է դիմումատուների գույքի վերաբերյալ գնահատման եզրակացության ուղղված տարբերակը՝ նշելով, որ «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ն կատարել է որոշ ուղղումներ, որոնց արդյունքում հողի շուկայական արժեքը գնահատվել է 194 000 ՀՀ դրամ (մոտավորապես 422 եվրո): Այսպիսով, փոխհատուցման վերջնական գումարը՝ օրենքով պահանջվող լրացուցիչ 15%-ի հետ, կազմում էր 223 100 ՀՀ դրամ (մոտավորապես 485 եվրո): Եզրակացության բնօրինակում պարունակվող տվյալների մնացած մասը մնացել է անփոփոխ:
15. Դիմումատուները Մարզային դատարանում պնդել են, որ իրենց հողի շուկայական արժեքը սխալ է հաշվարկվել, և որ դատարանը պետք է նշանակի դատական փորձաքննություն՝ իրենց գույքի իրական շուկայական արժեքը որոշելու համար:
16. 2008 թվականի հոկտեմբերի 6-ին Մարզային դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի պահանջը՝ Լ.-ին և դիմումատուներին տրամադրելով ընդհանուր 223 100 ՀՀ դրամ փոխհատուցում:
(…)
21. 2009 թվականի հուլիսի 31-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է Մարզային դատարանի վճիռը՝ նշելով, որ այն պետք է բավարարեր դիմումատուների պահանջը՝ նշանակելով դատական փորձաքննություն՝ գույքի շուկայական արժեքը որոշելու համար: Գործը վերադարձվել է Մարզային դատարան:
(…)
26. 2011 թվականի ապրիլի 21-ին Մարզային դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի պահանջը: Այն հիմնվել է «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ի կողմից կազմված գնահատման ուղղված եզրակացության և դատական փորձագետի երկու եզրակացությունների վրա: Մարզային դատարանը դիմումատուներին շնորհել է 264 500 ՀՀ դրամ (մոտավորապես 575 եվրո)՝ հաշվի առնելով իր մոտ ունեցած երեք գնահատումների ամենաբարձր շուկայական արժեքը և դրան ավելացնելով օրենքով պահանջվող լրացուցիչ 15%-ը:
(…)
49. Սույն գործում վիճելի չէ այն փաստը, որ տեղի է ունեցել թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ նախադասության իմաստով «գույքից զրկում»: Դատարանը պետք է հետևաբար պարզի, թե արդյոք վիճարկվող [գույքից] զրկելն այդ դրույթի համաձայն հիմնավորված է եղել:
50. Դատարանը կրկին նշում է, որ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ համատեղելի լինելու համար օտարմանն ուղղված միջոցառումը պետք է բավարարի հետևյալ երեք պայմանները. այն պետք է իրականացվի ազգային իշխանությունների կողմից ցանկացած կամայական գործողություն բացառող՝ «օրենքով նախատեսված պայմաններին համապատասխան», պետք է բխի «հանրային շահերից», ինչպես նաև դրանով պետք է հաստատվի արդարացի հավասարակշռություն սեփականատիրոջ իրավունքների և համայնքային շահերի միջև (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Վիստինշը և Պերեպյոլկինսն ընդդեմ Լատվիայի [ՄՊ] [Vistiņš and Perepjolkins v. Latvia [GC]], թիվ 71243/01, § 94, 2012 թվականի հոկտեմբերի 25): Այսպիսով, Դատարանն անցնում է այն հարցի ուսումնասիրությանը, թե արդյոք սույն գործում բավարարվել են այդ երեք պայմանները:
(…)
62. Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով պահանջվում է, որ ցանկացած միջամտություն պետք է ողջամտորեն համաչափ լինի հետապնդվող նպատակին (տե՛ս Յահնը և այլք ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Jahn and Others v. Germany [GC]], թիվ 46720/99 և մյուս 2-ը, §§ 81/94, ՄԻԵԴ 2005/VI): Անհրաժեշտ արդարացի հավասարակշռություն չի հաստատվի, եթե տվյալ անձը կրում է առանձին և ավելորդ բեռ (տե՛ս Ստեֆանետին և այլք ընդդեմ Իտալիայի [Stefanetti and Others v. Italy], թիվ 21838/10 և մյուս 7-ը, § 66, 2014 թվականի ապրիլի 15):
(…)
69. Չսահմանափակելով Օրենքի համապատասխան դրույթները և այս հարցերով պետության հայեցողական լիազորությունների շրջանակը՝ Դատարանը համարում է, որ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ տվյալ անշարժ գույքի շուկայական գինն արտահայտող փոխհատուցումը՝ նույնիսկ օրենքով սահմանված լրացուցիչ տոկոսի ավելացմամբ, չի համարվի բավարար փոխհատուցում՝ գույքից զրկելու դիմաց: Դատարանը կարծում է, որ նման իրավիճակ կարող է առաջանալ, մասնավորապես, այն դեպքում, երբ անձը զրկվում է իր եկամտի հիմնական, եթե ոչ միակ աղբյուրից, և առաջարկվող փոխհատուցումը չի համապատասխանում այդ կորստին (տե՛ս Լալեմենթն ընդդեմ Ֆրանսիայի [Lallement v. France], թիվ 46044/99, § 18, 2002 թվականի ապրիլի 11):
70. Սույն գործում դիմումատուները նշել են, որ որպես ընտանիք իրենք տնտեսապես կախված են եղել խնդրո առարկա հողից: Այս փաստարկը չի հերքվել պատասխանող Կառավարության կողմից (տե՛ս վերևում 47-48-րդ պարբերությունները): Հարկ է նշել, որ այս հիմնական հայեցակետը, մասնավորապես այն, որ օտարման հետևանքով դիմումատուները կորցրել են իրենց եկամտի հիմնական աղբյուրը, հաշվի չի առնվել ներպետական դատարանների կողմից՝ հատկացվող փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում: Դատարանները որոշել են, որ անկախ հանգամանքներից, դիմումատուներին պետք է տրամադրվի փոխհատուցում, որի չափը որոշվել է օտարման ենթակա տարածքում գտնվող անշարժ գույքի գների հիման վրա: Նրանք չեն դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների՝ ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն բավարար էր, որպեսզի նրանք ձեռք բերեն համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին:
71. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուները ստիպված են եղել առանձին ավելորդ բեռ կրել: Հետևաբար, վիճարկվող օտարումն իրականացվել է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ»:
15. Հիմք ընդունելով «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» (վերը մեջբերված) գործով ՄԻԵԴ-ի վճիռը` Դիմողները վերաքննիչ քաղաքացիական դատարան են ներկայացրել վերաքննիչ բողոքներ՝ նոր հանգամանքի հիմքով իրենց գործերի վերանայման պահանջով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը Դիմողների՝ թիվ ԼԴ/1218/02/08, ԼԴ/1327/02/08, ԼԴ/0862/02/08, ԼԴ/0958/02/08, ԼԴ/0858/02/08 ԼԴ/1139/02/08, ԼԴ/1345/02/08, ԼԴ/1305/02/08, ԼԴ/1186/02/08, ԼԴ/1273/02/08, ԼԴ/1198/02/08, ԼԴ/0930/02/08, ԼԴ/1283/02/08 քաղաքացիական գործերով ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժել է:
16. Թիվ ԼԴ/1218/02/08 քաղաքացիական գործով 2019 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է հետևյալը.
«Այսպես՝ մի կողմից դատական ակտի վերանայման հիմք հանդիսացող նոր հանգամանք է անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով, կոնկրետ դեպքում՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտման փաստը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի, կոնկրետ դեպքում՝ Եվրոպական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հիմնավորված լինելու հանգամանքը, որպիսի հանգամանքը Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ այդ նորմի կիրառման պայման կարող է հանդիսանալ բացառապես այն դեպքում, երբ միջազգային դատարանի համապատասխան վճռով հիմնավորված է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացրած անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, ինչը նշանակում է, որ դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելիս տվյալ անձը պետք է վկայակոչի և ներկայացնի միջազգային դատարանի կողմից իր իրավունքի խախտման փաստի առկայությունը հիմնավորող դատական ակտը:
Մյուս կողմից, դատական ակտի վերանայման հիմք հանդիսացող նոր հանգամանք է Միջազգային դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը հիմնավորող վճիռը կամ որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ անձի՝ այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն ունեցած լինելու հանգամանքը: Եվ վերը նշված իրավանորմից բխում է, որ դա Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված այն իրավունքն է, որի խախտման փաստը հիմնավորվել է Միջազգային դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից:
Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի սահմանմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն այն բանից հետո, երբ սպառվել են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, և վեց ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ կայացվել է ներպետական վերջնական որոշումը:
Եվրոպական դատարանը «Մարիո Պետեկն ընդդեմ Խորվաթիայի» գործով թիվ 50000/12 գանգատի ընդունելությունը մերժելու մասին 20.02.2018թ. որոշմամբ արձանագրել է, որ «Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը քննում է գործը միայն, եթե բոլոր ներպետական ատյանները սպառված են: Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի նպատակն է՝ հնարավորություն ընձեռել Պայմանավորվող պետություններին կանխելու կամ վերականգնելու իրենց կողմից թույլ տրվող իրավունքի ենթադրյալ խախտումները մինչև այդ դիմումները դատարանին հասցեագրվելը: Այս իսկ պատճառով ներպետական ատյանները սպառելու պարտականությունը պահանջում է, որ դիմումատուները հասանելի և արդյունավետ ատյանները նորմալ օգտագործեն Կոնվենցիայի խախտումների վերաբերյալ իրենց բողոքների կապակցությամբ»:
Հիշատակված իրավանորմերի լույսի ներքո Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ վերանայման բողոք ներկայացրած անձը ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրին համապատասխան իրավունքի պաշտպանությունից օգտվելու հնարավորություն ստանձնում է բացառապես այն դեպքում, երբ սպառում է ներպետական բոլոր միջոցները և վերջնական որոշումը կայացվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող թիվ 2) փաստից հետևում է, որ Դատարանը բավարարել է Ընկերության հայցը և պատասխանողներին պատկանող հողամասը (…) ՀՀ դրամ գումարի փոխհատուցմամբ օտարվել է Ընկերությանը: Նշված վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:
Դատարանի վճռի` նոր հանգամանքով վերանայման բողոքով (…) որպես նոր հանգամանք, վկայակոչել և ներկայացրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով 11.10.2018 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով արձանագրվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Վերաքննիչ դատարանը ցանկանում է ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ տվյալ՝ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուներ են հանդիսացել Սուրեն Օսմանյանը, Սերոբ Օսմանյանը, Բակուր Օսմանյանը, Մանե Օսմանյանը և Դոնարա Ամիրաղյանը: Այսինքն, վկայակոչված դատական ակտով Եվրոպական դատարանը արձանագրել է ոչ թե բողոք բերած անձանց` (…) իրավունքների խախտման փաստը, այլ Սուրեն Օսմանյանի, Սերոբ Օսմանյանի, Բակուր Օսմանյանի, Մանե Օսմանյանի և Դոնարա Ամիրաղյանի իրավունքների խախտման փաստը: Ավելին՝ բողոքաբերի կողմից չի ներկայացվել և, առհասարակ, չի վկայակոչվել որևէ փաստ առ այն, որ վերջինս բողոքարկվող գործով դիմել է միջազգային դատարան, որպիսի պայմաններում գործում է բողոքաբերների կողմից գործով միջազգային դատարան չդիմելու կանխավարկածը: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ միջազգային դատարան դիմելու իրավազորությունն էլ բողոքաբերի մոտ կարող էր ծագել միայն այն դեպքում, երբ վերջիններս սպառած լինեին ներպետական միջոցները, այսինքն՝ Դատարանի վճիռը բողոքարկեին նախ` վերաքննիչ, ապա՝ վճռաբեկ դատարան:
Ուշագրավ է, որ Եվրոպական դատարան դիմած անձանց շրջանակում ներառված չլինելու փաստի ուժով բողոք բերած անձինք օբյեկտիվորեն չէին կարող ստանալ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի 11.10.2018 թվականի վճիռը, ինչը նշանակում է, որ բողոքաբերների համար չի սկսվել նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված եռամսյա ժամկետի հաշվարկը: Իսկ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի՝ բողոքաբերների ներկայացուցիչ Կարեն Թումանյանի կողմից ստացման հանգամանքը պայմանավորված է վերջինիս՝ նաև «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուների ներկայացուցիչը լինելու փաստի ուժով, ինչը թույլ է տալիս եզրահանգելու, որ վերջինս սույն վերանայման բողոքի ենթադրյալ հիմք հանդիսացող «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» դատական ակտը ձեռք է բերել որպես գործով դիմումատուների ներկայացուցիչ:
Վերաքննիչ դատարանը ցանկանում է նաև հիշատակել, որ գործով պատասխանողները չեն էլ կարող հավակնել միջազգային դատարան դիմելու իրավունքի և այդ իրավունքն իրացնելու հնարավորության, քանի որ ժամանակին նույնիսկ չեն բողոքարկել Դատարանի վճիռը` չսպառելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները և չունենալով ներպետական վերջնական դատական ակտ, ինչը նշանակում է, որ բողոքաբերներն իրավացիորեն չեն հայտնվել այն վեցամսյա ժամկետի գործողության տիրույթում, որի ընթացքում Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով կարող են օգտվել Եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու հնարավորությունից:
Ընդհանրացնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ բողոքաբերների կողմից վկայակոչած՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված իրավանորմով նախատեսված նոր հանգամանք սույն գործով վերջիններիս համար առկա չէ, ուստի՝ ի նկատի ունենալով, որ նոր հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կարող է վերանայվել կոնկրետ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կանոնի պահպանմամբ, ինչը առկա չէ, բողոքը պետք է մերժել»:
17. Թիվ ԼԴ/1327/02/08, ԼԴ/0862/02/08, ԼԴ/0958/02/08, ԼԴ/0858/02/08, ԼԴ/1139/02/08, ԼԴ/1345/02/08, ԼԴ/1305/02/08, ԼԴ/1186/02/08, ԼԴ/0930/02/08, ԼԴ/1283/02/08, ԼԴ/1198/02/08 գործերով 2019 թվականին վերաքննիչ քաղաքացիական դատարանը կայացրել է վերաքննիչ բողոքը մերժելու մասին վերը նշվածին նույնաբովանդակ պատճառաբանություններով որոշումներ (դրանցում առկա խմբագրական տարբերությունները պատճառաբանությունների միջև բովանդակային տարբերություն չեն ստեղծում), ինչով պայմանավորված` դրանք առանձին չեն մեջբերվում:
18. Թիվ ԼԴ/1273/02/08 քաղաքացիական գործով 2019 թվականի օգոստոսի 30-ի կայացրած որոշմամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է հետևյալը.
«(...)
Վերոգրյալը համադրելով սույն գործի փաստերի հետ` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոք բերող անձինք Դատարանի` 01.10.2008 թվականի վճիռն ընդհանրապես չեն բողոքարկել վերաքննության, հետևաբար նաև վճռաբեկության կարգով` չսպառելով ներպետական բոլոր միջոցներով դատական ակտի վերանայման հնարավորությունը, ինչը նշանակում է, որ տվյալ դեպքում բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածով նախատեսված պայմանը, մասնավորապես` նրանք միջազգային դատարանի դատական ակտի ուժի մեջ մտնելու պահին միջազգային պայմանագրի պահանջներին համապատասխան հնարավորություն չունեն դիմելու միջազգային դատարան իրենց իրավունքների հնարավոր խախտման խնդրով, քանի որ այդ պահին չեն սպառել իրավունքի պաշտպանության ներպետական բոլոր միջոցները և քանի որ ՄԻԵԴ դիմելու համար առկա չէ ներպետական վերջնական դատական ակտ, նման պայմաններում ավելորդ է դառնում ՄԻԵԴ դիմելու համար մյուս անհրաժեշտ պայմանների առկայության հարցի քննարկումը:
Ելնելով վերոգրյալից` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքերը ինքնին առարկայազուրկ են դառնում և դրանց առանձին-առանձին վերլուծությունն անգամ չի կարող ազդել գործի ելքի վրա, քանի որ սույն դեպքում պահպանված չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածով դատական ակտի վերանայման ընդհանուր պայմանները: Հետևաբար, վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, իսկ Դատարանի բողոքարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ»:
19. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից թիվ ԼԴ/1218/02/08, ԼԴ/1327/02/08, ԼԴ/0862/02/08, ԼԴ/0958/02/08, ԼԴ/0858/02/08, ԼԴ/1139/02/08, ԼԴ/1345/02/08, ԼԴ/1305/02/08, ԼԴ/1186/02/08, ԼԴ/1273/02/08, ԼԴ/1198/02/08, ԼԴ/0930/02/08, ԼԴ/1283/02/08 քաղաքացիական գործերով կայացված որոշումների դեմ ներկայացվել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել:
Դիմողների դիրքորոշումը
20. Դիմողները նշել են, որ իրենք բնակվում են Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքներում և Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 1279-Ն որոշմամբ Լոռու մարզի Թեղուտի և Շնողի գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող, իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ:
21. Դիմողները հայտնել են, որ Կառավարության հիշյալ որոշմամբ հողամասերի ձեռք բերող է հանդիսանում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը կամ նրա որոշմամբ՝ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հիմնադրված «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը. «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը որպես ձեռք բերող է ընտրել «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությանը:
22. Դիմողները նշել են, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է դատարան՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջով. դատարանի կողմից կայացված վճիռներով համապատասխան հայցերը բավարարվել են, դրանք մտել են օրինական ուժի մեջ:
23. Դիմողները նշում են, որ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռով ՄԻԵԴ-ը, դիտարկելով և գնահատելով Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով սեփականազրկման ամբողջ ընթացակարգը, գտել է, որ սեփականազրկման «միջոցառման» գործընթացը չի համապատասխանում ՄԻԵԿ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածում նշված արդարացի հատուցման պայմանին: Նշվում է, որ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կայացումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է ևս յոթ կրկնվող վճիռներ, որոնցում արձանագրել է խախտումներ, որոնք նույնական են նախկին բոլոր սեփականատերերի նկատմամբ կայացված դատական ակտերով:
24. Դիմողները գտնում են, որ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահին ունեցել են սեփականության իրավունքի այնպիսի խախտումներ, ինչպիսին արձանագրվել է Օսմանյանի և Ամիրաղյանի գործով, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ դրան հաջորդող ևս յոթ վճիռներով:
25. Վկայակոչելով «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճիռը՝ Դիմողները նշում են, որ դրա հիման վրա դատարանները մերժել են վերանայել իրենց գործերով կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:
26. Ներկայացնելով իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումները՝ Դիմողները պնդում են, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված «(...) կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն» իրավական ձևակերպումը չի համապատասխանում իրավական որոշակիության կանոններին: Ըստ Դիմողների՝ հիշյալ նորմի ուժով սահմանվել է իրավական գործիք, այն է՝ ենթադրյալ իրավունքը խախտած անձի կողմից իր իրավունքները վիճարկել դատարանում՝ որպես նոր հանգամանք վկայակոչելով միջազգային դատարանի կողմից կայացված վճիռը կամ որոշումը: Դիմողները, ներկայացնելով վիճարկվող դրույթի իրենց ընկալումը, նշել են, որ «նոր հանգամանքի» ուժով դատական ակտի վերանայման համար անձը կարող է դիմել դատարան, եթե`
1) միջազգային դատարանի վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը,
2) դիմող անձը պետք է միջազգային դատարանի վճիռը կամ որոշումն ուժի մեջ մտնելու պահին ունենա իր խախտված իրավունքն իրացնելու հնարավորություն, որը համապատասխանի միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին,
3) ընդ որում, այդ իրավունքն իրացնելու հնարավորությունը պետք է համապատասխանի միջազգային պայմանագրերում սահմանված պայմաններին,
4) այդ իրավունքն իրացնելու հնարավորությունը պետք է համապատասխանի միջազգային պայմանագրերում սահմանված ժամկետներին:
27. Դիմողները գտնում են, որ վերը ներկայացված նախապայմաններից որևէ մեկն այն աստիճանի հստակություն չունի, որ անձը, որի իրավունքը խախտվել է, կարողանա դիմել դատարան՝ իր վերաբերյալ կայացված դատական ակտը վերանայելու համար: Մասնավորապես՝ պարզ չէ, թե «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահին Դիմողներն ինչպե՞ս պետք է համադրեին իրենց խախտված իրավունքներն առաջինների խախտված իրավունքների հետ, ինչպես նաև հիշյալ վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահին Դիմողներն ինչպե՞ս պետք է հասկանային, որ եղել է իրենց սեփականության իրավունքն իրացնելու հնարավորություն և դիմեին իրենց վերաբերյալ կայացված դատական ակտը վերանայելու համար:
28. Ըստ Դիմողների՝ վիճարկվող դրույթը չունի իրավական որոշակիության այնպիսի աստիճան, որ դիմումատուներն իրենց իրավունքների պաշտպանության համար հնարավորություն ունենան դիմելու դատարան, իսկ դատարաններն այդ նորմի կիրառելիության հնարավորությունը չեն տեսնում՝ հիմք ընդունելով ՄԻԵԿ-ի 35-րդ հոդվածը:
29. Հաջորդիվ, Դիմողները գտնում են, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով հնարավորություն չի տալիս միջազգային դատարանի վճռով կամ որոշմամբ ընդհանուր (համակարգային) բնույթի խախտում արձանագրելու դեպքում «նոր հանգամանքի» հիմքով դատական ակտի վերանայման համար դիմելու համապատասխան դատարան, հակասում է Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասին, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին:
30. Դիմողները նշում են, որ ՄԻԵԴ-ի կողմից կայացված վճիռներով և որոշումներով կարող են արձանագրվել երկու տիպի խախտումներ՝ անհատական և ընդհանուր բնույթի: Ըստ Դիմողների՝ ՄԻԵԴ-ի կողմից ճանաչված խախտման անհատական բնույթը դիմողի իրավունքի խախտման փաստի ճանաչումն է և «զոհի» նկատմամբ արդարացի հատուցման սահմանումը, իսկ ընդհանուր բնույթի խախտումները վերաբերում են տվյալ երկրի իրավակիրառական և (կամ) օրենսդրական կարգավորման ոլորտի համակարգային խախտումներին, որոնց մատնանշման դեպքում արձանագրվում է նաև խախտումների համատարած լինելը:
31. Դիմողները գտնում են, որ ՄԻԵԴ-ի վճռով կամ որոշմամբ ընդհանուր բնույթի խախտումներ արձանագրվելու պարագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ «համակարգային խախտման» հետևանքով տուժած անձի համար դատարան դիմելու իրավական հնարավորությունը բացակայում է, այսինքն՝ անձը, որի իրավունքը խախտվել է համակարգային խնդրի հետևանքով, չի կարող դիմել դատարան իր նկատմամբ կայացված դատական ակտը վերանայելու համար: Այս դեպքում, ըստ Դիմողների, իմաստազուրկ է դառնում միջազգային պայմանագրերի՝ օրենքից ավելի բարձր իրավաբանական ուժ ունենալու վերաբերյալ սահմանադրական կանոնը:
32. Դիմողները գտնում են, որ դատական ակտի վերանայման համար օրենսդրի կողմից պետք է սահմանվեն այնպիսի նախապայմաններ, որ չլինի «նահանջ» իրավական պետության սկզբունքներից, դատական ակտի վերանայումը բխի արդարության և արդարադատության շահերից և նպատակ ունենա` վերականգնելու անձանց խախտված իրավունքները և ազատությունները: Դիմողների պնդմամբ` պետք է սահմանվեն այնպիսի իրավական կարգավորումներ, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման համար գնահատվի նոր հանգամանքի առկայությունը, դրա՝ գործի համար էական նշանակություն ունենալը, ինչպես նաև այնպիսի դատական սխալի առկայությունը, որով դատարանը շեղվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված և վերջինիս կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով սահմանված մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից:
Պատասխանողի դիրքորոշումը
33. Պատասխանող նշում է, որ ի կատարումն ՄԻԵԴ-ի վճիռների՝ պայմանավորվող պետություններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, պահանջվում է, ի թիվս այլոց, ձեռնարկել անհատական բնույթի միջոցառումներ: Պատասխանողն ընդգծում է, որ անհատական բնույթի միջոցառումները, որպես կանոն, ներառում են եվրոպական դատարանի վճռի հիման վրա ներպետական դատական ակտերի վերանայումը. ի կատարումն ՄԻԵԴ-ի վճռի՝ նման անհատական բնույթի միջոցառումն անխուսափելի է լինում բոլոր այն դեպքերում, երբ կոնվենցիոն իրավունքի խախտման պատճառը ներպետական դատական վարույթի ընթացքում դատավարական նորմերի խախտումն է:
34. Մեկնաբանելով վիճարկվող նորմը՝ Պատասխանողը նշում է, որ մի կողմից դատական ակտի վերանայման հիմք հանդիսացող նոր հանգամանք է անձի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հիմնավորված լինելու հանգամանքը, մյուս կողմից՝ այդպիսի հանգամանք է նաև միջազգային դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը հիմնավորող վճիռը կամ որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ անձի՝ այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն ունենալը:
35. Անդրադառնալով ՄԻԵԴ դիմելու իրավունքին՝ Պատասխանողը նշում է, որ անձն այդպիսի իրավունքից օգտվելու հնարավորություն է ստանում բացառապես, երբ սպառում է ներպետական պաշտպանության բոլոր միջոցները և դիմում է ՄԻԵԴ վերջնական որոշումը կայացնելու պահից վեց ամսվա ընթացքում:
36. Ըստ Պատասխանողի՝ վիճարկվող դրույթով հնարավորություն է տրվում դատական ակտը վերանայելու, երբ անձը միջազգային ատյանի վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն, իսկ այն անձանց համար, որոնք նշված պահին չեն ունեցել նման հնարավորություն (այդ թվում նաև` ժամկետների մասով), ներպետական դատական ակտի վերանայման հնարավորություն իրավաչափորեն չի տրվում: Պատասխանողը գտնում է, որ հակառակ պարագայում կխախտվեն դատավարության մյուս մասնակցի իրավունքները, որը բողոք ներկայացված չլինելու պայմաններում ունի հիմնավորված և իրավաչափ ակնկալիք, որ կայացված դատական ակտը չի վերանայվելու, ինչպիսի մեխանիզմ էլ հենց սահմանված է վիճարկվող դրույթով:
37. Պատասխանողը նաև նշում է, որ իրավունքի գերակայության հիմնարար կողմերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որով պահանջվում է, inter alia, որ այն բոլոր դեպքերում, երբ դատարանները որևէ հարցի վերաբերյալ կայացնում են վերջնական դատական ակտ, այդ ակտը չպետք է կասկածի տակ դրվի: Ավելի բարձր ատյանի դատարանների կողմից գործի վերանայման լիազորությունը պետք է իրականացվի դատական սխալները և ոչ պատշաճ իրականացված արդարադատությունն ուղղելու, այլ ոչ թե նոր քննություն անցկացնելու նպատակով:
38. Պատասխանողը նշում է, որ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը կարծիք է հայտնել, որ սեփականատերերը չեն ստացել այնպիսի չափի հատուցում, որով դժվարություն չէին ունենա այլ համարժեք գույք ձեռք բերելու հարցում, և եզրակացնում է, որ ՄԻԵԴ-ի վճիռն ուղղակի արձանագրում է փոխհատուցման ավելի մեծ չափերի հնարավորություն և ոչ մի կերպ չի վիճարկում օրենքի համապատասխանության հարցը:
39. Ներկայացնելով նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած որոշ դիրքորոշումներ՝ Պատասխանողը նշում է, որ վիճարկվող դրույթը ոչ միայն չի սահմանափակում, այլ նաև բավական լայն հնարավորություն է ընձեռում այն անձանց համար, որոնք սպառել են ներպետական պաշտպանության միջոցները, սահմանված ժամկետում և կարգով բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
40. Պատասխանողը գտնում է, որ Դիմողներին ժամանակին ընձեռվել էին բոլոր հնարավորությունները՝ բողոքարկելու վճիռը վերադաս դատական ատյաններում, սակայն վերջիններս ուղղակի չեն օգտվել այդ հնարավորությունից և այժմ ձևականորեն են վիճարկել օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ինչն անթույլատրելի է:
Սահմանադրական վեճի քննության շրջանակը
41. Սույն գործը Սահմանադրական դատարանը քննում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով Դիմողների կողմից ներկայացված անհատական դիմումի հիման վրա: Հետևաբար՝ սույն գործով սահմանադրական վեճի շրջանակը որոշելու նպատակով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել վեճի առարկա իրավահարաբերությունների տեսակը: Դրանք են Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասից բխող՝ գույքի օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» հարցի կապակցությամբ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման իրավահարաբերությունները:
42. Սույն սահմանադրական վեճը ծագել է Դիմողների գույքի՝ սույն որոշման 11-14-րդ կետերում նկարագրված օտարման գործընթացում տեղ գտած իրավահարաբերություններից, որոնք հստակորեն տարբերակվում են քաղաքացիական իրավունքով կարգավորվող գույքային իրավահարաբերությունների մյուս խմբերից՝ հաշվի առնելով, որ դրանք կարգավորող քաղաքացիական օրենսդրության դրույթները (1) բացառություն են քաղաքացիական օրենսդրության հիմքում ընկած՝ կարգավորվող հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, պայմանագրի ազատության ընդհանուր սկզբունքներից2 և (2) Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «նախնական և համարժեք փոխհատուցում» ստանալու իրավունքը բացարձակ է՝ Սահմանադրությամբ երաշխավորված գույքային մյուս իրավունքների համեմատ3:
43. Հետևաբար՝ վերը նշված իրավահարաբերությունների առանձնահատուկ բնույթը պայմանավորում է սույն սահմանադրական վեճի բովանդակային շրջանակը, որն է՝ բացառապես Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասից բխող՝ հանրության գերակա շահի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության կամ դրա օրինական ակնկալիքի օտարման հարաբերություններում օտարված գույքի դիմաց փոխհատուցման պահանջի նկատմամբ դատական ակտի վերջնականության սկզբունքի կիրառմամբ արդար դատաքննության իրավունքի սահմանափակման սահմանադրականության ստուգումը:
44. Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ հանրության գերակա շահի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարվող սեփականությունը նկատի ունենալիս Սահմանադրական դատարանը, խմբագրական նկատառումներից ելնելով, սույն որոշմամբ հաջորդիվ կիրառելու է «սեփականություն» ընդհանրական եզրույթը՝ դրա ներքո ընկալելով նաև սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքը՝ որպես սեփականություն» Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով4:
45. Դիմողների առաջադրած սահմանադրական վեճը, այն է՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքի պաշտպանության կապակցությամբ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման սահմանափակումների սահմանադրականությունը, առնչվում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նյութական իրավունքի ընթացակարգային երաշխիքների ապահովման տիրույթին: Հետևաբար՝ սույն սահմանադրական վեճի շրջանակներում վիճարկվող իրավադրույթի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է ստուգման` դրա՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նյութական իրավունքի երաշխիքներին համապատասխանության տեսանկյունից:
46. Միաժամանակ, Դիմողների առաջադրած սահմանադրական վեճը, այն է՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքի պաշտպանության կապակցությամբ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման սահմանափակումների սահմանադրականությունը վերաբերում է նաև Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության իրավունքի, մասնավորապես՝ դատարան դիմելու իրավունքի սահմանափակմանը: Հետևաբար՝ սույն սահմանադրական վեճի շրջանակներում վիճարկվող դրույթի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է ստուգման նաև Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին՝ համապատասխանության առումով:
47. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը սույն սահմանադրական վեճի շրջանակը որոշում է ըստ հետևյալ հարցադրումների.
ա) արդյո՞ք վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմնական իրավունքների սահմանափակման իմաստով՝ Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված որոշակիության պահանջներին.
բ) արդյո՞ք վիճարկվող դրույթով նախատեսված՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցում վճարելու պահանջի առնչությամբ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման սահմանափակումները հետապնդում են սահմանադրաչափ նպատակ.
գ) արդյո՞ք վիճարկվող դրույթով նախատեսված՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցման պահանջի առնչությամբ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման սահմանափակումները համապատասխանում են Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքին:
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը
48. Սույն սահմանադրական վեճի լուծմանը վերաբերելի Սահմանադրության դրույթները.
Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունն (...) իրավական պետություն է»:
Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են»:
Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:
Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ»:
Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ»:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«
2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»:
49. Հաշվի առնելով, որ սույն սահմանադրական վեճի նախապատմությունից հետևում է, որ Դիմողների վկայակոչած՝ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրված խախտումը վերաբերում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց տրված փոխհատուցման անհամարժեքությանը, սույն սահմանադրաիրավական վեճի լուծման համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում որոշակիացնել դրա սահմաններում քննարկման ենթակա հիմնական իրավունքի բնույթը և դրա պաշտպանության շրջանակը:
50. Սահմանադրական դատարանն արդեն իսկ անդրադարձել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց սեփականատիրոջ՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասից բխող «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքի սահմանադրական բովանդակությանը, նշելով5.
«Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման հնարավորությունը «միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ» իրականացնելու՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքի արժեբանական բովանդակությունը Սահմանադրի կողմից՝ օտարված գույքի դիմաց տրված բառացի, դրա նկատմամբ կիրառելի պայմանականություններից զերծ, անվերապահ խոստումն է՝ ապահովելու «նախնական և համարժեք փոխհատուցում»: Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Սահմանադրության բարձրագույն ուժով և 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անմիջականորեն գործող իրավունքով պայմանավորված՝ այս խոստման իրավական բովանդակությունը, համապատասխանաբար, հանրային իշխանության համար այն ի կատար ածելու անվերապահ հանձնառությունն է: Սահմանադրի այս խոստումը, միաժամանակ, հայելային անդրադարձով հանդես է գալիս, որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության տիրոջ՝ օտարված գույքի դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի բացարձակ իրավունք:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ իրավունքի «բացարձակ», այսինքն՝ հանրային իշխանության կողմից սահմանափակման կամ այլ միջամտություններից պաշտպանված լինելու որակը չի վերաբերում Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքին որպես ընդհանուր կանոն, որը, ինչպես Սահմանադրական դատարանը նշել է սույն որոշման 5.4-5.6-րդ կետերում, սահմանափակումների և այլ միջամտությունների (ընդհուպ մինչև սեփականության իրավունքի դադարեցման) ենթակա իրավունք է (mutatis mutandis Սահմանադրական դատարանի 2010 թվականի հուլիսի 13-ի ՍԴՈ-903 որոշման 8-րդ կետը և 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման 4.4-րդ կետը)՝ պայմանով, որ սեփականության իրավունքին այդ սահմանափակումները և այլ միջամտությունները բավարարում են նման միջամտությունների սահմանադրաչափության պայմանները:
Բացարձակ իրավունքի որակը, որի նկատմամբ Սահմանադիրը բացառել է հանրային իշխանության միջամտության հնարավորությունը, այլ ընդհակառակը՝ հանրային իշխանությանը ծանրաբեռնում է այդ իրավունքի իրականացման նպատակով ձեռնարկելու դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, վերաբերում է միայն հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց օտարված գույքի սեփականատիրոջ՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքին:
(…)
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններ սահմանելու նպատակային նշանակությունը հանրային իշխանությանը պարտավորեցնելն է՝ յուրաքանչյուր ամրագրված իրավունքի ոչ միայն պաշտպանությունը, այլև դրա խախտման դեպքում պատճառված վնասների հատուցում ապահովելը (Սահմանադրական դատարանի 2017 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1383 որոշում):
Հիմնական իրավունքի արդյունավետ իրականացումը հանրային իշխանությունից պահանջում է ոչ միայն ձեռնպահ մնալ այդ իրավունքի իրականացմանը միջամտությունից, այլև դրա արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ թելադրում է նաև որոշ պոզիտիվ պարտականություններ:
Նշվածի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքի արդյունավետ իրականացման ընթացակարգային առաջնային երաշխիքն է դրա՝ արդար դատաքննության իրավունքի համապատասխան կառուցակարգերի միջոցով պաշտպանության ապահովումը:
(…)
Ինչպես վերը ներկայացվեց՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում տրամադրելու սահմանադրական երաշխիքը ենթակա չէ հանրային իշխանության հայեցողությամբ սահմանվող պայմանականություններին: Հետևաբար՝ անձի՝ իր օտարված սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը սահմանափակման ենթակա չէ՝ անկախ նման ենթադրյալ սահմանափակման նպատակից՝ «բացարձակ իրավունքը ենթակա է բացարձակ պաշտպանության» սկզբունքով»:
51. Վերը նշված դիրքորոշումը Սահմանադրական դատարանն արտահայտել էր տվյալ գործի քննության առարկա սահմանադրական վեճի շրջանակում, որն անհատական դիմումով գործի քննության առանձնահատկությունների բերումով ուներ ժամանակագրական ընդգրկվածության որոշակիացման անհրաժեշտություն՝ Սահմանադրական դատարանի դիրքորոշումները նույն գործով դիմողների նկատմամբ տեղի ունեցած իրավակիրառման նկատմամբ տեղայնացնելու նպատակով:
52. Այդուհանդերձ, նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը կատարած վերլուծության արդյունքում արձանագրել է6.
«1995 թվականի Սահմանադրության ընդունման պահից հասարակության և պետության կարիքների համար, իսկ 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով՝ սեփականության օտարման վերաբերյալ Սահմանադրությամբ նախատեսված հիշյալ հատուկ կանոնն ունեցել է բովանդակային փոփոխություններ, որոնք վերաբերել են (1) սեփականության իրավունքին միջամտության սահմանադրական նպատակի բովանդակությանը (1995 թվականից մինչև 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունները՝ «հասարակության և պետության կարիքների համար», 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո՝ «հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում», իսկ գործող Սահմանադրությամբ՝ «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով»), և (2) միջամտության իրավական հիմքին (1995 թվականից մինչև 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունները՝ «օրենքի հիման վրա», 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո՝ «օրենքով սահմանված կարգով», իսկ գործող Սահմանադրությամբ՝ «օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով»):
Մինչդեռ հանրության գերակա շահի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դեպքում սեփականության իրավունքին միջամտության համաչափության պատվիրանը կայուն հետևողականությամբ շարունակել է մնալ անփոփոխ՝ երաշխավորելով նման միջամտության դեպքում համաչափության պահպանման հրամայական պայմանը՝ «փոխհատուցումը», և վերջինիս առաջադրվող պահանջները՝ որպես միջամտության դեպքում սահմանադրական երաշխիքներ՝ «նախնական» և «համարժեք»»:
53. Վերահաստատելով հիշյալ որոշմամբ արձանագրված «հանրության գերակա շահի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դեպքում սեփականության իրավունքին միջամտության համաչափության պատվիրանը կայուն հետևողականությամբ շարունակել է մնալ անփոփոխ» եզրահանգման բերումով 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշման 5.7 և 5.9-րդ կետերում հանրության գերակա շահի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դեպքում իրավատիրոջ փոխհատուցման իրավունքի բնույթի մասով շարադրված վերլուծությունները՝ որպես 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավունքի ընդհանուր սկզբունքներ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ նույն որոշմամբ7 լուծված սահմանադրական վեճի շրջանակը սահմանափակված է եղել միայն Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասից բխող` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման այն իրավահարաբերություններում համարժեք փոխհատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառման սահմանադրականության ստուգման շրջանակով, որոնք կարգավորվել են 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը գործող իրավադրույթներով:
54. 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշմամբ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման հարաբերությունների կարգավորման պատմության ժամանակագրական հստակեցման պատճառը, ինչպես նկարագրված է նույն որոշման 4.2-րդ կետում, եղել է առանձին ժամանակաշրջաններում այս հարաբերություններին առնչվող տարբեր օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումների առկայությունը: Մասնավորապես, Սահմանադրական դատարանը նշել է8.
« (…) Առհասարակ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման իրավահարաբերությունների կարգավորման պատմությունն ունի ժամանակագրական երեք՝ տարբեր օրենսդրական ռեժիմներ նախատեսող ժամանակահատված:
Վերոհիշյալ կարգավորումների առաջին ժամանակահատվածը ներառում է 1999 թվականի հունվարի 1-ից (Քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից) մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը, երբ Սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ ուժը կորցրին հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերությունները կարգավորող առանցքային իրավական հետևյալ դրույթները.
ա) Քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածը` հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերությունների կանոնակարգման առումով Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 3-րդ, 8-րդ (1-ին մաս), 31-րդ (3-րդ մաս) և 43-րդ հոդվածների պահանջներին չհամապատասխանելու հիմքով.
բ) Հողային օրենսգրքի 104-րդ հոդվածը` հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերությունների կանոնակարգման առումով Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 8-րդ (1-ին մաս), 31-րդ (3-րդ մաս) և 43-րդ հոդվածների պահանջներին չհամապատասխանելու հիմքով.
գ) Հողային օրենսգրքի 106-րդ հոդվածը՝ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 31-րդ (3-րդ մաս), 43 և 83.5-րդ (1-ին և 2-րդ կետեր) հոդվածների պահանջներին չհամապատասխանելու հիմքով.
դ) Հողային օրենսգրքի 108-րդ հոդվածը՝ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 3-րդ, 31-րդ (3-րդ մաս) և 43-րդ հոդվածների պահանջներին չհամապատասխանելու հիմքով.
ե) Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն որոշումը` «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին», հիմքում ունենալով Քաղաքացիական օրենսգրքի 218-րդ և Հողային օրենսգրքի 104-րդ հոդվածների դրույթները, հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերությունների ենթաօրենսդրական կարգավորման առումով Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 3-րդ, 8-րդ (1-ին մաս), 31-րդ (3-րդ մաս), 43-րդ, 83.5-րդ (1-ին և 2-րդ կետեր) և 85-րդ (2-րդ մաս) հոդվածների պահանջներին չհամապատասխանելու հիմքով:
Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերությունների հաջորդ՝ երկրորդ ժամանակահատվածը ներառում է Սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման եզրափակիչ մասի 4-րդ կետով նախատեսված՝ Քաղաքացիական և Հողային օրենսգրքերի վերոհիշյալ դրույթների և Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն որոշման ուժը կորցնելու վերջնաժամկետից՝ 2006 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2006 թվականի դեկտեմբերի 29-ը (մինչև «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի (ՀՕ-185-Ն) ուժի մեջ մտնելու պահը), երբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերությունները չեն ունեցել որևէ օրենսդրական կարգավորում:
Վերջապես, հասարակության և պետության կարիքների կամ հանրային գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման իրավահարաբերությունների կարգավորման հաջորդ՝ երրորդ ժամանակահատվածը ներառում է 2006 թվականի դեկտեմբերի 30-ից մինչ օրս ժամանակահատվածը, որը ներառում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի (ՀՕ-185-Ն) ուժի մեջ լինելու ժամանակահատվածը»:
55. Հաշվի առնելով սույն սահմանադրական վեճի այն առանձնահատկությունը, որ վերջինս վերաբերում է Դիմողների գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման սահմանափակմանը՝ առանց տարբերակելու, թե օրենսդրական ո՛ր կարգավորումների հիման վրա է հանրության գերակա շահի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարվել գույքը, Սահմանադրական դատարանը սույն սահմանադրական վեճի սահմաններում արտահայտած դիրքորոշումները վերաբերելի է համարում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց՝ ՍԴՈ-1699 որոշման 4.2-րդ կետով նախատեսված ժամանակագրական բոլոր հատվածներում Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված փոխհատուցման իրավունքին:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափանիշը
56. Սույն գործով Դիմողների կողմից առաջադրված սահմանադրական վեճը վերաբերում է իրենց սեփականությունը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարվելու դիմաց տրամադրման ենթակա փոխհատուցման չափին և դրա հաշվարկման կարգին վերաբերող գործերով կայացված՝ իրենց պնդմամբ իրենց գործերին վերաբերելի դատական ակտերը նոր հանգամանքով, որը Դիմողների ներկայացրած պահանջների մասով վերջիններիս սեփականության դիմաց փոխհատուցման համարժեքության սկզբունքի խախտումը հաստատող՝ այլոց վերաբերող ՄԻԵԴ-ի վճիռն է, վերանայելու հնարավորության բացակայությանը:
57. Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ սույն որոշման 11-19-րդ կետերում ներկայացված նախապատմությունից հետևում է, որ Դիմողների վկայակոչած՝ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրված խախտումը վերաբերում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց տրված փոխհատուցման անհամարժեքությանը9, սույն սահմանադրաիրավական վեճի լուծման համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում որոշակիացնել սահմանադրական հիմնական իրավունքների սահմանափակման և դրանց պաշտպանության առնչությամբ միջազգային իրավունքի և սահմանադրական իրավունքի նորմերի հարաբերակցության հարցերը:
58. Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանադրական հիմնական իրավունքի կամ ազատության «սահմանափակման սահմանափակման» հիմնարար կանոնը նախատեսում է սահմանադրական հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման շրջանակը՝ որպես դրա առավելագույն սահման արձանագրելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված սահմանափակման չափը: Սահմանադրական սույն կանոնը տարածվում է յուրաքանչյուր սահմանադրական հիմնական իրավունքի կամ ազատության նկատմամբ և չի նախատեսում հիմնական իրավունքների և ազատությունների ցանկից որևէ բացառություն, որով հստակորեն սահմանագծում է հանրային իշխանության կողմից սահմանադրական որևէ իրավունքի կամ ազատության սահմանափակման կամ դրան միջամտության առավելագույն թույլատրելի սահմանը: Հետևաբար՝ մարդու սահմանադրական հիմնական իրավունքների կամ ազատությունների պաշտպանության հարցում Սահմանադրության և միջազգային իրավունքի հարաբերակցության այս հիմնարար սահմանադրական կանոնի ուժով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված որևէ հիմնական իրավունքի խախտում ինքնաբերաբար Սահմանադրությամբ նախատեսված համապատասխան հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման կամ այլ միջամտության առավելագույն թույլատրելի սահմանի խախտում է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված իրավունքի կամ ազատության պաշտպանության սահմանը համապատասխան հիմնական սահմանադրական իրավունքի կամ ազատության պաշտպանության «նվազագույն նշաձողն» է, որի խախտումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի, այլև Սահմանադրության խախտում է:
59. Սահմանադրական հիմնական իրավունքի կամ ազատության պաշտպանության «նվազագույն նշաձողի» սահմանման վերը նկարագրված սկզբունքի բանաձևը նույնական չէ Սահմանադրությամբ նախատեսված հիմնական իրավունքին կամ ազատությանը միջամտության արգելքների ամբողջական ծավալի համար, որը սահմանված է բացառապես Սահմանադրությամբ: Այսինքն` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության խախտման բացակայության վերաբերյալ եզրահանգումն ինքնըստինքյան չի կարող հանգեցնել Սահմանադրությամբ նախատեսված հիմնական իրավունքի կամ ազատության խախտման բացակայության վերաբերյալ եզրահանգման, քանի որ հիմնական իրավունքը կամ ազատությունը Սահմանադրությամբ կարող է ունենալ դրա պաշտպանության «նվազագույն նշաձողից» առավել բարձր պաշտպանվածության աստիճան՝ հաշվի առնելով Սահմանադրության ինքնուրույն բովանդակությունը և դրանով նախատեսված` մարդու իրավունքի կամ ազատության պաշտպանության հարցում Սահմանադրի ինքնիշխան հայեցողությունը, որը Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի իրավական բովանդակության ուժով չի կարող սահմանափակվել որևէ այլ իրավական ակտով, ներառյալ՝ միջազգային պայմանագրով, եթե նման սահմանափակման համար հիմք ծառայող իրավական ակտի համապատասխան ազդեցությունը չունի Սահմանադրությամբ ուղղակի (expresis verbis) ամրագրում:
60. Միջազգային պայմանագրով նախատեսված պաշտպանության` Սահմանադրությամբ ամրագրված վերոնշյալ «նվազագույն նշաձողի» ստանդարտը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ազգային և միջազգային իրավունքի հարաբերակցության բանաձև, ամրագրված է նաև մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտում: Մասնավորապես սույն վեճին վերաբերելի մասով՝ ՄԻԵԿ-ի 53-րդ հոդվածի համաձայն՝ ՄԻԵԿ-ի որևէ դրույթ «չի կարող մեկնաբանվել որպես մարդու այն իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակում կամ շեղում, որոնք կարող են երաշխավորվել ցանկացած Բարձր պայմանավորվող կողմից օրենսդրությամբ կամ նրա մասնակցությամբ որևէ այլ համաձայնագրով»: ՄԻԵԿ-ի սույն դրույթը բովանդակային առումով համընկնում է Սահմանադրական դատարանի կողմից սույն որոշման 58-րդ կետում արված իրավական վերլուծության այն հատվածի հետ, ըստ որի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված պաշտպանության «նվազագույն նշաձողի» ստանդարտը ՄԻԵԿ վավերացրած պետության համար բաց է պահում ներպետական մակարդակում հիմնական իրավունքին կամ ազատությանը միջամտության թույլատրելիության՝ ՄԻԵԿ-ով նախատեսվածից ավելի խիստ պահանջներ սահմանելու հնարավորությունը: Արդյունքում՝ Սահմանադրության 81-րդ հոդվածի ուժով հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման կամ այլ կերպ՝ միջամտության թույլատրելիության սահմանադրական չափանիշները կարող են առավել խիստ լինել, քան դրանք նախատեսված են ՄԻԵԿ-ով:
61. Անդրադառնալով Դիմողների կողմից Սահմանադրական դատարանին սույն գործով առաջադրած խնդրին, այն է՝ ՄԻԵԴ-ի վճռով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման գործընթացում դատարանների կողմից փոխհատուցման համարժեքության սկզբունքի խախտման արձանագրման պայմաններում նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հնարավորության սահմանափակման սահմանադրականության հարցին, Սահմանադրական դատարանը նկատում է, որ վերը ներկայացված «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» վճռով ՄԻԵԴ-ը գտել է, որ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» 2007 թվականի նոյեմբերի 1-ի Կառավարության թիվ 1279-Ն որոշման հիման վրա հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) դիմումատուներից օտարված սեփականության դիմաց տրված փոխհատուցումը (որի չափը որոշվել է օտարման ենթակա տարածքում գտնվող անշարժ գույքի գների հիման վրա) համարժեք չի եղել, որի հետևանքով՝ դիմումատուները կրել են առանձին ավելորդ բեռ, և նրանց սեփականության իրավունքը ենթարկվել է անհամաչափ սահմանափակման՝ հանգեցնելով ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտման:
62. ՄԻԵԴ-ը մասնավորապես նշել է, որ10.
« (…) այն, որ օտարման հետևանքով դիմումատուները կորցրել են իրենց եկամտի հիմնական աղբյուրը, հաշվի չի առնվել ներպետական դատարանների կողմից՝ հատկացվող փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում: Դատարանները որոշել են, որ անկախ հանգամանքներից, դիմումատուներին պետք է տրամադրվի փոխհատուցում, որի չափը որոշվել է օտարման ենթակա տարածքում գտնվող անշարժ գույքի գների հիման վրա: Նրանք չեն դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների՝ ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն բավարար էր, որպեսզի նրանք ձեռք բերեն համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին»:
63. Դիմողների՝ թիվ ԼԴ/1218/02/08, ԼԴ/1327/02/08, ԼԴ/0862/02/08, ԼԴ/0958/02/08, ԼԴ/0858/02/08, ԼԴ/1139/02/08, ԼԴ/1345/02/08, ԼԴ/1305/02/08, ԼԴ/1186/02/08, ԼԴ/1273/02/08, ԼԴ/1198/02/08, ԼԴ/0930/02/08, ԼԴ/1283/02/08 քաղաքացիական գործերով կայացված վճիռների ուսումնասիրությունից հետևում է, որ Դիմողների սեփականությունն օտարվել է Կառավարության նույն՝ 2007 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 1279-Ն որոշման հիման վրա, և, ինչպես «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով, օտարվող գույքի դիմաց փոխհատուցման հաշվարկում չի ներառված ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, ինչպես նաև հաշվի չի առնվել, թե արդյոք փոխհատուցված գումարը բավարար էր, որպեսզի նրանք ձեռք բերեին համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին:
64. Այսինքն՝ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճռով ճանաչված իրավունքի խախտման հանգամանքների բովանդակային նույնությունն է Դիմողների համար հիմք ծառայել կրկին դիմելու Հայաստանի Հանրապետության դատարաններ՝ իրենց գործերով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման բողոքներով, որոնցով հայցվող պաշտպանության առարկա նյութական իրավունքը ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված` իրենց գույքից անարգել օգտվելու իրավունքն էր:
65. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի գործով» ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա Դիմողների գործերով կայացված վճիռները վերանայելու բողոքները՝ պատճառաբանելով, որ (1) հիշյալ վճռով ՄԻԵԴ-ը չի արձանագրել անհատապես Դիմողների իրավունքների խախտման փաստը, ինչպես նաև (2) Դիմողները չեն սպառել ներպետական պաշտպանության միջոցները, ինչով էլ պայմանավորված՝ ՄԻԵԴ դիմելու իրավունք չեն ունեցել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման իրավական հիմքը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն է, որում ամրագրված պայմանները բացակայում են: Ըստ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման համար անհրաժեշտ է, որ դրանով անհատապես արձանագրվի վերանայման բողոք ներկայացրած անձի իրավունքի խախտումը, կամ իրավունքի խախտում արձանագրող ՄԻԵԴ-ի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահին վերանայման բողոք ներկայացրած անձն ունենա այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն, իսկ հիշյալ պայմանները Դիմողների պարագայում պահպանված չեն:
Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանությունը
66. Վիճարկվող դրույթի՝ որոշակիության սահմանադրական պահանջներին համապատասխանության մասով Սահմանադրական դատարանը հիշեցնում է, որ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
67. Սահմանադրական դատարանն այս սահմանադրական սկզբունքի բովանդակության բացահայտմանն ուղղված իր մեկնաբանություններում անդրադարձել է դրա տարբեր դրսևորումներին՝ սույն վեճին վերաբերելի մասով նշելով, մասնավորապես.
- «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը»11 :
- «Իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության»12:
- «Իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ»13:
- «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»14:
- «Իրավական որոշակիությունը չպետք է բացարձականացնել, և անորոշության որոշակի տարրեր պարունակող իրավակարգավորումն ինքնին խնդրահարույց չէ, որպիսի պայմաններում անհրաժեշտ որոշակիության ծավալը լրացնելու ու իրավական կարգավորման կիրառման համար անհրաժեշտ ու բավարար բովանդակություն հաղորդելու առաքելությունը վերապահված է իրավակիրառին»15:
68. Սույն գործով վիճարկվող դրույթը (Դիմողների նկատմամբ կիրառման պահին գործող խմբագրությամբ) սահմանում էր, որ նոր հանգամանքը հիմք է դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն:
69. Վիճարկվող դրույթից հետևում է, որ վերջնական դատական ակտը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռի կամ որոշման հիման վրա վերանայելու կարգավորումը, բացի համապատասխան միջազգային դատարան դիմում ներկայացրած անձից, որի դիմումի հիման վրա ընդունվել է համապատասխան միջազգային դատարանի վճիռը կամ որոշումը, նաև տարածվում է այն անձանց վրա, որոնք թեև չեն դիմել տվյալ միջազգային դատարան, սակայն համապատասխան միջազգային դատարանի վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել են նույն միջազգային դատարան դիմելու իրավունք: Այսինքն՝ վիճարկվող դրույթի կարգավորումից օգտվելու հնարավորության առկայության մասին եզրահանգման համար՝ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետության դատարանն անհրաժեշտաբար պետք պարզի, թե արդյոք միջազգային դատարանի կողմից սույն սահմանադրական վեճի շրջանակներում ՄԻԵԴ-ի կայացրած համապատասխան վճիռը կամ որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ անձն ունեցել է ՄԻԵԴ դիմում ներկայացնելու իրավունք:
70. Սահմանադրական դատարանը նկատում է, որ վիճարկվող նորմի իմաստով «ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորությունը», փակագծում կատարված հատուկ նշման բերումով վերաբերում է ոչ թե առհասարակ ՄԻԵԿ-ով նախատեսված անհատական դիմումի ընդունելիության բոլոր չափանիշներին, որոնք նախատեսված են ՄԻԵԿ-ի 35-րդ հոդվածով, այլ միայն նույն հոդվածով նախատեսված անհատական դիմում ներկայացնելու ժամկետին: Այսինքն՝ նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման դիմումի ընդունելիության մասին վիճարկվող նորմով նախատեսված չափանիշների ստուգման իմաստով օրենսդիրը հստակեցրել է, որ ՄԻԵԴ անհատական դիմում ներկայացնելու իրավական հնարավորության առկայության ստուգման նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանը պարտավոր է հստակեցնել բացառապես ՄԻԵԴ-ի վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահի դրությամբ նոր հանգամանքով դիմում ներկայացնող անձի կողմից ՄԻԵԴ անհատական դիմում ներկայացնելու համար նախատեսված ժամկետը բաց (չ)թողնելու հարցը:
71. Այս իմաստով, թե՛ ՄԻԵԴ-ի վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու, թե՛ ՄԻԵԿ-ի 34-րդ հոդվածին համապատասխան ՄԻԵԴ անհատական դիմում ներկայացնելու ժամկետները հստակորեն նախատեսված են ՄԻԵԿ-ով և ՄԻԵԴ-ի կողմից հաստատված Դատարանի կանոններով: Մասնավորապես`
1) ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կայացրած վճիռներն ու որոշումները վերջնականության որակով օժտվում, այսինքն՝ վիճարկվող նորմի իմաստով ուժի մեջ են մտնում դրանց կայացման պահից՝ ըստ ՄԻԵԿ-ի 44-րդ հոդվածի 1-ին մասի, և ՄԻԵԴ-ի կանոնակարգի համաձայն` կողմերին ուղարկվելուց բացի, նաև հրապարակվում են ՄԻԵԴ-ի ակտերի պաշտոնական տեղեկատվական շտեմարանում16:
2) ՄԻԵԴ-ի Պալատի վճիռը վերջնական է դառնում և վիճարկվող նորմի իմաստով ուժի մեջ է մտնում ՄԻԵԿ-ի 44-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններում, այսինքն՝ երբ վճռի կայացման պահից մինչև եռամսյա ժամկետի լրանալը կողմերը հայտնում են ՄԻԵԴ-ին, որ չեն պահանջում (ՄԻԵԿ-ի 43-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով) գործի հանձնում ՄԻԵԴ-ի Մեծ պալատին, կամ վճռի կայացումից երեք ամսվա ընթացքում կողմերից որևէ մեկը չի ներկայացնում ՄԻԵԿ-ի 43-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործը ՄԻԵԴ-ի Մեծ պալատին հանձնելու մասին պահանջ, կամ երբ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի հանձնախումբը մերժում է կողմ(եր)ի՝ գործը ՄԻԵԴ-ի ՄԵծ պալատ հանձնելու մասին պահանջ(ներ)ը: ՄԻԵԴ-ի Պալատի վճիռը, կողմերին պաշտոնապես ուղարկվելուց բացի, հրապարակվում է նաև ՄԻԵԴ-ի ակտերի պաշտոնական տեղեկատվական շտեմարանում, իսկ նույն շտեմարանում զետեղված դրա էլեկտրոնային տարբերակի սկզբնամասում վճռի վերջնականության մասին հատուկ նշում է կատարվում:
3) ՄԻԵԴ-ի Կոմիտեի կայացրած վճիռները և որոշումները, ՄԻԵԿ-ի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վերջնական են և, կողմերին ուղարկվելուց բացի, հրապարակվում են նաև ՄԻԵԴ-ի ակտերի պաշտոնական տեղեկատվական շտեմարանում:
4) ՄԻԵԴ-ի կողմից, ՄԻԵԿ-ի 37-րդ և 39-րդ հոդվածների համաձայն, գործը քննվող գործերի ցուցակից՝ թույլ տրված խախտումը պատասխանող պետության միակողմանի հայտարարությամբ ճանաչվելու հիմքով կամ բարեկամական կարգավորման հիմքով հանելու դեպքում` ՄԻԵԴ-ը կայացնում է համապատասխան որոշում, որը վերջնական է, և, կրկին, հրապարակվում է նաև ՄԻԵԴ-ի իրավական ակտերի պաշտոնական տեղեկատվական շտեմարանում:
72. Հետևաբար` ՄԻԵԴ-ի համապատասխան վճռի կամ որոշման, ինչպես նաև դրա վերջնականության մասին ՄԻԵԴ-ի ակտերի պաշտոնական տեղեկատվական շտեմարանում հրապարակումների պայմաններում հաջորդ պայմանը, որը վիճարկվող նորմը կիրառող դատարանը պետք է պարզի, այն է, թե արդյո՞ք ՄԻԵԴ-ի համապատասխան վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահի դրությամբ սպառված չի եղել նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնող անձի գործով ՄԻԵԿ-ի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը, որը Դիմողների կողմից նոր հանգամանքով իրենց նկատմամբ կայացված դատական ակտերի վերանայման բողոքներ ներկայացնելու պահի դրությամբ եղել է 6 ամիս17:
73. Սահմանադրական դատարանն ընդգծում է նաև այն հանգամանքը, որ ՄԻԵԿ-ի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անհատական դիմում ներկայացնելու ժամկետը ՄԻԵԿ-ի համակարգում անհատական դիմումի ընդունելիության այնպիսի պահանջ է, որի իրավական բովանդակության, ներառյալ նաև` ժամկետի հաշվարկի սկիզբ համարվող ներպետական վերջնական որոշման որոշակիացումը, և այդ ժամկետը բաց թողնելու դեպքում դրա վերականգնման հարցում դատական մեկնաբանության իրավազորությունը և ՄԻԵԿ-ի հիշյալ դրույթի կիրառման կապակցությամբ իրավունքի ձևավորումը վերապահված են ՄԻԵԴ-ի բացառիկ իրավասությանը: Այսինքն՝ այն հարցերում, թե ՄԻԵԿ-ի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը ո՛ր պահից է ենթակա հաշվարկման, և ի՛նչ հնարավոր բացառություններ են թույլատրելի նման ժամկետը բաց թողնելու դեպքում՝ ՄԻԵԴ ներկայացված անհատական դիմումն այդուամենայնիվ ընդունելի համարելու համար, վերջնական որոշումը վերապահված է ՄԻԵԴ-ին: Այս կապակցությամբ, վիճարկվող դրույթի «ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխանությունը» ձևակերպումը մեկնաբանելիս ՄԻԵԿ-ի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետի թե՛ հաշվարկի և թե՛ այն բաց թողնելու վերաբերյալ ներպետական դատարանների դատողությունները պետք է կատարվեն միայն ՄԻԵԴ-ի ձևավորած իրավունքի լույսով` մասնավորապես հաշվի առնելով նաև այն դեպքերը, երբ ներպետական վերջնական որոշումից հետո նախատեսված վերջնաժամկետի լրանալուց հետո դիմումը, այնուամենայնիվ, կարող է ընդունելի համարվել ՄԻԵԴ-ի կողմից18:
74. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողների կողմից որպես նոր հանգամանք դիտարկված «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական դառնալու պահի դրությամբ՝ 2019 թվականի հունվարի 11-ին (որը Դիմողների քաղաքացիական գործերով վերջին ներպետական դատական ակտի կայացման ամսաթվին ամենամոտ ամսաթիվն է, հետևաբար նաև` նրանց համար հաշվարկի առավելագույն բարենպաստ տարբերակը), անցել էր շուրջ 10 տարի այն պահից ի վեր, երբ Դիմողների գործերով կայացվել էին այն դատական ակտերը, որոնք վերջիններս նոր հանգամանքով պահանջել էին վերանայել: Միաժամանակ, Դիմողների կողմից նոր հանգամանքով իրենց նկատմամբ կայացված դատական ակտերի վերանայման բողոքներում չէին վկայակոչվել այնպիսի բացառիկ հանգամանքներ, որոնք, ՄԻԵԿ-ի 35-րդ հոդվածով նախատեսված ընդունելիության այլ չափանիշները բավարարելն անտեսելու պայմաններում, կարող էին իրենց նկատմամբ կայացված դատական ակտերը նոր հանգամանքով վերանայելու իրավասությամբ օժտված դատարանների կողմից հիմք ընդունվել ՄԻԵԿ-ի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 6-ամսյա ժամկետի այնպիսի հաշվարկի համար, որն արդարացներ վերջնական ներպետական որոշումների, այսինքն` նրանցից յուրաքանչյուրի գործով այն դատական ակտերի, որի վերանայման բողոք էին ներկայացրել Դիմողները իրենց վերաբերելի գործերով, ուժի մեջ մտնելուց ավելի քան 10 տարի անց համապատասխան ժամկետը բաց թողնելը:
75. Սահմանադրական դատարանը, միաժամանակ, նկատում է, որ Դիմողների գործերով դատարանները, ինչպես մեջբերված է սույն որոշման 16-18-րդ կետերում, դուրս են եկել վիճարկվող դրույթով պահանջվող՝ ՄԻԵԿ-ի 35-րդ հոդվածի 1-ին մասի բացառապես ժամկետային չափանիշին համապատասխանությունը ստուգելու շրջանակից և Դիմողների նկատմամբ վիճարկվող նորմի կիրառմամբ նրանց գործերով վերջնական դատական ակտերի վերանայման բողոքները մերժել են նաև վերջիններիս կողմից ներպետական միջոցները չսպառելու մասին ՄԻԵԿ-ի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշը չբավարարելու հիմքով: Սակայն այս հանգամանքն ինքնին վիճարկվող նորմի որոշակիությունը չի նվազեցնում, թեպետ այն կիրառության ընթացքում այլ մեկնաբանության է արժանացել դատարանների կողմից:
76. Այսպիսով, Սահմանադրական դատարանը, վիճարկվող դրույթի նկատմամբ Դիմողներին վերաբերող անհատական հանգամանքների տարածմամբ, գտնում է, որ օրենսդիրը վիճարկվող դրույթը սահմանել է բավարար հստակությամբ, և անձը ողջամտորեն ի վիճակի է կանխատեսելու իր վարքագծի հետևանքները: Նման պայմաններում վիճարկվող դրույթը որոշակիության առումով խնդրահարույց չէ:
Սահմանափակումների նպատակի սահմանադրաչափության մասին
77. Վիճարկվող նորմով հետապնդվող նպատակի սահմանադրաչափության մասով Սահմանադրական դատարանը դատական ակտերի վերջնականության սկզբունքը դիտարկում է որպես իրավական որոշակիության ապահովման առանցքային երաշխիքներից մեկը, որի բովանդակությունը օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ հանրային իշխանության և մասնավոր անձանց կողմից անվիճարկելիության մասին ընդհանուր կանոնն է19:
78. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության սկզբունքի ուժով ապահովվող իրավական որոշակիության ընդհանուր սահմանադրական սկզբունքի նպատակն արդարադատության համակարգի և դրա ստեղծած արդյունքի՝ տրված վերջնական լուծման կայունությունն է, ինչպես նաև դատարանի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը20: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության սկզբունքից բխում է, որ որևէ սուբյեկտ չի կարող պահանջել դրա վերանայում միայն գործի կրկնակի քննության և նոր լուծում տալու նպատակով: Սահմանադրական դատարանը փաստում է, որ այդուհանդերձ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերջնականության սկզբունքը չունի բացարձակ բնույթ, և դրանից հնարավոր են բացառություններ, եթե այդ սկզբունքից շեղումը պայմանավորված է էական և ծանրակշիռ հիմնավորումներով: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայումը չպետք է հանգեցնի քողարկված վերաքննության, և միայն այն, որ գործի լուծման կամ պատճառաբանությունների վերաբերյալ կան դատարանի որոշմամբ արտահայտվածից տարբեր տեսակետներ, չի կարող հիմք հանդիսանալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման համար21:
79. Արձանագրելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերջնականության սկզբունքը չունի բացարձակ բնույթ, և դրանից հնարավոր են բացառություններ, եթե այդ սկզբունքից շեղումը պայմանավորված է էական և ծանրակշիռ հիմնավորումներով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման հիմնավորումներ են, մասնավորապես, այնպիսիք, որոնց անտեսումը կարող է բերել հիմնական իրավունքի կամ ազատության պաշտպանության շրջանակին վերաբերող իրավական վեճերով դրանց խախտումների նկատմամբ Սահմանադրության գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի հանդուրժողականության:
80. Սահմանադրական դատարանը շեշտում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերջնականության սկզբունքից ցանկացած բացառություն պետք է ունենա այնպիսի ծանրակշիռ հիմնավորումներ, որոնց առկայությունն անհատական իրավունքի կամ ազատության պաշտպանության և արդարադատության համակարգի կայունության մրցակցող շահերի պայմաններում բացառում է որևէ կասկածի հնարավորությունն առ այն, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության սկզբունքից նահանջը կարող է արդարացված լինել:
81. Հաշվի առնելով վերոնշյալ եզրահանգումները՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) Դիմողների սեփականության օտարման դիմաց փոխհատուցման իրավունքի պաշտպանությանն ուղղված դատավարական միջոցին, (որը սույն դեպքում պետք է լիներ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայումը), հասանելիությունը սահմանափակված է եղել Դիմողների կողմից վիճարկվող դրույթով, որի նպատակը օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերջնականության սկզբունքի ապահովման միջոցով իրավական որոշակիության երաշխավորումն է՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև արդարադատության կայունության և դատարանի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման նպատակներով:
Սահմանադրության 78-րդ հոդվածին համապատասխանությունը.
82. Ինչ վերաբերում է վիճարկող դրույթով նախատեսված սահմանափակումներով հետապնդվող սահմանադրաչափ նպատակի և ընտրված միջոցների միջև արդարացի հավասարակշռության ապահովմանն ուղղված՝ Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության պահանջին վիճարկվող դրույթի համապատասխանությանը, ապա Սահմանադրական դատարանի վերլուծությունը, իր կողմից զարգացրած իրավունքի հաշվառմամբ, պետք է ներառի նաև հիշյալ արդարացի հավասարակշռության համար էական կարևորություն ունեցող այնպիսի հանգամանքները, որոնց անտեսումը կարող է հանգեցնել վիճարկվող դրույթով նախատեսված սահմանափակումների՝ հետապնդվող նպատակներին հակառակ կիրառության:
83. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերջնականության սկզբունքից բացառություններին և դրանց կառուցակարգային առանձնահատկություններին առնչվող սահմանադրական վեճերի քննության արդյունքներով Սահմանադրական դատարանը, սույն սահմանադրական վեճի շրջանակին վերաբերելի՝ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման համատեքստում ձևավորել է իրավական դիրքորոշումներ, մասնավորապես նշելով, որ`
- «Նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի նպատակը հակասահմանադրական ճանաչված օրենքի կիրառման հետևանքով անձանց խախտված սահմանադրական և [Մարդու իրավունքների եվրոպական] Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների վերականգնումն է: Այսինքն` նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտն անձանց խախտված իրավունքների վերականգնման իրավական կարևոր միջոց է»22:
- «Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի ողջ բովանդակությունը հանգում է նրան, որ այդ ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական իրավունքների վերականգնումը: Խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում, խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու դեպքում: Հետևաբար, դատական ակտի վերանայման վարույթը` որպես անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնման միջոց, պետք է հանգեցնի իրավունքը խախտած դատական ակտի իրավաբանական ուժը կորցնելուն»23:
- «Նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման վարույթի շրջանակներում իրականացվում է օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի առկայության պայմաններում խախտված իրավունքի վերականգնման գործառույթ, որն ունի իր ուրույն խնդիրներն ու նպատակները: Այս գործառույթի արդյունավետ իրականացումը կարող է ապահովվել հաշվի առնելով դրա բովանդակությամբ, խնդիրներով ու նպատակներով պայմանավորված առանձնահատկությունները, բացառելով հակասահմանադրական նորմ բովանդակող վերանայվող դատական ակտն ուժի մեջ թողնելու հնարավորությունը»24:
- «Չնայած այն հանգամանքին, որ Սահմանադրական դատարանն իր մի քանի որոշումներում արձանագրել է Հայաստանի Հանրապետությունում նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորման անարդյունավետությունը, այնուամենայնիվ, այդ ինստիտուտը շարունակում է մնալ անկատար: Նշված հանգամանքը նկատի ունենալով` սահմանադրական դատարանը սույն գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարում ընդգծել նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման ողջ մեթոդաբանության հիմնավոր վերարժևորման անհրաժեշտությունը` գտնելով, որ այդ ինստիտուտի իրավակարգավորման մեթոդաբանությունը պետք է խարսխվի պետության` Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան պաշտպանելու պարտավորության հենքի վրա:
(…)
(…) դատական ակտերի վերանայման արդյունավետ ինստիտուտի գոյությունը ևս պետք է հիմնվի այն տրամաբանության վրա, որ պետությունը պետք է ապահովի խախտված իրավունքների վերականգնումը, քանզի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտավորությունը ենթադրում է, որ պետությունն ինքն է պատասխանատու դատական ակտերով խախտված իրավունքների վերականգնման համար: Պետության նման պարտավորության կատարումն ապահովելու բավականին արդյունավետ միջոց է դատական ակտերի վերանայումն իրավունքի ուժով»25:
- «Նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման ինստիտուտի արդյունավետ կիրառումը պահանջում է նաև իրավական մշակույթի անհրաժեշտ մակարդակ: Առաջին հերթին խնդիրն առնչվում է մարդու իրավունքների ապահովման ու պաշտպանության հարցում պետության պոզիտիվ պարտականության կատարմանը: Եթե հակասահմանադրական նորմի կիրառմամբ է անձի նկատմամբ դատական ակտ կայացվել, ապա ոչ միայն անխուսափելի պետք է լինի այդ ակտի բեկանումը, այլև արդարադատության խնդիրն է նոր հանգամանքներում դատական ճշմարտության բացահայտումը»26:
- «Նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայումն այն բացառիկ դեպքերից է, երբ անձի իրավունքների պաշտպանությունն ապահովելու և Սահմանադրական դատարանի որոշումների ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման նպատակները գերակայում են res judicata դոկտրինայի հիմքում ընկած սկզբունքների, մասնավորապես` իրավական որոշակիության սկզբունքի, նկատմամբ:
(…)
Ելնելով վերոհիշյալից` Սահմանադրական դատարանն արձանագրում է , որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման պահանջի մերժումը չի կարող հիմնավորվել res judiacata դոկտրինայի, մասնավորապես, դրա հիմքում ընկած իրավական որոշակիության սկզբունքի պահպանման նկատառումներով և անհրաժեշտությամբ»27:
- «(…) այն դեպքում, երբ անձի կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, անձը պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման նպատակով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու հնարավորություն»28:
84. Վերահաստատելով հիշյալ դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայումն այդ ակտերով խախտված սահմանադրական իրավունքի պաշտպանության (վերականգնման) միջոց է, և անձը, որի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով, պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման նպատակով դատական ակտերի վերանայման բողոք ներկայացնելու հնարավորություն՝ համապատասխան իրավունքի խախտումը Սահմանադրական կամ միջազգային դատարանի կողմից կայացված որոշմամբ արձանագրվելու կամ ճանաչվելու դեպքում՝ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում: Սահմանադրության 3-րդ հոդվածի, ՄԻԵԿ-ի 1-ին հոդվածի ուժով՝ հիմնական իրավունքի խախտման արձանագրումը պետությանը պարտավորեցնում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տեղ գտած խախտումը վերացնելու համար և վերականգնել մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum), ինչն ապահովող ընթացակարգային գործիքներից է նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը, եթե չկա այդ իրավունքի վերականգնման այլ համարժեք արդյունավետ այլընտրանք:
85. Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում նոր հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման ինստիտուտը, պայմանավորված դրա ներգործության սուբյեկտային կազմով, ունի առավելապես «ուղղահայաց», իսկ սահմանափակ դեպքերում նաև՝ «հորիզոնական» ազդեցություն: Նոր հանգամանքով վերջնական դատական ակտի վերանայման «ուղղահայաց» ազդեցությունը տարածվում է այն գործերի վրա, որոնցով նոր հանգամանք հանդիսացող Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, դատարանի կամ միջազգային դատարանի որոշումը կամ դատական ակտը կամ վճիռը կայացվել է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնող անձի մասնակցությամբ վարույթի արդյունքով: Մինչդեռ նոր հանգամանքով վերջնական դատական ակտի վերանայման «հորիզոնական» ազդեցությունը վերաբերում է այն իրավիճակներին, երբ թեպետ նոր հանգամանքի հիմք հանդիսացող որոշմանը կամ դատական ակտին կամ վճռին հանգեցրած վարույթին անձը չի մասնակցել, այդուամենայնիվ, նոր հանգամանքով իր գործով կայացված դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունքից օգտվում է:
86. Սույն որոշման 83րդ կետում նշված Սահմանադրական դատարանի դիրքորոշումներն ուղենիշներ են պարունակում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերջնականության սկզբունքից բացառությունների վերաբերյալ, որոնք առնչվում են ինչպես նոր հանգամանքի «ուղղահայաց», այնպես էլ՝ «հորիզոնական» ազդեցության դեպքերին, եթե նման ազդեցությունը նախատեսված է օրենսդրի կողմից:
87. Սահմանադրական դատարանը նույնպես անդրադարձել է նոր հանգամանքի «հորիզոնական» ազդեցության դեպքերին, երբ սահմանադրական վեճի առարկա է եղել Սահմանադրական դատարանի որոշման ազդեցությունը՝ որպես նոր հանգամանք: Մասնավորապես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված է Սահմանադրական դատարանի որոշման «հորիզոնական» ազդեցության հատուկ դեպք, երբ Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը դեռևս պահպանած անձինք իրավունք են ստանում Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման՝ որպես նոր հանգամանքի, հիմքով ներկայացնել դատական ակտի վերանայման բողոք: Իր հերթին, Սահմանադրական դատարանի 2022 թվականի մարտի 29-ի ՍԴՈ-1645 որոշմամբ նշյալ իրավանորմը ճանաչվել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի՝ նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը:
88. Նշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն առանձնացրել է այդ որոշման ազդեցության շահառուների երեք խումբ: Դրանք են՝
«1) անձինք, որոնց նկատմամբ համապատասխան դրույթը վերջնական դատական ակտով կիրառվել է, և նրանք դատական պաշտպանության միջոցներն սպառել են մինչև այլ անձի դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվելու օրը և այդ օրվա դրությամբ չեն կորցրել Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը (օրենքով սահմանված ժամկետն ավարտվելու հետևանքով). նշված անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման այն դեպքում, երբ այդ դատական ակտով կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթն այլ անձի դիմումի հիման վրա ճանաչվել է Uահմանադրությանը հակաuող և անվավեր կամ միայն Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող.
2) անձինք, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են այլ անձի դիմումի հիման վրա գործով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հրապարակումից հետո, այսինքն՝ նրանց մասնակցությամբ դատական գործընթացները Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը հրապարակելու դրությամբ դեռևս ընթանում էին. նշված անձանց մասնակցությամբ գործերով դատարանները պետք է առաջնորդվեն Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ, դրանով արտահայտված դիրքորոշումներով, ինչը բխում է Սահմանադրության գերակայությունն ապահովելու՝ Սահմանադրական դատարանի առաքելությունից (Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մաս) և անհրաժեշտ է իրավական անվտանգության ապահովման համար.
3) անձինք, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են այլ անձի դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվելու և այդ դիմումի հիման վրա գործով Սահմանադրական դատարանի կողմից որոշումը հրապարակելու միջև ընկած ժամանակահատվածում, և [«Սահմանադրական դատարանի մասին»] սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն զրկված են եղել Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունից: Նշված անձինք, ըստ ներկայումս գործող իրավակարգավորումների, այլ անձի դիմումի հիման վրա գործով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա չեն կարող պահանջել իրենց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի՝ նոր հանգամանքի հիմքով վերանայում»29:
89. Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև որոշակի պայմանների բավարարման դեպքում Սահմանադրական դատարանի որոշումների ex post կիրառումը Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առարկայական տիրույթում գտնվող անձանց նկատմամբ՝ առաջացնելով նոր հանգամանքով գործի նորոգման հնարավորության իրավական հետևանք, ինչը Սահմանադրության գերակայության երաշխավորման եղանակներից մեկն է:
90. Բացի դրանից, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 13-14-րդ մասերով նախատեսված է Սահմանադրական դատարանի որոշումների կիրառման «հորիզոնական» ազդեցության այլ կառուցակարգ՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ հանրության կամ պետության համար հնարավոր ծանր հետևանքները կանխարգելելու անհրաժեշտության դեպքում: Այդ դեպքում անձը հնարավորություն ունի նոր հանգամանքի հիմքով վարչական կամ դատական կարգով վերանայման դիմում ներկայացնել Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված՝ իր նկատմամբ ընդունված վարչական կամ դատական ակտերի վերաբերյալ, որոնցով կիրառված իրավանորմը Սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր:
91. Սույն գործով Դիմողների առաջադրած սահմանադրական վեճի առանցքային հարցը վերաբերում է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման իրավական մեխանիզմի հորիզոնական այնպիսի կիրառությանը, որը չի տեղավորվում վիճարկվող դրույթով սահմանված շրջանակում՝ դրանում նախատեսված սահմանափակումների բերումով: Հետևաբար` Սահմանադրական դատարանի խնդիրն է ստուգել, թե որքանով է արդարացված Դիմողների իրավունքների պաշտպանության համար նախատեսված դատավարական հնարավորության սահմանափակումը, և որքանով է նման սահմանափակումը համատեղելի Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի երաշխիքների հետ, ինչին անդրադառնալու նպատակով Սահմանադրական դատարանն առաջին հերթին հարկ է համարում քննարկել Դիմողների՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» իրավունքի սահմանադրական բովանդակությունը:
92. Սահմանադրական դատարանն արդեն իսկ անդրադարձել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված՝ գույքի իրավատիրոջ փոխհատուցման պահանջի բնույթին՝ արձանագրելով, որ այն իր բնույթով բացարձակ իրավունք է: Այսպես՝ Սահմանադրական դատարանը 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշմամբ, մասնավորապես, նշել է30.
«Համաչափության սահմանադրական ընդհանրական սկզբունքի ամրագրման պայմաններում դրա հաստատման միջոցի և վերջինիս առաջադրվող որակական պահանջների սահմանադրական հստակ և բառացի (expresis verbis) ամրագրումը Սահմանադրությամբ՝ որպես Սահմանադրության 2-րդ գլխում նախատեսված բոլոր այլ իրավունքների միջամտության սահմանադրաչափ պայմանների ընդհանրականության կանոնից բացառություն, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց փոխհատուցումն այսպիսով վերածվում է Սահմանադրության ուղիղ հրամայականի, որի կատարման նկատմամբ ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր և ո՛չ էլ դատական իշխանությունը չունի միջամտության, ներառյալ նաև՝ այն սահմանափակելու հայեցողություն31»:
93. Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված փոխհատուցման իրավունքի բնույթի վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշման 5.7-րդ կետում շարադրված դիրքորոշումները վերահաստատելով հանդերձ՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով բացահայտել նաև Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «նախնական» և «համարժեք» փոխհատուցման սկզբունքների սահմանադրական բովանդակությունը, քանի որ սահմանադրական այս սկզբունքների ապահովման համատեքստում է Դիմողների կողմից բարձրացվում վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցը:
94. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դեպքում համարժեք փոխհատուցման սահմանադրական սկզբունքն ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասում: Այս երաշխիք-սկզբունքի նպատակային նշանակությունը հանրային իշխանության կողմից հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների ապահովման համար) սեփականության օտարման տեսքով միջամտության հետևանքների չեզոքացումն է գույքի իրավատիրոջ համար՝ երաշխավորելով, որ վերջինս չկրի իր կամքին հակառակ գույքից զրկվելու հետ կապված անհամաչափորեն ծանր բեռ: Փոխհատուցման ենթակա գումարի համարժեքության բանաձևը պետք է իրավատիրոջ համար ապահովի ազատ շուկայական գնագոյացման պայմաններում նույնանման գույքի ձեռքբերման հնարավորությունը, ինչպես նաև՝ միջամտության հետևանքով իրավատիրոջ կողմից կատարվելիք անհրաժեշտ ծախսերի և գույքի օտարմամբ կորսվելիք ողջամտորեն հնարավոր եկամուտների ծածկումը:
95. Սույն որոշման 58-60 կետերում շարադրված՝ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակության վերաբերյալ արված վերլուծությունների կիրառմամբ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ «համարժեք» փոխհատուցման սկզբունքը, որպես սեփականության պաշտպանության ինքնուրույն երաշխիք, Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակային ծավալում ներառված է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրով՝ ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ուժով32:
96. Սույն գործի դատավարական նախապատմությանը վերաբերելի մասով Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՄԻԵԴ-ը նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ օտարվող գույքը հանդիսանում է «աշխատանքի միջոց» (ֆրանսերեն՝ «l’outil de travail») հատուցումը չի կարող համարվել համարժեք, եթե որևէ պատճառով հատուցում չի տրամադրվում օտարման կապակցությամբ սեփականատիրոջ կրած կորուստների դիմաց33: Հիշյալ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հոկտեմբերի 11-ի վճռով34 ՄԻԵԴ-ը, վերահաստատելով իր դիրքորոշումը, նշել է, որ`
«(...) կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ տվյալ անշարժ գույքի շուկայական գինն արտահայտող փոխհատուցումը` նույնիսկ օրենքով սահմանված լրացուցիչ տոկոսի ավելացմամբ, չի համարվի բավարար փոխհատուցում` գույքից զրկելու դիմաց: Դատարանը կարծում է, որ նման իրավիճակ կարող է առաջանալ, մասնավորապես, այն դեպքում, երբ անձը զրկվում է իր եկամտի հիմնական, եթե ոչ միակ աղբյուրից, և առաջարկվող փոխհատուցումը չի համապատասխանում այդ կորստին (...)»:
97. Հաջորդիվ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման ձևով միջամտությունը կարող է իրավատիրոջ վրա դնել նաև լրացուցիչ հոգսեր և նրան պատճառել անհարմարություններ, ինչի բերումով համարժեքորեն փոխհատուցման կիրառելի բանաձևը պետք է ներառի նաև գույքի իրավատիրոջ կողմից անհրաժեշտաբար կատարվելիք ծախսերը, որը հարկավոր է իրավատիրոջը` գույքի օտարումից ածանցվող լրացուցիչ բեռից ազատ լինելու համար:
Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) գույքն օտարելիս սեփականատիրոջը վճարվող փոխհատուցումը կարող է համարվել Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «համարժեք», եթե դրանում հաշվառված է նաև գույքի օտարումից ածանցվող՝ սեփականատիրոջ կողմից անհրաժեշտաբար կատարվող բոլոր ողջամիտ ծախսերի դիմաց փոխհատուցումը:
98. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դեպքում նախնական փոխհատուցման պահանջի` որպես Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով ուղղակիորեն ամրագրված սկզբունք-երաշխիքի նպատակը գույքի իրավատիրոջը համարժեք փոխհատուցման ապահովումն է օտարման պահի դրությամբ: Սեփականության դիմաց փոխհատուցման նախնականության երաշխիքը կոչված է ապահովելու տրամադրված կամ տրամադրման ենթակա համարժեք փոխհատուցումն այն հաշվարկով, որ գույքի իրավատերն իր գույքի օտարման պահին ունենա դրա համարժեք փոխհատուցումը և չկրի փոխհատուցման ուշացման դեպքում օտարված գույքի տնտեսական արժեքի կամ կատարման ենթակա սույն որոշման 97-րդ կետում նշված ծախսերի գումարի հետագայում ի վնաս իրեն շուկայական արժեքի հնարավոր փոփոխության անբարենպաստ հետևանքները:
99. Հետևաբար՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավահարաբերությունները կարգավորող ինչպես օրենքները, այնպես էլ իրավակիրառ պրակտիկան իրենց հիմքում որպես ելակետ պետք է ունենան փոխհատուցման համարժեքության վերաբերյալ սույն որոշման 94-98 կետերում նկարագրված սահմանադրական չափանիշները:
100. Սահմանադրական դատարանը չի կարող անտեսել նաև այն հանգամանքը, որ բացի ՍԴՈ-1699 որոշման 5.10-րդ կետում թվարկված ՄԻԵԴ-ի վճիռներից և որոշումներից, որոնք վկայում են Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին վերաբերող մի շարք գործերով ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրավունքը՝ նույն դրույթով նախատեսված ապահովության աստիճանի չափով Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների կողմից չերաշխավորվելու մասին, նույն անհատական իրավունքի խախտումները շարունակաբար արձանագրվել են նաև 2006 թվականի նոյեմբերի 27-ի «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՕ-185-Ն օրենքի ընդունումից հետո՝ այդ օրենքի դրույթների կիրառմամբ լուծված գործերով կայացված ՄԻԵԴ-ի վճիռներով և որոշումներով: Մասնավորապես, սակայն չսահմանափակվելով միայն թվարկվածով.
1) «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ համապատասխան օրենսդրությամբ նախատեսված փոխհատուցման պայմանները հատուկ նշանակություն ունեն գնահատելու համար, թե արդյոք վիճարկվող միջոցառմամբ ապահովվում է անհրաժեշտ արդարացի հավասարակշռությունը և, մասնավորապես, արդյոք այն անհամաչափ բեռ է առաջացնում դիմումատուների համար35: Արդյունքում ՄԻԵԴ-ը ճանաչել է ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում այն հիմքով, որ դիմումատուների սեփականության իրավունքին պետության միջամտությունը համաչափ չի եղել: Մասնավորապես, [փոխհատուցման չափը որոշելիս] ներպետական դատարանների կողմից հաշվի չի առնվել, որ [հողամասի] օտարման հետևանքով դիմումատուները կորցրել են իրենց եկամտի հիմնական աղբյուրը: Դատարանների կողմից չի դիտարկվել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների՝ ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն բավարար էր, որպեսզի նրանք ձեռք բերեն համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին:
2) «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի»36, «Ռամազյանն ընդդեմ Հայաստանի»37, «Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի»38, «Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի»39, «Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի»40, «Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի»41, «Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի»42 գործերով ՄԻԵԴ-ը ճանաչել է ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում այն հիմքով, որ դիմումատուների սեփականության իրավունքին պետության միջամտությունը համաչափ չի եղել: Մասնավորապես` դատարանների կողմից չի դիտարկվել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների՝ ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն բավարար կլինի, որ նրանք ձեռք բերեն համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում են: Ըստ այդմ, ՄԻԵԴ-ը գտել է, որ դիմումատուներն ստիպված են եղել ավելորդ առանձին բեռ կրել:
3) «Կարինե Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում այն հիմքով, որ գույքից զրկելը չի կատարվել տվյալ ժամանակահատվածում գործող «օրենքով նախատեսված պայմանների» համաձայն: Մասնավորապես` ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դիմումատուի գույք հանդիսացող բնակարանը գործող օրենսդրությամբ օտարման ենթակա չէր, ինչի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ: Միաժամանակ, հաշվի առնելով օտարված գույքը քանդված լինելու հանգամանքով պայմանավորված` մինչև իրավունքի խախտումն առկա դրությունը վերականգնելու անհնարինությունը` ՄԻԵԴ-ը, կիրառելով ՄԻԵԿ-ի 41-րդ հոդվածը, դիմումատուին շնորհել է ներպետական ընթացակարգով նախատեսված համարժեք փոխհատուցման բանաձևին համապատասխան հաշվարկված փոխհատուցում43: «Ղուկասյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում այն հիմքով, որ սեփականությունից զրկելը չի ուղեկցվել կամայականության դեմ բավարար դատավարական երաշխիքներով44:
4) «Նալթակյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում այն հիմքով, որ ներպետական դատարանները չեն անդրադարձել դիմումատուների փաստարկներին առ այն, որ որպես գյուղական տարածքում ապրող մարդիկ` նշված հողը նրանց գործունեության և գոյության միջոցն էր, և ոչ էլ հաշվի են առել փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում այն առումով, որ նրանք չեն անդրադարձել այն հարցին, թե արդյոք տրվող փոխհատուցումը ծածկելու էր դիմումատուների իրական կորուստը, կամ արդյոք այն առնվազն բավարար էր, որ նրանք իրենց բնակության տարածքում համարժեք հող ձեռք բերեին: Ըստ այդմ` ՄԻԵԴ-ը գտել է, որ դիմումատուներն ստիպված են եղել ավելորդ առանձին բեռ կրել45:
101. Վերը նշված գործերով ՄԻԵԴ-ի ակտերում կատարված վերլուծությունները և եզրահանգումները վկայում են, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով գույքի օտարման նույն գործերով դիմումատուների իրավունքներին միջամտության ընթացքում փոխհատուցման համարժեքության ապահովման խնդիրը կրել է համակարգային բնույթ: Թեպետ ՄԻԵԴ-ի իրավազորության շրջանակում վերը նշված, ինչպես նաև ՍԴՈ-1699 որոշման 5.10-րդ կետում թվարկված գործերով դիմումատուների անհատական իրավունքների պաշտպանության հարցը քննվել է ՄԻԵԿ-ի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի սահմաններում, սույն որոշման 57-59 կետերում Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշման լույսի ներքո, ՄԻԵԿ-ի իրավունքի` արձանագրված խախտումները հանդիսանում են նաև Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավունքի խախտումներ: Միայն ՄԻԵԴ-ի կայացրած դատական ակտերով ճանաչված իրավունքների խախտումների ժամանակագրությունից հետևում է, որ դրանք տեղ են գտել սկսած 2000-ական թվականների առաջին կեսից՝ առանց այդ խախտումների հետևանքների վերացման ներպետական իրավունքով ընձեռված երևելի հեռանկարի:
102. Բացի սեփականության պաշտպանության իրավունքի խախտումների ժամանակագրական լայն ընդգրկումից, ՄԻԵԴ-ի համապատասխան ակտերով արձանագրված համակարգային խնդիրներ ունեցող գործընթացներն անմիջապես առնչվել են անձանց լայն շրջանակի: Այսպես, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) Կառավարության կողմից կայացվել են սեփականության օտարման որոշումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել մեծ թվով անձանց վրա: Մասնավորապես, բայց չսահմանափակվելով, Կառավարության կողմից կայացվել են՝
1) «Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» Կառավարության 2001 թվականի հուլիսի 16-ի N 645 որոշումը, որի հիման վրա պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ)՝ Երևանի կենտրոնում տարածքի օտարման գոտու մակերեսը կազմել է 82.700 քառ. մետր:
2) «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն որոշումը, որի հիման վրա պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ)՝ Երևանի կենտրոնում տարածքի օտարման գոտու մակերեսը կազմել է 345.000 քառ. մետր:
3) «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար հողամասեր վերցնելու մասին» Կառավարության 2004 թվականի մարտի 31-ի 411-Ն որոշումը, որի հիման վրա պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ)՝ Երևանի կենտրոնում տարածքի օտարման գոտու մակերեսը կազմել է 49944.8 քառ. մետր:
4) «Երևանի Գլխավոր պողոտայի` Փավստոս Բուզանդի փողոցին հարող տարածքներում կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար հողամասեր վերցնելու մասին» Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի 591-Ն որոշումը, որի հիման վրա պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ)՝ Երևանի կենտրոնում տարածքի օտարման գոտու մակերեսը կազմել է 4700 քառ. մետր:
5) «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» Կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի թիվ 108-Ն որոշում:
6) «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» Կառավարության 2007 թվականի մարտի 1-ի 347-Ն որոշումը:
7) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի 1279-Ն որոշումը, որով Շնողի գյուղական համայնքից 123 միավոր, իսկ Թեղուտի գյուղական համայնքից 41 միավոր հողամաս (ընդհանուր 81,483 հեկտար մակերեսով) ճանաչվել է գերակա հանրային շահ:
103. Սահմանադրական դատարանը չի կարող անտեսել նաև այն հանգամանքը, որ արդեն 4-րդ սահմանադրական վեճն է քննում նույնաբովանդակ իրավահարաբերությունների վերաբերյալ, որոնք իրենց բոլոր հանգամանքային տարբերություններով և առանձնահատկություններով հանդերձ ունեն այն ընդհանրությունը, որ դրանց առնչությամբ Սահմանադրական դատարանի կայացրած բոլոր որոշումներն էլ ուշադրության կենտրոնում ունեցել են օտարվող գույքի դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» սկզբունքների խախտման անթույլատրելիությունը: Մասնավորապես՝
1) 1998 թվականի փետրվարի 27-ի ՍԴՈ-92 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է46.
«Սահմանադրությունն ամրագրում է, որ սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ: Այսպիսով, որպես սեփականության օտարման հիմք է ճանաչվում «պետության և հասարակության կարիքները», իսկ օտարվող գույքի սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության երաշխիքներ են համարվում օտարումը` «միայն բացառիկ դեպքերում», օտարումը` «օրենքի հիման վրա», օտարումը` «օտարվող գույքի նախնական համարժեք փոխհատուցմամբ»:
Սահմանադրության 28 հոդվածում տեղ գտած «պետության և հասարակության կարիքներ», «միայն բացառիկ դեպքեր» ձևակերպումները գնահատման ենթակա հասկացություններ են: Սահմանադրությունը, ելնելով նրանից, որ նշված հասկացություններն անմիջապես առնչվում են մարդու կարևորագույն սահմանադրական իրավունքներից մեկին` սեփականության իրավունքին, սահմանել է, որ նման հիմքերով սեփականության օտարումը կարող է կատարվել օրենքի հիման վրա, դրանով իսկ ստեղծելով անհրաժեշտ օրենսդրական երաշխիքներ:
(…)
Նախնական համարժեք փոխհատուցումը գործադիր մարմնի կողմից համապատասխան ֆինանսատնտեսական հաշվարկով հիմնավորված և սեփականատիրոջ հետ համաձայնեցվող գործողություն է, որը ենթակա է դատական վիճարկման»:
2) 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է47.
«8. (…) Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունից հետևում է, որ.
(...)
- սեփականության օտարման դեպքում պետք է երաշխավորված լինի նախնական փոխհատուցումը,
- այդ փոխհատուցումը պետք է լինի համարժեք:
(...)
Սահմանադրական դատարանը գտնում է, որ եթե հանրային կարիքների համար սեփականության հարկադիր օտարում է տեղի ունենում՝ առանց օրենսդրորեն հստակ սահմանելու և գործնականում հաշվի առնելու օտարման սահմանափակումների վերաբերյալ սահմանադրական պահանջները, ապա դա կլինի անհամամասն միջամտություն սեփականության իրավունքին:
9. (...) Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի դրույթներից բխում է, որ Սահմանադրությունը տվյալ իրավահարաբերությունների համատեքստում որպես սեփականության հարկադիր օտարման հիմք է ճանաչում «հասարակության և պետության կարիքները», իսկ օտարվող գույքի սեփականատիրոջ սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքներ է համարում օտարումը՝ «միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում», օտարումը՝ «օրենքով սահմանված կարգով», օտարումը՝ «օտարվող գույքի նախնական համարժեք փոխհատուցմամբ»:
(...)
11. (...) Սահմանադրական դրույթի իրավական բովանդակությունը հստակ է, և խոսքը վերաբերում է իրավաչափ նպատակի համար սեփականության հարկադիր օտարմանը: «Սեփականության օտարում» հասկացությունը, իր հերթին, սահմանադրական տվյալ դրույթի համատեքստից ելնելով, ենթադրում է Սահմանադրությամբ նախատեսված այդ նույն իրավաչափ նպատակի համար կոնկրետ օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակում կամ դադարում՝ պայմանով, որ այդ օբյեկտի դիմաց անձին նախապես տրվում է համարժեք այլ գույք կամ փոխհատուցում, որն էլ երաշխավորում է սեփականության իրավունքի ապահովման շարունակականությունը»:
3) 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշմամբ (5.7-րդ կետից մեջբերումը տե՛ս նույն կետից սույն որոշման 50-րդ կետում կատարված մեջբերման հետ համակցության մեջ) Սահմանադրական դատարանը48 նշել է.
«5.3. (...) Ի տարբերություն 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ սեփականության իրավունքին միջամտության Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության ընդհանուր սկզբունքով նախատեսված և նման համաչափության ապահովման հանրային իշխանության հայեցողությանը վերապահված միջոցների ընտրության դեպքի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով սեփականությանը միջամտության (սեփականության օտարման) դեպքում համաչափությունը կշռված է Սահմանադրի կողմից, ինչը ապահովելու նպատակով ընտրված միջոցը «փոխհատուցումն» է, որի նկատմամբ առաջադրված որակական պահանջներն են «նախնական» և «համարժեք» սահմանադրական չափանիշները:
(...)
5.5. (...) Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրությունը պարունակում է հիմնական իրավունքների սպառիչ ցանկ, որոնց միջամտության սահմանադրաչափության համար անհրաժեշտ համաչափության ապահովման միջոցի ընտրությունն ունի սահմանադրական ամրագրում, հետևաբար՝ դուրս է հանրային իշխանության հայեցողական իրավասության տիրույթից և ունի սահմանադրական հրամայականի բարձրագույն իրավաբանական ուժով օժտված հատկություն: Մասնավորապես, բայց չսահմանափակվելով միայն սույն դիտարկմամբ՝ հատուցումը՝ որպես հիմնական իրավունքին միջամտության դեպքում համաչափության ապահովման միջոց, Սահմանադրի կողմից անմիջականորեն ընտրվել և սահմանադրական ամրագրում է ստացել սահմանադրական երեք նորմերում. (1) Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է հատուցում՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց.
(...) Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված միջամտության համաչափության միջոցը (փոխհատուցման) և դրան առաջադրվող որակական չափանիշները (նախնական և համարժեք) սահմանել է Սահմանադրության մեջ դրանց ամրագրմամբ:
5.6. Սույն որոշման 5.5-րդ կետում Սահմանադրական դատարանը, վերլուծելով Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սահմանադրական սկզբունքը, արձանագրում է, որ այն իր բովանդակային նշանակությամբ նպատակաուղղված է սահմանադրական միջամտելի իրավունքների «սահմանափակումների (միջամտությունների) սահմանափակմանը», որի իրավակիրառական նպատակը հանրային իշխանության՝ հիմնական իրավունքի սահմանափակմանը կամ այլ միջամտությանն ուղղված հայեցողության սահմանափակումն է՝ որպես անհատի իրավունքի պաշտպանության առաջնային երաշխիք:
Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված միջամտության (օտարման) համար Սահմանադրի կողմից ամրագրվել է նման միջամտությունը «միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ» իրականացնելու պայման-երաշխիքը, որի ազդեցությամբ օտարվող գույքի սեփականատերը, ունենալով դրա դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքը, պաշտպանվում է նման միջամտության դեպքում անհամաչափ ծանրության բեռ կրելու հնարավոր հետևանքից:
(...)
Այսպիսով, սույն որոշման 5.5-րդ կետում նկարագրված համաչափության, այսինքն՝ հիմնական իրավունքի «սահմանափակումների կամ այլ միջամտությունների սահմանափակման» միջոցի և դրա որակների ընտրությունը Սահմանադիրն ամրագրել է Սահմանադրությամբ՝ դրա շրջանակի սահմանումը դուրս բերելով հանրային իշխանության իրավասության շրջանակից՝ որպես հիմնական իրավունքի միջամտության համար շահերի վերը նկարագրված համադրությունից բխող կամայականությունների հնարավոր լայն հնարավորությունների դիմաց անհատի իրավունքի պաշտպանության երաշխիք, և ի տարբերություն հիմնական մյուս իրավունքների միջամտության համաչափության սկզբունքի բաղադրիչների ընտրության հարցում դրանց և դրանց որակների ընտրության հայեցողությունն օրենսդրին պատվիրակելուն՝ Սահմանադիրն ինքն է հաստատել այս իրավահարաբերությունում համաչափության բանաձևը սահմանադրական նորմի կայունության և դրա իրավաբանական բարձրագույն ուժի պաշտպանության ներքո՝ բացառելով հանրային իշխանության միջամտությունը դրա վերջնարդյունքի՝ «նախնական և համարժեք փոխհատուցման» միջոցի նկատմամբ:
Այսպիսով, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» նկատմամբ պահանջի իրավունքը՝ որպես չափելի տնտեսական արժեքի նկատմամբ գույքային իրավունք, արդեն դուրս է Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սեփականության իրավունքի սահմանափակման ընդհանուր կանոնի գործողությունից, քանի որ այն ունի նաև սեփականությանը միջամտության՝ հանրային իշխանության կամայականության կանխման նպատակով համաչափությունը հաստատող՝ իրավունքի «սահմանափակումը սահմանափակող» Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված երաշխիքի բովանդակություն:
Այսպիսով, հանրային իշխանության կողմից սեփականությանը միջամտության կամայականությունը բացառելու նպատակն է կանխորոշել «նախնական և համարժեք փոխհատուցման» արձանագրումը Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասում՝ դրանով իսկ բացառելով այդ միջոցին և դրա որակներին միջամտելու հանրային իշխանության իրավասությունը»:
104. Այս արձանագրումներն ունեն որոշիչ կարևորություն այն իմաստով, որ 1995 թվականի հուլիսի 13-ին Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի կողմից արդեն 4-րդ գործով անդրադարձը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) գույքի օտարման ընթացքում տրամադրվելիք երաշխիքներից առաջնայինի՝ փոխհատուցման համարժեքության հարցին, զուգամիտվելով նույն հարցի առնչությամբ ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ գործերով ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտումների արձանագրման հետ, ուղղակիորեն վկայում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավահարաբերություններում սեփականատերերի իրավունքների պաշտպանության թերացումների խնդիրն ունի համակարգային բնույթ:
105. Սահմանադրական դատարանը հիշեցնում է նաև, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման ոլորտում սեփականատերերի իրավունքների շարունակական խախտումների խնդիրներին իրենց տարեկան հաղորդումներում անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանները, որոնց կողմից մատնանշված շարունակական և համակարգային բնույթ ունեցող խնդիրների շարքում տեղ է գտել ոչ համարժեք փոխհատուցման տրամադրումը49, ընդհուպ մինչև առհասարակ իրավատերերին փոխհատուցում չտրամադրելը50, առնվազն 2004 թվականից մինչև 2023 թվականներն ընկած ժամանակահատվածում իրենց զեկույցներում շարունակաբար ընդգծելով հիշյալ սահմանադրական իրավունքի պաշտպանության համակարգային անհրաժեշտությունը:
106. Միաժամանակ, գործադիր իշխանության կողմից անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդման՝ որպես ռազմավարական նպատակի համատեքստում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման ոլորտում մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրման, խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունների դիտարկման անհրաժեշտությունը ճանաչվել է նաև Կառավարության հաստատած` Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունում51:
107. Կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունում52 նշվել է, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր պարբերաբար տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների համատեքստում, ի թիվս զանգվածային իրավախախտումների այլ տեսակների, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումների, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` վերոնշյալ դեպքերի և իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ ոլորտներում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտման դեպքերն առանձնահատուկ ուսումնասիրման կարիք ունեն՝ պայմանավորված այդ խախտումների բնույթով, մասշտաբներով և առաջացրած հետևանքներով:
108. Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհրդի հիմնած Ճշմարտության, արդարադատության, հատուցման և իրավախախտումների չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցողի՝ Հայաստան կատարված այցի արդյունքներով, ի թիվս մի շարք այլ տեսակների և բնույթի զանգվածային իրավախախտումների, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ներկայացված Հայաստանին վերաբերող զեկույցում հատուկ անդրադարձ է կատարվել նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման գործընթացներում տեղի ունեցած իրավախախտումների զոհերի իրավունքների վերականգնման հարցերին53, որում հղում կատարելով ՍԴՈ-1699 որոշմանը` զեկուցողը նշել է.
«9. (…) Ազգային ժողովը նաև տարբեր խնդիրների, ներառյալ 2000-ական թվականների սկզբին իրականացված սեփականության հարկադիր ապօրինի օտարումների և անցումային արդարադատության հարցերի, առնչությամբ հանրային լսումներ է կազմակերպել, որոնց ընթացքում նաև վկայություններով հանդես են եկել տուժողները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
10. Կառավարությունը 2019 թվականին հաստատել է դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը, որով այն հիմնել է անկախ փաստահավաք հանձնաժողով 1991-ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում (բազում զրուցակիցների կողմից բնորոշված որպես ավտորիտար) տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները հետաքննելու համար: Հանձնաժողովը, որը անցումային արդարադատության՝ ռազմավարությամբ նախատեսված միակ միջոցն էր, պետք է հետաքններ այդ ժամանակահատվածում տեղի ունեցած համակարգային խախտումները, ներառյալ պետության և հասարակության կարիքների համար (սկսած 2000-ական թվականներից իրականացված) սեփականության հարկադիր օտարումները, այլ սեփականազրկումները (...):
(...)
19. 2001-2006 թվականների ընթացքում «Հանրության գերակա շահերի» ապահովման հիմքով իրականացված սեփականության հարկադիր օտարումները հանգեցրել են բազմաթիվ անհատների սեփականության և բնակարանային իրավունքների խախտման, ներառյալ հարյուրավոր մարդիկ մնացել են անօթևան: «Հանրության գերակա շահերի» ապահովման գաղափարը, այնպես ինչպես այն ներառված է գերակա հանրային շահի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում, Կառավարության կողմից չարաշահվել է՝ արդարացնելու համար առանց ժամանակին և պատշաճ փոխհատուցման տրամադրման սեփականությունից ապօրինի զրկումը: Ներպետական դատարանները չեն երաշխավորել տուժողների՝ հատուցում ստանալու իրավունքը:
Բացառությամբ թվով 20 դեպքերի, որոնցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տուժողների օգտին վճիռներ էր կայացրել, սեփականության հարկադիր օտարման գործերի վրա ընդհանուր կարգով տարածելի է եղել հայցային վաղեմություն, և դատարան հայց ներկայացրած տուժողները փոխհատուցում չեն ստացել: Սահմանադրական դատարանը 2023 թվականի նոյեմբերին կայացրել է 2001-2006 թվականներին տեղի ունեցած սեփականության հարկադիր օտարումներին վերաբերող գործերի վրա հայցային վաղեմության տարածումն արգելող որոշում և արձանագրել, որ ապագայում խորհրդարանը չի կարող այդ գործերով նման սահմանափակումներ նախատեսող օրենքներ ընդունել: Հատուկ զեկուցողը ողջունում է այս որոշումը: Չնայած այս առաջընթացին` 2023 թվականի օգոստոսին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտնել էին, որ դեպքերից որևէ մեկով դատարանները սեփականատերերի օգտին վճիռներ չեն կայացրել և/կամ պետական մարմինների որոշումները կասկածի տակ չեն առել»:
109. Կառավարության և Մարդու իրավունքների պաշտպանների կողմից, համապատասխանաբար, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման գործընթացներում փոխհատուցման իրավունքի խախտումների առաջացրած հետևանքների և խախտումների տևական շարունակականության ճանաչման հետ մեկտեղ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ`
1) սույն որոշման 100-րդ կետում թվարկված ՄԻԵԴ-ի վճիռներով հանրության գերակա շահերի (հասարակության և պետության կարիքների համար) ապահովման նպատակով օտարված գույքի իրավատերերի փոխհատուցման իրավունքի արձանագրված խախտումները վերաբերում են ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իրավունքին միջամտության համաչափության երաշխիքին, որի մանրամասն նկարագրությունը ՄԻԵԴ-ի կողմից տրված է եղել «Լալըմանն ընդդեմ Ֆրանսիայի» (Lallement v. France) գործով դեռևս 2002 թվականի ապրիլի 11-ի վճռով54, այն է՝ նախքան Հայաստանի Հանրապետության կողմից ՄԻԵԿ-ի վավերացման պահը՝ 2002 թվականի ապրիլի 26-ը: Այսինքն՝ ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ուժով իր գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտության համաչափության սկզբունքի այն բաղադրիչը, որով օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման համարժեքության պահանջը պետք է անհրաժեշտաբար ներառեր նաև օտարվող գույքը սեփականատիրոջ աշխատանքի միջոց հանդիսանալու դեպքում՝ այդ հանգամանքով պայմանավորված կորուստների ծածկումը, 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ պարբերության ուժով սեփականության իրավունքի սահմանափակման սահմանադրական «նվազագույն նշաձող» է եղել Դիմողների գույքերի օտարման ողջ գործընթացում:
2) Ավելին, սույն որոշման 103-րդ կետում թվարկված որոշումներում, սկսած 1998 թվականի փետրվարի 27-ի ՍԴՈ-92 որոշումից, Սահմանադրական դատարանը շարունակաբար անդրադարձել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) գույքի օտարման դիմաց փոխհատուցման համարժեքությանը՝ անփոփոխ կայունությամբ ընդգծելով սեփականության օտարման դիմաց «համարժեք» փոխհատուցման սահմանադրական սկզբունքի պարտադիրությունը: Այսինքն` սկսած 1998 թվականի փետրվարի 27-ի ՍԴՈ-92 որոշումից և, հաջորդաբար` 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ Սահմանադրական դատարանը հանրային իշխանության բոլոր մարմինների համար հնարավոր բարձր հստակությամբ «ուղերձ» է հղել առ այն, որ սեփականության իրավունքի այսօրինակ միջամտության սահմանադրաչափության պարտադիր պայման է սեփականության օտարման դիմաց փոխհատուցման համարժեքությունը: Այսինքն՝ Դիմողների գործերով իրենց սեփականության օտարման մասին դատական ակտերը (որոնց վերանայման համար Դիմողները նոր հանգամանքով բողոքներ են ներկայացրել) կայացվել են այն պայմաններում, երբ վերջիններիս տրամադրման ենթակա փոխհատուցման համարժեքության՝ Սահմանադրությամբ նախատեսված հրամայականը ոչ միայն ունեցել է սահմանադրական ամրագրում, այլև դրա բովանդակային ծավալը մշտապես եղել է Սահմանադրական դատարանի առնվազն երկու որոշումների առանցքում:
110. Հետևաբար` Դիմողների սեփականության օտարման մասին դատական ակտերի կայացման պահին Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ գույքի իրավատիրոջ համարժեք փոխհատուցում ստանալու բացարձակ իրավունքը չի ունեցել իրավունքի զարգացման միջոցով բացահայտման որևէ անհրաժեշտություն, եղել է թե՛ Սահմանադրության ուղղակի հրամայականը, թե՛ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված պարտականություն՝ հանրային իշխանության բոլոր մարմինների, ներառյալ նաև՝ Դիմողների գործով արդարադատություն իրականացնող դատարանների համար:
111. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է սեփականության իրավունքին միջամտության բացառիկ ինստիտուտի, երբ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարմամբ դրսևորվող միջամտությունն ունի սեփականության իրավունքի պաշտպանության, այդ իրավունքի սահմանափակման և այդ իրավունքին միջամտության համընդհանուր ընդգրկում ունեցող իրավահարաբերություններից էականորեն տարբերվող այն առանձնահատկությունը, որ գույքային իրավունքներին այս միջամտության (Սահմանադրության նույն դրույթով ամրագրված) «բացառիկ» բնույթն ինքնին ճանաչվել է Սահմանադրի կողմից: Այդ բացառիկությամբ էլ պայմանավորված` Սահմանադիրն առանձին դրույթ է սահմանել սեփականության իրավունքին այս միջամտությանը՝ սահմանելով դրա թույլատրելիության հատուկ և առավել խիստ պայմաններ:
112. Այդուհանդերձ, սույն որոշման 100-րդ կետում նկարագրված հանգամանքները վկայում են, որ օտարված գույքի սեփականատերերի իրավունքների խախտումները` առնվազն համարժեք փոխհատուցմանը վերաբերող մասով, ոչ միայն չեն կրել դրվագային բնույթ, այլ, ինչպես ՄԻԵԴ-ի կողմից տրված գնահատականներն են փաստում թե՛ մինչև 2006 թվականը տեղի ունեցած օտարման գործընթացներում, և թե՛ դրան հաջորդող ժամանակահատվածում (ներառյալ նաև՝ Դիմողների գույքի օտարման գործընթացներում), կրել են համակարգային բնույթ:
113. Ինչպես նշվեց սույն որոշման 58 և 109-րդ կետերում, աշխատանքի միջոց հանդիսացող սեփականության օտարման հետևանքով առաջացող կորստի փոխհատուցումը՝ որպես փոխհատուցման համարժեքության բաղադրիչ, Դիմողների գործերով հանդիսացել է նրանց սեփականության իրավունքին միջամտության թույլատրելիության՝ ՄԻԵԿ-ից բխող «նվազագույն նշաձողի» տարր՝ առնվազն վերը հիշատակված «Լալըմանն ընդդեմ Ֆրանսիայի» (Lallement v. France) գործով 2002 թվականի հուլիսի 11-ին վերջնական դարձած ՄԻԵԴ-ի վճռի լույսի ներքո:
114. Իր հերթին, Դիմողների սեփականության օտարումն իրականացվել է Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 1279-Ն որոշմամբ, իսկ փոխհատուցման համարժեքության հարցի վերաբերյալ դատական վեճերը հարուցվել են 2008 թվականին: Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 1279-Ն որոշման հիմքով օտարվող սեփականության դիմաց տրամադրվող փոխհատուցման հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դատարաններում քննվել է շուրջ հարյուր գործ:
115. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործերից որևէ մեկով եռաստիճան դատական համակարգի որևէ ատյան չի արձանագրել աշխատանքի կամ ապրուստի միջոց հանդիսացող սեփականությունն օտարելիս տրամադրվող փոխհատուցումն այդ հանգամանքով պայմանավորված կորուստները ծածկելու կամ նույն հատկանիշներն ունեցող համարժեք այլ գույք ձեռք բերելու համար բավարար լինելու անհրաժեշտությունը: Ավելին, հիշյալ գործերը քննելիս տրամադրվող փոխհատուցման չափը որոշելու հարցում այս հանգամանքների հաշվառման անհրաժեշտությունը ճանաչող հատուկ կարծիք որևէ դատավորի կողմից նույնպես չի ներկայացվել:
116. Մասնավորապես` ՄԻԵԴ-ի կողմից քննված՝ սույն որոշման 100-րդ կետում ներկայացված՝ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի», «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի», «Ռամազյանն ընդդեմ Հայաստանի», «Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի», «Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի», «Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի», «Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» գործերը վերաբերել են Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի նույն թիվ 1279-Ն որոշմամբ օտարված գույքերի դիմաց ներպետական դատական ատյաններում որոշված փոխհատուցման չափի անհամարժեքությանը՝ այն որոշելիս ապրուստի/աշխատանքի միջոցից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը ծածկելու կամ նույն տարածքում համարժեք հող ձեռք բերելու անհրաժեշտությունը հաշվի չառնելու բերումով: Բազմաթիվ են ՄԻԵԴ չգանգատարկված գործերը, որոնցով օտարվող գույքը ձեռք բերողի հայցերը բավարարվել են, իսկ վճիռների դեմ ներկայացված բողոքները մերժվել. տե՛ս մասնավորապես, սակայն չսահմանափակվելով, վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԼԴ/1135/02/08, ԼԴ/0954/02/08, ԼԴ/1290/02/08, ԼԴ/1304/02/08 քաղաքացիական գործերով 2009 թվականին կայացրած որոշումները, որոնցով հիմք է ընդունվել առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փոխհատուցման չափը:
117. Ներկայացվածից ելնելով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի վերոհիշյալ թիվ 1279-Ն որոշմամբ օտարված գույքերի դիմաց փոխհատուցման չափի վերաբերյալ եռաստիճան դատական համակարգի կողմից ձևավորվել է մեկ միասնական մոտեցում, ինչը փաստացի բացառել է սեփականատերերի կողմից վերադաս դատական ատյաններում փոխհատուցման համարժեքության մասով իրենց սեփականության իրավունքի պաշտպանության հարցում հաջողության հասնելու ողջամիտ հեռանկարը:
118. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման սկզբունքին վերաբերող վեճերով Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անհատական իրավունքի պաշտպանության արդյունավետության առնչությամբ համակարգային խնդրի վերաբերյալ եզրահանգումներն ամբողջությամբ տարածելի են նաև մինչև «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի ուժի մեջ մտնելը տեղ գտած դեպքերի նկատմամբ, ինչի վկայությունն են սեփականության իրավունքի խախտումները ճանաչող ՄԻԵԴ-ի բազմաթիվ վճիռները, ինչպես նաև այս հանգամանքի ուղղակի ճանաչումը գործադիր իշխանության կողմից (տե՛ս սույն որոշման կետեր 106-107, ՍԴՈ-1699 որոշման կետ 5.10):
119. Ինչ վերաբերում է Դիմողների գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի` նոր հանգամանքով վերանայման առնչությամբ դատարանների կողմից ներպետական միջոցները սպառված չլինելու հանգամանքի մատնանշմանը` որպես նրանց բողոքները մերժելու հիմնավորում, ապա Սահմանադրական դատարանը նկատում է, որ մեկնաբանության այն տարբերակը, որը դատարանները ներկայացրել են Դիմողների գործերով, չի կարող գնահատվել որպես իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմին տրված ոչ ողջամիտ մեկնաբանություն, և որպես ընդհանուր կանոն` համահունչ է վիճարկվող նորմի բովանդակությանը և դրանով սահմանված սահմանափակումների նպատակին։ Այդուհանդերձ, Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավահարաբերությունների նկատմամբ այդ մեկնաբանության տարածումը սույն որոշմամբ արձանագրված հանգամանքների առկայությամբ (տե՛ս սույն որոշման կետեր 110-118) այլ բան չէ, քան Դիմողների կամ նրանց վիճակում ցանկացած անձի նկատմամբ ավելորդ ձևապաշտությամբ բարձր չափանիշների կիրառում` անտեսելով ՄԻԵԿ-ի 35-րդ հոդվածով նախատեսված ներպետական իրավական պաշտպանության միջոցների սպառման պահանջի նպատակը և իրավական բովանդակությունը։
120. Մասնավորապես` ՄԻԵԿ-ի 35-րդ հոդվածով նախատեսված` ներպետական իրավական պաշտպանության միջոցների սպառման պահանջի նպատակն է ապահովել ՄԻԵԿ-ի համակարգի սուբսիդիար բնույթի այն հիմնարար կառուցակարգի արդյունավետ գործողությունը, որի համաձայն` ՄԻԵԿ-ով նախատեսված անհատական իրավունքի կամ ազատությունների խախտումները կանխելու պարտականությունը ՄԻԵԿ-ի 1-ին հոդվածի ուժով կրում է ՄԻԵԿ-ին միացած համապատասխան իրավազորություն ունեցող պետությունը, և այդ պարտականության կատարման ապահովումն անհրաժեշտաբար պահանջում է, որպեսզի ներպետական իրավական պաշտպանության համակարգերին (առաջնահերթությամբ՝ դատարաններին) ընձեռվի նման հնարավորություն55։ ՄԻԵԿ-ի համակարգի այս հիմնարար սկզբունքը հիմնված է այն կանխավարկածի վրա, որ ներպետական իրավական պաշտպանության համակարգն ապահովում է անհատական իրավունքների կամ ազատությունների խախտումներից պաշտպանությունը56։ Մինչդեռ, Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված փոխհատուցման սկզբունքների մասով՝ Սահմանադրական դատարանի կողմից ներպետական պաշտպանության համակարգային խնդրի վերաբերյալ ընդհանուր համակարգային վերլուծությունը (տե՛ս սույն որոշման կետեր 112-118) հնարավորություն չի տալիս կուրորեն առաջնորդվել նման կանխավարկածով, երբ առկա են այդ կանխավարկածը լրջորեն կասկածի տակ դնող՝ սույն որոշմամբ հիշատակված ծանրակշիռ հանգամանքներ։
121. Ելնելով ողջ վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողների գործերով կայացված դատական ակտերը վերադաս ատյաններում բողոքարկումը, այն դեպքում, երբ նրանք իրենց վիճարկված իրավունքի պաշտպանության հարցում հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար չունեին, ՄԻԵԴ-ի վճռի կամ որոշման հիմքով հիշյալ դատական ակտերի վերանայման համար որպես պարտադիր պայման առաջադրելը հանդիսանում է չափազանցված ձևապաշտություն: Սահմանադրական դատարանի այս մոտեցումն իր արձանագրումն ունի նաև ՄԻԵԴ-ի պրակտիկայում, երբ այն, բազմիցս առերեսվելով անհատական իրավունքների կամ ազատությունների խախտման համատեքստերին, վերահաստատելով ներպետական իրավական պաշտպանության միջոցների սպառման հիմնարար կարևորությունը ՄԻԵԿ-ի համակարգի արդյունավետ գործունեության համար, այդուհանդերձ խիստ առանձնահատուկ իրավիճակների մասով արձանագրել է, որ ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու պահանջը ձևական բնույթ չի կրում, և եթե նման պաշտպանության միջոցը հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար չի ընձեռում (ներառյալ ձևավորված պրակտիկայի պայմաններում ներկայացված բողոքների ելքերի կանխատեսելիությունը) դրա արդյունավետության իմաստով, ապա դրանց չսպառումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ՄԻԵԴ-ի կողմից համապատասխան դիմումի ընդունելիության համար57:
122. Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման սկզբունքներին վերաբերող վեճերով դատական պաշտպանության միջոցների՝ վիճարկվող դրույթի իմաստով չսպառման հարցի վերաբերյալ եզրահանգումներն ամբողջությամբ տարածելի են նաև մինչև «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի ուժի մեջ մտնելը տեղ գտած դեպքերի նկատմամբ սույն որոշմամբ բերված հիմնավորումներով:
Սահմանադրության 74-րդ հոդվածի մասով
123. Իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված փոխհատուցման իրավունքի բնույթի վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշման 5.7-րդ կետում շարադրված դիրքորոշումները վերահաստատելով հանդերձ՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործի և նույն որոշմամբ արձանագրված իրավական իրողությունների միջև առկա այն տարբերությանը, որ գերակա հանրային շահերի ապահովման նպատակով իրականացված սեփականության՝ այս սահմանադրական վեճերից յուրաքանչյուրին վերաբերելի օտարումներն իրականացվել են տարբեր իրավակարգավորումների հիման վրա:
124. Մասնավորապես` 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշմամբ լուծված սահմանադրական վեճի ժամանակագրական ընդգրկման տիրույթում (մինչև 2006 թվականի դեկտեմբերի 30-ը) գործող իրավակարգավորումների համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման գործընթացում դատարան դիմելու լիազորությամբ օժտված են եղել բացառապես պետական կառավարման մարմինները: Մինչդեռ սույն սահմանադրական վեճը վերաբերում է այնպիսի իրավակարգավորումների գործողության ժամանակագրական տիրույթի, երբ համաձայն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք, Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի նոյեմբերի 27-ին, ուժի մեջ է մտել 2006 թվականի դեկտեմբերի 30-ին) 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարվող գույք ձեռք բերողը պետությունից բացի, կարող է լինել նաև որևէ համայնք կամ կազմակերպություն:
125. Օրենքի նույն 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ եթե ձեռք բերողը պետությունը չէ, ապա սեփականությունն օտարելու կամ օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության դիմում Կառավարությանը ձեռք բերողը ներկայացնում է համապատասխան ընթացակարգի միջոցով՝ դրանում նշելով հանրության գերակա շահի հիմնավորումը, Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կառուցակարգում օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման, սեփականության օտարման ընթացակարգի ապահովման համար և սեփականության օտարման հետևանքով առաջացող այլ ծախսերի, ինչպես նաև սեփականության օտարումից հետո դրա` հանրության գերակա շահերի համար նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրների կամ երաշխիքների վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկություններ:
126. Միաժամանակ, Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ձեռք բերողը պետությունը չէ, ապա հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշմանը կցվում է համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագիրը, որով սահմանվում են սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը: Եթե ձեռք բերողը Երևան համայնքը չէ, և եթե օտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա Կառավարությունն իրավասու է պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը` որպես պատվիրակված լիազորություն, վերապահելու Երևանի քաղաքապետին: Այդ պայմանագիրն ուժի մեջ է մտնում հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
127. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերից հետևում է, որ ձեռք բերողը պարտավոր է մինչև հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետից օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով ուղարկել սեփականության օտարման պայմանագրի (այսուհետ՝ օտարման պայմանագիր) նախագիծը: Օտարվող սեփականության սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն իրավունք ունեն պատշաճ ձևով գրավոր առարկություններ կամ առաջարկություններ ներկայացնել օտարման պայմանագրի նախագծի վերաբերյալ: Ձեռք բերողն իրավունք ունի պայմանագիրը կնքելու նպատակով բանակցություններ վարելու օտարվող սեփականության սեփականատիրոջ և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների հետ: Սեփականությունը կարող է օտարվել` ձեռք բերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են միայն որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը: Եթե օտարվող սեփականության նկատմամբ կան ձեռք բերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներ, ապա օտարման պայմանագրի կողմ պետք է հանդիսանան նաև օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները:
128. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերից հետևում է, որ եթե օտարման պայմանագրի նախագիծն օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին ուղարկելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օտարման պայմանագիր չի կնքվում, ապա ձեռք բերողը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց ոչ պակաս, քան սույն օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվ՝ այդ մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ ձեռք բերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներին: Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը պետք է կատարված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ: Միաժամանակ, եթե ձեռք բերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելու մասին տեղեկությունն օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին ուղարկելուց հետո մինչև դատարանի կողմից սեփականության օտարման մասին վճռի կայացումը օտարվող սեփականության բոլոր սեփականատերերը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները սահմանված կարգով ստանում են դեպոզիտ հանձնված գումարը, ապա սեփականության օտարման պայմանագիրը համարվում է կնքված՝ նույն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով նշված պայմաններով: Ընդ որում` սեփականության օտարման հիմք է հանդիսանում դատավորի կամ նոտարի կողմից դեպոզիտ հաշվում գտնվող գումարը վերցնելու մասին տրված տեղեկանքը:
129. Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` եթե ձեռք բերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո` յոթ օրվա ընթացքում, չի կնքվում օտարման պայմանագիրը, կամ նույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` սեփականությունը չի օտարվում, ապա ձեռք բերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը (Օրենք, 13-րդ հոդված, 1-ին մաս): Դատարանի կողմից օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է հանդիսանում սեփականությունն օտարելու համար՝ դատարանի կողմից սահմանված փոխհատուցման չափով և նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմաններով (Օրենք, 13-րդ հոդված, 3-րդ մաս): Դատական կարգով սեփականությունն օտարված է համարվում հետևյալ պայմաններով. ա) ձեռք բերողը պարտավոր է դատարանի կողմից սահմանված փոխհատուցման լրացուցիչ գումարը, եթե այդպիսին կա, դեպոզիտ հանձնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, և բ) սեփականատերը պարտավոր է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց և ձեռք բերողի կողմից փոխհատուցման լրացուցիչ գումարը (եթե այդպիսին նախատեսված է դատարանի կողմից) դեպոզիտ հաշվին հանձնելուց հետո` հինգ օրվա (իսկ անշարժ գույքը՝ նույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի) ընթացքում օտարված սեփականությունը հանձնել ձեռք բերողին (Օրենք, 13-րդ հոդված, 6-րդ մաս): Նույն հոդվածի 6-րդ մասի «բ» կետով նախատեսված ժամկետում նախկին սեփականատիրոջ կողմից օտարված սեփականությունը ձեռք բերողին չհանձնվելու դեպքում նախկին սեփականատիրոջ վտարումն անշարժ գույքի տարածքից իրականացվում կամ օտարված գույքը նախկին սեփականատիրոջից վերցվում և նոր սեփականատիրոջն է հանձնվում օրենքով սահմանված կարգով (Օրենք, 13-րդ հոդված, 7-րդ մաս):
130. Դիմողների սեփականության օտարման պահի դրությամբ գործող խմբագրությամբ Օրենքը թեպետ հետագայում ենթարկվել է փոփոխությունների, այդուամենայնիվ, սույն վեճի նպատակների համար Օրենքում կատարված փոփոխությունները Սահմանադրական դատարանի վերլուծությունների համար տարբերություն չեն ստեղծում:
131. Օրենքի՝ վերը ներկայացված դրույթների, ինչպես նաև դրանց հետ համակարգային փոխկապակցվածության մեջ գտնվող այլ դրույթների վերլուծությունից բխում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարումը հանրային իշխանության միակողմ կամքի պարտադրումն է գույքի իրավատիրոջը, որը հանգում է վերջինիս գույքային իրավունքի դադարեցմամբ այդ գույքը պետությանը կամ համայնքին կամ որևէ կազմակերպությանը փոխանցելուն:
132. Օրենքի ուժով ձեռք բերող համայնքը կամ կազմակերպությունը սեփականատիրոջ հետ հարաբերություններում հանդես չի գալիս քաղաքացիական շրջանառության մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության սկզբունքների հիման վրա: Ձեռք բերող համայնքը կամ կազմակերպությունը Օրենքի հիման վրա և Կառավարության որոշման ուժով (որը կանխորոշում է օտարման օբյեկտը և այն ձեռք բերողին) միակողմանիորեն պարտադրում է պետության կամքը` օտարելու գույքը. օտարումը կարող է իրականացվել համապատասխան պայմանագիր կնքելու միջոցով կամ փոխհատուցման գումարը դեպոզիտ վճարելու միջոցով՝ փոխհատուցման չափի՝ դատարանի կողմից հետագա հաստատմամբ:
133. Ներկայացվածի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ ձեռք բերող կազմակերպությունը գույքի օտարման գործընթացում հանդես է գալիս որպես սեփականության օտարման վերաբերյալ հանրային իշխանական լիազորությունն իրականացնող: Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հանրային իշխանությունը հանդիսանում է հիմնական իրավունքները և ազատությունները հարգելու և պաշտպանելու պարտականության կրողը, որոնցով վերջինս սահմանափակված է անմիջականորեն: Այսինքն՝ հանրային իշխանությունը, ի տարբերություն հանրային իշխանական դիրքերից հանդես չեկող անձանց, օժտված չէ Սահմանադրությամբ նախատեսված հիմնական իրավունքներով և ազատություններով:
134. Սահմանադրական դատարանը 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշմամբ58 արդեն իսկ անդրադարձել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավահարաբերությունների բնույթին, արձանագրելով, որ դրանք՝
«(...) հստակորեն տարբերակվում են քաղաքացիական իրավունքով կարգավորվող գույքային իրավահարաբերությունների մյուս խմբերից՝ հաշվի առնելով (…) սույն իրավահարաբերության բնույթը, որը կարգավորող քաղաքացիական օրենսդրության դրույթները բացառություն էին քաղաքացիական օրենսդրության հիմքում ընկած՝ կարգավորվող հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության (Քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մաս) ընդհանուր սկզբունքներից»:
135. Հետևաբար, սեփականության՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված օտարման իրավահարաբերություններում հանրային իշխանական լիազորությունների գործադրման լիազորությամբ օժտված (հանրային իշխանության կամքը սեփականատիրոջը պարտադրող) և այդ լիազորությունները գործադրող սուբյեկտների նկատմամբ Սահմանադրության 74-րդ հոդվածի ուժով չեն կարող տարածվել Սահմանադրությամբ նախատեսված հիմնական իրավունքները և ազատությունները, քանի որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման գործընթացում այն ձեռք բերելուն միտված հանրային իշխանական լիազորության էությունը չի կարող նույնացվել Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված մարդու և քաղաքացու որևէ հիմնական իրավունքին կամ ազատությանը և այդպիսի որակով կիրառելի լինել նրա նկատմամբ:
136. Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ հանրության գերակա շահի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման վերաբերյալ գործով գույքի իրավատիրոջ սահմանադրական հիմնական իրավունքի խախտումը վկայող միջազգային դատարանի ակտի հիման վրա միջազգային դատարան չդիմած այլ անձանց վերաբերող՝ նույն բնույթի գործերով օրինական ուժերի մեջ մտած դատական ակտերի վերանայման իրավահարաբերությունները չեն ընդգրկվում Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերջնականության (res judicata) սկզբունքի տիրույթում:
Վիճարկվող դրույթով նախատեսված սահմանափակումների վերլուծությունը
137. Անդրադառնալով վիճարկվող դրույթով նախատեսված սահմանափակումների վերլուծությանը՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում պարզել, թե որքանով են Օրենսգրքի՝ նոր հանգամանքով գործի վերանայմանը վերաբերող կարգավորումները համապատասխանում պաշտպանության ենթակա նյութական իրավունքի՝ «նախնական և համարժեք փոխհատուցում» ստանալու իրավունքի բացարձակ բնույթին:
138. Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթից հետևում է, որ ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա դատական ակտի վերանայման համար անհրաժեշտ է, որ (1) այդ միջազգային դատարանի ակտով արձանագրվի գործին մասնակցած անձի իրավունքի խախտում, կամ (2) իրավունքի խախտում արձանագրող ՄԻԵԴ-ի վճռի կայացման պահին գործին մասնակցած անձը, որը չէր դիմել ՄԻԵԴ, ՄԻԵԿ-ի պահանջներին համապատասխան ունենար նման հնարավորություն: Այսպիսով, վիճարկվող դրույթով հնարավոր է համարվում դատական ակտի վերանայում նոր հանգամանքի հիմքի «հորիզոնական» ազդեցությամբ, այսինքն՝ նաև այն դեպքերում, երբ ՄԻԵԴ-ի կայացրած ակտն անհատապես չի վերաբերում գործին մասնակցած անձի իրավունքի խախտմանը, սակայն պայմանով, որ իրավունքի խախտում արձանագրող ՄԻԵԴ-ի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահին այդ անձը պետք է ՄԻԵԿ-ի պահանջներին (ժամկետներին) համապատասխան ունենար ՄԻԵԴ դիմելու իրավունք:
139. Միաժամանակ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող դրույթից, որը Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավահարաբերության բնույթով պայմանավորված որևէ տարբերություն չի նախատեսում, հետևում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցում» վճարելու իրավահարաբերություններին վերաբերող վեճերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու դեպքերն են՝ (1) ՄԻԵԴ-ի վճռով համապատասխան գործին մասնակցող մասնակից անձի իրավունքի խախտման արձանագրումը կամ (2) իրավունքի խախտում արձանագրող ՄԻԵԴ-ի վճռի կայացման պահին գործին մասնակցած անձի մոտ, որը չէր դիմել ՄԻԵԴ, ՄԻԵԿ-ի պահանջներին (ժամկետներին) համապատասխան դեռևս այդ հնարավորության պահպանված լինելը: Այսինքն` ՄԻԵԴ-ի վճիռներով և որոշումներով (որոնց փաստակազմը թույլ է տալիս նույնանման գործերով կոնվենցիոն իրավունքների խախտման մասին եզրահանգման գալ) արձանագրված իրավունքի խախտումները հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցում» ստանալու իրավունքի պաշտպանության նպատակով անձի գործով կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման համար հիմք չեն հանդիսանում, եթե անձը չի դիմել ՄԻԵԴ կամ ՄԻԵԴ-ի վճիռը կայացվելու պահին ՄԻԵԿ-ի պահանջներին (ժամկետներին) համապատասխան ՄԻԵԴ դիմելու իրավունք չի ունեցել:
140. Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավունքի պաշտպանության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1699 որոշմամբ59, մասնավորապես, նշել է.
« (...) Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններ սահմանելու նպատակային նշանակությունը հանրային իշխանությանը պարտավորեցնելն է՝ յուրաքանչյուր ամրագրված իրավունքի ոչ միայն պաշտպանությունը, այլև դրա խախտման դեպքում պատճառված վնասների հատուցում ապահովելը (Սահմանադրական դատարանի 2017 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1383 որոշում):
Հիմնական իրավունքի արդյունավետ իրականացումը հանրային իշխանությունից պահանջում է ոչ միայն ձեռնպահ մնալ այդ իրավունքի իրականացմանը միջամտությունից, այլև դրա արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ թելադրում է նաև որոշ պոզիտիվ պարտականություններ:
Նշվածի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքի արդյունավետ իրականացման ընթացակարգային առաջնային երաշխիքն է դրա՝ արդար դատաքննության իրավունքի համապատասխան կառուցակարգերի միջոցով պաշտպանության ապահովումը»:
141. Նույն ՍԴՈ-1699 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել էր, մասնավորապես.
«(...) Արձանագրելով սեփականության իրավունքի պաշտպանության կարևորությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի համար՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ սեփականության իրավունքը բացարձակ չէ և ենթակա է սահմանադրաչափ սահմանափակումների, այսինքն` որ սեփականության իրավունքի սահմանափակման ձևով որևէ միջամտություն պետք է բավարարի Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հետևյալ ընդհանուր պայմանները.
- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող օրենքով,
- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների կամ ազատությունների պաշտպանության նպատակով,
- սեփականության իրավունքի սահմանափակումը պետք է համապատասխանի Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սահմանադրական սկզբունքին,
- սեփականության իրավունքի սահմանափակումը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
5.3. Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նորմը գործում է որպես սեփականության իրավունքին հանրային իշխանության կողմից միջամտության ընդհանուր կանոն (lex generalis):
Միաժամանակ, սեփականության իրավունքի առավել խիստ միջամտության երկու հատուկ ձևերի՝ սեփականությունից զրկելու և հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականությունը օտարելու իրավահարաբերությունների կարգավորման նպատակով Սահմանադրության, համապատասխանաբար, 60-րդ հոդվածի 4-րդ մասով և 60-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել են հատուկ նորմեր, որոնք Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի նկատմամբ հանդես են գալիս որպես հատուկ նորմեր (lex specialis), որոնք, դրանցով նախատեսված միջամտության խստության աստիճանով և իրավահարաբերությունների բնույթով պայմանավորված, նախատեսել են սեփականության իրավունքին միջամտության սահմանադրաչափության հատուկ և պարտադիր այլ պայմաններ:
Մասնավորապես՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընդհանուր պայմանների հետ մեկտեղ սեփականությունից զրկվելու ձևով միջամտության սահմանադրաչափության անհրաժեշտ պայման է նաև Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված «դատական կարգի» ապահովումը, ինչպես նաև սեփականությունից զրկվելու դեպքի «օրենքով սահմանված» լինելը:
Միաժամանակ, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման ձևով սեփականության իրավունքին միջամտության՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընդհանուր պայմանները Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով խստացվել են հետևյալ որակական պահանջներով.
- Ի տարբերություն Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ սեփականության իրավունքին միջամտության «հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության» սահմանադրաչափ նպատակի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սեփականության իրավունքի միջամտության (սեփականության օտարման) սահմանադրաչափ նպատակը (1) չի ներառում նման միջամտությունը «այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության» համար, (2) իսկ «հանրության շահերի պաշտպանության» ընդհանուր նպատակների շրջանակից վերաբերում է միայն այն հատվածին, որը դասվում է «հանրության գերակա շահերին», որով սահմանափակվում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով միջամտության սահմանադրաչափ նպատակների միջակայքը.
- Ի տարբերություն Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ սեփականության իրավունքին սահմանադրաչափ միջամտության իրավական հիմքի՝ «օրենքի» և Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված դրա անխուսափելի որակական պահանջների՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սեփականության իրավունքի միջամտության (սեփականության օտարման) սահմանադրաչափ իրավական հիմքը, Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված «օրենքին» առաջադրվող պահանջներից բացի, (1) պետք է անհրաժեշտաբար սահմանի նաև միջամտության «բացառիկ դեպքերը», ինչպես նաև՝ (2) սեփականության օտարման «կարգը».
- Ի տարբերություն 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ սեփականության իրավունքին միջամտության Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության ընդհանուր սկզբունքով նախատեսված և նման համաչափության ապահովման հանրային իշխանության հայեցողությանը վերապահված միջոցների ընտրության դեպքի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով սեփականությանը միջամտության (սեփականության օտարման) դեպքում համաչափությունը կշռված է Սահմանադրի կողմից, ինչը ապահովելու նպատակով ընտրված միջոցը «փոխհատուցումն» է, որի նկատմամբ առաջադրված որակական պահանջներն են «նախնական» և «համարժեք» սահմանադրական չափանիշները60»:
142. Վերահաստատելով վերը ներկայացված, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» իրավունքի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները (տե՛ս կետեր 92-98)՝ Սահմանադրական դատարանն ընդգծում է.
- հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարումը միայն անձին դրա դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցում» ապահովելու պայմանով իրականացնելը Սահմանադրի անվերապահ խոստումն է.
- հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարումը միայն դրա դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» տրամադրման պայմանով իրականացնելու սահմանադրական երաշխիքը ենթադրում է հանրային իշխանության՝ որևէ պայմանականություններից զերծ, անվերապահ հանձնառությունը՝ ապահովել գույքն օտարելու դեպքում դրա դիմաց անձին «նախնական և համարժեք փոխհատուցման» տրամադրումը, որը, միաժամանակ, սեփականության իրավունքին միջամտության պարտադիր պայման է:
143. Պաշտպանության ենթակա իրավունքի բացարձակ բնույթն այդ իրավունքի պաշտպանության, իսկ հնարավոր խախտումների դեպքում՝ դրանք վերացնելու համար կազմակերպական արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր նախատեսելու ուղղակի պարտականություն ենթադրելու բերումով, Սահմանադրական դատարանի համար խիստ ծանրակշիռ հանգամանք է դատական ակտերի վերջնականության սկզբունքին հակակշռելու համար: Ավելին, այն միայնակ չէ դատական ակտերի վերջնականության սկզբունքով պաշտպանվող արժեքին հակակշռող նժարի վրա: Դատական ակտերի վերջնականության սկզբունքի ուժով վիճարկվող դրույթում Դիմողների կողմից նոր հանգամանքով իրենց գործերով դատական ակտերը վերանայելու սահմանափակումների համաչափության գնահատման համար Սահմանադրական դատարանը չի կարող անտեսել, որ`
ա) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» իրավունքը, լինելով սահմանադրորեն ամրագրված և պաշտպանված Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով, իրավակիրառ պրակտիկայում շարունակաբար զանգվածայնորեն ենթարկվել է խախտումների (տես՝ սույն որոշման կետեր 100-108).
բ) թեպետ ՄԻԵԿ-ի վավերացման պահից ի վեր հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման գործընթացներում տեղ գտած իրավունքի խախտումները շարունակաբար ճանաչվել են ՄԻԵԴ-ի վճիռներով և ՄԻԵԴ-ին ներկայացրած Կառավարության միակողմանի հայտարարություններում, այդ խախտումները շարունակել են տեղ գտնել և առաջնահերթորեն վերաբերել են միջամտության համաչափությանը, իսկ այն դեպքերում, երբ առանցքային արձանագրումները վերաբերել են սեփականության օտարման օրինականությանը, ապա խախտման ճանաչման հետ մեկտեղ ՄԻԵԴ-ի կողմից առավելագույն հստակությամբ արձանագրվել է օտարվող գույքի դիմաց փոխհատուցման համակարգի անհամատեղելիությունը ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին (տես՝ սույն որոշման կետ 100)61.
գ) սույն գործից զատ Սահմանադրական դատարանը Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց ի վեր մի քանի անգամ ևս իր որոշումներում (ՍԴՈ-92, ՍԴՈ-630, ՍԴՈ-1699) անդրադարձել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարմանը՝ հստակ ընդգծելով գույքի դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» երաշխիքի ապահովման հրամայականը՝ որպես օտարման սահմանադրականության պարտադիր նախապայման: Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման սահմանադրական երաշխիք-պայմաններին Սահմանադրական դատարանի կողմից շարունակական անդրադարձը՝ զուգորդված ՄԻԵԴ-ի կողմից այս պայմանների չապահովման բերումով սեփականության իրավունքի բազմաթիվ խախտումների արձանագրմանը, վկայում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով կարգավորվող իրավահարաբերություններում սեփականատերերի իրավունքների պաշտպանության հարցում համակարգային խնդրի առկայության մասին (տե՛ս սույն որոշման կետեր 100-102, 103-104).
դ) մարդու իրավունքների պաշտպանը 2004 թվականից ի վեր իր տարեկան հաղորդումներում շարունակաբար ուշադրություն է հրավիրել օտարվող սեփականության դիմաց համարժեք փոխհատուցման իրավունքի խախտումներին՝ մատնանշելով հիշյալ սահմանադրական իրավունքի պաշտպանության համակարգային անհրաժեշտությունը: Իր հերթին, Կառավարությունը Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023, 2022-2026 թվականների ռազմավարություններում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարումներն առանձնացրել է որպես մարդու իրավունքների զանգվածային խախտումների ոլորտներից մեկը (տե՛ս սույն որոշման կետեր 105-107 ).
ե) միջազգային մարմինները ևս արձանագրել են Հայաստանի Հանրապետությունում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման ոլորտում սեփականատերերի իրավունքների նախկինում տեղ գտած խախտումների տարածվածությունը և շեշտադրել համարժեք փոխհատուցման իրավունքի վերականգնման կարևորությունը (տե՛ս սույն որոշման կետ 108 ).
զ) օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման համարժեքության սկզբունքի պահպանվածությանը վերաբերող գործերով խախտումները կրել են բազմակի և շարունակական բնույթ և իրենց լուծումը չեն ստացել եռաստիճան դատական համակարգում: Իր հերթին, ներպետական պաշտպանության միջոցների անարդյունավետությունը վերջնարդյունքում հանգեցրել է ՄԻԵԴ-ի կողմից սեփականատերերի իրավունքների խախտումները ճանաչող բազմաթիվ վճիռների կայացմանը (տե՛ս սույն որոշման կետեր 114-120).
է) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարումն իր էությամբ սեփականության իրավունքին միջամտության իրավահարաբերություն է, ինչով էլ պայմանավորված այն իր հստակ ամրագրումն է ստացել հենց Սահմանադրությամբ, որով էլ նախատեսվել են այս հիմքով սեփականության իրավունքին միջամտության հատուկ և ընդհանուր կանոնից տարբերվող առավել խիստ պայմաններ, որոնց անվերապահ իրագործման դեպքում կարող է միջամտությունը համարվել սահմանադրաչափ (տե՛ս սույն որոշման կետ 111).
թ) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) գույքը վերցվում է սեփականատիրոջից և անցնում է կա՛մ հանրային իշխանությանը, կա՛մ նրա ընտրած ձեռք բերողին: Հաշվի առնելով, որ օտարումը տեղի է ունենում շնորհիվ հանրային իշխանության գործադրման՝ բուն օտարման շրջանակներում հիմնական իրավունքների միակ կրողը (անկախ նրանից` գույքը ձեռք է բերում հանրային իշխանությունը, թե նրա կողմից որոշված ձեռք բերողը) կարող է հանդիսանալ օտարվող գույքի սեփականատերը, որի հիմնական իրավունքներն էլ հակադրվում և նախանշում են հանրային իշխանական գործունեության սահմանները (տե՛ս սույն որոշման կետեր 129-133).
ժ) Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության իրավունքին միջամտության իրավաչափության պայմանն է օտարվող սեփականության դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» տրամադրումը: «Նախնական և համարժեք փոխհատուցում» ստանալու իրավունքը չերաշխավորելը վերջնարդյունքում հանգեցնում է սեփականության իրավունքին անհամաչափ միջամտության, իսկ այս պայմաններից լրացուցիչ շեղում թույլ տալու կամ դրանց առնչությամբ լրացուցիչ սահմանափակումներ նախատեսելու իրավասություն հանրային իշխանությունը չունի (ՍԴՈ-1699, մասնավորապես` կետեր 5.6-5.7):
144. Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ վիճարկվող՝ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հաշվի չի առնում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցում» ստանալու՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված երաշխիքի առանձնահատկությունները, և իր հիմքում ունենալով Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ սեփականության իրավունքի սահմանափակման ընդհանուր կանոնը, բոլոր տեսակի քաղաքացիական իրավահարաբերությունների համար սահմանել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միևնույն նախապայմաններն ու վերապահումները: Այսինքն՝ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը չի արտացոլում Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված «նախնական և համարժեք փոխհատուցման» իրավունքի բացարձակ բնույթով պայմանավորված (տե՛ս նաև 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշման 5.3-5.8-րդ կետերը)՝ դրա թե՛ նյութական, թե՛ ընթացակարգային (մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքի համապատասխան կառուցակարգերի, ներառյալ` նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման, միջոցով պաշտպանության) բաղադրիչներին անմիջամտելիության սահմանադրական երաշխիքը:
145. Ամփոփելով նշվածը՝ Սահմանադրական դատարանը, կրկին վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները, փաստում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարինքների համար) սեփականության օտարումն իր բնույթով միջամտության բացառիկ դրսևորում է, ինչն ուղղակիորեն ճանաչվել է Սահմանադրի կողմից, որը հատուկ նորմով Սահմանադրությամբ բառացի նախատեսել է այս միջամտության թույլատրելիության պայմանները, որոնց անշեղ պահպանումը միայն կարող է ապահովել միջամտության համաչափությունը, ինչը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարինքների համար) օտարվող սեփականության դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» իրավունքն օժտում է «բացարձակ իրավունքի» որակով62:
146. Վերը ներկայացվածի հիման վրա Սահմանադրական դատարանը ձևավորում է այն անայլընտրանք եզրահանգումը, որ դատական ակտերի վերջնականության սկզբունքը բոլոր այն գործերով, երբ խնդրո առարկա են Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «նախնական» կամ «համարժեք» փոխհատուցման իրավունքի իրավական բովանդակությունը կազմող սկզբունքները, որոնց խախտումն արձանագրվել է նոր հանգամանք հանդիսացող միջազգային դատարանի դատական ակտով, չի կարող գերակշռել նույնաբովանդակ այլ հնարավոր խախտումների զոհերի իրավունքի վերականգնման՝ անհատական սահմանադրական «բացարձակ» իրավունքի ապահովման հրամայականի նկատմամբ, քանի որ վերը նշված վերլուծություններն ուղղակիորեն վկայում են այնպիսի էական և ծանրակշիռ հանգամանքների մասին, որոնք դատական ակտի վերջնականության սկզբունքի հաղթահարման համար բավարար հիմքեր են հանդիսանում:
147. Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» իրավունքի բացարձակ լինելու վերաբերյալ հայտնած իր դիրքորոշումները, ինչպես նաև սույն որոշմամբ ներկայացված՝ այդ իրավունքին առնչվող խնդրահարույց զարգացումների ողջ նախապատմությունը, գտնում է, որ սկզբունքորեն անձանց համար պետք է բաց լինի «նախնական և համարժեք փոխհատուցման» իրավունքի պաշտպանություն ստանալու «իրավական հնարավորության պատուհանը»:
148. Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր այն գործերով, երբ խնդրո առարկա են Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «նախնական» կամ «համարժեք» փոխհատուցման սահմանադրական երաշխիքների իրավական բովանդակությունը կազմող սկզբունքները, և նոր հանգամանք հանդիսացող դատական ակտով արձանագրվել է դրանցից որևէ մեկի խախտում, նույնաբովանդակ այլ հնարավոր խախտումների զոհերի վերաբերյալ կայացված դատական ակտերի՝ նոր հանգամանքով վերանայման և վերջիններիս իրավունքների վերականգնման հնարավորության սահմանափակումն անհամաչափ միջամտություն է անձի սեփականության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին՝ հակասելով համապատասխանաբար Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ և 63-րդ հոդվածի 1-ին մասերին:
149. Սահմանադրական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումը և դրա հիմքով արված եզրահանգումը չի բացառում օրենսդրի հայեցողությունը` սահմանելու Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավահարաբերություններում «նախնական և համարժեք փոխհատուցման» սկզբունքների խախտման դեպքերով նոր հանգամանքով բողոքներ ներկայացնելու համար այնպիսի սահմանափակումներ, որոնք ողջամտորեն համահունչ կլինեն տվյալ սահմանադրական իրավունքի բնույթին և, հաշվի կառնեն այս իրավունքի առանձնահատկությունները (տե՛ս մասնավորապես սույն որոշման կետեր 137-148):
150. Արձանագրելով, որ երբ խնդրո առարկա են Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «նախնական» կամ «համարժեք» փոխհատուցման սկզբունքները, և նոր հանգամանք հանդիսացող դատական ակտով ճանաչվել է այդ սկզբունքներից որևէ մեկի խախտում, ապա նույնաբովանդակ խախտման այլ զոհերը ևս նոր հանգամանքով իրենց նկատմամբ կայացված դատական ակտերի վերանայման իրավունք պետք է ունենան, Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով, որ Օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ժամկետային սահմանափակում է նախատեսում 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա նոր հանգամանքով բողոքների ներկայացման համար, անհրաժեշտություն չի տեսնում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա անդրադառնալու նաև վիճարկվող դրույթի հետ համակարգային փոխկապակցվածության մեջ գտնվող՝ Օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված սահմանափակման սահմանադրականության հարցին, քանի որ դրա ընդունմամբ օրենսդիրն այդ ժամկետային սահմանափակումը նախատեսել էր բացառապես վիճարկվող դրույթով մինչև սույն որոշման կայացման պահը նոր հանգամանքով բողոք բերելու հնարավորություն ունեցող անձանց համար, մասնավորապես՝ (1) անձինք, որոնց իրավունքը միջազգային դատարանի ակտով խախտված է ճանաչվել, (2) անձինք, որոնք իրավունքի խախտում արձանագրող միջազգային դատարանի վճռի կայացման պահին ՄԻԵԴ չեն դիմել, սակայն ՄԻԵԿ-ի պահանջներին (ժամկետներին) համապատասխան ունեն նման հնարավորություն: Հետևաբար՝ Օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված սահմանափակումն առհասարակ չի կարող վերաբերել բոլոր այն անձանց կողմից ներկայացվող նոր հանգամանքով բողոքներին, որոնք չեն մասնակցել Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող դատարանում քննված գործին կամ նույն դատարանի կողմից վճռի կամ որոշման կայացման պահին չեն ունեցել այդ դատարան դիմելու իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն, թեպետ միջազգային դատարանի ակտը վերաբերում է իրենց իրավունքների նույնաբովանդակ խախտմանը, այն է՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» որևէ սկզբունքի խախտման:
151. Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների և վիճարկվող դրույթով նախատեսված սահմանափակումների անվավերության եզրահանգման իրավական ազդեցությամբ՝ նոր հանգամանքով բողոք բերելու իրավունքը պետք է ապահովվի նաև այն անձանց համար, որոնք, մասնակցած չլինելով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող դատարանում քննված գործին, նույն դատարանի կողմից վճռի կամ որոշման կայացման պահին չեն ունեցել այդ դատարան դիմելու իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն, սակայն միջազգային դատարանի ակտը վերաբերում է իրենց իրավունքների նույնաբովանդակ խախտմանը, այն է՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» որևէ սկզբունքի խախտման: Միաժամանակ, Սահմանադրական դատարանի սույն դիրքորոշումը չի բացառում օրենսդրի հայեցողությունը` այս խմբի մեջ մտնող անձանց մասով նույնպես սահմանելու ժամկետային սահմանափակումներ` պայմանով, որ դրանք ողջամտորեն համահունչ կլինեն նրանց կողմից Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավունքի առանձնահատկություններին (տե՛ս մասնավորապես` սույն որոշման կետեր 137-150 կետեր):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող դատարանում գործին չմասնակցած անձի կողմից, որը նույն դատարանի վճռի կամ որոշման կայացման պահին չի ունեցել այդ դատարան դիմելու իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն, Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող դատարանի կողմից խախտված ճանաչվելու դեպքում նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու` Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
_________________
1 Տե՛ս «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» (վճիռ), թիվ 71306/11, կետեր 9, 13-16, 21, 26, 49, 50, 62, 69-71, 2018 թվականի հոկտեմբերի 11 (հայերեն թարգմանությամբ):
2 Տե՛ս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մաս:
3 Տե՛ս Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1699 որոշում, կետեր 4.1, 5.7:
4 Տե՛ս 2008 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-741 (կետ 8), 2015 թվականի դեկտեմբերի 1-ի ՍԴՈ-1238 (կետ 7), 2016 թվականի դեկտեմբերի 6-ի ՍԴՈ-1326 (կետ 6), 2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1424 (կետ 4.2), 2019 թվականի մարտի 19-ի ՍԴՈ-1448 (կետ 4.4), 2021 թվականի մարտի 9-ի ՍԴՈ-1583 (կետ 4.2), 2021 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-1609 (կետ 4.2), 2021 թվականի սեպտեմբերի 27-ի ՍԴՈ-1611 (կետ 6.2), 2021 թվականի նոյեմբերի 9-ի ՍԴՈ-1617 (կետ 3) և 2021 թվականի նոյեմբերի 30-ի ՍԴՈ-1618 (կետ 4.5) որոշումները:
5 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշում, կետեր 5.7 և 5.9:
6 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշում, կետ 5.4:
7 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշում, կետ 4.2։
8 Տե՛ս նույն տեղում:
9 Տե'ս նույն գործով վճիռը (գանգատ թիվ 71306/11), կետեր 62-71։
10 Տե՛ս «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ (Osmanyan and Amiraghyan v. Armenia, թիվ 71306/11, § 70, 2018 թվականի հոկտեմբերի 11:
11 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2008 թվականի մայիսի 13-ի ՍԴՈ-753 որոշում, կետ 9:
12 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-1176 որոշում, կետ 6:
13 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2015 թվականի հունիսի 9-ի ՍԴՈ-1213 որոշում, կետ 9:
14 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշում, կետ 7:
15 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴՈ-1669 որոշում, կետ 5.3:
16 http://www.hudoc.echr.coe.int/
17 Հետագայում՝ 2021 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՄԻԵԿ-ի 15-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` ՄԻԵԿ-ի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անհատական դիմում ներկայացնելու ժամկետը սահմանվել է 4 ամիս:
18 Տե՛ս, օրինակ այնպիսի հատուկ իրավիճակները, որոնք ՄԻԵԴ-ի կողմից դիտարկվել են ՄԻԵԿ-ի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 6-ամսյա ժամկետը բաց թողնելու պայմաններում դիմումի ընդունելիության բացառություններ, մասնավորապես՝
Varnava and Others v. Turkey [GC], nos. 16064/90 et seq., §§ 159-172, ECHR 2009, Er and Others v. Turkey, no. 23016/04, §§ 59-60, 31 July 2012, Trivkanović v. Croatia, no. 12986/13, §§ 54-58, 6 July 2017, Sargsyan v. Azerbaijan [GC] (dec.), no. 40167/06, §§ 124-148, 14 December 2011, Sokolov and others v. Serbia (dec.), nos. 30859/10 and six others, §§ 31-32, 2014.
19 Տե՛ս նաև՝ Brumărescu v. Romania [GC], no. 28342/95, § 61, ECHR 1999-VII, Guðmundur Andri Ástráðsson v. Iceland [GC], no. 26374/18 § 238, 1 December 2020.)
20 Վերը մեջբերված Guðmundur Andri Ástráðssonv. Iceland [GC], § 238,
21 Ryabykh v. Russia, no. 52854/99, §§ 52-56, ECHR 2003‑IX, Tığrak v. Turkey, no. 70306/10, § 48, 6 July 2021
22 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի ՍԴՈ-833 որոշում, կետ 6:
23 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2011 թվականի հուլիսի 15-ի ՍԴՈ-984 որոշում, կետ 7:
24 Տե՛ս նույն տեղում, կետ 8:
25 Տե՛ս նույն տեղում, կետեր 7,11:
26 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշում, կետ 6:
27 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2011 թվականի հուլիսի 15-ի ՍԴՈ-984 որոշում, կետ 7:
28 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշում, կետ 4.7:
29 Սահմանադրական դատարանն այս խնդրին անդրադարձել է 2022 թվականի մարտի 29-ի ՍԴՈ-1645 որոշմամբ:
30 Տե՛ս համակցության մեջ սույն որոշման 50-րդ կետում ՍԴՈ-1699 որոշումից կատարված մեջբերման հետ:
31 Տ՛ես 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշման 5.7-րդ կետը:
32 The Holy Monasteries v. Greece, nos. 13092/87, 13984/88, § 71, 9 December 1994, Series A no. 301-A, Platakou v. Greece, no. 38460/97, § 51, ECHR 2001-I, The Former King Of Greece And Others v. Greece (just satisfaction) [GC], no. 25701/94, § 89, 28 November 2002, Katona And Závarský v. Slovakia, nos. 43932/19 43995/19, § 63, 9 February 2023, Pincovո and Pinc v. The Czech Republic, no. 36548/97, § 53, ECHR 2002-VIII, Gashi v. Croatia, no. 32457/05, § 41, 13 December 2007, Vistiņš and Perepjolkins v. Latvia [GC], no. 71243/01, § 111, ECHR 2012, Guiso-Gallisay v. Italy (just satisfaction) [GC], no. 58858/00, § 103, 22 December 2009, Moreno Diaz Peña and Others v. Portugal, no. 44262/10, § 76, 4 September 2015.
33 Տե՛ս օրինակ՝ Lallement v. France, app. 46044/99, § 18, 11 April 2002
34 «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» (վճիռ), թիվ 71306/11, § 18, 11 հոկտեմբերի 2018 թվական, մեջբերվում է հայերեն պաշտոնական թարգմանությունից:
35 Տե՛ս «Օսմանյանն ընդդեմ Ամիրաղյանի» (վճիռ), թիվ 71306/11, կետեր 63 և 69-70, 2018 թվականի հոկտեմբերի 11 (հայերեն թարգմանությամբ):
36«Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» (վճիռ) [Կոմիտե], թիվ 4168/10, կետեր 61-62, 2019 թվականի մարտի 14 (հայերեն թարգմանությամբ):
37 «Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» (վճիռ) [Կոմիտե], թիվ 54769/10, կետեր 58-59, 2019 թվականի փետրվարի 14 (հայերեն թարգմանությամբ):
38 «Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» (վճիռ) [Կոմիտե], թիվ 6818/10, կետեր 55-56, 2019 թվականի փետրվարի 14 (հայերեն թարգմանությամբ):
39 «Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի» (վճիռ) [Կոմիտե], թիվ 5444/10, կետեր 72-73, 2019 թվականի փետրվարի 14 (հայերեն թարգմանությամբ):
40 «Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» (վճիռ) [Կոմիտե], թիվ 65124/09, կետեր 57-58, 2019 թվականի փետրվարի 14 (հայերեն թարգմանությամբ):
41 «Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի» (վճիռ) [Կոմիտե], թիվ 4178/10, կետեր 55-56, 2019 թվականի փետրվարի 14 (հայերեն թարգմանությամբ):
42 «Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» (վճիռ) [Կոմիտե], թիվ 4413/10, կետեր 55-56, 2019 թվականի փետրվարի 14 (հայերեն թարգմանությամբ):
43 «Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի» (վճիռ) [Կոմիտե], թիվ 22662/10, կետեր 47-48, 54-57 2020 թվականի մարտի 19 (հայերեն թարգմանությամբ):
44 «Ղուկասյանը և այլք ընդդեմ Հայաստանի» (վճիռ) [Կոմիտե], թիվ 32986/10, կետ 23, 2022 թվականի մարտի 29 (հայերեն թարգմանությամբ):
45 «Նալթակյանը և այլք ընդդեմ Հայաստանի» (վճիռ) [Կոմիտե], թիվ 47448/12, կետեր 34-35, 2023 թվականի հուլիսի 4 (հայերեն թարգմանությամբ):
46 Տե՛ս 1998 թվականի փետրվարի 27-ի ՍԴՈ-92 որոշում, կետեր 5 և 6:
47 Տե՛ս 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշում, կետեր 8,9 և 11:
48 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշում, կետեր 5.3, 5.5-5.7
49 2004 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույց, ենթակետ 3.18, էջեր 43-44, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույց 2005 թվական «Սեփականության, արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների խախտումների մասին», էջեր 2-3, 20, 2008 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույց, ենթակետ 2.2.3, էջեր 101-102, 2009 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույց, ենթակետ 2.2.3, էջ 65, 2013 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույց, էջեր 334-335, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2019 թվականի տարեկան հաղորդում, բաժին 3, գլուխ 2, մաս 1, էջեր 112-114:
50 2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշպանության վիճակի մասին տարեկան հաղորդում, էջ 49, 2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում, բաժին 3, գլուխ 2, մաս 3, էջ 63, 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի տարեկան հաղորդում, բաժին 3, գլուխ 2, մաս 1, էջ 102, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2019 թվականի տարեկան հաղորդում, բաժին 3, գլուխ 2, մաս 1, էջեր 114-115, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2020 թվականի տարեկան հաղորդում, բաժին 3, գլուխ 2, մաս 1, էջեր 180-181, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2021 թվականի տարեկան հաղորդում, գլուխ 2, մաս 1, էջ 161, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2023 թվականի տարեկան հաղորդում, բաժին 2, գլուխ 2, էջեր 73-75:
51 Տե՛ս «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշման, հավելված N 1:
52 Տե՛ս Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասինե Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-L որոշման հավելված N 1:
53 Տես՝ Հայաստան այցելության մասին ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողի թիվ A/HRC/57/50/Add.2 զեկույցը.
54 Lallement v. France, app. 46044/99, § 18, 11 April 2002, վերջնական է դարձել 2002 թվականի հուլիսի 11-ին:
55 Gherghina v. Romania (dec.) [GC], no. 42219/07, §§ 84-89, 9 July 2015, Mocanu and Others v. Romania [GC], nos. 10865/09 and 2 others, § 221, ECHR 2014, Vučković and Others v. Serbia (preliminary objection) [GC], nos. 17153/11 and 29 others, §§ 69-77, 25 March 2014, Selmouni v. France [GC], no. 25803/94, §74, ECHR 1999-V, Kudła v. Poland [GC], no. 30210/96, § 152 ECHR 2000-XI, Andrášik and Others v. Slovakia, nos. 57984/00 and six others, ECHR 2002-IX.
56 Demopoulos and Others v. Turkey (dec.) [GC], nos. 46113/99 and 7 others, §§ 69 and 97, ECHR 2010, Vučković and Others v. Serbia (preliminary objection) [GC], nos. 17153/11 and 29 others, §§ 69-77, 25 March 2014, Akdivar and Others v. Turkey [GC], no. 21893/93 , § 65, ECHR 1996-4
57 Akdivar and Others v. Turkey [GC], no. 21893/93 , §§ 68-69, ECHR 1996-4, Khashiyev and Akayeva v. Russia, nos. 57942/00 and 57945/00, §§ 116-117, 24 February 2005, Sargsyan v. Azerbaijan [GC], no. 40167/06, § 119, ECHR 2015.
58 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշում, կետ 4.1
59 Տե՛ս, 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշումը, կետ. 5.9:
60 Տե՛ս, 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշումը, կետեր 5.2-5.3:
61 «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» (արդարացի փոխհատուցում) թիվ 27651/05 , §§ 17-20, 2011 թվականի հուլիսի 7 (հայերեն թարգմանությամբ):
62 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշում, կետ 5.7։
Նախագահող 11 փետրվարի 2025 թվականի ՍԴՈ-1769
Ա. Դիլանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|