ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում`
1) չորրորդ պարբերությունը «կազմակերպությունների և» բառերից հետո լրացնել «հաշվառված» բառով.
2) հինգերորդ պարբերությունում`
ա. «կազմակերպությունների և» բառերից հետո լրացնել «հաշվառված» բառով.
բ. հանել «` հարկային մարմնում հաշվառման կանգնելիս» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«հարկ վճարողի հարկային գործ` հարկային մարմնի կողմից վարվող յուրաքանչյուր հարկ վճարողի անհատական թղթապանակ, որում ամփոփվում են հարկ վճարողից ստացված, հարկային մարմնի կազմված, ինչպես նաև երրորդ անձանցից ստացված նրան վերաբերող բոլոր փաստաթղթերը` սկսած հիմնադիր փաստաթղթերից մինչև հարկ վճարողի լուծարումը (գործունեության դադարեցումը)` հարկային հաշվառումից հանելը հավաստող փաստաթղթերը:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրումը, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների, իրականացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով: Հարկ վճարողի հաշվառման համարը նրա նույնականացման կոդն է:
Պետական գրանցում ստացող կազմակերպություններին և հաշվառվող անհատ ձեռնարկատերերին հարկ վճարողների հաշվառման համարներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը գրանցող (հաշվառող) մարմնին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրում է իր ավտոմատացված կառավարման համակարգում տվյալների բազայից առցանց ռեժիմով օգտվելու թույլտվություն:
Օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերն ստանալուց և ավտոմատացված տվյալների բազա մուտքագրելուց հետո համակարգչային ծրագրի միջոցով հարկ վճարողին անմիջապես տրամադրվում է հաշվառման համար:
Պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման մասին տեղեկությունները պետական գրանցման (հաշվառման) օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրվում են հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների պետական գրանցման մասին տեղեկությունները պետական գրանցման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգով:».
2) 7-րդ մասի «պետական գրանցում ստանալու և հարկային մարմնում հաշվառման կանգնելու» բառերը փոխարինել «հաշվառվելու» բառով.
3) 9-րդ մասը «կնիքի» բառից հետո լրացնել «(դրա առկայության դեպքում)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 1-ին, 2-րդ 3-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Պետական գրանցում ստացած կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հաշվառվում են իրենց տարածքի հարկային մարմնում (տեսչությունում)` ըստ իրենց գտնվելու վայրի կամ ըստ իրենց բնակության վայրի:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. | Հարկային հաշվառման կանգնելու համար ներկայացվող փաստաթղթերը |
1. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու և հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) անձնագրի և սոցիալական քարտի պատճենները (առկայության դեպքում), բացակայության դեպքում` սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ լիազորված մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը.
2) ֆիզիկական անձի կողմից լրացված` հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմում:
2. ՀՎՀՀ-ի տրամադրման դիմումի ձևը և դրանում լրացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենքի 9-րդ Հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. | Հարկ վճարողի վերաբերյալ տվյալների փոփոխման մասին տեղեկություններ ներկայացնելը |
Կազմակերպությունների պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների հաշվառման ժամանակ պահանջվող տվյալների փոփոխության դեպքում հարկ վճարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել իրենց սպասարկող հարկային մարմնին մինչև փոփոխությունների տեղի ունենալուն հաջորդող ամսվա 20-ը:»:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «կազմակերպություններին և» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Հարկային մարմինը հարկային հաշվառման վերցված յուրաքանչյուր հարկ վճարողի համար վարում է հարկային գործ: Հարկային գործում ընդգրկվող փաստաթղթերի ցանկը, հարկային գործերի վարման, օգտագործման և պահպանության կարգը հաստատում է վերադաս հարկային մարմնի ղեկավարը:»:
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «կազմակերպության կամ» և «(այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ)» բառերը:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Օրենքով սահմանված կարգով գրանցում ստացած կազմակերպությունները լուծարման (հաշվառված անհատ ձեռնարկատերերը` գործունեության դադարեցման) համար դիմում են ներկայացնում պետական ռեգիստրի մարմին, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հարկ վճարողից լուծարային հաշվարկները և հաշվետվություններն ստանալուց հետո հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնում է լուծարային ստուգում:»:
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. | Հարկային գործերի պահպանությունը |
1. Հարկային գործերը վարող հարկային մարմինն ապահովում է հարկային գործերի պահպանությունը հետագա օգտագործման նպատակով:
2. Հարկային գործերը հարկային մարմնում պահպանվում են 5 տարի ժամկետով, ապա օրենքով սահմանված կարգով ենթարկվում փորձաքննությամբ արժեքավորման, բացառությամբ հարկ վճարողների հիմնադիր փաստաթղթերի և չկատարված հարկային պարտավորությունները հավաստող փաստաթղթերի, որոնք փորձաքննությամբ արժեքավորման ենթակա են միայն հարկ վճարողի լուծարումից (գործունեության դադարեցումից) 5 տարի հետո:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-198-Ն |