Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5337/13
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 02.11.2023
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
26.09.2023
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2023

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՍԵԴՐԱԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 5337/13)

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

26 սեպտեմբերի 2023թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

Սեդրակյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Թիմ Այքը [Tim Eicke]` Նախագահ,

Բրանկո Լուբարդա [Branko Lubarda],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,

և Վալենտին Նիկոլեսկու [Valentin Nicolescu]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Արթուր Սեդրակյանի (դիմումատու) կողմից, ծնված 1976 թվականին և Բըրբանքում բնակվող, որին ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան պրն Ա. Ոսկանյանը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2012 թվականի դեկտեմբերի 29-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 5337/13),

Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն), որին ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, գանգատի մասին ծանուցելու վերաբերյալ որոշումը,

կողմերի դիտարկումները,

2023 թվականի սեպտեմբերի 5-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Գործը վերաբերում է տեղական մարմնի կողմից օտարված իր բնակարանի հատուցման պահանջը մերժելու մասին ստորադաս դատարանի վճիռը բողոքարկելու՝ դիմումատուի իրավունքի մերժմանը:

2. 1999 թվականից դիմումատուին սեփականության իրավունքով պատկանել է երկու սենյականոց բնակարան Գուգարք գյուղում, որը գտնվում էր 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժից վնասված շենքում։

3. Ըստ երևույթին, 2004 թվականի դեկտեմբերին այն ժամանակվա գյուղապետ Յ.Ե.-ն աճուրդով վաճառել է նշված շենքը երրորդ անձի՝ առանց ավագանու նախնական համաձայնության: Այս գործարքից հետո շենքը, ներառյալ՝ դիմումատուի բնակարանը, քանդվել է գնորդի կողմից՝ Յ.Ե.-ի կողմից տրված թույլտվության հիման վրա:

4. Ինչ-որ պահի հարուցվել է քրեական գործ՝ Յ.Ե.-ի կողմից լիազորությունների հնարավոր չարաշահման դեպքի առթիվ։ Նշանակվել է դատաշինարարական փորձաքննություն, որով, inter alia (ի թիվս այլնի), եզրակացվել է, որ փորձագետների համար անհնար էր որոշել տվյալ շենքի վնասվածության աստիճանը և շուկայական արժեքը։ Ըստ Կառավարության՝ Յ.Ե.-ի դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր համապատասխան վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

5. 2009 թվականի դեկտեմբերի 11-ին դիմումատուն հայց է ներկայացրել Լոռու մարզային դատարան իր բնակարանի քանդման հետևանքով կրած վնասի հատուցման պահանջով։ Մասնավորապես նա պահանջել է իրեն տրամադրել երկու սենյականոց բնակարան Գուգարք գյուղում։ Դիմումատուն վճարել է 4000 դրամ՝ որպես դատարան դիմելու համար պետական տուրք, որը համապատասխանում էր առաջին ատյանի դատարաններում ոչ դրամական պահանջների համար վճարման ենթակա դրույքաչափին:

6. 2009 թվականի դեկտեմբերի 17-ին Լոռու մարզային դատարանը որոշել է ընդունել դիմումատուի հայցն ըստ էության քննության՝ նշելով, որ այն համապատասխանում էր Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ այդ ժամանակ գործող դրույթներին։

7. 2012 թվականի մարտի 16-ին Մարզային դատարանը մերժել է դիմումատուի հայցն այն հիմքով, որ նա որևէ վնաս չի կրել։ Հիմնվելով 2000 և 2002 թվականների որոշակի փորձագիտական եզրակացությունների վրա, որոնց համաձայն՝ տվյալ շենքը վնասվել էր և քանդվել, դատարանը եկել է այն եզրահանգման, որ չնայած Յ.Ե.-ն գործել է ոչ օրինաչափ, այնուամենայնիվ, դիմումատուն նրա գործողությունների հետևանքով որևէ իրական վնաս չի կրել, քանի որ 1999 թվականին դիմումատուի սեփականության իրավունքի գրանցման պահին տվյալ բնակարանն ապրելու համար պիտանի չի եղել և որպես բնակարան իրենից որևէ արժեք չի ներկայացրել:

8. Դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ կցելով 10 000 դրամ գումարի չափով պետական տուրքի վճարման ապացույցը, որը համապատասխանում էր վերաքննիչ դատարաններին ոչ դրամական պահանջների համար վճարման ենթակա դրույքաչափին։

9. 2012 թվականի մայիսի 7-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերադարձրել է դիմումատուի բողոքն առանց այն քննելու՝ պետական տուրքը մասնակի վճարելու պատճառով։ Այն մասնավորապես նշել է, որ դիմումատուն վիճարկել է մի դատական ակտ, որը կրում էր գույքային բնույթ: Հետևաբար ներպետական օրենսդրության համաձայն՝ նա պետք է վճարեր գույքի շուկայական արժեքի 3 տոկոսը, որը հիմնավորվում էր իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան տեղեկանքով կամ եզրակացությամբ, որը պետք է կցվեր վերաքննիչ բողոքին՝ նվազեցնելով արդեն իսկ վճարված 10 000 ՀՀ դրամը։ Վերաքննիչ դատարանը դիմումատուին երկշաբաթյա ժամկետ է տվել թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Այն նաև նշել է, որ դիմումատուն կարող է ներկայացնել պետական տուրքի վճարման արտոնությունների կիրառման միջնորդություն՝ այդ միջնորդության բավարարման համար անհրաժեշտ ապացույցների հետ միասին:

10. Դիմումատուն բողոքարկել է այս որոշումը՝ պնդելով, inter alia, որ Վերաքննիչ դատարանը, եզրակացության հանգելով, որ նա մասնակի է վճարել պետական տուրքը, չի նշել, թե որն է, իր կարծիքով, վճարման ենթակա ճշգրիտ գումարը: Նա նաև պնդել է, որ, ըստ սահմանված գործելակերպի, դրամական պահանջների մասով պետական տուրքերը, որոնց չափը հնարավոր չէր որոշել, վճարվում էին ոչ դրամական պահանջների համար կիրառվող դրույքաչափերով, քանի որ այդպիսի դրամական պահանջների վերաբերյալ ներպետական հատուկ կանոններ չկային: Նա պնդել է, որ այս մոտեցումը որդեգրել էր Մարզային դատարանը, քանի որ այն ընդունել էր իր հայցը, մինչդեռ Վերաքննիչ դատարանն իր բողոքը կամայականորեն թողել էր առանց քննության:

11. 2012 թվականի հուլիսի 4-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

12. Դիմումատուն բողոքել է, որ ինքը զրկվել է Վերաքննիչ դատարանի մատչելիությունից, որով խախտվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքները:

13. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ դատարանի մատչելիության իրավունքի էությունը չի խաթարվել, քանի որ առաջին հերթին վերջինս կարող էր կրկին ներկայացնել իր բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից հայտնաբերված խախտումները վերացնելուց հետո: Որպես այլընտրանք, դիմումատուն կարող էր ներկայացնել պետական տուրքի վճարման արտոնությունների կիրառման միջնորդություն, ինչպես նշված էր Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Փաստորեն հաշվի առնելով, որ նրա հայցը վերաբերում էր հանցավոր ճանապարհով պատճառված վնասի փոխհատուցմանը, դիմումատուն օրենքի ուժով ազատված էր պետական տուրքի վճարումից: Հետևաբար, եթե նա դիմեր վճարումից ազատելու համար, ապա Վերաքննիչ դատարանը կբավարարեր այն և կքններ նրա վերաքննիչ բողոքն ըստ էության:

14. Դատարանը նշում է, որ կողմերի միջև չկա վեճ այն մասին, որ 6-րդ հոդվածը կիրառելի է տվյալ վարույթի նկատմամբ: Քանի որ վիճելի հարցը վերաբերում էր փոխհատուցման պահանջին, Դատարանը չունի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառելիությունը կասկածի տակ դնելու որևէ հիմք (տե՛ս, օրինակ` Գոգիչն ընդդեմ Խորվաթիայի [Gogić v. Croatia], թիվ 1605/14, § 28, 2020 թվականի հոկտեմբերի 8)։

15. Դատարանը նաև նշում է, որ Կառավարության երկու պնդումներն էլ, ըստ էության, ներկայացնում են իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ առարկություն, որը սերտորեն կապված է դիմումատուի՝ դատարանին մատչելիություն չունենալու վերաբերյալ բողոքի էության հետ և հետևաբար պետք է միացվի ըստ էության քննությանը (Լիբրեյխն ընդդեմ Գերմանիայի (որոշում) [Liebreich v. Germany (dec.)], թիվ 30443/03, 2008 թվականի հունվարի 8)։

16. Դատարանը նաև գտնում է, որ բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

17. Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Զուբաքն ընդդեմ Խորվաթիայի գործում ([Zubac v. Croatia [GC]], թիվ 40160/12, §§ 76-81 և 84, 2018 թվականի ապրիլի 5): Քաղաքացիական դատարաններում պետական տուրքեր վճարելու պահանջը՝ կապված այն հայցապահանջների հետ, որոնք պետք է որոշվեն, չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որը per se (ինքնին) անհամատեղելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, պայմանով, որ դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը չի խաթարվում, և կիրառվող միջոցները համաչափ են 6-րդ հոդվածով հետապնդվող նպատակներին (տե՛ս Նալբանտը և այլք ընդդեմ Թուրքիայի [Nalbant and Others v. Turkey], թիվ 59914/16, §34, 2022 թվականի մայիսի 3):

18. Կառավարությունը նշել է, որ վիճարկվող սահմանափակումը ծառայել է արդարադատության իրավաչափ շահերին, և Դատարանը չի տեսնում այլ որոշում կայացնելու հիմք (տե՛ս Լաչին ընդդեմ Ալբանիայի [Laջi v. Albania], թիվ 28142/17, § 53, 2021 թվականի հոկտեմբերի 19, և դրանում հիշատակված վճիռները):

19. Դատարանը նշում է, որ փոխհատուցման պահանջ ներկայացնելով՝ դիմումատուն փորձել է փոխհատուցում ստանալ իր քանդված բնակարանի համար, և որպես երկրորդ ատյանի դատարան՝ Վերաքննիչ դատարանը լիակատար իրավազորություն ուներ քննելու և՛ փաստական, և՛ իրավական հարցերը: Այն վերահաստատում է այս կապակցությամբ, որ այն դեպքում, երբ առկա են բողոքարկման ընթացակարգեր, Պայմանավորվող պետություններից պահանջվում է ապահովել, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց իրավասության շրջանակներում շարունակեն վերաքննիչ դատարաններում օգտվել 6-րդ հոդվածի նույն հիմնարար երշախիքներից, ինչպես առաջին ատյանի դատարաններում (տե՛ս, inter alia, Պայքար և հաղթանակ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի [Paykar Yev Haghtanak Ltd v. Armenia], թիվ 21638/03, § 45, 2007 թվականի դեկտեմբերի 20):

20. Դատարանը որևէ արտառոց երևույթ չի տեսնում մի համակարգում, որտեղ դրամական պահանջների դիմաց պետական տուրքերը կախված են վեճի առարկա գումարի մեծությունից (տե՛ս Ուրբանեկն ընդդեմ Ավստրալիայի [Urbanek v. Austria], թիվ 35123/05, § 57, 2010 թվականի դեկտեմբերի 9): Այն նաև նշում է, որ Վերաքննիչ դատարանն իրավունք ուներ չհամաձայնելու դիմումատուի հետ այն մասով, որ նրա դրամական պահանջը չէր կարող գնահատվել: Այդուհանդերձ, սույն գործի հանգամանքներում կասկածելի է, որ դիմումատուն կարող էր բավարարել Վերաքննիչ դատարանի կողմից իր մասով սահմանված պահանջները։ Մասնավորապես Վերաքննիչ դատարանը անորոշ կերպով անդրադարձել է «գույքի շուկայական արժեքին», որը, ավելին, պետք է սահմանվեր իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքով կամ եզրակացությամբ, և դիմումատուին երկշաբաթյա ժամկետ է տվել պահանջը կատարելու համար (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, դիմումատուի հին բնակարանը վաղուց քանդվել էր, և նույնիսկ դատական փորձագետները չէին կարողացել որոշել նրա շենքի արժեքը քրեական վարույթի ընթացքում (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը): Ավելին, դիմումատուն չէր փնտրել մեկ այլ հատուկ երկու սենյականոց բնակարան, որը հնարավոր կլիներ գնահատել: Նման հանգամանքներում Դատարանը չի կարող համաձայնել Կառավարության հետ այն մասով, որ դիմումատուն չի ցուցաբերել ջանասիրություն, քանի որ նա չի կատարել տվյալ հանգամանքներում Վերաքննիչ դատարանի անորոշ և ձևական պահանջը, այլ վիճարկել է նրա որոշումը Վճռաբեկ դատարանում: Առավել կարևոր է, որ Կառավարությունը չի բացատրել, թե ինչպես դիմումատուն պետք է իրականացներ նման գնահատում երկշաբաթյա ժամկետում, որպեսզի կարողանար որոշել և վճարել վճարման ենթակա պետական տուրքի գումարը և կրկին ներկայացնել վերաքննիչ բողոքը։ Նրանք նաև չեն ներկայացրել ներպետական գործելակերպի որևէ օրինակ, որ Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված պահանջը նմանատիպ հանգամանքներում ողջամիտ կլիներ բավարարել: Մյուս կողմից, նրանք չեն վիճարկել դիմումատուի այն փաստարկը, որ առկա գործելակերպի համաձայն՝ այն հանգամանքներում, երբ հնարավոր չի եղել որոշել պահանջի ծավալը, բողոքարկողները վճարել են ոչ դրամական պահանջների համար կիրառելի պետական տուրքի գումարը, ինչի մասին վկայում էր Մարզային դատարանի մոտեցումը դիմումատուի գործով։ Դատարանի կարծիքով՝ սա չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր էր լրացնել նման վճարումն ավելի ուշ փուլում, եթե հայցի ըստ էության քննությունից հետո ներպետական դատարանը սահմաներ դիմումատուի պահանջի ծավալը: Հետևաբար Դատարանի համար համոզիչ չէ Կառավարության այն փաստարկը, որ դիմումատուն էր մեղավոր բողոքարկման կանոններին չհամապատասխանելու համար:

21. Ինչ վերաբերում է պետական տուրքի մասով արտոնություններին (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը), ապա առաջին հերթին չկա որևէ ապացույց, որ դիմումատուն եղել է տվյալ քրեական վարույթով տուժող կողմ, և Կառավարությունը չի բացատրել կամ տրամադրել ներպետական գործելակերպի որևէ օրինակ, որ այդ իրադարձությունների պահին համապատասխան բացառությունը կիրառվել է հանցավոր ճանապարհով պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասով, չնայած այն հանգամանքին, որ Յ.Ե.-ի դեմ քրեական վարույթը կարճվել էր։ Ամեն դեպքում Կառավարությունը չի նշել որևէ ներպետական դրույթ, որով բողոքարկողներից պահանջվում էր ներկայացնել պետական տուրքից ազատելու մասին միջնորդություն այն պահանջների առնչությամբ, որոնց դեպքում պետական տուրքերից ազատումը կիրառվում էր օրենքի ուժով: Ուստի առաջարկելով, որ դիմումատուն ներկայացնի պետական տուրքի վճարման արտոնությունների կիրառման միջնորդություն դրա «բավարարման համար անհրաժեշտ ապացույցների հետ միասին», Վերաքննիչ դատարանը կարծես թե մատնանշում է ոչ թե, ինչպես պնդում էր Կառավարությունը, ipso jure [օրենքով] կիրառելի՝ պետական տուրքից ազատումը, այլ պետական տուրքից պայմանական ազատումը՝ հաշվի առնելով անձի ֆինանսական վիճակը։ Այս առումով Դատարանը հաշվի է առնում դիմումատուի այն փաստարկը, որ նա չէր կարող պահանջել հետաձգել կամ ազատել պետական տուրքի վճարումից՝ ելնելով իր ֆինանսական վիճակից, քանի որ նախ, նա չէր կարող հիմնավորել իր անապահովությունը՝ հաշվի առնելով իր ենթադրյալ բավարար եկամուտները, և ամեն դեպքում նա չէր կարող նման պահանջ ներկայացնել, եթե չգիտեր վճարման ենթակա պետական տուրքի գումարի իրական չափը և հետևաբար այն վճարելու իր կարողությունը:

22. Ընդհանուր առմամբ համարվում է, որ դիմումատուն կատարել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները՝ Վերաքննիչ դատարանի որոշումը վիճարկելով Վճռաբեկ դատարանում։ Ուստի Դատարանը մերժում է չսպառելու մասով Կառավարության պնդումը։

23. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ սույն գործի հանգամանքներում դիմումատուի՝ Վերաքննիչ դատարանի մատչելիության սահմանափակումն անհամաչափ էր և խաթարում էր դատարանի մատչելիության նրա իրավունքի բուն էությունը:

24. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

25. Դիմումատուն բողոքել է, որ իրեն ապօրինաբար զրկել են սեփականությունից, և այն պատճառով, որ իր հատուցման պահանջի մասով իրեն մերժել են դատարանի մատչելիությունից, խախտվել են Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իր իրավունքները:

26. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցները, քանի որ նա չի պահպանել բողոքարկման կանոնները (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը): Որպես այլընտրանք, նրա պահանջի էությունը որոշող վերջնական որոշումը եղել է Մարզային դատարանի որոշումը, և հետևաբար վեցամսյա ժամկետն սկսվել է Մարզային դատարանի 2012 թվականի մարտի 16-ի վճռի կայացման ամսաթվից:

27. Դատարանը նշում է, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն ներկայացված դիմումատուի բողոքը սերտորեն կապված է դատարանի մատչելիության վերաբերյալ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով քննված բողոքի հետ, և որ այն չէր կարող ենթադրություններ անել վարույթի արդյունքի վերաբերյալ, եթե չլիներ իր կողմից հայտնաբերված խախտումը: Հաշվի առնելով վերոնշյալ այն եզրակացությունները, որ Վերաքննիչ դատարանն անհամաչափ պարտականություն է դրել դիմումատուի վրա՝ զրկելով նրան իր գործի էության վերաբերյալ քննություն ստանալու հնարավորությունից՝ դրանով իսկ խախտելով դատարանի մատչելիության նրա իրավունքները, Դատարանը համարում է, որ անհրաժեշտ չէ որոշում կայացնել դիմումատուի՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն ներկայացված բողոքի վերաբերյալ (համեմատե՛ք Պետկո Պետկովն ընդդեմ Բուլղարիայի [Petko Petkov v. Bulgaria], թիվ 2834/06, §38, 2013 թվականի փետրվարի 19, և Ադիլովսկան ընդդեմ Հյուսիսային Մակեդոնիայի [Adilovska v. North Macedonia], թիվ 42895/14, § 38, 2020 թվականի հունվարի 23)։

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

28. Դիմումատուն պահանջել է 20 000 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում, և 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

29. Կառավարությունն այս պահանջները վիճարկել է։

30. Դատարանը նշում է, որ սույն գործում արդարացի փոխհատուցման շնորհումը կարող է հիմնված լինել միայն այն փաստի վրա, որ դիմումատուն չի օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքներից: Այն վերահաստատում է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման համար հատուցման առավել նպատակահարմար ձևը կլինի երաշխավորելը, որ դիմումատուն, որքան հնարավոր է, լինի այն իրավիճակում, որում նա կհայտնվեր, եթե այս դրույթը չանտեսվեր (տե՛ս վերևում հիշատակված՝ Պետկո Պետկովի գործը, § 42): Դատարանը գտնում է, որ այս սկզբունքը կիրառելի է նաև սույն գործում: Հետևաբար այն համարում է, որ փոխհատուցման առավել նպատակահարմար ձևը կլինի վարույթի վերաբացումը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջին համապատասխան, եթե դիմումատուն նման պահանջ ներկայացնի (վերևում հիշատակված՝ Պայքար և հաղթանակ ՍՊԸ, §§ 57-58): Միևնույն ժամանակ և հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքները՝ այն դիմումատուին շնորհում է 7 500 եվրո ոչ նյութական վնասի դիմաց՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ:

31. Դիմումատուն դատական ծախսերի մասով որևէ պահանջ չի ներկայացրել: Այսպիսով, այդ առումով բավարարման պահանջ չկա:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Միացնում է Կառավարության՝ իրավական պատշպանության միջոցները չսպառելու մասին առարկությունը դիմումատուի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքի ըստ էության քննությանը և մերժում է այն.

2. Հայտարարում է գանգատն ընդունելի.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

4. Վճռում է, որ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն ներկայացված բողոքն առանձին քննելու անհրաժեշտություն չկա.

5. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի 7 500 եվրո (յոթ հազար հինգ հարյուր եվրո) ոչ նյութական վնասի դիմաց՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի սեպտեմբերի 26-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Վալենտին Նիկոլեսկու՝

Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար

Թիմ Այքը`

Նախագահ