Գլխավոր տեղեկություն
Համար
N 1509-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2022 թվականի N 1509-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1745-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 12.2-րդ և 14-րդ կետերը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, ինչպես նաև որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման, ինչպես նաև ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1745-Ն որոշման՝

1) վերնագրում «, ինչպես նաև որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների» բառերը փոխարինել «հանձնաժողովի» բառով.

2) 1-ին կետի 1-ի ենթակետում «, ինչպես նաև որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների» բառերը փոխարինել «հանձնաժողովի» բառով.

3) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը.

4) N 1 հավելվածի՝

ա. վերնագրում և 1-ին կետում «, ինչպես նաև որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների» բառերը փոխարինել «հանձնաժողովի» բառով,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովը (այսուհետ՝ ատեստավորման հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հանրակրթության մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք), սույն կարգով և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգերով:»,

գ. ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը,

դ. 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ գլուխների վերնագրերում և 5-րդ, 7-9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 17-րդ, 18-րդ և 20-27-րդ կետերում «և հանրապետական հանձնաժողովների» բառերը փոխարինել «հանձնաժողովի» բառով,

ե. 6-րդ կետից հանել «, հանրապետական հանձնաժողովը` 7 անդամից» բառերը,

զ. 10-րդ կետից հանել «, իսկ հանրապետական հանձնաժողովը ձևավորվում է նախարարի հրամանով» բառերը,

է. 15-րդ կետից հանել «, իսկ հանրապետական հանձնաժողովը` նախարարի յոթ» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` հանրապետական հանձնաժողով) ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Ուսուցիչը ստանում է տարակարգ երկու եղանակով՝ ինքնաշխատ՝ սույն կարգի 31-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կարգով, կամ իր նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին (այսուհետ` նախարար) ուղղված իր դիմումի հետ միասին ներկայացնելով սույն կարգով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

 

2. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Հանրապետական հանձնաժողովը երեք տարի ժամկետով և հասարակական հիմունքներով գործող մարմին է, որի անհատական կազմը հաստատվում է նախարարի համապատասխան հրամանով:

4. Հանրապետական հանձնաժողովը ձևավորվում է 11 անդամներից՝ հետևյալ կազմով՝

1) հանձնաժողովի նախագահ, որն ի պաշտոնե նախարարի՝ հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալն է.

2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (այսուհետ` նախարարություն)՝ 2 անդամ.

3) «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամից (այսուհետ՝ ԿԶՆԱԿ հիմնադրամ)՝ 2 անդամ.

4) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից (այսուհետ՝ ԿՏԱԿ) ՝ 2 անդամ.

5) «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ից (այսուհետ՝ ՀՄԿ)՝ 2 անդամ.

6) «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամից (այսուհետ՝ ՀՊՄՀ)՝ 2 անդամ։

5. Հանրապետական հանձնաժողովն ունի քարտուղար, որն ի պաշտոնե նախարարության հանրակրթության վարչության՝ տարակարգի շնորհման գործընթացը համակարգող մասնագետն է և նիստերին մասնակցում է առանց քվեարկելու իրավունքի:

6. Հանրապետական հանձնաժողովի որոշմամբ հանրապետական հանձնաժողովի աշխատանքներում կարող են ընդգրկվել փորձագետներ՝ սույն կարգով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի բովանդակային համապատասխանության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրելու համար։

7. Հանրապետական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հանրակրթության մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք), սույն կարգով և այլ իրավական ակտերով:

8. Հանրապետական հանձնաժողովի գործունեության նպատակը տարակարգի շնորհման գործընթացի իրականացումն է:

9. Հանրապետական հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում իրավասու է ընդունելու որոշում՝ փաստաթղթերի համապատասխանության դեպքում ուսուցչին տրամադրելու իր հայցած տարակարգից բարձր աստիճանի տարակարգ: Հայցած աստիճանից ցածր աստիճանի տարակարգի համապատասխանելու դեպքում հանձնաժողովն իրավասու է այն տրամադրել ուսուցչի գրավոր համաձայնության դեպքում: Ուսուցչի գրավոր համաձայնության բացակայության դեպքում կայացվում է «ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման» որոշում:

10. Հանրապետական հանձնաժողովին ուղղված հայտերի ընդունումը և դրանց ամբողջականության ապահովումը կազմակերպում է նախարարության համապատասխան ստորաբաժանումը:

11. Հանրապետական հանձնաժողովի որոշումները ենթակա են բողոքարկման` համաձայն օրենքի 26-րդ հոդվածի 22-րդ մասի:

 

3. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Հանրապետական հանձնաժողովի լիազորությունները սահմանվում են օրենքով և սույն կարգով:

13. Հանրապետական հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է առկա, անհնարինության դեպքում` նաև հեռավար նիստերի միջոցով:

14. Հանրապետական հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում տարին առնվազն 4 անգամ՝ կախված դիմումների քանակից:

15. Հանրապետական հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում: Նիստի ոչ իրավազոր լինելու դեպքում հաջորդ նիստը տեղի է ունենում ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։

16. Հանրապետական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

17. Հանրապետական հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է հանձնաժողովի նիստերը.

3) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

18. Հանրապետական հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

2) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

19. Հանրապետական հանձնաժողովի անդամը`

1) կարող է վարել նիստը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

2) ուսումնասիրում է փաստաթղթերի փաթեթը.

3) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.

4) մասնակցում է յուրաքանչյուր ուսուցչի համար անցկացվող քվեարկություններին.

5) ստորագրում է տարակարգի շնորհման մասին հանրապետական հանձնաժողովի կայացրած որոշման վերաբերյալ արձանագրությունը, իսկ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում կարող է չստորագրել՝ ներկայացնելով գրավոր հիմնավորում.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

20. Հանձնաժողովի նախագահը սույն կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրապետական հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ կարող է դիմել նախարարին՝ հանձնաժողովի անդամին հանձնաժողովից հեռացնելու միջնորդությամբ, եթե այդ անդամը`

1) երեք անգամ անընդմեջ անհարգելի բացակայել է նիստերից.

2) երեք անգամ հրաժարվել է մասնակցել քվեարկությանը:

21. Հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրվում է սույն կարգի դրույթներին համապատասխան՝ թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում։

 

4. ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

22. Փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն՝ էլեկտրոնային (տեսաներածված) տարբերակով, բացի այն փաստաթղթերից, որոնք լրացված են Դպրոցների կառավարման տեղեկատվական (այսուհետ՝ ԴԿՏ) համակարգում:

23. Տարակարգի համար ուսուցիչը ներկայացնում է դիմում՝ ուղղված նախարարին, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, սույն կարգի 25-26-րդ կետերով սահմանված փաստաթղթերը։

24. Էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո տարակարգի հայտերը կներկայացվեն ԴԿՏ համակարգում:

25. Առաջին և երկրորդ աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

1) դասավանդած առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ, կամ տվյալ առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթության բացակայության դեպքում՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, և դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 60 % արդյունքի հավաստում.

2) դիմող ուսուցչի կողմից ԴԿՏ համակարգում տվյալ ուսումնական տարում դասավանդվող առարկայի (առարկաների) թեմատիկ պլանը (պլանները), ինչպես նաև տարակարգ ստանալու համար դիմելու նախորդ ամսվա ընթացքում իր կողմից ԴԿՏ համակարգում կազմված՝ դասավանդվող առարկաներից 15 դասի ամբողջական պլան՝ բոլոր դաշտերն ամբողջությամբ լրացված (այդ թվում՝ ոչ պարտադիր): Հունիս-սեպտեմբեր ամիսներին դիմելու դեպքում դիտարկվում են մայիս ամսվա ընթացքում կազմված դասերի պլանները.

3) տարակարգ ստանալու համար դիմելու նախորդ վեց ամսվա ընթացքում իր մոտ կատարված դասալսումների 5 արձանագրություն.

4) դիդակտիկական տարբեր նպատակներով իրականացված երկու դասի՝ առնվազն 10 րոպե տևողությամբ տեսագրություն.

5) էլեկտրոնային գործիքների կիրառմամբ և ռեսուրսների կառավարման հմտությունների մասին վկայող մեկ դասի՝ առնվազն 10 րոպե տևողությամբ տեսագրություն.

6) 21-րդ դարի հմտությունների զարգացման նպատակով և ուսումնական գործընթացի ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող մեկ դասի՝ առնվազն 10 րոպե տևողությամբ տեսագրություն.

7) տվյալ առարկայի՝ ուսուցչի դասավանդած դասարաններում գնահատման համապատասխանության մասին հաստատության կողմից իրականացված մշտադիտարկման (էլեկտրոնային մատյանի լրացման, թեմատիկ գրավոր աշխատանքների տարբերակների համապատասխանության, ուսումնական նախագծերի՝ տվյալ թեմային համապատասխանության, սովորողի բնութագրերի մասին) արդյունքները, դիմող ուսուցչի կողմից կազմված ամփոփիչ աշխատանքների (7-12 դասարաններ), ուսումնական նախագծերի (7-12 դասարաններ), սովորողի բնութագրերի (1-4 դասարաններ) մեկական նմուշ:

26. Երրորդ և չորրորդ աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

1) առարկայական գիտելիքների զարգացում՝ բարձրագույն կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, կամ տվյալ առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթության բացակայության դեպքում՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, և դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 70 % արդյունքի հավաստում՝ 3-րդ աստիճանի համար, 80 % արդյունքի հավաստում՝ 4-րդ աստիճանի համար.

2) տարակարգի առաջին և երկրորդ աստիճանի համար 25-րդ կետի 2-7-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը.

3) նախարարության կողմից երաշխավորված «Մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում» դասընթացի վկայական և առկայության դեպքում՝

ա. նախարարության կողմից երաշխավորված ծրագրով դասընթացի, այդ թվում՝ նախարարության հետ համագործակցող տեղական կամ միջազգային կազմակերպություններում կամ հարթակներում կամ Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստման, վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր ֆորում» համակարգում կամ «Հեռավար ուսուցում» համակարգում ուսուցիչների վերապատրաստման հեռավար դասընթացի վարման, կամ մասնագիտական զարգացման շրջանակներում համաժողովներին զեկույցով հանդես գալու մասին վկայող փաստաթուղթ, կամ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպության կողմից մասնագիտական զարգացման ուղղությամբ իրականացվող վերապատրաստումների վկայականներ,

բ. տեղական (նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների) կամ օտարերկրյա պետության կամ միջազգային գիտական կամ մանկավարժական պարբերականներում կամ խմբագրական կազմ ունեցող տեղական կամ միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուներում գիտական կամ մանկավարժական հոդված (հեղինակ կամ համահեղինակ),

գ. նախարարության ենթակայության կառույցների կողմից տրված՝ ուսուցչի վերապատրաստողի վկայական և իրականացրած վերապատրաստումների մասին տեղեկանք,

դ. գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ.

4) մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն՝ մասնագիտական համայնքների, ուսուցիչների՝ մասնագիտական հիմունքներով ձևավորված կազմակերպությունների, արհմիությունների աշխատանքներին մասնակցության մասին տեղեկատվություն, այդ կազմակերպություններից, պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված շնորհակալագրեր, պատվոգրեր, այլ պարգևներ («Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենք).

5) կրթության ոլորտի օրենսդրության և պրակտիկայի իմացություն՝ կրթության ոլորտի օրենսդրության և պրակտիկայի իմացությունը հավաստող նախարարության կողմից երաշխավորված ծրագրով դասընթացի կամ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպության կողմից իրականացվող վերապատրաստման վկայական կամ պարտադիր վերապատրաստման շրջանակներում կրթության ոլորտի օրենսդրության բաղադրիչի կրեդիտը հավաստող վկայական, օրենքների, կարգերի և ուղեցույցների մշակմանը մասնակցության մասին տեղեկանք՝ առկայության դեպքում, գրավոր կարծիք կամ առաջարկություններ հանրակրթության ոլորտը կարգավորող առնվազն մեկ իրավական ակտի վերաբերյալ:

 

5. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ

 

27. Հաստատության ուսուցչին տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է նախարարի հրամանով ձևավորված հանրապետական հանձնաժողովի կողմից` հիմք ընդունելով ուսուցչի մասնագիտական չափանիշները:

28. Հանրապետական հանձնաժողովն ընդունում է օրենքի 26-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված որոշումներից մեկը:

29. Հանրապետական հանձնաժողովի՝ տարակարգի շնորհման մասին որոշումը հիմք է ուսուցչին տարակարգ շնորհելու մասին նախարարի հրամանի համար:

30. Հաստատության ուսուցչին շնորհվող տարակարգը քառաստիճան է, և շնորհելիս աստիճանակարգություն չի պահանջում:

31. Հաստատության ուսուցչին՝

1) առաջին աստիճանի տարակարգ շնորհվում է սույն կարգի 25-րդ կետի 1-7-րդ ենթակետերով սահմանված պահանջների միջին հաշվարկով առնվազն 70 %-ն ապահովելու դեպքում, որոնք համապատասխանում են Ավագ ուսուցչի մասնագիտական չափանիշներին։ Առաջին աստիճանի տարակարգ ինքնաշխատ եղանակով շնորհվում է նաև ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանով հաստատված՝ ուսուցչի մասնագիտական չափանիշներից բխող զարգացման ոլորտներից յուրաքանչյուրից 80-89% արդյունք ապահովելու դեպքում.

2) երկրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է սույն կարգի 25-րդ կետի 1-7-րդ ենթակետերով սահմանված պահանջների միջին հաշվարկով առնվազն 80 %-ն ապահովելու դեպքում, որոնք համապատասխանում են Հմուտ ուսուցչի մասնագիտական չափանիշներին։ Երկրորդ աստիճանի տարակարգ ինքնաշխատ եղանակով շնորհվում է նաև ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանով հաստատված՝ ուսուցչի մասնագիտական չափանիշներից բխող զարգացման ոլորտներից յուրաքանչյուրից 90-100% ապահովելու դեպքում.

3) երրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է սույն կարգի 26-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված պահանջների միջին հաշվարկով առնվազն 70 %-ն ապահովելու դեպքում, որոնք համապատասխանում են Վերապատրաստող ուսուցչի մասնագիտական չափանիշներին.

4) չորրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է սույն կարգի 26-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված պահանջների միջին հաշվարկով առնվազն 80%-ն ապահովելու դեպքում, որոնք համապատասխանում են Հետազոտող ուսուցչի մասնագիտական չափանիշներին:

32. Հանրապետական հանձնաժողովի որոշման հետ անհամաձայնության դեպքում ուսուցիչը կարող է որոշման մասին գրավոր տեղեկացվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, բողոքարկել որոշումը: Հանրապետական հանձնաժողովի որոշումները նախարարություն բողոքարկվելու դեպքում նախարարի հրամանով ձևավորվում է երեք հոգուց բաղկացած բողոքարկման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են ներկայացուցիչներ նախարարությունից, ԿԶՆԱԿ հիմնադրամից և ՀՊՄՀ-ից /անհրաժեշտության դեպքում՝ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններից/: Բողոքարկման հանձնաժողովի կազմում չեն կարող ներգրավվել տվյալ որոշումն ընդունած հանձնաժողովի անդամները:

33. Բողոքարկման հանձնաժողովը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, կազմում հանրապետական հանձնաժողովի որոշումներն անփոփոխ թողնելու կամ վերանայելու վերաբերյալ համապատասխան եզրակացություն և ներկայացնում նախարարին:

34. Նախարարն ընդունում է համապատասխան որոշում` հիմք ընդունելով բողոքարկման հանձնաժողովի եզրակացությունը:

35. Հաստատության ուսուցչին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով:

36. Տարակարգի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է այն դեպքում, երբ՝

1) ուսուցիչը զրկվում է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

2) հերթական ատեստավորման արդյունքում ուսուցիչը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին.

3) տարակարգ ստանալու համար ուսուցչի կողմից ներկայացվել են ոչ հավաստի տեղեկություններ.

4) ուսուցիչը դադարում է զբաղվել ուսուցչական գործունեությամբ:

37. Տարակարգը պահպանվում է, եթե՝

1) տարակարգի հնգամյա ժամկետի ընթացքում ուսուցիչը տեղափոխվում է հաստատությունից այլ հաստատություն.

2) ուսուցիչը տարակարգի հնգամյա ժամկետի ընթացքում աշխատանքից ազատվելուց հետո նորից անցնում է ուսուցչական աշխատանքի որևէ հաստատությունում: Այս դեպքում տարակարգը պահպանվում է հնգամյա ժամկետի մնացած ժամանակահատվածի համար:

 

6. ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

38. Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է ամսական հավելավճար`

1) առաջին աստիճանի տարակարգի համար` ուսուցչական ծանրաբեռնվածության 10 %-ի չափով.

2) երկրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչական ծանրաբեռնվածության 20 %-ի չափով.

3) երրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչական ծանրաբեռնվածության 30 %-ի չափով.

4) չորրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչական ծանրաբեռնվածության 50 %-ի չափով:

39. Սույն կարգով սահմանված ամսական հավելավճարը հաշվարկվում է տվյալ հաստատությունում սահմանված ուսուցչական դրույքաչափի (կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դեպքում՝ բարձրացված դրույքաչափի) և ուսուցչական ծանրաբեռնվածության հաշվարկով, և չի ներառում դասղեկության համար նախատեսվող լրավճարը, մեթոդական միավորման ղեկավարին տրվող լրավճարը, բարձրլեռնային բնակավայրում տեղակայված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարը, ինչպես նաև ուսուցիչներին տրվող այլ լրավճարներն ու հավելավճարները։

40. Համատեղությամբ հանրակրթական ծրագիր իրականացնող այլ հաստատությունում աշխատող ուսուցիչներին սույն կարգով սահմանված հավելավճարը տրամադրվում է սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան։

41. Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատող տարակարգ ստացած ուսուցչին սույն կարգով սահմանված հավելավճարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ուսումնական հաստատությանն այդ նպատակով տրամադրված միջոցների հաշվին։ Ոչ պետական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչը կարող է դիմել տարակարգի համար՝ հիմնադրի գրավոր համաձայնությամբ: Այս դեպքում տարակարգ ստացած ուսուցչին ամսական հավելավճարը տրվում է հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։

(հավելվածը խմբ. 06.02.25 N 118-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.02.2025, N 118-Ն 07.02.2025, N 1509-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան