Գլխավոր տեղեկություն
Համար
N 98-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.01.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2025 թվականի N 98-Ն

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 15-րդ կետերով, 2-րդ մասով, 23-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով նախատեսված օժանդակությունը տրամադրվելու է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված արտահանումների համար։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում հաստատել արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևը.

2) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

3) կիսամյակային պարբերականությամբ իրականացնել Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրոպական միության անդամ հանդիսացող պետություններ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն արտահանման ցուցանիշների վերլուծություն (այդ թվում՝ օժանդակություն ստացած կազմակերպությունների վճարած հարկերի, ստեղծած աշխատատեղերի և վճարած աշխատավարձերի) և դրա արդյունքները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է 2025 թվականի փետրվարի 1-ից և գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունվարի 23-ի N 98-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն ծրագրով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանքների արտահանման ժամանակ ներմուծվող երկրի օրենսդրությանը համապատասխան այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարին համարժեք օժանդակության տրամադրման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն ծրագրի իմաստով՝

1) արտահանող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություն կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատեր, որը Հայաստանի Հանրապետությունից «Արտահանում» կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով արտահանել է Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանք.

2) օժանդակության տրամադրման գումար՝ ներմուծման երկրի օրենսդրությամբ տվյալ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումար.

3) ներմուծվող պետություն՝ Եվրոպական միության անդամ հանդիսացող պետություն և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն.

4) պատասխանատու նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.

5) ապրանք՝ մշակող արդյունաբերության (տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչ՝ C) արտադրանքը (ապրանքը) (բացառությամբ՝ ՏԳՏԴ C 12, ՏԳՏԴ C 19, ՏԳՏԴ C 24, ՏԳՏԴ C 32.1), որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Սույն կետի կիրառության իմաստով ապրանք է հանդիսանում նաև C 24.2, C 24.42.0-ից ալյումինե նրբաթիթեղի արտադրության արտադրանքը և ալյումինե նրբաթիթեղից, որպես հիմնական բաղադրիչ, ալյումինե շերտավորված նրբաթիթեղի արտադրության արտադրանքը, որոնց ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է.

6) շահառու՝ արտահանող, որը պատասխանատու նախարարություն է ներկայացրել հայտ օժանդակություն ստանալու նպատակով, և ներկայացված հայտը բավարարում է սույն ծրագրի պահանջներին։

3. Արտահանման խթանման նպատակով արտահանողին տրամադրվում է օժանդակություն ապրանքի արտահանումից հետո ներմուծվող երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափով, եթե ներմուծման երկիր ապրանքի համար սահմանված չէ մաքսատուրքի զրոյական դրույքաչափ։ Ընդ որում, եթե ներմուծման երկրում որևէ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափն ավելին է, քան 20 %-ը, ապա օժանդակության գումարի հաշվարկման համար որպես հաշվարկային մեծություն հիմք է հանդիսանում 20 % դրույքաչափ։

4. Օժանդակության տրամադրման գումարի հաշվարկման համար հիմք է հանդիսանում արտահանող երկրի ապրանքային հայտարարագրի մաքսային արժեքի («մաքսային տարածքում վերամշակում» ընթացակարգով ներմուծած և հետագայում «վերաարտահանում» ընթացակարգով արտահանած հայկական ծագման ապրանքների դեպքում՝ այդ ապրանքների ստացման նպատակով վերամշակման ծառայության արժեքի) և ներմուծման երկրում փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարը։ Ընդ որում, եթե արտահանող երկրի ապրանքային հայտարարագրի մաքսային արժեքի և ներմուծման երկրում փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարն ավելի մեծ է, քան ներմուծման երկրի ապրանքային հայտարարագրի մաքսային արժեքի և ներմուծման երկրում փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարը, ապա փոխհատուցումը տրվում է դրանցից նվազագույնի չափով։

5. Օժանդակությունը տրամադրվում է շահառուին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։

6. Սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված մաքսային արժեքն արտարժույթով արտահայտված լինելու դեպքում օժանդակության տրամադրման գումարը հաշվարկվում է օժանդակության տրամադրման գումարի վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար հրապարակված փոխարժեքով։

7. Արտահանողն ապրանքի արտահանման գործընթացի ավարտից (ապրանքները Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու ամսաթվից) հետո վեցամսյա ժամկետում օժանդակություն ստանալու նպատակով հայտ է ներկայացնում պատասխանատու նախարարություն՝ համաձայն N 1 ձևի։ Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով (էլ. հասցե՝ secretariat@mineconomy.am), որի դեպքում հայտատուն հայտը հաստատում է էլեկտրոնային ստորագրությամբ կամ ուղարկում է ստորագրված բնօրինակ փաստաթղթի սկանավորված տարբերակը։

8. Արտահանողը պետք է ունենա բարվոք հարկային պատմություն, այսինքն` վերջինիս նկատմամբ հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ և հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։

9. Սույն ծրագրի 8-րդ կետի պահանջներին համապատասխանությունը հստակեցնելու նպատակով պատասխանատու նախարարությունը հայտն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական հարցում է կատարում Պետական եկամուտների կոմիտե, որը հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցման վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է պատասխանատու նախարարությանը։

10. Արտահանողը հայտին կից պատասխանատու նախարարություն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) արտահանման մաքսային հայտարարագրի («մաքսային տարածքում վերամշակում» ընթացակարգով ներմուծած և հետագայում «վերաարտահանում» ընթացակարգով արտահանած հայկական ծագման ապրանքների դեպքում՝ այդ ապրանքների ստացման նպատակով վերամշակման ծառայության արժեքը հավաստող փաստաթղթերի (հաշվարկային փաստաթուղթ, ոչ ռեզիդենտին տրամադրվող՝ ապրանքի մատակարարումը հավաստող փաստաթուղթ (ինվոյս), պայմանագիր և այլն), հաշվարկային փաստաթղթի, ներմուծող և արտահանող կողմերի միջև կնքված արտահանման մասին պայմանագրի և արտահանումը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները, ներմուծման հայտարարագրերի պատճենները՝ հաստատելով, որ պատճենները համապատասխանում են բնօրինակին.

2) արտահանվող ապրանքի խմբաքանակի՝ Հայաստանի Հանրապետության ծագումը հավաստող փաստաթղթի պատճենը՝ հաստատելով, որ համապատասխանում է բնօրինակին.

3) տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից արտահանողի արտահանած ապրանքի համար փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ, այդ թվում՝ զրոյական դրույքաչափ սահմանված լինելու, հակագնագցման մաքսատուրք կիրառված լինելու կամ չլինելու վերաբերյալ.

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցումը հավաստող վկայականի պատճենը.

5) բանկային հաշվեհամարը.

6) հայտարարություն՝ համաձայն N 2 ձևի.

7) այլ տեղեկություն՝ հայտատուի ցանկությամբ:

11. Արտահանողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկատվության իսկության համար։

12. Պատասխանատու նախարարությունը հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փաստաթղթերը և դրանց ամբողջական լինելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում արտահանողի հետ կնքում է օժանդակության տրամադրման մասին պայմանագիր՝ համաձայն հաստատված օրինակելի ձևի։

13. Հայտի և կից փաստաթղթերի ամբողջական չլինելու կամ դրանցում անհամապատասխանություններ առկա լինելու դեպքում պատասխանատու նախարարությունը հայտն ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է արտահանողին՝ առաջարկելով 5 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել փաստաթղթերը կամ շտկել դրանցում առկա անհամապատասխանությունները և փաստաթղթերի լրամշակված փաթեթը ներկայացնել պատասխանատու նախարարություն։

14. Պատասխանատու նախարարությունը փաստաթղթերի լրամշակված փաթեթն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և ամբողջական լինելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում արտահանողի հետ կնքում օժանդակության տրամադրման մասին պայմանագիր։

15. Հայտատուի կողմից ներկայացված հայտը ենթակա է մերժման, եթե՝

1) հայտատուն դատական կարգով ճանաչված է սնանկ.

2) հայտով և կից փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում սույն ծրագրի պահանջներին.

3) սույն ծրագրի 13-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո ամբողջական կամ հայտի՝ անհամապատասխանությունները շտկված տարբերակը չի ներկայացվել պատասխանատու նախարարություն կամ կրկին ներկայացվել է ոչ ամբողջական կամ դրանցում կրկին առկա են անհամապատասխանություններ․

4) հայտատուն չունի բարվոք հարկային պատմություն, այսինքն՝ օժանդակություն ստանալու նպատակով հայտը պատասխանատու նախարարություն ներկայացնելու օրվան նախորդող 365 օրերի ընթացքում վերջինիս նկատմամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ գանձելու վերաբերյալ հարուցված է վարչական վարույթ և հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ.

5) ապրանքի արտահանումից հետո վեցամսյա ժամկետում պատասխանատու նախարարություն հայտ չի ներկայացվել:

16. Պատասխանատու նախարարությունն օժանդակության տրամադրման մասին պայմանագիրը կնքելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում օժանդակության գումարը փոխանցում է շահառուի հաշվեհամարին։

 

   

Ձև N 1

   

——————————————————————

(կազմակերպության անվանումը,անհատ

ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

   

ՀՎՀՀ —————————————————

Գտնվելու վայրի (հաշվառման վայրի) հասցե —

————————————————

Պետական ռեգիստրում գրանցման համար —

Հեռախոսահամար ———————————

Էլ. փոստ ———————————————

 

Պատասխանատու կոնտակտային անձ

 

Ա.Ա.Հ.—————————————————

Պաշտոնը————————————————

Հեռախոսահամարը————————————

Փոստային հասցեն————————————

Էլ. փոստ ————————————————

 

Հ Ա Յ Տ

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

Խնդրում եմ, համաձայն Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագրի՝ տրամադրել օժանդակություն։

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1) արտահանման մաքսային հայտարարագրի («մաքսային տարածքում վերամշակում» ընթացակարգով ներմուծած և հետագայում «վերաարտահանում» ընթացակարգով արտահանած հայկական ծագման ապրանքների դեպքում՝ այդ ապրանքների ստացման նպատակով վերամշակման ծառայության արժեքը հավաստող փաստաթղթերի (հաշվարկային փաստաթուղթ, ոչ ռեզիդենտին տրամադրվող՝ ապրանքի մատակարարումը հավաստող փաստաթուղթ (ինվոյս), պայմանագիր և այլն), հաշվարկային փաստաթղթի, ներմուծող և արտահանող կողմերի միջև կնքված արտահանման մասին պայմանագրի և արտահանումը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները, ներմուծման հայտարարագրերի պատճենները՝ հաստատելով, որ պատճենները համապատասխանում են բնօրինակին.

2) արտահանվող ապրանքի խմբաքանակի՝ Հայաստանի Հանրապետության ծագումը հավաստող փաստաթղթի պատճենը՝ հաստատելով, որ համապատասխանում է բնօրինակին.

3) տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից արտահանողի արտահանած ապրանքի համար փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ, այդ թվում՝ զրոյական դրույքաչափ սահմանված լինելու, հակագնագցման մաքսատուրք կիրառված լինելու կամ չլինելու վերաբերյալ.

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցումը հավաստող վկայականի պատճենը.

5) բանկային հաշվեհամարը.

6) հայտարարություն՝ համաձայն N 2 ձևի.

7) այլ տեղեկություն՝ հայտատուի ցանկությամբ:

 

Առդիր` —— էջ:

Տնօրեն, անհատ ձեռնարկատեր

——————————————————————————————

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

—— ——————— 20 թ.

(ամսաթիվը, ամիսը)

Կ. Տ.

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

———————————————————————————————— -ս հայտնում և հավաստում եմ, որ՝

(կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

1) դատական կարգով սնանկ ճանաչված չեմ.

2) օժանդակություն ստանալու նպատակով հայտի ներկայացման պահի դրությամբ չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ առկա չէ, և հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չկան հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ.

3) « ——————————————————— »-ի գործադիր մարմնի ներկայացուցիչս հայտը ներկայացնելու

(կազմակերպության անվանումը (անունը), անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված չեմ եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունն օրենքով սահմանված կարգով վերացված կամ մարված է:

Հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ կեղծ փաստաթուղթ կամ տեղեկատվություն ներկայացնելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Ես՝ ———————————————— ս, պարտավորվում եմ իմ կողմից ներկայացված նշված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Հայաստանի Հանրապետությանը էկոնոմիկայի նախարարությանը:

 

————————————————————————————————

(կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ (անունը) ( ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

——————————————

(ստորագրությունը)

————————————— 20 թ.

(ամսաթիվը, ամիսը)

   
     

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան