Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.01.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/15602/02/23

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/15602/02/23

2024 թ. 

Նախագահող դատավոր՝

 Կ. Համբարձումյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ս ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

2024 թվականի դեկտեմբերի 20-ին

 

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, Աշոտ Սիմոնյանի, Արգիշտի Գևորգյանի, Գեղամ Մանուկյանի, Գերասիմ Վարդանյանի, Լիլիթ Գալստյանի, Թադևոս Ավետիսյանի, Իգոր Սարգսյանի, Խաչատուր Ստեփանյանի, Պետրոս Մեղրյանի, Հակոբ Մաթիլյանի, Տարոն Տոնոյանի, Վարդան Հակոբյանի և Իշխան Սաղաթելյանի (այսուհետ՝ Համահայցվորներ) հայցի ընդդեմ Նանե Իսրայելյանի՝ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու ու պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են Նանե Իսրայելյանին պարտավորեցնել վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենցից և վիրավորանքի ու զրպարտության համար վճարել 1 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.07.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.09.2023 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համահայցվորները (ներկայացուցիչ Հայկուհի Սեդրակյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ, 163-րդ ու 167-րդ հոդվածները,  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 127-րդ հոդվածի 4-6-րդ մասերը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը։

Բողոք բերած անձինք նշված հիմքի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատական ակտի բողոքարկման իրավունքն անձի հիմնարար իրավունքն է, որը, հանդիսանալով արդար դատաքննության իրավունքի տարր և արդարադատության մատչելիությունն ապահովող կարևոր միջոց, չի կարող սահմանափակվել այն դեպքում, երբ կողմը համաձայն չէ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման բովանդակությանը։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկելու իրավունքի սահմանափակում օրենքով նախատեսված չէ այն դեպքում, երբ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում հայցադիմումը կրկին ներկայացվում է դատարան։ Ընդ որում, հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման պահանջները կատարելը որևէ պարագայում չի կարող դիտարկվել որպես այդ որոշման մեջ դատարանի կողմից նշած թերությունների հետ համաձայնություն, և կողմին զրկել այդ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունից։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է հայցադիմում ներկայացնելու համար Դատարանի որոշած վճարման ենթակա պետական տուրքի չափի հետ անհամաձայնության կապակցությամբ՝ հայցադիմումը վերադարձնելու մասին ոչ իրավաչափ որոշման վերացմամբ ավել վճարված պետական տուրքը հետ ստանալու իրավունքի իրականացման անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու նպատակով։

Հարկ է նաև փաստել, որ առնվազն երկու այլ՝ թիվ ԵԴ/18568/02/18 և թիվ ԵԴ2/9723/02/23 քաղաքացիական գործերով նույնանման փաստական հանգամանքների առկայության պարագայում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, վարույթ է ընդունել վերաքննիչ բողոքն ու այն քննել ըստ էության:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «բեկանել» Վերաքննիչ դատարանի 11.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի  1‑ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի  միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԵԴ/18568/02/18 ու թիվ ԵԴ2/9723/02/23 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում նշված նորմերը չեն կիրառվել բողոքարկվող դատական ակտում նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասի ու 372-րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին՝ արդյո՞ք հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները վերացնելը և այն դատարան կրկին ներկայացնելը բացառում են հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով բողոքարկելու իրավունքն իրացնելու հնարավորությունը:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն` hիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ նույն գլխում [Սահմանադրության 2-րդ գլուխ] ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Սահմանադրական դատարանն իր որոշումներում (տե՛ս ՍԴՈ-652,  ՍԴՈ-690, ՍԴՈ‑719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ‑1052, ՍԴՈ-1115,  ՍԴՈ-1127,  ՍԴՈ-1190,  ՍԴՈ-1192,  ՍԴՈ-1196,  ՍԴՈ-1197,  ՍԴՈ-1220,  ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին՝ դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր: Մասնավորապես Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ՝

- վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն,

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից և որի սահմանափակումը դատարանների կողմից ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետևանքով կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետևաբար քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային և արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին` նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն իրականացվում է ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52, 53-56, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 4451/70 գանգատով Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, կետ 34):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (…) (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22032007 թվականի վճիռը, կետ 125)։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր հերթին նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտերի բողոքարկման իրավունքը անձի՝ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի, և Սուսաննա Միհրանի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Արարատի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6‑րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ‑Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):

 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը:

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից, բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 10-12-րդ կետերով սահմանված դեպքերի: Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել նույն օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված դեպքի:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները` հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, (

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը դիտարկելով որպես դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխիք, այդուհանդերձ սահմանել է բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Դատական ակտերի բողոքարկումը վերաքննության կարգով» վերտառությամբ 53-րդ գլխում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները սահմանելու հետ միաժամանակ ամրագրվել են ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու, ընդունումը մերժելու ու վարույթ ընդունելու հիմքերը: Այսինքն, օրենսդիրը սահմանել է այն իրավական հետևանքները, որոնք վրա են հասնում՝ կախված այն հանգամանքից, թե որքանով է վերաքննիչ բողոք բերած անձն իր վերաքննիչ բողոքարկման իրավունքն իրականացրել օրենքին համապատասխան: Ըստ այդմ էլ՝ ներկայացված վերաքննիչ բողոքի նկատմամբ կարող են կայացվել տարբեր դատավարական հետևանքներ ունեցող որոշումներ՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում:

Այսպես, մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`

1) նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.

3) բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.

4) բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.

5) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով.

6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ.

7) բողոքարկվող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է 20 տարի։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի սպառիչ շրջանակ, հետևաբար այլ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասում չնշված հիմքերով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել չի կարող։

Ի թիվս այլի, որպես վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմք, նախատեսվել է այն դեպքը, երբ բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի և 361‑րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը կիրառելի է բացառապես այն դեպքերում, երբ բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի այնպիսի որոշում, որի անմիջական բողոքարկման հնարավորությունն օրենքով ուղղակիորեն նախատեսված չէ։

Անդրադառնալով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման բողոքարկելիությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ նշված միջանկյալ դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127‑րդ հոդվածի 5-րդ մասով և 361-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասը բացառություն է նախատեսել միայն այն դեպքերի համար, երբ առաջին ատյանի դատարանը հայցադիմումը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը հայցադիմումը ներկայացրել է նույն օրենսգրքի 37‑րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ։ Հետևում է, որ հայցադիմումն օրենքով նախատեսված ցանկացած այլ հիմքով վերադարձվելու դեպքում վերաքննության կարգով հիշյալ միջանկյալ դատական ակտը բողոքարկելու դատական պաշտպանության դիմած անձի իրավունքը երաշխավորվում է նաև այն դեպքում, երբ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները վերացնելուց հետո այն սահմանված ժամկետում կրկին ներկայացվում է դատարան։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված գործողությունների կատարումը չի բացառում դատական պաշտպանության դիմած անձի՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմանը համաձայն չլինելու դեպքում այն վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքը։ Նման եզրահանգումը նախ պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացնելը և այն դատարան կրկին ներկայացնելը հայցվորի իրավունքն է, որը բողոքարկման իրավունքի համեմատ չունի բացառող նշանակություն։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-6-րդ մասերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ առաջին ատյանի դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացվելու դեպքում դատական պաշտպանության դիմած անձն այն ստանալուց հետո ունի և՛ որոշմամբ նշված խախտումները շտկելու ու օրենքով սահմանված ժամկետում հայցադիմումը կրկին դատարան ներկայացնելու, և՛ այդ որոշման դեմ նույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք: Այսինքն՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո հայցվորին ընձեռվում է օրենսգրքով սահմանված վարքագծի՝ իր համար նախընտրելի եղանակը սեփական հայեցողությամբ ընտրելու ազատություն: Ընդ որում, օրենսդիրը հայցվորին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշելու՝ շտկել հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ նշված խախտումները և սահմանված ժամկետում հայցադիմումը կրկին ներկայացնել դատարան, թե նշված որոշման օրինականության ստուգման նպատակով դրա դեմ ներկայացնել վերաքննիչ բողոք: Նշվածը Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքի իրացման տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի արտահայտումն է, որը բնութագրվում է որպես անձի՝ սեփական հայեցողությամբ իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները տնօրինելու հնարավորություն: 

Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման բողոքարկումը կարող է հետապնդել ոչ միայն վարույթի հետագա ընթացքը խոչընդոտող (արգելակող) դատական սխալն ուղղելու, այլ նաև՝ դատական պաշտպանության դիմած անձի այլ իրավունքները կամ օրինական շահերը պաշտպանելու (օրինակ՝ օրենքով նախատեսվածից ավել գանձված պետական տուրքի գումարը հետ ստանալու) նպատակ։

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները վերացնելը և այն դատարան կրկին ներկայացնելը չի բացառում հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու հնարավորությունը, հետևաբար վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը նման դեպքերում կիրառելի չէ։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 25.07.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «տվյալ պարագայում հայցադիմումում միացված է թվով տասնչորս հայցվորի կողմից ներկայացված ոչ դրամային պահանջներ, այսինքն՝ ներկայացված է թվով տասնչորս ոչ դրամային պահանջներ, մինչդեռ՝ հայցադիմումին կցված է պետական տուրքը մասնակի, այն է՝ 32,000.00 ՀՀ դրամի չափով վճարված լինելու փաստը հավաստող վճարման հանձնարարականի բնօրինակը (որից՝ 12,000.00 ՀՀ դրամը թվով երկու դրամային պահանջների համար), և բացակայում է ոչ դրամային պահանջների մասով վճարման ենթակա 248,000.00 (280,000.00 ՀՀ դրամ (20,000.00 ՀՀ դրամ (բազային տուրքի 20‑ապատիկ) * 14) - 32,000.00 (վճարված պետական տուրքի գումար) ՀՀ դրամ = 248,000.00) ՀՀ դրամ պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը կամ վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը» (հավելված, գ.թ. 47)։

Դատարանի 25.07.2023 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ նշված թերությունը վերացվելուց հետո հայցադիմումը 17.08.2023 թվականին կրկին ներկայացվել է Դատարան (հավելված, գ.թ. 51-60)։

 Համահայցվորների կողմից 24.08.2023 թվականին Դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք (հավելված, գ.թ. 133-137)։

Վերաքննիչ դատարանի 11.09.2023 թվականի որոշմամբ Համահայցվորների վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «() մի կողմից հայցադիմումը վերադարձնելուց հետո եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացնելը և այն կրկին ներկայացնելը, և մյուս կողմից՝ հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելը հայցվորին ընձեռնված լրիվ տարբեր իրավական հնարավորություններ են այն իմաստով, որ հնարավոր չէ այդ իրավական հնարավորությունները կիրառել միաժամանակ կամ համատեղել դրանք։ Մասնավորապես, եթե անձը, ինչ-ինչ նկատառումներով, համաձայն չլինելով հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշման հետ, իր պատկերացմամբ ստիպված (այդ թվում՝ բողոքարկման արդյունքում հնարավոր անցանկալի ելքի հետևանքներից խուսափելու նպատակով) կատարում է այդ որոշման պահանջները և կրկին ներկայացնում է թերությունները վերացրած հայցադիմումը, ապա մեխանիկորեն զրկվում է այդ նույն դատական ակտը միաժամանակ վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից ()։

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն  գործի փաստերին և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Համահայցվորների կողմից ներկայացված հայցադիմումը Դատարանի 25.07.2023 թվականի որոշմամբ վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, քանի որ Դատարանի գնահատմամբ չի ներկայացվել օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը։

Վերաքննիչ դատարանի 11.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, մասնավորապես այն պատճառաբանությամբ, որ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները վերացնելը և այն հայցվորի կողմից դատարան կրկին ներկայացնելը բացառում է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու հնարավորությունը։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման մեջ նշված թերությունները վերացնելու և հայցադիմումը կրկին Դատարան ներկայացնելու հետ մեկտեղ նույն որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելիս Համահայցվորներն իրացրել են իրենց՝ դատավարական օրենսդրությամբ երաշխավորված ու միմյանց չբացառող իրավունքները։ Նման պայմաններում ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցը Վերաքննիչ դատարանը պետք է քննարկեր դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացման երաշխավորվածության ու ապահովման համատեքստում՝ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը և մարդու հիմնական իրավունքների անմիջականորեն գործողության սահմանադրական պահանջը, ինչպես նաև հայցադիմումը վերադարձնելու ու համապատասխան միջանկյալ դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու հետ կապված օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունը:

Հետևաբար Վերաքննիչ դատարանն անտեսել է բողոք բերած անձանց կողմից դատական ակտը բողոքարկելու իրենց իրավունքն իրացված լինելու փաստը և չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 11.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ ոչ իրավաչափորեն է մերժել Համահայցվորների ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջիններիս զրկելով Դատարանի 25.07.2023 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից՝ այդ կերպ սահմանափակելով նրանց` Սահմանադրության 61-րդ և 63‑րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մյուս` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է.

Բողոք բերած անձանց կողմից վկայակոչվել են թիվ ԵԴ/18568/02/18 քաղաքացիական գործով 21.11.2018 թվականի և թիվ ԵԴ2/9723/02/23 քաղաքացիական գործով 22.09.2023 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը՝ հիմնավորելով, որ այդ դատական ակտերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասն ու 372-րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետը չեն կիրառվել Վերաքննիչ դատարանի  11.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, մասնավորապես՝ սույն գործի հետ նույնանման փաստական հանգամանքների առկայության պայմաններում չի կիրառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372‑րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետը և վերը նշված գործերով «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքներն ընդունվել են վարույթ՝ իրականացնելով վերաքննության կարգով բողոքի քննություն։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտում մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետը նշել է, որ «մի կողմից հայցադիմումը վերադարձնելուց հետո եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացնելը և այն կրկին ներկայացնելը, և մյուս կողմից՝ հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելը հայցվորին ընձեռնված լրիվ տարբեր իրավական հնարավորություններ են այն իմաստով, որ հնարավոր չէ այդ իրավական հնարավորությունները կիրառել միաժամանակ կամ համատեղել դրանք։ Մասնավորապես, եթե անձը, ինչ-ինչ նկատառումներով, համաձայն չլինելով հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշման հետ, իր պատկերացմամբ ստիպված (այդ թվում՝ բողոքարկման արդյունքում հնարավոր անցանկալի ելքի հետևանքներից խուսափելու նպատակով) կատարում է այդ որոշման պահանջները և կրկին ներկայացնում է թերությունները վերացրած հայցադիմումը, ապա մեխանիկորեն զրկվում է այդ նույն դատական ակտը միաժամանակ վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, քանի որ նման իրավիճակում վերաքննիչ բողոքը պարզապես առարկայազուրկ կլինի, որովհետև մինչև Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումը և քննումը առաջին ատյանի դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով արդեն իսկ վարույթ ընդունած կլինի կրկին ներկայացված և շտկված հայցադիմումը։ Եվ այդ պարագայում վերաքննիչ բողոքի քննությունը պարզապես առարկայազուրկ կլինի, ինչն, ի դեպ, ակնառու կերպով տեղի է ունեցել սույն պարագայում։ Վերը նշված փաստական հանգամանքների և իրավական վերլուծության համադրմամբ Վերաքննիչ դատարանը գալիս է այն համոզմանը, որ բողոքարկվել է դատական ակտ, որը ենթակա չէր բողոքարկման, ինչն էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372‑րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը դարձնում է մերժման ենթակա»։

Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով ինչպես Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ, այնպես էլ թիվ ԵԴ/18568/02/18 քաղաքացիական գործով 21.11.2018 թվականի և թիվ ԵԴ2/9723/02/23 քաղաքացիական գործով 22.09.2023 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումներով արտահայտած վերը նշված դիրքորոշումները, արձանագրում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասն ու 372-րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետը չի կիրառել Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանին վերագրվող դատավարական խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները և վճռաբեկ բողոքի հիմքերը գնահատում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ու 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 11.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար: Ընդ որում, նշված որոշումը վերացվելու դեպքում վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Ս ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան