ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2025 թվականի N 125-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396․1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը և դրոշմավորման ներդրման ժամկետները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում սույն որոշման N 1 հավելվածով հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ՝ հիմնական մոդել) համաձայն դրոշմավորման կանոնները՝ համաձայն NN 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18 և 19 հավելվածների։
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգիչների՝ սույն որոշման N 1 հավելվածով հաստատված դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորումն իրականացվում է համաձայն հիմնական մոդելի.
2) մինչև սույն որոշման N 1 հավելվածի համապատասխան կետով հաստատված ժամկետին նախորդող օրը ներառյալ ներկայացված՝ օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ դրոշմապիտակների տրամադրման հայտերի (այսուհետ՝ հայտեր) հիման վրա ստացված դրոշմապիտակներով՝ օրենսգրքով սահմանված կարգով դրոշմավորված լինելու դեպքում սույն որոշման N 1 հավելվածի համապատասխան կետով հաստատված ցանկում ներառված ապրանքները կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն.
3) սույն որոշման N 1 հավելվածի համապատասխան կետով հաստատված ժամկետից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ համապատասխան կետով հաստատված ցանկում ներառված ապրանքների համար նույն կետով հաստատված ժամկետից սկսած չեն կարող կատարվել.
4) անկախ սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ժամկետներից՝ սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ապրանքների` նույնականացման միջոցներով դրոշմավորումը կարող է իրականացվել նաև մինչև սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ժամկետները.
5) սույն կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման դեպքում, հարկ վճարողի կողմից այդ ապրանքների դրոշմավորումը դրոշմապիտակներով չի կարող իրականացվել։
3. Սույն որոշման մեջ կիրառվող հասկացություններն են՝
1) «դրոշմավորման ծածկագիր»՝ ազգային օպերատորի կողմից գեներացված կամ ազգային օպերատորի համակարգում գրանցված (փոխճանաչելիության դեպքում) նիշերի եզակի հաջորդականություն, որը բաղկացած է նույնականացման ծածկագրից և ստուգման ծածկագրից.
2) «նույնականացման միջոց»՝ ուղղակիորեն ապրանքի, ապրանքի սպառողական փաթեթավորման, ապրանքի խմբային փաթեթավորման, ապրանքի հավաքածուի, ապրանքի պիտակի վրա կիրառման համար նախատեսված մեքենայաընթեռնելի ձևով ներկայացված դրոշմավորման ծածկագիր՝ Դատա մատրիքս (DataMatrix) երկչափ ծածկագրի ձևաչափով.
3) «ապրանքի դրոշմավորում»՝ նույնականացման միջոցի կիրառում ուղղակիորեն ապրանքի, ապրանքի սպառողական փաթեթավորման, ապրանքի պիտակի, խմբային փաթեթավորման, ապրանքի հավաքածուի վրա՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված կանոնների.
4) «դրոշմավորված ապրանք»՝ ապրանք, որի վրա ուղղակիորեն կամ որի սպառողական փաթեթավորման վրա զետեղված է նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչը, և որի վերաբերյալ հավաստի տեղեկությունները (այդ թվում՝ նույնականացման միջոցի և (կամ) նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի վերաբերյալ տեղեկությունները) գտնվում է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիթորինգի տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ համակարգ).
5) «ապրանքը շրջանառության մեջ դնելը»՝ շրջանառության մասնակցի կողմից դրոշմավորված ապրանքը շրջանառության մեջ դնելու մասին տեղեկության ներկայացում համակարգ, որը հասանելի է դարձնում այն օտարման և (կամ) օգտագործման համար.
6) «սպառողական փաթեթավորում»՝ ապրանքի միավորի անբաժանելի մաս կազմող փաթեթավորում, որն ապրանքի հետ միասին իրացվում է սպառողին.
7) «խմբային փաթեթավորում»՝ փաթեթավորում, որն ագրեգացման արդյունքում միավորում է դրոշմավորված ապրանքները, ենթակա է նույնականացման միջոցներով դրոշմավորման ու կարող է սպառողին իրացվել ամբողջությամբ կամ կազմացրվել՝ իր մեջ ներառված ապրանքներն առանձին օտարելու նպատակով՝ համակարգին դրա մասին տեղեկությունների տրամադրմամբ.
8) «ապրանքի հավաքածու»՝ ապրանքի շրջանառության մասնակցի կողմից ձևավորվող ապրանքների ամբողջություն՝ ներառյալ դրոշմավորված ապրանքը, միավորված ընդհանուր սպառողական փաթեթավորմամբ, որն ունի նույնականացման ընդհանուր միջոց (ապրանքների հավաքածուի նույնականացման միջոց)։ Ապրանքի հավաքածուն ենթակա է օտարման նաև դրա կազմալուծման հնարավորությամբ՝ հավաքածուում ներառված դրոշմավորման ենթակա ապրանքների պարտադիր դրոշմավորմամբ.
9) «ապրանքների շրջանառության մասնակիցներ»՝ կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնք իրականացնում են նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրություն և (կամ) շրջանառություն:
4. Սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ապրանքներ ներմուծող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել «ներքին սպառման համար բացթողում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելուց հետո՝ հետևյալ պահանջներին բավարարող պահեստում՝
1) պահեստը պետք է լինի դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին սեփականության իրավունքով պատկանող կամ պայմանագրային հիմունքներով` վարձակալված կամ այլ պայմանագրային համաձայնությամբ օգտագործվող, ինչպես նաև դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը կարող է կատարվել այլ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից՝ դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հետ կնքված համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա.
2) պահեստում դրոշմավորման ենթակա ապրանքները պետք է գտնվեն գնորդի համար ոչ տեսանելի վայրում, տեղադրված չլինեն ցուցադրման համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
07.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 փետրվարի 2025 թվական: