Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1767
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 11.02.2025
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
05.02.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2025

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

5 փետրվարի 2025 թ.

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱ­ՏԱ­ՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2021 Թ. ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍ­ԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ՝ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒ­ՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱ­ՊԱՏԱՍԽԱՆՈՒ­ԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դիմող կամ Դատարան),

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի (այսուհետ նաև` Պատասխանող) ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրեն­քի 22, 40 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ 2021 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեա­կան դատավարության օրենս­գիրքը (այսուհետ նաև՝ 2021 թվականի ՔԴՕ կամ Օրենս­գիրք) ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին:

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենս­գիրքը (այսուհետ նաև՝ Նախկին ՔԴՕ կամ Նախկին օրենս­գիրք) ուժը կորցրել է 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Նախկին օրենսգրքի 54-րդ, 54.1-ին, 54.2-րդ, 54.3-րդ, 54.4-րդ գլուխների դրույթներն ուժը կորցրած չեն ճանաչվել:

Օրենսգրքի՝ «Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները» վերտառությամբ 12-րդ հոդվածի՝ սույն գործին առավել վերաբերելի դրույթներով ամրագրված է.

«1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

1) անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը.

2) առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք (բացառությամբ անմեղսունակության).

(…)

11) անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխանատվության ենթարկելու` oրենքով նախատեuված տարիքին.

(…)

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքները ռեաբիլիտացնող են։

(…)

4. Սույն հոդվածի 1-ին մաuի 11-14-րդ կետերով նախատեսված հանգամանք­ների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում»:

Օրենսգրքի 12-րդ հոդվածում փոփոխություն կամ լրացում չի կատարվել:

Գործի քննության առիթը՝ Դիմողի՝ թիվ ԱՐԱԴ2/0012/01/23 գործով «ՀՀ Սահմա­նադրական դատարան դիմելու և դատալսումները հետաձգելու մասին» որոշման հիման վրա նույն դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 2-ին Սահմանադրական դատա­րան մուտքագրված դիմումն է:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով վիճարկել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը: Սահմանա­դրական դատարանը 2025 թվականի փետրվարի 5-ի ՍԴԱՈ-14 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթն այդ մասով կարճել է:

Ուսումնասիրելով դիմումը, Դիմողի և Պատասխանողի գրավոր բացատրություն­ները, գործում առկա մյուս փաստաթղթերը, վերլուծելով վիճարկվող և վերաբերելի օրինադրույթները՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Գործի համառոտ դատավարական նախապատմությունը

1.1. 2022 թվականի հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Քրեական օրենսգիրք) 118-րդ հոդվածի (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որն առողջությանը թեթև վնաս չի պատճառել) և 137.1-ին հոդվածի 1-ին մասի (Անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը) հատկա­նիշներով հարուցվել է թիվ 54154122 քրեական գործը և ուղարկվել ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

2023 թվականի մարտի 9-ին որոշում է կայացվել թիվ 54154122 քրեական վարույթով Սլ.Ս.-ի, Մ.Ս.-ի, Ս.Ս.-ի (ծնված՝ 30.11.2008 թ.), Զ.Ն.-ի և Սվ.Ս.-ի նկատմամբ 18.04.2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ 2021 թվականի ՔԴՕ 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի հիմքով:

2023 թվականի մարտի 13-ին Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատա­րելը, որն առողջության թեթև վնաս չի առաջացրել): Նույն օրը Ս.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Ս.Ս.-ին առաջադրված մեղա­դրանքի փաստական նկարագրությունը հանգում է նրան, որ «նա, 2022 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, գտնվել է Արագածոտնի մարզի (…) համայնքի (…) բնակավայրում, որտեղ անասունները արգելված վայրում արածեցնելու հարցի շուրջ վիճաբանել է նույն բնակավայրի բնակիչ Սվ.Ս.-ի հետ, որից հետո փայտով, ձեռքերով ու ոտքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Սվ.Ս.-ի մարմնի տարբեր հատվածներին՝ նրան պատճառելով ֆիզիկական ցավ»: Նույն օրը Զ.Ն.-ն ճանաչվել է անչափահաս մեղադրյալ Ս.Ս.-ի օրինական ներկայացուցիչ:

2023 թվականի մայիսի 3-ին որոշում է կայացվել թիվ 54154122 քրեական վա­րույթով Սվ.Ս.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով հան­րային քրեական հետապնդում չհարուցել՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: 2023 թվականի մայիսի 8-ին Սվ.Ս.-ն ճանաչվել է տուժող:

2023 թվականի մայիսի 22-ին թիվ 54154122 քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2024 թվականի ապրիլի 18-ին Դատարանի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:

1.2. 2024 թվականի օգոստոսի 13-ին նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալ Ս.Ս.-ի պաշտպան Ա. Հակոբյանը միջնորդություն է ներկայացրել Դատա­րան՝ անչափահաս մեղադրյալ Ս.Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեց­նելու կամ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին: Ի հիմնավորումն իր միջ­նորդության՝ պաշտպան Ա. Հակոբյանը, ի թիվս այլնի, նշել է, որ Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ քրեական պատասխանատվություն չի կարող կրել 14 տարին չլրացած անձը, իսկ քանի որ նույն օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ քրեական պատասխանատվության հիմքը հանցանք կատարելն է, որի պարտադիր հատկանիշ է արարքը հանցագործության սուբյեկտի կողմից կատարված լինելը, ապա վերջինիս՝ քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելու պատճառով, բացակայում է նաև հանցագործությունը: Մինչդեռ, ըստ պաշտպանի՝ օրենսդիրը քրեական պատասխանատվության հիմքի բացակայության պայմաններում (հանցանք կատարած լինելը) նման բացակայությունը չի համարել քրեական պա­տասխանատվությունը բացառող հանգամանք: Նման պայմաններում, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի այն դրույթը, որ «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետա­պնդումը ենթակա է դադարեցման, եթե՝ (...) 11) անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխանատվության ենթարկելու` oրենքով նախատեuված տարիքին», պաշտպանի պնդմամբ՝ առաջանում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի սահմանադրաիրավականության հարց»: Նույն օրը Զ.Ն.-ն ճանաչվել է անչափահաս մեղադրյալ Ս.Ս.-ի օրինական ներկայացուցիչ:

Պաշտպան Ա. Հակոբյանի՝ վերը նկարագրված միջնորդությանը միացել են անչափահաս մեղադրյալ Ս.Ս.-ն և նրա օրինական ներկայացուցիչ Զ.Ն.-ն: Հանրային մեղադրող Վ. Մելքոնյանն առարկել է միջնորդության դեմ, իսկ տուժող Սվ.Ս.-ն, ըստ էության, դիրքորոշում չի հայտնել:

1.3. Դատարանը, ներկայացված միջնորդությունը քննելու արդյունքում, որպես Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանի առկայու­թյան հիմք արձանագրելով այն, որ «[Տ]վյալ դեպքում պաշտպան Ա. Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու միակ իրավաչափ լուծումը Դատարանը տեսնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմի սահմանադրականության ստուգման ճանապարհով», ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով, 2024 թվականի օգոստոսի 30-ին որոշում է կայացրել «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և դատալսումները հետաձգելու մասին», որով որոշել է՝

«Թիվ ԱՐԱԴ2/0012/01/23 քրեական վարույթով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի հետ փոխկապվածության մեջ, ՀՀ Սահմա­նադրությանը համապատասխանության հարցի լուծման խնդրանքով:

Հետաձգել թիվ ԱՐԱԴ2/0012/01/23 քրեական վարույթով դատալսումները՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը»:

Սահմանադրական դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ի ՍԴԱՈ-154 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունել է քննության, որոշել՝ գործի դատա­քննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով, ինչպես նաև սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել՝ 2021 թվականի ՔԴՕ-ն ընդունած մարմնին` Ազգային ժողովին:

 

2. Դիմողի դիրքորոշումները

2.1. Դիմողը, ներկայացնելով թիվ ԱՐԱԴ2/0012/01/23 քրեական գործի դատա­վարական նախապատմությունը, գործով պաշտպանի՝ վերը նկարագրված միջնորդության հիմնավորումները և պահանջը, վերլուծելով Սահմանադրության, քրեաիրավական և քրեադատավարական օրենսդրության վերաբերելի կարգավորումներն ու դրանց առթիվ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վերաբերելի միջազգային պայմանագրերի առանձին դրույթներ, գտել է, որ տվյալ գործով կիրառման ենթակա՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի հետ փոխկապվածության մեջ, առերևույթ հակասում է Սահմանադրությամբ ամրագրված՝ համաչափության (78-րդ հոդված), իրավական որոշակիության (79-րդ հոդված), հիմնական իրավունքների և ազատու­թյունների արդյունավետ պաշտպանության (75-րդ հոդված), երեխայի լավագույն շահերի (37-րդ հոդված) ապահովման սկզբունքներին: Բացի դրանից, Դիմողը Սահ­մանադրության 78, 79, 75 և 37-րդ հոդվածների ներքո իր պնդումները շարադրելիս դրանք նախորդել է հենց անձի՝ Սահմանադրության 66-րդ հոդվածով ամրագրված՝ մեղադրյալի անմեղության կանխավարկածի իրավունքին արված հղումով:

2.2. Մասնավորապես՝ մեղադրյալի անմեղության կանխավարկածի հետ կապ­ված Դիմողը նշել է հետևյալը՝

«(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 11-րդ կետերը, որպես քրեական հետապնդման դադարեցման հիմքեր, էապես տարբերվում են միմյանցից իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական և բարոյական հետևանքներով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ նույն հոդվածի 2-րդ մասի ուժով դասվում է քրեական հետապնդման դադարեցման «արդարացնող» հիմքերի խմբին: Նշված հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս չի թույլատրվում որոշման մեջ տալ ձևակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս հիմքերով քրեական հետապնդման դադարեցումը միշտ ենթադրում է մեղադրյալի լիովին արդարացում, այսինքն՝ այս հիմքով արդարացված անձին ոչ ոք իրավունք չունի ներկայացնելու իրավական և (կամ) բարոյական բնույթի որևէ պահանջ: Ի տարբերու­թյուն դրան, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն ընդգրկված է քրեական հետապնդման դադարեցման «ոչ արդարացնող» հիմքերի շարքում: Նման հիմքով քրեական հետապնդման դադարեցման դեպքում փաստվում է, որ անձի կատարած արարքն իր մեջ պարունակում է քրեական օրենքով արգելված արարքի հատկանիշներ, սակայն օրենքով սահմանված պայմանների առկայության պարագայում վարույթն իրականացնող մարմինը նրան ազատում է քրեական պատաս­խանատվությունից»:

Դիմողի պնդմամբ` օրենսդիր և դատական պրակտիկան ելնում են այն հանգա­մանքից, որ «անձի արարքում հանցակազմի բացակայությունից» տարբերվող (ար­դարացնող հիմք) և անչափահասի համար բացասական քրեաիրավական հետևանքներ առաջացնող քրեական հետապնդումը դադարեցնելու այնպիսի հիմքի առանձնացումը, ինչպիսին է՝ քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելը (ոչ արդարացնող հիմք), լուծում է ընդամենը մեկ խնդիր՝ «ոչ արդարացնող» հիմքը չի բացառում անձի վրա որոշակի իրավական կամ բարոյական բնույթի պարտականություններ դնելը:

Դատական պրակտիկայում նշված մոտեցման առկայությունը Դիմողը հիմնա­վորել է ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Հ. Աթոյանի գործով 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԱԴԴ/0014/11/09 որոշմամբ՝ 1998 թվականի հունիսի 30-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի (համապատաս­խանում է 2021 թվականի ՔԴՕ 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին) վերաբերյալ արտահայտված այն դիրքորոշումներով, որոնց համաձայն՝

«20. (…) եթե հանցագործության կատարման պահին անձը չի հասել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված` քրեական պատասխանատվության տարիքին, իսկ հան­ցակազմի մյուս բոլոր տարրերը և հատկանիշներն առկա են, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենս­գրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և ոչ թե նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:

(…):

22. (…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, (…) ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, քրեական գործով վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման «ոչ արդարացնող» հիմք է և չի բացառում անձի վրա որոշակի իրավական կամ բարոյական բնույթի պարտականություններ դնելը: (…)»:

Դիմողը, նշելով, որ Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումներից հետևում է, որ «ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հիշյալ երկու հիմքերի տարբերակման համար ելակետ է ընդունվել այն, որ քրեական հետապնդման դադարեցման «արդարացնող» հիմքը բացառում է այս հիմքով արդարացված անձի վրա իրավական կամ բարոյական բնույթի որևէ պահանջ դնելը, մինչդեռ քրեական հետապնդման դադարեցման «ոչ արդարացնող» հիմքը չի բացառում անձի վրա որոշակի իրավական կամ բարոյական բնույթի պարտականություններ դնելը», ընդգծել է, որ «Այստեղ է, որ Դատարանի մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում, թե որքանով է հիշյալ օրենսդրական կարգավորումը համահունչ ՀՀ Սահմանադրությանը և արդյոք սահմանադրաիրա­վական տեսանկյունից իրավաչափ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածում նման տարբերակված մոտեցումը»:

2.3. Անդրադառնալով Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համա­չափության սկզբունքին, Դիմողը գտել է, որ «քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելը՝ որպես քրեական հետապնդումը դադարեցնելու ինքնուրույն հիմքի առանձնացումն այն նպատակով, որ տուժող կողմը կարող է որևէ իրավական կամ բարոյական բնույթի պահանջ ներկայացնել անչափահասին՝ չի համապատաս­խանում ընտրված միջոցի և ակնկալվող արդյունքի միջև ողջամիտ հավասարակշռու­թյանը»: Դիմողը գտել է նաև, որ Վճռաբեկ դատարանի՝ նշված տարբերակման համար վերը բերված հիմնավորումը բավարար չէ համաչափության սկզբունքի տեսանկյունից, քանի որ տարբերակման հիմք տված խնդիրները կարող են լուծվել քաղաքա­ցիաիրավական և քաղաքացիադատավարական հարաբերությունների տիրույթում, և ի հիմնավորումն իր այս հետևության՝ նշում, որ «ենթադրյալ հանցանքը քաղաքա­ցիաիրավական առումով հանդիսանում է դելիկտ, իսկ դրանից ածանցվող հարաբերու­թյունները դելիկտային, ընդ որում, դելիկտը, ինչպես և հանցակազմը, բաղկացած է օբյեկտիվ և սուբյեկտիվ նույն տարրերից, հետևաբար այդ տարրերը պետք է ապա­ցուցվեն բոլոր դեպքերում»:

Հետևաբար, ըստ Դիմողի՝ ստացվում է, որ ոչ արդարացնող քննարկվող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը որևէ այլ հարց չի լուծում քրեական դատա­վարությունում, քան երեխայի համար բացասական իրավական հետևանքներ առաջաց­նելը: Այլ կերպ ասած՝ քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հասած չլինելը` որպես քրեական հետապնդումը դադարեցնելու ինքնուրույն հիմք առանձնացնելը և ոչ արդարացնող հիմքերի շարքին դասելն իրավաչափ չէ ինչպես սահմանադրա­կան համաչափության տեսանկյունից, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդ­վածով երաշխավորված երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից, քանի որ, բացի երեխային պիտակավորելուց, քրեական օրենքը խախտված համարելուց և համապատասխան հաշվառման վերցնելուց, որևէ իրավական խնդիր չի լուծվում:

2.4. Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքի մասով Դիմողը պնդել է, որ դրա հետ հակասության մեջ է ՔԴՕ 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն հոդվածի 2-րդ մասի հետ փոխկապվածության մեջ վերցրած, «քանի որ «հանցանքի» բացակայությունը մի դեպքում արդարացնող է, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ արդարացնող»: Դիմողի կողմից ներկայացվող փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ Քրեական օրենսգրքի 16-րդ և 19-րդ հոդվածների բովանդակությունից հետևում է, որ՝ «հանցանք է համարվում այն արարքը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքում, արգելված է պատժով, կատարվել է հանցագործության սուբյեկտի կողմից մեղավորու­թյամբ, ընդ որում՝ հանցագործության սուբյեկտ կարող է լինել 14 կամ 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը: (…): Փաստորեն եթե երեխան չի հասել քրեական պատասխանատվության տարիքի, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանա­տվության, քանի որ նրա արարքը չի համարվում հանցանք»:

Ըստ Դիմողի՝ քրեաիրավական նշված դրույթներից հետևում է, որ՝ «քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի չհասած անձի կատարած արարքը, եթե անգամ համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասում սահմանված որևէ հանցագործության հատկանիշներին, այդուհանդերձ չի համարվում հանցանք, ինչն էլ ենթադրում է, որ այն կատարող անձը չի կարող ենթարկվել քրեաիրավական որևէ ներգործության և նրա համար որևէ քրեաիրավական բացասական հետևանք չի կարող առաջանալ այդ արարքի կատարման համար», մինչդեռ «ՀՀ քրեական դատավարու­թյան օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի հետ փոխկապվածության մեջ թույլ է տալիս, ավելին՝ պարտադիր է համարում ոչ միայն երեխայի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և նախաքննություն իրականացնելը, եթե նա չի համաձայնում քրեական հետապնդումը դադարեցնելու հետ, այլև նրա համար առաջացնում է բացասական բնույթի քրեաիրավական հետևանքներ»:

Դիմողը պնդել է, որ Քրեական օրենսգրքի այն կարգավորման պայմաններում, որով սահմանվել է «այն նվազագույն տարիքը, որից ցածր երեխաները չեն կարող ճանաչվել հանցանք կատարող կամ հանցագործության սուբյեկտ (քրեական օրենսդրու­թյունը խախտելու անընդունակ)», 2021 թ. ՔԴՕ 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը ««քողարկված» կերպով վերացրել է նվազագույն տարիքի սահմանը (շեմը) և փաստացի ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված տարիքից ցածր երեխաներին դիտում է հան­ցանք կատարող կամ հանցագործության սուբյեկտ»:

Արդյունքում, Դիմողը եզրակացրել է, որ Քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածում սահմանված «հանցանք» հասկացությունը և դրան համապատասխան 19-րդ հոդվածում սահմանված՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը, համահունչ լինելով անչափահասների արդարադատության բնագավառում առկա միջազգային իրավական չափանիշներին և ՀՀ Սահմանադրությանը, փաստացի չեղարկվում են Օրենսգրքի 12-րդ հոդվածի տարբերակված մոտեցմամբ:

2.5. Դիմողը պնդել է նաև, որ Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված՝ համաչափության սկզբունքին հակասելու վերաբերյալ փաստարկները վերաբերում են նաև Սահմանադրության 37-րդ հոդվածով ամրագրված՝ երեխայի լավագույն շահերի ապահովման սկզբունքին, քանի որ «քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հասած չլինելը` քրեական դատավարությունում որպես քրեական հետա­պնդումը դադարեցնելու ինքնուրույն հիմք առանձնացնելը և ոչ արդարացնող հիմքերի շարքին դասելը (…) բացի երեխային պիտակավորելուց, քրեական օրենքը խախտված համարելուց և համապատասխան հաշվառման վերցնելուց՝ որևէ իրավական խնդիր չի լուծվում»:

Դիմողը, ի թիվս այլնի, նշել է նաև, որ՝ «Երեխայի իրավունքների մասին» Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին»: Նույն կոնվենցիայի 40-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Մաս­նակից պետությունները ձգտում են նպաստել մեղադրվող կամ քրեական օրենսդրու­թյունը խախտած համարվող երեխաների նկատմամբ հատկապես կիրառելի օրենքների, ընթացակարգերի, մարմինների և հաստատությունների ստեղծմանը, մասնավորապես.

(ա) այն նվազագույն տարիքի սահմանմանը, որից ցածր երեխաները համարվում են անընդունակ խախտելու քրեական օրենսդրությունը,

(բ) անհրաժեշտության և ցանկալիության դեպքում նման երեխաների նկատմամբ միջոցներ ձեռնարկել՝ առանց դատաքննության դիմելու, մարդու իրավունքների լիա­կատար պաշտպանության և իրավական երաշխիքների պահպանման պայմանով: (…)»:

Դիմողը նշել է նաև, որ «Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների (այսուհետ՝ «Պեկինյան կանոններ») համաձայն՝ «11.1. Անչափահաս իրավախախտների գործերի քննության ժամանակ հնարավորության սահմաններում չպետք է դիմել (…) իշխանու­թյան իրավասու մարմինների կողմից գործի պաշտոնական քննությանը: 11.2. Ոստիկա­նությունը, դատախազությունը, անչափահասների գործերը վարող մյուս մարմինները պետք է լիազորված լինեն այդպիսի գործերի կապակցությամբ վճիռ ընդունել իրենց հայեցողությամբ, առանց գործերի պաշտոնական լսումների` համապատասխան իրավական համակարգում այդ նպատակով սահմանված չափանիշների, ինչպես նաև սույն կանոններում ամփոփված սկզբունքների համաձայն: (…)»:

Դիմողը, վկայակոչելով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 1997 թվա­կանի հուլիսի 21-ի թիվ 1997/30 բանաձևով առաջարկված «Քրեական արդարադա­տության համակարգում հայտնված երեխաների նկատմամբ գործողությունների ուղենիշների» (Guidelines for Action on Children in the Criminal Justice System) 14-րդ կետում ամրագրված այն արձանագրումը, որ «Առանձնակի ուշադրություն պետք է դարձվի հետևյալին. (…) (գ) քրեական պատասխանատվության տարիքից ցածր որևէ երեխայի չպետք է քրեական մեղադրանք առաջադրվի», եկել է այն եզրակացության, որ դրանցից «(…) հստակ երևում է, որ անհրաժեշտ է տարբերակված մոտեցում ցուցաբերել անչափահասների վերաբերյալ քրեական գործերով դատավարություն­ներին, մասնավորապես օրենսդրորեն սահմանել և գործնականում ապահովել այնպիսի ընթացակարգեր, որոնք հիմնված են անչափահաս իրավախախտի խոցելի վիճակի վրա և հնարավորություն են ընձեռում նրան առավելագույնս ներկայացնելու իր իրավունք­ներն ու օրինական շահերը»:

2.6. Վերոնշյալի հիման վրա՝ Դիմողը «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և դատալսումները հետաձգելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ «[Տ]վյալ դեպքում պաշտպան Ա. Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու միակ իրավաչափ լուծումը (…) տեսնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմի սահմանադրականության ստուգման ճանապար­հով»:

 

3. Պատասխանողի դիրքորոշումները

3.1. Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 71, 72, 78, և 79-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանու­թյան մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթները, մեջբերելով Օրենսգրքի վիճարկ­վող դրույթներով սահմանված և այլ վերաբերելի իրավակարգավորումները, Սահմանա­դրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի մի շարք ակտերում արտացոլված առանձին իրավական դիրքորոշումներ, գտել է, որ՝ «... անձի նկատմամբ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե՝ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, ինչը նշանակում է, որ անձի կողմից կատարվածն՝ այն գործողություն կամ անգործություն չէ, որը արգելված է պատժի սպառնալիքով։ Հետևա­բար, քրեական հետապնդման չհարուցումը, իսկ հարուցված քրեական հետապնդման դադարեցումը նշյալ հիմքով՝ ռեաբիլիտացնող, այսինքն՝ արդարացնող հանգամանք է։ Այլ կերպ՝ անձն անմեղ է իր գործողություններում (կամ անգործությամբ)», մինչդեռ՝ վիճարկվող դրույթով նախատեսված՝ «հիմքը չի դասվում ռեաբիլիտացնող, այսինքն՝ արդարացնող հանգամանքների շարքին այն պատճառաբանությամբ, որ անձն իր գոր­ծողություններում անմեղ չէ և կատարել է իրեն մեղսագրվող արարքը։ Նշված մոտեցումն անհրաժեշտ է անձի հանցավոր վարքագծին հակազդելու և այդպիսի վարքագծի կանխ­ման տեսանկյունից:

Անհրաժեշտ է հանցակազմի բացակայության փաստը տարբերակել՝ պատժի սպառնալիքով արգելված արարքի (գործողություն կամ անգործություն) կատարված լինելու հանգամանքից»։

Ի հիմնավորումն իր պնդումների՝ Պատասխանողը, մասնավորապես, վկայա­կոչել է Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԱԴԴ/0014/11/09 քրեական գործով որոշմամբ, ի թիվս այլնի, արտահայտված և սույն որոշման 2.2-րդ կետում վկայակոչված այն դիրքորոշումը, որից ելնելով՝ Պատասխանողը եզրահանգել է, որ «Վերոնշյալի համակարգային մեկնաբանությունը թույլ է տալիս եզրակացնել, որ արարքի կատարման պահին անձի՝ օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության տարիքին հասած չլինելու ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելը, իսկ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը չի հաստատում, որ արարքը չի կատարվել կամ որ այդ արարքն անմեղ է: Այլ կերպ ասած, քրեական պատասխանատվության տարիքին հասած չլինելը չի արդարացնում կամ վերացնում կատարած արարքը՝ պարզապես ազատում է քրեական պատասխանատվությունից՝ իրավաբանական հասունության բացակայության պատճառով»։

Անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված՝ վիճարկվող դրույթով հետա­պնդվող նպատակների իրավաչափության հարցին՝ Պատասխանողը պնդել է, որ՝ «Օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության տարիքին հասած չլինելու հանգամանքը օրենսդրի կողմից որպես ոչ ռեաբիլիտացնող հիմք դասելն ինքնա­նպատակ չի եղել, այն ընտրվել է որպես հակազդման այլընտրանքային միջոց՝ հիմքում ունենալով ոչ միայն անչափահասների դաստիարակչական նշանակության սկզբունք­ները, այլ նաև հասարակական անվտանգության, խաղաղության, մարդկության ան­վտանգության ապահովման նկատառումները, ինչպես նաև հաշվի առնելով քրեական վարույթի մյուս մասնակիցների սահմանադրական իրավունքների արդյունավետ պաշտ­պանությունը։ Հակառակ դեպքում կխախտվի ոչ միայն հասարակական կարգը, այլև հասարակության միջանձնային հարաբերություններում գլուխ կբարձրացնեն անկար­գությունն ու ագրեսիվ դրսևորումները»:

Արդյունքում, Պատասխանողը եզրակացրել է. «Այսպիսով, Օրենսգրքի՝ «Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները» վերտառությամբ 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերը պայմաններ կամ հանգամանքներ են, որոնք բացառում են քրեական հետապնդումը, իսկ դրանց արդարացնող կամ ոչ արդարացնող հիմքերը գնահատվում և որոշվում են իրավասու մարմինների կողմից` յուրաքանչյուր գործով առանձնապես։ Այսինքն՝ վիճարկվող դրույթը հնարավորություն է տալիս իրավապահ մարմիններին ընտրելու այն հիմքը, որն անհրաժեշտ է կոնկրետ գործով»:

3.2. Վերոգրյալի հիման վրա՝ Պատասխանողը խնդրել է. ««Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի հետ փոխկապվածության մեջ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»։

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Հաշվի առնելով, որ սույն գործով սահմանադրաիրավական վեճը հանգում է քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքում դրվող՝ նման անձի՝ իրեն ներկա­յացված մեղադրանքի առնչությամբ հայտնած դատավարական դիրքորոշմանը դատա­վարական կանխորոշիչ հանգամանքի կարգավիճակ տվող քրեաիրավական նորմի սահմանադրականության հարցին, Սահմանադրական դատարանը, սույն գործով վիճարկվող օրինադրույթների սահմանադրականությունը պարզելու համար, անհրա­ժեշտ է համարում անդրադառնալ ներքոնշյալ հարցադրումներին`

- արդյո՞ք Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված Օրենսգրքի 12-րդ հոդվածի 2 և 4-րդ մասե­րով նախատեսված՝ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատ­մամբ հարուցված քրեական հետապնդումը շարունակելու կամ դադարեցնելու հարցի լուծումը նման մեղադրյալի կամահայտնությամբ պայմանավորող կարգավորումը առնչվում է Սահմանադրությամբ երաշխավորված՝ մեղադրյալի՝ արդար դատաքննու­թյան մաս կազմող անմեղության կանխավարկածի իրավունքին, անձի՝ կատարման պահին հանցագործություն չհանդիսացած գործողության կամ անգործության համար չդատապարտվելու իրավունքին, ինչպես նաև երեխայի՝ իրեն վերաբերող հարցերում իր շահերը առաջնահերթ ուշադրության արժանացվելու իրավունքին.

- նախորդ կետում ձևակերպված որևէ հարցի դրական պատասխանի դեպքում՝ արդյո՞ք վիճարկվող դրույթով նախատեսված կարգավորումները՝ որպես անձի և մեղա­դրյալի վերոնշյալ սահմանադրական իրավունքների հնարավոր սահմանափակում, նախատեսված են օրենքով, հետապնդում են օրենքով նախատեսված նպատակ, ինչպես նաև համաչափ են՝ հետապնդվող նպատակի հետ ռացիոնալ կապի, հռչակված նպատակին հասնելու համար պիտանի և համարժեք միջոց լինելու և իրավունքի սահ­մանափակման դիմաց տրամադրվող պարտադիր երաշխիքների արդյունավետության տեսակետից՝ հաշվի առնելով նաև քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձ հանդիսացող մեղադրյալի՝ նաև որպես երեխա ունեցած՝ իր շահերն առաջնահերթ ուշադրության արժանացվելու իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտու­թյունը:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Անձի սահմանադրական ո՞ր իրավունքն է սահմանափակվելու վիճարկվող դրույթի կիրառման դեպքում

Սահմանադրական դատարանը, Դիմումի և դրանում մեջբերված վերաբերելի իրավակարգավորումների լույսի ներքո հարկ է համարում ընդգծել, որ ենթադրաբար միջամտության ենթարկվող իրավունքը Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրա­գրված՝ յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքն է և դրա մաս կազմող՝ Սահմանադրության 66-րդ հոդվածով ամրագրված՝ մեղադրյալի անմեղության կան­խավարկածի իրավունքը:

Ինչ վերաբերում է Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասով նախատես­ված՝ երեխայի՝ իրեն վերաբերող հարցերում իր շահերն առաջնահերթ ուշադրության արժանացվելու իրավունքին, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով նշված իրավունքի նկատմամբ միջամտությունը կրում է ոչ թե ինքնուրույն, այլ կողմնակի բնույթ: Այլ կերպ՝ ենթադրյալ միջամտությամբ սահմանափակվում են ոչ թե երեխայի՝ որպես այդպիսին, այլ՝ մեղադրյալի՝ անկախ տարիքից ունեցած իրավունք­ները, իսկ երեխայի լավագույն շահերը հաշվի առնվելու իրավունքը վերաբերելի է նշված միջամտությամբ սահմանափակվող զուտ մեղադրյալի որևէ կոնկրետ իրավունքի, տվյալ դեպքում՝ անձի՝ արդար դատաքննության մաս կազմող՝ մեղադրյալի անմեղության կան­խավարկածի իրավունքի նկատմամբ միջամտության դիմաց տրամադրվող պարտադիր երաշխիքի արդյունավետության պահանջին՝ իբրև անմեղության կանխավարկածի տարր դիտելով նաև դրա հերքման՝ օրենքով սահմանված կարգը, այդ թվում՝ բացառա­պես օրենքով սահմանված կարգով մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելու և պահ­պանելու, այսինքն՝ քրեական հետապնդման ենթարկվելու օրինականությունը:

Հետևաբար՝ Դիմումում վիճարկվող դրույթի՝ Սահմանադրության 37-րդ հոդվա­ծին համապատասխանելու մասով սահմանադրականության հարցի վերլուծությանը Սահմանադրական դատարանը կանդրադառնա անձի՝ վիճարկվող դրույթի կիրառմամբ սահմանափակվող՝ անմեղության կանխավարկածի իրավունքի նկատմամբ միջամտու­թյան համաչափությանը վերաբերող՝ սույն որոշման համապատասխան կետում:

Ինչ վերաբերում է Սահմանադրության 72-րդ հոդվածով ամրագրված՝ անձի՝ կա­տարման պահին հանցագործություն չհանդիսացած գործողության կամ անգործության համար չդատապարտվելու իրավունքին, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս իրավունքը անմիջականորեն առնչվում է անձին առաջադրված մեղադրանքի օրինականության հարցին, այլ կերպ՝ արդեն մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար՝ վիճարկվող դրույթով նախատեսված դատավարական պայմանի լեգիտիմության հարցին այն պայման­ներում, երբ անձի քրեական պատասխանատվությունը բացառված է քրեական նյութական օրենքով:

Այլ խոսքով՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այն պայմաններում, երբ մի կողմից՝ Սահմանադրության 72-րդ հոդվածը սահմանում է, որ անձը կարող է քրեական պատասխանատվություն կրել բացառապես այնպիսի գործողության կամ անգործության համար, որը հանցանք է եղել դրա կատարման պահին, և Քրեական օրենսգրքով սահմանվում է քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը, իսկ մյուս կողմից՝ Քրեական դատավարության օրենսգիրքը չի բացառում այդ տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում իրակա­նացնելը և նրա՝ իբրև մեղադրյալի նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացնելը, ապա այստեղ Սահմանադրության 72-րդ հոդվածով նախատեսված իրավունքի իրացումը հնարավոր է կատարել բացառապես մեղադրյալի սահմանադրական իրավունքների, առաջին հերթին՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատես­ված արդար դատաքննության և դրա մաս կազմող՝ Սահմանադրության 66-րդ հոդ­վածով անմեղության կանխավարկածի շրջանակներում: Մասնավորապես՝ այստեղ վերաբերելի են դառնում անձի՝ մինչև մեղադրյալ ունեցած դատավարական այնպիսի իրավունքներ, որոնք երաշխավորում են մեղադրանքի օրինականությունը և ապօրինի քրեական հետապնդման չենթարկվելու, ինչպես նաև նման հետա­պնդումը դադարեցվելու, այլ կերպ՝ արդեն մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի՝ իր անմեղության կանխավարկածը բացառապես օրենքով սահմանված կար­գով հերքելու՝ դարձյալ մեղադրյալի դատավարական իրավունքները:

Վերոգրյալից ելնելով՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Քրեա­կան դատավարության օրենսգրքի՝ մեղադրյալի իրավունքների նկատմամբ սահ­մանափակում նախատեսող վիճարկվող դրույթների սահմանադրականության ստուգումը կարող է իրականացվել բացառապես մեղադրյալի դատավարական սահ­մանադրական իրավունքների՝ արդար դատաքննության իրավունքի և դրա մաս կազմող անմեղության կանխավարկածի իրավունքի սահմանադրական բովանդա­կությունը բացահայտելու միջոցով:

Հետևաբար՝ Դիմումում վիճարկվող դրույթի՝ նույն դիմումում չվկայակոչված՝ Սահմանադրության 72-րդ հոդվածին համապատասխանելու մասով սահմանադրա­կանության հարցի վերլուծությանը Սահմանադրական դատարանը նույնպես, ինչպես և Սահմանադրության 37-րդ հոդվածի դեպքում, կանդրադառնա անձի՝ արդար դատաքննության իրավունքի և դրա մաս կազմող մեղադրյալի անմեղության կան­խավարկածի դատավարական իրավունքների նկատմամբ միջամտության օրինա­կանությանը վերաբերող՝ սույն որոշման համապատասխան կետում:

Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են»:

Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ»:

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝

«(...)

2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»։

Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը»:

Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երեխային վերաբե­րող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան»:

Սահմանադրության՝ «Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանա­կելիս օրինականության սկզբունքը» վերտառությամբ 72-րդ հոդվածի 1-ին նախադասու­թյան համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել»:

Անձի՝ արդար դատաքննության իրավունքն ամրագրող Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատա­րանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

Մեղադրյալի՝ անմեղության կանխավարկածն ամրագրող Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Ի սկզբանե Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ չնայած Սահմանադրության տարբեր՝ 63 և 66-րդ հոդվածներով ամրագրված իրա­վունքների՝ Սահմանադրության տեքստում տեղ գտած այս տարանջատմանը, անմե­ղության կանխավարկածն անձի՝ արդար դատաքննության իրավունքի մասն է:

Նշվածը, ի թիվս Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի հարուստ նախադե­պային իրավունքի, ապացուցվում է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատու­թյունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա կամ ՄԻԵԿ) 6-րդ՝ «Արդար դատաքննության իրավունքը» վերտառու­թյունը կրող հոդվածի բուն կառուցվածքով, որի շրջանակներում 1-ին մասը սահմանում է մեղադրյալի՝ դատարանի իրավունքը՝ դատարանին և դատավարությանը ներկա­յացվող պահանջներով հանդերձ, իսկ 2-րդ մասը՝ որպես արդար դատա­քննության, այսինքն՝ այդ թվում «օրենքով սահմանված կարգով» իրեն ներկայացված մեղադրանքի վերաբերյալ գործով դատարանի իրավունքի մի մաս, ամրագրում է, հետևաբար, ներառում է նաև մեղադրյալի անմեղության կանխավարկածի իրավունքը: Մասնավո­րապես՝ Սալաբիակուն ընդդեմ Ֆրանսիայի գործով 1988 թ. հոկտեմբերի 7-ի վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) նշել է, որ՝ «28 (...) 6-րդ հոդվածը, արդար դատաքննության իրավունքը և, մասնավորապես՝ անմեղության կանխավարկածի իրավունքը պաշտպանելով, նպատակ ունի արտա­ցոլելու իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքը (see, inter alia, the Sunday Times judgment of 26 April 1979, Series A no. 30, p. 34, para. 55)»:

Այլ կերպ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավունքի սահմանա­փակման համաչափության, սահմանափակող կամ կարգավորող նորմերի որոշակիության և իրավունքի պաշտպանության արդյունավետ ապահովման սկզբունքներն ան­հնար է վերլուծել առանց այն իրավունքի, տվյալ դեպքում՝ մեղադրյալի արդար դատա­քննության իրավունքի մաս կազմող անմեղության կանխավարկածի սահմանադրա­իրավական բովանդակությունը՝ սույն գործով բացահայտման ենթակա սահմաններում վերլուծելու, որի նկատմամբ վիճարկվող դրույթի կիրառման դեպքում, ըստ Դիմողի, տեղի կունենա Սահմանադրության՝ համաչափության, իրավական որոշակիության, հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության և երեխայի լավագույն շահերի ապահովման պահանջներին չհամապատասխանող միջա­մտություն:

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ Դիմողը Սահմանադրության 37, 78 և 79-րդ հոդվածների ներքո իր պնդումները շարադրելիս դրանք նախորդել է հենց անձի՝ անմեղության կանխավարկածի իրա­վունքին արված հղումով:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով անհրա­ժեշտ է տալ այն հարցի պատասխանը, թե արդյոք Սահմանադրության 66-րդ հոդ­վածին, հետևաբար՝ նաև 63-րդ հոդվածին համապատասխանում է 14 տարին չլրացած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, իսկ նման հետա­պնդում հարուցված լինելու պայմաններում և մեղադրյալի՝ հանցագործության կատարման պահին ունեցած տարիքը հայտնի լինելու դեպքում նրա կողմից ենթադրաբար կատարված արարքը օրենսդրի կողմից հանցանք համարելը և նման մեղադրյալի կամահայտնությանը քրեադատավարական որոշիչ նշանակություն տալը, այն է՝ առարկություն չներկայացնելու կամ ներկայացնելու փաստը՝ որպես քրեական հետապնդումը, համապատասխանաբար, դադարեցնելու կամ շարունա­կելու հիմք դիտարկելու ձևով:

Ինչպես նշվեց՝ Սահմանադրության՝ «Անմեղության կանխավարկածը» վերտա­ռությունը կրող 66-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: Բառացիորեն նույնը՝ բացառությամբ՝ «մեղք» բառի, որի փոխարեն օգտագործվում է «մեղավորություն» բառը, նախատեսված է Օրենսգրքի՝ «Անմեղության կանխավարկածը» վերտառությամբ 17-րդ հոդվածի 1-ին մասով:

Օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Մեղադրական վերդիկտը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցված է դատաքննու­թյան ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ մեղադրյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավար­կածով, հիմնվելով պատշաճ ապացուցման արդյունքների վրա, հանգում է մեղադրյալի մեղավորության մասին հետևության»:

Օրենսգրքի 196-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հիմքերով քրեական հետապնդում չհարուցելիս կամ այն դադարեցնելիս որոշման մեջ չպետք է տրվեն այնպիսի ձևակեր­պումներ, որոնք կասկածի տակ են դնում անձի անմեղությունը»:

Անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքի՝ Սահմանադրու­թյան 66-րդ հոդվածով և ՔԴՕ 17-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված բովանդակու­թյունից ելնելով՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անմեղության կանխավարկածի առաջնային տարրը դրա հերքման կամ դատավարական բացասման օրենքով սահմանված կարգն է, այլ կերպ՝ մեղադրական վերդիկտի՝ դրան ներկայացվող՝ օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պայմանները բավարարող դատական ակտի ուժի մեջ մտնելը: Այսինքն՝ մեղադրյալի անմեղության կանխավարկածի անքակտելի առաջնային տարրերից է անձի մեղա­վո­րությունը հաստատելու՝ դատարանի բացառիկ իրավասության սկզբունքը, կամ այլ կերպ՝ այն, որ յուրաքանչյուր մեղադրյալ իրավունք ունի, որ իր մեղավորությունը հաստատվի, կամ որ նույնն է՝ իր անմեղության կանխավարկածը հերքվի բացառա­պես իր նկատմամբ արձակված և դատական ակտին՝ ընդհանրապես, և մեղադրա­կան դատավճռին՝ մասնավորապես, առաջադրվող պայմանները բավարարող և օրինական ուժի մեջ մտած ակտով:

Մեղադրյալի՝ անմեղության կանխավարկածի իրավունքի բնույթի և բովանդա­կության առնչությամբ Սահմանադրական դատարանի կողմից նախկինում արտահայտված՝ սույն գործին առավել վերաբերելի դիրքորոշումները, ի թիվ այլնի, հետևյալն են`

- «5. (…) ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածում ամրագրված` անմեղության կանխավարկածի սկզբունքը պահանջում է հանցագործության կատարման մեջ մեղա­դրվողին համարել անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այս սկզբունքի էությունն անձի մեղքը բացառապես դատական կարգով հաստատելու երաշխավորումն է, այսինքն` այս սկզբունքի ուժով անձի մեղքը կարող է հաստատվել բացառապես քրեական դատավարության արդյունքում և միայն դատական ակտով»: (ՍԴՈ–871, 30 մարտի 2010 թ.).

- «8. (…) [Ա]նձի` պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում մեղա­վորության կամ անմեղության հաստատումը համապատասխանում է (...) օրինակա­նության (...), օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարության (...), անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու ... և գործի արդարացի քննության (...) սկզբունքներին:

Հետևաբար, եթե մահացած անձի (կասկածյալի կամ մեղադրյալի) մեղավորու­թյունն ապացուցված չէ օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը, գործող օրենսդրության համաձայն, անկախ նրանից` նա ողջ է, թե մահացած, համարվում է անմեղ»: (ՍԴՈ-1358, 21 մարտի 2017 թ.).

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն հաստատված նախադեպային իրավունքն է այն, որ մեղադրյալի անմեղության կանխավարկածը հանդիսանում է ոչ բացարձակ սկզբունք, որի երաշխիքները (տարրերը), մասնավորապես՝ ապացուցման պարտականությունը մեղադրանքի կողմի վրա դրված լինելու, մեղադրյալի լռության իրավունքը իր դեմ չօգտագործելու և միայն դատարանի մեղադրական դատավճռով անձի կողմից հանցանքի կատարումը հաստատելու սկզբունքները կարող են սահմանափակվել՝ համապատասխան վավերապայմանների առկայու­թյամբ1:

Մեղքը բացառապես դատարանի կողմից հաստատվելու իրավունքի սահմա­նափակման հետ կապված ՄԻԵԴ-ը հաստատել է, որ ոչ դատական մարմինների կողմից կայացվող որոշումներով անձի մեղքը հաստատելու հնարավորությունը խախտում է հանդիսանում այն դեպքում, երբ չի կատարվել մեղադրյալի համա­ձայնությամբ՝ հստակ արձանագրելով մի կողմից՝ անձին մեղավոր ճանաչելու դա­տարանի բացառիկ իրավասության սկզբունքը՝ որպես անմեղության կանխավար­կածի անքակտելի մաս, և միաժամանակ սահմանելով, որ այդ իրավունքը նույնպես բացարձակ չէ և կարող է սահմանափակվել մեղադրյալի համաձայնությամբ: Մաս­նավորապես՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռով ՄԻԵԴ-ը նշել է, որ Նախկին ՔԴՕ 37-րդ հոդվածով նախատեսված՝ դատախազի՝ առանց մեղադրյալի համաձայնության նրա նկատմամբ քրեական հետա­պնդումը ոչ արդարացնող, օրինակ՝ գործուն զղջալու կամ իրադրության փոփոխության հիմքով դադարեցնելու լիազորությունը հակասում էր ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի 2-րդ մասին, այսինքն՝ անմեղության կանխավարկածին: Այս գործով, ի թիվս այլնի, ՄԻԵԴ-ն արտահայտել է հետևյալ վերաբերելի դիրքորոշումները.

«185. Դատարանը վերահաստատում է, որ 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված անմեղության կանխավարկածը արդար քրեական դատավարության այն բաղադրիչ­ներից մեկն է, որը պահանջվում է 6-րդ հոդվածի 1-ին կետով (...): … 187. … Դատարանը անհրաժեշտ համարեց որոշելու, թե արդյոք սույն գործում դիմումատուի նկատմամբ հարուցված քրեական վարույթի արդյունքը կասկածի տակ էր դրել նրա անմեղությունը, չնայած որ նրա մեղավորությունը դեռ չէր ապացուցվել: 188. Դատարանը նշում է, որ դիմումատուի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է նախադատական փուլում դատախազի ... որոշմամբ ՔԴՕ-ի 37-րդ հոդվածի նախկին 2-րդ կետի 2-րդ մասով սահմանված հիմքով, որով թույլատրվում էր վարույթի կարճում այն դեպքում, եթե դատախազի կարծիքով մեղադրյալը քավել է կատարածը տուժելու և այլ զրկանքների միջոցով, որոնց նա ենթարկվել է կատարածի առումով: Դատախազի որոշումը թողնվել է անփոփոխ ներպետական դատարանների կողմից: 189. Հաշվի առնելով դատախազի ... որոշումը՝ Դատարանը նշում է, որ այս որոշումը ձևակերպվել է այնպես, որ կասկած չի առաջացել այն առումով, որ դատախազի կարծիքով դիմումատուն հանցանք է կատարել: Մասնավորապես, դատախազը … եզրակացրել է, որ նպատակահարմար չէր քրեական հետապնդում իրականացնել դիմումատուի նկատմամբ, քանի որ կատարվածի պատճառով նա նույնպես վնասվել է: Սա նշելով՝ դատախազը հատուկ օգտագործել է «Հանցանքը կատարելու ժամանակ [դիմումատուն] նույնպես վնաս է ստացել» և «զրկանքների միջոցով [դիմումատուն] քավել է իր մեղքը» բառերը (տե´ս վերոնշյալ § 82): … 191. Վերջապես, Դատարանը նկատում է, որ ՔԴՕ-ի 37-րդ հոդվածի նախկին 2-րդ կետի 2–րդ մասով նախատեսված քրեական վարույթը կարճելու հիմքը ենթադրում էր, որ մեղսագրվող արարքի կատարումը անվիճարկելի փաստ էր: 192. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը համարում է, որ դիմումատուի դեմ քրեական գործի կարճման համար դատախազի կողմից տրված պատճառները և ՔԴՕ-ի 37-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի հիման վրա անփոփոխ թողնելը անմեղության կանխավարկածի խախտում էին»:2

Անմեղության կանխավարկածի ոչ բացարձակ բնույթ կրելուն Մարդու իրա­վունքների եվրոպական դատարանն անդրադարձել է նաև մեղադրյալի լռությունը նրա դեմ օգտագործելու հնարավորության մասով: Մասնավորապես՝ Ջոն Մյուրեյն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով իր 1996թ. փետրվարի 8-ի վճռում,3 ՄԻԵԴ-ն ընդունել է, որ իր դեմ ցուցմունք չտալու արտոնությունը մտնում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքների մեջ: Այնուամենայնիվ, Դատարանը նաև ընդունել է, որ այդ անձեռնմխելիությունը չի կարող և չպետք է արգելք հանդիսանա, որպեսզի այնպիսի իրավիճակներում, որոնք պարզորոշ կերպով նրանից բացատրություն են ակնկալում, մեղադրյալի լռությունը հաշվի առնվի մեղադրանքի կողմի ներկայաց­րած ապացույցների համոզիչ լինելը գնահատելիս:4

Ջոն Մյուրեյի գործով արտահայտած իր դիրքորոշումը Դատարանն օգտագործեց Կոկն ընդդեմ Նիդերլանդների գործով 2000թ. հուլիսի 4-ի իր վճռում` նշելով. «5. (...) մեղադրյալի կողմից արված, իսկ հետագայում որպես ոչ ճշմարիտ հաստատված հայտարարությունից մեղադրյալի համար ոչ բարենպաստ եզրակացություն դուրս բերելը նույնպես բացառված չէ: Սույն գործի հանգամանքներից ելնելով` Դատարանը չի կարող գտնել, որ խնդրո առարկա հայտարարությունից եզրակացություն դուրս բերելը որևէ հարց է բարձրացնում 6-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի ներքո: Հետևաբար, այս գանգատը նույնպես ակնհայտ անհիմն է»:5

Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի՝ վերը մեջբերված իրավական դիրքորո­շումներից կարելի է եզրակացնել, որ անձի անմեղության կանխավարկածը՝ 1) ներառում է դրա հաղթահարման պարտադիր դատավարական նախապայմանը, այն է՝ ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը, հետևաբար՝ ներառում է մեղադրյալի՝ օրինական, հիմնավորված և պատճառաբանված մեղադրական վերդիկտ ստանալու իրավունքը, ընդ որում՝ դատարանը մեղադրյալի մեղավորության մասին հետևությանը հանգում է՝ ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, այսինքն՝ վերջինս նաև դատական ճանաչողության, այլ ոչ միայն դատական ակտի տեքստին առաջադրվող սկզբունք է, և՝ 2) կրում է ոչ բացարձակ բնույթ, այսինքն՝ կարող են լինել լեգիտիմ (իրավագո) շահեր, որոնք հետապնդելիս այն կարող է սահմանափակվել, ընդ որում՝ համապատասխան կոնկրետ երաշխիքներ (վավերապայմաններ) նախատեսելով անմե­ղության կանխավարկածի յուրաքանչյուր տարրի սահմանափակման համար: Մաս­նավորապես՝ անձի մեղավորությունը բացառապես մեղադրական դատավճռով հաստատելու տարրը կարող է սահմանափակվել մեղադրյալի կողմից այդ իրավունքից հրաժարվելու կամ այլ կերպ՝ դրան իր համաձայնությունը տալու միջոցով, ինչի հնարավորությունը և նախատեսված է Օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն՝ քրեական վարույթը չբացառող հանգամանքների հիմքով (նույն հոդվածի 2-րդ մասի 11-14-րդ կետեր) քրեական հետապնդումը բացառելու համար անհրաժեշտ է մեղադրյալի համաձայնությունը:

Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի կիրառման դեպքում միջամտության կամ սահմանափակման առարկան մեղադրյալի՝ արդար դատաքննության մաս կազմող՝ անմեղության կանխավարկա­ծի իրավունքն է՝ ի դեմս անձի մեղքը բացառապես օրինական ուժի մեջ մտած մեղա­դրական դատավճռով հաստատված համարվելու իրավունքի, որի համար որպես հանդիպակաց երաշխիք նախատեսված է մեղադրյալի՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու համար տրվող համա­ձայնությունը: Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ քրեական դատավարության շրջանակներում իրականացվող քրեական հետապնդումը կարող է իրականացվել բացառապես անձի կողմից արարքի մեղավոր կատարման փաստը հաս­տատելու համար, այսինքն՝ քրեական հետապնդումը և քրեական վարույթն ընդհան­րապես չեն իրականացվում զուտ արարքի կատարումը՝ այն կատարողի մեղքից և հանցագործության սուբյեկտ լինելու փաստից անկախ, հաստատելու համար:

Դիմողի կողմից վիճարկվող դրույթի՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և նույն հոդվածի 2 և 4-րդ մասերի՝ վերը մեջբերված բովանդակության համա­կարգված վերլուծությունից, հաշվի առնելով նաև դատական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, բխում է, որ անձի նկատմամբ կարող են կայացվել մեղա­դրական դատավճռից բացի այլ դատավարական ակտեր, որոնց հիմքում դրված կլինեն մեղադրյալի կողմից տվյալ արարքի կատարումը հաստատող փաստեր, այսինքն՝ որոն­ցով կճանաչվի արարքը մեղադրյալի կողմից կատարվելու փաստը:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Սահմանադրական դատարանի համար լուծման ենթակա հարցերի տեսակետից՝ անմեղության կան­խավարկածի նկատմամբ ենթադրյալ միջամտությունն այն է, երբ վիճարկվող դրույթով թույլատրվում է քրեական հետապնդումը շարունակելը արարքը կատա­րելու պահին քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ և ոչ արդարացնող հիմքով այդ հետապնդումը դադարեցնելը՝ որպես նշված սահմա­նափակումը հակակշռող երաշխիք նախատեսելով մեղադրյալից՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը չշարունակելու (դադարեցնելու) համար համաձայնություն (առարկության բացակայություն) ստանալը՝ որպես նման մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացվելու համար անհրա­ժեշտ՝ 14 տարին լրացած չլինելու փաստից բացի նաև լրացուցիչ դատավարական պայման:

5.2. Արդյո՞ք միջամտությունը նախատեսված է օրենքով

5.2.1. Սահմանադրական դատարանը գտնում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթների կիրառումն ուղղակիորեն կապված է քրեական օրենքով նախատեսված՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի հետ, անձի սահմանադրական իրավունքի նկատմամբ ենթադրյալ միջամտության` օրենքով նախատեսված և սահմանադրաչափ նպատակ հետապնդելու հարցերը քննարկելիս վիճարկվող դրույթներն անհրաժեշտ է վերլուծել ՀՀ քրեական օրենսգրքի՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը սահմանող՝ 16 և 19-րդ հոդվածների հետ համակցության մեջ: Բացի դրանից, վիճարկվող դրույթներն անհրաժեշտ է քննարկել նաև 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենս-գրքի (այսուհետ նաև՝ Նախկին՝ օրենսգիրք կամ ՔԴՕ) համապատասխան իրավակար­գավորումների հետ համեմատական վերլուծության շրջանակներում՝ ինչպես օրենսդրի փոփոխված կամքը պարզելու համար, այնպես էլ հաշվի առնելով համապատասխան վերաբերելի դրույթների առթիվ Սահմանադրական դատարանի՝ նախկինում արտահայ­տած իրավական դիրքորոշումների առկայությունը:

Օրենսգրքի՝ 12-րդ հոդվածի՝ սույն գործին առավել վերաբերելի դրույթների համաձայն՝

«1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

(…)

11) անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխա­նատվության ենթարկելու` oրենքով նախատեuված տարիքին.

(…)

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքները ռեաբիլիտացնող են։

4. Սույն հոդվածի 1-ին մաuի 11-14-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում»:

Սահմանադրական դատարանը քննարկվող դրույթներում օրենսդրի կամքի հստակ արտահայտվածությունը պարզելու նպատակով անհրաժեշտ է համարում գործող Օրենսգրքի նշված կարգավորումները համեմատել նույն հարցի՝ Նախկին ՔԴՕ-ում տրված կարգավորումների հետ:

Նախկին ՔԴՕ՝ «Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ» վերտառությամբ 35-րդ հոդվածի՝ սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկային առավել վերաբերելի դրույթներով նախատեսված էր հետևյալը.

«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(…).

9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.

(…):

 4. Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացա­ռող հանգամանքներ, պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին: Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարա­րությունը դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է:

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգա­մանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Սահմանադրական դատարանն այսպիսով արձանագրում է, որ Նախկին ՔԴՕ՝ մեջբերված կարգավորումներով աներկբայորեն սահմանված էր այն սկզբունքը, որ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն անթույլատրելի է (Նախկին օրենսգրքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին նորմատիվային դրույթ՝ «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, ... եթե...»): Այնուամենայնիվ, Նախկին ՔԴՕ-ն չէր բացառում, որ նշված կանոնը լիներ խախտված և քրեական հետապնդում հարուցված լիներ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ՝ անմիջապես նախատեսելով նման խախտման փաստը պարզելու հետևանքները՝ վարույթ իրականացնող մարմնի գործողությունների տեսքով, մասնա­վորապես՝ նշելով, որ նման հետապնդումը ենթակա է պարտադիր դադարեցման՝ առանց մեղադրյալի դիրքորոշմանը որևէ դատավարական նշանակություն տալու:

Այսպիսով, նշված արգելքը բացառում էր քրեական հետապնդումը շարունա­կելը և մեղադրական դատավճռի կայացումը քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ: Այս է պատճառը, որ Վճռաբեկ դատարանի՝ Դիմողի և Պատասխանողի կողմից վկայակոչված՝ 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԱԴԴ/0014/11/09 որոշումը վերաբերել է քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելուն՝ ոչ թե որպես հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, այլ նման հետապնդման հարուցումը մերժելու հիմքին, երբ գործով բողոքաբերը՝ ան­չափահասի ծնողը, բողոքարկել էր քննիչի նշված որոշումը՝ նշելով, որ իր երեխայի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցելը մերժելու մասին որոշումը պետք է կայացվեր ոչ թե հանցակազմի, այլ հանցադեպի բացակայության հիմքով, ընդ որում՝ երկու հիմքերն էլ, ըստ Նախկին ՔԴՕ 35-րդ հոդվածի 1-ին մասի, եղել են ամբող­ջությամբ արդարացնող, ինչը նաև նշվել է Վճռաբեկ դատարանի՝ վկայակոչված որոշ­ման մեջ:

Ի տարբերություն Նախկին օրենսգրքի՝ 2021 թվականի Օրենսգիրքը վարույթ իրականացնող մարմինների նույն՝ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու պարտադիր գործողության, վերջինիս համար նախատեսել է լրացուցիչ դատավարա­կան պայման: Մասնավորապես, եթե Նախկին օրենսգրքի համաձայն՝ մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր էր հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին, ինչը դատարանի համար հիմք էր քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար, իսկ եթե նման հիմք հայտնաբերում էր դատարանը, ապա ինքն էլ լուծում էր ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը (տես՝ Նախկին օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը), ապա գործող Օրենսգիրքը, ինչպես հստակ երևում է վերջինիս 12-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումից, նույն գործողության՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար նման պարտադիր պայման նախատեսում է՝ ի դեմս դրա դեմ մեղադրյալի չառարկելու փաստի:

Վերը մեջբերված իրավադրույթների վերլուծության արդյունքում Սահմանա­դրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրի հստակ արտահայտած, նախկինի համեմատ փոփոխված կամքն արտահայտվել է՝ հենց նշված դատավա­րական նախապայմանը սահմանելով, որի պարտադիրությունն էլ հենց հանդիսա­նում է սույն գործով՝ անձի սահմանադրական իրավունքի նկատմամբ՝ քննարկման ենթակա միջամտության նախապայմանը:

Հետևաբար՝ որոշման սույն կետի ներքո Սահմանադրական դատարանը կարևոր է համարում նշել, որ այն իրավիճակը, երբ օրենսդիրը, մի կողմից՝ Քրեական օրենսգրքով հստակ սահմանում է քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը, այսինքն՝ այդ տարիքին չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու արգելքը, իսկ մյուս կողմից՝ սահմանում, որ այդ արգելքը փաստացի խախտվելու դեպքում ստեղծված իրավիճակը (քրեական հետա­պնդման իրականացումը) կարող է պահպանվել, առաջացնում է ոչ թե իրավական որոշակիության, այլ երկու դրույթների միջև հնարավոր հակասության, իսկ դրան­ցից մեկի՝ նաև Սահմանադրության հետ հակասության խնդիր:

Ուստի՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեական պատաս­խանատվության տարիքի չհասած անձի կամահայտնությանը՝ չառարկելու կամ առար­կելու ձևով քրեադատավարական նշանակություն հաղորդելն ի սկզբանե առաջացնում է ոչ թե 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի անորոշություն, այլ նույն հոդվածի 1-ին մասի՝ «չպետք է հարուցվի»՝ Քրեական օրենսգրքի՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը սահմանող 19-րդ հոդվածի հետ համակցությամբ՝ օրենսդրական պատվիրանի ակնհայտ խախտում, իսկ խախտումը պարզվելու դեպքում՝ նախկին վիճակն առանց որևէ նոր վավերապայմանի վերականգնելու հարց:

Սահմանադրական դատարանն արձանագրում է այն փաստը, որ Օրենսգրքի  12-րդ հոդվածի 1-ին մասը՝ Քրեական օրենսգրքի՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը սահմանող նորմերի հետ համակցությամբ արդեն իսկ «չպետք է հարուցվի» ձևակերպմամբ արգելում է քրեական պատասխանատվության ոչ ենթակա անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, հետևաբար և՝ ելնելով օրենքի պատվիրանների կատարման, այդ թվում՝ սահմանված արգելքների խախտման դեպ­քում մինչև արգելքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու սկզբուն­քից՝ բացառում է ինչպես քրեական պատասխանատվության ոչ ենթակա անձի նկատ­մամբ քրեական հետապնդում հարուցելը, այնպես էլ նման հետապնդումը շարունակելը՝ նշված արգելքի խախտված լինելը պարզելու դեպքում:

Նշվածից ելնելով՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետա­պնդումն արգելված է քրեական օրենքով, իսկ քրեադատավարական օրենքը պետք է ամրագրի բացառապես վարութային կարգավորումներ՝ չհակասելով նյութական օրեն­քին, և հետևաբար՝ քրեական օրենքի խախտմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում՝ մեղադրյալի անմեղության կանխավարկածի նկատմամբ միջամտու-թյունը, ի դեմս նրա կամահայտնությանը դատավարական եզրափակիչ ակտի կայա­ցումը կանխորոշող փաստի կարգավիճակ տալու, նախատեսված չի եղել օրենքով:

5.2.2. Այս տեսակետից վիճարկվող կարգավորումը, այսինքն՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ներառումը, խախտում է ոչ միայն 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քրեական պա­տասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, հետևաբար նաև՝ հարուցված հետապնդումը շարունակելու իմպերա­տիվ արգելքը, այլ նաև խնդրահարույց է Սահմանադրության 72-րդ հոդվածի տե­սանկյունից, քանի որ ստացվում է, որ անձը կարող է քրեական պատասխանա­տվության ենթարկվել մի գործողության կամ անգործության համար, որը չէր կարող կատարել՝ Քրեական օրենսգրքի ընդհանուր մասով սահմանված հանցագործու­թյան սուբյեկտին առաջադրվող տարիքային պահանջը չբավարարելու պատճառով, այլ խոսքով՝ որ անձը կարող է մեղադրյալ դառնալ և դատապարտվել մի արարքի համար, որը հանցանք չէ դրա կատարման պահի դրությամբ: Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Սահմանադրության 66-րդ հոդվածով նախատեսված անմեղության կանխավարկածը չի կորցնում իր վերաբերելիությունը, այլ ապահովվում է լրացուցիչ՝ Սահմանադրության 72-րդ հոդվածով նախատեսված՝ բացառապես օրենքի դիմաց քրեական պատասխանատվության ենթարկվելու՝ անձի բացարձակ իրավունք հանդիսացող սկզբունքով՝ այն առումով, որ պաշտպանում է անձին նաև քրեադատավարական պատասխանա­տվությունից, հանցանք չհանդիսացող արարքի համար մեղադրանքի առաջադրու­մից, խափանման միջոցների կիրառումից և այլն, իսկ այդ արգելքը խախտելու դեպքում տալիս է նախկին վիճակը վերականգնելու իրավունք:

Վերջապես, Քրեական օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքի իմաստով՝ հանցանք կատարած անչափահաս է համարվում հանցագոր­ծության պահին 14 տարին լրացած, սակայն 18 տարին չլրացած անձը»: Համադրելով այս դրույթը «քրեական վարույթ» հասկացության՝ 2021 թվականի ՔԴՕ 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում տրված սահմանման հետ, այն է` «քրեական վարույթ՝ առերևույթ հանցանքի մասին պատշաճ ձևով տեղեկանալու պահից սույն օրենսգրքով սահմանված պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգ, որը դրսևորվում է վարութային գործողությունների կատարմամբ և դատավարական ակտերի ընդունմամբ», Սահմանադրական դատարանը նկատում է, որ հանցանք կատարելուն ակնհայտորեն ոչ ընդունակ անձի կողմից կատարված արարքը չի կարող համարվել առերևույթ հանցանք, հետևաբար՝ նման անձի կողմից որևէ արարք կատարելու վերաբերյալ քրեական վարույթ և հետապնդում իրականացվել չեն կարող:

Ընդ որում՝ Սահմանադրական դատարանը կարևոր է համարում ընդգծել նաև այն փաստը, որ օրենսդրի կողմից սահմանված՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի հասած չլինելը որպես քրեական հետապնդումը բոլոր դեպքե­րում իմպերատիվ կարգով բացառող հանգամանք չդիտելը ստեղծում է կամայա­կանություն դրսևորելու հնարավորություններ այն առումով, որ եթե, փաստորեն, քրեական հետապնդման իրականացումը հնարավոր է քրեական օրենքով սահման­վածից ցածր տարիքի երեխայի նկատմամբ, իսկ քրեադատավարական օրենքը նման որևէ տարիք սահմանել չի կարող, ապա հնարավոր է քրեական հետապնդման իրականացումը, և մեղադրական վերդիկտի կայացումը 14 տարին չլրացած ցանկա­ցած տարիքի երեխայի նկատմամբ, և նման, օրինակ՝ 5, 6, 7, 8, 9, 10, 11 կամ 12 տարեկան երեխային մեղադրանք առաջադրելու լիազորության իրացումն այլևս որևէ դատավարական օրենքով արգելված չէ:

5.3. Արդյո՞ք միջամտությունը հետապնդում է սահմանադրաչափ և օրենքով սահմանված նպատակ

5.3.1. Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար»:

Սահմանադրության 31-րդ, 32-րդ, 33-րդ և մի շարք այլ հոդվածներով ամրագրված են այն նպատակները, որոնցով մարդու հիմնական սահմանադրական իրավունքները կարող են սահմանափակվել քրեական վարույթում: Մասնավորապես՝ այդ նպատակներն են հանցագործությունների կանխումը և բացահայտումը, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատու­թյունների պաշտպանությունը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ խնդրո առարկա միջամտության նպատակը (նպատակները) անհրաժեշտ է պարզել՝ ելնելով օրենսդրի կողմից սահմանված՝ քրեական և քրեական դատավարության օրենսդրության ընդհանուր խնդիրների շրջանակից։ Այսպես՝ 2021 թվականի ՔԴՕ-ի 2-րդ՝ «Քրեական դատավարության օրենսգրքի նպատակը» վերտառությամբ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենսգրքի նպատակն անձի իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված՝ ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետ կարգի սահմանումն է»:

Ըստ Օրենսգրքի նախագծի հեղինակների կողմից կազմված Օրենսգրքի մեկնա­բանման ուղեցույցի՝ «Քրեադատավարական օրենսդրությանը վերաբերող նորամուծու­թյուններից մեկն էլ այն է, որ սահմանվել է Օրենսգրքի նպատակը, այսինքն՝ այն վերջնարդյունքը, որի նվաճմանը միտված են այս նորմատիվ իրավական ակտում նե­րառված բոլոր իրավակարգավորումներն իրենց ամբողջության մեջ:6 (…) Դրա հետ մեկ­տեղ օրենսդիրը ձեռնպահ է մնացել առանձին հոդվածով Օրենսգրքի խնդիրները նախատեսելուց՝ երբեմն դրանք ամրագրելով այլ հիմնարար դրույթներում»:7

Ըստ նշված ուղեցույցի՝ այդ դրույթներից են, ի թիվս այլնի՝ «Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը, 29-րդ հոդվածի 1-ին մասը և այլն»:8

Օրենսգրքի 15-րդ՝ «Վարույթի հանրայնությունը» վերտառությամբ հոդվածի 2 և 4-րդ մասերի համաձայն՝ «2. Արդարադատությունը, դատախազական հսկողությունը, նախաքննությունը, հետաքննությունը և հանրային այլ գործունեությունն իրականացվում են բացառապես իրավունքի շահից ելնելով` օրենքի հիման վրա ստեղծված իրավասու մարմինների կողմից: (…) 4. Վարույթի հանրայնությունն ապահովելիս անձի իրավունք­ների կամ ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին»:

Օրենսգրքի 16-րդ՝ «Բոլորի հավասարությունն օրենքի առջև» վերտառությամբ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Քրեական վարույթն իրականացնող մարմինների իրավասությունը, նրանց կողմից վարույթի իրականացման ձևը չեն կարող կամա­յականորեն փոփոխվել առանձին դեպքի կամ անձի կամ որոշակի իրավիճակի համար կամ որևէ ժամանակահատվածով»:

Օրենսգրքի 29-րդ՝ «Ոչ իրավաչափ վարքագծի արգելքը» վերտառությամբ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարույթի մասնավոր մասնակիցները և վարույթին օժանդակող անձինք պետք է իրենց իրավունքներից օգտվեն և իրենց պարտականություն­ները կատարեն բարեխղճորեն»:

Մեջբերված իրավադրույթներից երևում է, որ քրեական դատավարության միասնական նպատակն է անձի իրավունքների և ազատությունների երաշխավորումը և դրա վրա հիմնված՝ ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետ կարգի ապահովումը, իսկ խնդիրներն են՝ հանրային գործունեության՝ բացառապես իրավունքի շահից ելնելով` օրենքի հիման վրա ստեղծված իրավասու մարմինների կողմից իրականացումը, անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումների համաչափությունը հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին, քրեական վարույթն իրականացնող մարմին­ների կամայականության բացառումը, և մյուս կողմից՝ վարույթի մասնավոր մասնա­կիցների, ինչպես նաև վարույթին օժանդակող անձանց կողմից իրենց իրավունքներից օգտվելու և իրենց պարտականությունները կատարելու բարեխղճության ապահովումը:

Քրեական դատավարության Նախկին օրենսգրքի՝ վերը ներկայացված նպա­տակների սահմանադրաչափությունը Սահմանադրական դատարանի կողմից հաս­տատվել է 2015 թվականի նոյեմբերի 17-ի ՍԴՈ-1236 որոշմամբ, որտեղ արձանագրվել է հետևյալը՝

«5. (…) [ս]ույն գործով վիճարկվող նորմերն իրենց իրավական բովանդակությամբ կոչված են (...) երաշխավորել, որպեսզի`

- քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի,

- ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի,

- ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմա­նափակման /ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդվ. 2/։

Այսպիսով, վեճի առարկա իրավակարգավորմամբ հետապնդվող վերոհիշյալ նպատակներն ունեն սահմանադրական հիմնավորում, քանի որ հետաքննություն, նախաքննություն իրականացնող մարմինների՝ քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները վերացնելու լիազորության նախատեսմամբ ոչ միայն երաշխա­վորվում են դատախազության սահմանադրական կոնկրետ գործառույթի իրականաց­ման կարգն ու պայմանները, այլև ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` անձի հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ Հետևաբար, հե­տապնդվող այդպիսի նպատակների առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21–րդ հոդվածի 4–րդ մասի նորմերը սահմանադրականության խնդիր չեն հարուցում»։

Քրեական օրենսգրքի 2-րդ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենս­դրության խնդիրները» վերտառությամբ հոդվածի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրա­պետության քրեական օրենսդրության խնդիրներն են օրենքով նախատեսված շահերի պաշտպանությունը հանցավոր ոտնձգություններից, հանցագործությունների կանխումը, քրեական պատասխանատվության ենթակա իրավաբանական անձի և հանցանք կա­տարած անձի պատասխանատվության արդարացիությունը, հասարակությունում հանցանք կատարած անձի վերաինտեգրումը, վերասոցիալականացումն ապահովելը»:

5.3.2. Սահմանադրական դատարանը, վերը մեջբերված իրավադրույթների և նախկինում արտահայտած դիրքորոշումների հիման վրա արձանագրում է, որ Քրեական դատավարության նախկին օրենսգրքի 2-րդ հոդվածում նշված խնդիրները՝ որպես խնդիրներ կամ նպատակներ արտացոլված են 2021 թվականի ՔԴՕ 2-րդ և համապատասխան այլ հոդվածներում, ինչպես նաև նոր Քրեական օրենս­գրքի 2-րդ հոդվածում, հետևաբար՝ սույն գործով Սահմանադրական դատա­րանն առաջնորդվում է նշված նպատակների սահմանադրաչափության կանխա­վարկա­ծով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքում ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի ձևով հստակեցված չեն այն կոնկրետ նպատակները, որոնք օրենս­դիրն հետապնդել է այն կարգավորումը նախատեսելիս, որով հանրային իշխանու­թյան մարմիններին հնարավորություն է տվել քրեական հետապնդում իրականացնել քրեական պատասխանատվության ոչ ենթակա անձի նկատմամբ, ընդ որում՝ անկախ տարիքից:

Սահմանադրական դատարանը կարևոր է համարում նշել, որ վիճարկվող կար­գավորման կոնկրետ նպատակների հստակ ձևակերպվածության բացակայության պատճառով իրավակիրառներին, այդ թվում՝ Սահմանադրական դատարանին, մնում է տրամաբանական դատողությունների միջոցով օրենսդրի նպատակը բխեցնել վերը նշված գործողությունների հետևանքներից, ինչի արդյունքում էլ, մասնավորապես, Դիմողը եկել է այն եզրակացության, որ վիճարկվող կարգավորման նպատակն է ապահովել երեխայի հաշվառումը և գույքային հայցի առթիվ համապատասխան դատական ակտերի կայացումը:

Այնուամենայնիվ, չնայած Օրենսդրի կողմից համապատասխան օրենսգրքերում կոնկրետ նպատակներ չնախատեսելու փաստին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նկատել, որ Պատասխանողը, անդրադառնալով վիճարկվող դրույթով հետապնդվող նպատակների իրավաչափության մասին Դիմողի արտահայտած կասկա­ծին, պնդել է, որ՝ «Օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության տարիքին հասած չլինելու հանգամանքը օրենսդրի կողմից որպես ոչ ռեաբիլիտացնող հիմք դասելն ինքնանպատակ չի եղել, այն ընտրվել է որպես հակազդման միջոց՝ հիմքում ունենալով ոչ միայն անչափահասների դաստիարակչական նշանակության սկզբունքները, այլ նաև հասարակական անվտանգության խաղաղության, մարդ­կության անվտանգության ապահովման նկատառումները, ինչպես նաև հաշվի առնելով քրեական վարույթի մյուս մասնակիցների սահմանադրական իրավունք­ների արդյունավետ պաշտպանությունը։ Հակառակ դեպքում կխախտվի ոչ միայն հասարակական կարգը, այլև հասարակության միջանձնային հարաբերություններում գլուխ կբարձրացնեն անկարգությունն ու ագրեսիվ դրսևորումները»:

Սահմանադրական դատարանը նույնպես իր հետագա վերլուծությունն իրակա­նացնելու է այդ թվում նաև Դիմողի կողմից որպես իրավաչափորեն հնարավոր ենթա­դրված, ինչպես նաև Պատասխանողի կողմից ուղիղ մատնանշած նպատակների իրա­վաչափության լույսի ներքո: Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձա­նագրում է, որ Դիմողի և Պատասխանողի նշած նպատակները՝ անգամ առավել վերացարկված ձևով, այն է՝ քրեական վարույթի խնդիրների մակարդակով, Օրենս­գրքով ամրագրված չեն:

Սահմանադրական դատարանը 2015 թվականի փետրվարի 24-ի ՍԴՈ-1191 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը՝

«6. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, (…), ի թիվս այլ խնդիրների, կոչված է երաշխավորելու անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանրորեն առավել վտանգավոր (հանցավոր) արարքներից: Այդ օրենսգրքի համապա­տասխան նորմերը կոչված են սահմանելու իրավասու պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից քրեական գործերով վարույթի իրականացման կարգը, որպեսզի քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և օրենսգրքով սահ­մանված կարգով պատասխանատվության ենթարկվի, ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի, ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը՝

«4.2. Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման ինստիտուտների նպատակը նախևառաջ հանցանքի կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձի հիմնական, ներառյալ՝ արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի և կրկին չդատ­վելու իրավունքների իրականացման դատավարական երաշխիքներ ամրագրելն է, ինչպես նաև քրեական վարույթի իրականացման արդյունավետ կազմակերպական կառուցակարգ և ընթացակարգ սահմանելը: Ուստի դրանց ոչ ամբողջական կամ ոչ պատշաճ իրավական կանոնակարգումներն ուղղակիորեն վտանգում են այդ նպատակի կենսագործումը»:

Վերահաստատելով մեջբերված դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարա­նը նկատում է, որ սահմանելով քրեական վարույթի ընդհանուր խնդիրները՝ օրենսդիրը կարևորել է հանցանք կատարած անձանց բացահայտման և քրեական պատաս­խանատվության ենթարկելու միջոցով իրավակարգի ապահովումը։

Այս իրողության լույսի ներքո Սահմանադրական դատարանը փաստում է, որ ան­չափահաս երեխա հանդիսացող անձի հաշվին, քրեական վարույթի խնդիրներից դուրս այլ նպատակներ, մասնավորապես՝ այլ վարույթների շրջանակներում կայացվելիք դա­տական ակտերի հիմքեր ստեղծելը, մասնավորապես՝ քաղաքացիական հայցի հիմքում դրվելիք փաստերը հաստատելով, դուրս է քրեադատավարական օրենսդրության խնդիրների շրջանակից և չի կարող համարվել որպես օրենքով նախատեսված նպա­տակ:

Վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող իրականացվել ՔԴՕ օրենս­գրքով սահմանված խնդիրներից բացի որևէ այլ խնդիր լուծելու համար:

Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ քանի որ օրենսդրի՝ քրեական դատավարության խնդիրներից բխող կարգավորումն այն է, որ հանցանք կատարած անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ անմեղ անձինք ազատվեն քրեական պատասխանատվությունից, Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքը՝ նույն հոդվածի 4-րդ մասի հետ ամբողջության մեջ վերցված, նպատակ ունի կարգավորել մեղքն ընդունելու պայմանով այնպիսի անձի քրեական պատասխանատվությունից ազատելը, որն արդեն իսկ դրանից ազատված է քրեական օրենքով:

Այսպիսով, վիճարկվող դրույթներով՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և դրա հետ համակարգային ամբողջության մեջ վերցված նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված միջամտությունը չի հետապնդում օրենքով նախատեսված նպատակ:

5.4. Արդյո՞ք միջամտությունը համաչափ է կամ հավասարակշռված է արդյու­նավետ դատավարական երաշխիքներով

5.4.1. Արդյո՞ք միջամտությունը համաչափ է կամ անհրաժեշտ ժողովրդավա­րական հասարակությունում

Սահմանադրական դատարանի՝ 2007 թվականի փետրվարի 7-ի ՍԴՈ-677 որոշ­ման համաձայն՝ «5. (…) Սահմանադրության 23–25, 27, 28–30, 30.1 հոդվածներով, 32 հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավա­րական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար: (…)

Սահմանադրության 43 հոդվածի 1-ին մասում նաև անուղղակիորեն ամրագրված է հիմնական իրավունքների պաշտպանության համար կարևորագույն նշանակություն ունեցող սկզբունքներից մեկը` համաչափության սկզբունքը, որի համաձայն` օրենքը կարող է նախատեսել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք համապատասխանում են Սահմանադրությամբ սահման­ված նպատակներին և պիտանի, անհրաժեշտ ու իրավաչափ են դրանց հասնելու համար»:

Սահմանադրական դատարանի՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշման համաձայն՝ «5. (…) հանրային իշխանության իրականացումը նախևառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող` համաչափության ընդհանուր սկզբունքով։ Այս սկզբունքը հանդիսանում է ընդհանրապես իրավա­բանական պատասխանատվության (…) հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը, որի ապահովման տեսանկյունից էլ նախևառաջ անհրաժեշտ է գնահատել վիճարկվող նորմի սահմանադրականությունը»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն հաստատված նախա­դեպային իրավունքի համաձայն՝ համաչափության սկզբունքը պահանջում է, որ ՄԻԵԿ մասնակից պետությունները ղեկավարվեն նվազագույն միջամտության սկզբունքով, այսինքն՝ օրենքով հռչակված իրավաչափ նպատակներին հասնելու համար կիրառեն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հնարավորինս նվազագույն սահմանափակումները:9

Վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն կետի ներքո անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք քրեական պատասխանատվության ոչ ենթակա երեխա-մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այնու­հետև՝ այն՝ մեղադրյալի համաձայնությամբ միայն քրեական պատասխանատվության տարիքը լրացած չլինելու ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու արդյունքում առաջացող հետևանքներին հնարավոր է հասնել քրեական արդարադատությունից դուրս կայացվող որոշումներով, ինչպես նաև՝ արդյո՞ք այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը պիտանի է քրեական արդարադատության համակարգից դուրս գտնվող խնդիրները լուծելու համար:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող դրույթի կիրառման՝ վերը նկարագրված հետևանքներից առաջինը հնարավոր գույքային հայցի լուծումն է քրեական դատավարության կամ քաղաքացիական դատավարության շրջանակներում: Քրեական վարույթում դատարանի կողմից հաստատվող անձի մեղավորությունը և արարք կատարելը հաստատվում են ողջամիտ կասկածից վեր շեմով, մինչդեռ գույքային հայցը լուծվում է քաղաքացիական դատավարության ապացուցո­ղական շեմով: Դրա ապացույցն է այն, որ 2021 թ. ՔԴՕ 162-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Արդարացման դատավճիռ կայացնելու, քրեական հետապնդումը դադա­րեցնելու կամ վարույթը կարճելու դեպքում, ելնելով հայցի ապացուցվածությունից, դատարանն իրավասու է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու»:

Նշված կարգավորումների հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անգամ քրեական վարույթում արարքը կատարելու և հայցի ապացուց­վածության հետ կապված փաստերը հաստատող որոշումները չեն կայացվում այն շեմից բարձր շեմով, որով նույն հարցերը լուծվում են քաղաքացիական վարույթի ընթացքում կայացվող որոշումներով: Հետևաբար՝ գույքային հարցերի լուծման քրեադատավա­րական կարգն օրենսդրի հռչակած կամ իրավաչափորեն հնարավոր նպատակների իրագործելիության տեսակետից որևէ կերպ ավելի արդյունավետ համարվել չի կարող՝ դատավարական այլ կարգերի համեմատ:

Սահմանադրական դատարանը նկատում է, որ հիշյալ նպատակների իրագոր­ծելիության առավել արդյունավետության ապահովման լրացուցիչ փաստարկ կարող է ծառայել Օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի այն կարգավորումը, որ՝ «3. Գույքային հայցը մերժելու, լրիվ կամ մասնակի բավարարելու մասին` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բացառում է նույն անձանց միջև նույն առարկայի մասին հայցի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով»:

Նշված կարգավորման՝ քրեական վարույթի շրջանակներում քաղաքացիական վարույթի համեմատ նույն հարցերի առավել արդյունավետ լուծում ապահովելու ենթադրությունը, սակայն, ուղղակիորեն հերքվում է նույն հոդվածի 4-րդ մասով նախատես­ված այն կարգավորմամբ, որ՝ «4. Առանց լուծման թողնված գույքային հայցը կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով»:

Բացի դրանից, Օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի վկայակոչված կար­գավորման նպատակն է դատական ակտերի վերջնականության ապահովումը և այն իրավիճակների բացառումը, երբ դատական ակտով լուծված նույն հարցերը հետա­գայում վիճարկվեն այլ մասնագիտացման դատարանում՝ նույն՝ քրեական մասնագի­տացման դատարանների համակարգի ներսում բողոքարկման ընթացակարգերից դուրս: Նշված վերջնականության (res judicata)՝ որպես իրավաչափ նպատակին հասնելու արդյունավետությունը բխում է այն կանխավարկածից, որ քրեական վարույթի ընթացքում հարուցված գույքային հարցի քննությանը մասնակցում են այն բոլոր անձինք, որոնց գույքային շահերին տվյալ գույքային հարցի լուծումը ոչ միայն առնչվում է, այլ նաև կարող է առնչվել:

Նշված կանխավարկածն ուղղակիորեն բխում է ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ին ԵԿԴ/0282/01/09 որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումից, որ՝ «22. (...) եթե անձը դատավարության մասնակից չէ, սակայն վարույթն իրականացնող մարմնի ընդունած ակտով խախտվում են նրա իրավունքներն ու օրինական շահերը կամ այդ ակտն առնչվում է նրա իրավունքներին և օրինական շահերին, ապա անձն իրավունք ունի դիմել թե՛ դատարան և թե՛ վերադասության կարգով բողոքարկել դատական ակտը` իր իրավունքների պաշտպանության կամ խախտված իրավունքները վերականգնելու համար, իսկ դատարանները պարտավոր են քննության առնել նրանց դիմումները և բողոքները:

23. Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության հիմնարար իրավունքը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր դատավարության մասնակից չեն, սակայն վարույթն իրականացնող մարմինների ընդունած որոշումն առնչվում է նրանց օրինական շահերին, ենթադրաբար խախտում է նրանց իրավունքներն ու ազատությունները»:

Այսինքն՝ Օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի այդ կարգավորումն արտացոլում է դատական պրակտիկայից բխած այն կանխավարկածը, որ գույքային հայցին քրեա­կան վարույթում տրված լուծումը հաշվի է առնում դատավարության բոլոր հնարավոր մասնակիցների շահերը, այդ թվում՝ քրեական արդարադատության բողոքարկման ընթացակարգերում:

Վերջապես, Սահմանադրական դատարանը նկատում է, որ Օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ 14 տարին չլրացած մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և իրականացնելը՝ անգամ եթե դրանք հանգեցնելու են ոչ արդարացնող կամ նաև արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն, պարտադիր կերպով չեն ապահովում այն հետևանքը, որը իրավաչափորեն կարող էր հետապնդվել քրեական վարույթի շրջանակներում, մասնավորապես՝ որպեսզի քրեական գործեր քննող դատարանի դատավորը պարտադիր գույքային հայցին լուծում տար քրեական վարույթի շրջանակներում: Ստացվում է, որ հնարավոր է, որ քրեական պատասխանատվության տարիքի չհասած երեխան՝ անկախ տարիքից, քրեորեն հետապնդվի, ընդունի իր կողմից արարքը կատարելը, սակայն դատարանը գույքային հայցը թողնի առանց քննության, և նույն գույքային հայցը հարուցվի և քննվի քաղաքացիական դատավարության կարգով:

Մյուս կողմից, եթե քրեական վարույթում այդ հարցը չի լուծվել, ապա կրկին ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ՝ «Ապացուցելուց ազատվելու հիմքերը» վերտառությամբ հոդվածի 5-րդ մասի հա­մաձայն՝ «Գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավա­րական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր) (…)»:

Այսինքն՝ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքից տուժած անձի կողմից քաղաքացիական հայցով դատարան դիմելու դեպքում 14 տարին չլրացած երեխան նույնպես կարող է դիրքորոշում հայտնել հայցի համար նշանակություն ունեցող փաստի՝ արարքը իր կողմից կատարելու կապակցությամբ, և այդ փաստը այլևս ապացուցման կարիք չունենա ճիշտ այնպես, ինչպես այդ փաստը նա ընդունում է քրեական վարույթի շրջանակներում հայտնած իր դիրքորոշմամբ՝ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ առարկություն չներկայացնելու ձևով: Այլ կերպ՝ և՛ քաղաքացիական, և՛ քրեական վարույթներում արարքի կատարման փաստը հաս­տատվում է նույն անձի դատավարական դիրքորոշմամբ, դրա հետևանքները նույնն են, և անձն իրավունք ունի հրաժարվել նման դիրքորոշում հայտնելուց:

Հետևաբար` Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական պատաս­խանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարու­ցելը, այնուհետև այն՝ մեղադրյալի՝ զուտ քրեական պատասխանատվության տարի­քը լրացած չլինելու ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու դեմ չառարկելու միջո­ցով արարքի կատարումն ընդունելու՝ այլևս ապացուցման ոչ ենթակա փաստը քրեական վարույթի շրջանակներում հաստատելու համար անհրաժեշտ և համաչափ միջոց չէ սահմանադրաչափ որևէ նպատակի հասնելու համար:

Մյուս հետևանքը, որը կարող է առաջանալ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այնուհետև՝ այն մեղադրյալի համաձայնությամբ զուտ քրեական պատասխանատվության տարիքը լրացած չլինելու ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու արդյունքում, երեխային հաշվառման վերցնելն է, որն անհրաժեշտ է դեվիանտ (շեղվող) վարքագիծ դրսևորող երեխաներին պետության հատուկ հսկողության տակ վերցնելու և վերադաստիա­րակումն ապահովելու համար:

Սահմանադրական դատարանը նկատում է, սակայն, որ նշված հետևանքը կարող է առաջանալ քրեական վարույթից դուրս կայացվող որոշումների արդյունքում, և զուտ քրեական վարույթում կայացվող՝ տվյալ ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու մասին որոշումը՝ որպես հաշվառման վերցնելու հիմք, որևէ կերպ պարտադիր կամ այլ հիմքերի համեմատ առավել արդյունավետ կամ պիտանի միջոց համարվել չի կարող: Այլ կերպ՝ սույն սահմանադրաիրավական վեճին վերաբերելի հնարավոր նպատակներին կարելի է հասնել անձի իրավունքների նկատմամբ նվազ ծանր միջամտություն իրականացնելով, մասնավորապես՝ առանց 14 տարին չլրացած երեխայի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, իրականացնելու և նրա առարկության բացակայությամբ նշված հետապնդումը դադարեցնելու, կամ առարկության դեպ­քում՝ վարույթը ընդհանուր կարգով շարունակելու և մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում՝ պատիժ չնշանակելու, ինչի հնարավորությունը նախատեսված է ՔԴՕ 12-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությամբ:

Անդրադառնալով Պատասխանողի կողմից վկայակոչված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված այն դիրքորոշմանը (T. v. The United Kingdom (Application no. 24724/94) page 41), որ՝ «Եթե երեխաները ենթակա են քրեական պատասխանատվության, ապա նրանց նկատմամբ պետք է իրականացվի դատաքննություն, սակայն այդ դատական ընթացակարգը տեղին չէ այն պարագայում, երբ երեխան չափազանց անհաս է արդար դատաքննություն ապահովելու համար», որից ելնելով Պատասխանողը պնդում է, որ՝ «[Ս]ա նշանակում է, որ անչափահասները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից, սակայն դա չի նշանակում, որ նրանք անմեղ են իրենց գործողություններում»՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մեջբերված դիրքորոշումից ուղղակիորեն բխում է, որ դատաքննություն չի կարող իրականացվել այն երեխաների նկատմամբ, որոնք քրեական պատասխանատվության ենթակա չեն:

Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի 1997 թվականի հուլիսի 21-ի թիվ 1997/30 բանաձևով սահմանված «Քրեական արդա­րադատության համակարգում հայտնված երեխաների նկատմամբ գործողությունների ուղենիշների» (Guidelines for Action on Children in the Criminal Justice System) 14-րդ կետում ամրագրված է, որ «(գ) քրեական պատասխանատվության տարիքից ցածր որևէ երեխայի չպետք է քրեական մեղադրանք առաջադրվի»:

Բացի դրանից, միջազգային նույն վերաբերելի չափորոշիչները սահմանում են, որ անգամ այն դեպքերում, երբ անչափահասները ենթակա են քրեական պատասխա­նատվության, պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն հնարավորության դեպքում երեխաներին քրեական արդարադատության ոլորտից արդարադատության այլ ոլորտ­ներ ուղղորդելու համար: Մասնավորապես՝ ՄԱԿ-ի նույն Ուղենիշների 15-րդ կետի համաձայն՝ «Անհրաժեշտ է գործող ընթացակարգերի վերանայում ձեռնարկել, իսկ հնարավորության դեպքում մշակել գործերի լուծման արտադատական կամ քրեական արդարադատության դասական համակարգերից տարբերվող այլընտրանքային այլ նախաձեռնություններ՝ քրեական հանցանք կատարած երիտասարդ անձանց քրեական արդարադատության համակարգեր ուղղորդելուց խուսափելու համար»։

Վերոհիշյալին ուղիղ հակառակ՝ վիճարկվող դրույթներով սահմանված է քրեական պատասխանատվության ոչ ենթակա երեխաներին դեպի քրեական արդարադատու­թյան ոլորտ ներգրավելու հնարավորությունն այնպիսի նպատակների իրագործման համար, որոնք նույն արդյունավետությամբ իրագործելի են արդարադատության այլ ոլորտներում:

Վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ քրեական պատասխանատվության տարիքի չհասած երեխայի նկատմամբ քրեա­կան հետապնդում սկսելն ու իրականացնելը պիտանի միջոց չեն սույն գործով իրավաչափորեն հնարավոր որևէ սահմանադրական նպատակի հասնելու համար, ինչպես նաև համաչափ չեն՝ երեխայի լավագույն շահերը հաշվի առնելու, մասնա­վորապես՝ առանց խիստ անհրաժեշտության երեխային քրեական արդարադատու­թյան ոլորտին ներգրավելու տեսանկյունից:

5.4.2. Արդյո՞ք միջամտությունը հավասարակշռված է արդյունավետ դատավա­րական երաշխիքներով

Այս կետի ներքո Սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել, թե արդյո՞ք 14 տարին չլրացած մեղադրյալ հանդիսացող անձի կողմից՝ իր անմեղության կանխավարկածի տարր հանդիսացող՝ միայն մեղադրական դատավճռով իր մեղքը հաստատված համարվելու իրավունքից հրաժարվելը՝ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու դեմ չառարկելու ձևով, արդյունավետ երաշխիք է իր անմեղության կանխավարկածը՝ նշված տարրի մասով, սահմանափակելու դիմաց:

Սահմանադրական դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշմամբ արձանագրել է.

«Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները» (կետ 4.1)»։

Սույն սահմանադրաիրավական վեճի առարկայի մասով, իրավունքից հրաժար­ման (waiver) իրավաչափության չափանիշները նաև անմիջականորեն այն պարտադիր երաշխիքի (առարկություն ներկայացնելու հնարավորության) արդյունավետության չափանիշներն են, որով սահմանափակվում է մեղադրյալի, մասնավորապես՝ մեղադրյալ-երեխայի անմեղության կանխավարկածի իրավունքը:

Սահմանադրական դատարանը 2018 թվականի փետրվարի 13-ի ՍԴՈ-1403 որոշմամբ արձանագրել է. «7. (…) [Ի]րավունքի իրացումից հրաժարվելու ինստիտուտը չի կարող հանգեցնել պետության կողմից արդարադատության շահի և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ իր վրա դրված պոզիտիվ պարտավորու­թյուններից հրաժարվելու պահանջի: Այսպիսի իրավիճակում պետությունն առաջնորդվում է մարդու իրավունքով՝ ոչ միայն որպես անձի կողմից իր վարքագծի ընտրության հնարավորություն, այլ որպես բարձրագույն արժեք»:

Անձի՝ իր սահմանադրական իրավունքի, մասնավորապես՝ արդար դատա­քննության մաս կազմող տարբեր իրավունքներից հրաժարվելու լեգիտիմության վերաբերյալ հարուստ նախադեպային իրավունք է ձևավորել ՄԻԵԴ-ը՝ սահմանելով, որ իրավունքից հրաժարումը պետք է արված լինի իմացաբար և գիտակցված ձևով (“knowing and intelligent waiver”),10 որպիսի «չափորոշիչը պահանջում է, որ ցանկացած հրաժարում11 պետք է տրված լինի աներկբա ձևով,12 ապահովված լինի դրա կարևորու­թյանը համարժեք նվազագույն երաշխիքներով, լինի կամովին, հիմնված լինի տեղեկաց­ված կերպով կատարված ընտրության վրա, լինի պարզ. անձը պետք է ողջամտորեն ի վիճակի լինի կանխատեսելու այն հետևանքները, որոնց կարող է հանգեցնել իր վարքագիծը, չհակասի որևէ կարևոր հանրային շահի»:13

Բացի դրանից, արդար դատաքննության մաս կազմող առանձին իրավունքներից, օրինակ՝ վկաներին հակընդդեմ հարցաքննելու (Murtazaliyeva v. Russia [GC], 2018, § 118), պաշտպան ունենալու (Fariz Ahmadov v. Azerbaijan, 2021, §§ 50-55) իրավունքներից հրա­ժա­րումը, ինչպես նաև իրավունքից հրաժարումը խոցելի վիճակում գտնվող անձանց կողմից (Bogdan v. Ukraine, 2024, §§ 57-69 and 75) գտնվում են «հատուկ պաշտպա­նության ներքո»:14

Սահմանադրական դատարանի խնդիրն է, հետևաբար, վերը նշված չափորո­շիչների տեսանկյունից պարզել, թե արդյոք 14 տարին չլրացած երեխայի կողմից իր սահմանադրական իրավունքից անմեղության կանխավարկածի մաս կազ­մող՝ միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով իր մեղքը հաստատվելու իրավունքից հրաժարվելը կարող է համարվել գիտակցված, իմացաբար և կամովին արված, ինչպես նաև՝ արդյո՞ք այդպիսին կարող է համարվել նույն անձի կողմից՝ նշված իրավունքից հրաժարվելը քրեական վարույթի ընթացքում քրեական պա­տասխանատվության տարիքին հասնելուց հետո, որի համար անհրաժեշտ է ուսում­նասիրել, թե ինչ մոտեցում ունի օրենսդիրն ընդհանրապես՝ իր առավել վերաբերելի կարգավորումներում, 14 տարին չլրացած անձի կամահայտնության տարբեր դրսևորում­ների արժանահավատության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 29-րդ՝ «Մինչև տասնչորս տարեկան անչափահասների գործունակությունը» վերտառությունը կրող հոդվածի համաձայն՝ 14 տարին չլրացած երեխաները համարվում են «փոքրահասակներ», և նրանց փոխարեն և նրանց անունից բոլոր գործարքները, բացառությամբ՝ մանր կենցաղային գործարքների, նոտարական վավերացում կամ գործարքներից ծա­գող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանա­լուն ուղղված գործարքների, օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնու­թյամբ երրորդ անձանց կողմից որոշակի նպատակով կամ ազատորեն տնօրինելու համար տրամադրված միջոցները տնօրինելու գործարքների, կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:

Քրեական օրենսգրքի 45-րդ՝ «Արդարադատության շահերի դեմ ուղղված հանցա­գործությունները» վերտառությամբ գլխում ներառված և ոչ մի հանցագործության հա­մար (տես՝ Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը և 473-515 հոդվածները) նախատեսված չէ քրեական պատասխանատվություն անգամ 14 տարին լրացած, բայց 16 տարին չլրացած անձի համար: Այսինքն՝ այս անձինք նաև հարցաքննության ընթաց­քում չեն նախազգուշացվում ցուցմունք տալուց հրաժարվելու և սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին (տե՛ս 2021 թ. ՔԴՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասը): Այլ կերպ՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չէ 16 տարին չլրացած անձի կողմից տրված ցուցմունքի արժանա­հավատության ապահովման կարևորագույն երաշխիքը՝ քրեական պատասխանա­տվության սպառնալիքի մասին տեղեկացնելը, օրինակ՝ սուտ մատնության համար: Մինչդեռ նույն Օրենսգիրքը վիճարկվող դրույթում՝ 12-րդ հոդվածի 4-րդ մասում քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք նախատեսում է ոչ միայն 16, այլև 14 տարին չլրացած անձի հայտնած «դատավարական» դիրքորոշումը:

Վերջապես, օրենսդիրը Քրեական օրենսգրքի շրջանակներում մի կողմից համարում է, որ 14 տարին չլրացած անձը չունի բավարար հասունություն քրեական պատասխանատվության ենթարկվելու համար, սակայն Քրեական դատավարու­թյան օրենսգրքով ամրագրում է, որ նույն անչափահասը կարող է տալ իր գի­տակցված, կամովին և աներկբա համաձայնությունը՝ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Այս տեսակետից Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն գործոնները, որոնք օրենսդրի կողմից հաշվի են առնվել քրեական պատասխանատվության կոնկրետ նվազագույն տարիք սահմանելիս, անտեսվել են քրեական վարույթի ելքը նույնպիսի անձի նկատմամբ կանխորոշող դատավարական դիրքորոշման «հասունության» աստիճանը գնահատելիս:

Այլ խոսքով՝ եթե անձը չի կարող քրեական պատասխանատվություն կրել իր ենթադրաբար կատարած արարքի համար, չի կարող պատասխանատվություն կրել սուտ մատնություն և սուտ ցուցմունք տալու համար և կարող է կնքել միայն մանր կենցաղային և այլ սահմանափակ բնույթի գործարքներ, ապա նույն անձի դիրքորոշումը՝ առարկություն չներկայացնելը կամ ներկայացնելը, չի կարող քննարկվող իրավունքից հրաժարվելու իրավաչափ երաշխիք համարվել՝ նշված արգելքների հիմքում ընկած՝ նրա հասունությունը բնութագրող նույն օբյեկտիվ պատճառներով:

Վերոնշյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն գործով վիճարկվող դրույթներով իրավունքից հրաժարման իրավաչափության երաշխիքները բացակայում են՝ սուբյեկտի անձի ուժով:

Սահմանադրական դատարանն այսպիսով գտնում է, որ 14 տարին չլրացած մեղա­դրյալի՝ իր դեմ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ ուղղված առարկությունը արդյունավետ հակակշռող երաշխիք չէ նրա անմեղության կանխավարկածը սահմանափակելու համար, քանի որ իրավունքից հրաժարվելը չի կարող կատարվել իմացաբար և գիտակցված՝ իր դատավարական գործողությունների բնույթը լիովին հասկանալու և դրանց հետևանքները կանխատեսելու ունակության բացակայության առումով, որպիսի կանխավարկածն ամրագրված է Քաղաքացիական օրենսգրքի, Քրեական օրենսգրքի և Օրենսգրքի՝ վերը մեջբերված վերաբերելի դրույթներով, հատ­կապես՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի հասած չլինելու փաստով: Միայն օրենսդիրը կարող է հերքել այդ կանխավարկածը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու նվազագույն տարիքը նվազեցնելու միջոցով:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք 14 տարին չլրացած երեխայի ունեցած սահմանադրական իրավունքից, այն է՝ անմեղության կանխավարկածի մաս կազ­մող՝ միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով իր կողմից արարքի կատարումը հաստատվելու իրավունքից հրաժարվելը, կարող է համարվել գիտակցված, իմա­ցաբար և կամովին արված, եթե այն կատարվում է նույն անձի կողմից՝ քրեական վարույթի ընթացքում քրեական պատասխանատվության տարիքին հասնելուց հետո, ապա Սահմանադրական դատարանը նկատում է, որ վիճարկվող դրույթի պարագայում սահմանափակելի իրավունքի նկատմամբ իրականացվող միջամտու­թյան պահին հանդիպակաց արդյունավետ երաշխիքի բացակայությունը չի կարող լրացվել հետագայում, այսինքն՝ քրեական պատասխանատվության ոչ ենթակա անձի կողմից առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքի կատարման համար նրան նաև «հանցանքի» կատարման մեջ մեղադրելու լեգի­տիմությունը չի կարող կախված լինել նույն անձի հետագա հասունացումից և, ըստ այդմ՝ ավելի գիտակցված դիրքորոշումներ արտահայտելու կարողությունից:

Ավելին՝ հակառակ մոտեցումը կարող է կամայականությունների պատճառ դառնալ այն առումով, որ քրեական վարույթը կարող է արհեստականորեն ձգձգվել թե՛ քրեական հետապնդման հարուցման և թե՛ հետագայում այն դադարեցնելու պահին՝ անչափահասի՝ քրեական պատասխանատվության տարիքին հասնելն ապահովելու և հետո միայն նրանից «գիտակցված, իմացաբար և կամովին արված» համաձայնություն ստանալու համար:

Նշվածի հիման վրա՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ անձի՝ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված հիմնական սահմանադրական իրավունքը՝ երեխայի լավագույն շահերը հաշվի առնելն է, ինչը նշանակում է, որ որոշ դեպքերում երեխայի կարծիքը կարող է հակասել իր իսկ լավագույն շահերին: Այլ խոսքով, երեխայի կարծիքը, թեկուզ ազատորեն և աներկբա արտահայտված, չի կարող a priori համարվել նրա լավագույն շահի արտացոլումը:

Ողջ վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ փոքրահասակ երեխայի՝ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադա­րեցնելու դեմ առարկելն արդյունավետ երաշխիք չէ նրա՝ արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի՝ միայն դատարանի մեղա­դրական դատավճռով նրա մեղքը հաստատված լինելու սկզբունքի սահմանափակման համար: Սրանից էլ ուղղակիորեն բխում է, որ Սահմանադրության 66-րդ հոդվածի ուժով՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը չի կարող, հակառակ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթի, համարվել քրեական հետապնդումը դադարեցնելու ոչ ռեաբիլիտացնող հիմք՝ դրա դեմ առարկելու հնարավորությունն անմեղության կանխավարկածի նշված սահմանափակման նկատմամբ ի սկզբանե համարժեք և արդյունավետ հակակշիռ չհանդիսանալու պատճառով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանա­դրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը՝ նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին հղում պարունակելու մասով, ճանաչել Սահմա­նադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 66-րդ հոդվածին, 72 և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով հնարավոր է համարում քրեական պատասխանատվության` օրենքով նախատեսված տա­րիքին չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և այն շարու­նակելը, ինչպես նաև քրեական վարույթը՝ քրեական օրենքով սահմանված արգելքի խախտմամբ հարուցված քրեական հետապնդման պայմաններում մեղադրյալի դիրքո­րոշմամբ պայմանավորված՝ ընդհանուր կարգով շարունակելը և, ըստ դատա­քննության արդյուն­քի՝ նրա նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացնելը:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

____________________

1 Տե՛ս, մասնավորապես, ապացուցման բեռի մասով՝ Սալաբիակուն ընդդեմ Ֆրանսիայի գործով 1988թ. հոկտեմբերի 7-ի վճիռը (Salabiaku v. France, Application no. 10519/83, par 28), Գրեյսոնն ու Բարնհամն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 2007թ. սեպտեմբերի 27-ի վճիռը (Grayson and Barnham v. the United Kingdom, 19955/05 and 15085/06, par 49)

2 Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի, գանգատ թիվ 40094/05:

3 John Murray v. the United Kingdom judgment of 8 February 1996, Reports 1996-I, § 45

4 նույն տեղում, կետ 47-րդ:

5 Kok v. The Netherlands, Հ-43149/98), Իրավունք, կետ 5:

6 Տես՝ Օրենսգրքի 2-րդ հոդվածը։

7 Տես՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույց», Եվրոպայի խորհուրդ, հուլիս, 2022 թ., էջ 31-32:

8 Տես՝ նույն տեղում, էջ 32:

9 Տես՝ ի թիվս բազմաթիվ այլ աղբյուրների՝ «6-րդ հոդվածի 1-ին մասի ներքո թույլատրելի են պաշտպանական կողմի իրավունքների միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք խիստ անհրաժեշտ են: Ավելին, մեղադրյալի նկատմամբ արդարացի դատական քննության իրականացումը երաշխավորելու նպատակով, պաշտպանական կողմի համար, նրա իրավունքների սահմանափակմամբ հարուցվող բոլոր դժվարությունները պետք է բավարար չափով հավասարակշռվեն դատական մարմինների կողմից իրականացվող հետագա ընթացակարգերով», (Jasper v. the United Kingdom, application no. 27052/95, Judgment of 16 February 2000, par. 52):

10 Տե՛ս՝ Ibrahim and Others v. the United Kingdom GC, 2016, § 272:

11 Տե՛ս՝ Dvorski v. Croatia GC, 2015, §§ 100-102; Simeonovi v. Bulgaria GC, 2017, § 115; Pishchalnikov v. Russia, 2009, § 77):

12 Տե՛ս նաև՝ Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 8088/05) 2012 թվականի ապրիլի 10-ի վճռում՝ արտահայտված դիրքորոշումը՝ «85. (…) Կոնվենցիայով երաշխավորված որևէ իրացումից հրաժարվելը՝ որքանով նման հրաժարում թույլ է տրվում ներպետական իրավունքում, պետք է հաստատված լինի միանշանակ ձևով»:

13 Տե՛ս՝ «Հոդված 6 (քրեական հատված): Արդար դատաքննության երաշխիքներից հրաժարումը (խմբ. 31.08.2024)», էջ 1, Article 6 (criminal limb): Waiver of the guarantees of a fair trial (Last updated: 31/08/2024):

14 Նույն տեղում, էջ 1-2:

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

5 փետրվարի 2025 թվականի

ՍԴՈ-1767

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 փետրվարի 2025 թվական: