Գլխավոր տեղեկություն
Համար
N 218
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-01.08.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀՄԻՆԽՈՐՀՈԵՎԿ 1978/ապրիլ
Ընդունող մարմին
Հայաստանի կոմկուսի Կենտկոմ և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.04.1978
Ստորագրող մարմին
Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄ ԵՎ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 1978 թ. N 218

Քաղ. Երևան

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի կոմկուսի Կենտկոմը և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը նշում են, վերջին տարիներս պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման, վերականգնման ու օգտագործման գործը որոշ չափով լավացել է: Հայկական ՍՍՀ Պետշինը, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիան, Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունը, Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը և ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործկոմները որոշակի աշխատանք են կատարել հուշարձանները վերականգնելու և դրանց պահպանումը կազմակերպելու գործում:

Ներկայումս Հայկական ՍՍՀ տարածքում 4147 ճարտարապետական և հնէաբանական հուշարձաններ գտնվում են պետության հսկողության տակ, բացի դրանից, մոտ 1500 հայկական ճարտարապետական հուշարձան պետական հաշվառման է վերցված մյուս եղբայրական միութենական հանրապետություններում:

Հայաստանի կոմկուսի Կենտկոմը և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը միաժամանակ նշում են, որ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման գործում դեռևս կան էական թերություններ:

Հայկական ՍՍՀ Պետշինի Ճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման վարչությունն ու նրա հատուկ գիտաարտադրական արվեստանոցը չեն ապահովել աշխատանքների հստակ պլանավորում և պատշաճ կազմակերպում: Մինչև վերականգնումը սկսելը ճարտարապետական առանձին հուշարձանների գիտական բազմակողմանի հետազոտում չի անցկացվում մասնագետների ու ստեղծագործական կազմակերպությունների մասնակցությամբ: Դեռևս գիտական ղեկավարությունն ու վերահսկողությունը թույլ են իրականացվում վերականգնման աշխատանքների նկատմամբ:

Հաճախ ճարտարապետական հուշարձանների վերականգնման աշխատանքները կատարվում են անորակ, անբավարար են իրականացվում որմնանկարների մաքրման, ամրացման, պատճենահանման և երկարատև պահպանման ապահովման միջոցառումները:

Բավարար միջոցներ չեն իրականացվում ապահովելու պատմության ու մշակույթի հուշարձանների հետագա պահպանումը: Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքների նկատմամբ հանրապետության Պետշինի և Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության կողմից թույլ է իրագործվում տեխնիկական հսկողությունը: Դեռևս լինում են դեպքեր, երբ արժեքավոր հնէաբանական հուշարձաններ փչանում և վնասվում են շինարարական, հողագործական և մելիորատիվ աշխատանքների անցկացման կապակցությամբ:

Թերություններ կան նաև Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահությանն առընթեր Պատմության և մշակույթի պահպանման և ուսումնասիրման գիտամեթոդական խորհրդի աշխատանքում:

Ճարտարապետական-պատմական շատ կարևորագույն հուշարձաններ չեն մտցված տուրիստական երթուղիներում և չեն օգտագործվում բարեկարգ մերձատար ուղիների բացակայության պատճառով:

Պատմության և մշակույթի մի շարք արժեքավոր հուշարձաններ դուրս են մնացել ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմների տեսադաշտից ու դրանց անհրաժեշտ խնամքի բացակայության պատճառով շարքից դուրս են գալիս:

Պատմության և մշակույթի ամենաարժեքավոր հուշարձանների մասին գիտահանրամատչելի ու մասսայական գրականության հրատարակումը, ինչպես նաև մամուլում, ռադիոյով և հեռուստատեսությամբ դրանց պրոպագանդումը իրագործվում է ցածր մակարդակով:

1977 թվականի դեկտեմբերի 21-ին Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից հաստատված Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման ու օգտագործման մասին» օրենքին համապատասխան և պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանման ու վերականգնման աշխատանքների հետագա բարելավման, աշխատավորների կոմունիստական դաստիարակության գործում դրանք ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով, Հայաստանի կոմկուսի Կենտկոմը և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում են.

1. Հայկական ՍՍՀ Պետշինի կենտրոնական ապարատի ճարտարապետական հուշարձանների պահպանության ու վերականգնման վարչության բազայի վրա ստեղծել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչություն:

2. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը սահմանել 20 միավոր: Վարչության ապարատի պահպանումը կատարել հանրապետության պետական կառավարման մարմինների պահպանման համար նախատեսված ծախսերի սահմաններում:

3. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Պետշինին (ընկ. Կ. Մարությանին)` սահմանված կարգով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչության իրավասությանը հանձնել «Էրեբունի» թանգարանն իր մասնաճյուղերով, «Զվարթնոց» արգելոցն ու գիտավերականգնման հատուկ արտադրական արվեստանոցը:

4. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչության վրա դնել Հայաստանի պատմության և մշակույթի բոլոր հուշարձանների պետական հաշվառումը, դրանց օգտագործման ղեկավարումը, պահպանական գոտիների և պատմամշակութային արգելոցների կազմակերպումը, հուշարձանների ուսումնասիրման գիտահետազոտական աշխատանքների անցկացումը, դրանց վերականգնման իրականացումը, հատուկ գրականության հրատարակումը և նոր հուշարձանների նախագծման ու կառուցապատման գործում աջակցությունը:

5. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչությանը`

ա) մշակել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչության ապարատի կառուցվածքը և, Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցնելով, ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի հաստատմանը.

բ) մշակել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչության կանոնադրությունը և, Հայկական ՍՍՀ Արդարադատության մինիստրության հետ համաձայնեցնելով, ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի հաստատմանը.

գ) շահագրգռված կազմակերպությունների հետ համաձայնեցնելով մշակել և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի պատմության և մշակույթի հուշարձանների կազմակերպման ու միասնական հաշվառման իրականացման, հետազոտական վերականգնման, հրատարակչական աշխատանքների, ինչպես նաև դրանց օգտագործման 1978 թվականի և մինչև 1990 թվականը հեռանկարի համար պլանները.

դ) արմատապես բարելավել գիտավերականգնման հատուկ արտադրական արվեստանոցի աշխատանքը հուշարձանները վերականգնելու ուղղությամբ, հատուկ ուշադրություն դարձնելով կառույցների վերականգնման, ֆրեսների մաքրման և վերականգնման աշխատանքների որակին: Արվեստանոցը համալրել բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Ապահովել վերականգնվող օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի ժամանակին կազմումը, առանձնացված միջոցների նպատակահարմար ու խնայողաբար ծախսումը և վերականգնման աշխատանքների պլանների անպայման կատարումը գիտատեխնիկական բարձր մակարդակով.

ե) աշխատանքների պլաններում նախատեսել քանդակագործական և այլ մոնումենտալ ստեղծագործությունների վերականգնումը, համաձայն ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործկոմների հայտերին.

զ) Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Արտասահմանյան տուրիզմի վարչության և Տուրիզմի ու էքսկուրսիաների հայկական հանրապետական խորհրդի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել մասսայական տպաքանակով ալբոմների, բուկլետների, ուղեցույցների և այլ նյութերի գաղափարագեղարվեստական բարձր մակարդակով հրատարակման համար նախապատրաստելու ուղղությամբ:

6. Պարտավորեցնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի պետական կոմիտեին (ընկ. Ս. Բաղդասարյանին)` ապահովել հանրապետության տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձաններին նվիրված ուղեցույցների, քարտեզների, ալբոմների, բուկլետների ու գրքերի հրատարակումը հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով, պոլիգրաֆիական բարձր մակարդակով:

7. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիային (ընկ. Վ. Համբարձումյանին)` բարելավել Գիտությունների ակադեմիայի նախագահությանն առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման ու ուսումնասիրման գիտամեթոդական խորհրդի աշխատանքը և միջոցներ ձեռնարկել ամրացնելու նրա նյութատեխնիկական բազան:

8. Պարտավորեցնել շինարարական, հիդրոշինարարական, հողաշինական, մելիորատիվ ու այլ աշխատանքներ կատարող մինիստրություններին և գերատեսչություններին` պատմության և մշակույթի հուշարձաններ հայտնաբերելու դեպքում անհապաղ դադարեցնել աշխատանքները, կազմակերպել դրանց պահպանումը, դրանց մասին հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչությանը, Կուլտուրայի մինիստրությանը, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիային, ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործկոմներին և աշխատանքներն սկսել միայն Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչության թույլտվությամբ:

9. Հանձնարարել Հայաստանի կոմկուսի քաղկոմներին և շրջկոմներին, հանրապետական թերթերի խմբագրություններին, Ռադիոհաղորդումների ու հեռուստատեսության պետական կոմիտեին, «Գիտելիք» հանրապետական ընկերությանը` լայնորեն պրոպագանդել կոմունիստական կուսակցության ու սովետական պետության հոգատարությունը հեղափոխական շարժումը, Քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների աչքի ընկնող իրադարձությունները, ժողովրդի աշխատանքային կյանքը, նրա մշակույթը, երկրի ժողովուրդների եղբայրական բարեկամությունը, սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման համար սովետական ժողովրդի հերոսական պայքարն արտացոլող պատմության ու մշակույթի հուշարձանները պահպանելու վերաբերյալ, դրանք օգտագործելով աշխատավորության հայրենասիրական, գաղափարաբարոյական և գեղագիտական դաստիարակության համար:

10. Պարտավորեցնել ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմներին`

ա) ուժեղացնել հսկողությունը պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման ու անվնասության նկատմամբ, շրջանում կազմակերպել ճարտարապետական ու հնէաբանական հուշարձանների պահպանական գոտիներ, վճռականորեն կանխել ինքնագլուխ պեղումները և այլ գործողություններ, որոնք փչացնում և քանդում են հուշարձանները.

բ) բարելավել Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության տեղական կազմակերպությունների գործունեության ղեկավարումը և նրանց անհրաժեշտ օգնություն ցույց տալ, պատմական հուշարձանների պահպանման ամենօրյա աշխատանքում ավելի ակտիվորեն ներգրավել հասարակական կազմակերպությունները:

11. Պարտավորեցնել Հայկական ՍՍՀ Պետպլանին (ընկ. Հ. Սաղոյանին) և Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությանը (ընկ. Ջ. Ջանոյանին)` հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման 1978 թվականի պետական պլանի և պետական բյուջեի մեջ մտցնել սույն որոշումից բխող անհրաժեշտ փոփոխություններ:

12. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչությանը և ժողովրդական դեպուտատների Երևանի քաղսովետի գործկոմին` երկշաբաթյա ժամկետում Երևան քաղաքում համապատասխան շենքեր առանձնացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչությունը տեղավորելու համար:

 

Հայաստանի կոմկուսի

Կենտկոմի քարտուղար

Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հայկական ՍՍՀ Մինիստրների

խորհրդի նախագահ

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.1996, N 236 01.08.1996, N 218
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան