Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-155
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2011-01.01.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.03/27
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
30 սեպտեմբերի 1997 թ.

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Բ Ա Ժ Ի Ն 1

 

ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի որոշման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ վճարողների շրջանակը, շահութահարկի դրույքաչափերը հաշվարկման և վճարման կարգը:

 

Հոդված 2. Շահութահարկի հասկացությունը

 

Շահութահարկը հարկ վճարողների կողմից սույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:

 

Հոդված 3. Շահութահարկի հաշվարկման ընդհանուր հիմքը

 

1. Շահութահարկը որոշելիս հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե սույն օրենքով չեն նախատեսվում դրանց կիրառման առանձնահատկությունները:

2. Շահութահարկ վճարողները շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետում հարկային տեսչության մարմնին գրավոր տեղեկացնում են իրենց ընտրած հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների և կանոնների, ինչպես նաև դրանց փոփոխությունների մասին, եթե հարկատուին օրենքով կամ այլ իրավական ակտով վերապահված է նման ընտրության իրավունք:

3. Հարկվող շահույթը որոշելիս ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական (ձեռքբերման) արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների:

4. Հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում միայն սույն օրենքով սահմանված պահուստների (պահուստաֆոնդերի) ստեղծման հետևանքով առաջացող եկամուտները և նվազեցումները:

(3-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-269, փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-128)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ

 

Հոդված 4. Շահութահարկ վճարողները

 

1. Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ են վճարում (հարկատու են) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները (այսուհետ` ռեզիդենտ) և ոչ ռեզիդենտները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների` բյուջետային հատկացումների և ամբողջությամբ բյուջե փոխանցվող եկամուտների մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:

2. Սույն օրենքի իմաստով`

ա) ռեզիդենտ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշված կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների.

բ) ոչ ռեզիդենտ են համարվում օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները:

(4-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-128, փոփ. 25.12.03 ՀՕ-55-Ն)

 

Հոդված 5. Հարկվող օբյեկտը

 

1. Ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը:

2. Ոչ ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացվող (սույն օրենքի 53 հոդված) հարկվող շահույթը:

 

Հոդված 6. Հարկվող շահույթը

 

Հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի և սույն օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՈՒՏԸ

 

Հոդված 7. Համախառն եկամուտը

 

1. Համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է` անկախ դրանց ստացման աղբյուրներից:

Սույն օրենքի իմաստով`

ա) եկամուտ է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը.

բ) սեփական կապիտալ է համարվում ակտիվների և պարտավորությունների տարբերությունը.

գ) ակտիվ է համարվում հարկատուին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած միջոցը` գույքը (նյութական ակտիվները), գույքային իրավունքները և գույքային իրավունքների հետ կապված անձնական ոչ գույքային իրավունքները (ոչ նյութական ակտիվները), արտարժույթը, արժեթղթերը, դեբիտորական պարտքը և այլ գույքը.

դ) պարտավորություն է համարվում հարկատուի առկա պարտքը (վարկ, կրեդիտորական պարտք, հարկային պարտավորություն և այլն):

2. Եկամուտների թվին են դասվում, մասնավորապես`

ա) ապրանքների, արտադրանքի (այսուհետ` նաև ապրանքներ) իրացումից ստացվող հասույթը.

բ) ծառայությունների իրացումից ստացվող հասույթը.

գ) հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացվող հասույթը.

դ) փոխառության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցում (այսուհետ` տոկոսներ).

ե) վարձակալության դիմաց ստացվող վճարները և այլ հատուցում (այսուհետ` վարձավճարներ).

զ) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (այսուհետ` ռոյալթի).

է) շահաբաժինները.

ը) ապահովագրական հատուցումները.

թ) պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորման, ֆակտորինգային այլ գործառնությունների իրականացումից ստացվող եկամուտները.

ժ) ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքներից ստացվող եկամուտները.

ժա) անհատույց ստացվող ակտիվները, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ օրենքով տրվող հարկային արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարները, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները.

ժբ) պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները.

ժգ) տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով եկամուտները.

ժդ) անվավեր ճանաչված գործարքներից ստացվող եկամուտները.

ժե) Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները.

ժզ) Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով նախկինում հաշվեկշիռ դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարը, իսկ դուրս չգրված պարտքի մարման դեպքում` սահմանված կարգով կատարված մասհանումների գումարը.

ժէ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված եկամուտը և (կամ) ավել ցույց տրված նվազեցումը.

ժը) երաշխիքների տրամադրման, հոժարագրային (ակցեպտային) գործառնությունների գծով ստացվող եկամուտները.

ժթ) հավատարմագրային (լիազորագրային), կառավարման կամ ուրիշ ձևով այլ անձանց արժեթղթերը և ներդրումները կառավարելու, բրոքերային և ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող եկամուտները.

ի) մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկման, զեղչման, փոխանցման, զիջման կամ սպասարկման դիմաց ստացվող եկամուտները.

իա) ապահովագրական պահուստներից հատուցման նպատակով վերադարձվող միջոցները.

իբ) կոմիսիոն վարձատրությունները, որոնք ստացվել են վերաապահովագրության փոխանցված պայմանագրերից.

իգ) («իգ» ենթակետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-128)

3. Սույն օրենքի իմաստով` ցպահանջ կրեդիտորական պարտքերի հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է պահանջ ներկայացնելու օրվանից, բայց գործարքի կատարմանը հաջորդող 61-րդ օրվանից ոչ ուշ:

(7-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 28.12.98 ՀՕ-269, փոփ. 26.12.00 ՀՕ-128, 14.12.01 ՀՕ-286, լրաց., փոփ. 11.12.02 ՀՕ-487-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-189-Ն, 11.10.07 ՀՕ-203-Ն, 27.10.10 ՀՕ-152-Ն)

 

Հոդված 8. Եկամուտ չհամարվող տարրերը

 

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից հարկատուի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները, հարկատուի բաժնետոմսերի տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը, համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չի համարվում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը.

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում օրենքով տրվող հարկային արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարները, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները:

Սույն օրենքի իմաստով` եկամուտ չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները) և ծառայությունները:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում իր կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակած ռեզիդենտ ընկերությունների կողմից ստացման ենթակա` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փոխհատուցման գումարները:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև հարյուր դրամ պարտավորությունների գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են:

(8-րդ հոդվածը լրաց., խմբ. 28.12.98 ՀՕ-269, լրաց. 26.12.00 ՀՕ-128, 11.06.09 ՀՕ-153-Ն, փոփ. 27.10.10 ՀՕ-152-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-189-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 9. Համախառն եկամտի նվազեցումները

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից թույլատրվում է կատարել սույն գլխով նախատեսված նվազեցումները (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ): Նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ:

 

Հոդված 10. Ծախսերը

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով:

Սույն օրենքի իմաստով`

ա) ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի նվազեցման.

բ) անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար հարկատուի կատարած ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:

(Վերջին մասը հանվել է 28.12.98 ՀՕ-269)

2. Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես`

ա) նյութական ծախսերը.

բ) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները.

գ) պարտադիր սոցիալական ապահովության վճարները.

դ) ամորտիզացիոն մասհանումները.

ե) ապահովագրական վճարները.

զ) չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները.

է) վարկերի և այլ փոխառությունների տոկոսները.

ը) երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և բանկային, ապահովագրական ու վարկային կազմակերպությունների այլ ծառայությունների համար վճարները.

թ) գովազդային ծախսերը.

ժ) ներկայացուցչական ծախսերը.

ժա) գործուղման ծախսերը.

ժբ) դատական ծախսերը.

ժգ) պատճառված վնասի հատուցումը.

ժդ) տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, բացառությամբ սույն օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով սահմանված դեպքերի.

ժե) աշխատողների հավաքագրման ծախսերը.

ժզ) աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.

ժէ) ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը.

ժը) հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված ծախսերը.

ժթ) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերը.

ի) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կազմակերպությունների կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին կատարվող պարտադիր վճարները:

3. Ապրանքանյութական պաշարների, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների ձեռքբերման (և համապատասխան դեպքերում` այլ հարկատուների եկամուտներին վերաբերող) փաստաթղթերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 28.12.98 ՀՕ-269, փոփ. 11.12.02 ՀՕ-487-Ն, 24.10.07 ՀՕ-233-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-131-Ն)


 

Հոդված 11. Ծախս չհամարվող տարրերը

 

Ծախս չեն համարվում`

ա) հարկատուի սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով.

բ) այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները.

գ) հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.

դ) արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման բացասական արդյունքը.

ե) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվների (այդ թվում` անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը.

զ) յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև հարյուր դրամ գերավճարների և գերավճարից տարբերվող գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են:

(11-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-269, լրաց. 26.12.00 ՀՕ-128, 08.12.10 ՀՕ-189-Ն)

 

Հոդված 12. Ամորտիզացիոն մասհանումները

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գործունեության մեջ օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարի չափով` սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված ժամկետներում:

2. Ամորտիզացիոն մասհանումների գումարը սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է` ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև սահմանված ամորտիզացիոն հետևյալ նվազագույն ժամկետներից`

 

ա)

շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշվածների
20 տարի

բ)

հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական և ուսումնական հաստատությունների շենքերի և շինությունների համար
10 տարի

գ)

չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար 3 տարի

դ)

հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար 1 տարի

ե)

այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար


5 տարի:

 

Աղետի գոտում գտնվող` սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված` աղետի գոտու տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գյումրի քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար Գյումրի քաղաքում գտնվող շենքերի, շինությունների, փոխանցվող հարմարանքների, հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի և Գյումրի քաղաքում տեղակայված այլ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի Գյումրի քաղաքում գտնվելու (տեղակայվելու) ժամանակաշրջանում: Եթե Գյումրի քաղաքում գտնվող (տեղակայված) հիմնական միջոցների նկատմամբ կիրառվել են նշված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները, և այդ հիմնական միջոցները տեղափոխվել են Գյումրի քաղաքից դուրս (առանց այլ անձանց օտարման), ապա հարկատուն պետք է վճարի արագացված ամորտիզացիայից օգտված լինելու հետևանքով պակաս վճարված շահութահարկը և շահութահարկը (այդ թվում` կանխավճարները) ուշ վճարելու համար սահմանված տույժերը:

Մինչև 50 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի:

3. Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետը որոշում է հարկատուն` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Վերջինների որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի հարկատուի գործունեության ժամկետից:

4. Հարկվող շահույթը որոշելու նպատակով հարկատուն իր հայեցողությամբ կարող է ընտրել հիմնական միջոցների ամորտիզացիոն այլ ժամկետ, սակայն տվյալ խմբի համար վերոհիշյալ ժամկետներից ոչ պակաս:

5. Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես հիմնական միջոցի սկզբնական արժեքի, իսկ օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում` վերագնահատված արժեքի և սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերում հիմնական միջոցի տվյալ խմբի կամ ոչ նյութական ակտիվի համար սահմանված ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն:

(12-րդ հոդվածը խմբ. 06.07.98 ՀՕ-243, լրաց. 28.12.98 ՀՕ-269, 26.12.00 ՀՕ-128, 16.04.02 ՀՕ-326)

 

Հոդված 13. Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

ա) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.

բ) վարձակալի մոտ` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.

գ) հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի չափով` օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող հարկատուների համար:

2. Հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող հարկատուների համար ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, և`

1) եթե այդ ծախսերը չեն գերազանցում հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով,

2) եթե այդ ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան հինգ տարվա ընթացքում: Եթե հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է հինգ տարուց պակաս, ապա այդ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացվում են այդ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետում:

3. Վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը ամորտիզացնում է սույն 12 հոդվածով սահմանված կարգով: Վարձակալական պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդն չի նվազեցվում վարձակալի համախառն եկամտից:

4. Սույն օրենքի իմաստով` հիմնական միջոցների (այդ թվում` վարձակալված) վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների և (կամ) չափերի հիման վրա:

(13-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-269, փոփ. 26.12.00 ՀՕ-128, խմբ., լրաց. 25.12.03 ՀՕ-55-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-147-Ն)

 

Հոդված 14. Բնական պաշարների արդյունահանման նախապատրաստական, երկրաբանական հետախուզման և նախագծահետախուզական աշխատանքների ծախսերը

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է բնական պաշարների արդյունահանման նախապատրաստական, երկրաբանական հետախուզման և նախագծահետախուզական աշխատանքների վրա հարկատուի կատարած ծախսերի չափով` սույն օրենքի 12 հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:

 

Հոդված 15. Գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների ծախսերը

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերի չափով` այդ ծախսերի կատարման տարվա ընթացքում ամբողջովին: Սույն օրենքի իմաստով` գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգումը (հասկացությունը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 16. Հարկման նպատակով համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը

 

1. Հարկվող շահույթը որոշելիս, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի, համախառն եկամտից չեն նվազեցվում`

ա) վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող վճարները.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի, մարքեթինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում), կադրերի պատրաստման և վերապատրաստման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.

գ) հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում` օրապահիկի ծախսերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական և հովանավորչական ծախսերը.

զ) առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը (այդ թվում` ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը).

է) պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները, բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձվողներից.

ը) անհատույց տրամադրած ակտիվները, ներած պարտավորությունները, բացառությամբ սույն օրենքի 23 հոդվածում նախատեսված դեպքի.

թ) միավորումներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված հատկացումները.

ժ) սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում).

ժա) հարկատուի կողմից արտադրանքի արտադրության հետ չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը,

ժբ) այն եկամուտների ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից.

ժգ) վարկերի և փոխառության դիմաց վճարվող տոկոսների` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնակի չափը գերազանցող մասը:

2. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«զ» ենթակետերով նախատեսված ծախսերի համար նվազեցման թույլատրելի չափը չի սահմանվում, ապա համախառն եկամուտը նվազեցվում է փաստացի կատարված ծախսերի ողջ գումարի չափով:

3. Օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների համար ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում սույն հոդվածով սահմանված ծախսերը, որոնց մասով համախառն եկամտից նվազեցման համար սահմանված են առավելագույն չափեր, հաշվի են առնվում ամբողջությամբ, բացառությամբ օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքերում հատուցման գումարների, որոնք հաշվի են առնվում սույն օրենքի 19 հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:

(16-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-269, 14.12.01 ՀՕ-286, լրաց. 25.12.03 ՀՕ-55-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-233-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-147-Ն, 26.12.08 ՀՕ-248-Ն)

 

Հոդված 17. Անվավեր ճանաչված գործարքների հետևանքով առաջացած ծախսերը

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գործարքն անվավեր ճանաչելու հետևանքով գործարքի մյուս կողմին վերադարձվող միջոցների գումարի չափով:

 

Հոդված 18. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման և նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով` պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումների գերազանցող գումարի չափով:

2. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է նախկինում Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարների չափով:

(Վերնագիրը խմբ. 28.12.98 ՀՕ-269)

(18-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-269, 14.12.01 ՀՕ-286, լրաց. 11.12.02 ՀՕ-487-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-189-Ն, 11.10.07 ՀՕ-203-Ն)

 

Հոդված 19. Փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը

 

1. Հարկվող շահույթը որոշելիս առանց հիմնավորող փաստաթղթերի համախառն եկամուտը նվազեցվում է`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում` հատուցման գումարների չափով.

բ) 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողների համար, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի ընթացքում չի գերազանցել 50,0 մլն դրամ, 2008 թվականի ընթացքում ձեռք բերված ապրանքանյութական արժեքների, ինչպես նաև 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքանյութական արժեքների մնացորդների մասով կատարված ծախսերի չափով, եթե այդ ծախսերի մասով առկա է որևէ հաշվարկային փաստաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որևէ փաստաթուղթ (փաստաթղթեր).

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի և դրանց մասով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն հաշվարկված և վճարված եկամտահարկի հանրագումարի այն չափով, որը ամսական կտրվածքով չի գերազանցում 3,0 մլն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով (այդ թվում` եկամտահարկի գումարը)` 300,0 հազ. դրամը:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-128)

(19-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-128, խմբ. 21.08.08 ՀՕ-147-Ն, լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-248-Ն, խմբ. 29.10.09 ՀՕ-201-Ն)

 

Հոդված 20. Նախորդ տարիներում ավել ցույց տրված եկամտի նվազեցումը

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հաշվետու տարում հայտնաբերված` նախորդ երեք տարիներում ավել ցույց տրված եկամտի և (կամ) պակաս ցույց տրված նվազեցման չափով:

 

Հոդված 21. Բնական և այլ կորուստները

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափը չգերազանցող` փաստաթղթերով հիմնավորված բնական կամ փաստացի այլ կորուստների չափով` դրանց տեղի ունենալու կամ հայտնաբերվելու տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված է այդպիսի չափ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված բնական կամ փաստացի այլ կորուստների չափեր սահմանված չլինելու կամ դրանք գերազանցող կորստի դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է այդ կորստի չափով`

ա) վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցելու դեպքում` կորստի ամբողջական կամ մաս-մաս հատուցման տարում, կամ`

բ) վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում` վերջինիս ընդունման տարում, կամ`

գ) անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում` վերջինիս ուժի մեջ մտնելու տարում:

(Վերնագիրրը փոփ. 26.12.00 ՀՕ-128)

(21-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-128)

 

Հոդված 22. Պատահական կորուստները

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի պատահական կորուստների չափով` դրանց տեղի ունենալու կամ այն հայտնաբերվելու տարվա ընթացքում:

2. Սույն օրենքի իմաստով` պատահական կորուստ է համարվում հարկատուի գույքի փաստաթղթերով հիմնավորված փաստացի կորուստը, ոչնչացումը, վնասումը կամ որակական հատկանիշների անկումը, որը տեղի է ունենում հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի կամ այլ տարերային աղետի, նավաբեկման, պատերազմի, մարտական գործողությունների, զինված հարձակման, զանգվածային անկարգությունների, ապստամբության կամ նման այլ արտակարգ իրադարձությունների (ներառյալ օրենքով սահմանված ապահովագրական պատահարները) հետևանքով:

 

Հոդված 23. Բարեգործական և այլ անհատույց հատկացումները

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

ա) ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 0,25 տոկոսի չափով.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-128)

(23-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-269, 26.12.00 ՀՕ-128)

 

Հոդված 24. Անհատույց ստացված ակտիվները

 

Սույն օրենքի իմաստով` անհատույց ստացված ակտիվները (բացառությամբ դրամական միջոցների և հողամասերի) եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:

(24-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-128, լրաց. 11.12.02 ՀՕ-487-Ն)

 

Հոդված 25. Հարկատուի գործունեությունից վնասները

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի մոտ նախորդ տարիներին առաջացած վնասների չափով, բացառությամբ կազմակերպությունների միացման, միաձուլման և վերակազմավորման ձևով վերակազմակերպման դեպքերի: Հարկատուի գործունեությունից վնասը սույն օրենքով սահմանված նվազեցումների գերազանցումն է համախառն եկամտի նկատմամբ:

2. Սույն նվազեցման կիրառման նպատակով հաշվետու և նախորդող տարիներին հարկատուի գործունեությունից վնաս ունենալու դեպքում այն փոխանցվում է վնասի ստացման տարվան հաջորդող 5 տարիներ: (2-րդ նախադասությունը հանվել է 11.12.02 ՀՕ-487-Ն)

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-128, փոփ. 11.12.02 ՀՕ-487-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-55-Ն)

 

Հոդված 26. Շահաբաժինները

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի ստացած շահաբաժինների գումարի չափով, բացառությամբ սույն օրենքի 56 հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքի:

Սույն օրենքի իմաստով` շահաբաժին է համարվում այլ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) ստացված եկամուտը:

 

Հոդված 27. Հետ գնված մասնակցության իրացումը

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով, եթե տվյալ բաժնետոմսերը, բաժնեմասերը կամ փայաբաժինները հետ են գնվել օրենքի պահանջի ուժով:

 

Հոդված 28. Լուծարվող իրավաբանական անձից ստացված մնացորդային գույքը

 

Իրավաբանական անձի լուծարման դեպքում հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի բաժնետոմսերի (փայերի) դիմաց ստացված մնացորդային գույքի գումարի և բաժնեմասի հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով:

 

Հոդված 29. Սեփականաշնորհման սերտիֆիկատների անվանական և ձեռքբերման արժեքների տարբերությունը

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի կողմից սեփականաշնորհման սերտիֆիկատների ձեռքբերման և սեփականաշնորհմանը մասնակցելու նպատակով ներդրման արժեքների, իսկ ինվեստիցիոն ֆոնդերում ներդրման դեպքերում` դրանց անվանական և ձեռքբերման (հաշվեկշռային) արժեքների տարբերության չափով:

 

Հոդված 30. Հարկման նպատակով բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների համախառն եկամտի նվազեցումները

 

Հարկման նպատակով բանկերի համախառն եկամուտը, ի լրումն սույն օրենքի 10-29 հոդվածներով սահմանված նվազեցումների, նվազեցվում է նաև`

ա) բանկի, վարկային կազմակերպության, արժեթղթավորման հիմնադրամի ներդրումային ընկերության կամ ապահովագրական ընկերության տրամադրած վարկերի և (կամ) փոխառությունների, ինվեստիցիոն արժեթղթերի, դեբիտորական պարտքերի, հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով.

բ) հաճախորդների բանկային ավանդների և ներգրավված փոխառությունների վրա հաշվեգրված տոկոսների չափով.

գ) բանկի և վարկային կազմակերպության պարտքի հանձնառության (պարտատոմսերի, դեպոզիտային և ավանդային հավաստագրերի` ներառյալ` սերտիֆիկատները և մուրհակները) գծով հաշվեգրված տոկոսների, այդ թվում` պարտքի հանձնառության արժեթղթերի իրացման գների և դրանց անվանական արժեքների բացասական տարբերության (դիսկոնտ) գումարների չափով.

դ) ծառայությունների և թղթակցային հարաբերությունների դիմաց բանկի և վարկային կազմակերպության վճարած միջնորդական վճարների, այդ թվում` հաճախորդների հաշվարկային-դրամարկղային սպասարկման, նրանց հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվների վարման ծախսերի, մյուս բանկերին հաշվարկային-դրամարկղային սպասարկման դիմաց վճարի և համանման այլ ծախսերի չափով.

ե) կանխիկ դրամի, չեկերի, վճարային այլ փաստաթղթերի տեղափոխման (ինկասացիա) դիմաց, ինչպես նաև արժեքների փաթեթավորման, այդ թվում` կանխիկ դրամի համալրման, բանկին և վարկային կազմակերպությանը և նրանց հաճախորդներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման և առաքման ծախսերի չափով.

զ) հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.

է) բանկի և վարկային կազմակերպության գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ վճարային միջոցներ (պլաստիկային քարտեր, ճանապարհային չեկեր և այլն) պատրաստելու, թողարկելու, ի պահ ընդունելու և ներդնելու հետ կապված ծախսերի չափով.

ը) բաժնետոմսեր, պարտատոմսեր, ավանդային հավաստագրեր (սերտիֆիկատներ), պարտքի այլ հանձնառություններ և ֆինանսական շուկայում շրջանառության մեջ գտնվող այլ արժեթղթեր թողարկելու հետ կապված ծախսերի (թողարկման ազդագրերի նախապատրաստման, արժեթղթերի ձևաթղթերի ձեռքբերման, տպագրման ծախսեր, արժեթղթերի տարածման դիմաց միջնորդական վարձատրությունների վճարումներ և այլն) չափով.

թ) կեղծ թղթադրամների և վճարային փաստաթղթերի պատճառով բանկի և վարկային կազմակերպության կրած կորուստների չափով:

(Վերնագիրը լրաց. 11.12.02 ՀՕ-487-Ն, 09.04.07 ՀՕ-189-Ն, փոփ. 11.10.07 ՀՕ-203-Ն)

(30-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.12.02 ՀՕ-487-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-189-Ն, 11.10.07 ՀՕ-203-Ն, լրաց. 26.05.08 ՀՕ-110-Ն)

 

Հոդված 31. Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամտի նվազեցումները

 

Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամուտը, ի լրումն սույն օրենքի 10-29 հոդվածներով սահմանված նվազեցումների, նվազեցվում է նաև`

ա) ապահովագրական (վերաապահովագրական) հատուցումների վճարումների չափով.

բ) վերաապահովագրությանը փոխանցված ռիսկերի գծով հաշվեգրված վերաապահովագրավճարների չափով.

գ) կանխարգելիչ միջոցառումների պահուստների մասհանումների, ապահովագրողներին կամ ապահովադիրներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման կամ առաքման ծախսերի չափով.

դ) ապահովագրական պահուստներին մասհանումների չափով.

ե) ապահովագրական գործակալներին և բրոքերներին վճարված կոմիսիոն վարձատրության չափով.

զ) հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.

է) ապահովագրական ընկերությունների գործունեության ապահովման համար անհրաժեշտ վճարային միջոցների (ճանապարհային չեկեր, պլաստիկ քարտեր և այլն) պատրաստման, թողարկման, ի պահ ընդունման և ներդնման հետ կապված ծախսերի չափով.

ը) կյանքի ապահովագրության գծով (ներառյալ` կենսաթոշակային ապահովագրության) կուտակային հաշիվներին հաշվեգրված և (կամ) վճարված տոկոսային ծախսերը.

թ) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների չափով:

(31-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-269, փոփ., լրաց. 09.04.07 ՀՕ-189-Ն)

 

Հոդված 32. Համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումների իրականացումը

 

1. Արտադրանքի արտադրության և ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի (նյութական, աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովության և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են տվյալ արտադրանքի և ծառայությունների իրացման համապատասխան:

2. Առևտրական գործունեություն իրականացնող հարկատուների մոտ ապրանքների ձեռքբերման արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ ապրանքների իրացման համապատասխան:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված ակտիվների (հիմնական միջոցների և այլ ակտիվների) մնացորդային արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են դրանց իրացման համապատասխան:

4. Հարկատուի գործունեության հետ կապված վարչական ծախսերի (կառավարման ապարատի աշխատավարձ, սոցիալական ապահովություն, գործուղումներ, նյութական և տրանսպորտային սպասարկում, կառավարման տեխնիկական միջոցների և վարչական նշանակության հիմնական միջոցների պահպանում և շահագործում, ներկայացուցչական, դատական, աուդիտորական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, կադրերի պատրաստում և վերապատրաստում և այլն), արտադրանքի և ծառայությունների իրացման հետ կապված ծախսերի (փաթեթավորում, պահպանում, բեռնում, տեղափոխում, ուղեկցում, գովազդ, մարքեթինգ և այլն) և ոչ արտադրական այլ ծախսերի (գյուտարարական և ռացիոնալիզատորական, գիտահետազոտական, նախագծային և փորձակոնստրուկտորական աշխատանքներ և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են:

5. Հարկատուի ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (վարկերի և այլ փոխառությունների տոկոսներ, գույքի երկարատև վարձակալության դիմաց տոկոսներ և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են:

6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերում նշված ծախսերի գծով նվազեցումները կատարվում են նաև համախառն եկամտի բացակայության դեպքում:

(32-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-269, 24.10.07 ՀՕ-233-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-248-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 33. Ռեզիդենտների շահութահարկի դրույքաչափերը

 

1. Շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով: 

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-128)

(33-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-128)

 

Հոդված 34. Շահութահարկի հաստատագրված վճարները

 

Առանձին վճարողների, նրանց խմբերի, գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարներ:

 

Հոդված 35. Շահութահարկի տարբեր դրույքաչափերով հարկումը

 

(35-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-128)

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 36. Գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտը

 

1. Շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:

2. Սույն հոդվածի իմաստով` գյուղատնտեսական արտադրանք են համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող`

 

- հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.

- տեխնիկական մշակաբույսերը.

- պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը.

- դաշտային մշակման կերային մշակաբույսերը.

- կերարտադրության այլ արտադրանքը.

- պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը.

- ծառերի և թփերի սերմերի, պտուղներում եղած սերմերը.

- ծառերի և թփերի սածիլները.

- ծառերի և թփերի տնկիները.

- անասնաբուծության արտադրանքը.

- խոզաբուծության արտադրանքը.

- ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը.

- թռչնաբուծության արտադրանքը.

- ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը.

- եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանքը.

- ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը.

- ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:

3. Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացված եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է` հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտի տվյալների վրա:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-128)

(36-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 28.12.98 ՀՕ-269, փոփ. 26.12.00 ՀՕ-128)


Հոդված 361. ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

 

Շահութահարկի վճարումից ազատվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հետևյալ եկամուտների մասով`

ա) առևտրային բանկերի կողմից «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարված պարբերական, միանվագ և լրացուցիչ երաշխիքային վճարների մասով.

բ) Հիմնադրամի կողմից ֆիզիկական անձանց հատուցված և բանկերի նկատմամբ ձեռք բերված պահանջի հիման վրա բանկերից ստացված գումարների մասով.

գ) այն եկամուտների մասով, որոնք ստացվել են կատարված ներդրումներից հետևյալ ակտիվներում`

- Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում,

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա առաջնակարգ բանկերում` որպես բանկային ավանդ և (կամ) բանկային հաշիվ,

- Կենտրոնական բանկի արժեթղթերում,

- ոսկու ստանդարտացված ձուլակտորներում,

- բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) կենտրոնական բանկերի արժեթղթերում,

- բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների և (կամ) բանկերի արժեթղթերում.

դ) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` այլ ֆինանսական ակտիվներում:

(361 հոդվածը լրաց. 24.11.04 ՀՕ-149-Ն)

Հոդված 36.2. Համահայկական բանկի կողմից շահութահարկի վճարումը

 

1. Համահայկական բանկն ազատվում է շահութահարկի վճարումից:

(36.2. հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-32-Ն)

 

Հոդված 36.3. Ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամուտը

 

Շահութահարկի վճարումից ազատվում են ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուները` իրենց կողմից ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամտի մասով:

(36.3. հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-68-Ն)

 

 

Հոդված 36.4. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Բյուրոյի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները

 

1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Բյուրոն ազատվում է շահութահարկի վճարումից այդ օրենքի համաձայն Բյուրոյի կազմում ստեղծված Երաշխավորման ֆոնդին (այսուհետ` Երաշխավորման ֆոնդ) կատարվող բոլոր վճարների, ինչպես նաև Երաշխավորման ֆոնդի օգտին ստացված բոլոր այլ գումարների մասով, ներառյալ` այն եկամուտների մասով, որոնք ստացվել են Երաշխավորման ֆոնդի միջոցներից կատարված ներդրումներից:

(36.4. հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-74-Ն)

 

Հոդված 37. Հասարակական, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցությունները

 

(Վերնագիրը փոփ. 28.12.98 ՀՕ-269)

(37-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-269, ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-128)

 

Հոդված 38. Հաշմանդամներին տրվող վճարումները

 

Հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսի չափով:

 

Հոդված 39. Օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի արտոնությունները


1. Եթե օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների) կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրողների փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը 1998 թվականի հունվարի 1-ից հետո կազմում է առնվազն 500 մլն դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է`

Ռեզիդենտի կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրման սահմանված չափաքանակը լրանալու տարեթիվը Օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի շահութահարկի նվազեցման չափը` ըստ տարիների
  100 տոկոսով 50 տոկոսով
1998 1999 և 2000 թ. 2001-2008 թ. ներառյալ
1999 2000 և 2001 թ. 2002-2009 թ. ներառյալ
2000 2001 և 2002 թ. 2003-2008 թ. ներառյալ
2001 2002 և 2003 թ. 2004-2007 թ. ներառյալ
2002 2003 և 2004 թ. 2005-2006 թ. ներառյալ
2003 2004 և 2005 թ.  
2004 2005 և 2006 թ.  
2005 2006 և 2007 թ.  
2006 2007 և 2008 թ.  
2007 2008 և 2009 թ.  


Սույն կետով սահմանված արտոնության ժամկետում հարկատուի լուծարման դեպքում շահութահարկի գումարն այդ արտոնության ժամանակաշրջանի համար հաշվարկվում է լրիվ չափով` գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար:

Սույն հոդվածի կիրառման նպատակով`

ա) ներդրում է համարվում հարկատուի կանոնադրական կապիտալի ձևավորմանը և համալրմանն ուղղված ակտիվների ներհոսքը և (կամ) պարտավորությունների նվազումը, ինչպես նաև պետական գույքի սեփականաշնորհումը (մասնավորեցումը).

բ) գույքային ներդրումները ենթակա են պետական գրանցման և (կամ) նոտարական վավերացման և (կամ) անկախ փորձագիտական եզրակացության` օրենքով սահմանված կարգով:

Սույն հոդվածով նախատեսված արտոնությունը չի տարածվում ոչ նյութական ակտիվներով ներդրումների վրա:

2. Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին և բանկերին շահութահարկի գծով օրենքով կամ այլ իրավական ակտով արտոնություններ տրված լինելու դեպքում մինչև տվյալ օրենքով կամ այլ իրավական ակտով դրանց համար սահմանված ժամկետի ավարտը հարկատուն, իր հայեցողությամբ, հարկային տեսչության մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա, կարող է օգտվել սույն հոդվածի 1-ին կետով սահմանված արտոնությունից:

(39-րդ հոդվածը խմբ. 05.05.98 ՀՕ-216, լրաց. 14.12.01 ՀՕ-286, 11.12.02 ՀՕ-487-Ն)


Հոդված 391. ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հանդիսացող ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է 100 տոկոսով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն ազատ տնտեսական գոտու շահագործող հանդիսացող ռեզիդենտի հաշվետու տարվա համախառն եկամտի առնվազն 90 տոկոսը կազմում է Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտու տարածքից Հայաստանի Հանրապետությունից դուրս արտահանված ապրանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց եկամուտը, ապա տվյալ ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է 100 տոկոսով:

(391 հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-330)

 

Հոդված 39.2.

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակված ռեզիդենտ ընկերությունների շահութահարկը

 

1. Մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում օրենքով սահմանված կարգով հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած և սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված պահանջները բավարարող ռեզիդենտ ընկերությունները (բացառությամբ պետության կողմից կարգավորվող սակագներ կիրառող ռեզիդենտների) սույն հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում օգտվում են հաշվետու տարիների շահութահարկը 50 տոկոսով, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր տարվա համար 300 մլն դրամով նվազեցնելու արտոնությունից:

2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված արտոնությունը կիրառվում է այն ռեզիդենտ ընկերության նկատմամբ, որի`

1) բաժնետոմսերի միջին տարեկան հաշվարկով 20 տոկոս և ավելի մասը պատկանում է հանրությանը. և.

2) ֆինանսական հաշվետվությունները կազմվում և հրապարակվում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան, և.

3) բաժնետերերի թիվը միջին տարեկան հաշվարկով կազմում է 100 և ավելի:

3. Սույն հոդվածով սահմանված արտոնությունը կիրառվում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված բոլոր պայմանները միաժամանակ տեղի ունենալու տարվա և դրան հաջորդող երկու հաշվետու տարիների համար:

4. Սույն հոդվածի կիրառման իմաստով`

1) հանրությանը պատկանող բաժնետոմսերը ռեզիդենտ ընկերության կողմից թողարկված այն բաժնետոմսերի ամբողջությունն են, որոնք չեն պատկանում`

ա) այն անձանց, որոնք իրենց փոխկապակցված անձանց հետ համատեղ թողարկողի կանոնադրական կապիտալում ունեն ձայնի իրավունք տվող 5 և ավելի տոկոսի մասնակցություն,

բ) տվյալ ռեզիդենտ ընկերության կառավարման մարմինների անդամներին և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց,

գ) տվյալ ռեզիդենտ ընկերության դուստր ընկերությանը, դրա կառավարման մարմինների անդամներին և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց,

դ) Հայաստանի Հանրապետությանը,

ե) տվյալ ռեզիդենտ ընկերությանը.

2) միջին տարեկան հաշվարկով հանրությանը պատկանող բաժնետոմսերի մասը տվյալ տարվա ամիսների վերջին օրվա դրությամբ հանրությանը պատկանող բաժնետոմսերի մասերի (արտահայտված տոկոսներով) հանրագումարի 1/12 մասն է.

3) միջին տարեկան հաշվարկով բաժնետերերի թիվը տվյալ տարվա ամիսների վերջին օրվա դրությամբ բաժնետերերի թվի հանրագումարի 1/12 մասն է.

4) փոխկապակցվածությունն ընդունվում է` ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նշանակության.

5) կառավարման մարմնի անդամներն են թողարկողի խորհրդի նախագահը, խորհրդի անդամները, վարչության նախագահը, վարչության անդամները, տնօրենը, գլխավոր տնօրենը, գործադիր տնօրենը, տնօրենի տեղակալը, գլխավոր տնօրենի տեղակալը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, տնօրինության անդամները, վերստուգող հանձնաժողովի նախագահը, վերստուգող հանձնաժողովի անդամները, գլխավոր վերստուգողը, վերստուգողը:

5. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված հարկային արտոնությունից օգտված ռեզիդենտ ընկերությունից գանձվում է արտոնության կիրառման հետևանքով չվճարված (պակաս վճարված) շահութահարկի գումարը, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով հաշվարկված տույժերը` արտոնյալ ժամանակահատվածի համար, եթե արտոնյալ ժամանակահատվածում կամ դրան հաջորդող երեք տարիների ընթացքում`

1) ռեզիդենտ ընկերության թողարկած հասարակ անվանական բաժնետոմսերն ապացուցակվում են (այդ թվում` ռեզիդենտ ընկերության վերակազմակերպման արդյունքում).

2) ռեզիդենտ ընկերությունը լուծարվում է (բացառությամբ սնանկացման արդյունքում լուծարման դեպքի).

3) ռեզիդենտ ընկերությունը չի ապահովում միջին տարեկան հաշվարկով հանրությանը պատկանող բաժնետոմսերի առնվազն 20 տոկոս մաս.

4) ռեզիդենտ ընկերությունը ֆինանսական հաշվետվությունները չի կազմել և հրապարակել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսան, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ռեզիդենտ ընկերությունների վերաբերյալ:

(392 հոդվածը լրաց. 11.06.09 ՀՕ-153-Ն)


Հոդված 40. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգումը

 

(40-րդ հոդվածը լրաց. 05.05.98 ՀՕ-216, ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-128)

Հոդված 401.

 


Մինչև 2009 թվականի հունվարի 1-ն իրականացված` խմելու ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման և մաքրման, իսկ մինչև 2011 թվականի հունվարի 1-ը` ոռոգման ջրի մատակարարման գծով բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:

(401 հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-286, 25.12.03 ՀՕ-55-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-258-Ն, 27.11.08 ՀՕ-217-Ն, 07.12.10 ՀՕ-180-Ն)


Հոդված 41. Առանձին օրենքներով հարկային արտոնությունների սահմանումը

 

Օրենքով կարող են սահմանվել շահութահարկից ազատելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ արտոնություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 42. Հաշվեգրման եղանակով հաշվառումը

 

Հարկվող օբյեկտը որոշելիս եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով:

Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում հարկատուն եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է, համապատասխանաբար ելնելով հարկատուի կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից, անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:

 

Հոդված 43. Հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվառման առանձնահատկությունները

 

Հաշվեգրման եղանակով եկամուտները հաշվառելիս հարկատուն հաշվի է առնում հետևյալ առանձնահատկությունները`

ա) եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է հարկատուին անվերապահ վճարման (հատուցման), կամ հարկատուն կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս.

բ) հարկատուի կողմից ծառայություններ մատուցելու դեպքում նշված իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքից բխող ծառայությունների մատուցումն ավարտելու (այդ թվում նաև` ըստ փուլերի) պահից.

գ) տոկոսների տեսքով կամ գույքը վարձակալության տալու դիմաց եկամուտներ ստանալու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված` պարտքի կամ վարձակալական պայմանագրի ժամկետը լրանալու պահից: Եթե պարտքի կամ վարձակալության պայմանագրի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա հաշվետու ժամանակաշրջաններում եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան:

դ) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքի կատարման օրվա դրությամբ: Բացառությամբ բռնագրավման, նվիրատվության կամ այլ ձևով պետությանը օտարման դեպքերի, հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:

Հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով (բացառությամբ պետությանը վարձակալության  կամ անհատույց օգտագործման հանձնման դեպքերի) եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն:

(43-րդ հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-190-Ն, 21.08.08 ՀՕ-147-Ն, խմբ., լրաց. 26.12.08 ՀՕ-248-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Հոդված 44. Շահութահարկի գումարի որոշումը

 

1. Հարկատուները շահութահարկի գումարները որոշում են յուրաքանչյուր տարվա արդյունքներով` սույն օրենքի V գլխով սահմանված դրույքաչափերով:

2. Շահութահարկի հաշվարկման նպատակով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում հարկային տեսչության մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:

 

Հոդված 45. Կենտրոնացված կարգով շահութահարկի վճարումը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն ձեռնարկությունների ցանկը, որոնց թույլատրվում է շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումը և վճարումը կատարել կենտրոնացված կարգով:

 

Հոդված 46. Շահութահարկի հաշվարկների, հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ներկայացումը

 

Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը (ներառյալ), ներկայացնում են սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հաստատված շահութահարկի հաշվարկներ, իսկ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող չհամարված կազմակերպությունները` շահութահարկի պարզեցված հաշվարկներ:

(46-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-128, փոփ. 05.12.06 ՀՕ-222-Ն, լրաց. փոփ. 21.08.08 ՀՕ-147-Ն, խմբ. 08.12.10 ՀՕ-189-Ն)

 

Հոդված 47. Ռեզիդենտների շահութահարկի կանխավճարները

 

1. Տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներն` սույն հոդվածով սահմանված կարգով:

Ընթացիկ տարում շահութահարկի նվազեցման (այդ թվում` ժամկետային) արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող կանխավճարների մեծությունը նվազեցվում է տվյալ տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար հաշվարկված և հետաձգված շահութահարկի գումարներին համապատասխան կանխավճարների կատարումը հետաձգվում է մինչև նախորդ տարիներին վերաբերող գումարների ստացման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանը:

2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ:

Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի, ընթացիկ տարվա կանխավճարների հաշվարկման համար հիմք է հանդիսանում նախորդ տարվա հարկվող շահույթի նկատմամբ կիրառվող դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարի և սույն օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան` նախորդ տարում օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված շահութահարկի հաշվանցվող գումարների դրական տարբերությունը, ինչպես նաև նախորդ տարվա պարզեցված հարկի և (կամ) հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարները` հաշվի առնելով շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված առանձնահատկությունը:

Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու դեպքում հարկային տեսչության մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Նոր հիմնադրված հարկատուն կարող է շահութահարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա ապրիլի 25-ը:

4. Այն հարկատուն, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել, կամ որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500 հազար դրամը, կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող, կարող է շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարներ չկատարել:

5. Մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը, հարկատուն շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով:

Նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարները հայտնի դառնալուց հետո շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հոդվածի 2-րդ կետում նշված չափերով:

6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի մեկ վեցերորդի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:

(Մասը հանվել է 26.12.00 ՀՕ-128)

(Մասը հանվել է 26.12.00 ՀՕ-128)

7. Հաշվետու տարվա ավարտից հետո հարկատուն, ելնելով հաշվարկված հարկվող շահույթից, հաշվարկում է շահութահարկի գումարը` դրան հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար կատարված կանխավճարների գումարները:

8. Եթե հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը, բայց ապրիլի 25-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:

9. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն շահութահարկի գծով, և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը: Շահութահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է ապրիլի 25-ից` շահութահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:

(47-րդ հոդվածը լրաց., փոփ. 28.12.98 ՀՕ-269, փոփ. 26.12.00 ՀՕ-128, լրաց. 11.12.02 ՀՕ-487-Ն, 21.08.08 ՀՕ-147-Ն, խմբ., փոփ. 08.12.10 ՀՕ-189-Ն)


Հոդված 471. ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐԸ

 

1. Սույն օրենքի 47 հոդվածով սահմանված կարգով որոշված շահութահարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված մեծության 1 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն պարտավոր է կատարել նվազագույն շահութահարկի եռամսյակային վճարումներ:

2. Նվազագույն շահութահարկը վճարվում է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունից 1 տոկոս դրույքաչափով:

3. Նվազագույն շահութահարկը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպես նաև արժեթղթերի և ֆոնդային ապրանքների), արտադրանքի իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոսը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի: Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն շահութահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից` առանց հաշվի առնելու հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները:

4. Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի հաստատած սակագներ կիրառող հարկ վճարողների, առողջապահության և կրթության ոլորտներում ծառայություններ մատուցող կազմակերպությունների, թերթերի և ամսագրերի տպագրության և իրացման, ինչպես նաև թանկարժեք քարերի մշակման և (կամ) իրացման, ոսկերչական իրերի արտադրության և իրացման, թանկարժեք մետաղների արտադրության և (կամ) իրացման և միջազգային բեռնափոխադրման ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ:

5. Շահութահարկի արտոնություններից օգտվող կազմակերպությունների նվազագույն շահութահարկը նվազեցվում է արտոնության չափով` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում:

6. Նվազագույն շահութահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի շահութահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների շահութահարկից:

(471 հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-55-Ն, 21.08.08 ՀՕ-147-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-248-Ն, 25.02.10 ՀՕ-27-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-189-Ն)


Հոդված 48. Անվճարունակ ճանաչելու գործընթացում գտնվող հարկատուի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները

 

1. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն` բանկը (վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը կամ ապահովագրական ընկերությունը) լուծարելու և լուծարային կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հարկատու բանկը (վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը կամ ապահովագրական ընկերությունը) շահութահարկի վճարումները կասեցնում է մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:

2. Կազմակերպությունների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն հարկատուին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից շահութահարկի վճարումները կասեցվում են մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:

(48-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-128, լրաց. 11.12.02 ՀՕ-487-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-189-Ն, 11.10.07 ՀՕ-203-Ն)

 

Հոդված 49. Լուծարման գործընթացում գտնվող հարկատուի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները

 

Առանց անվճարունակության ընթացակարգ անցնելու լուծարվող հարկատուի շահութահարկի վճարումները կասեցվում են լուծարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:

 

Հոդված 50. Շահութահարկի գումարի վճարումը

 

Հարկատուն պարտավոր է շահութահարկի գումարը վճարել պետական բյուջե մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը ներառյալ:

 

Հոդված 51. Շահութահարկի հաշվարկների ճշտումը

 

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալներ հայտնաբերվելու դեպքում (որոնք չեն բխում հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից) հարկատուն կարող է հարկային տեսչության մարմիններին ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

Անկախ սույն հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված դրույթներից` նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում հարկատուն կարող է օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններ ներկայացնել շահութահարկի ճշտված հաշվարկ, եթե ճշտումը կատարվել է հարկատուի կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակելու նպատակով: Ընդ որում, բաժնետոմսերի ցուցակման նպատակով ներկայացված ճշտված հաշվարկի հիման վրա հարկատուի նկատմամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով տույժեր հաշվարկվում և գանձվում են միայն տվյալ հարկատուի կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում մինչև սույն օրենքի 39.2 հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետը չցուցակվելու կամ սույն օրենքի 39.2 հոդվածի հինգերորդ մասով սահմանված պայմաններից որևէ մեկը տեղի ունենալու դեպքում:

(51-րդ հոդվածը լրաց. 11.06.09 ՀՕ-153-Ն)

 

Հոդված 52. Օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված շահութահարկի գումարի հաշվանցումը

 

Հայաստանի Հանրապետությունում հարկատուի եկամտի գումարից գանձվող շահութահարկը նվազեցվում է շահութահարկի այն գումարի չափով, որը գանձվել է ռեզիդենտներից օտարերկրյա պետություններում` նրանց օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, նվազեցվող շահութահարկի գումարը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից` սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա շահութահարկի գումարը:

Եթե սույն հոդվածի առաջին մասի համաձայն նվազեցման ենթակա գումարը գերազանցում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացած շահութահարկի պարտավորությունը, ապա գերազանցող գումարը նվազեցվում է հարկատուի հաջորդ տարիների շահութահարկի գումարից:

(52-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-128)

 

Հոդված 521. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի, իսկ օրենքով սահմանված դեպքերում և կարգով շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարի հաշվետու ամսվա գումարը նվազեցվում է առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարի չափով, բացառությամբ`

ա) եթե հաշվետու տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ հարկ վճարողի համար նախատեսված է սուբսիդիայի հատկացում.

բ) եթե տվյալ հարկ վճարողին այդ ծառայությունների մատուցման իրավունքը տրվել է համապատասխան լիցենզավորման կամ մրցույթի անցկացման կարգով և լիցենզիայի կամ մրցույթի պայմաններում նախատեսվել է, որ առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած վնասները փոխհատուցման ենթակա չեն:

(521 հոդվածը լրաց. 06.11.02 ՀՕ-451-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն 2

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 53. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները

 

1. Սույն օրենքի իմաստով` հայաստանյան աղբյուրից ստացված եկամուտներ են համարվում`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները.

բ) ոչ ռեզիդենտի` ռեզիդենտից կամ ոչ ռեզիդենտից ստացված պասիվ եկամուտները.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի ստացած այլ եկամուտները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ են համարվում, մասնավորապես`

ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից ստացված եկամուտը` անկախ վճարման վայրից.

բ) Հայաստանի Հանրապետությունում միջնորդական գործունեությունից ստացված եկամուտը.

գ) կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, եթե դրանք համարվում են ծախս` վճարող ստորաբաժանման կամ վայրի համար:

3. Պասիվ եկամուտներ են համարվում` ոչ ռեզիդենտի կողմից իր գույքի կամ այլ ակտիվների ներդրմամբ (տրամադրելով) Հայաստանի Հանրապետության տարածքում բացառապես այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտները, այսինքն`

ա) շահաբաժինները.

բ) տոկոսները.

գ) ռոյալթիները.

դ) Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտը.

ե) Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը.

զ) այլ պասիվ եկամուտները:

4. Այլ եկամուտներ են համարվում սույն հոդվածի նախորդ կետերում չնշված եկամուտները, որոնք մասնավորապես ստացված են`

ա) կառավարման ծառայությունների դիմաց.

բ) գույքը արդյունավետ օգտագործելու կամ տրամադրված իրավունքներից արդյունավետ օգտվելու համար անհրաժեշտ օգնություն ցույց տալու դիմաց.

գ) սարքավորումների, հոսքագծերի, մեխանիզմների և հարմարանքների տեղակայման և շահագործման համար անհրաժեշտ օգնություն ցույց տալու դիմաց.

դ) ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարներից, եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև ապահովագրական հատուցումներից.

ե) ցանկացած գիտական, արդյունաբերական կամ առևտրային նախագծի, պլանի, պրոցեսի կամ համատեղ ձեռնարկի ղեկավարումն իրականացնելու հետ կապված խորհրդատվությունների, օգնության և այլ ծառայությունների դիմաց.

զ) օտարերկրյա ընկերության կողմից իր դուստր ձեռնարկությանը մատուցված ծառայությունների և խորհրդատվությունների դիմաց` կապված վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետությունում ծավալած ձեռնարկատիրական գործունեության հետ, ինչպես նաև ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված խորհրդատվությունների և այլ ծառայությունների դիմաց.

է) բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց.

ը) ձեռնարկությունների հետ առևտրական միջնորդության պայմաններով ապրանքներն օտարերկրյա պետություններից ներկրելու և Հայաստանի Հանրապետությունում իրացնելու դիմաց: Ընդ որում, այս դեպքում, հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ է համարվում ոչ ռեզիդենտին վճարած` նրա կողմից նշանակված իրացման և ավելի ձեռնտու գնի (որով միջնորդ ձեռնարկությունը փաստորեն իրականացրել է իրացման համար մատակարարված ապրանքի վաճառքը) տարբերությունը կամ տարբերության ոչ ռեզիդենտին պատկանող մասը:

(53-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-269)

 

Հոդված 54. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը և գործունեության վայրը

 

1. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ոչ ռեզիդենտի առանձնացված ստորաբաժանումն է:

2. Ոչ ռեզիդենտի գործունեության իրականացման վայրը Հայաստանի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանում չունեցող ոչ ռեզիդենտի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստացի վայրն է:

Վայր կարող են համարվել, մասնավորապես, ոչ ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող գրասենյակը, գործակալությունը, գործարանը, ֆաբրիկան, արտադրամասը, հանքահորը, հանքավայրը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարները հետախուզելու, արդյունահանելու և շահագործելու վայրը, պայմանագրով իրականացվող շինարարական, տեղակայման, մոնտաժային, կարգավորման, հավաքման, հետազոտման աշխատանքների, սարքավորումների սպասարկման, խորհրդատվական, այլ մասնագիտական ծառայություններ մատուցելու, այդ աշխատանքները վերահսկելու վայրը:

Ձեռնարկատիրական գործակալի միջոցով գործունեություն իրականացնելու դեպքում ոչ ռեզիդենտի գործունեության իրականացման վայր է համարվում ձեռնարկատիրական գործակալի գտնվելու վայրը:

3. Ձեռնարկատիրական գործակալը` ռեզիդենտ համարվող իրավաբանական անձը, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ ֆիզիկական անձը, որի գործունեությունը ոչ ռեզիդենտի կողմից վերահսկվում է հանձնարարության պայմանագրի, լիազորագրային կառավարման պայմանագրի կամ լիազորագրի հիման վրա կամ այլ ձևով, և որը ոչ ռեզիդենտի (լիազորող անձի) համար գործունեություն է իրականացնում մասնավորապես հետևյալ նպատակների համար`

ա) գնումներ կազմակերպելու, գնումներ կատարելու և այլ պայմանագրեր կնքելու.

բ) երրորդ անձանց հետ գործակալական պայմանագրային հարաբերություններ հաստատելու, լիազորող անձին պատկանող ապրանքները կանոնավոր ձևով կուտակելու, պահեստավորելու և լիազորող անձի անունից այլ անձանց այդպիսի ապրանքներ առաքելու.

գ) առևտրական պայմանագրեր կնքելիս կամ գնման պատվերներ կատարելիս լիազորող անձին ներկայացնելու:

 

Գ Լ ՈՒ Խ  X

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Հոդված 55. Հարկվող օբյեկտի որոշման առանձնահատկությունները

 

1. Սույն օրենքի իմաստով` արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնությունում ձեռնարկատիրական գործակալ-միջնորդների բացակայության դեպքում) գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը:

2. Ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացած եկամուտը հարկման ենթակա չէ:

3. Եթե ոչ ռեզիդենտի և այլ անձի միջև ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են նույնանման գործարքներում սովորաբար առկա պայմաններից, ապա ցանկացած եկամտի նկատմամբ, որը կարող էր հաշվեգրել եկամուտները վճարող անձը, բայց ստեղծված պայմանների պատճառով չի հաշվեգրել, հարկային մարմինները կարող են իրականացնել հարկային ճշգրտում` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Եթե ոչ ռեզիդենտն իր գործունեությունն իրականացնում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս, չվարելով առանձնացված հաշվառում, ինչը թույլ չի տալիս որոշել ստորաբաժանման կամ վայրի միջոցով իրականացված գործունեությունից առաջացած հարկվող շահույթը, ապա այն կարող է որոշվել հաշվարկի հիման վրա` հարկատուի և հարկային տեսչության մարմնի միջև համաձայնեցված եղանակով: Համաձայնեցված եղանակը հիմք է ծառայում հարկվող շահույթը որոշելիս, քանի դեռ չկա դրա փոփոխման համար բավարար ծանրակշիռ պատճառ:

5. Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանման կամ վայրի գործունեությունից ստացված հարկվող շահույթը կարող է որոշվել ոչ ռեզիդենտի համընդհանուր գործունեության հասույթում Հայաստանի Հանրապետությունում գործունեությունից ստացած ապրանքների (ծառայությունների) իրացումից ընդհանուր հասույթի տեսակարար կշռով, ինչպես նաև ոչ ռեզիդենտի համընդհանուր ծախսերում Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության հետ կապված ծախսերի տեսակարար կշռով կամ ոչ ռեզիդենտի համընդհանուր անձնակազմում Հայաստանի Հանրապետությունում զբաղված անձնակազմի տեսակարար կշռով:

6. Շահութահարկի հաշվարկման նպատակով, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում, հարկային տեսչության մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:

 

Հոդված 56. Համախառն եկամտի նվազեցումը

 

1. Ստորաբաժանման կամ վայրի հարկվող շահույթը որոշելիս թույլատրվում է ոչ ռեզիդենտի կողմից Հայաստանի Հանրապետությունում իր ստորաբաժանման կամ վայրի նպատակների համար կատարված ծախսերի, Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեության կապակցությամբ կրած կորուստների չափով նվազեցում` սույն օրենքով սահմանված կարգով ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա: Ընդ որում, թույլատրվում է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի և փաստացի կորուստների բաշխում ոչ ռեզիդենտի և Հայաստանի Հանրապետությունում նրա ստորաբաժանման կամ վայրի միջև: Բաշխված ծախսերը ներառում են, մասնավորապես, կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը` կատարված ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

2. Ստորաբաժանման հարկվող շահույթը որոշելիս նրա համախառն եկամուտը նվազեցվում է նաև սույն օրենքով սահմանված այլ նվազեցումների չափով, բացառությամբ սույն օրենքի 24, 25 և 26 հոդվածներով սահմանվածների:

3. Հարկային տեսչության մարմինը հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամուտները կարող է համարել որպես Հայաստանի Հանրապետությունում վայրի միջոցով ոչ ռեզիդենտի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունք` հարկային տեսչության մարմիններին այդ ձեռնարկատիրական գործունեությունը հավաստող փաստաթղթեր ոչ ռեզիդենտի կողմից ներկայացնելու դեպքում:

(56-րդ կետը փոփ. 08.12.10 ՀՕ-189-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  XI

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Հոդված 57. Ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափերը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտների հարկումը կատարում է հարկային գործակալը` եկամտի վճարման աղբյուրի մոտ: Հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամտից վճարման աղբյուրի մոտ սույն օրենքի 64 հոդվածում սահմանված կարգով հարկային գործակալները շահութահարկը պահում (գանձում) են հետևյալ չափերով`

 

Եկամտի տեսակը`

Շահութահարկի չափը տոկոսներով

ապահովագրական հատուցումներ, վերաապահովագրական

վճարներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված

եկամուտներ

5

շահաբաժիններ, տոկոսներ, ռոյալթիներ, գույքը

վարձակալության տալուց ստացած եկամուտ,

գույքի արժեքի հավելված և այլ պասիվ եկամուտներ

(բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված

եկամուտներից), ինչպես նաև այլ հայաստանյան

աղբյուրներից ստացված եկամուտներ

10

(Տողը հանվել է 26.12.00 ՀՕ-128)

  

 

Ոչ ռեզիդենտի` Համահայկական բանկից ստացված շահաբաժինները հարկվում են զրո տոկոս դրույքաչափով:

2. Հարկային գործակալի նշված չափերով պահած (գանձած) գումարները համարվում են Հայաստանում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի վերջնական գումար. բացառությամբ այն դեպքի, երբ ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացնում ստորաբաժանման կամ հարկային մարմնի կողմից ճանաչված վայրի միջոցով, և այդ եկամուտը ստորաբաժանման կամ վայրի գործունեության արդյունք է:

3. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկի պահման (գանձման) հնարավորության բացակայության (այսինքն` հարկային գործակալի բացակայության) դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութահարկի վճարման պարտավորությունը կրում է հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը` սույն օրենքի 60-63 հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում` հիմնվելով սույն հոդվածի 1-ին կետում նշված դրույքաչափերի վրա:

(57-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.07.98 ՀՕ-243, 26.12.00 ՀՕ-128, լրաց. 14.12.01 ՀՕ-286, 11.10.07 ՀՕ-217-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-248-Ն, 26.12.08 ՀՕ-32-Ն, փոփ. 27.10.09 ՀՕ-193-Ն)

 

Հոդված 58. Աղբյուրի մոտ շահութահարկի պահումից ազատվելը

 

Եթե հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտները ստորաբաժանման գործունեության արդյունք են, ապա ստորաբաժանումը հարկային գործակալին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային տեսչության մարմնում հաստատված տեղեկանք` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններում հաշվառված լինելու և հարկատուի հաշվառման համար ունենալու մասին, և ազատվում է աղբյուրի մոտ շահութահարկի պահումից (գանձումից), բացի սույն օրենքով սահմանված դեպքերում շահաբաժինների վճարման համար աղբյուրի մոտ շահութահարկը պահելուց:

 

Հոդված 59. Ոչ ռեզիդենտի շահութահարկի կանխավճարները

 

Եթե ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի նախորդ տարվա շահութահարկի գումարը գերազանցում է 2 մլն դրամը, ապա ոչ ռեզիդենտը տարվա ընթացքում` կիսամյակը մեկ, կատարում է շահութահարկի կանխավճարների մուծումներ` նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի մեկ քառորդի չափով, հավասար բաժիններով, մինչև հաշվետու տարվա հուլիսի 1-ը և դեկտեմբերի 31-ը:

 

Հոդված 60.

Տարեկան եկամուտների մասին հաշվարկը

(Վերնագիրը խմբ. 08.12.10 ՀՕ-189-Ն)

 

1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններ է ներկայացնում վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևով տարեկան եկամուտների մասին հաշվարկ, որտեղ ներառվում են հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները:

2. Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:

2. Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:

(60-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-269, խմբ. 08.12.10 ՀՕ-189-Ն)

Հոդված 61.

Ոչ ռեզիդենտի կողմից շահութահարկի հաշվարկումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտը շահութահարկի հաշվարկը կատարում է ինքնուրույն, որն արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում` հաշվի առնելով սույն oրենքի դրույթները և հիմնվելով 33-րդ հոդվածում նշված դրույքաչափերի վրա:

2. Վճարման ենթակա շահութահարկի չափը հաշվետու տարում որոշվում է որպես գործունեությունից ստացված տարեկան շահութահարկի և կիսամյակային կանխավճարների գումարի (սահմանված դեպքերում նաև` Հայաստանի Հանրապետությունում պահված շահութահարկի գումարների) տարբերություն:

3. Ոչ ռեզիդենտը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել տարեկան եկամուտների մասին ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

(61-րդ հոդվածը խմբ. 08.12.10 ՀՕ-189-Ն)

 

Հոդված 62. Շահութահարկի վճարման ծանուցագիրը

 

(62-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-189-Ն)

 

Հոդված 63. Վերջնահաշվարկը

 

Սահմանված կարգով հաշվարկների (վերջնահաշվարկի) իրականացումից հետո պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկը վճարվում է, կամ գերավճարը հատուցվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը (ներառյալ)` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:

(63-րդ հոդվածը խմբ. 08.12.10 ՀՕ-189-Ն)

 

Հոդված 64. Աղբյուրի մոտ շահութահարկի պահումը

 

Սույն օրենքի 57 հոդվածի համաձայն` աղբյուրի մոտ շահութահարկի պահումը (գանձումը) իրականացնում է հարկային գործակալը` ոչ ռեզիդենտին վճարվող եկամտի ընդհանուր գումարից:

 

Հոդված 65. Բնամթերային ձևով ստացվող եկամուտների վերահաշվարկը

 

Բնամթերային ձևով (այդ թվում` փոխանակման գործարքների միջոցով) եկամուտներ վճարելու դեպքում հարկային գործակալը դրանք վերահաշվարկում է դրամով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և սահմանված ժամկետներում շահութահարկը վճարում է բյուջե:

 

Հոդված 66. Հարկային գործակալի պահած շահութահարկի գումարների վճարման և հաշվարկների ներկայացման ժամկետները

 

Սույն օրենքի 64 հոդվածի համաձայն պահված (գանձված) շահութահարկի գումարը հարկային գործակալը պարտավոր է ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ վճարել բյուջե: Ընդ որում, հարկային գործակալը պարտավոր է եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ (հաշվետվություն) իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմնին` անցած եռամսյակում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին:

Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

(66-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-286)

 

Հոդված 67. Վճարված հարկերի մասին տեղեկանք տրամադրելը

 

Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա հարկային տեսչության մարմինը տալիս է համապատասխան տեղեկանք` սույն օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին:

Նշված տեղեկանքում շահութահարկի գումարի մեջ մտցվում է նաև այն գումարը, որը պետք է վճարված լիներ Հայաստանի Հանրապետությունում, սակայն չի վճարվել սույն օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու հետևանքով:

 

Հոդված 68. Հարկային ստուգումները

 

Հարկային տեսչության մարմիններն իրավունք ունեն ստուգել Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանման կամ վայրի միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների ֆինանսական, հաշվապահական և հարկային գործերը և ստուգել հարկային գործակալի կողմից շահութահարկը պահելու և այն բյուջե վճարելու ճշտությունը:

 

Բ Ա Ժ Ի Ն 3

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  XII

 

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 69. Սույն օրենքը խախտելու համար վճարողների և դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

 

Սույն օրենքը խախտելու համար վճարողները և դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար նախատեսված տուգանքներ չեն կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք մինչև հարկային տեսչության մարմինների ստուգումների սկսվելն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների շահութահարկի պակաս հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ տվել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին:

Հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում ռեզիդենտ հարկ վճարողից գանձվում է տուգանք` ավել ցույց տված վնասի 20 տոկոսի չափով: Նշված տուգանքը չի կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք մինչև հարկային մարմինների ստուգումներն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների վնասի ավել հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ կատարել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին:

(69-րդ հոդվածը լրաց. 06.07.98 ՀՕ-243, 14.12.01 ՀՕ-286, փոփ. 25.12.03 ՀՕ-55-Ն)

 

Հոդված 70. Հարկային գործակալի պատասխանատվությունը

 

Սույն օրենքի դրույթների համաձայն` շահութահարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (և շահութահարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը:

 

Գ Լ ՈՒ Խ  XIII

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 71. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, ընդ որում, տնտեսական և այլ առևտրային գործունեության տեսակների վերաբերյալ պարզաբանումները համաձայնեցվում են նաև Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության հետ, իսկ ապրանքների բնորոշումների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության հետ:

 

Հոդված 72. Օրենքն ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի հունվարի 18-ի օրենքը` փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

3. Սույն օրենքի 33 հոդվածում նշված շահումներով խաղերի առումով` խաղատների (կազինոների) կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման և համակարգչային խաղերի կազմակերպության մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող հաստատագրված վճարները:

(72-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-269)

 

Գ Լ ՈՒ Խ  XIV

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 73. Արտոնությունների կիրառումը

 

1. Սույն օրենքի 25 հոդվածով սահմանված նվազեցումները կիրառվում են 1997 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած վնասների մասով:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ժամկետային արտոնությունները շարունակվում են մինչև դրանց ժամկետը լրանալը:

3. Նոր ստեղծված ձեռնարկությունների համար մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությանը համապատասխան հարկային արտոնությունից օգտվելու դեպքում տվյալ հարկատուի համար սույն օրենքի 39 հոդվածով սահմանված արտոնության ժամկետը նվազեցվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վերապահված արտոնության ժամկետի չափով:

4. Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում 1997 թվականին թողարկված` Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացվող տոկոսները և զեղչի ձևով եկամուտները:

(73-րդ հոդվածը լրաց. 05.05.98 ՀՕ-216)

 

Հոդված 74. Ամորտիզացիոն մասհանումների կիրառումը

 

1. Սույն օրենքի 12 հոդվածում նշված ամորտիզացիոն մասհանումների չափը 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա հիմնական միջոցների նկատմամբ որոշելու համար 1998 թվականի հունվարի 1-ից հետո ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետը որոշվում է որպես չամորտիզացված արժեքի գործակցի և սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետում նշված համապատասխան խմբի ամորտիզացիոն նվազագույն ժամկետի արտադրյալ.

 

Ժ ն = (Ա-Մ) x Ժ/Ա

 

Որտեղ`

 

Ժն-ն` մինչև1998 թվականի հունվարի 1-ը ձեռքբերված հիմնական միջոցի ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետն է.

Ա-ն` հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքն է 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ.

Մ-ն` հիմնական միջոցի մաշվածության գումարն է 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ.

Ժ-ն` սույն օրենքի 12 հոդվածում սահմանված` հիմնական միջոցների խմբի ամորտիզացիոն նվազագույն ժամկետն է:

2. 1998 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների համար ամորտիզացիոն ժամկետ են համարվում սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետները:

3. Ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման նպատակով մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների սկզբնական արժեք է համարվում 1997 թվականի հուլիսի 1-ի դրությամբ դրանց հաշվեկշռային արժեքը, իսկ շահութահարկի տարեկան հաշվարկ ներկայացնողների համար` 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը` հաշվի առնելով սույն օրենքի 13 հոդվածի համաձայն հիմնական միջոցների արժեքի վրա կատարվող ավելացումները:

Հոդված 75. Արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատումների արդյունքները


Անկախ սույն օրենքի 8 հոդվածի երկրորդ մասի և 11 հոդվածի «դ» կետի դրույթներից, հարկատուի 1998 թվականի հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում ռուսական ռուբլու և ռուսական ռուբլով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատումների արդյունքները:

(75-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-269)

Հոդված 76. Առանձին հարկ վճարողների 2008 և 2009 թվականների շահութահարկը

2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա շահութահարկը, ինչպես նաև 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի վճարման ենթակա շահութահարկը չի կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2 տոկոսից և ավելի` համախառն եկամտի 10 տոկոսից: Սույն հոդվածին համապատասխան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար շահութահարկի վերջնական գումարներ:

(76-րդ հոդվածը լրաց. 21.08.08 ՀՕ-147-Ն)

 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան
   

Երևան
27 նոյեմբերի 1997 թ.
ՀՕ-155