ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0234/02/14 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0234/02/14 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ա . ԱԹԱԲԵԿՅԱՆ | ||
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի հոկտեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արամ Կարապետյանի հայցի ընդդեմ Նիկոլ Հայրապետյանի և Աշտարակի քաղաքապետարանի, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)` սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները վերացնելու ու անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2024 թվականի որոշման դեմ Նիկոլ Հայրապետյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,
Պ
Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արամ Կարապետյանը պահանջել է «վերացնել Արամ Վոլոդյայի Կարապետյանին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 02-001-0084-0022-001-000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գույքի (առևտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները և որպես հետևանք անվավեր ճանաչել Աշտարակի քաղաքապետի 07.10.2005թ.–ի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում /նախկին Առևտրի կենտրոնի դիմաց/ 200 քմ տարածքի համար վարձակալության իրավունքով Նիկոլ Հայրապետյանի հետ 99 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար հողի վարձակալության պայմանագիր կնքելու թիվ 514 որոշումը, 10.10.2005թ.–ին Աշտարակի քաղաքապետարանի լիազորված անձ Ա. Մնացականյանի, որպես վարձատուի և պատասխանող Նիկոլ Հայրապետյանի, որպես վարձակալի միջև կնքված մրցույթով հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի վարձակալության պայմանագիրը և դրա հիման վրա 14.10.2005թ.-ին ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Արագածոտնի մարզային ստորաբաժանումում կատարված իրավունքի պետական գրանցումը»:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.05.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է «Վերացնել Հայցվոր Արամ Վոլոդյայի Կարապետյանի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 02-001-0084-0022-001-000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գույքի (առևտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները: Կիրառել երկկողմանի ռեստիտուցիա և որպես հետևանք անվավեր ճանաչել Աշտարակի քաղաքապետի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում/նախկին Առևտրի կենտրոնի դիմաց/վարձակալության իրավունքով Նիկոլ Հայրապետյանի հետ 99 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար հողի վարձակալության պայմանագիր կնքելու որոշումը, մրցույթով հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի վարձակալության պայմանագիրը, վարձակալի իրավունքի պետական գրանցումը, և Պատասխանող ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքին պարտավորեցնել վարձակալ Նիկոլ Հայրապետյանին հատկացված հողամասին համարժեք հողամաս տրամադրել` վերականգնելով վերջինիս իրավունքի ծագման հիմքերի ու պետական գրանցման անվավերությամբ պատճառված վնասը:
Հօգուտ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի Հայցվոր Արամ Կարապետյանից բռնագանձել 29400 ՀՀ դրամ, հօգուտ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի` Պատասխանողներ Աշտարակ համայնքից և Նիկոլ Հայրապետյանից համապարտությամբ բռնագանձել 47000 ՀՀ դրամ դատական ծախսեր: Դատական ծախսերի հարցը մնացած մասով` համարել լուծված»։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.02.2024 թվականին որոշել է «1. Նիկոլ Հայրապետյանի ներկայացուցիչ Սեյրան Ազիզյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել։ 2. Աշտարակի քաղաքապետարանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել. թիվ ԱՐԱԴ/0234/02/14 քաղաքացիական գործով ՀՀ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2023թվականի վճիռը մասնակի՝ «Պատասխանող ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքին պարտավորեցնել վարձակալ Նիկոլ Հայրապետյանին հատկացված հողամասին համարժեք հողամաս տրամադրել` վերականգնելով վերջինիս իրավունքի ծագման հիմքերի ու պետական գրանցման անվավերությամբ պատճառված վնասը» մասով բեկանել և վճռի եզրափակիչ մասը շարադրել հետևյալ կերպ՝ «Հայցը բավարարել։ Վերացնել Հայցվոր Արամ Վոլոդյայի Կարապետյանի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 02-001-0084-0022-001-000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գույքի (առևտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները՝ անվավեր ճանաչելով Աշտարակի քաղաքապետի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում /նախկին Առևտրի կենտրոնի դիմաց/ վարձակալության իրավունքով Նիկոլ Հայրապետյանի հետ 99 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար հողի վարձակալության պայմանագիր կնքելու որոշումը, մրցույթով հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի վարձակալության պայմանագիրը, վարձակալի իրավունքի պետական գրանցումը։
Հօգուտ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի Հայցվոր Արամ Կարապետյանից բռնագանձել 29400 ՀՀ դրամ, հօգուտ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի` Պատասխանողներ Աշտարակ համայնքից և Նիկոլ Հայրապետյանից համապարտությամբ բռնագանձել 47000 ՀՀ դրամ դատական ծախսեր։
Դատական ծախսերի հարցը մնացած մասով` համարել լուծված»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նիկոլ Հայրապետյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 5-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 613-615-րդ և 618-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 28-րդ ու 83-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իր մոտ իրավունքի պետական գրանցումն անհամեմատ շատ ավելի վաղ է ծագել, քան հայցվորի, որպիսի պայմաններում վերջինս ողջամտորեն պետք է տեղեկացված լիներ անշարժ գույքի ենթադրյալ «խոչընդոտների» առկայության և (կամ) բացակայության մասին, իսկ նմանատիպ պայմաններում ինքը ողջամտորեն չպետք է կրի երրորդ անձանց (հայցվորի և Աշտարակի քաղաքապետարանի) միջև ծագած վարչական իրավահարաբերությունների բացասական հետևանքները։
Թեև Վերաքննիչ դատարանը ևս դիտարկել է վարույթի՝ վարչական դատարանին ենթակա լինելու հանգամանքը, սակայն սխալ իրավանորմեր վկայակոչելու արդյունքում հանգել է սխալ եզրակացության, ինչն էլ որպես հետևանք հանգեցրել է սխալ դատական ակտի կայացմանը։
Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտը պատճառաբանված և հիմնավորված չէ։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարձակալության պայմանագրի կնքման պահին գործող օրենսդրությանը հակասող որևէ նախապայման առկա չի եղել, քանի որ հայցվորի իրավունքները ծագել են 2012 թվականին, մինչդեռ սույն վարույթի շրջանակներում վարձակալության պայմանագիրը կնքվել է շատ ավելի վաղ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ սույն գործով հիմնական պահանջն իր անվամբ կատարված հողամասի վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելն է, որն իր բնույթով ենթակա է վարչական դատարանի քննությանը, քանի որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունն ուղղված է հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը. այն ծագել է պետության կողմից անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների ճանաչման, երաշխավորման և պաշտպանության ապահովման հանրային շահի իրացման կապակցությամբ: Ավելին՝ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթի իրավական հիմքերը սահմանող օրենսդրական կարգավորումների ու իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.02.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Արամ Կարապետյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Նիկոլ Հայրապետյանի և Աշտարակի քաղաքապետարանի, երրորդ անձ Կոմիտեի` պահանջելով «վերացնել Արամ Վոլոդյայի Կարապետյանին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 02-001-0084-0022-001-000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գույքի (առևտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել Աշտարակի քաղաքապետի 07.10.2005թ.-ի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում /նախկին Առևտրի կենտրոնի դիմաց/ 200 քմ տարածքի համար վարձակալության իրավունքով Նիկոլ Հայրապետյանի հետ 99 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար հողի վարձակալության պայմանագիր կնքելու թիվ 514 որոշումը, 10.10.2005թ.–ին Աշտարակի քաղաքապետարանի լիազորված անձ Ա. Մնացականյանի, որպես վարձատուի և պատասխանող Նիկոլ Հայրապետյանի, որպես վարձակալի միջև կնքված մրցույթով հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի վարձակալության պայմանագիրը և դրա հիման վրա 14.10.2005թ.-ին ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Արագածոտնի մարզային ստորաբաժանումում կատարված իրավունքի պետական գրանցումը»՝ հայցի հիմքում դնելով նաև այն, որ «Ներկայումս նշված անշարժ գույքի վարձակալության առկայությունը խոչընդոտ է առաջացրել հայցվորի համար իր՝ սեփականատիրոջ իրավունքներն իրականացնելու համար։ (…) Տվյալ դեպքում Աշտարակի քաղաքապետի 07.10.2005թ. թիվ 514 որոշման, իսկ այսուհետև 10.10.2005թ.-ին հողամասի վարձակալության պայմանագրի հիման վրա պատասխանողի անվամբ 200 քմ հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի պետական գրանցման առկայությունը և հնարավոր շինարարական աշխատանքները խոչընդոտներ են առաջացնում հայցվորի կողմից իր սեփականության իրավունքի լիարժեք իրացման համար, մասնավորապես նշված պետական գրանցումը կատարվել է դեպի հայցվորին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք տանող ճանապարհի նկատմամբ։
Վերոհիշյալ իրավիճակը խախտում է Հայցվորի՝ իր սեփականությունը օգտագործելու իրավունքը, անհարմարություններ ստեղծում սեփականության իրավունքը լիարժեք օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու համար»։
Դատարանի 20.03.2014 թվականի որոշմամբ նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ․թ․ 1, 3-5)․
2) Դատարանի 19.05.2023 թվականի վճռով Արամ Կարապետյանի հայցը բավարարվել է՝ վճռվել է «Վերացնել Հայցվոր Արամ Վոլոդյայի Կարապետյանի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 02-001-0084-0022-001-000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գույքի (առևտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները: Կիրառել երկկողմանի ռեստիտուցիա և որպես հետևանք անվավեր ճանաչել Աշտարակի քաղաքապետի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում/նախկին Առևտրի կենտրոնի դիմաց/վարձակալության իրավունքով Նիկոլ Հայրապետյանի հետ 99 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար հողի վարձակալության պայմանագիր կնքելու որոշումը, մրցույթով հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի վարձակալության պայմանագիրը, վարձակալի իրավունքի պետական գրանցումը, և Պատասխանող ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքին պարտավորեցնել վարձակալ Նիկոլ Հայրապետյանին հատկացված հողամասին համարժեք հողամաս տրամադրել` վերականգնելով վերջինիս իրավունքի ծագման հիմքերի ու պետական գրանցման անվավերությամբ պատճառված վնասը:
Հօգուտ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի Հայցվոր Արամ Կարապետյանից բռնագանձել 29400 ՀՀ դրամ, հօգուտ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի` Պատասխանողներ Աշտարակ համայնքից և Նիկոլ Հայրապետյանից համապարտությամբ բռնագանձել 47000 ՀՀ դրամ դատական ծախսեր: Դատական ծախսերի հարցը մնացած մասով` համարել լուծված» (հատոր 5-րդ, գ․թ․ 124-133)․
3) Վերաքննիչ դատարանը 29.02.2024 թվականին որոշել է «1. Նիկոլ Հայրապետյանի ներկայացուցիչ Սեյրան Ազիզյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել։ 2. Աշտարակի քաղաքապետարանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել. թիվ ԱՐԱԴ/0234/02/14 քաղաքացիական գործով ՀՀ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2023 թվականի վճիռը մասնակի՝ «Պատասխանող ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքին պարտավորեցնել վարձակալ Նիկոլ Հայրապետյանին հատկացված հողամասին համարժեք հողամաս տրամադրել` վերականգնելով վերջինիս իրավունքի ծագման հիմքերի ու պետական գրանցման անվավերությամբ պատճառված վնասը» մասով բեկանել և վճռի եզրափակիչ մասը շարադրել հետևյալ կերպ՝ «Հայցը բավարարել։ Վերացնել Հայցվոր Արամ Վոլոդյայի Կարապետյանի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 02-001-0084-0022-001-000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գույքի (առևտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները՝ անվավեր ճանաչելով Աշտարակի քաղաքապետի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում /նախկին Առևտրի կենտրոնի դիմաց/ վարձակալության իրավունքով Նիկոլ Հայրապետյանի հետ 99 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար հողի վարձակալության պայմանագիր կնքելու որոշումը, մրցույթով հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի վարձակալության պայմանագիրը, վարձակալի իրավունքի պետական գրանցումը։
Հօգուտ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի Հայցվոր Արամ Կարապետյանից բռնագանձել 29400 ՀՀ դրամ, հօգուտ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի` Պատասխանողներ Աշտարակ համայնքից և Նիկոլ Հայրապետյանից համապարտությամբ բռնագանձել 47000 ՀՀ դրամ դատական ծախսեր։
Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված» (հատոր 6-րդ, գ․թ․ 110-118)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ՝
1․ ստորադաս դատարանում գործի վարույթը կարճելու հիմք առկա լինելու պատճառաբանությամբ դատական ակտի անվերապահ բեկանմանը՝ անկախ այդ հիմքի մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից․
2․ գործով մի քանի հայցապահանջ ներկայացված լինելու պայմաններում դրանցից հիմնական պահանջը որոշելու առանձնահատկություններին՝ միաժամանակ վկայակոչելով «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկնաբանության և վարչական դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումները։
1․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։
Նույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:
Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և այն բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ և հեղինակավոր ու պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք:
Գործի քննության ժամանակ կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի դատավարական իրավունքի նորմի խախտումներ։ Ընդ որում, նման խախտումները հնարավոր է լինեն ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի ոչ իրավաչափ վարքագծի հետևանք, որոնք գործի ելքի վրա ունենում են տարբեր ազդեցություն: Օրենսդիրը, ՀՀ վճռաբեկ դատարանի համար սահմանելով պարտականություն բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, միևնույն ժամանակ ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը։ Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ: Ընդ որում, այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձևական (տե՛ս ըստ «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումի թիվ ԱՐԱԴ/0006/16/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդպիսի խախտում կարող է լինել նաև այն դեպքը, երբ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք։ Նշված դեպքն օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք՝ անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից։
Այսինքն, եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը` ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, ապա անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ (տե՛ս Հարություն, Ռուզաննա, Մարինե և Զարինե Ղուկասյաններն ընդդեմ Այվազ Ղուկասյանի ու մյուսների թիվ ԱՎԴ/2187/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.06.2024 թվականի որոշումը)։
2․ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում (տե´ս Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նաև դատավարական նորմերով սահմանված այն դատարանի և այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանն այն օրենքով վերապահված է: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը (տե՛ս Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերտ Հակոբյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության միջոցի արդյունավետության հարցին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տե՛ս Սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշումը):
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`
1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.
2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.
3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (այսուհետ՝ սահմանադրական դատարան) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։
Այսինքն՝ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանելով վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր շրջանակը, և նույն օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական դատարանին ընդդատյա գործերի շրջանակից բացառելով այն գործերը, որոնք ընդդատյա են այլ դատարանների, հստակ տարանջատել է այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկնաբանությանը և, վերլուծելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը, արձանագրել է, որ վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առնչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմանն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հանրային իրավահարաբերություններն այն հարաբերություններն են, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերություններում (տե՛ս Գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների հիման վրա նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարևոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ և հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտմանը (տե՛ս Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերտ Հակոբյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի՝ վարչական դատարան դիմելու իրավունքին և հանրային իրավահարաբերությունների հասկացությանն ու արձանագրել է, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները և ազատությունները, կամ երբ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, կամ երբ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից անձի իրավունքների և ազատությունների խախտման փաստը միայն դեռևս բավարար չէ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետևանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային իրավահարաբերությունից: Արձանագրել է նաև, որ հանրային իրավահարաբերություններն այն իրավահարաբերություններն են, որոնք ծագում են պետական մարմինների իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում: Այսինքն` այդպիսի իրավահարաբերությունները և դրանց արդյունքները պետք է ունենան հանրային` համընդհանուր բնույթ, ի տարբերություն մասնավոր` կոնկրետ անձին վերաբերող, իրավահարաբերության: Նշել է նաև, որ միմյանց հետ կապված մի քանի պահանջներով դատարան դիմելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս դատարանը պետք է պարզի հիմնական պահանջի բնույթը (տե´ս Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով նախկին դիրքորոշումները, մեկ այլ որոշմամբ հավելել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.
1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,
2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,
3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը՝ հաշվի առնելով նաև այն կարևոր հանգամանքը, որ հանրային հարաբերություններից բխող բոլոր վեճերը չեն, որ վերապահված են վարչական դատարանի քննությանը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը (տե՛ս Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, երրորդ անձ Հռիփսիմե Իշիկյանի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավահարաբերության բնույթը պարզելու համար հարկավոր է այն դիտարկել շահերի տեսության, ենթակարգության տեսության և հատուկ իրավունքի տեսության համատեքստում։
Ըստ շահերի տեսության` հանրային իրավունքը մասնավորից տարբերվում է այն շահի տեսակով, որոնք պաշպանվում են առանձին իրավանորմով։ Այն իրավանորմերը, որոնք ծառայում են հանրային կամ ընդհանուր շահին, պատկանում են հանրային իրավունքին։ Մինչդեռ, մասնավոր իրավանորմերը ծառայում են մասնավոր կամ անհատական շահերին։
Ենթակարգության տեսությունը ելնում է մասնակիցների հարաբերությունների բնույթից և կիրառվում է միայն այն դեպքում, երբ հարաբերության մասնակիցներն են մի կողմից պետությունը, իսկ մյուս կողմից քաղաքացին։ Ըստ այս տեսության՝ այն իրավանորմերը, որոնք կարգավորում են հանրային իշխանությունը կրողների գործողությունները, համարվում են հանրային-իրավական, երբ դրանք վերաբերում են վերադասության-ենթակայության հարաբերությանը։ Եթե մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն, ապա իրավահարաբերությունը հանրային է, իսկ եթե իրավունքի երկու սուբյեկտները միմյանց առջև հանդես են գալիս իրավահավասար կերպով, ապա առկա են մասնավոր-իրավական հարաբերություններ։
Հատուկ իրավունքի տեսությունն իր հերթին նույնպես կոչված է պարզելու վեճի հանրային-իրավական բնույթը։ Այն ելնում է վեճը լուծող իրավանորմերի իրավական բնույթից։ Ըստ այս տեսության՝ եթե վեճը լուծվում է հանրային-իրավական նորմերի միջոցով, ապա առկա է հանրային-իրավական վեճ, իսկ եթե վեճը լուծում են մասնավոր-իրավական նորմերը, ապա կունենանք մասնավոր-իրավական վեճ։
Վերոնշյալ տեսությունների հիմքում դրված չափանիշներից ելնելով՝ անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցերին.
- որ նորմերն են լուծում վեճը,
- արդյո՞ք դրանք հանրային-իրավական նորմեր են (ինչ շահերի պաշտպանությանն են ուղղված այդ նորմերը),
- արդյո՞ք իրավահարաբերության մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն (տե՛ս Լուսինե Սահակյանն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի թիվ ԵԴ/38635/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2022 թվականի որոշումը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է առաջին ատյանի դատարանին, իսկ մյուսը` վարչական դատարանին, քննում է այն դատարանը, որին ենթակա է հիմնական պահանջը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական է այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը։
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ գործով միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջների առկայության դեպքում, որոնցից մեկը ենթակա է քննության առաջին ատյանի դատարանում, իսկ մյուսը` վարչական դատարանում, ապա այդ գործը քննում է այն դատարանը, որին ենթակա է հիմնական պահանջը։ Ընդ որում, հիմնական է այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է հիմնական պահանջից ածանցվող մնացյալ պահանջների լուծումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մի քանի փոխկապակցված հայցապահանջների հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության որոշման խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու և ավելի հայցապահանջ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա գործը պետք է քննվի այն դատարանում, որին ընդդատյա է ներկայացված հիմնական պահանջը (տե՛ս Ռուբեն Միրաքյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի և մյուսների թիվ ՎԴ/0476/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ բացահայտելով հիմնական պահանջի հասկացությունը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միմյանց հետ փոխկապակցված մի քանի հայցապահանջներից հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է մյուս պահանջների լուծումը (տե՛ս Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
1. Արամ Կարապետյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Նիկոլ Հայրապետյանի և Աշտարակի քաղաքապետարանի, երրորդ անձ Կոմիտեի` պահանջելով «վերացնել Արամ Վոլոդյայի Կարապետյանին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 02-001-0084-0022-001-000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գույքի (առևտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել Աշտարակի քաղաքապետի 07.10.2005թ.-ի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում /նախկին Առևտրի կենտրոնի դիմաց/ 200 քմ տարածքի համար վարձակալության իրավունքով Նիկոլ Հայրապետյանի հետ 99 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար հողի վարձակալության պայմանագիր կնքելու թիվ 514 որոշումը, 10.10.2005թ.-ին Աշտարակի քաղաքապետարանի լիազորված անձ Ա. Մնացականյանի, որպես վարձատուի և պատասխանող Նիկոլ Հայրապետյանի, որպես վարձակալի միջև կնքված մրցույթով հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի վարձակալության պայմանագիրը և դրա հիման վրա 14.10.2005թ.-ին ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Արագածոտնի մարզային ստորաբաժանումում կատարված իրավունքի պետական գրանցումը»՝ հայցի հիմքում դնելով նաև այն, որ «Ներկայումս նշված անշարժ գույքի վարձակալության առկայությունը խոչընդոտ է առաջացրել հայցվորի համար իր՝ սեփականատիրոջ իրավունքներն իրականացնելու համար։ (…) Տվյալ դեպքում Աշտարակի քաղաքապետի 07.10.2005թ. թիվ 514 որոշման, իսկ այսուհետև 10.10.2005թ.–ին հողամասի վարձակալության պայմանագրի հիման վրա պատասխանողի անվամբ 200 քմ հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի պետական գրանցման առկայությունը և հնարավոր շինարարական աշխատանքները խոչընդոտներ են առաջացնում հայցվորի կողմից իր սեփականության իրավունքի լիարժեք իրացման համար, մասնավորապես նշված պետական գրանցումը կատարվել է դեպի հայցվորին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք տանող ճանապարհի նկատմամբ։
Վերոհիշյալ իրավիճակը խախտում է Հայցվորի՝ իր սեփականությունը օգտագործելու իրավունքը, անհարմարություններ ստեղծում սեփականության իրավունքը լիարժեք օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու համար»։
Դատարանի 20.03.2014 թվականի որոշմամբ նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 19.05.2023 թվականի վճռով Արամ Կարապետյանի հայցը բավարարվել է՝ վճռվել է «Վերացնել Հայցվոր Արամ Վոլոդյայի Կարապետյանի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 02-001-0084-0022-001-000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գույքի (առևտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները: Կիրառել երկկողմանի ռեստիտուցիա և որպես հետևանք անվավեր ճանաչել Աշտարակի քաղաքապետի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում/նախկին Առևտրի կենտրոնի դիմաց/վարձակալության իրավունքով Նիկոլ Հայրապետյանի հետ 99 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար հողի վարձակալության պայմանագիր կնքելու որոշումը, մրցույթով հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի վարձակալության պայմանագիրը, վարձակալի իրավունքի պետական գրանցումը, և Պատասխանող ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքին պարտավորեցնել վարձակալ Նիկոլ Հայրապետյանին հատկացված հողամասին համարժեք հողամաս տրամադրել` վերականգնելով վերջինիս իրավունքի ծագման հիմքերի ու պետական գրանցման անվավերությամբ պատճառված վնասը:
Հօգուտ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի Հայցվոր Արամ Կարապետյանից բռնագանձել 29400 ՀՀ դրամ, հօգուտ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի` Պատասխանողներ Աշտարակ համայնքից և Նիկոլ Հայրապետյանից համապարտությամբ բռնագանձել 47000 ՀՀ դրամ դատական ծախսեր: Դատական ծախսերի հարցը մնացած մասով` համարել լուծված»։
Վերաքննիչ դատարանը 29.02.2024 թվականին որոշել է «1. Նիկոլ Հայրապետյանի ներկայացուցիչ Սեյրան Ազիզյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել։ 2. Աշտարակի քաղաքապետարանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել. թիվ ԱՐԱԴ/0234/02/14 քաղաքացիական գործով ՀՀ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2023թվականի վճիռը մասնակի՝ «Պատասխանող ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքին պարտավորեցնել վարձակալ Նիկոլ Հայրապետյանին հատկացված հողամասին համարժեք հողամաս տրամադրել` վերականգնելով վերջինիս իրավունքի ծագման հիմքերի ու պետական գրանցման անվավերությամբ պատճառված վնասը» մասով բեկանել և վճռի եզրափակիչ մասը շարադրել հետևյալ կերպ՝ «Հայցը բավարարել։ Վերացնել Հայցվոր Արամ Վոլոդյայի Կարապետյանի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 02-001-0084-0022-001-000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գույքի (առևտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները՝ անվավեր ճանաչելով Աշտարակի քաղաքապետի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում /նախկին Առևտրի կենտրոնի դիմաց/ վարձակալության իրավունքով Նիկոլ Հայրապետյանի հետ 99 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար հողի վարձակալության պայմանագիր կնքելու որոշումը, մրցույթով հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի վարձակալության պայմանագիրը, վարձակալի իրավունքի պետական գրանցումը։
Հօգուտ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի Հայցվոր Արամ Կարապետյանից բռնագանձել 29400 ՀՀ դրամ, հօգուտ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի` Պատասխանողներ Աշտարակ համայնքից և Նիկոլ Հայրապետյանից համապարտությամբ բռնագանձել 47000 ՀՀ դրամ դատական ծախսեր։
Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված»։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանում առկա է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով գործի վարույթն ամբողջությամբ կարճելու հիմք՝ հետևյալ պատճառաբանությամբ։
Սույն գործի փաստերի համաձայն` Արամ Կարապետյանի կողմից ներկայացվել են միմյանց հետ փոխկապակցված պահանջներ, որոնք հայցադիմումում ձևակերպվել են ստորև նշված հերթականությամբ․
1) վերացնել իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գտնվող անշարժ գույքի (առևտրի կենտրոն) նկատմամբ սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները,
2) որպես հետևանք՝ անվավեր ճանաչել՝
- Աշտարակի քաղաքապետի 07.10.2005 թվականի «Նիկոլ Հայրապետյանին առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար վարձակալությամբ հողամաս հատկացնելու մասին» թիվ 514 որոշումը,
- Աշտարակի քաղաքապետարանի և Նիկոլ Հայրապետյանի միջև 10.10.2005 թվականին կնքված «Մրցույթով հողամասի վարձակալության պայմանագիր»-ը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը:
Հիմք ընդունելով վերը նշված առաջին պահանջի հիմքում դրված փաստական հիմքերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև հայցվորն իր հայցադիմումում որպես առաջին պահանջ նշել է իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գտնվող անշարժ գույքի (առևտրի կենտրոն) նկատմամբ սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները վերացնելը, իսկ վերը նշված մյուս պահանջները՝ որպես դրա հետևանքներ, այնուամենայնիվ, հայցվորն իրեն սեփականության իրավունքով պատկանող վերը նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի իրացման խոչընդոտի առկայությունը, ըստ էության, պայմանավորել է որպես Աշտարակի քաղաքապետի 07.10.2005 թվականի «Նիկոլ Հայրապետյանին առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար վարձակալությամբ հողամաս հատկացնելու մասին» թիվ 514 որոշման և դրա հիման վրա Աշտարակի քաղաքապետարանի ու Նիկոլ Հայրապետյանի միջև 10.10.2005 թվականին կնքված վարձակալության պայմանագրից բխող վարձակալության իրավունքի գրանցման հետևանք։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հիմնական պահանջը Աշտարակի քաղաքապետի 07.10.2005 թվականի «Նիկոլ Հայրապետյանին առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար վարձակալությամբ հողամաս հատկացնելու մասին» թիվ 514 որոշումն անվավեր ճանաչելու մասին պահանջն է, իսկ մյուս պահանջները՝ սեփականության իրավունքով պատկանող՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գտնվող անշարժ գույքի (առևտրի կենտրոն) նկատմամբ սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները վերացնելը, Աշտարակի քաղաքապետարանի և Նիկոլ Հայրապետյանի միջև 10.10.2005 թվականին կնքված «Մրցույթով հողամասի վարձակալության պայմանագիր»-ն ու դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելն ածանցյալ են, քանի որ Աշտարակի քաղաքապետի 07.10.2005 թվականի «Նիկոլ Հայրապետյանին առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար վարձակալությամբ հողամաս հատկացնելու մասին» թիվ 514 որոշումն անվավեր ճանաչելու մասին պահանջի բավարարումը կամ մերժումն է կանխորոշում մյուս պահանջների լուծումը, այսինքն՝ վերջիններս ածանցվում են հիմնական՝ Աշտարակի քաղաքապետի 07.10.2005 թվականի «Նիկոլ Հայրապետյանին առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար վարձակալությամբ հողամաս հատկացնելու մասին» թիվ 514 որոշումն անվավեր ճանաչելու մասին պահանջից:
2. Սույն գործի ենթակայության հարցը լուծելու համար անհրաժեշտ է պարզել, թե որ դատարանին է ենթակա վերը նշված հիմնական պահանջը։
Հայցվոր արամ Կարապետյանի կողմից ներկայացված՝ վերը նշված փոխկապակցված հայցապահանջները թեև առանձին-առանձին վերցված ունեն տարբեր ենթակայություն, մինչդեռ հիմնական՝ Աշտարակի քաղաքապետի 07.10.2005 թվականի «Նիկոլ Հայրապետյանին առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար վարձակալությամբ հողամաս հատկացնելու մասին» թիվ 514 որոշումն անվավեր ճանաչելու մասին պահանջը, վկայակոչված իրավական նորմերի և դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն, բխում է հանրային իրավահարաբերություններից ծագած վեճից, և հայցվորն իր սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման փաստի հիմքում դրել է հենց Աշտարակի քաղաքապետի կողմից կայացված վերը նշված որոշման առկայությունը: Ինչ վերաբերում է Աշտարակի քաղաքապետարանի և Նիկոլ Հայրապետյանի միջև 10.10.2005 թվականին կնքված մրցույթով հողամասի վարձակալության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին պահանջներին, ապա դրանք ևս ածանցվում են Աշտարակի քաղաքապետի կողմից կայացված որոշման անվավերության պահանջից, քանի որ հիշյալ վարձակալության պայմանագիրը կնքվել է այդ որոշման հիման վրա, իսկ իրավունքի պետական գրանցումն իրականացվել է այդ վարձակալության պայմանագրի հիման վրա։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը վերը նշված պատճառաբանությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով կարճելու հիմք, որպիսի հանգամանքից ելնելով՝ Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի ըստ էության քննությունն այդ մասով իրավաչափ համարվել չի կարող՝ նկատի ունենալով, որ սույն գործն ենթակա չի եղել քննության քաղաքացիական դատավարության կարգով։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի, նույն հոդվածի 3-րդ մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառումը պայմանավորված է նրանով, որ թեև վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում որպես վճռաբեկ բողոքի հիմնավորումներ նշել է հիմնական պահանջը վարչական դատարանի քննությանը ենթակա լինելու հանգամանքը Վերաքննիչ դատարանի կողմից անտեսելու մասին, այնուամենայնիվ այդ առումով Վերաքննիչ դատարանին չեն վերագրվել (վճռաբեկ բողոքում չեն նշվել) դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործի վարույթը կարճելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը դատավարական իրավունքի վերը նշված նորմերի խախտման առկայության պայմաններում հնարավոր չի համարում վճռաբեկ բողոքի հիմքերին անդրադառնալը։
5․ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են փորձաքննության և թարգմանության հետ կապված ծախսերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:
Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում սույն գործի վարույթը ենթակա է կարճման, և բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված բացառությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հատուցման պարտականությունը պետք է դնել հայցվորի վրա: Հաշվի առնելով, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար հայցվոր Արամ Կարապետյանն արդեն իսկ վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարը, ուստի այդ մասով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։ Միաժամանակ նկատի ունենալով նաև այն, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պատասխանողներ Նիկոլ Հայրապետյանի և Աշտարակի քաղաքապետարանի կողմից, համապատասխանաբար, վճարվել են 10.000 ՀՀ դրամ ու 30.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Նիկոլ Հայրապետյանի կողմից վճարվել է 20.000 ՀՀ դրամ, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հաշվի առնելով հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործով քննության առարկա պահանջների բնույթը և քանակը, Դատարանի 19.05.2023 թվականի վճռի ու Վերաքննիչ դատարանի 29.02.2024 թվականի որոշման բովանդակությունները՝ Արամ Կարապետյանից հօգուտ Աշտարակի քաղաքապետարանի պետք է բռնագանձել 10․000 ՀՀ դրամ՝ մնացած 20.000 ՀՀ դրամը վերադարձնելով վերջինիս որպես ավել վճարված պետական տուրքի գումար, իսկ հօգուտ Նիկոլ Հայրապետյանի՝ ընդհանուր 30.000 ՀՀ դրամ։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի վրա պետք է դնել նաև սույն գործի քննության ընթացքում իրականացված դատաշինարարատեխնիկական փորձաքննության արդյունքում առաջացած ծախսը, որի չափը, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 25.10.2016 թվականի թիվ 15-0329դ գրության (հատոր 3-րդ, գ.թ. 2) համաձայն, կազմում է 29.400 ՀՀ դրամ, և Արամ Կարապետյանից հօգուտ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բռնագանձել 29.400 ՀՀ դրամ` որպես փորձաքննության հետ կապված ծախս:
Ինչ վերաբերում է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված փորձաքննության ծախսին, որը կազմել է 47.000 ՀՀ դրամ, ապա սույն քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ այդ գումարն արդեն իսկ հայցվոր Արամ Կարապետյանի կողմից վճարվել է (հատոր 4-րդ, գ.թ. 117), ուստի այդ մասով դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսեր առկա չեն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ, 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2024 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով։
2. Արամ Կարապետյանից հօգուտ Աշտարակի քաղաքապետարանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ հօգուտ Նիկոլ Հայրապետյանի՝ 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վերջինիս կողմից օրենքով սահմանված չափով նախապես վճարված պետական տուրքի գումար։
Արամ Կարապետյանից հօգուտ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բռնագանձել 29.400 ՀՀ դրամ` որպես փորձաքննության հետ կապված ծախս:
Այլ դատական ծախսերի հատուցման հարցը համարել լուծված։
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և Զեկուցող Գ. հակոբյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական: