ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29555/02/20 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29555/02/20 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. Մկրտչյան | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի հոկտեմբերի 28-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Լիլիթ Հովհաննիսյանի, Նարե և Նանե Դավթյանների հայցի ընդդեմ Արման Նուռի ու երրորդ անձ «Երևան» նոտարական տարածքի նոտար Նաիրա Մանուչարյանի՝ նվիրատվության պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու և բնակտարածության օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.08.2023 թվականի որոշման դեմ Լիլիթ Հովհաննիսյանի, Նարե ու Նանե Դավթյանների բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Նարե և Նանե Դավթյանները պահանջել են մասնակիորեն անվավեր ճանաչել Լիլիթ Հովհաննիսյանի ու Արման Նուռի միջև 05.04.2019 թվականին կնքված թիվ 2268, թիվ 2269 և թիվ 2270 անշարժ գույքի բաժինների որոշման ու բաժնի նվիրատվության պայմանագրերը և Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի թիվ 16բ շենքի 60-րդ հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ ճանաչել իրենց բնակտարածության օգտագործման իրավունքը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 08.02.2023 թվականի «Քաղաքացիական գործից մաս առանձնացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ թիվ ԵԴ/29555/02/20 քաղաքացիական գործից առանձնացվել է նվիրատվության պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասը, իսկ բնակտարածության օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջների մասով առանձնացված գործը հանձնվել է գրասենյակ՝ վերամակագրության նպատակով:
Դատարանի 08.02.2023 թվականի «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ նվիրատվության պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.08.2023 թվականի որոշմամբ Դատարանի 08.02.2023 թվականի «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ Լիլիթ Հովհաննիսյանի, Նարե և Նանե Դավթյանների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 08․02.2023 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Լիլիթ Հովհաննիսյանը, Նարե և Նանե Դավթյանները (ներկայացուցիչ Հերմինե Ավետիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ, 331‑րդ, 332-րդ, 335-րդ և 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-60-րդ, 62-րդ, 66-րդ ու 168-րդ հոդվածները։
Բողոք բերած անձինք նշված հիմքի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Ստորադաս դատարանները չեն պարզել, թե երբ է իրենցից Լիլիթ Հովհաննիսյանն իմացել իր իրավունքների խախտման մասին։ Փոխարենը, արձանագրելով, որ իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին պետք է կամ պարտավոր էր իմանալ առնվազն անշարժ գույքում սեփականության իրավունքով իրեն պատկանող բաժնեմասերը պատասխանողին անհատույց հանձնելու վերաբերյալ նվիրատվության պայմանագրեր կնքելիս, այն է՝ 05․04․2019 թվականին, հայցային վաղեմության մեկամյա ժամկետի ընթացքը հաշվարկել են հենց այդ օրվանից՝ անտեսելով, որ գործարքները կնքելու պահին ինքը չէր կարող իմանալ խաբեության մասին, իսկ եթե իմանար, ապա այդ գործարքները չէր կնքի։ Ավելին՝ նվիրատվության պայմանագրերի կնքմանը հաջորդած մեկ տարվա ընթացքում Արման Նուռի վարքագիծը որևէ կերպ չէր վկայում ձեռք բերված պայմանավորվածության խախտման մասին։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրենցից Լիլիթ Հովհաննիսյանն իր խախտված իրավունքների մասին իմացել է միայն 08.08.2020 թվականին՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետ Ն. Բարսեղյանի 28․07․2020 թվականի թիվ 22/2-2154 գրությունից, ինչպես նաև Արման Նուռի կողմից 2020 թվականի օգոստոսին ուղարկված բջջային կարճ հաղորդագրություններից, ուստի հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է սկսել 08.08.2020 թվականից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել գործում առկա ապացույցները, որոնք հաստատում են, որ իրենցից Լիլիթ Հովհաննիսյանն անշարժ գույքի նվիրատվությունը կատարել է դրանք հետագայում իրենց երեխաների անունով անվանափոխելու, իր ու երեխաների՝ Երևանի Փափազյան թիվ 16բ շենքի 60-րդ հասցեի բնակարանից օգտվելն անխոչընդոտ շարունակելու պայմանով և նպատակով։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն փաստը, որ նվիրառու Արման Նուռի խաբեությունը բացահայտվել է գործարքները կնքելուց մեկ տարի անց, երբ վերջինս դիմում է ներկայացրել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունք՝ իրենցից Լիլիթ Հովհաննիսյանին հաշվառումից հանելու վերաբերյալ ու երեխաներին ուղարկված կարճ հաղորդագրություններով պահանջել է ազատել բնակարանը։
Վերաքննիչ դատարանը ձևական է գնահատել այն, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածը և, հայցային վաղեմության կիրառմամբ հայցը մերժելով, կայացրել է ոչ թե վճիռ, այլ որոշում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 22.08.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Արաբկիր ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի կողմից 15.09.2016 թվականին տրված թիվ 188746 ամուսնության վկայականի համաձայն՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Արման Նուռի ամուսնությունը գրանցվել է 20.12.1999 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 61)․
2) Արաբկիր ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Կարինե Շահբազյանի կողմից 22.02.2019 թվականին տրված թիվ ԲԱ087706 ամուսնալուծության մասին պետական վկայականի համաձայն՝ 22.02.2019 թվականին Լիլիթ Հովհաննիսյանի և Արման Նուռի ամուսնությունը լուծվել է (հատոր 1-ին, գ.թ. 55)․
3) Արդարադատության նախարարության «Երևան» նոտարական տարածքի նոտար Նաիրա Մանուչարյանի կողմից 05.04.2019 թվականին վավերացրած անշարժ գույքի բաժինների որոշման և բաժնի նվիրատվության պայմանագրի համաձայն՝ Լիլիթ Հովհաննիսյանն Արման Նուռի սեփականությանն է անհատույց հանձնել, իսկ վերջինս ընդունել է իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևան, Կենտրոն վարչական շրջան, Աբովյան փողոց, 41-րդ շենք թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույքի իրեն պատկանող 1/2 բաժինն ամբողջությամբ: Անշարժ գույքի նկատմամբ գրանցված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 54)․
4) Արդարադատության նախարարության «Երևան» նոտարական տարածքի նոտար Նաիրա Մանուչարյանի կողմից 05.04.2019 թվականին վավերացրած անշարժ գույքի բաժինների որոշման և բաժնի նվիրատվության պայմանագրի համաձայն՝ Լիլիթ Հովհաննիսյանն Արման Նուռի սեփականությանն է անհատույց հանձնել, իսկ վերջինս ընդունել է իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ.Փափազյան փողոց, թիվ 16բ շենք, 60-րդ բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի իրեն պատկանող 1/2 բաժինն ամբողջությամբ: Անշարժ գույքի նկատմամբ գրանցված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 56)․
5) Արդարադատության նախարարության «Երևան» նոտարական տարածքի նոտար Նաիրա Մանուչարյանի կողմից 05.04.2019 թվականին վավերացրած անշարժ գույքի բաժինների որոշման և բաժնի նվիրատվության պայմանագրի համաձայն՝ Լիլիթ Հովհաննիսյանն Արման Նուռի սեփականությանն է անհատույց հանձնել, իսկ վերջինս ընդունել է իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևան, Կենտրոն վարչական շրջան, Աբովյան փողոց, թիվ 41 շենք, 12-րդ բնակարան հասցեում անշարժ գույքի իրեն պատկանող 1/2 բաժինն ամբողջությամբ: Անշարժ գույքի նկատմամբ գրանցված է «Ամերիաբանկ» ՓԲԸ‑ի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 57)․
6) Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետ Ն․ Բարսեղյանի 28.07.2020 թվականի թիվ 22/2-2154 գրության համաձայն՝ Երևանի Փափազյան փողոցի թիվ 16բ շենքի 60-րդ հասցեում գտնվող բնակելի տարածության սեփականատեր Արման Նուռի 13.07.2020 թվականին ներկայացված դիմումի համաձայն, Լիլիթ Հովհաննիսյանը հանվել է վերոնշյալ հասցեի հաշվառումից՝ Կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 13.1-ին կետի հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 62)․
7) «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հաճախորդների աջակցման տնօրեն Սիրանուշ Մանանդյանի կողմից 24.02.2023 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի կողմից ուղարկված գրությունը հայցվոր Լիլիթ Հովհաննիսյանն ստացել է 08.08.2020 թվականին (հատոր 4-րդ, գ.թ. 19)․
8) Լիլիթ Հովհաննիսյանը, Նարե և Նանե Դավթյանները դատական պաշտպանության են դիմել 10.09.2020 թվականին (թիվ ԵԴ/26725/02/20 քաղաքացիական գործ, հիմք՝ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ)․
9) գործով վկա Ջուլիետտա Մանդալյանը, ի թիվս այլի, ցուցմունք է տվել այն մասին, որ հայցվոր Լիլիթ Հովհաննիսյանն իր ամուսնու քույրն է, իսկ Արման Նուռի հետ ունեցել է շատ ջերմ հարաբերություններ: Տեղյակ է, որ նրանց մեջ եղել է խոսակցություն այն մասին, որ նվիրատվությունը պետք է լիներ Արմանի անունով, ով էլ հետագայում գույքը պետք է անվանափոխեր երեխաների անունով (հատոր 3-րդ, գ.թ. 67-75):
4․ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317‑րդ ու 337-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ խաբեության ազդեցության ներքո կնքված լինելու հիմքով գործարքն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Սահմանադրական դատարանն իր որոշումներում հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական ու վարչական):
Մի շարք որոշումներում անդրադառնալով դատարանի մատչելիության սահմանափակումների հարցին՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, օրինակ, Սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի ՍԴՈ-1477 որոշումը):
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն ևս՝ արդարադատության մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարր է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ու հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը):
Դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ Եվրոպական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս Խալֆաունին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է (․․․), կամքի ինքնավարության (․․․), խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: (․․․)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը (․․․):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը, արձանագրելով, որ «Քաղաքացիական օրենսդրության կարևոր սկզբունքներից մեկն իրավահարաբերության մասնակիցների կամքի ազատ իրականացման սկզբունքն է», «Քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցների խախտված իրավունքների վերականգնումն ապահովելը, դրանց դատական պաշտպանությունը ևս օրենսդիրը դիտում է իբրև հիմնարար սկզբունք», «Հենց այդ սկզբունքների իրագործմանն են նպատակաուղղված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ բաժնի 18‑րդ գլխի «Գործարքների անվավերությունը» վերտառությամբ 2-րդ պարագրաֆի 303‑317 հոդվածներում պարունակվող իրավանորմերը», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասում հստակ շարադրված են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դատարանը տուժողի հայցով կարող է անվավեր ճանաչել գործարքը», իրավական դիրքորոշում է հայտնել, որ «(․․․) յուրաքանչյուր դեպքում, ելնելով գործի հանգամանքներից, (․․․) դատարանը գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներով գնահատում է, թե տեղի ունեցել է խաբեություն, բռնություն, սպառնալիք, կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնություն, ինչ հանգամանքներում է կնքվել գործարքը (․․․), այս հարցերը պարզելուց հետո միայն դատարանը կարող է հանգել եզրակացության` խախտվել է, արդյոք, կամքի ազատ արտահայտության և ի շահ իրեն իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելուն ուղղված գործողություններ կատարելու` քաղաքացիական օրենսդրության սկզբունքը»։ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ «(․․․) վիճարկվող հոդվածը ոչ միայն չի հակասում ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածներին, այլև կոչված է սահմանադրական այդ դրույթների իրական ապահովմանն այն առումով, որպեսզի քաղաքացիական իրավահարաբերություններում բացառվեն խաբեությունը, բռնությունը, սպառնալիքը, չարամիտ համաձայնությունը, ինչպես նաև ծանր հանգամանքներից օգտվելով` կողմի համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարքների կնքումը» (տե՛ս Սահմանադրական դատարանի 03․07․2007 թվականի թիվ ՍԴՈ-705 որոշումը):
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Զարգացնելով իր իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ երկկողմ կամ բազմակողմ գործարքն իրավական հետևանքներ կարող է առաջացնել միայն գործարքը կնքող կողմերի կամահայտնության առկայության դեպքում, որոնք հետապնդում են սեփական իրավական նպատակները: Երկկողմ կամ բազմակողմ գործարքում կողմերի կամահայտնությունը պետք է ունենա հանդիպակաց և համընկնող բնույթ։ Կամահայտնության հանդիպակաց բնույթը պայմանավորված է կողմերի փոխադարձ բավարարվող շահերով, իսկ կամահայտնության համընկնող բնույթը նշանակում է դրանց փոխադարձ համաձայնեցում և վկայում է կողմերի միջև համաձայնության հասնելու մասին: Հետևաբար, կողմերի փոխադարձ կամահայտնության և փոխադարձ համաձայնեցման շնորհիվ երկկողմ գործարքը, որպես կողմերի համաձայնագիր, քաղաքացիական շրջանառության մեջ է դրվում որպես մեկ միասնական կամային ակտ՝ պայմանագրի տեսքով (տե՛ս Վահան Դերսահակյանն ընդդեմ «Ատլաս Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՓԲԸ-ի թիվ ԱՎԴ/2596/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2022 թվականի որոշումը):
Անդրադառնալով խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խաբեությունն անձին գիտակցաբար մոլորության մեջ գցելն է` նրա հետ գործարք կնքելու նպատակով: Գործարքը, լինելով կամային ակտ, ենթադրում է, որ կողմերից ոչ մեկը չպետք է այնպիսի միջոցներ գործադրի, որպեսզի մյուս կողմը չիմանա կամ սխալ պատկերացնի այն հանգամանքները, որոնք նրա համար վճռական նշանակություն կարող են ունենալ գործարքը կնքելիս: Խաբեությամբ կնքված գործարքներում մեկ կողմի անբարեխղճությունն անպայման ենթադրվում է (տե՛ս Վլադիմիր Գրիգորյանն ընդդեմ Ռոզա Թովմասյանի և մյուսների թիվ ԵՇԴ/1671/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքի սուբյեկտները գործարք են կնքում որոշակի նպատակով և այդ նպատակին հասնելու համար արտահայտում են իրենց կամքը, որն էլ պետք է արտահայտվի առանց որևէ արտաքին ազդեցության, ուստի այն դեպքերում, երբ գործարք կնքող անձն ազատ չի արտահայտել իր կամքը, արտաքին ազդեցության հետևանքով նրա կամքը խաթարվել է, նա իրավունք ունի վիճարկել այդպիսի կամահայտնությամբ կնքված գործարքը: Այդ տիպի գործարքներն անվավեր ճանաչելու հիմքն արտաքին գործողությունների միջոցով անձին խեղաթյուրված կամք դրսևորելուն հասցնելու հետևանքով նրա կամքին չհամապատասխանող գործարք կնքելն է: Նման գործարք է նաև խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքը: Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ խաբեությունը գործարքի կողմերից մեկի գիտակցաբար դրսևորած անբարեխիղճ վարքագիծն է՝ ուղղված նրան, որ գործարքի մյուս կողմն իր համար ձեռնտու պայմաններով կնքի գործարքը: Գործարքի կնքման մեջ շահագրգռված, անբարեխիղճ կողմն իր մեղավոր գործողություններով մյուս՝ տուժող կողմի մոտ ստեղծում է իրականությանը չհամապատասխանող տպավորություն գործարքի էության, առարկայի, պայմանների վերաբերյալ՝ ազդելով նման գործարք կնքելու նրա որոշման վրա: Ընդ որում, եթե տուժող կողմի կամքը խաթարվել է գործարքի կողմ (ներկայացուցիչ) չհանդիսացող այլ անձանց կողմից՝ առանց գործարքի կողմի որևէ կերպ մասնակցության, ապա գործարքը չի կարող վիճարկվել խաբեության հիմքով, քանի որ գործարքը խաբեության ազդեցության տակ կնքված որակելու համար անհրաժեշտ պայման է այն, որ գործարք կնքելիս տուժող կողմի կամքը խաթարված լինի գործարքի մյուս կողմի (ներկայացուցչի) մեղավոր վարքագծի՝ այդ թվում և այլ անձանց միջոցով դրսևորված գործողությունների հետևանքով: Այսպիսով, գործարքը խաբեության ազդեցության տակ կնքված լինելու հիմքով անվավեր ճանաչվելու համար տուժող կողմը պետք է որոշակի ապացույցներ ներկայացնի իր կամքը խաթարվելու հարցում գործարքի մյուս կողմի (ներկայացուցչի) կողմից անձամբ կամ այլ անձանց միջոցով մեղավոր վարքագծով (գործողությամբ կամ անգործությամբ) մասնակցության մասին (տե՛ս Ստեփան Գրիգորյանն ու Անահիտ Գրիգորյանն ընդդեմ Արսեն Բաղրամյանի, Սուսաննա Խաչյանի, Արթուր Ավալյանի թիվ ԵԿԴ/5820/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24․02․2022 թվականի որոշումը):
Շարադրված իրավական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներից բխում է, որ քաղաքացիական շրջանառության ցանկացած մասնակից, ով գտնում է, որ իր իրավունքը խախտվել է խաբեության ազդեցության ներքո գործարք կնքելու հետևանքով, իրավունք ունի դատական կարգով վիճարկելու տվյալ գործարքի վավերությունը՝ դրա հիմքում դնելով գործարք կնքելիս մյուս կողմի (նրա ներկայացուցչի) կողմից անձամբ կամ այլ անձանց միջոցով իր կամքը խաթարելուն ուղղված խաբեության գործադրման փաստը, որն իր մոտ ստեղծել է օբյեկտիվ իրականությանը չհամապատասխանող տպավորություն գործարքի էության, առարկայի, պայմանների վերաբերյալ՝ ազդելով նման գործարք կնքելու նրա որոշման վրա:
Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ դատական պաշտպանության իրավունքը բացարձակ իրավունք չէ, այն ենթարկվում է որոշակի իրավաչափ նպատակներ հետապնդող սահմանափակումների, որոնցից է իրավունքի պաշտպանությանն ուղղված հայցն օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետների պահպանմամբ ներկայացնելու պահանջը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել (․․․) այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը կիրառելի է բոլոր այն դեպքերում, երբ որոշակի պահանջ ներկայացնելու համար գործող օրենսդրությամբ հատուկ (ընդհանուր ժամկետի համեմատ կրճատ կամ երկար) ժամկետ սահմանված չէ։ Հակառակ պարագայում կիրառման ենթակա է ոչ թե ընդհանուր, այլ հատուկ ժամկետը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:
Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարևոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետևում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետևաբար` հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը և դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը (տե'ս Հարություն Ղարագոզյանն ընդդեմ Կարեն Ղազարյանի թիվ ԵՄԴ/0529/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով հայցային վաղեմության կիրառման հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հայցի մերժման ինքնուրույն և բացառիկ հիմք է, սակայն հայցը մերժելու նշված հիմքը չի կարող մեկուսացված լինել գործի փաստական հանգամանքներից և դրանց նկատմամբ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերից: Հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների և պարտականությունների ծավալը: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժևորվող փաստերի շրջանակը, չի վերլուծել կողմերի փոխահարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (տե՛ս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը: Հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից, թե հայցը հիմնավոր է, թե` ոչ (տե՛ս Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Գեորգի Բաղդասարյանի թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17․12․2020 թվականի որոշումը)։
Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե'ս Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի և 337-րդ հոդվածի 1‑ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ նշել է հետևյալը․
«Հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար Օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Ակնհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացությունների և իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, և այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով։ Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության և իրավահարաբերությունների որոշակիության և կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը։
Բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում։ Սակայն նշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից։ Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության և կայունության ու վերջինիս մասնակիցների հիմնարար իրավունքների խախտմանն ուղղված՝ իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հետ, ինչը որևէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի և դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում։ Հենց նշված հանգամանքի բացառմանն ու քննարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հաստատապես իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։
Այդ առումով ակնհայտ է, որ «իմացել է» և «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» հասկացությունների բովանդակությունները հավասար իմաստային ծանրաբեռնվածություն չունեն: Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը՝ ուշադրությունից դուրս կմնա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու և «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու անհրաժեշտությունը։ Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքները բացառիկ կարևորություն ունեն քննարկվող իրավադրույթների՝ Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանության և կիրառման առումով։
Ամփոփելով վերը շարադրվածը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը։ Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից։ Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»։
Այսպիսով Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետը և 337-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում են Սահմանադրությանը՝ այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» հասկացությունները վերաբերում են այն իրավիճակներին, երբ քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվ այլնի, էական նշանակություն ունի նաև սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձն իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նաև այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (տե՛ս «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայց ներկայացնելու իրավունքը պատշաճորեն՝ սահմանված ժամկետներում իրացված լինելու հարցը պարզելու տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի հայցի ներկայացման առիթ հանդիսացող փաստերի՝ իրավախախտման մասին տուժող կողմի հաստատապես իմանալու կամ ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու միջոցով իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին տեղեկանալու իրական հնարավորություն ձեռք բերելու պահը։
Վիճահարույց, այդ թվում՝ խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքն անվավեր ճանաչելու պահանջով հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար պետք է պարզվի այն օրը, երբ անձը հաստատապես իմացել է կամ ողջամտորեն պետք է (կարող էր) իմացած լիներ իր իրավունքի խախտման՝ այն փաստական հանգամանքների մասին, որոնք իրեն ողջամտորեն թույլ են տվել ենթադրելու գործարքը կնքելիս գործարքի մյուս կողմի դրսևորած այնպիսի վարքագծի մասին, որը, հետապնդելով իր կամքը խաթարելու նպատակ, իր մոտ ստեղծել է օբյեկտիվ իրականությանը չհամապատասխանող տպավորություն գործարքի էության, առարկայի, պայմանների վերաբերյալ՝ ազդելով նման գործարք կնքելու որոշման վրա: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է օրենսդրական կարգավորման տրամաբանությունից, որի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը հոսում է ոչ թե իրավախախտման, այլ դրա մասին տուժողի իմանալու կամ ողջամիտ ուշադրության (անհրաժեշտ շրջահայացության) դեպքում իմանալու հնարավորության ծագման պահից։
Վերոշարադրյալից հետևում է, որ գործարքը խաբեության ազդեցության ներքո կնքված լինելու հիմքով անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի հոսքի սկզբնական պահ պետք է դիտարկվի ոչ թե այն պահը, երբ գործարքի կողմերից մեկն իր դիտավորյալ վարքագծով գործարքի մյուս կողմի մոտ ստեղծել է օբյեկտիվ իրականությանը չհամապատասխանող տպավորություն գործարքի էության, առարկայի և պայմանների վերաբերյալ, այլ այն պահը, երբ անձը, ով նման ազդեցության ներքո կնքել է գործարքը, որոշակի հանգամանքների բերումով հետագայում իմացել է կամ կարող էր իմանալ իր նկատմամբ կիրառված խաբեության մասին։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքն անվավեր ճանաչելու հայց հարուցելով՝ շահագրգիռ անձը, բացի իր իրավունքի ենթադրյալ խախտման վերացում պահանջելուց, հայցի փաստական հիմքում պետք է դնի ու նաև սահմանված կարգով ապացուցի ոչ միայն այն, թե երբ, ում հետ, ինչպիսի պայմաններով է կնքել գործարքը, գործարքի հակառակ կողմի ինչպիսի վարքագծով է խաթարվել իր կամքը՝ ազդելով նման գործարք կնքելու իր որոշման վրա, այլ նաև գործարքը կնքելիս իր նկատմամբ նման ոչ իրավաչափ վարքագիծ (ներգործություն) դրսևորելու մասին իմանալու, այդ փաստը բացահայտելու պահը, քանի որ հենց այդ փաստն է առիթ հանդիսացել նման պահանջով դատարան դիմելու և իրավունքի պաշտպանության տվյալ եղանակն ընտրելու համար։
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու հարցը քննարկելիս դատարանը պետք է պարզի դատական պաշտպանություն հայցող անձի կողմից իր նկատմամբ կիրառված խաբեության փաստը բացահայտելու կամ առկա հանգամանքներում այն ողջամտորեն ենթադրելու հնարավորության առկայության պահը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Նարե և Նանե Դավթյանները, դիմելով Դատարան, պահանջել են մասնակիորեն անվավեր ճանաչել Լիլիթ Հովհաննիսյանի ու Արման Նուռի միջև 05.04.2019 թվականին կնքված թիվ 2268, թիվ 2269 և թիվ 2270 անշարժ գույքի բաժինների որոշման ու բաժնի նվիրատվության պայմանագրերը և Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի թիվ 16բ շենքի 60-րդ հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ ճանաչել իրենց բնակտարածության օգտագործման իրավունքը՝ հայցի իրավական հիմքերում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին կետը [Խաբեության, (․․․) ազդեցության ներքո, (․․․) կնքված գործարքի անվավերությունը], իսկ փաստական հիմքերում՝ այն, որ Լիլիթ Հովհաննիսյանը նշված գործարքները կնքել է՝ հիմք ընդունելով Արման Նուռի հավաստիացումը, որ դրանց առարկա անշարժ գույքերը վերջինս անվանափոխելու է իրենց երեխաների՝ Նարե և Նանե Դավթյանների անունով, ինչպես նաև այն, որ մինչ այդ Լիլիթ Հովհանիսյանը, Նարե ու Նանե Դավթյաններն անխոչընդոտ շարունակելու են բնակվել Երևանի Փափազյան թիվ 16բ շենքի 60-րդ հասցեի բնակարանում, մինչդեռ Արման Նուռի հետագա վարքագծից պարզ է դարձել, որ գործարքը կնքելիս նա մոլորեցրել է Լիլիթ Հովհանիսյանին՝ խաբեությամբ տիրանալով համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված անշարժ գույքում նրա ունեցած բաժիններին։
Դատարանը, 08.02.2023 թվականի «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ նվիրատվության պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցը մերժել է հայցային վաղեմության ժամկետը հայցվորների կողմից բաց թողնելու հիմքով՝ պատճառաբանելով, որ «(․․․) Լիլիթ Հովհաննիսյանը որևէ ապացույցով չի հիմնավորել, որ Արման Նուռի կողմից դրսևորած խաբեության արդյունքում կամ վերջինիս իմացությամբ է խեղաթյուրվել իր կամքը», «Հայցվորի վկայակոչած ապացույցով՝ ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետ Ն. Բարսեղյանի 28.07.2020թ. թիվ 22/2-2154 գրությամբ, չի հիմնավորվում 04.05.2019 թվականին կնքված անշարժ գույքի բաժինների որոշման և բաժնի թիվ 2268, թից 2269, թիվ 2270 նվիրատվության պայմանագրերի անվավերությունը խաբեության հիմքով, Լիլիթ Հովհաննիսյանը պետք է ապացուցեր, որ գործարքի կողմ հանդիսացող Արման Նուռն է ուղղակիորեն կամ անուղղակիորեն (այդ թվում՝ այլ անձանց միջոցով) խաբեության միջոցով հանգեցրել իր կողմից գործարքը կնքելուն: Հետևաբար սույն գործով առկա ապացույցներով չի հիմնավորվում, որ անշարժ գույքի բաժինների որոշման և բաժնի թիվ 2268, թից 2269, թիվ 2270 նվիրատվության պայմանագրերի կնքման ժամանակ Արման Նուռը որևէ կերպ ազդել է Լիլիթ Հովհաննիսյանի կամահայտնության վրա, և որ նշված պայմանագրերը կնքվել են Արման Նուռի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն դրսևորած խաբեության ազդեցությամբ», «Լիլիթ Հովհաննիսյանը քաջատեղյալ է եղել, թե ինչ պայմանագրեր է ստորագրվում և ինչ նպատակով», «Լիլիթ Հովհաննիսյանի և Արման Նուռի միջև 04.05.2019 թվականին կնքվել են թիվ թիվ 2268, թիվ 2269, թիվ 2270 անշարժ գույքի բաժինների որոշման և բաժնի նվիրատվության պայմանագրերը, հայցադիմումը դատարան է ներկայացվել է 10.09.2020 թվականին, հայցային վաղեմության օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ», «Պատասխանողի ներկայացուցիչը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն, որպիսի հանգամանքը հիմք է հայցապահանջը մերժելու համար»։
Վերաքննիչ դատարանը 22.08.2023 թվականի որոշմամբ մերժել է Լիլիթ Հովհաննիսյանի, Նարե և Նանե Դավթյանների բերած վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ «Լիլիթ Հովհաննիսյանի կողմից նվիրատվության պայմանագրերը կնքվել են 05.04.2019թ.-ին, հետևաբար վերջինս իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին պետք է կամ պարտավոր էր իմանալ առնվազն 2019թ. ապրիլի 05-ին՝ անշարժ գույքերում սեփականության իրավունքով իրեն պատկանող բաժնեմասերը պատասխանողին անհատույց հանձնելու վերաբերյալ նվիրատվության պայմանագրեր կնքելիս, որպիսի պայմաններում Լ.Հովհաննիսյանը դատական պաշտպանության է դիմել միայն 2020թ. սեպտեմբերի 10-ին, այն է՝ հայցային վաղեմության 1 տարվա ժամկետի ավարտից հետո՝ բաց թողնելով օրենքով սահմանված և տվյալ դեպքում կիրառելի հայցային վաղեմության մեկ տարվա ժամկետը», «Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պատճառաբանությանը, որ իր խախտված իրավունքների մասին իմացել է միայն 08.08.2020թ.-ին՝ ՀՀ ոստիկանության գրությունից, նաև պատասխանողի սպառնալիքներով, ուստի պայմանագրի անվավերության վաղեմության ժամկետը սկսել է հոսել 08.08.2020 թվականից, ապա այս առնչությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անձի հաշվառումը կամ նրան հաշվառումից հանելը սեփականության իրավունքից հրաժարվելու գործընթացի բաղկացուցիչ մաս չէ, որպեսզի հայցվորը դրանով պայմանավորեր գույք նվիրելիս իր կամքի վրա գործադրված ազդեցությունն որպես խաբեություն, ուստի անհիմն է բողոքաբերի փաստարկը, թե գործարքը կնքելիս չէր կարող ենթադրել խաբեության մասին»։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր չեն հետևյալ պատճառաբանությամբ․
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ստորադաս դատարանները սույն գործով չեն արժևորել խաբեության ազդեցության ներքո կնքված լինելու հիմքով նվիրատվության պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու առիթ հանդիսացած և հայցվորների կողմից վկայակոչված փաստերը, մասնավորապես՝ այն փաստական հանգամանքները, որոնք հայցվորների դիրքորոշման համաձայն՝ գործարքները կնքելուց շուրջ մեկ տարի հետո հայցվորներից Լիլիթ Հովհաննիսյանին հիմք են տվել ենթադրելու, որ թվով երեք անշարժ գույքի միավորներում իր բաժինն օտարած Լիլիթ Հովհաննիսյանի կամքի նկատմամբ գործարքները կնքելիս Արման Նուռի կողմից դրսևորվել է ենթադրյալ ոչ իրավաչափ ներգործություն (խաբեություն), որի արդյունքում Լիլիթ Հովհաննիսյանի մոտ ձևավորվել է իրականությանը չհամապատասխանող պատկերացում այդ գործարքների էության, նպատակի ու առանձին պայմանների վերաբերյալ՝ ազդելով նման գործարք կնքելու որոշման վրա։ Ավելին՝ քննարկման առարկա չդարձնելով գործարքը կնքելիս ենթադրյալ խաբեության մասին դատական պաշտպանության դիմած անձի իմանալու պահը՝ ստորադաս դատարանները հայցային վաղեմության ժամկետը հաշվարկել են վիճարկվող պայմանագրերը կնքելու օրվանից՝ 05.04.2019 թվականից՝ արձանագրելով, որ Լիլիթ Հովհաննիսյանն իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին պետք է կամ պարտավոր էր իմանալ առնվազն այդ օրը, մինչդեռ հայցադիմումը Դատարան է ներկայացվել 06.10.2020 թվականին, այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո։
Սույն գործով ներկայացված պահանջի և դրա հիմքում դրված փաստական հանգամանքների հաշվառմամբ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական քննության ենթակա պահանջի նկատմամբ որպես հայցային վաղեմության ժամկետի սկիզբ որևէ պարագայում չէր կարող համարվել վիճարկվող պայմանագրերը կնքելու օրը՝ 05.04.2019 թվականը։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը սխալ է որոշել վիճարկվող գործարքները ենթադրյալ խաբեության ազդեցության ներքո կնքված լինելու մասին Լիլիթ Հովհաննիսյանի իմանալու կամ ողջամտորեն ենթադրելու հնարավորություն ձեռք բերելու պահը՝ որպես հետևանք ներկայացված պահանջի նկատմամբ կիրառելով հայցային վաղեմություն, իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին ոչ իրավաչափորեն հաստատել է Դատարանի դիրքորոշումը՝ թույլ տալով նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման և դատական պաշտպանության դիմած անձանց արդարադատության մատչելիության, արդար ու արդյունավետ դատական քննության սահմանադրական իրավունքների խախտման, ինչը հանգեցրել է արդարադատության բուն էության խաթարման։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390‑րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 22.08.2023 թվականի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2‑րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` որպես գործի նոր քննության ծավալ սահմանելով նաև հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունն ու դրա դեմ բերված առարկությունները քննարկելը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, իսկ հայցային վաղեմությունը կիրառելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին որոշում կայացնելու դեպքում՝ գործի այլ փաստերի հաստատմանն ու գնահատմանը անդրադառնալը:
Վերոգրյալի հիման վրա և նկատի ունենալով այն, որ գործն ամբողջ ծավալով է ուղարկվում նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ վճռաբեկ բողոքում նշված նյութական ու դատավարական իրավունքի նորմերի մյուս խախտումներին:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի քննության այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին։ Դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.08.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
Գ. հակոբյան |
Զեկուցող |
Ս. Մեղրյան |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/29555/02/20 քաղաքացիական գործով 2024 թվականի հոկտեմբերի 28-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
28․10․2024 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2024 թվականի հոկտեմբերի 28-ին գրավոր ընթացակարգով քննելով Լիլիթ Հովհաննիսյանի, Նարե ու Նանե Դավթյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.08.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Լիլիթ Հովհաննիսյանի, Նարե և Նանե Դավթյանների հայցի ընդդեմ Արման Նուռի ու երրորդ անձ «Երևան» նոտարական տարածքի նոտար Նաիրա Մանուչարյանի՝ նվիրատվության պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու և բնակտարածության օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջների մասին, որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.08.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության։
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Նարե և Նանե Դավթյանները պահանջել են մասնակիորեն անվավեր ճանաչել Լիլիթ Հովհաննիսյանի ու Արման Նուռի միջև 05.04.2019 թվականին կնքված թիվ 2268, թիվ 2269 և թիվ 2270 անշարժ գույքի բաժինների որոշման ու բաժնի նվիրատվության պայմանագրերը և Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի թիվ 16բ շենքի 60-րդ հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ ճանաչել իրենց բնակտարածության օգտագործման իրավունքը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 08.02.2023 թվականի «Քաղաքացիական գործից մաս առանձնացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ թիվ ԵԴ/29555/02/20 քաղաքացիական գործից առանձնացվել է նվիրատվության պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասը, իսկ բնակտարածության օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջների մասով առանձնացված գործը հանձնվել է գրասենյակ՝ վերամակագրության նպատակով:
Դատարանի 08.02.2023 թվականի «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ նվիրատվության պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.08.2023 թվականի որոշմամբ Դատարանի 08.02.2023 թվականի «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ Լիլիթ Հովհաննիսյանի, Նարե և Նանե Դավթյանների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 08․02.2023 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Լիլիթ Հովհաննիսյանը, Նարե և Նանե Դավթյանները (ներկայացուցիչ Հերմինե Ավետիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ, 331‑րդ, 332-րդ, 335-րդ և 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-60-րդ, 62-րդ, 66-րդ ու 168-րդ հոդվածները։
Բողոք բերած անձինք նշված հիմքի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Ստորադաս դատարանները չեն պարզել, թե երբ է իրենցից Լիլիթ Հովհաննիսյանն իմացել իր իրավունքների խախտման մասին։ Փոխարենը, արձանագրելով, որ իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին պետք է կամ պարտավոր էր իմանալ առնվազն անշարժ գույքում սեփականության իրավունքով իրեն պատկանող բաժնեմասերը պատասխանողին անհատույց հանձնելու վերաբերյալ նվիրատվության պայմանագրեր կնքելիս, այն է՝ 05․04․2019 թվականին, հայցային վաղեմության մեկամյա ժամկետի ընթացքը հաշվարկել են հենց այդ օրվանից՝ անտեսելով, որ գործարքները կնքելու պահին ինքը չէր կարող իմանալ խաբեության մասին, իսկ եթե իմանար, ապա այդ գործարքները չէր կնքի։ Ավելին՝ նվիրատվության պայմանագրերի կնքմանը հաջորդած մեկ տարվա ընթացքում Արման Նուռի վարքագիծը որևէ կերպ չէր վկայում ձեռք բերված պայմանավորվածության խախտման մասին։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրենցից Լիլիթ Հովհաննիսյանն իր խախտված իրավունքների մասին իմացել է միայն 08.08.2020 թվականին՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետ Ն. Բարսեղյանի 28․07․2020 թվականի թիվ 22/2-2154 գրությունից, ինչպես նաև Արման Նուռի կողմից 2020 թվականի օգոստոսին ուղարկված բջջային կարճ հաղորդագրություններից, ուստի հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է սկսել 08.08.2020 թվականից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել գործում առկա ապացույցները, որոնք հաստատում են, որ իրենցից Լիլիթ Հովհաննիսյանն անշարժ գույքի նվիրատվությունը կատարել է դրանք հետագայում իրենց երեխաների անունով անվանափոխելու, իր ու երեխաների՝ Երևանի Փափազյան թիվ 16բ շենքի 60-րդ հասցեի բնակարանից օգտվելն անխոչընդոտ շարունակելու պայմանով և նպատակով։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն փաստը, որ նվիրառու Արման Նուռի խաբեությունը բացահայտվել է գործարքները կնքելուց մեկ տարի անց, երբ վերջինս դիմում է ներկայացրել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունք՝ իրենցից Լիլիթ Հովհաննիսյանին հաշվառումից հանելու վերաբերյալ ու երեխաներին ուղարկված կարճ հաղորդագրություններով պահանջել է ազատել բնակարանը։
Վերաքննիչ դատարանը ձևական է գնահատել այն, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածը և, հայցային վաղեմության կիրառմամբ հայցը մերժելով, կայացրել է ոչ թե վճիռ, այլ որոշում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 22.08.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Արաբկիր ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի կողմից 15.09.2016 թվականին տրված թիվ 188746 ամուսնության վկայականի համաձայն՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Արման Նուռի ամուսնությունը գրանցվել է 20.12.1999 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 61)․
2) Արաբկիր ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Կարինե Շահբազյանի կողմից 22.02.2019 թվականին տրված թիվ ԲԱ087706 ամուսնալուծության մասին պետական վկայականի համաձայն՝ 22.02.2019 թվականին Լիլիթ Հովհաննիսյանի և Արման Նուռի ամուսնությունը լուծվել է (հատոր 1-ին, գ.թ. 55)․
3) Արդարադատության նախարարության «Երևան» նոտարական տարածքի նոտար Նաիրա Մանուչարյանի կողմից 05.04.2019 թվականին վավերացրած անշարժ գույքի բաժինների որոշման և բաժնի նվիրատվության պայմանագրի համաձայն՝ Լիլիթ Հովհաննիսյանն Արման Նուռի սեփականությանն է անհատույց հանձնել, իսկ վերջինս ընդունել է իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևան, Կենտրոն վարչական շրջան, Աբովյան փողոց, 41-րդ շենք թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույքի իրեն պատկանող 1/2 բաժինն ամբողջությամբ: Անշարժ գույքի նկատմամբ գրանցված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 54)․
4) Արդարադատության նախարարության «Երևան» նոտարական տարածքի նոտար Նաիրա Մանուչարյանի կողմից 05.04.2019 թվականին վավերացրած անշարժ գույքի բաժինների որոշման և բաժնի նվիրատվության պայմանագրի համաձայն՝ Լիլիթ Հովհաննիսյանն Արման Նուռի սեփականությանն է անհատույց հանձնել, իսկ վերջինս ընդունել է իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ.Փափազյան փողոց, թիվ 16բ շենք, 60-րդ բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի իրեն պատկանող 1/2 բաժինն ամբողջությամբ: Անշարժ գույքի նկատմամբ գրանցված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 56)․
5) Արդարադատության նախարարության «Երևան» նոտարական տարածքի նոտար Նաիրա Մանուչարյանի կողմից 05.04.2019 թվականին վավերացրած անշարժ գույքի բաժինների որոշման և բաժնի նվիրատվության պայմանագրի համաձայն՝ Լիլիթ Հովհաննիսյանն Արման Նուռի սեփականությանն է անհատույց հանձնել, իսկ վերջինս ընդունել է իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևան, Կենտրոն վարչական շրջան, Աբովյան փողոց, թիվ 41 շենք, 12-րդ բնակարան հասցեում անշարժ գույքի իրեն պատկանող 1/2 բաժինն ամբողջությամբ: Անշարժ գույքի նկատմամբ գրանցված է «Ամերիաբանկ» ՓԲԸ‑ի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 57)․
6) Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետ Ն․ Բարսեղյանի 28.07.2020 թվականի թիվ 22/2-2154 գրության համաձայն՝ Երևանի Փափազյան փողոցի թիվ 16բ շենքի 60-րդ հասցեում գտնվող բնակելի տարածության սեփականատեր Արման Նուռի 13.07.2020 թվականին ներկայացված դիմումի համաձայն, Լիլիթ Հովհաննիսյանը հանվել է վերոնշյալ հասցեի հաշվառումից՝ Կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 13.1-ին կետի հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 62)․
7) «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հաճախորդների աջակցման տնօրեն Սիրանուշ Մանանդյանի կողմից 24.02.2023 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի կողմից ուղարկված գրությունը հայցվոր Լիլիթ Հովհաննիսյանն ստացել է 08.08.2020 թվականին (հատոր 4-րդ, գ.թ. 19)․
8) Լիլիթ Հովհաննիսյանը, Նարե և Նանե Դավթյանները դատական պաշտպանության են դիմել 10.09.2020 թվականին (թիվ ԵԴ/26725/02/20 քաղաքացիական գործ, հիմք՝ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ)․
9) գործով վկա Ջուլիետտա Մանդալյանը, ի թիվս այլի, ցուցմունք է տվել այն մասին, որ հայցվոր Լիլիթ Հովհաննիսյանն իր ամուսնու քույրն է, իսկ Արման Նուռի հետ ունեցել է շատ ջերմ հարաբերություններ: Տեղյակ է, որ նրանց մեջ եղել է խոսակցություն այն մասին, որ նվիրատվությունը պետք է լիներ Արմանի անունով, ով էլ հետագայում գույքը պետք է անվանափոխեր երեխաների անունով (հատոր 3-րդ, գ.թ. 67-75):
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
Նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի՝ համաձայն հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, իսկ 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով:
Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել այն օրվանից հետո մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու հիմք ծառայող հանգամանքների մասին:
Հիշյալ իրավանորմերի մեկնաբանությունից հետևում է, որ իր իրավունքների պաշտպանության համար անձը կարող է դիմել դատարան որպես կանոն երեք տարվա ընթացքում՝ սկսած այն պահից, երբ իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Միաժամանակ, օրենսդրի կողմից ամրագրվել են նաև հայցային վաղեմության ընդհանուր ժամկետից տարբերվող ժամկետ, որոնց շարքին է դասվում նաև առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման, ինչպես նաև վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման պահանջի մասին հայցերով հայցային վաղեմության ժամկետները: Վիճահարույց գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել այն օրվանից հետո մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու հիմք ծառայող հանգամանքների մասին:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Արման Նուռի ամուսնությունը գրանցվել է 20.12.1999 թվականին։ 22.02.2019 թվականին Լիլիթ Հովհաննիսյանի և Արման Նուռի ամուսնությունը լուծվել է։
«Երևան» նոտարական տարածքի նոտարի կողմից 05.04.2019 թվականին վավերացրած անշարժ գույքի բաժինների որոշման և բաժնի նվիրատվության թվով երեք պայմանագրերի համաձայն՝ Լիլիթ Հովհաննիսյանն Արման Նուռի սեփականությանն է անհատույց հանձնել, իսկ վերջինս ընդունել իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց 41 շենքի 12 և 25 հասցեներում գտնվող անշարժ գույքերի և Երևան, Արաբկիր, Վ.Փափազյան փողոց, 16բ շենք, 60 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի իրեն պատկանող 1/2 բաժիներնն ամբողջությամբ: Անշարժ գույքերի նկատմամբ գրանցված է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության գրավի իրավունքը:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետի 28.07.2020 թվականի թիվ 22/2-2154 գրության համաձայն՝ ըստ ք. Երևան, Փափազյան 16բ շենքի 60 հասցեում գտնվող բնակելի տարածության սեփականատեր Արման Նուռի 13.07.2020 թվականին ներկայացված դիմումի, Լիլիթ Հովհաննիսյանը հանվել է վերոնշյալ հասցեի հաշվառումից՝ ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի 1231-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 13.1-րդ կետի հիմքով:
Դիմելով դատարան` Լիլիթ Հովհաննիսյանը, Նարե և Նանե Դավթյանները խնդրել են մասնակի անվավեր ճանաչել 05.04.2019 թվականի թիվ 2268, 2269 և 2270 անշարժ գույքի բաժինների որոշման և բաժնի նվիրատվության պայմանագրերը և ք.Երևան, Արաբկիր, Փափազյան փողոցի 16բ շենքի 60 հասցեի բնակարանի նկատմամբ ճանաչել իրենց բնակտարածության օգտագործման իրավունքը:
Տվյալ դեպքում Լիլիթ Հովհաննիսյանի կողմից չի հիմնավորվել այն, որ իր կամքը խեղաթյուրվել է Արման Նուռի կողմից դրսևորած խաբեության արդյունքում կամ վերջինիս իմացությամբ, այնինչ, Լիլիթ Հովհաննիսյանը պետք է ապացուցեր, որ գործարքի կողմ հանդիսացող Արման Նուռն ուղղակիորեն կամ անուղղակիորեն (այդ թվում՝ այլ անձանց միջոցով) խաբեության միջոցով հանգեցրել է իր կողմից գործարքը կնքելուն:
Ինչ վերաբերում է հայցվորի վկայակոչած ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետի 28.07.2020 թվականի թիվ 22/2-2154 գրությանը, ապա այդ փաստաթղթով ևս չի հիմնավորվել 04.05.2019 թվականին կնքված անշարժ գույքի բաժինների որոշման և բաժնի թիվ 2268, թիվ 2269, թիվ 2270 նվիրատվության պայմանագրերի անվավերությունը խաբեության հիմքով: Ավելին, վկա Ջուլիետա Մանդալյանի ցուցմունքի հաշվառմամբ հաստատված է համարվում, որ մինչ գործարքների կնքումը հայցվորի և պատասխանողի միջև տեղի են ունեցել բանակցություններ, խոսակցություններ, այդ թվում՝ իր և հայցվորի միջև, և վկան ևս խորհուրդ է տվել ստորագրելու պայմանագրերը: Այսինքն, Լիլիթ Հովհաննիսյանը քաջատեղյալ է եղել, թե ինչ պայմանագրեր է ստորագրվում և ինչ նպատակով:
Նշվածի հաշվառմամբ հաստատվում է, որ հայցադիմումը դատարան ներկայացնելու պահի դրությամբ լրացած է եղել հայցային վաղեմության ժամկետները, նկատի ունենալով, որ խնդրո առարկա նվիրատվության պայմանագրերը Լիլիթ Հովհաննիսյանի և Արման Նուռի միջև կնքվել են 04.05.2019 թվականին, իսկ հայցադիմումը դատարան է ներկայացվել 10.09.2020 թվականին, ինչը հիմք է հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով նվիրատվության պայմանագրերը մասնակի անվավեր ճանաչելու հայցապահանջները մերժելու համար:
Նշվածի համատեքստում հիմնավոր է ստորադաս դատարանների այն հետևությունը, որ սույն գործով հայցվոր Լիլիթ Հովհաննիսյանի կողմից բաց է թողնվել իրավունքի պաշտպանության՝ օրենքով սահմանված մեկամյա ժամկետը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքներին, արձանագրել է, որ խաբեությունը գործարքի կողմերից մեկի գիտակցաբար դրսևորած անբարեխիղճ վարքագիծն է՝ ուղղված նրան, որ գործարքի մյուս կողմն իր համար ձեռնտու պայմաններով կնքի գործարքը: Գործարքի կնքման մեջ շահագրգռված, անբարեխիղճ կողմն իր մեղավոր գործողություններով մյուս՝ տուժող կողմի մոտ ստեղծում է իրականությանը չհամապատասխանող տպավորություն գործարքի էության, առարկայի, պայմանների վերաբերյալ՝ ազդելով նման գործարք կնքելու նրա որոշման վրա: Ընդ որում, եթե տուժող կողմի կամքը խաթարվել է գործարքի կողմ (ներկայացուցիչ) չհանդիսացող այլ անձանց կողմից՝ առանց գործարքի կողմի որևէ կերպ մասնակցության, ապա գործարքը չի կարող վիճարկվել խաբեության հիմքով, քանի որ գործարքը խաբեության ազդեցության տակ կնքված որակելու համար անհրաժեշտ պայման է այն, որ գործարք կնքելիս տուժող կողմի կամքը խաթարված լինի գործարքի մյուս կողմի (ներկայացուցչի) մեղավոր վարքագծի՝ այդ թվում և այլ անձանց միջոցով դրսևորված գործողությունների հետևանքով: Այսպիսով, գործարքը խաբեության ազդեցության տակ կնքված լինելու հիմքով անվավեր ճանաչվելու համար տուժող կողմը պետք է որոշակի ապացույցներ ներկայացնի իր կամքը խաթարվելու հարցում գործարքի մյուս կողմի (ներկայացուցչի) կողմից անձամբ կամ այլ անձանց միջոցով մեղավոր վարքագծով (գործողությամբ կամ անգործությամբ) մասնակցության մասին (տե՛ս Ստեփան Գրիգորյանն ու Անահիտ Գրիգորյանն ընդդեմ Արսեն Բաղրամյանի, Սուսաննա Խաչյանի և Արթուր Ավալյանի, երրորդ անձինք «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի, Ռոբերտ Մարտիրոսյանի թիվ ԵԿԴ/5820/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.02.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս Նելլի Հակոբյանը, Ոստան և Արթուր Գևորգյաններն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կամ իրեն, կամ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:
Տվյալ դեպքում թիվ 2268, 2269 և 2270 անշարժ գույքի բաժինների որոշման և բաժնի նվիրատվության պայմանագրերը Լիլիթ Հովհաննիսյանի և Արման Նուռի միջև կնքվել են 05.04.2019 թվականին, նույն թվականին ենթարկվել նոտարական վավերացման «Երևան» նոտարական տարածքի նոտար Նաիրա Մանուչարյանի կողմից: Նշված պայմանագրերի համաձայն՝ Լիլիթ Հովհաննիսյանն Արման Նուռի սեփականությանն է անհատույց հանձնել, իսկ վերջինս ընդունել իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց 41 շենքի 12 և 25 հասցեներում գտնվող անշարժ գույքերի և Երևան, Արաբկիր, Վ.Փափազյան փողոց, 16բ շենք, 60 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի հայցվորին պատկանող 1/2 բաժիններն ամբողջությամբ:
Նկատի ունենալով, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր ենթադրյալ իրավունքների խախտման մասին, ապա ինչպես վերը նշվեց, Լիլիթ Հովհաննիսյանի կողմից նվիրատվության պայմանագրերը կնքվել են 05.04.2019 թվականին, հետևաբար վերջինս իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին պետք է կամ պարտավոր էր իմանալ առնվազն 05․04․2019 թվականին անշարժ գույքերում սեփականության իրավունքով իրեն պատկանող բաժնեմասերը պատասխանողին անհատույց հանձնելու վերաբերյալ նվիրատվության պայմանագրեր կնքելիս, որպիսի պայմաններում Լիլիթ Հովհաննիսյանը դատական պաշտպանության է դիմել հայցային վաղեմության 1 տարվա ժամկետի ավարտից հետո՝ բաց թողնելով օրենքով սահմանված և տվյալ դեպքում կիրառելի հայցային վաղեմության մեկ տարվա ժամկետը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Լիլիթ Հովհաննիսյանն իր խախտված իրավունքների մասին իմացել է միայն 08.08.2020 թվականին՝ ՀՀ ոստիկանության գրությունից, նաև պատասխանողի սպառնալիքներով, ուստի պայմանագրի անվավերության վաղեմության ժամկետը սկսել է հոսել 08.08.2020 թվականից, ապա պետք է արձանագրել, որ անձի հաշվառումը կամ նրան հաշվառումից հանելը սեփականության իրավունքից հրաժարվելու գործընթացի բաղկացուցիչ մաս չէ, որպեսզի հայցվորը դրանով պայմանավորեր գույք նվիրելիս իր կամքի վրա գործադրված ազդեցությունը որպես խաբեություն, ուստի անհիմն է այն փաստարկը, թե Լիլիթ Հովհաննիսյանը գործարքը կնքելիս չէր կարող ենթադրել խաբեության մասին:
Վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ ստորադաս դատարանների կողմից կայացվել է գործն ըստ էության լուծող օրինական և հիմնավոր դատական ակտ, հետևաբար անհրաժեշտ էր վճռաբեկ բողոքը մերժել և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.08.2023 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Դատավոր` |
Էդ. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|